Կյանքը նման է ծովափի՝ տեղատվությունից հետո: Ավազների վրա մնացած ակոսներն էլ՝ մարդիկ են: Սա Լեյլան էր ասել: Շատ վաղ, իր գնալուց առաջ, երբ միասին գնացել էինք Ղեշմ՝ հագուստ գնելու: Ուզում էինք իմ տանը հագուստի վաճառք ցուցադրել և ամբողջ ծանոթ աղջիկներին հրավիրել: Հագուստ վաճառենք, դրամ հավաքենք ու գնանք: Փոքրիկ կղզիների ծովափում նստել էինք: Ջուրը իրեն հետ էր քաշել: Արևի լույսի ներքո բազմաթիվ ակոսներ էին երևում, խիստ լուսաստվերներով: Ակոսները իրար վրա փռված մարմնի էին նման: Ընդհանրապես միաձև, միաձև և շատ, իրար փաթաթված ու շարունակական: Հատ ու կենտ ակոսները հակառակ մյուսներին շարք էին կազմել, կամ այլ կողմ աղեղի ձև էին ստացել: Լեյլան ասում էր. «Սրանց տեսնո՞ւմ ես»: Նպատակը հակադիր ակոսներն էին:
«Տեսնում եմ»:
«Սրանք իմ ու քո նման են»:
Առավոտվանից, երբ ձյան հատիկները տեսա, Լեյլան եկավ մտքիս: Ինչպես միշտ, երբ ձյուն է գալիս: Բայց Լեյլայից առաջ, մաման էր մտքումս: Ամեն առավոտվա պես՝ իր լուսանկարի շրջանակը մաքրեցի: Մաման լուսանկարում էլ գեղեցիկ ու զուգված էր: Սա այն լուսանկարն է, որ պապայի գնալուց հետո էր նկարվել: Կասպից ծովի ափին, լուսանկարը հորեղբայրն էր նկարել: Ես, սա հետո եմ իմացել:
Այսօր խաղաղ է: Ձյունը, լուռ և շուքով գետնի վրա է նստում: Միշտ, երբ ձյուն էր տեղում, մաման այսպես էր ասում: Ասում էր. «Ինչքան շքեղ է»: Հաճելի օր է: Այն օրերից, որ առանց որևիցե դժվարության, հիշողության մեջ մնում է. լավ օր՝ մեռնելու համար:
Ձյուն է տեղում, ու ես էլ մամայի նման ձյունի սիրահար եմ: Մաման ասում էր. «Աղջիկը պիտի ձյան նման լինի»: Բամբակի սպիտակ, թեթև ու կայտառ հատիկները ամեն տեղ կան: Զգում եմ բաղանիքում էլ է ձյուն գալիս: Տկլոր լինելով հանդերձ՝ բոլորովին պաղություն չեմ զգում: Ձեռքս հենում եմ լոգարանի եզրին: Այսպես որ պառկել եմ, փոքրիկ պատուհանի քառակուսին իմ դիմաց է: Վերևում մեկ թիզ առաստաղից ներքև դրսին եմ նայում: Կարծես երկնքից մարգարիտ է թափվում, այս էլ էր մաման ասում, ասում էր. «Նայի’ր, մարգարիտի նման է, աղջիկը պիտի մարգարիտի նման լինի»: Ձյան հատիկները, պողոտայի վառ մնացած ճրագների լույսի ներքո, ավելի խոշոր մարգարիտներ են: Ավելի հղկված ու ավելի փայլուն: Հատիկները միլիոնավոր աներևույթ ակոսներ են ձգել երկնքից մինչև գետին:
Այն ժամանակվա նման, որ մաման կար, կամ այն ժամանակ, որ Սամիրան էլ դեռ կար: Իր գնալուց մեկ օր առաջ նախ Սամիրան գնա՞ց, չգիտեմ: Բայց այո, ամենից առաջ Սամիրան գնաց: Հետո Բանաֆշեն էր: Արղավանը ավելի ուշ գնաց: Բայց նրանց բոլորից առաջ որոշված էր՝ ես ու մաման գնանք: Երբ մաման և Սամիրան և Բանաֆշեն և վերջում Արղավանը այստեղից գնացին, ես գնացի և ամեն մեկի համար ակոսներ փորեցի իմ տան դիմացի ծառի վրա: Նրանցից հետո Գելարէն եկավ: Մի առ ժամանակ միասին էինք և հետո նա ևս գնաց: Նրա համար ևս մի ակոս փորեցի: Սրանք որ անցան, Լեյլան եկավ: Նրան ասացի. «Շատ ավելի վաղ սրանից առաջ, որոշված էր, ես ու մաման գնայինք: Ճիշտ է, որ հիմա մաման գնաց, բայց ես ևս հաստատ կգնամ»: Լեյլան պատուհանին էր նայում: Հիշում եմ: Պատուհանի հետևից միայն երկնքից մի կտոր էր երևում: Աչքը հառել էր դրսին, որ ինձ մի հայացք չգցի:
«Դու էլ կգաս մեզ մոտ, վստահ եմ»:
Քիչ հետո Լեյլան ևս գնաց: Լեյլան, որ գնաց, ձյուն էր տեղում: Ձյան և ցրտի մեջ գնացի և մի այլ գիծ գծեցի ծառի վրա: Մի ակոս մյուսների խորությամբ, բայց ավելի ձգված, Լեյլայի աչքերի նման: Հիմա երբ ձյուն է գալիս, Լեյլային եմ հիշում: Իմ մտքում կարծես ձյան հատիկների մեջ տուն ունի Լեյլան: Լեյլայի աչքերը շատ նման էր մամայի աչքերին: Հիմա, որ մտածում եմ, կարծես թե մաման ևս ձյան հատիկների մեջ տուն ունի:
Մեկ տարի անց ծառը դեռ կանգուն էր: Յուրաքանչյուր օր աշխատանքից վերադառնալիս ակոսները տեսնում էի: Ամեն առավոտ, երբ դեռ մութ էր, երբ տանից դուրս էի պրծնում: Երբ էլ վերադառնում էի, օրը կրկին մթնած էր լինում: Քարտուղար լինելը շատ դժվար աշխատանք է: Շատերը այս չգիտեն: Միայն մարդու արտաքինն են տեսնում և նրանց ժպտադեմ երեսը: Շատերը չգիտեն՝ պիտի պարոն տնօրենից շուտ ներկա լինել, և նրանից ավելի ուշ դուրս պրծնեմ: Դեռ եթե տնօրենը խստպահանջ չլինի: Այնպիսի պայմաններում էի, որ պիտի նախկինից ավելի շատ աշխատեի: Հիմա Սոգոլի հետ էի ապրում: Նա էլ էր ուզում գնալ: Սոգոլին ասացի. «Ես ավելի շուտ կգնամ»: Նույն ժամանակ, որ հեռուստատեսիլի կայարաններում նոր սերիալ էր փնտրում, պատասխանեց: Առանց ինձ նայելու:
«Դու ևս կգաս մեզ մոտ, վստահ եմ»:
Առավոտյան, երբ գնում էի, Սոգոլը քնած էր: Ճաշվա մոտ արթնանում էր: Կարգին նախաճաշ էր ուտում և նորից քնում: Ճիշտ նման այն ժամանակվան, որ մաման կար: Մաման, պատահում էր, որ մինչև երեկո քնում էր: Երբեմն էլ երեկոյան էր տանից դուրս պրծնում և հաջորդ օրվա երեկոյան էր վերադառնում: Սոգոլն էլ երեկոյան էր արթնանում: Պիտզա էր պատվիրում կամ հաթ-դագ, կամ էլ չիզ-բերգեր, կամ դաբլ բերգեր: Ամեն օր նստում էր արբանյակի դեմ և վավերագրական ծրագրեր էր դիտում, որոնք աշխարհի տեսարժան վայրերն էին ներկայացնում: Այնքան էր նայում, մինչև իր սիրելի սերիալներից մեկը սկսվի: Ես, որ տուն էի գալիս, պիտզայից մնացածը կամ էլ սանդվիչի մնացածն էի ուտում: Սոգոլը ճիշտ էր ասում՝ մեկ անգամվա ուտեստը երկուսիս բավարարում է: Որոշված էր՝ գնայինք, պիտի խնայողություն անէինք:
Սոգոլը լավ գիտեր այդ գործը: Մամայի պես: Երկուսն էլ իմ դրամները լավ էին պահպանում: Մաման միշտ ասում էր. «Լավ աղջիկը պիտի ժամանակին շռայլ լինի: Լավ աղջիկը պիտի ծանրաբարույթյան մեջ շռայլ լինի, ոչ դրամում»: Սոգոլը, այս տեսակետից ևս, ինձ մամային էր հիշեցնում: Իր բարակ շրթունքների նման, որ երկու ալիքավոր ու զուգահեռ գծեր էին: Գծեր, որ դեպի վեր էին ձգվում, ժպիտ գծագրում, մամայի նման: Մաման էլ մշտական ժպիտ ուներ: Ես դրամ էի աշխատում և Սոգոլը հոգատարություն ուներ իմ դրամների հանդեպ, մամայի պես, որ ուշադիր էր իմ դրամներին: Մենք պիտի դրամ հավաքէինք և այնտեղից գնայինք: Այս Սոգոլն էր միշտ ասում: Հավաքելն ու դրամների պահպանելը, մոտավորապես երեք տարի տեևց: Լեյլայի հետ երկու տարի, Սամիրան մեկ տարի և Բանաֆշեն մեկ ու կես տարի: Բայց Գելարեն շատ քիչ էր նրանցից: Նրա համար ութ ամիս տևեց:
Երեք տարուց հետո, անցյալ գիշեր, երբ տուն եկա, Սոգոլին չտեսա: Հուշագիր էր թողել սեղանին:
«Սիրելիս, ես գնացի: Վստահ եմ, որ մի օր դու ևս կգաս մեզ մոտ»:
Հետաքրքիրը այն է, որ անցյալ գիշերվանից շարունակ ձյուն է գալիս, ճիշտ նման այն օրվան, երբ Լեյլան գնաց: Դուրս գնացի և այն ձյունի և ցրտի մեջ մի այլ ակոս փորեցի ծառի վրա: Այս անգամ դանակի շեղբը ավելի շատ մտցրեցի ծառի բնի մեջ և ավելի խոր ակոս փորեցի: Անցյալ գիշեր հասկացա աշխարհը երբեք ինձ չի ընդունի: Հոգնած էի: Այլևս շնչելու կարողություն ևս չունեի: Բայց այնուամենայնիվ որոշեցի մի շքեղ ու ոգևորիչ ծրագիր իրականացնել: Վեր կացա և բոլորի համար իմեյլ ուղարկեցի:
«Շուտով ձեզ կմիանամ, վստահ եմ»:
Հետո տեղաշոր մտա ու քնեցի:
Այսօր աշխատանքի չեմ գնացել: Տանն եմ մնացել: Պահարանի դուռը բացեցի, Սոգոլի և իմ ածելիների կապոցից մի ածելի վերցրեցի և բաղանիք մտա: Ածելին դրեցի լոգարանի եզրին: Ջրի ծորակը բացեցի, որպեսզի լոգարանը հանդարտ-հանդարտ լցվի: Ինքս էլ սողացի ջրի մեջ: Կամաց-կամաց տաքացա ու խորասուզվեցի մտքերով: Ինքս ինձ ասացի՝ այս գործի համար նախ պիտի մտքերս կենտրոնացնեմ: Ամեն ինչից առաջ՝ արդյո՞ք սա վերջին լուծումն է:
Ջուրը մինչև կոկորդիս ցածը վերև է եկել: Գոլորշին և ջրի ջերմությունը ինձ ուշագնաց էր դարձրել: Վերջին եզրակացությունը ճիշտ հենց առաջին որոշումս էր: Հավանական է՝ աշխարհը ինձ չի ընդունում: Հավանական է, որ ես մեկն այն խիտ ակոսների համաձայն լողացողներից էի: Հակառակ մամայի ու Լեյլայի ու Բանաֆշեի ու Սամիրայի ու …
Մեռնելու համար լավ օր է: Աչքս փակում եմ և ձյունը տեսնում եմ: Մի հսկա և կանոնավոր բանակի է նման, կամաց-կամաց և համանվագ քայլում են և ամեն տեղ ծածկում: Մինչև այստեղ, իմ տան դռան հետև: Ամենևին ցուրտը չեմ զգում: Ածելին վերցնում եմ փաթթոցը պատռում: Մի պահ ինձ ասում եմ, սպասիր: Նախ պիտի լոգանք ընդունեմ: Բոլորովին լավ հոտ չեմ տալիս: Իմ պատճառներն ունեմ: Չեմ ուզում, երբ ինձ գտնեն իմ կեղտոտությանն ուշադրություն դարձնեն: Մամայի խոսքն եմ հիշում. «Ձյան պես եղիր, մաքուր ու սպիտակ»:
Չեմ ուզում մեռածիս վրա կենտրոնանան, լոկ այն պատճառով, որ հոտ եմ տալիս, կամ կեղտոտ եմ: Անհավատալի մի բծախնդրությամբ եմ լողանում և ինձ մաքրում: Երբ իմ մաքուր լինելուց վստահ լինեմ, լոգարանի եզրին ածելին կփնտրեմ: Բայց կարծես թե ածելին ընկել է ջրի անցքի մեջ: Բայց կարծես, երբ ջրի ցնցուղը բացել էի, ջրի ճնշումից սողացել և գնացել է անցքի մեջ: Չեմ անհանգստանում: Գիտեմ, որ իմ և Սոգոլի ածելիներից էլի կա պահարանում: Ախր նա շաբաթը մեկ անգամ ամբողջ մարմինը ածելի էր քաշում: Ես ամեն երկու օր մեկ անգամ եմ ածելի քաշում: Արծելի քաշելը, իմ և Սոգոլի կյանքում կենսական հարց է համարվում: Միշտ մեծ քանակով ածելի եմ պահում պահարանում: Ես այս պարագայում նրանից ավելի բծախնդիր էի: Որովհետև մարմինս ավելի մազոտ է: Ցամքոցը փաթթում եմ մարմնիս շուրջ: Բաղնիքից դուրս եմ գալիս և գնում դեպի պահարանը: Խոհանոցը հատուկ ձգողություն ունի: Ներս մտնելուց անմիջապես ստամոքսս ղռռում է: Ոնց թե մի վայրի կենդանի է ստամոքսումս արթնացել: Կենդանին շարունակ ղռռում է: Փորս կռկռոցի է ընկել: Սրան էլ մաման ասում էր, երբ շատ էր սոված լինում: Ասում էր. «Վայրենի գազանը արթնացել է, պետք է մի բան ուտեմ: Պիտի խաղաղեցնեմ»: Եւ հետո ժպիտը ամբողջ դեմքը լցնում էր: Շրթունքների համաձայն գծերը շարժում էր, և ժպիտն, առանց դադարելու, տարածվում էր: Ինքս ինձ ասում եմ, սոված փորով էլ կարելի է գործը ավարտել: Սոգոլի ձեռք չտված պիտզայի կեսը սառնարանից դուրս եմ քաշում և մակրովեյվում տաքացնում: Հետո նստում եմ բազկաթոռին և սկսում ուտել: Պիտզայի վերջին կտորներն եմ ուտում: Սովսի և ճարպի բծերը մռութս ու շրթունքներս ծածկել էր: Դռան զանգի ձայնն է հնչում: Ըստ սովորության իսկույն բարձրանում եմ: Այֆոնի ընկալուճը վերցնում եմ: Պիտզայի մի մեծ կտոր բերանումս է:
«Ո՞վ է»:
Մի հոգնած ու այրված ձայն, Ֆորուղի ձայնի նման, այֆոնի հետևից ինձ պատասխանեց:
«Ես եմ՝ Նանազը, դուռը բացիր»:
Արագ, սովորության համաձայն, կոճակը սեղմեցի: Շուռ եմ գալիս ու նստում բազկաթոռի վրա: Դժվարությամբ պիտզայի վերջին ճարպոտ պատառը կոկորդից ցած եմ ուղարկում: Վայրենի գազանը հանդարտվում է: Նանազը ուսապարկը ցած է դնում և դուռը փակում է. «Բարև»:
Բարևի պատասխանը տալիս եմ: Հայացքս դեպի պատուհանի շրջանակն է: Իրեն չեմ նայում: Լեյլայի նման, որը խոսելու ժամանակ հայացքը կենտրոնացրել էր պատուհանի շրջանակին և ինձ չեր նայում:
«Եկել եմ քո հետևից, միասին գնանք Շաղայեղի ու Մահթաջի հյուրասիրությանը»:
«Հյուրասիրությունը ինչի՞ առիթով է»:
Ուսապարկից մի օծանելիք է հանում: Ինձ սիրալիր ժպտում է: Երբ Նանազը ժպտում է, վիզը ավելի ձգված է երևում, ճիշտ մամայի նման, երբ ծիծաղում էր, գլուխը մի քիչ բարձրացնում էր և վիզը գեղեցիկ ու վստահելի կորություն էր ստեղծում: Միշտ ասում էր. «Աղջիկը ծիծաղելուց, գլուխը պիտի բարձր պահի, որպեսզի ավելի ուրախ երևա, ոչ մի տղամարդ անհանգիստ աղջկա չի սիրի»: Հակառակ Նանազին ու մամային, իմ ծիծաղելու ժամանակ, գլուխս ցած է ընկնում: Նանազը ասում է. «Հրաժեշտի հյուրասիրություն է, ախր գնում են»:
Չեմ նայում իրեն: Դրսում ձյուն է տեղում: Ի՜նչ ձյուն:
«Ես… Ես չեմ կարող գալ. ախր մի անելիք կա, որ որոշված էր այսօր կատարէի»:
Օծանելիքով լոգանք է ընդունում: Ճիշտ մաման: Մաման հարյուր հատ երևի էլ ավել օծանելիք ուներ:
«Ի՞նչ գործ»:
«Չգիտեմ, այն պահից, որ եկել ես, մտածում եմ, որոշված էր ինչ անեմ, բայց չեմ հիշում»:
Հայելու մոտից վարդագույն շրթներկ է վերցնում: Մաման կարմիր կրակոտն էր սիրում: Մաման ասում էր. «Խելացի աղջիկը, իմանում է ո՞ր շրթներկը, ինչ ձայն ունի, որովհետև երբ լուռ է, շրթներկը նրան փոխարինում է»: Վարդագույնը ի՞նչ ձայն ունի: Խելքիս բան չհասավ: Նանազը նայում է ինձ:
«Կարելի՞ է»:
Գլուխս, որպես համաձայնություն, շարժում եմ: Չգիտէի, այս մեկը Սոգոլը իր հետ չի տարել: Նանազը բերանը կլորացնում է և շրթներկը կամաց գլորում: Ձայնը կարծես մի ձագարի խորքից է դուրս գալիս:
«Լավ, երևի հետո կհիշեմ»:
Երևի հիշողությունս դադարել է: Երևի ուղեղիս բոլոր ակոսների վրա կողպեք են գցել: Վարդագույն շրթներկի ձայնի համար եմ մտածում: Երևի հանդարտ ձայն ունի, բայց լի փսփսուքով ու գաղտնիքով: Լի է անհաստատության, ձյան նման: Ինչքան վարդագույն ձյան հետ ներդաշնակ է:
«Հաստատ կհիշես: Հյուրասիրությունից հետո կհիշես: Հիմա վեր կաց գնանք»:
Նանազի հետ տանից դուրս եմ պրծնում: Բամբակէ ձյուները հանդարտօրեն նստում են գետնին: Հայացքս ծառին ու նրա ակոսներին է, որ նրա վրա փորել եմ: Նանազի ձեռքը, ձեռքումս սեղմում եմ:
«Ես էլ եմ ուզում գնալ: Ես Շաղայեղից ու Մահթաջից և մյուսներից ավելի շուտ կգնամ»:
Նանազը կենտրոնացած է իր ոտքի առջևին: Ձյունը մեր ոտքերի տակ ղըրչ, ղըրչում է: Առանց ինձ նայելու, կամաց քայլում է:
«Դու էլ կգաս մեզ մոտ, վստահ եմ»:
Վերջին անգամվա համար ակոսներին եմ նայում: Փոքրիկ դանակս գրպանում շոշափում եմ: Կողպեքները մեկ մեկ բացվում են: Հիշում եմ: Հիմա հիշում եմ, թե ուզում էի ինչ անել: Ուզում էի գնալ և կրկին ակոսներին նայել: Հիշողությանս եմ հանձնում: Վեց ակոս, մեկը մյուսներից ավելի խոր: Սոգոլի ակոսը: Նանազի ձեռքը ավելի եմ սեղմում ձեռքումս:
«Նանազ ջան, երբ հասնենք Շաղայեղի ու Մահթաջի տուն, ինձ ասա, որոշված էր մի գործ կատարես, հենց սա, կհիշե՞ս»:
«Հոմայուն ջան, մի մտահոգվիր, հաստատ կհիշեմ»:
Նանազը ձեռքով շույում է դեմքս ու ժպտում: Ինչքան նրա ժպիտը գեղեցիկ է: Մամայի ու Լեյլայի ու Սամիրայի ու Բանաֆշեի, Սոգոլի նման:
«Մենք մյուսներից ավելի շուտ ենք հասնում այնտեղ, սիրելիս: Բավական ժամ կա: Գնա բաղանիք և արագ երեսդ սափրիր: Սիրում եմ նկարներում գեղեցիկ լինես, այո՞»:
«Այո, սիրելիս: Ինչ դու ասես»:
Հիմա լավ եղավ: Բաղանիքը, բաղանիք է, ինչ է տարբերում: Ինձ լվացել եմ: Մաքուր մաքուր եմ: Միայն մի բաղանիք և մի դուռ, որը ներսից փակվի: Կրկին դանակի շեղբը շոշափում եմ: Այս անգամ ուզում եմ ձեռքիս վրա մի խոր ակոս փորեմ: Նանազից ուզում եմ մի պահ սպասի: Ուզում եմ յօթերորդ ակոսը մյուսների հակառակ ուղղությամբ քանդեմ: Մի խոր և կորավոր ակոս: Երբ հասնում ենք ծառին, զղջում եմ: Գրպանիցս ձեռքս հանում եմ և ապշած եմ:
Այն ակոսի համար եմ մտածում, որը պիտի փորէի նրա վրա, յօթերորդ ակոսին: Մեկ անգամ ևս շոշափում եմ դանակը: Շուռ եմ գալիս դեպի Նանազը: Հանդարտ վազում եմ ձյուների վրա: Կրկին Նանազի ձեռքը ձեռքումս սեղմում եմ: Ինչքան փափուկ է: Ձյան հատիկների նման: Ճիշտ մամայի ձեռքի նման, երբ հորեղբոր հետ գնաց և ինձ մենակ թողեց:
Թարգմանությունը պարսկերենից՝ Անի Հովսեփյանի