Բանաստեղծություն, որի բնագիրն անգլերեն է
Դու պոետ ես, ասում են, մենք սպասում ենք, որ դու
մեզ պատասխաններ տաս
դու պոետ ես, ասում են, բացատրիր մեզ
ամեն ինչ բանաստեղծությամբ
ցավոտ մի հանգով ուժեղ, փոխանցիր ցավդ
և սգա քո մեռելներին նոր փոխաբերություններով
ստիպիր բառերին քո լեզվի մեջ հանդիպել
մի կարգով, որով նրանք երբեք չեն հանդիպել
դու պոետ ես, ասում են։
Ի՞նչ կարող եմ պատասխանել նրանց որպես պոետ, կին
ընկեր, որ տանուլ է տվել իր ընկերներին
պատերազմի հրեշին
ով ունի ընկերներ և ընկերների ընկերներ
որոնք երբեք չեն վերադառնա
որոնք թողեցին, որ իրենց գրադարաններն այրվեն
ավերված շենքերի հետ մահաբեր զենքով
որ իրենք միասին փախչեն ու ապրեն
անտուն, անգիր, անբառ, բայց կենդանի մնան։
Ո՞վ եմ ես որպես պոետ, որ չեմ սերում տուժած տարածքներից,
պատերազմի ինքնակոչ զոհ, ապրումակից
կինեմատոգրաֆիկ երևակայությամբ
ազատ հանգերը գլխումս,
որոնք ինձ իրավունք չեն տալիս խոսել
պատերազմի մասին, որը նույնիսկ իմը չէ։
Դու պոետ ես, ասում են,
դու ԱՅԴ երկրից ես,
մենք պատասխաններ ենք սպասում, որ տաս
քո հանգերով, գիտե՞ս։
Ինչպե՞ս կարող եմ պատասխանել նրանց հանգով,
երբ տագնապը կտրել է ձայնս,
նվագել ձայնալարերիս վրա, խժռել բառերս։
Չե՞ք կարդացել ամենն այդ
Նյու Յորք Թայմսում, Գարդիանում ու նաև
տեղական մամուլում ձեր։
Չե՞ք բանեցրել ապրումակցումը ձեր և
որոշ պատկերներ ֆիլմերից, որ տեսել եք։
Կուզե՞ք հղումն ուղարկեմ։
Ես նույնիսկ բանաստեղծությունն այս չեմ գրում
զոհերի լեզվով,
չնայած պարտավոր էի,
քանզի հենց նրանք են պատասխաններ փնտրում,
թեկուզ իմ գործը չէ իմանալ դրանք։
Թարգմանությունն անգլերենից՝ Տաթև Խաչատրյանի