Նորիկո Իբարագի | Երբ ես ամենագեղեցիկն էի

Նորիկո Իբարագի (1926-2006) ճապոնացի բանաստեղծ, դրամատուրգ, էսսեիստ, մանկական գրականության գրող և թարգմանիչ: Նա առավել հայտնի է իր «Watashi ga ichiban kirei datta toki» (わたしが一番きれいだったとき) բանաստեղծությամբ (անգլերեն՝ When I Was Most Beautiful), որը գրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում ճապոնացիների պարտությունից տասներկու տարի անց։ 1953 թվականին նա համահիմնել է «Կայ» («Oars») գրական ամսագիրը։ 50 տարեկան հասակում սկսել է սովորել կորեերեն՝  թարգմանաբար հրատարակելով կորեացի ժամանակակից գրողների բանաստեղծությունները:

 

 

Երբ ես ամենագեղեցիկն էի

Երբ ես ամենագեղեցիկն էի,
Քաղաքները ջարդուփշուր էին լինում
Եվ բոլոր անհավատալի վայրերից
Կապույտ երկինքն էր երևում։

Երբ ես ամենագեղեցիկն էի,
Շրջապատիս մարդիկ իրար հետևից մեռնում էին.
Գործարաններում, ծովում, անուն չունեցող կղզիներում,
Եվ ես հմայքս ցուցադրել անկարող էի լինում։

Երբ ես ամենագեղեցիկն էի,
Ինձ ոչ ոք նվերներ չէր մատուցում,
Զինվորական ողջույնից բացի ոչինչ չիմացող տղամարդիկ
Միայն նայում էին ինձ ու անցում։

Երբ ես ամենագեղեցիկն էի,
Գլուխս դատարկ էր,
Սիրտս ՝ համառ,
Ոտքերս ու ձեռքերս էլ ՝ շագանակագույն ներկված։

Երբ ես ամենագեղեցիկն էի,
Երկիրս պատերազմում պարտվեց,
Դրանից ավելի անհեթեթ բան լինո՞ւմ է.
Եվ ես, բլուզիս թևքերը վեր քաշած՝
Ցուցադրաբար քայլեցի ստորացված քաղաքում։

Երբ ես ամենագեղեցիկն էի,
Ռադիոյից ամենուրեք ջազ էր լցվում,
Եվ ես, ասես արգելված ծխախոտից հարբած,
Օտար ափերի այդ քաղցր մեղեդին էի փափագում։

Երբ ես ամենագեղեցիկն էի,
Ես անսահման դժբախտ էի,
Ես անչափ անհեթեթ էի,
Ես անհավատալիորեն մենակ էի։

Այդ պատճառով որոշեցի երկար ապրել,
Այնպես, ինչպես ֆրանսիացի Ռուո պապիկը,
Որը ծերանալուց հետո գեղեցի՛կ նկարներ էր նկարել։

(1958)

Թարգմանությունը ճապոներենից՝ Աստղիկ Հովհաննիսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *