Գրիշ Սարդարյան |  Տնանկն ու տունը

Լուսանկարը՝ Սարգիս Միրզոյանի

Դեպի Մասիս լեռ ձգվող առեղծվածային, ոլորապտույտ արահետներին երևաց մի մարդ։ Ցնցոտիները հագին, ձեռնափայտը ձեռքին, շները հետևը գցած, ընթացավ առաջ, սահեց, սայթաքեց, խրվեց ցեխերի մեջ, նորից ձգվեց ու նորից սողաց, թիկունքում բացվեց հայ գեղանկարչության սիրելի տեսարանը, և ջրհեղեղից անմիջապես հետո Նոյը գնաց, իսկ սա Նոյը չէր, այս մարդու անունը Նոէմ էր, չգիտեմ ինչ էր, հաստատ չէր հիշում, մոռացել էր արդեն, ի՞նչ էր անում, ինչի՞ն էր պետք, եթե չէր գործածվում, դիմելաձև չուներ և դիմող ու կանչող չկար այս չքավորին, միայնակ էր, մի քանի շուն էին վազվզում հետևից, ինքն այդ շների տերը չէր, նրանք իր հետ էին ապրում, սակայն ինքնուրույն, հավասար իրավունքով փռվում էին կիսակառույց շինության պատերի տակ, մոտենում էին կրակին, լկստվում, շանը բնորոշ երջանկությամբ բախվում էին մարդկային չարքաշ կեցությանը…

Ձնհալ էր։ Հալվում էր ու հալչում։ Ջրերը ողողել էին գյուղ բերող ճանապարհը։ Արաքսը հոսում էր դաշտերով, ջրտարներից բարձրանում էր մշուշ։

Կեսօր էր, գորշ երկինք, անձրև։ Նոէմը քռքաշ մոտեցավ կիսակառույց տանը։ Դիմացը մեքենա էր կանգնած։ Անհանգստություն ցույց չտվեց։ Անշտապ մտավ դռան բացվածքից ներս։ Շները զիջեցին նրան, հետո հերթով անցան շեմը։ Ներսում նա տեղավորվեց իր կապած ծածկոցի տակ, շները խցկվեցին, կպան կողերին։ Պապիրոս վառեց ու ականջները լարեց։

Անձրևը կտկտում էր փալասների վրա։ Սիրուն, սազական, համաչափ, տըկ-տըկ, տկտկում էր։ Դեռ չէր ծխել վերջացրել, մեքենայի դռները շխկշխկացրին, շները գռմռացին և գոտկատեղից ներքև նշմարվող հյուրերից մեկն ասեց.

  – Դուրս արի՛:

  – Ո՞վ ես։ Դուրս արի:

  – Տունը տեր ունի, դուրս արի՛:

  – Այ բոմժ, հասկացա՞ր, տունը տեր ունի, վաղը հետքդ չտեսնեմ:

  – Վաղը եկա՝ ու դու գնացած չեղար, շներիդ է՛լ, քեզ է՛լ կմորթեմ…

Ու գնացին։ Վերադարձան հաջորդ օրը։

Արևը շողում էր ու գոլորշիներ, մառախուղներ չկային։ Փողոցում ցեխը ճպպում էր անիվների ու կոշիկների տակ։

  – Դուրս արի՛:

  – Դուրս չես գալի՞ս:

  – Դու գիտես…

Հեռացան։ Վերադարձան հաջորդ շաբաթ։ Հինգ-վեց հոգի էին։ Սկսեցին աշխատել, ցեմենտի մեշոկներ կրել, ավազ լցնել, շաղախել, երկաթ կապել, ցանց գործել, գերաններ հենել, դույլերը վեր քաշել, վար բերել։ Կտուրը պատրաստ էր։

Աստիճաններ գցեցին ու բարձրացան երկրորդ հարկ։ Պարկերը շալակած հանեցին վերև, սկսեցին ուժեղ գոռգոռալ, սսկվել, իրար կանչել, անցնել դառնալիս ոտքով բզել, բզբզել, հետաքրքրվել խորհրդավոր բնակչի կյանքով.

