Հարուկի Մուրակամի | Երկրորդ հարձակումը հացաբուլկեղենի խանութի վրա

Ես մինչ այժմ համոզված չեմ, թե արդյոք ճիշտ որոշում էր կնոջս հացաբուլկեղենի խանութի վրա հարձակման մասին պատմելը: Չնայած, երևի դա այն հարցերից է, որ ճիշտ կամ սխալով չեն չափում։ Այսինքն, կյանքում պատահում է, երբ ճիշտ արդյունքների բերող ոչ ճիշտ ընտրություններ են լինում, կամ ոչ ճիշտ արդյունքների բերող ճիշտ ընտրություններ։ Այսպիսի անհեթեթություններից (կարծում եմ, կարելի է այդպես կոչել) խուսափելու համար պետք է հասկանանք, որ իրականում մենք ոչինչ էլ չենք ընտրում. ես համենայն դեպս այդպես եմ ապրում։ Ինչ պատահել է, ուրեմն պատահել է, իսկ ինչ չի պատահել, նշանակում է՝ դեռ չի պատահել։
Եթե այսպես մտածենք, ստացվում է, որ ես առանց որևէ էական պատճառի կնոջս պատմեցի հացաբուլկեղենի խանութի վրա հարձակման մասին։ Ինչ պատմել եմ, արդեն պատմել եմ, իսկ այն պատահարը, որ ծագեց դրանից հետո, արդեն իսկ եղած-վերջացած պատահար է։ Եվ եթե այդ պատահարը մարդկանց աչքին տարօրինակ թվա, կարծում եմ դրա պատճառը պետք է փնտրել պատահարի շուրջ եղած ընդհանուր իրավիճակի մեջ։ Սակայն իմ այսպես մտածելուց ոչինչ չի փոխվելու։ Դրանք ընդամենը մտքեր են և վերջ։
Այն, որ ես կնոջս հացաբուլկեղենի խանութի վրա հարձակման մասին սկսեցի պատմել, դեպքերի որոշակի զարգացման հետ էր կապված։ Այնպես չէ, որ նախօրոք էի որոշել դրա մասին պատմել, ոչ էլ խոսքի մեջ էի հիշել ու «Հա, ի դեպ…» ասելով սկսել պատմել։ Ես ինքս, մինչև կնոջս մոտ «հացաբուլկեղենի խանութի հարձակում» բառն արտասանելը, լիովին մոռացել էի, որ անցյալում հացաբուլկեղենի խանութի վրա էի հարձակվել։
Պատճառը, որ հիշեցի հացաբուլկեղենի խանութի վրա հարձակման մասին, սովի անտանելի զգացողությունն էր։ Գիշերվա ժամը երկուսն էր։ Ես և կինս երեկոյան վեցին թեթև ընթրիք էինք արել, ինն անց կես մտել էինք անկողին ու քնել, բայց, չգիտես ինչու, այդ ժամին երկուսիս աչքերը միաժամանակ բացվեցին։ Արթնանալուց քիչ անց «Օզ երկրի հրաշագործ»-ի մթնոլորտային մրրիկի նման քաղցածության զգացողություն վրա տվեց։ Կարելի է ասել անհեթեթության հասնող անհաղթահարելի քաղցածություն։
Սակայն սառնարանում ոչինչ չկար, որ կարելի էր ուտելիք անվանումով պատվել։ Այնտեղ միայն աղցանի ֆրանսիական սոուս կար, վեց բանկա գարեջուր, երկու չորացած սոխ, կարագ ու հոտազերծիչ նյութ։ Մենք ընդամենը երկու շաբաթ առաջ էինք ամուսնացել, և մեր ընտանիքում սննդի վերաբերյալ համատեղ գիտակցություն դեռ չէր ձևավորվել։
Դեռ ինչքա՜ն բան կար, որ պետք է ձևավորվեր մեզ մոտ:
Այդ ժամանակ ես իրավաբանական գրասենյակում էի աշխատում, իսկ կինս՝ դիզայնի դպրոցի ադմինիստրացիայում։ Ես 28 կամ 29 տարեկան էի (չգիտես ինչու, ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել, թե քանի տարեկանում եմ ամուսնացել), իսկ նա ինձանից 2 տարի 8 ամիս փոքր էր։ Մենք սարսափելի զբաղված էինք, ամեն ինչ եռաչափ քարանձավի նման քաոսային էր, և ուտելիքի պահուստի վրա ուշադրություն դարձնելու ժամանակ չունեինք։
Մենք անկողնուց դուրս եկանք, գնացինք խոհանոց, առանց որևէ բան անելու սեղանի մոտ իրար դեմ դիմաց նստեցինք։ Երկուսս էլ չափազանց քաղցած էինք կրկին քնելու համար և միայն պառկելը տառապանքի նման մի բան էր, բայց միևնույն ժամանակ արթուն մնալու և ինչ-որ գործողություններ անելու համար էլ էինք չափից շատ քաղցած։ Մենք գաղափար անգամ չունեինք, թե այս անտանելի քաղցը որտեղից էր եկել։
Ես և կինս, հույսի վերջին կաթիլը չկորցնելով, հերթով մի քանի անգամ բացեցինք սառնարանի դուռը, սակայն ինչքան էլ բացեինք, սառնարանի պարունակությունը դրանից չէր փոխվում։ Միայն գարեջուր կար, սոխ, կարագ, աղցանի սոուս և հոտազերծիչ նյութ։ Կարող էինք սոխը կարագով տապակել, բայց դժվար էր պատկերացնել, որ այդ երկու չորացած սոխը մեր դատարկ ստամոքսները հարիր կերպով լցնելու էր։ Սոխ կոչեցյալը այն տեսակի մթերքներից է, որն ինչ-որ բանի հետ են ուտում և միայն դրանով քաղց չեն հագեցնում։
– Ֆրանսիական սոուսով տապակած հոդազերծիչ նյութ չուտե՞նք, – կատակով առաջարկեցի ես, բայց, ինչպես և կանխատեսում էի, կինս կատակս լռության մատնեց։
– Արի մեքենայով դուրս գանք ու ամբողջ գիշեր աշխատող ռեստորան փնտրենք,- ասացի ես։ – Ավտոմայրուղի եթե դուրս գանք, հաստատ մի բան կլինի։
Սակայն կինս այդ առաջարկը մերժեց։ Ասաց, որ ուտելու համար դուրս գալու ցանկություն չունի։
– Ո՞վ է տեսել, որ գիշերվա 12-ից հետո մարդ հաց ուտելու համար տնից դուրս գա,- ասաց նա։ Նա այսպիսի հարցերում չափազանց հնաոճ է։
– Հա, դա էլ կա,- խոր շունչ քաշելով ասացի ես։
Միգուցե նոր ամուսնացածների հետ հաճախ է այդպես պատահում, բայց կնոջս այսպիսի կարծիքները (կամ թեզերը) իմ ականջներին հայտնության նման էին հնչում։ Նրա այսպես ասելուց հետո ինձ թվաց, որ իմ քաղցը յուրահատուկ քաղց է, այլ ոչ թե այսպիսի սովորական քաղց, որ ավտոմայրուղու գիշերային ռեստորանում կարելի է հագեցնել։
Յուրահատուկ քաղցն ի՞նչ է։ Ես դա կարող եմ որպես պատկեր ցույց տալ։ 1) Ես նստած եմ փոքր նավակում և խաղաղ ծովի մակերևույթին լողում եմ։ 2) Ներքև եմ նայում, իսկ ծովի խորքում ստորջրյա հրաբխի գագաթն է երևում։ 3) Թվում է, թե ծովի մակերեսի և հրաբխի գագաթի հեռավորությունը այնքան էլ մեծ չէ, բայց ճշգրիտ հնարավոր չէ ասել։ 4) Պատճառն այն է, որ ջուրը չափազանց թափանցիկ է և հեռավորությունը դժվար է գուշակել։
Իմ գլխում մոտավորապես այսպիսի պատկեր հայտնվեց այն երկու-երեք վայրկյանների ընթացքում, երբ կինս ասաց, որ գիշերային ռեստորան չի ուզում գնալ, իսկ ես էլ, «հա, դա էլ կա» ասելով, համաձայնեցի։ Ես, իհարկե, Զիգմունդ Ֆրոյդը չեմ և չեմ կարող վերլուծել, թե այդ պատկերն ինչ է նշանակում, բայց բնազդաբար զգացի, որ այն հայտնությունների կարգին պատկանող պատկեր է։ Հենց այդ պատճառով էլ ես, չնայած նրան, որ արտասովոր ուժեղ քաղց էի զգում, ինքնաբերաբար համաձայնեցի կնոջս այն թեզի (կամ հայտարարության) հետ, որ ուտելու համար չարժե դուրս գալ։
Ստիպված բացեցինք գարեջրի բանկաները և սկսեցինք խմել։ Որովհետև գարեջուր խմելն ավելի լավ էր, քան սոխ ուտելը։ Քանի որ կինս գարեջուր այնքան էլ չի սիրում, վեց բանկայից չորսը ես խմեցի, իսկ նա՝ մնացած երկուսը։ Մինչ ես գարեջուր էի խմում, նա նոյեմբերի սկյուռիկի նման զննեց խոհանոցի բոլոր դարակները և գտավ մի տուփ, որի խորքում չորս հատ կարագով թխվածքաբլիթ էր մնացել։ Դրանք սառը տորթի հիմք պատրաստելուց հետո էին մնացել, խոնավացել և փափկել էին, բայց մենք դրանք կիսեցինք և սկսեցինք լուրջ-լուրջ խրթխրթացնել։
Սակայն դժբախտաբար թե՛ գարեջուրը, թե՛ կարագով թխվածքաբլիթները երկնքից երևացող Սինայի թերակղզու նման վիթխարի ու աղոտ մեր քաղցի վրա ոչ մի հետք չթողեցին։ Դրանք պատուհանից այն կողմ երևացող խղճուկ տեսարանի նման անցան-գնացին։
Մենք սկսեցինք գարեջրի բանկայի վրայի տառերը կարդալ, մի քանի անգամ ժամացույցին նայեցինք, սառնարանի դռանը նայեցինք, երեկվա երեկոյան թերթի էջերը թերթեցինք, սեղանին թափված թխվածքաբլիթի փշուրները բացիկի ծայրով հավաքեցինք։ Ժամանակը ձկան կուլ տված կապարե կշռաքարի նման մռայլ ու ծանր էր անցնում։
– Առաջին անգամ եմ այս աստիճան սովածանում,- ասաց կինս։- Տեսնես սա ամուսնանալու հետ որևէ կապ ունի՞։
– Չգիտեմ,- ասացի ես,- միգուցե ունի, միգուցե չունի։
Մինչ կինս խոհանոցում ուտելիքի նշույլներ էր փնտրում, ես մարմինս դուրս էի հանել մակույկից և ստորջրյա հրաբխի գագաթին էի նայում։ Մակույկը շրջապատող ծովաջրի թափանցիկությունն ինձ անասելի մտահոգություն էր պատճառում։ Այնպիսի զգացողություն էր, կարծես ստամոքսիս խորքում խոռոչ էր առաջացել։ Ելք և մուտք չունեցող, իսկական խոռոչ։ Մարմնում ինչ-որ բանի պակասության այս տարօրինակ զգացողությունը, երբ թվում է, թե բացակա բանը իրականում գոյություն ունի, նման էր այն վախի զգացողությանը, որը զգում ես զանգակատան վերին հարկ բարձրանալիս։ Ինձ համար նոր բացահայտում էր, որ քաղցն ու բարձրության հանդեպ վախն այսքան նմանություններ ունեն։
Հենց այդ պահին էր, որ ես հիշեցի, որ նման փորձ նախկինում էլ եմ ունեցել։ Ես այն ժամանակ էլ էի քաղցած, ինչպես հիմա։ Դա…
– Հացաբուլկեղենի խանութի վրա հարձակման ժամանակ էր,- առանց մտածելու ասացի ես։
– Հացաբուլկեղենի խանութի վրա հարձակմա՞ն,- անմիջապես հարցրեց կինս։
Այսպես ես հիշեցի հացաբուլկեղենի խանութի վրա հարձակման դեպքը։

– Շատ վաղուց մի անգամ հացի խանութի վրա եմ հարձակվել,- կնոջս ասացի ես,- մեծ խանութ չէր, ոչ էլ՝ հայտնի էր։ Ոչ համեղ էր, ոչ էլ անհամ։ Այն սովորական խանութներից էր, որ բոլոր քաղաքներում էլ կան։ Առևտրական փողոցի մեջտեղում էր գտնվում։ Տերը մի տղամարդ էր, որը միայնակ հաց և բուլկի էր թխում և վաճառում։ Փոքրիկ խանութ էր և երբ առավոտյան թխած հացերը վերջանում էին, փակում և գնում էր։
– Ինչու՞ ես հարձակվել այդպիսի խանութի վրա,- հարցրեց կինս։
– Որովհետև մեծ խանութ թալանելու կարիք չկար։ Մեզ միայն այնքան հաց էր պետք, որ մեր քաղցը հագեցներ. գումար գողանալու մտադրություն չունեինք։ Մենք հարձակվողներ էինք, բայց թալանչի չէինք։
– Մե՞նք, – ասաց կինս,- ովքե՞ր են այդ «մենքը»։
– Այն ժամանակ մի ընկեր ունեի,- բացատրեցի ես։- Բայց դա ավելի քան տաս տարի առաջ էր։ Երկուսս էլ ահավոր աղքատ էինք, նույնիսկ ատամի մածուկ չէինք կարողանում գնել։ Բնականաբար ուտելիքն էլ երբեք չէր բավականացնում։ Դրա համար ուտելիք ձեռք բերելու համար մենք ամեն տեսակ վատ բաներ էինք անում։ Հացաբուլկեղենի խանութի վրա հարձակումն էլ էր այդ շարքից։
– Բան չեմ հասկանում,- ասաց կինս և ուշադիր նայեց երեսիս։ Նրա աչքերը կարծես արշալույսի երկնքում գունատ աստղեր փնտրելիս լինեին։- Ինչո՞ւ ես նման բան արել։ Ինչո՞ւ չէիր աշխատում։ Եթե օրը մի քանի ժամ աշխատեիր, հաց հո կարո՞ղ էիր գնել։ Դա ավելի հեշտ չէ՞ր լինի, քան հացաբուլկեղենի խանութ թալանելը։
– Չէի ուզում աշխատել, – ասացի ես,- այդ մեկն ինձ համար միանշանակ էր։
– Բայց հիմա աշխատում ես, չէ՞,- ասաց կինս։
Ես գլխով համաձայնության նշան արեցի և մի կում գարեջուր խմեցի։ Հետո դաստակով կոպերս տրորեցի։ Մի քանի բանկա գարեջրից հետո քունս սկսել էր տանել։ Այն ջրիկ ցեխի պես թափանցել էր գիտակցությանս մեջ և քաղցի հետ էր մարտնչում։
– Ժամանակները փոխվում են, մթնոլորտը փոխում է, մարդու մտածելակերպն էլ է փոխվում դրանց հետ,- ասացի ես։- Բայց արդեն չքնե՞նք, երկուսս էլ առավոտյան վաղ պետք է արթնանանք։
– Քունս չի տանում, համ էլ ուզում եմ հացի խանութի պատմությունը լսել,- ասաց կինս։
– Ձանձրալի պատմություն է,- ասացի ես,- համենայն դեպս այնպիսի հետաքրքիր պատմություն չի, ինչպես դու ես կարծում։ Երևելի բան չենք արել։
– Իսկ հարձակումը հաջողությա՞մբ ավարտվեց։
Ես հանձնվեցի և նոր գարեջուր բացեցի։ Կինս այնպիսի բնավորություն ունի, որ եթե մի բան ուզում է իմանալ, մինչև վերջ հարցախեղդ կանի։
– Եվ կարելի է ասել և՛ հաջողվեց և՛ ոչ,- ասացի ես, – այսինքն մենք մեր ուզածի չափ բուլկիներ ունեցանք, բայց դա թալանելու տեսքով տեղի չունեցավ։ Այսինքն, մինչև մենք կթալանեինք, խանութի տերը մեզ դրանք տվեց։
– Ձրի՞։
– Ձրի չէր։ Ա՛յ, այստեղ է պատմությունը բարդանում, – ասացի ես ու գլուխս թափ տվեցի։- Խանութի տերը դասական երաժշտության մեծ երկրպագու էր և հենց այդ պահին խանությում Վագների նախերգանքների հավաքածուն էր լսում։ Նա մեզ գործարք առաջարկեց, որ եթե ձայներիզը մինչև վերջ լսենք, նա մեզ ուզածի չափ հաց ու բուլկի կտա։ Ես ու ընկերս դա քննարկեցինք։ Ու եկանք հետևյալ եզրակացությանը։ Եթե միայն երաժշտություն ենք լսելու, ապա ինչո՞ւ՝ ոչ։ Դա իրական աշխատանք չէ, բացի արդ ոչ մեկի վնաս չենք տա։ Այդպիսով մենք դանակները պայուսակի մեջ դրեցինք, նստեցինք աթոռին և խանութի տիրոջ հետ «Տանհոյզերի» ու «Թռչող հոլանդացու» նախերգանքները լսեցինք։
– Հետո բուլկիները ստացա՞ք։
– Հա։ Ես ու ընկերս խանութում եղած բուլկիների մեծ մասը լցրեցինք պայուսակի մեջ ու տարանք, չորս-հինգ օր ուտում էինք,- ասացի ես ու նորից մի կում գարեջուր խմեցի։ Քնի զգացողությունը ստորջրյա երկրաշարժի առաջացրած անձայն ալիքի նման իմ մակույկը սկսեց ցնցել։
– Իհարկե մենք բուլկի ձեռք բերելու մեր նպատակին հասանք,- շարունակեցի ես,- բայց դա ոչ մի կերպ հանցագործություն չէր կարելի անվանել։ Դա ավելի շուտ փոխանակություն էր։ Մենք ընդամենը Վագներ լսելու փոխարեն բուլկիներ ձեռք բերեցինք։ Եթե իրավական տեսանկյունից նայենք, առևտրական գործարքի պես մի բան էր։
– Բայց Վագներ լսելն աշխատանք չէ,- ասաց կինս։
– Իհարկե,- պատասխանեցի ես,- եթե այն ժամանակ խանութի տերը պահանջեր, որ մենք ափսեներ լվանայինք կամ պատուհանները սրբեինք, մենք դա հաստատ կմերժեինք ու բուլկիները բռնի ուժով կվերցնեինք։ Բայց նա այդպիսի պահանջ չներկայացրեց, այլ ընդամենը ուզեց, որ Վագների ձայներիզը մինչև վերջ լսենք։ Դա ինձ ու ընկերոջս շփոթմունքի մեջ գցեց։ Բնականաբար, մեր մտքով չէր էլ անցել, որ գործը Վագներին է հասնելու. այն կարծես մեզ վրա թափված անեծք լիներ։ Հիմա մտածում եմ, որ պետք է այդ առաջարկը մերժեինք և մեր ծրագրի համաձայն դանակով սպառնալով բուլկիները գողանայինք։ Եթե այդպես անեինք, երևի խնդիրներ չէին առաջանա։
– Ի՞նչ խնդիրներ առաջացան։
Ես նորից դաստակով կոպերս տրորեցի։
– Ինչպես ասեմ,- պատասխանեցի ես,- դրանք մարդու աչքին տեսանելի կոնկրետ խնդիրներ չէին։ Բայց այդ դեպքից հետո շատ բաներ սկսեցին կամաց-կամաց փոխվել։ Իսկ այն, ինչ փոխվում է, այլևս հնին հետվերադառնալու հնարավորություն չի թողնում: Ի վերջո ես վերադարձա համալսարան, ուսումս բարեհաջող ավարտեցի, իրավաբանական ընկերությունում աշխատելով՝ փաստաբանական քննությանը սկսեցի պատրաստվել։ Հետո քո հետ ծանոթացա ու մենք ամուսնացանք։ Ու այլևս հացաբուլկեղենի խանութի վրա հարձակվելու կարիք չունեցա։
– Այդքա՞նը։
– Հա, ամբողջ պատմությունը սա է,- ասացի ես ու գարեջուրս խմեցի։ Այսպիսով գարեջրի վեց բանկաներն էլ դատարկվեցին։ Մոխրամանի մեջ միայն գարեջրի բանկայի փականներն էին, որ ջրամարդու թափված թեփուկներ էին հիշեցնում: Իհարկե, ճշմարիտ չէ, որ ոչինչ չէր պատահել։ Մարդու աչքին տեսանելի կոնկրետ դեպքեր պատահել էին։ Սակայն դրա մասին ես չէի ուզում կնոջս հետ խոսել։
– Իսկ քո ընկերը հիմա ինչո՞վ է զբաղվում,- հարցրեց նա։
– Չգիտեմ,- պատասխանեցի,- այդ դեպքից հետո որոշ խնդիրներ ունեցանք և բաժանվեցինք։ Դրանից հետո նրան ոչ մի անգամ չեմ տեսել, տեղյակ չեմ, թե ինչով է զբաղվում։
Կինս որոշ ժամանակ լուռ էր։ Երևի իմ խոսքերում ինչ-որ կասկածելի բան էր զգում։ Բայց նա դրա մասին էլ ոչինչ չասաց։
– Բայց այդ երկուսիդ բաժանման անմիջական առիթը այդ հացաբուլկեղենի խանութի հարձակումն էր, չէ՞։
– Երևի։ Այդ դեպքից ստացած ցնցումն ավելի մեծ էր, քան պատկերացնում էինք։ Դրանից հետո մի քանի օր մենք Վագների ու բուլկիների կապի մասին խոսեցինք։ Արդյո՞ք մեր ընտրությունը ճիշտ էր։ Բայց այդպես էլ եզրակացության չեկանք։ Եթե սթափ մտածես, մեր ընտրությունը ճիշտ էր։ Ոչ ոք չէր վնասվել, բոլորը գոհ էին։ Խանութի տերը, իհարկե, չեմ հասկանում, թե ինչի համար այդպիսի բան արեց, ամեն դեպքում կարողացավ Վագների պրոպագանդայով զբաղվել. մենք էլ կուշտ հաց կերանք։ Չնայած դրան, մեզ մոտ այնպիսի զգացողություն էր, ասես ինչ-որ լուրջ սխալ ենք գործել։ Եվ առանց այդ սխալի պատճառները հասկանալու՝ մեր կյանքի վրա մի մութ ստվեր սկսեց ընկնել։ Դրա համար քիչ առաջ «անիծել» բառն օգտագործեցի։ Դա անկասկած անեծքի նման մի բան էր։
– Ի՞նչ ես կարծում, այդ անեծքից ազատվե՞լ եք։ Դուք երկուսդ։
Ես մոխրամանի միջի գարեջրի բանկայի փականներից ապարանջանի չափի ալյումինե շրջան պատրաստեցի։
– Ինքս էլ չգիտեմ։ Թվում է, թե աշխարհը տարատեսակ անեծքներով լի է, և երբ տհաճ բան է պատահում, դժվար է ասել, թե դա որ անեծքի պատճառով էր։
– Չէ, այդպես չէ,- ուշադիր աչքերիս նայելով ասաց կինս,- եթե լավ մտածես, կիմանաս։ Եթե դու քո ձեռքերով այդ անեծքից չազատվես, այն մինչև կյանքիդ վերջ փչացած ատամի նման քեզ տանջելու է։ Միայն քեզ չէ, ինձ էլ։
– Քե՞զ։
– Հա, չէ՞ որ հիմա ես եմ քո զուգընկերը,- ասաց նա։- Օրինակ այսօրվա քաղցի զգացողությունը։ Մինչև ամուսնանալը ես կյանքում ոչ մի անգամ այսպիսի ուժեղ սով չեմ զգացել։ Չե՞ս կարծում, որ տարօրինակ է։ Հաստատ քո անեծքը ինձ էլ է վրա հասել։
Ես ներքև նայեցի և շրջանաձև դասավորած փականները նորից խառնեցի։ Ես չգիտեի՝ նրա ասածը ճի՞շտ էր, թե ոչ։ Բայց թվաց, թե անհնարի շարքից չէ։
Գիտակցությունիցս որոշ ժամանակ հեռացած քաղցի զգացողությունը կրկին վերադարձավ։ Այն առաջվանից էլ ուժեղ էր և դրանից գլուխս սկսեց ցավել։ Ստամոքսիս խորքում առաջացած ցավերը ասես կցորդիչ լարով փոխանցվեցին գլխիս կենտրոն։ Թվում էր, թե մարմնիս մեջ տարբեր բարդ ֆունկցիաներ էին միախառնվել։
Ես կրկին հայացքս ուղղեցի դեպի ստորջրյա հրաբուխը։ Ծովի ջուրը շատ ավելի թափանցիկ էր, քան քիչ առաջ. և եթե ուշադիր չնայեիր, միգուցե չնկատեիր, որ այնտեղ ջուր կա։ Թվում էր, թե նավակն առանց որևէ հենարանի ամայի դատարկության մեջ լողում է։ Ջրի խորքում փոքրիկ քարերն այնքան հստակ էին երևում, կարծես ձեռքիդ ափի մեջ լինեին։
– Դեռ կես ամիս էլ չի անցել, ինչ սկսել ենք միասին ապրել, բայց ինձ մոտ մշտապես այնպիսի զգացողություն է, ասես շուրջս անեծքի նման մի բան կա,- ասաց նա։
Հետո հայացքն ինձանից չկտրելով՝ մատները խաչեց։ – Իհարկե մինչև այդ մասին խոսելը ես չէի հասկանում, որ դա անեծք է, բայց հիմա արդեն գիտեմ։ Քեզ անիծել են։
– Դու ինչպե՞ս ես այդ անեծքը զգում,- հարցրեցի ես։
– Կարծես առաստաղից մի քանի տարի չլվացած, փոշոտ վարագույր կախված լինի։
– Դա միգուցե անեծքը չի, այլ ես ինքս եմ,- ծիծաղելով ասացի ես։ Նա չծիծաղեց։
– Այդպես չի։ Ես լավ գիտեմ, որ դա այդպես չի։
– Եթե քո ասածի պես դա անեծք է,- ասացի ես,- ես ի՞նչ կարող եմ անել։
– Պետք է ևս մեկ անգամ հացաբուլկեղենի խանութի վրա հարձարկվես։ Հենց հիմա,- վստահորեն ասաց նա։ – Անեծքից ազատվելու ուրիշ միջոց չկա։
– Հենց հիմա՞,- հարցրեցի ես։
– Հա, հենց հիմա։ Քանի դեռ քաղցած ենք։ Ինչ որ նախկինում չես արել, հիմա պետք է անես։
– Բայց այս գիշերվա կեսին բաց հացաբուլկեղենի խանութ կլինի՞։
– Արի փնտրենք,- ասաց նա,- Տոկիոն մեծ քաղաք է, գոնե մի հացաբուլկեղենի խանութ կլինի, որ շուրջօրյա աշխատում է։

Ես և կինս նստեցինք Տոյոտա-Կարոլան և գիշերվա երկուսն անց կես սկսեցինք Տոկիոյի փողոցներով այս ու այն կողմ քշել՝ հացի խանութի որոնումներով։ Ես ղեկն էի բռնել, իսկ կինս՝ կողքս նստած, գիշատիչ թռչունի սուր հայացքով ճանապարհի երկու կողմերն էր նայում։ Ետևի նստատեղին երկար ձկան պես պառկած էր Ռեմինգտոնի ինքնաձիգը, իսկ կնոջս ուսերին գցած բաճկոնի գրպանում պահուստային փամփուշտներն էին իրար զարկվելով չոր ձայներ հանում։ Ձեռնոցների արկղիկում դահուկային երկու սև դիմակ կար։ Ես գաղափար անգամ չունեի, թե ինչպես էր կինս տիրացել այդ հրացանին։ Նույնն էլ կարող եմ ասել դահուկային դիմակների մասին։ Ո՛չ ես, ո՛չ նա երբեք դահուկ չենք քշել։ Բայն նա այդ մասին ինձ ոչ մի բացատրություն չտվեց, էս էլ հարցեր չտվեցի։ Միայն մտածեցի, որ ամուսնական կյանքը լի է տարօրինակություններով։
Բայց չնայած այս կատարելության հասնող պատրաստությանը, մենք այդպես էլ շուրջօրյա աշխատող հացաբուլկեղենի խանութ չկարողացանք գտնել։ Ես գիշերային դատարկ փողոցներով մեքենան քշեցի Յոյոգիից Շինջուկու, այնուհետև Յոցույա, Ակասակա, Աոյամա, Հիրոո, Ռոպպոնգի, Դայկանյամա, Շիբույա։ Գիշերային Տոկիոյում տարատեսակ մարդիկ և խանութներ կային, բայց, ահա, հացի խանութ չկար։ Այստեղ, կարծես, գիշերը հաց չեն թխում։
Մենք ճանապարհին երկու անգամ ոստիկանական մեքենայի դեմ դուրս եկանք։ Մեկը փողոցի անկյունում էր թաքնված, մյուսն էլ առանց շտապելու մեր հետևից եկավ և անցավ։ Ես երկու անգամն էլ քրտնեցի, բայց կինս, նույնիսկ աչքը չթարթելով՝ շարունակում էր հացաբուլկեղենի խանութ փնտրել։ Ամեն անգամ, երբ նա փոխում էր մարմնի դիրքը, փամփուշտները բարձի մեջ լցված հնդկաձավարի հատիկների նման ձայներ էին հանում։
– Արի արդեն ձեռք քաշենք,- ասացի ես։ – Այս գիշերվա կեսին ոչ մի հացաբուլկեղենի խանութ բաց չի լինի։ Այսպիսի բաները պետք է նախօրոք ուսումնասիրել։
– Մեքենան կանգնեցրո՛ւ,- հանկարծ ասաց կինս։
Ես շտապ սեղմեցի արգելակման ոտնակը։
– Հենց սա էլ կթալանենք,- հանգիստ ձայնով ասաց նա։
Ես ձեռքերս ղեկին դրած շուրջս նայեցի, բայց հացաբուլկեղենի խանութի նմանվող ոչինչ չտեսա։ Ճանապարհի երկայնքի բոլոր խանութները արտաքին շերտավարագույրները փակել և լռության էին մատնվել։ Ծռված արհեստական աչքի նմանվող վարսավիրանոցի ցուցանակն էր միայն մթության մեջ աչք զարնում։ Երկու հարյուր մետր այն կողմ Մաքդոնալդսի լուսավոր ցուցանակն էր երևում։
– Հացի խանութ չկա,- ասացի ես։
Սակայն կինս, առանց որևէ բան ասելու, ձեռնոցների արկղիկը բացեց, այնտեղից կպչուն ժապավեն հանեց և դա ձեռքը բռնած մեքենայից իջավ։ Ես էլ մյուս կողմի դուռը բացեցի և իջա։ Կինս կքանստեց մեքենայի դիմաց, ժապավենը համապատասխան չափի կտրելով փակցրեց ավտոմեքենայի համարանիշների վրա, որպեսզի համարները հնարավոր չլիներ կարդալ։ Այնուհետև գնաց ետևի կողմ և նույն գործողությունն արեց ետևի համարանիշների հետ։ Դա արեց ընտելացած շարժումներով։ Ես միայն ապշած կանգնել և նրա գործողություններին էի հետևում։
– Այն Մաքդոնալդսը կթալանենք,- ասաց նա։ Այնպես հանգիստ ասաց, կարծես խոսքը ընթրիքի խավարտի ընտրության մասին էր։
– Բայց Մաքդոնալդսը հացի խանութ չէ,- ասացի ես։
– Հացի խանութի նման մի բան է,- ասաց կինս և վերադարձավ մեքենայի մոտ։- Որոշ դեպքերում պետք է զիջումների գնալ։ Ինչ որ է, քշիր Մաքդոնալդսի դիմաց։
Ես դիմադրելու փորձեր չարեցի, երկու հարյուր մետր առաջ քշեցի և մեքենան կանգնեցրի Մաքդոնալդսի կայանատեղիում։ Այնտեղ միայն մի փայլուն կարմիր Բլուբըրդ էր կանգնած։ Կինս ծածկոցի մեջ փաթաթած հրացանն ինձ տվեց։
– Ես կյանքում հրացանով կրակած չկամ, ոչ էլ կրակելու մտադրություն ունեմ,- փորձեցի ընդդիմանալ ես։
– Ո՞վ է ասում կրակես։ Միայն բռնիր։ Մեկ է ոչ ոք չի դիմադրելու,- ասաց կինս։ – Իսկ հիմա լա՛վ լսիր, ամեն ինչ իմ ասածով պետք է անես։ Նախ երկուսով հանգիստ մտնելու ենք սրահ։ Աշխատակիցը մեզ տեսնելով կասի,- «Բարի գալուստ Մաքդոնալդս»։ Հենց այդ պահին երկուսով պետք է դահուկի դիմակները հագնենք։ Հասկացա՞ր։
– Հասկանալը հասկացա։ Բայց…
– Հետո դու հրացանը կպահես աշխատակցի վրա ու կստիպես, որ բոլոր աշխատակիցներն ու հաճախորդները մի տեղ հավաքվեն։ Պետք է շատ արագ գործես։ Մնացածն արդեն ես կանեմ, դու մտածելու բան չունես։
– Բայց…
– Ի՞նչ ես կարծում, մեզ քանի հատ համբուրգեր է պետք,- հարցրեց նա, – Երեսուն հատը հերի՞ք է։
– Երևի,- ասացի ես։ Հետո հոգոց հանելով վերցրեցի հրացանը և ծածկոցը մի փոքր բացեցի։ Հրացանը ավազի պարկի պես ծանր էր և գիշերային խավարի պես սև։
– Բայց այսպիսի բան անելու անհրաժեշտություն իսկապես կա՞,- ասացի ես։ Այդ հարցը մասամբ նրան էր ուղղված, մասամբ էլ՝ ինձ։
– Իհարկե կա,- ասաց նա։

«Բարի գալու՛ստ Մաքդոնալդս»։ Մաքդոնալդսի գլխարկ դրած աղջիկը վաճառասեղանի ետևից մաքդոնալդսային ժպիտով մեզ ողջունեց։ Ես չգիտես ինչու կարծում էի, որ գիշերային ժամերին Մաքդոնալդսում աղջիկներ չեն աշխատում և այդ պատճառով նրան տեսնելով՝ մի փոքր շփոթվեցի, բայց անմիջապես ուշքի եկա և դահուկի դիմակը արագ քաշեցի գլխիս։ Վաճառասեղանի ետևի աղջիկը ապուշ կրած հայացքով նայեց հանկարծակի դահուկի դիմակներներ հագած մեր կերպարանքին։
Մաքդոնալդսի «Հաճախորդների սպասարկման ձեռնարկում» գրված չէ, թե այս իրավիճակում ինչ պետք է անել։ Նա երևի պատրաստվում էր՝ «բարի գալուստ Մաքդոնալդսի» շարունակությունն ասել, բայց լեզուն ասես կապ ընկավ և չկարողացավ ոչ մի բառ արտասանել։ Չնայած դրան, հաճախորդների համար նախատեսված ժպիտը երեք օրվա լուսնի պես հեղհեղուկ դեռ կախված էր շուրթերի անկյուններից։
Ես հնարավորինս արագ ծածկոցը բացեցի, միջից հրացանը հանեցի և ուղղեցի սեղանների վրա, բայց սրահում ընդամենը մի զույգ կար, ուսանողներ էին կարծես, նրանք էլ պլաստիկի սեղանի վրա գլուխները դրել և խորը քնել էին։ Սեղանի վրա նրանց երկու գլուխներն էին, ելակի շեյքի երկու բաժակ ու ավանգարդ արվեստի գործի նման մի բան։ Նրանք մեռելների պես քնած էին և նրանց այդպես հանգիստ թողնելը հաստատ մեր գործի վրա բացասական կերպով չէր կարող անդրադառնալ։ Այդ պատճառով ես կրկին հրացանն ուղղեցի վաճառասեղանի վրա։
Մաքդոնալդսում երեք աշխատակիցներ կային։ Վաճառասեղանի աղջիկն էր, 25-30 տարեկան երևացող, սփրթնած, ձվաձև դեմքով մենեջերը և դեմքի արտահայտություն չունեցող, թեթև ստվերի նմանվող խոհանոցի ուսանող-աշխատակիցը։ Նրանք հավաքվել էին դրամարկղի առջև և ինկերի ջրհորները դիտող զբոսաշրջիկների հայացքով իմ հրացանի փողին էին նայում։ Ոչ ոք չճչաց, ոչ ոք ինձ բռնելու փորձ չարեց։ Քանի որ հրացանն անասելի ծանր էր, ես, մատս հրացանի շնիկի վրա պահած, այն դրեցի դրամարկղի վրա։
– Ձեզ փող կտամ,- խռպոտ ձայնով ասաց աշխատակիցը։ – Ժամը 11-ին են գումարը հավաքել, այնպես որ դրամարկղում շատ փող չկա, բայց ամբողջը կարող եք վերցնել։ Մենք ապահովագրված ենք, դեմ չենք։
– Արտաքին շերտավարագույրը փակե՛ք և ցուցանակի լուսավորությունն անջատե՛ք,- ասաց կինս։
– Սպասե՛ք,- ասաց աշխատակիցը,- դա չեմ կարող անել։ Սննդի կետն ինքնագլուխ փակելու համար ինձանից պատասխան կպահանջեն։
Կինս նույն հրամանը ևս մեկ անգամ դանդաղ կրկնեց։
– Արե՛ք, ինչ որ ձեզ ասում են,- զգուշացրեցի ես՝ տեսնելով, որ մենեջերը տատանվում է։
Նա որոշ ժամանակ նայեց մեկ դրամարղին հենած իմ հրացանին, մեկ
կնոջս, բայց, ի վերջո, ցուցանակի լուսավորությունն անջատեց և վահանակի անջատիչը սեղմելով՝ մուտքի շերտավարագույրն իջեցրեց։ Ես վախենում էի, որ նա կարող է անվտանգության կոճակը սեղմելով՝ ամեն ինչ փչացնել, բայց Մաքդոնալդս համբուրգերների ցանցում կարծես անվտանգության համակարգ տեղադրված չէր։ Երևի ոչ մեկի մտքով չէր անցել, որ համբուրգերների ցանցի վրա հարձակում կարող են գործել։
Մուտքի շերտավարագույրը, բեյսբոլի մահակով դույլ ծեծելու ձայներ արձակելով, փակվեց, բայց նույնիսկ դրանից հետո սեղանի վրայի զույգը շարունակում էր քնած մնալ։ Ես վաղուց չէի տեսել այդքան խորը քուն մտած մարդկանց։
– Երեսուն հատ Բիգ Մաք, մեզ հետ տանելու ենք,- ասաց կինս։
– Ձեզ ամբողջ գումարը կտամ, խնդրում եմ, ուրիշ տեղ պատվերեք,- ասաց մենեջերը։- այսպես հաշվապահության հետ կապված խնդիրներ կառաջանան։ Այսինքն…
– Արեք այն, ինչ ձեզ ասում են,- կրկնեցի ես։

Աշխատակիցներին տարա խոհանոց և նրանք սկսեցին երեսուն հատ Բիգ Մաք պատրաստել։ Ուսանողը կոտլետներն էր տապակում, մենեջերը դրանք հացի մեջ էր դնում, իսկ աղջիկը սպիտակ թղթի մեջ էր փաթաթում։ Այդ ընթացքում ոչ ոք ոչ մի բառ չասաց։ Ես հենվել էի մեծ սառնարանին և հրացանն ուղղել տապակին։ Տապակի վրա շարված էին շագանակագույն գնդիկների նմանվող կոտլետները և տժտժում էին։ Տապակվող մսի քաղցր հոտը աչքի համար անտեսանելի փոքրիկ միջատների պարսի նման մտել էր մարմնիս բոլոր ծակոտիների մեջ և արյանս հետ խառնվելով՝ ճանապարհորդում էր մարմնիս բոլոր բջիջներով։ Ի վերջո հավաքվելով մարմնիս կենտրոնում քաղցից գոյացած անցքում՝ այն կպավ դրա վարդագույն պատերին։
Չնայած թղթի մեջ փաթաթված և մի կողմ դրված համբուրգերներից մեկը կամ երկուսը անմիջապես խժռելու ցանկությունը մեծ էր, ես վստահ չէի, որ դա մեր նպատակին համապատասխան գործողություն է և որոշեցի համբերատար սպասել մինչև բոլոր երեսուն համբուրգերները պատրաստ կլինեն։ Խոհանոցում շոգ էր, և ես դահուկի դիմակի տակ սկսեցի քրտնել։
Նրանք, համբուրգերներ պատրաստելով, ժամանակ առ ժամանակ նայում էին հրացանին։ Ես էլ մեկ-մեկ ձախ ձեռքի ճկույթով ականջներս էի քորում։ Լարվելիս չգիտես ինչու ականջիս խոռոչը սկսում է քոր գալ։ Ամեն անգամ ականջս քորելիս հրացանը վեր ու վար էր լինում, ինչից էլ նրանք կարծես վախենում էին։ Հրացանի անվտանգության փականը կողպված էր և այն չէր կարող կրակել, բայց նրանք այդ մասին չգիտեին. ես էլ հատուկ տեղեկացնելու մտադրություն չունեի։
Մինչ նրանք երեքով համբուրգեր էին պատրաստում, իսկ ես, հրացանը տապակին ուղղած, նրանց գործողություններին հետևում, կինս սրահին էր հետևում և պատրաստված համբուրգերներն էր հաշվում։ Նա թղթի մեջ փաթաթված համբուրգերները կոկիկ շարում էր թղթե տոպրակի մեջ։ Մի տոպրակում տանհինգ համբուրգեր էր տեղավորվում։
– Ձեր ինչի՞ն է պետք սա,- հարցրեց աղջիկը,- չէ՞ որ կարող էիք գումարը վերցնել և դրանով ձեր ուզած բաները գնել և ուտել։ Չեմ հասկանում, թե երեսուն հատ Բիգ Մաքից ինչ օգուտ կարող է լինել։
Ես առանց պատասխանելու գլուխս աջ ու ձախ շարժեցի։
– Իհարկե, շատ եմ ցավում ձեզ համար, բայց հացաբուլկեղենի բաց խանութ չկար,- աղջկան բացատրեց կինս։ – Եթե հացի խանութ լիներ, դրա վրա կհարձակվեինք։
Թերևս այս բացատրությունը իրավիճակը հասկանալու գործում դույզն իսկ չօգնեց, բայց նրանք այլևս հարցեր չտվեցին և շարունակեցին լուռ տապակել կոտլետները, դրանք հացի մեջ դնել և թղթի մեջ փաթաթել։
Երբ երկու տոպրակները լցվեցին երեսուն Բիգ Մաքով, կինս աղջկան երկու մեծ բաժակ կոլա պատվիրեց և դրա համար վճարեց։
– Հացից բացի ոչինչ գողանալու մտադրություն չունենք,- աղջկան բացատրեց կինս։
Աղջիկը գլխով շարժում արեց։ Ո՛չ այն է վիզը շարժեց, ո՛չ էլ գլխով արեց։ Երևի փորձեց երկու շարժումները միաժամանակ անել։ Ինձ թվաց, որ նրա հոգեվիճակը հասկանում էի։
Այնուհետև կինս գրպանից արկղեր կապելու համար նախատեսված պարան հանեց (նա ինչ ասես չունի) և երեք աշխատակիցներին,կոճակ կարելու նման, կոկիկ կապեց սյունից։ Նրանք, երևի հասկանալով, որ խոսքերն անօգուտ են, լուռ ենթարկվում էին կնոջս գործողություններին։ Կինս մի քանի անգամ հարցրեց՝ «Չի՞ ցավում», «Զուգարան չե՞ք ուզում գնալ», բայց նրանք ոչինչ չպատասխանեցին։ Ես հրացանը փաթաթեցի ծածկոցի մեջ, կինս երկու ձեռքերով վերցրեց Մաքդոնալդի լոգոյով տոպրակները և մենք շերտավարագույրի արանքից դուրս եկանք։ Երկու հաճախորդները խորջրյա ձկների պես դեռ խորը քնած էին։ Տեսնես նրանց քունը ի՞նչը կարող էր խանգարել տարակուսանքով մտածեցի ես։
Մոտ երեսուն րոպե մեքենան քշելուց հետո մենք այն մի պատահական շենքի կայանատեղիում կանգնեցրինք և, ինչքան սրտներս ուզում էր, համբուրգեր կերանք ու կոլա խմեցինք։ Ես ստամոքսիս անդունդի մեջ վեց Բիգ Մաք գլորեցի, իսկ կինս չորս հատ կերավ։ Ետևի նստատեղին դեռ տասներկու հատ Բիգ Մաք կար։ Լուսանալու հետ մեկտեղ հավերժական թվացող քաղցի զգացողությունը սկսեց կորչել։ Արևի առաջին ճառագայթները շենքի կեղտոտ պատերը ներկեցին գլիցինիայի գույնով և «Sony Beta hi-fi»-ի հսկայական գովազդային աշտարակը լուսավորեցին։ Ժամանակ առ ժամանակ լսվում էին բեռնատարների անիվների ձայներն ու թռչունների դայլայլը։ FEN-ով քանթրի երաժշտություն էր հնչում։ Մենք երկուսով մի սիգարետ ծխեցինք։ Ծխելուց հետո կինս գլուխը հենեց ուսիս։
– Բայց այսպիսի բան անելու կարիք իսկապես կա՞ր,- ևս մեկ անգամ հարցրեցի ես։
– Իհարկե,- պատասխանեց նա։ Դրանից հետո մի խորը հոգոց հանեց ու քնեց։ Նրա մարմինը կատվի պես փափուկ ու թեթև էր։
Մենակ մնալով՝ ես մարմինս մակույկից հանեցի և ծովի խորքը նայեցի, բայց այնտեղ ստորջրյա հրաբուխն արդեն չէր երևում։ Ջրի մակերևույթին խաղաղ արտացոլվում էր երկնքի կապույտը և փոքրիկ ալիքները, քամուց տատանվող բամբակե գիշերանոցի նման, մակույկի եզրերին էին փափուկ հարվածում։
Ես, մակույկի խորքում պառկելով, աչքերս փակեցի և սպասեցի, որ մակընթացությունն ինձ տանի այնտեղ, ուր պետք է։

*Առաջին անգամ լույս է տեսել Մերի Քլեր հանդեսի 1985 թ. օգոստոսի համարում, իսկ 1986 թ. ներառվել է համանուն ժողովածուում։

Թարգմանությունը ճապոներենից՝ Աստղիկ Հովհաննիսյանի

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *