Հիշում եմ, մի հինգ տարի առաջ ինձ վիճակված էր գրողներ Բունինի ու Ֆյոդորովի հետ մեկ օրով մեկնել Իմատրա քաղաք: Մենք վերադառնում էինք ուշ գիշերով: Ժամը տասնմեկի կողմերը գնացքը կանգ առավ Անտրեա կայարանում, ու մենք դուրս եկանք մի կտոր հաց ուտելու:
Երկար սեղան էր գցված տաք կերակուրներով ու սառը նրբախորտիկներով: Այդտեղ կային թարմ սաղմոնի ուտեստ, տապակած իշխանաձուկ, սառը ռոստբիֆ՝ անգլիական ձևով սարքած, ինչ-որ վայրի թռչնամիս, փոքրիկ պատառներով շատ համեղ ձողիկներ ու նմանատիպ այլ բաներ: Այդ ամենը արտակարգ մաքուր էր, մատուցված ախորժելի ու չափազանց գեղեցիկ: Եվ հենց հարևանությամբ էլ սեղանի ծայրամասերին բարձրանում էին ափսեների բլուրներ, բուրգերով դանակ-պատառաքաղներ ու զամբյուղներով հացի տեսականի:
Յուրաքանչյուրը մոտենում էր, ընտրում իրեն դուր եկածը, ճաշակում որքան կամենում էր, ապա մոտենում բուֆետին ու, ըստ ցանկության, ընթրիքի համար վճարում ուղիղ մեկ մարկ՝ երեսունյոթ կոպեկ: Չկար որևէ վերահսկողություն, որևէ անվստահություն:
Մեր ռուսական սրտերը, որ այնքան սովոր էին անձնագրի, տեղամասի, ավագ դռնապանի հարկադիր հոգածության, համընդհանուր կեղծարարության ու կասկածամտության, բացարձակապես տապալվել էին նման փոխադարձ շռայլ վստահությունից:
Սակայն երբ վերադարձանք վագոն, մեզ սպասում էր մի այլ հիասքանչ տեսարան մաքուր ռուսական ժանրի մեջ: Ախր, մեզ հետ գնացքում էին նաև երկու փոդրաթչի՝ քարերի մշակման գործով:
Բոլորին հայտնի է այդ տեսակը Կալուգայի նահանգի Մեշչովսկի կայանից՝ լմփոշ, բրդոտ, ոսկրոտ կարմիր մռութով, գլխարկի տակից թափվող շեկ մազերով, ցանցառ մորուքով, խիստ հայացքով, հինգ կոպեկանոց բարեպաշտությամբ, կրքոտ հայրենասիրությամբ և ատելությամբ այն ամենի հանդեպ, ինչը ռուսական չէ: Մի խոսքով՝ լավ ծանոթ տիպիկ ռուսական դեմք: Պետք էր լսել, թե ոնց էին նրանք ծաղրում խեղճ ֆիններին:
-Ա՜յ թե տխմարն են… Համա թե ապուշ են, գրողը դրանց տանի… Ես ախր, եթե հաշվեմ, երեք ռուբլու ու յոթ գրիվենի կերա, էդ սրիկաների մոտ… Ա՜յ անասուններ… Քիչ են դրանց շանսատակ անում, էդ լածիրակներին… Զուր չեն դրանց չուխոնցի ասում. խելառները…
Իսկ մյուսը փորն էր բռնել, ծիծաղից գալարվելով.
-Իսկ ես… բաժակը հատուկ գետնով տվի, իսկ հետո ձկան ամանի մեջ թքեցի…
-Էդ սրիկաներին ըտենց էլ հասնում էր… Դրանց այ ըտենց պտի պահես…
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՒՊՐԻՆ
1908թ.
Թարգմանությունը ռուսերենից՝ Անուշ Սարգսյանի