  – Բա հաց ե՞րբ ես ուտում:

  – Հենց մենք գնում ենք, հելնում ես դո՞ւրս:

  – Գիշերից-գիշեր… կռիսի նման ես ապրում:

  – Թողե՛ք դրան… աշխատեք, քար հանեք, ցեխ տարեք…

Նա, ով նախապես սպառնում էր մորթել, հիմա պաշտպանում էր Նոէմին, խղճում էր, օրվա ավարտին ուտելիքի ավելցուկը հավաքում էր տոպրակի մեջ ու կախում պատին գամված մեխերից։ Նա մուգ կոշիկներ էր հագնում, կտորից շալվար և անխնա շահագործում էր մյուսներին։ Ճաքճքած հողաթափերը վազում էին այսուայնկողմ, պատառոտած մարզահագուստները հանգիստ չունեին, իսկ նա պլպլան կոշիկներով երկա՜ր կանգնում էր նույն տեղում, ձեռքերն իջեցնում էր ու շալվարին կպած փոշեհատիկը կտոցում, ցրում, ատամի չոփը նետում էր հողե հատակին, անցնում էին ժամեր, օրեր էին անցնում, Նոէմը չէր պատասխանում բանվորների հարցերին, կառավարիչն էր առանձին հարցուփորձ անում, Նոէմը փալասների տակ լուռ էր, երկու աշխարհները բաժանված էին իրարից, մեկը մութ էր, խոնա՛վ, մյուսում արևը վաղուց էր ջերմացնում, մեկում շան հոտ էր կանգնած, մյուսում՝ փոշու, քարի հոտ, փռշտոց, աղմուկ, աղաղակ, հանաք, սպառնալիք, հանաք, Նոէմն օրեօր քարշ էր գալիս շինության մատույցներով, երեկոյան փալասներն այստեղ էին, հաջորդ առավոտ դրանք փռված էին այլ անկյունում, որ հանկարծ չխանգարեն, չշեղեն, քանի օր է՝ ինչ բետոնի վրա է քնում, քանի շաբաթ է արդեն անձրևը չի թրջում, քամին չի խուժում դուռ-լուսամուտից ներս, իսկ նրան վերաբերվում են պահակի պես, գիշերները տիրություն է անում շինարարական գործիքներին, առավոտ կանուխ բացում է դուռը, հրավիրում ներս, ամեն բան տեղում է, ապահով, կառավարիչը չի սխալվել Նոէմին վստահելիս, ահա նրա անունն էլ, պարզվում է, գիտեն, կառավարիչը հավանել է նրա ձայնը, խորհուրդ է տվել բակ բերած ջրագծից օգտվել, լողանալ, թույլատրել է մտնել բանվորների խցիկը, և ահա Նոէմի տեսքն էլ է փոխվել, ծամերը ուղղվել են, փռվել ուսերին, սպիտակները ջոկվել են շեկերից, կապույտ աչքերը ճերմակ միրուքի գագաթին են բազմել, խորհում են, խոհուն, հսկում են անցուդարձին, ծառերին, մատղաշ շիվերին, մինչ տունը ներկում են, ապրանքը տեղադրում, տուֆը հղկում են, կառավարիչը առիթ է փնտրում Նոէմի հետ զրուցելու, սենյակ է առանձնացնում, պայմանով, որ նա խոսի ապագա բնակիչների հետ, ասի՝ #Ողջույն մտնողին, հարցնի՝ #Ինչ կցանկանայիք նստողին, #Խնդրեմ ջինի պես պատասխանի ցանկությունը թելադրողին, #Մրսո՞ւմ եք, Տեր իմ, #Լսո՞ւմ եք, Տեր իմ, #Լույսն անջատե՞մ, #Դռները փակե՞մ, #Իսկ ի՞նչ է նախընտրում տիկինը, #Փոքրիկը սենյակում է, #Կարող եք հանգիստ լինել, #Հեքիաթ է լսում, Նոէմը կրկնում ու կրկնում է, #Ողջո՛ւյն, ես Նոէմն եմ, #Ի՞նչ կցանկանայիք, կառավարիչը պարզել է, որ նա կարդալ գիտե, իսկական հրաշք, նահապետ Նոէմ համակարգը, իմաստո՛ւն, տպավորիչ հնչողությամբ, օրեօր տեքստեր է կարդում ձայնագրիչի առջև. #Ողջույն, փոքրիկ։ Սա քո սենյակն է։ Տեսնում ես՝ ինչպիսին է այն։ Դու մեծանում ես: Այսօր դու գրեթե հասնում ես պատուհանին, զգո՛ւյշ, հետ արի, չընկնես, չարքերը չեն սիրում, երբ երեխաները կառչում են պատուհանագոգից։ Դե լա՜վ, մի՛ տխրիր, տեսնո՞ւմ ես, այդտեղից պարզ երևում է։ Քո պատուհանից այնկողմ Մասիս սարն է…

Ա՜խ, այս Մասիսը

Որից փափկո՜ւմ են սրտերը բոլոր,

Երբ ինքըքա՛ր է.

Որ ջերմացնո՜ւմ է սրտերը մոլոր,

Երբ ինքըսա՛ռն է.

Որ աշխարհներից հեռավորհեռու,

Բոլոր հայերին այստե՜ղ է բերում,

Երբ ինքնայստե՜ղ չէ

Միաբանության քարո՜զ է կարդում

Աշխարհում ցրված հայերին անտուն

Երբ որկիսվա՜ծ է.

Որ, մեծ սիրո պես,

Ոչ հեռանո՛ւմ է,

Ոչ էլ գալի՜ս է

Ախ, այս Մասիսը

Սա Գևորգ Էմինն է գրել, փոքրի՛կ։ Գիտե՞ս նրան։ Նա հայ մեծ բանաստեղծ է եղել, որը շատ է սիրել Մասիս սարը։ Իսկ այլ կերպ Մասիսը անվանում են նաև Արարատ լեռ։ Քանի որ դու բավական մեծ ես արդեն, կարող ես լսել և Նոէմի ասածներն ընկալել, խնդրում եմ ուշադիր լինես։ Մասիսը կամ Արարատը աշխարհի ամենաբարձր գագաթներից է, նրա բարձրությունը հասնում է՝ 5165 մետրի։ Մասիսի հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից գագաթ շուրջ 10 կիլոմետր, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։

Մասիսը կամ Արարատը բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյյան տապանը՝ ջրհեղեղից հետո։ Համաշխարհային ջրհեղեղից լեռան գագաթին փրկվել են ութ հոգի՝ նոր մարդկության նախահայր Նոյը, իր կինը, որդիները և որդիների կանայք։ Նոյի և իր ընտանիքի փրկության պատմությունն արձանագրված է Աստվածաշնչի Ծննդոց գրքում։ Արարատից Նոյն իջել է դեպի հարավարևելք, որտեղից և առաջացել է այդ տարածաշրջանի անվանումը՝ Նախիջևան։

Միգուցե, Նոյն անցել է նաև քո պատուհանի տակով, իմ փոքրիկ տղա, միգուցե հենց այս պահին նա խոսում է քեզ հետ, դու արդեն բավական մեծ ես երևակայությունդ զարգացնելու համար։ Բայց սպասի՛ր, մայրիկը քեզ է փնտրում, այժմ ճաշի ժամն է և մայրիկն ու հայրիկը խոհանոցում սպասում են քեզ…

Նոէմը շունչ էր քաշում և ձայնը փոխելով նորանոր տեքստեր կարդում, նորանոր հարցադրումներ՝ #Ի՞նչ կցանկանայիք, տիկին, #Տիար իմ, խոսքը ո՞ր ստեղծագործության մասին է, #Ներեցեք, պարոն, լավ չհասկացա, խնդրում եմ կրկնել։ Հատկացված սենյակից գրեթե դուրս չէր գալիս, այստեղ ամեն բան կար, ուտելիք, հագնելիք, ննջարան։ Քնիր, արթնացիր, նայիր բիբլիական լեռան խորխորատին, կարդա ցիրուցան թերթերից, եթե նա Նոյն էր, ապա հաստատ տապանի լավագույն հարկաբաժնի լավագույն նավախցիկն էր զբաղեցրել։

Վերջին օրերին կառավարիչը ավելի ու ավելի քիչ տեքստեր էր բերում, հազիվ մի քանի թերթ, անձամբ հետևում էր արտասանությանը, թեև հազվադեպ էր միջամտում և հիմնականում հպարտությամբ մատնացույց էր անում Նոէմին, երբ պատահում էր՝ բանվորները կահույքի հավելյալ կտորներ էին բարձրացնում փոքրիկի ննջարան։ Ու նրանք գլխով համաձայնության նշան էին տալիս, հա՛, հա՛, հրաշք է, հրա՛շք, իմաստուն նահապետ Նոէմ համակարգը, և ժամանակ չկորցնելով՝ թաթերի վրա անհետանում էին։

Վերջին գիշերը կառավարիչը մի քանի թուղթ բերեց Նոէմին, ինքն էլ անհետացավ.

#Բարի գիշեր, բարի երազներփոքրի՛կ։ Քնիր, քնիր, քնիր…

#Արթնացե՞լ ես։ Այս ուշ ժամի՞ն։ Դե լավ, մի՛ վախեցիր, թեքվիր դեպի պատը, ծածկվի՛ր, Նոէմը քեզ հեքիաթ կպատմի։ Լսիր և աշխատիր քնել։ Միայն թե դու աղմուկից մի՛ վախեցիր ու սենյակից դուրս գալու փորձեր մի՛ արա, լա՞վ։ Դուռը փակ է, ստուգելն իմաստ չունի։

#Եվ այսպես, կար, չկար՝ մի փոքրիկ տղա։ Նրա անունը Հայկ էր։ Հայկը երջանիկ ապրում էր իր մայրիկի ու հայրիկի հետ։ Ամեն ինչ լավ էր, միայն թե գիշերը վախենում էր քնել, մեծ տղա էր, բայց դեռ վախենում էր ինքնուրույն քնել, պատկերացնո՞ւմ ես: Նրան թվում էր՝ իրենց տունը վառվում է, և ահա, ուր որ է, կրակը կհասնի իր սենյակին։ Հաճախ էր նա գիշերներն արթնանում վախեցած, կրակի լեզուներ ու ծուխ երևակայելով, իսկ դրա պատճառը ավելորդ տպավորություններն էին, հեռախոսային խաղերն ու հոլովակները, որոնց հաշվով հայրիկն ու մայրիկը նախազգուշացնում էին Հայկին, որ պետք չէ այդքան նայել, կրակի հետ խաղ մի անիր, պետք չէբայց Հայկը չէր լսում, և ահա, հիմա էլ կիսարթուն, կիսաքուն, թվում է նրան, թե իրենց տունը հրդեհ է ընկել և կրակն ուր որ է կհասնի իրեն, թե իբր ճտճտում է, ծուխ է, դրսում գոռում են, ճչո՛ւմ, կանչումերազի մեջ, սիրելի Հա՛յկ, դու գտնվում ես երազի մեջ, և քո կողքին Նոէմն է, ես եմ, որ բռնել եմ քո աջ ձեռքից, տաքացնում և ասում եմ քեզ. մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ

Հաջորդ օրը Նոէմը կառավարիչի հետ թև-թևի դուրս եկավ տղայի ննջարանից, դուռը բացվեց ու շաբաթներ, ամիսներ անց տնանկը դուրս եկավ տնից։ Արևի շողը ճնշեց, խփեց աչքերին։ Քամին թափանցեց ոսկրերից ներս։ Կառավարիչը գրպանները փող խոթեց ու զգուշացրեց տանտերերի ժամանելու մասին, խորհուրդ տվեց անհետանալ, խոստացավ, որ վերադառնալու դեպքում վատ կլինի։

Դեպի Մասիս ձգվող ոլորապտույտ ասֆալտով Նոէմը քայլեց, սրտնեղած հեռացավ, դատարկ տարածություններ անցավ, սրտնեղած վերադարձավ, տան պարիսպներին կից կանգնեց, հապաղեց, տեղափոխվեց դիմացի մայթ, սպասեց մինչև տանտերերի հասնելը, սպասեց մինչև որ մտան դռնից ներս, այլևս չասեց՝ #Ողջույն, ես Նոէմն եմ, ինչ-որ մեկը նրա փոխարեն արտասանեց այդ բառերը. #Ողջույն, փոքրի՛կ։ Սա քո սենյակն է, որոտի պես վերևից պայթեց, ու էլ չդիմացավ, դիվոտած սկսեց պտտվել, գլուխը ցնցվեց, պատկերները խառնվեցին, աչքի առաջ հայտնվեց կառավարիչի կերպարանքը, նետվեց արևածաղկի դաշտերի մեջ, ջարդելով, ճկելով, թփերը պոկելով ելավ, ընկավ պոմիդորի դաշտերի մեջ, խրվելով, փխրելով, ճզմելով, ձեռքերը հասան, շոշափեցին նոր ասֆալտն ու շոսսեն, ոլորապտույտ ընթացան ոտքերը, զարկվեցին կապոտներին, վազեցին առաջին պատահած կրպակը, ձեռքերը հանձնեցին փողը, խլեցին գինու շիշը, սկսեցին անհագորեն լցնել, լցնել, դատարկել, լկել, մարմինը սկսեց ճոճվել, լույսերը՝ լողալ, անցորդները՝ խույս տալ, հարբեցողը դեմները կտրեց, կրկնեց՝ #Ողջո՛ւյն, ես Խելացի տունն եմ, #Ողջո՛ւյն, ես Խելացի տունն եմ, իմ անունը Նոէմ է, #Ի՞նչ կցանկանայիք, #Ողջո՛ւյն, ես Նոէմն եմ, #Ողջո՛ւյն, ես Խելացի տունն եմ… քաղաքով մեկ, բոլոր խանութների, շենքերի, հրապարակների, խաչմերուկների, կանգառների հերթագայությամբ կրկնեց՝ #Ողջո՛ւյն, ես Նոէմն եմ, Խելացի տունը, #Ի՞նչ կցանկանայիք… հասկանալի չէր, վստահություն չէր ներշնչում, պառավներն անիծում էին, կանայք շրջանցում էին, տղաները հռհռում էին, հրում, նա կոնծած տապալվել էր ցանկապատի տակ, ընկած տեղը խռռացնում էր, կեղտոտ, գզուզ մազերով, փորը բաց, պորտը բաց, անձրևը մաղում էր վրան, որպեսզի քիչ անց նորից արթնանար, թափառեր ու կրկներ անպատասխան.

 #Ողջո՛ւյն, #Ողջո՛ւյն, #Ողջո՛ւյնս Նոէմն եմ, Խելացի տունը, ՞նչ կցանկանայիք

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *