Արձակագիր և բանաստեղծ Հեկտոր Կանյոն Ուրտադոն ծնվել է 1974թ․ Բոգոտայում (Կոլումբիա)։ Մի քանի գրքերի ու բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, նաև՝ 2020թ․ լույս տեսած կոլումբիական պոեզիայի անթոլոգիայի համահեղինակ։ Նրա ստեղծագործությունների ընտրանիները թարգմանվել են անգլերեն, պորտուգալերեն, իտալերեն և սլովեներեն։ «Պոեզիա Պարալելո Սերո» պոեզիայի միջազգային մրցանակի դափնեկիր է (2018թ․)։
Վերադարձի ճանապարհն ու այլ տեքստեր
(«Էլեմենտար Կվարտետ» ժողովածուից, 2018)
ՎԵՐԱԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Ջուրն ընկնող քարի
գծած շրջանակները
մարդու սրտին են հասնում ափից։
Գնացող-եկող ցանկացած բանը
հոսանքին հակառակ
լողացող երաժշտություն է։
Գետում պատկերի ալեկոծումից
մարմինը չի փոխում
ոչ էլ գիշերվա հանգստից հետո
ստվերն է անհետանում։
Խորքն ընկած քարն իրականում փաստում է
որ բոլոր ճամփորդ ջրերը
վերադարձ ունեն։
ՄԻ ԲՈՒՌ ՕԴ ԲՌՆԵԼ
Ավելի ոգևորիչ է գրել անփորձ ձեռքով
քան դիակի աչքերը փակել։
Անուն փոխելը ինքնահաճություն է
իսկ պոեմներ գրելը՝ մահվան հետ ժամադրությանը
ուշ հասնելու արդարացում։
Թռիչքը չէ որ արծվին ազատ է դարձնում
այլ ականատեսը
որ նրա հետքն անգամ չի տեսնում հորիզոնում։
ՊԱԼՈՄԻՆՈ
Մոլորակները
երկնային ձկներ են։
Այս գիշեր բոլորով հավաքվել են
ծովի նիրհը տեսնելու։
Ալեբախությունը հարատև է
ու ծովի ձայնը խինդ է պարգևում ափին։
Շոգ է
սեյբան նիրհում է
տերևները համր այնքան
որ լսվում է մոլորակների կապույտ զարկերակը
ու ծովից թաքցված
գաղտնիքներն ափի։
ԳԵՏՈՎ ՍԱՀՈՂ ՏԵՐԵՎՆԵՐ
Մոլորակները սահում են գետով
որն այնքան արագ է հոսում
ասես մի մարդ մեռնելիս լիներ
ու երազում տեսներ
երկնքում սահող իր արտացոլանքը։
Տերևները սահում են գետով։
Կա մի մարդ
մի գետ
ու մարդու շուրջ սահող մոլորակներ։
Կա մի գետ որ երազում է թե մարդ է
ու մի մարդ հոսանքով սահող։
(«Լույսի ճամփորդություններ» ժողովածուից, 2015)
ԿԱՐՄԱ
Շատ հավանական է որ ամեն գիշեր
ամեն օր
որևէ մարդ ինձ նման զգացած լիներ
քրտնաթաթախ դաշտերում
քաղաքի համառ լույսերում
օդանավի հետագծում
ու ցանկացած անորոշ տարածքում
այս հզոր տրտմությունը,
այս խոր համոզմունքը
որ քայլում ենք դեպի ոչ մի տեղ,
լսի՛ր ինձ
ծնողներ եմ տեսել որ զավակների մահը
ողբում էին դեռ չպատահած,
տեսել եմ թե ինչպես
հանուն ատելության ու սիրո
եղբայրը եղբորից մի կտոր հաց է թաքցնում,
ծիծաղից մեռած գալիս եմ գերեզմանից
որի վրա քո տապանագիրն է
հիմար թվերով գծիկի երկու կողմից,
լսի՛ր ինձ, պարոն Սեր
քո անունից եմ գալիս քեզ հայտնելու
որ այսօր ամեն քո հնչյունը ունի։
ՈՒՐԻՇԸ
Եթե ես Ուրիշը լինեի, այն մեկը որ մեջս է ապրում,
եթե իրոք նա լինեի որ այս տողերն է գրում,
ավարտելուն պես
մահվան նավը կնստեի
ու կժպտայի,
եթե այդ մյուսի ծնվելուց,
նրա անմարմին աչքը լինեի կամ էլ լռությունը,
կնավարկեի ոգիների ոգով
սկիզբ ու վերջ չունեցող մի գետոով։