Հենց այդպես էլ պատկերացնում էի. ամպերին դիպչող ու շլացուցիչ, բայց ոչինչ չասող տոնածառ: Մինչ ուրախ ողջունում եմ, բոլորը զարմացած ինձ են նայում… Մեկ է, ինձ չի լքում ամանորյա ուրախության անբացատրելի զգացումը: Անընդմեջ դղրդացող ճայթուկները խլացնում մարդկային ուրախ աղմուկը: Կողքի շենքերից տարածվում է խորովածի բույրը ու միախառնվելով համընդհանուր զվարթ տրամադրություններին՝ սառչում օդում… Նա մոտեցավ ինձ: Գրավիչ, առինքնող գեղեցկությունը լրացնում էր խորհրդավոր, առանց սեթևեթանքի ժպիտը: Այդպիսի գեղեցկության մասին անուշիկ ու դրական վերջաբանով հեքիաթներում էի կարդացել։ Ընդունեցի ժպիտը շուրջբոլորը տիրող խենթացնող համերաշխության մեջ: Այդ օրը բոլորն էին իրար ժպտում առանց պատճառի. երջանկությունն իմ ներսում էլ խլրտաց…
– Ես այստեղ եմ, – ասաց նա, ամրագրելով իրականությունը։ Ես շտապում եմ կառչել կողքիս հայտնված բարությունից՝ գեղեցկության տեսքով: Իսկ, միգուցե, ի՞նքս եմ մոտեցել նրան. հիմա դա արդեն նշանակություն չուներ:
– Ես էլ եմ այստեղ, – շարունակեցի նրա միտքը՝ զգալով ինձ աշխարհի միակ տղամարդը: Չէ որ նա հենց ինձ մոտեցավ: Իսկ, միգուցե, ե՞ս մոտեցա, փորփրում եմ ուղեղս, նյարդայնացած մտածելով, որ զգայություններս պետք է փորփրեմ:
– Ինչու՞ հենց ես, – փորձեցի ճշտել:
– Իսկապես, – հակադարձեց նա, – ինչու՞ հենց ես: Կամ ինչու՞ հենց դու:
Համաձայնվում եմ նրա հետ և տալիս աշխարհի՝ այդ պահի համար ամենաանմիտ հարցը.
– Իսկ դու մենա՞կ ես:
– Ես մենակ չեմ երբեք. ինձ հետ են աշխարհի բոլոր կանայք, – դա մի ուրիշ ժպիտ էր… այսպես երևի ժպտացել է Ադամը, երբ առաջին անգամ տեսել է Եվային. այս միտքը դեռ պետք է մարսեմ:
– Այդպես լինու՞մ է, -ասացի, ժամանակ շահելու համար:
– Լինում է, – նորից ժպտաց նա, հասկացնելով, որ կանայք միշտ պետք է ժպտան: Ինձ ծանոթ էր այս իրականությունը, միայն չեմ հիշում, երբ և որտեղ է տեղի ունեցել… երեխաներն ու ձմեռ պապը, ճայթուկների հետզհետե ուժգնացող ձայները, ամանորյա զվարթ համերաշխությունն ու կանացի ժպիտի խենթությունը: Ինձ հմայում էր իմ կողքին, իմ մեջ այս նոր իրականությունը:
– Այսօր ուրախ օր է, – ասացի, մի բան ասած լինելու համար:
– Ուրախությունը հարաբերական է: Հորս վիրահատության համար գումար է անհրաժեշտ, – ասաց նա, – լացելու ժամանակ չունեմ:
– Քո ժպիտը… – ասացի, – դու ավելի իրական ես, քան միշտ մտածել եմ. դա հրաշալի է: Իսկ ահա այս երկուսը խաբում են, – ավելացրի ես՝ նայելով ձմեռ պապին՝ հավերժական ձյունանուշի հետ, էս վերջերս` անամոթ շատ կարճ հագած:
– Դու տեղ ունե՞ս այս կյանքում, – հարցրեց նա: – Այո՛, սա իմ քաղաքն է, ամբողջն իմն է: Ուր և երբ ուզեմ, կարող եմ գնալ: Ես ձեռքս զգույշ սահեցրի նրա գրպանը: Ձեռքումս ամենն էր, ինչ ունեի այդ պահին: Սակայն նրա վճռական ձեռքն արագ հետ մղեց ինձ. – Այս աշխարհում ամեն ինչ իր գինն ունի: Ծառայություն՝ ծառայության դիմաց: – Դու արդեն ծառայում ես, ասացի, – ժամանակը գումար արժե և անվերադարձ է: Ժպիտի մասին ոչինչ չունեմ ասելու, գին չունի։ Իրականությունն ավելի շոշափելի է դառնում, ցանկանում եմ երկարաձգել ու զգալ նրա բույրը:
–Դու հավատու՞մ ես ամանորյա հեքիաթին, – հարցրեց նա։
– Իրականությունն ամենամեծ հեքիաթն է. որին հարկավոր է հավատալ ու ապրել նրա մեջ, – պատասխանում եմ:
– Երբ գտնենք պահը, դա կլինի մեր լավագույնը: Մնացած ամեն ինչը դրանից է բխում: Ինչքան էլ մոլորվենք, վազելու ենք այն մեկի մոտ, ում անկողինն ենք հարդարելու ամեն առավոտ, ում հետ միասին ենք խմելու մեր սուրճը, կարելու ենք պոկված կոճակը և խոստովանելու մեր անհավանական սիրո պատմությունը: Ու այնքան ենք հոգնելու, այնքան կրկնելու այդ վազքը, որ մի օր անուժ ընկնելու ենք նրա ձեռքերի մեջ, ով միակն է, որ երբեք չի ընկել մեր հետևից: Եվ ինչքան էլ խենթանանք այս ու այն կողմ վազելուց, մի օր հասկանալու ենք մեր անմտությունների գինը:
– Տղամարդիկ սիրում են մահանալ կանանց ձեռքերի մեջ, – ժպտացի նրան:
– Սրանք պարզ բաներ են, որ հասկանում ենք, երբ հարազատ ու թանկ մեկը հիվանդանում է, իսկ դու չգիտես՝ ինչպես օգնել նրան:
– Դու խենթ ես, ասացի, – չեմ հաճոյախոսում: Ես գիտեմ, գալու է այն պահը, երբ այլևս միայնակ չես խմի քո սուրճը: Հիմա քեզ հրավիրում եմ ինձ սիրելի, հարմար մի վայր: Այնտեղ և՛ ցուրտ չէ, և՛ լավ են կերակրում, և՛ հրաշալի սուրճ պատրաստում:
Նստել ենք բարձր աթոռների վրա: Ամանորյա անբացատրելի ուրախությունը մեղկ գրկում է մեզ։ Համարյա չենք խոսում: Մեր դիմաց նստել են երկու սնամեջ ու լողլոզ պատանյակ և հաճույքով ուտում են: Նախանձում եմ նրանց տարիքին հատուկ ախորժակին և անբռնազբոսությանը: Ազատ ու անկաշկանդ շփվում են, անխնա ոչնչացնում ամանորյա նվեր գումարը, որ տվել են նրանց հայրերն այդ օրվա համար: Զգում եմ ինչպես, հենց մեր աչքերի առաջ նրանք կլանում են ամեն վիտամինն ու լցնում իրենց սնամեջությունը։ Իրականությունն ամեն վայրկյան մխրճվում է ներսս, վերջնականապես հասնելով գիտակցությանս: Խմում ենք մեր սուրճը: Չէի չափազանցնում, երբ ասում էի, որ այստեղ հիանալի սուրճ են պատրաստում: Կյանքի փոքրիկ հաճույքների անսովոր վայելքը չարաճիճիորեն պարուրում է մեզ։
– Շնորհակալ եմ,- ասում է նա: Գիտեմ, որ հենց այդպես էլ մտածում է ու անկեղծ է:
– Ես էլ եմ շնորհակալ: Երկուսով ավելի լավ է: Ամանոր է: Ընդամենը մեկ օր. իսկ մեր կյանքը մեկ օրից է բաղկացած: Այս աղմուկը, այս ճայթուկները: Կարող էինք մի փոքր ավելի սիրել իրար: Բայց դա միայն գեղեցիկ պատրանք է: Մարդիկ միայնակ արարածներ են և միայնակ են խմում իրենց սուրճը:
– Ո՛չ, – ասում է նա, – ես միայնակ չեմ: Իմ կողքին ես դու:
– Այո, դա մոտ է ճշմարտությանը: Մի անհանգստանա քո ճշմարտության համար: Տղամարդիկ հավատում են ձեզ, սակայն չեն ներում: Չեն ներում իրենց միամտության ու անզոր հետաքրքրասիրության համար: Խաղի անտրամաբանության, մեկ հայացքի, մեկ ժպիտի կորուստի համար անգամ: Ես հենց դրա համար եմ այստեղ: Մենք անզոր ենք անկեղծ ժպիտների առջև, որովհետև ամեն կնոջ մեջ ծնվում և մահանում են տղամարդու երազանքները:
– Քեզ համար էլ դժվար կլինի։ Շատերը միայն կարճ ժամանակով կարող են մխիթարել, բայց ոչ ավելին: Եվ մի՛ մոռացիր, թե ինչի համար ես այստեղ:
– Մենք բոլորս միշտ ինչ-որ տեղ պետք է լինենք: Սա կյանքի շնչառությունն է: Եկ դադարենք մեզ դնել այն անմիտի տեղը, ով երևակայում է, թե ամեն բան գիտի: Երբ մենք հասկանանք մարդկանց, կսկսենք սիրել նրանց: Բայց մեզ նեղություն չենք տալիս հասկանալու, քանի որ շատ ենք զբաղված մեզնով: Աստված մեզ սիրելու հրահանգ է տվել, իսկ մենք հմտանում ենք միմյանց խաբելու ու կեղծելու արվեստի մեջ և կատարելության ենք հասցրել այն: Դա սադիստական ուրախություն է պատճառում մեզ:
– Ինչպես ես, – ասաց նա:
– Քոնն ուրիշ է: Դու մտածված հաշվարկներ ես անում: Քո հայրը վիրահատության կարիք ունի: Դու այլ ուղի չես տեսնում: Մտածում ես՝ ինչպես տունը տաքացնես ձմռանը և չես կարող տեսնել, ինչպես է տառապում նա, ով կյանք է մտցրել քեզ, ով արդեն չի կարողանում հոգալ իր տարրական կարիքները: Նրա լռությունը քո ողբերգությունն է և քո արցունքների գինը:
– Դու ի՞նչ անուն կտաս ինձ, – լուռ հարցնում է նա: Հարցնում է աչքերով, մարմնաձևերով, հարցնում է ողջ էությամբ, և հասկանում եմ, որ հարցը շատ կարևոր է իր համար:
– Չկա այդպիսի անուն, – երկար մտածելուց հետո ասում եմ նրան, – մենք չենք կարող ամեն ինչին անուն դնել կամ պիտակավորել: Մենք դատավորներ չենք: Դա վտանգավոր զբաղմունք է: Նայի՛ր շուրջբոլորդ և ամեն ինչ կհասկանաս: Այնտեղ տոնածառն է, այստեղ՝ մարդկային բազմությունը, երեխաներն ուրախ են: Մենք նստած ենք, շուրջբոլորը զվարթ աղմուկ է: Լողլոզիկները զվարթ խփշտում են, մատուցողուհիները վազվզում են: Դու նստած ես իմ կողքին: Ուրիշ ի՞նչ է պետք մարդուն: Սա կյանքն է, իրականությունը, և մենք կարող ենք սիրել այն: Մենք անուններ չունենք, մարդ ենք ու դա բավական է: Լռում է: Նրա լռությունն այնքան ազնիվ է, որ ես հուզվում եմ ու փափագում, որ խոսի: Ուզում եմ լսել նրա ձայնը, որ մարտահրավեր է կյանքի թմբիրին: Բայց մտքերս չեմ բաձրաձայնում, որովհետև դրանք խառն են ու անհասկանալի նույնիսկ ինձ համար:
– Մենք սիրո խաբեբաներ ենք, – վերջապես արտաբերում է նա:
– Միգուցե մենք բոլո՞րս ենք այդպիսին: Ու ինչքան ավելի պարզունակ է սուտը, այնքան հեշտությամբ ու հաճույքով ենք տրվում: Մենք յուրատեսակ մազոխիստներ ենք, որ խրվել ենք պայմանավորվածությունների, խմբակային շահերի ապահովության կեղծ զգացումների ու ուսադիրների անհեթեթ հպարտության մեջ: Մենք ցանկանում ենք խաբված լինել, հավատալ գեղեցիկ ստերին: Ցանկանում ենք, որ սիրեն մեզ և հանուն այդ մոլեգին փափագի պատրաստ ենք ամեն ինչի: Իսկ մեզ բոլորիս պակասում է մի բան՝ գտնել մեր խենթին: -Մի՛ փորձիր թափանցել այնտեղ, որտեղ իրավունք և այդքան իմաստություն չունես: Մեզ տրված չէ շատ բան իմանալ, և դրանից մեր գլուխը միայն ավելի կցավի: Նման դեպքերում ես ուղղակի պառկում եմ ու գլուխս ծածկում վերմակով: Ոչինչ չեմ մտածում: Վայելում եմ իմ ներկայության ու էության զգացումը, ապրելու ակնթարթը: Ու գիտեմ, որ ես կամ, որ թեպետ միայնակ եմ, սակայն ինձ հետ են իմ մտքերը՝ թեկուզ խառնիխուռն: Սկսում եմ պատկերացնել, որ ես սիրված եմ, որ ինձ շատ են սիրում: Սիրում են իմ մարմինն ու հոգին: Այդպիսի խավարն ինձ դուր է գալիս:
– Մի աննշան, թույլ կայծ է պետք կանացի սիրո վառոդի տակառը պայթեցնելու համար: Նրանք դրանից միայն շնորհակալ ու երախտապարտ կլինեն:
– Ինչպես ես, – ասաց նա չարաճիճի ժպիտով, որով փորձում էր հմայել ինձ:
– Ես կին եմ: Սովորական մեկը, ով պատրաստ է պայքարել հանուն իր տղամարդու, հանուն նրա բարեկեցության ու սիրո: Ես նա եմ, ով, թեկուզ անմտորեն շռայլում է ի վերուստ տրված իր պարգևներն ու հմայքները, ով քանի՜ անգամ անցել է Կիևյան կամուրջով և առանց վախի նայել ներքև, հմայվել անդունդի հրավերով, սակայն միշտ մի բան խանգարել է, որ չկատարի ճակատագրական ցատկը: Ես չեմ հավատում հավերժ կորչելու և ոչինչ չզգալու գաղափարին: Ահա թե ինչու շարունակում եմ ապրել: Որովհետև կյանքն ավելի մեծ հնարավորություններ ունի, քան մենք ընդունակ ենք պատկերացնել:
– Դու տարօրինակ ես, – ասացի, – ես միշտ և ամենուր կորոնեմ քեզ: Միայն ոչ մահապարտների Կիևյանի տակ: Կորոնեմ ամենուր, բայց ոչ այնտեղ: Կորոնեմ այնտեղ, որտեղ միայն հնարավոր է գտնել: Եվ դա կլինի իմ սիրո ու քո ազատության գինը:
– Ես շատ հուսահատ մարդկանց եմ տեսել: Նրանք հսկայական գումարներ են վճարել մեն-միակ ժպիտի ու պարզունակ ստերի համար, որով փորձել են կերակրել իրենց հոգիները: Բայց հեռացել են ավելի պապակ: Հեռացել են՝ այդպես էլ չճանաչելով սերը: Դա նույնն է, ինչ փորձես գինով կամ աղի ջրով հագեցնել ծարավդ: Դու ինձ գտիր առաջին իսկ կնոջ մեջ, ցանկացածի, ով սիրով կմոտենա քեզ: Նրա աչքերը կմատնեն իրեն: Ուշադիր նայիր մարդկանց աչքերին:
– Դու վիրավորվա՞ծ ես կյանքից:
– Ես չեմ վիրավորվում կյանքից, նա միայն տխրեցնում է ինձ: Ես ամեն ինչի մեջ սեր եմ որոնում: Հիվանդի համար հոգացող բուժքրոջ շարժումներում, երեխան գրկած մոր ժպիտի, ծխախոտը բերանին վարորդի մեջ, ով հուսահատ արագությամբ ընդառաջ է գնում մահվանը: Ինձ հուզում են մարդկային շնորհակալություններն ու ժպիտները: Իսկ երբ խավարը պատում է հոգիս ու չարանում եմ, նայում եմ հորիզոնի անսահմանությանը:
– Կներես: Իսկ դու հորինու՞մ ես այդ ամենը, նախօրո՞ք ես մտածում:
– Ո՛չ: Ես կրծում եմ կյանքը, պոկում հնարավորը:
– Իսկապես, – արձագանքում եմ, – կյանքը սկսվում և ավարտվում է մեր հոգում: Յուրաքանչյուր վայրկյանը և յուրաքանչյուր ներշնչումն ու արտաշնչումը զարմանահրաշ երաժշտություն է, որի ամեն հնչյունը արձագանքում է հավերժության մեջ: Մենք պետք է ընդունենք կյանքը, այլապես նա կոչնչացնի մեզ: Գիտես, ես բավականին գումար ունեմ խնայած: Այն կփակի ձեր ծախսերի զգալի մասը: Եվ այն ձեզ է պատկանում հենց այս պահից: Կվերադարձնես, երբ կկարողանաս: Գիտեմ, որ նվերներ չես սիրում: Ու այդպես մի՛ նայիր ինձ: Սրճարանում աղմուկն ուժեղանում է:
– Վաղը կգա՞ս, – հարցնում եմ, – միևնույն է, որոնելու եմ: Արի՛ նույն տեղը, որտեղ հանդիպեցինք: Սա մեր պատմությունն է: Մենք չենք կարող անավարտ թողնել այն: Կյանքում ոչինչ անավարտ չի մնում, թերևս` միայն երազանքները։ Ահա թե ինչու ես կարեկցում եմ քեզ, քո փշրված երազանքների ու հույսերի, մայրանալու, մանկան թոթվանքը լսելու ու նրա ձեռքը ամուր բռնելու քո ցանկությունների, ամուր թիկունք ու ձեռքեր սեղմելու քո տենչերի համար։
– Շատ մի լրջացրու, միևնույն է, աշխարհում ոչ մի պատմություն նման չէ մյուսին: Կյանքն անավարտ ստեղծագործություն է, պատմվածք, որին ես հավատում եմ: Մենք անտաղանդ հեղինակներ ենք, որ քիչ ու միչ խզբզում ենք այս ու այն տեղ, գունավորում, սուր կամ միապաղաղ տարրեր ներմուծում: Մեր պատմվածքը լույսերն են ու ստվերները, մարդիկ, բարեկամությունն ու սերը։ Մենք ուրախանում ենք, որ կարող ենք մի փոքր ձևափոխել կամ խեղաթյուրել գույներն ու բույրերը։ Մեր կյանքը մեր պատմվածքն է` անիմանալի վերջաբանով… Մենք դուրս ենք գալիս։ Ես գրկում եմ նրան և հրաժեշտ ենք տալիս…
Տոնածառի լույսերն ավելի պայծառ են բոցավառվում՝ բորբոքելով մեր երևակայությունը: Լույսերի մեջ հուրհրատում են ձյան մանրիկ փաթիլները և անձայն, մեղմիկ, շոյում գետինը: Աղմուկը մի պահի դադարել է մեր շուրջը.. թե՞ այդ մենք ենք խլացել: