Լուսինե Խառատյան | Սիրիական նովել

Հատված «Սիրիական նովել» անտիպ վեպից: «Ավանդույթ» աշխատանքային վերնագրով այս վեպի վրա աշխատելու համար 2019թ. հեղինակն արժանացել է ՀՀ ԿԳՄՍՆ գրականությանը հատկացվող դրամաշնորհի:

«Սիրիական նովել»-ն արկածային ժանրի ստեղծագործություն է: Իրադարձությունները զարգանում են 2007թ., Սիրիայում,  որտեղ գլխավոր հերոսները՝ հայաստանցի երեք կին հետազոտողներ, հետազոտական աշխատանքների բերումով այցելում են տարբեր վայրեր, հանդիպում և զրուցում ամենատարբեր մարդկանց հետ, այս ամենով պայմանավորված՝ հայտնվում Սիրիական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Հաջողվու՞մ է արդյոք գլխավոր հերոսներին՝ Շուշանին, Էսթերին և Աստղիկին դուրս գալ դժվարին իրավիճակներից…

Աիշա

Արթնացա կիզիչ, քրտնախաշ շոգից: Կեսօր էր: Արևն ամենուր էր: Սենյակը, որտեղ երեքով արևածագին քնել էինք, մետաղյա տանիքի տակ էր ու հիմա արևից տանիքը տաքացել, ու պատուհանից ներս մտնող արևաշողերի հետ մեկտեղ անխնա խաշում էր: Խաշած մսի հոտն ամենուր էր: Սկսեցի ինքս ինձ հոտոտել. տագնապալից գիշերն ու վրայիցս հոսող քրտինքը կասկած էին ներշնչում, թե այդ միսը ես եմ: Շուշանն ու Էսթերը դեռ քնած էին: Արագ վազեցի ցնցուղի տակ: Այն սկզբում տաք էր ու վրայիցս գոլորշի էր բարձրանում: Հետո բացեցի սառը ջուրը: Այդ շոգին այն լիովին չէր սառում, բայց գոնե գոլ էր: Երևի քսան րոպեի չափ կանգնած էի ցնցուղի տակ: Սրբիչով փաթաթված դուրս եկա: Խաշած մսահոտը չէր անցել: Շուշանն ու Էսթերն էլ հերթով ցնցուղ ընդունեցին:

Արևի լույսն աչք էր կուրացնում: Պատուհանները լայն էին։ Լայն-լայն շերտավարագույրներ կային, բայց բաց էին: Քաշեցի: Արևը միևնույն է ճեղքերից ներս էր սողոսկում: Պատուհանից դուրս բասկետբոլի դաշտ էր: Աջի վրա՝ եկեղեցու գմբեթ: Պատուհանները դրսից կանաչ ներկված փայտյա փեղկեր էլ ունեին: Բացեցի ամենալայն պատուհանն ու փեղկերը փակեցի: Սենյակը կիսամթնեց: Կահույքը շատ էր: Բազմոցներ, բազկաթոռներ, մահճակալներ: Չորս-հինգ մահճակալ՝ երկհարկանի: Գորգեր: Սեղանիկներ: Իսկ պատերի երկայնքով վերից վար գրապահարաններ:  Խորհրդային Հայաստանում հրատարակված ողջ գեղարվեստական գրականությունը: Թումանյանի, Տերյանի, Չարենցի, Սևակի բոլոր հատորները: Հայկական մեծ հանրագիտարանը: Հայ ժողովրդի պատմության ակադեմիական հրատարակությունը: Անգամ Լենինի ու Ստալինի հատորները: Տարօրինակ գրադարան էր՝ դասավորված առանց որևէ տրամաբանության: Ոսկե դարի պատմագիրները մի շարքով էին՝ Սևակի ու Հրանտ Մաթևոսյանի կողքին, իսկ Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» աշխատությունը՝ Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի հայերեն թարգմանության կողքին: Մանանդյանի «Տիգրան Բ և Հռոմը» Մարքսի «Կապիտալ»-ի կողքին էր, իսկ Լեոյի երկերի ժողովածուն՝ Լև Տոլստոյի հատորների հետ մի շարքում: Առանձին շարքերով ֆրանսերեն և իտալերեն գրականություն էլ կար: Ամենականոնակարգվածը վերևի մի դարակն էր, որտեղ Աստվածաշնչի տարբեր հրատարակություններ էին՝ հայերեն, արաբերեն, իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն: Նույն շարքում Դեն Բրաունի «Դա Վինչիի կոդ»-ն էր, և այդ գրքի վերաբերյալ մեկ տասնյակ հետազոտություններ՝ տարբեր լեզուներով: Մի ամբողջ շարք աշխարհի խոշորագույն թանգարանների կատալոգներն էին՝ Լուվրից, Վատիկանից, Բրիտանական թանգարանից մինչև Էրմիտաժ:

Ես դեռ երկար փորձում էի հասկանալ գրքերի դասավորության սկզբունքը, երբ դուռը թակեցին: Բարձրահասակ, սլացիկ, նրբիրան, թխամաշկ, կապտաչյա, երկարավիզ աղջիկ էր՝ նուրբ քթով, ընդգծված շուրթերով, երկար, սև վարսերով: Քանդակի գեղեցկություն ուներ, կենդանի աչքեր, որոնք ինձ տեղում սկանավորեցին:

‑ Բարև ձեզ,- ասաց նա անգլերեն,- ես Աիշան եմ: Հուսամ հանգստացել եք: Եկել եմ ձեզ ճաշի հրավիրելու:

Մուգ կապույտ ջինսն ամուր գրկել էր երկար, ձիգ, գեղեցիկ ոտքերը: Վարդագույն շապիկի տակից թափանցում էր սպիտակ կրծկալը: Փոքրիկ ոսկյա խաչը երևում էր շապիկի բացվածքից:

‑ Շնորհակալույթուն, հիմա կգանք,- ասացի ես:

Տաս րոպեից ներքևում էինք:

Երկար միջանցքը տանում էր դեպի ընդարձակ ճաշասրահ: Սրահում մի տասը պլաստմասե սեղան էր շարված՝ յուրքանչյուրի շուրջ 5-6 աթոռ: Խոհանոցը սրահի ծայրում էր և խոհանոցից սրահ պատուհանիկ էր բացվում: Պատուհանիկից ամենամոտ սեղանի մոտ նստած էին Նա և Աիշան: Նա սափրված ու թարմացած էր՝ նոր արդուկած մանուշակագույն վերնաշապիկով:

Սեղանին արդեն ափսեներ էին շարված, մի մեծ գրաֆին ջուր, լոշիկներ, կենտրոնում՝ մի մեծ ափսե թաբուլե: Մսի հոտն ամենուր էր: Համեմունքախառը հոտ էր: Աիշան մոտեցավ պատուհանիկին և վերցրեց այնտեղից փոխանցվող մեծ ու խորն ափսեն: Խաշլամա էր: Ահա թե որտեղից էր գալիս այդ խաշած մսի հոտը։

‑ Բարի եկաք,- ասաց Նա՝ մեզ նստելու հրավիրելով:

Հյութեղ, կանաչ, թարմ, մաղադանոսահոտ թաբուլեն շատ ախորժաբեր տեսք ուներ:

‑ Նրա պատրաստածն է,- ասաց Աիշան:

‑ Ինչպե՞ս քնեցիք,- հարցրեց Նա՝ թաբուլեի ափսեն մեզ փոխանցելով:

‑ Լավ: Միայն շատ շոգ է ձեզ մոտ,- ասաց Էսթերը:

‑ Դե Ղամշլին ամենաշոգ քաղաքներից է: Հաշվեք անապատում եք:

‑ Շատ լավ գրադարան ունեք,- ասացի ես,- միայն դժվար է որևէ բան գտնելը, դասավորության սկզբունքը չեմ հասկանում:

‑ Դա դեռ դասավորած չէ: Տարիներ շարունակ ինչ ստացել ենք՝ այնպես էլ դրել ենք: Գրադարանավարի կարիք կա՝ կարգի բերելու համար,- լոշիկով թաբուլեն բուռումելով ասաց նա,- ինձ պետքական գրքերը ներքևում, իմ աշխատասենյակում են:

‑ Իսկ դուք քանի՞լեզվով եք կարդում,- հարցրեց Շուշանը:

‑ Կարդում եմ յոթ լեզվով: Հաղորդակցվում՝ դրանցից հինգով և ևս երկուսով:

‑ Որո՞նք են այդ լեզուները,- հարցրեց Էսթերը:

‑ Կարդում եմ հայերեն, արաբերեն, թուրքերեն, ֆրանսերեն, իտալերեն, լատիներեն, անգլերեն: Խոսում եմ նաև քրդերեն և ասորերեն:

Աիշան Նրան արաբերեն ինչ-որ բան հարցրեց: Ըստ երևույթին Նրա պատասխանն Աիշային դուր չեկավ ու նա ավելի էմոցիոնալ ինչ-որ հարց տվեց: Հետո շատ կրքոտ խոսակցություն էր նրանց միջև: Նա բարկացած վեր կացավ, բռունցքով խփեց սեղանին և գնաց: Աիշայի աչքերը արցունքոտեցին: Սրահից դուրս գալիս՝ Նա մեզ դարձավ և ասաց.

‑ Պատրաստվեք: Երեկոյան կգամ և ձեզ հայկական սրահ կտանեմ, որ ձեր ուզած հարցազրույցներն անեք:

‑Իսկ կարո՞ղ ենք մինչ այդ զբոսանքի դուրս գալ,- հարցրեց Էսթերը:

‑ Ոչ: Դուք իսկապես ոչինչ չեք հասկանում: Դուք անգամ այստեղ գտնվելու թույլտվություն չունեք: Առանց ինձ՝ ոչ մի տեղ:

Աիշան շարունակում էր անձայն լացել: Հենց Նա դուրս եկավ՝ սկսեց հեկեկալ:

‑ Ի՞նչ է պատահել, ինչու՞ ես լացում- հարցրեց Շուշանը:

‑ Նա ինձ բանտում է պահում: Արդեն քանի ամիս է էս շենքից լույսով դուրս գալու իրավունք չունեմ: Արևի երես չեմ տեսնում:

‑ Իսկ ինչու՞:

Արցունքները հոսում էին թարմ թեյի մեջ, որը հենց նոր պատուհանիկից բաժակներով տեղափոխել էր մեր սեղանին՝ շաքարով ու թեյնիկով հանդերձ:

‑ Նա իմ փրկիչն է: Ես դա շատ լավ եմ հասկանում: Եթե Նա չլիներ, ես առհասարակ մեռած կլինեի: Բայց նման կյանքն այլևս անտանելի է: Ես ընդամենը 18 տարեկան եմ: Ծնվել եմ Լիբանանում: Իմ ընտանիքը մուսուլման է: Ունեմ հինգ եղբայր: Ծնողներս շատ հավատացյալ ու խիստ մարդիկ են: Ինձ մեծացրել են խստության մեջ: Ինձ համար եղբայրներիս ասածն օրենք էր: Տասնչորս տարեկանից հիջաբով եմ ման եկել: Մի պահ կար, որ մեծ եղբայրս անգամ ուզում էր երեսս փակել, ինձ արգելել դպրոց գնալ: Երբ դարձա 15 տարեկան, միանգամից շատ գեղեցկացա: Կազմվածքս լիովին ձևավորվեց և բոլորի ուշադրությունն էի գրավում: Եղբայրներս ինձ հերթով տանից դպրոց ու դպրոցից տուն էին ճանապարհում: Չգիտեմ՝ ինչ կատարվեց հետս, բայց այդ ամենն ինձ սկսեց ահավոր նյարդայնացնել: Ես դպրոցում էլ ավելի էի ընդգծում կազմվածքս: Հետս շպար էի տանում և զուգարանում շպարվում նոր գնում դասի: Քայլելիս՝ շարժվում էի պատկերացրածս մոդելների նման: Հիջաբս շատ կոկետ էի կապում: Ու այս ամենն իհարկե գրավում էր դպրոցի տղաների ուշադրությունը: Բայց ոչ միայն: Շուտով ինձ սկսեց ուշադրություն դարձնել մեր մաթեմատիկայի ուսուցիչը: Նա երիտասարդ էր՝ 24-25 տարեկան: Գեր էր ու տգեղ: Միշտ քրտնած: Բայց դա ոչինչ: Երբ դաս էր բացատրում, թքում էր մեր վրա: Իսկ բերանից էլ միշտ հոտ էր գալիս: Ես լավ էի սովորում: Մաթեմատիկայից էլ ուժեղ էի: Բայց ինձ այլևս դասերը չէին հետաքրքրում: Ինձ հետաքրքրում էր արտաքինս և այն ազդեցությունը, որն այն ունենում էր ուրիշների վրա: Լավ ձայն ունեի: Ֆայրուզի երգերն էի երգում դասամիջոցներին: Ու այդ ամենը՝ տնեցիներից թաքուն: Մի օր, երբ առավոտյան եղբայրս ինձ դպրոց էր բերում, մաթեմատիկայիս ուսուցիչը մեզ դիմավորեց մուտքի մոտ և նրան խնդրեց, որ այդ օրն ավելի երկար մնամ, որ քաղաքային օլիմպիադա է լինելու, ես ուժեղ եմ ու դպրոցում որոշել են, որ պետք է մասնակցեմ, իսկ ինքն ինձ հետ պետք է հավելյալ պարապի: Ես զարմացած նրան նայեցի, բայց ոչինչ չէի կարող ասել: Օլիմպիադայի մասին ոչինչ չէի լսել, բայց նաև չէի ուզում եղբորս մոտ կռիվ սարքել: Եղբայրս համաձայնություն տվեց ու գնաց: Ես էլ մտա դասարան: Դասերից հետո ուզում էի դասասենյակից դուրս գալ ու մի տեղ թաքնվել, որ ուսուցիչն ինձ չգտնի։ Բայց նա հայտնվեց ճիշտ կողքիս: Ես պարապելու կարիք չունեմ՝ ասացի: Դու չգիտես՝ ինչի կարիք ունես: Փորձում էի չշնչել՝ բերանի գարշահոտը չառնելու համար: Սպասեց, որ բոլորը գնան: Նստեց դիմացս, բացեց գիրքը: Ասաց՝ մոտենամ գրատախտակին: Հավասարում էր թելադրում: Քայլելով: Գրում էի:  Ուրախ էի, որ իրեն մեջքով էի կանգնած ու վրաս ոչ թքում էր, ոչ էլ բերանի հոտն էի առնում: Փորձում էի արագ լուծել հավասարումը, որ շուտ տուն գնամ: Լուծեցի: Ասեց՝ ապրես: Մաքրել տվեց ու հիմա էլ ինչ-որ խնդիր սկսեց թելադրել: Էսպես շուրջ մեկ ամիս ինձ շաբաթը 2-3 օր պահում էր դասերից հետո: Այդ օրը շատ շոգ էր: Բայց նա փակել էր դասասենյակի բոլոր պատուհանները: Խնդրեցի բացել: Ասաց, որ դրսի աղմուկն իրեն խանգարում է: Սենյակում նրա ծանր քրտնահոտն էր: Գրատախտակի մոտ հերթական խնդիրն էի լուծում: Երբ լուծում վերջացնում էի, ստիպում էր, որ իրեն բացատրեմ՝ ինչպես եմ լուծել: Հետո պետք է լուծածս տետրի մեջ արտագրեի: Հիջաբս նեղում էր: Ես էլ էի քրտնում: Քունքերիս քրտինքի կաթիլներ էին: Ձեռքերս էլ էին խոնավ ու թաց, կավիճից փշաքաղվում էի: Կատաղած գրում էի, երբ հանկարծ մեջքս տաքացավ: Փորձեցի շրջվել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Նրա թաց ձեռքը փորիս էր: Հետո ափով բերանս փակեց: Զզվանքով ձեռքն էի փորձում կծոտել: Բայց ուժեղ էր: Ինձ գետին տապալեց, հետո ամբողջ մարմնով վրաս էր: Մի ձեռքով ձեռքերս էր պահում, մյուսով՝ բերանս: Ես փորձում էի ոտքերով հարվածել: Ձայնդ, թե չէ կսպանեմ: Դուռը բացվեց, ներս մտավ պահակը: Մի բիձա: Մոտեցավ մեզ, բռնեց ձեռքերս ու հիմա էլ իր ափով փակեց բերանս: Ուժով թեքեց, ստիպեց շան պես չոքել: Ուսուցիչն իջեցրեց շալվարս: Տուտուզս էր շոյում: Քաղցրս: Շատ քաղցրն ես: Ծաղիկդ տեսնեմ: Գլուխը մտցրեց ոտքերիս արանքը: Լպստում էր: Ինչպես շներն են լպստում: Բերանի զզվելի գարշահոտը ներսումս էր: Հետո․․․Ամեն բան պատռեց: Ու էդ զզվելի հոտից սիրտս խառնեց: Ես հրաբխի պես փսխեցի: Պահակի երեսին: Ու նրա վրա: Երկուսով սկսեցին ինձ ծեծել: Ես լացում էի, բայց ձայն չէի կարողանում հանել: Ներսումս ամեն բան պայթել էր: Հետո ինձ հագցրին: Շորերս ուղղեցին: Ասացին, որ հիջաբս կապեմ: Ուսուցիչն իջավ ներքև: Եղբորս գալու ժամն էր: Ես միայն մեռնել էի ուզում: Գոռգոռում էին: Նա ասում էր, թե ես իրեն հատուկ գրգռել ու հրահրել եմ: Առաջարկում էր ամուսնանալ, քանի որ ինքն ինձ արդեն փչացրել է: Եղբայրս գոռգոռում էր: Սպառնում սպանել նրան: Բարձրացավ վերև, ձեռքիցս քաշեց: Դպրոցում պահակից ու մեզանից բացի ոչ ոք չկար: Ես կգամ ձեր տուն ու կխնդրեմ նրա ձեռքը: Ասում էր ուսուցիչը: Երկուսիդ էլ սպանելու եմ: Ասում էր եղբայրս: Ես ուզում էի չքվել, որ եղբայրս ինձ այլևս չտեսնի: Որ ինձ ոչ ոք չտեսնի: Պղծված էի:

Պատմելու ընթացքում ժամանակ առ ժամանակ թեյից կում էր անում: Աչքս ընկավ դաստակին: Ներսի կողմից փոքրիկ խաչ էր դաջված: Կրծքին էլ էր ոսկյա խաչ կրում: Նկատեց, որ աչքս խաչին է:

‑ Դա Նա է արել: Նա ինձ հայ կնքեց: Հիմա հայերեն էլ եմ սովորում:
‑ Իսկ ինչպե՞ս հայտնվեցիր նրա մոտ,- հարցրեց Էսթերը:

‑ Եղբայրս ինձ տուն չտարավ: Զանգեց հորս: Նա մեքենայով եկավ ու երկուսով ինձ նստեցրին մեքենա, այնպես, որ տեսնող չլինի: Հետո կողպեցին սենյակումս: Քննարկում էին՝ ինչ անել: Երկու տարբերակ կար՝ կամ իրենք ինձ էլ ուսուցչին էլ սպանելու էին, կամ պիտի ամուսնանայի ուսուցչի հետ: Բայց դա ինձ համար մահվան հավասար էր: Մորս չէին թողնում հետս խոսել: Սնունդ էին բերում օրը երեք անգամ: Ձեռք չէի տալիս: Վերջը որոշեցին ամուսնացնել: Մորս ուղարկեցին ինձ համոզելու: Նա ասում էր, որ դա խայտառակությունից լավ է: Ես չէի կարողանում նրան լսել: Ես ինձ համար արդեն մահացել էի: Էդ գիշեր որոշեցի փախչել: Մտածում էի՝ գնամ մի տեղ ինձ գետը գցեմ, կամ՝ մեքենայի տակ: Սպասեցի, որ բոլորը քնեն: Պատուհանս բացեցի ու դեռ մանկությունիցս իմացած ձևով պատն ի վար ներքև իջա: Մեր պատերն անհարթ քարերեից էին, ես էլ երկրորդ հարկում էի: Ոտքերս էլ ճամփան գիտեին: Ու վազեցի ուղիղ դեպի ամենամոտ մայրուղին: Բայց ուշ ժամ էր: Մեքենա չկար: Մտածեցի՝ մի քիչ սպասեմ, էստեղ միևնույն է շատ արագ են քշում, շուտով ինչ-որ մեկը կերևա և ես ինձ կգցեմ տակը: Երևաց: Հեռվից արդեն նկատեցի լույսերը: Սպասեցի, որ մոտենա ու թռա…

Վեր կացավ: Մի քանի անգամ գնաց-եկավ: Թարմացրեց բոլորիս թեյերը: Հետո կրկին նստեց: Էլ չէր լացում: Դեմքին սառել էր հանդարտությունը:

‑ Հետո ոչինչ չեմ հիշում: Երբ արթնացա, հիվանդանոցում էի: Ուզում էի նստել: Չէի կարողանում: Ով կա՝ ձայն տվեցի: Բուժքույրը մոտեցավ։ Ո՛չ, ո՛չ, հանկարծ չփորձեք վեր կենալ: Ձեզ չի կարելի: Ձեր կյանքը հազիվ ենք փրկել: Նոր հասկացա, որ ամբողջությամբ վիրակապերի մեջ էի: Աջ ձեռքս ու ոտքս մի քանի տեղից կոտրված էին: Ուղեղի ցնցում էի ստացել: Դեմքս ուռած ու կապտուկների մեջ կորած էր: Կողերս կոտրվել ու թոքերիս մեջ էին մտել: Պարզվեց՝ երկար ժամանակ վերակենդանացման բաժնում էի: Բեյրութի հիվանդանոցներից մեկում: Բուժքույրն ասաց, որ բախտս բերել է: Այն անձնավորությունը, որն ինձ վրաերթի է ենթարկել, շատ բարի է գտնվել, չի վախեցել ու փախել, ինձ բերել է հիվանդանոց և որ ամեն երեկո տեսակցության է գալիս: Պատվիրել է՝ հենց արթնանամ իրեն զանգեն: Շուտով Նա եկավ: Բուժքույրը սենյակից դուրս եկավ: Այսպես մենք առաջին անգամ հանդիպեցինք: Փաստորեն ես հենց Նրա մեքենան էի ընտրել ինքնասպանության համար: Ինչպե՞ս ես: Հարցրեց: Ես ոչինչ չասացի: Հետո հարցրեցի՝ ինչու՞ չի թողել, որ մահանամ: Մահանալը մեր կամքով չի լինում, այլ Աստծո: Ասաց Նա: Հետո հարցրեց, թե ինչն է ինձ նման քայլի դրդել: Ես լուռ էի: Նա այդ մասին այլևս հարց չտվեց: Հետո ասաց. կարող ես ոչինչ չասել, պատճառն ինձ հայտնի է: Ես պարզել եմ՝ ովքեր են քո ընտանիքը: Ես վախեցած նրան նայեցի: Մի վախեցիր, ես նրանց հետ ամեն բան կարգավորել եմ: Նրանք քեզ փնտրում էին, բայց ոստիկանությանը չեն հայտնել, որովհետև չեն ուզում, որ ոստիկանները խառնվեն այդ նուրբ պատմությանը: Ես կարմրեցի, իսկ նա շարունակում էր: Սա մասնավոր կաթոլիկ հիվանդանոց է: Այստեղ բոլորն ինձ ճանաչում են, իսկ գլխավոր բժիշկն ընկերս է: Նա ոչ ոքի ոչնինչ չի ասի: Ես ծնողներիդ հետ համաձայնության եմ եկել, որ հրաժարվեն քեզանից ու մոռանան քո մասին: Ես քեզ ինձ հետ Սիրիա կտանեմ: Փաստաթղթերդ էլ արդեն ինձ են տվել: Դեմքիս արտահայտությունից նա հասկացավ, որ սարսափում եմ: Չէ՛, վատ բան մի մտածիր, դու ոչինչ կամքիդ հակառակ չես անի: Միակ պահանջս այն է, որ քրիստոնեություն ընդունես: Դա նաև կյանքդ կթեթևացնի: Ամեն դեպքում մտածելու ժամանակ շատ ունես: Բժիշկներն ասում են, որ մի երեք ամիս դեռ էստեղ կմնաս: Պիտի պառկես: Հետո կամաց-կամաց կքայլես: Ես էլ վաղն առավոտյան մեկնելու եմ, մի ամսից նոր կգամ: Մինչ այդ կարող ես ամեն բան ծանր ու թեթև անել:

Մի քանի րոպե լուռ էր: Շաքար վերցրեց, թաթախեց թեյի մեջ ու դրեց բերանը: Դաջվածքով ձեռքը խաղում էր ոսկյա խաչի հետ: Այտերը կարմրել էին: Աչքերի կապույտը փայլում էր ինչպես ծովը մայրամուտի արևից:

‑ Հիվանդասենյակիս պատերը սպիտակ էին: Դիմացի պատին՝ մի մեծ խաչ, վրան՝ խաչված Հիսուսը: Ամեն անգամ էդ խաչին նայելիս ինձ թվում էր, թե այդ խաչվածը ես եմ: Բուժքույրը կաթոլիկ քույր էր: Շուտով սկսեց երեկոներն ինձ համար բարձրաձայն աղոթել: Հետո Ավետարան էր կարդում: Հետաքրքիր էր: Ես հասկացա, որ Հիսուսը մերժվածների ու մոլորյալների աստվածն է: Ուրեմն նաև իմ աստվածը: Նրա քարոզածը սեր էր և նա մեզ չէր մեղադրում: Մի խոսքով, երբ նա վերադարձավ՝ ես արդեն պատրաստ էի: Արդեն օրեկան մի քանի ժամ քայլում էլ էի: Հիջաբս էլ հանել էի: Ինձ երկու ամսից դուրս գրեցին, երբ արդեն լիովին վերականգնվել էի: Նա ասաց, որ ինձ Հայ կաթլիկ եկեղեցում է մկրտելու: Առաջարկեց մկրտության անուն ընտրել: Ես երկմտում էի Թերեզայի ու Մարիամի միջև: Հետո մտածեցի, որ Մարիամը մուսուլմաններն էլ են գործածում ու կանգ առա Մարիամի վրա:

‑ Բայց դու մեզ ասացիր, որ անունդ Աիշա է,- ասացի ես:

‑ Այո, դա իմ ծննդյան անունն է: Ես շատ քիչ մարդկանց հետ եմ շփվում, և գերադասում եմ նրանց այդ անունով ներկայանալ: Ինձ մկրտեցին Ղամշլիի կաթոլիկ եկեղեցում: Հետո ես քաղաքի ասորիների ձեռքին դաջված խաչեր նկատեցի և դուրս եկավ: Մտածում էի, որ էդպես ամբողջությամբ կջնջեի նախկին ինքնությունս, կհրաժարվեի Աիշայից: Ու արեցի: Բայց չէ, անունս միևնույն է ինձ դուր է գալիս, չէ՞ որ «Աիշա» կյանք է նշանակում: Ճիշտ է, ես իսկապես հավատացյալ քրիստոնյա եմ, աղոթում եմ, Ավետարան եմ կարդում, եկեղեցի եմ գնում, հաղորդություն ստանում, հետևում պատվիրաններին, բայց Աիշայից հրաժարվել չեմ ուզում: Մտածում եմ, որ նաև հենց անվանս շնորհիվ եմ ողջ մնացել:

‑ Իսկ ինչու՞ է նա քեզ փակի տակ պահում: Արդյո՞ք որևէ պահանջ քո առջև չի դնում, դու ինչ-որ պարտականություններ ունե՞ս,- հարցրեց Շուշանը:

‑ Ասում է, որ չնայած ծնողներիս հետ պայմանավորվածություն ունի, այնուամենայնիվ էս քաղաքում լիքը լրտեսներ կան, և իմ ով-ինչ լինելը նրանց կասկածելի կթվա, կփորձեն ճշտել, որ դա կարող է անտեղի խնդիրներ առաջացնել: Իր հետ ինձ տեղ տանում է: Կամ՝ որևէ մեկին թիկնապահ է նշանակում: Իմ միակ պարտականությունը նրա հյուրերին ընդունելն ու ճանապարհելն է:

‑ Իսկ այդ հյուրերը շա՞տ են,- հարցրեց Շուշանը:

‑ Երբ էստեղ է լինում, միշտ հյուր ունի: Շատ տարբեր:

‑ Իսկ դու բոլորին պատմու՞մ ես քո պատմությունը,- հարցրեց Էսթերը:

Աիշան կարմրեց: Ակնհայտորեն այդ հարցը նրան դուր չեկավ: Նա վեր կացավ:

‑ Ախր: Ախր: Դուք առաջին երիտասարդ կանայք եք, որոնց հանդիպել եմ: Ես իմ պատմությունն առհասարակ ոչ ոքի չեմ պատմել: Բայց չգիտեմ ինչու՝ ձեզ վստահեցի: Ու…

‑ Ո՛չ, ո՛չ, մի անհանգստանա,- նրան գրկեց Շուշանը,- իհարկե կարող ես մեզ վստահել:

Նա անհանգիստ էր: Արցունքներն էլի հոսում էին:

‑ Գիտե՞ս, երբ ես 16 տարեկան էի, ինձ փորձել է բռնաբարել մեր հարևանը,- ինքնաբերաբար սկսեցի պատմություն հորինել՝ ցույց տալու համար, որ ինքը միակը չի,- նա ծեր էր ու տհաճ: Ես ցերեկները դասերից հետո տանը մենակ էի լինում: Նա դուռը թակեց ու հորս ինչ-որ գործիք խնդրեց: Հետո հետևիցս ներս մտավ ու դուռը փակեց: Ինձ փրկեց շատ բարձր ձայնս և հենց իր հարսը, որը իմ ձայնի վրա եկավ ու ստիպեց դուռը բացել:

Աիշան անհաստատ ինձ էր նայում։ Անհարմար լռություն էր։ Լռություն և թեյ։

‑ Իսկ դուք ի՞նչ գործով եք այստեղ եկել,- դանդաղ թեյ խմելով՝ լռությունը խախտեց Աիշան:

‑ Մենք հետազոտություն ենք անում,- ասաց Էսթերը:

‑ Ի՞նչ եք հետազոտում:

‑ Հայկական համայնքը:

‑ Լավ: Մի բան էլ ասեմ: Նա ծնողներիս հետ է համաձայնության եկել: Բայց եղբայրներս երդվել են, որ ինձ սպանելու են: Նաև այդ պատճառով ինձ մենակ դուրս չի թողնում: Չնայած սա ուրիշ երկիր է:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *