Ալիսա Մելնիկը երբեք չի մոռանա, թե ինչպես 1986-ի հունիսյան մի օր, իր առջև երկաթե վարագույրի պես աջ ու ձախ գլորվելով, բացվեց «Սևան» մանկական առողջարանի արծաթափայլ դարպասը։
Երեք ու կես տասնամյակի հեռվից էս անմոռանալի պահը վերհիշելիս Ալիսայի մտքով հենց «երկաթե վարագույրն» անցավ, բայց 86-ին նա դեռ 12-ը նոր բոլորած սովետական պիոներ էր ու հազիվ թե էդ արտահայտությունը լսած լիներ։ (Ամեն դեպքում ճիշտ է «երկաթե վարագույրը» փոքրատառերով գրելը՝ հենց նախնական՝ թատրոնի չհրկիզվող վարագույրի իմաստով, որ 18-րդ դարում Եվրոպայում բավական տարածված էր)։ Մինչդեռ Ալիսայի կյանքում երկաթե վարգույրի պես բացվող դարպասը շեքսպիրյան թատրոնի ոգով նոր արար էր ավետում, որտեղ, դե գիտեք, կյանքը բեմ է, մարդիկ՝ դերասաններ։
Ինչևիցե, մեր պատմության մեկնարկի համար ավելի կարևոր է 86-ի ապրիլին տեղի ունեցած չեռնոբիլյան աղետի հիշատակումը (հետագայում Գորբաչովն ինքն է մի առիթով ասել, որ իրականում Չեռնոբիլն էր Սովետի փլուզման պատճառը)։ Փաստորեն, երբ Ալիսա Մելնիկի առջև երկաթե վարագույրի պես աջ ու ձախ գլորվելով բացվեց «Սևան» առողջարանի արծաթափայլ դարպասը, Սովետն արդեն անդառնալիորեն փլուզվում էր, բայց դրա մասին ոչ միայն պիոներ Ալիսա Մելնիկը, այլև հենց ինքը՝ Гласность ու Пересторйка հռչակած գենսեկ Միխայիլ Սերգեևիչը դեռ չգիտեր։
Ուրեմն մերկ սարերի գոգավորության մեջ կանաչ, փարթամ օազիս հիշեցնող, չորս կողմից պարսպապատ «Սևան» մանկական առողջարանը Սովետի գտնված մետաֆոր է՝ փակ միջավայր, որտեղ մանկավարժներն ու աշխատակիցները սպիտակ բժշկական խալաթներով էին շրջում, թեև ճամբարական երեխաների մեծ մասն առողջական խնդիրներ չուներ, որտեղ կյանքը հոսում էր երկու հունով՝ կեղծ կոմունիստական (քանի որ կոմունիզմի իդեալներին բրեժնևյան լճացումից հետո առանձնապես հավատացող չէր մնացել, իսկ վերջին հավատավորներից շատերը հենց ավագ սերնդի մանկավարժներն էին) և անկեղծ մանկապատանեկան (քանի որ Гласность-ին լրջորեն հավատացել էին առաջին հերթին դեռահասները և, իհարկե, մանուկները, դե գիտեք, որոնց շուրթերով հաճախ են բարբառվում «Թագավորը մերկ է» կարգի ճշմարտություններ)։
Եվ ահա, մեր ուկրաինուհի հերոսը՝ Ալիսա Մելնիկը, հայտնվել էր Հայաստանում հենց Չեռնոբիլի աղետի հետևանքով, որովհետև էդ ամառ Ուկրաինայից տասնյակ հազարավոր երեխաների «էվակուացրել էին» Սովետով մեկ սփռված բազմաթիվ մանկական ճամբարներ՝ «ում որտեղ պատահի» սկզբունքով։ Պրիպյատից՝ պայթյունի տեղանքից, երեսուն կիլոմետր շառավղով բնակչությանը հիմնականում տարհանել էին դեռևս գարնանը, իսկ ամռանն արդեն Ալիսայի հարազատ քաղաք Կիևից (որ հարյուր կիլոմետրից էլ հեռու էր նշված շառավղից) հիմնականում հեռացրել էին դպրոցականներին ամառային արձակուրդի պատրվակով։
Եվ քանի որ «անծայրածիր» Սովետն էլ մի տեղ վերջանում էր, Ալիսան հենց «աշխարհի ծերը» հասածի զգացողությամբ էր կանգնել իրենից մի քանի անգամ բարձր դարպասի առջև ու համակված էր անդառնալիության, փախուստի անհնարինության և անխուսափելի նորի՝ միանգամայն անկանխատեսելի կյանքի մեկնարկի զգացումով, մի խառը զգացողություն, որ համատեղում էր սարսափն ու էքստազը։ Սարսափը սրվում էր էն վերահաս գիտակցումից, որ տունդարձի ճամփա չունի։ Կյանքում առաջին անգամ էր տնից ու ծնողներից էնքան հեռու, որ ինքնուրույն վերադառնալու հնար չուներ՝ ոչ անվերջ քայլելով, ոչ շնչասպառ լինելու աստիճանի վազելով, ոչ էլ անգամ հազար հանրային տրանսպորտ փոխելով։ Ու տունդարձի անհնարինության էդ մտքից ծնվում էր անսահման, անծայրածիր միայնության մի զգացում, որ նախկինում իրեն էդքան ուժգին երբևէ չէր պատել։ Բայց սարսափի սարսուռը ընկրկում էր ազատության նորահայտ հովերի, արկածալի, լուսավոր գալիքի խոստման առաջ, և ահա երանավետ մի դող էր անցնում ամբողջ մարմնով, ու էլի, ասես կյանքում առաջին անգամ Ալիսան գիտակցում էր իրեն իբրև ամբողջական, առանձին, անջատ, ինքնագլուխ ու ինքնուրույն մի էակ, որ պատրաստ էր վերակառուցվել․ հենց էդպե՛ս՝ քանդվել ու տեղում նորից հավաքվել։
Ո՞նց շարժվենք առաջ։ Երկաթե վարագույրի պես բացվող, արծաթափայլ, վեհ դարպասի առջև կանգնած, իր ողջ էությամբ փլվել ու վերակառուցվելու պատրաստ փոքրամարմին, դեռահաս աղջկա պատկերը, ժանրի կանոնների համաձայն, խոստանում է հասունացման մի պատմություն․ գուցե մանկապատանեկան ամառա-ճամբարային արկածապատում՝ սովետական օպտիմիզմով ու կարոտախտով լի, գուցե առաջին սիրո անմեղ կրքերով համեմված ազգամիջյան սիրավեպ՝ ուկրաինացի աղջկա և Մասիս անունով հայ սևաչյա տղայի միջև, որի մկանները քրտնած շապիկի տակ խաղում էին, ինչպես Սևանա լճից հենց նոր դուրս բերած ձկներ, որի մի ունքը զարմանալիս մյուսից շեշտակի բարձրանում էր, իսկ ժպիտը՝ ինքնագոհ ծռվում ու խելքամաղ անում առաջին ամսականի հետքերը հենց էստեղ՝ առողջարանի սպիտակ սավաններին թողած աղջիկներից շատերին։ Գուցե Վլադիմիր Սորոկինի ոճով սոցռեալիզմը ծանակող մի պատմություն հյուսվի, որտեղ պիոներական խարույկի շուրջը հավաքված ճամբարականները ոգևորված անվերջ քննարկում են Լենինի պատգամներն ու կոմունիզմի դասերը, մինչև որ լիալուսինը դուրս է գալիս մութ ամպերի հետևից, և պիոներական հիմնի՝ «Взвейтесь кострами» երգի ուղեկցությամբ հանկարծ օղակավար ընկեր Պետրովը գայլամարդ է դառնում, «Всегда будь готов…» ձայնող պիոներները՝ վամպիրներ, կոմսոմոլ տղաները՝ այծամարդիկ, իսկ նորաթուխ կոմսոմոլ աղջիկները վերածվում են խարույկի շուրջը մերկ պարող վհուկների։
Բայց արի ու տես, որ մեր պատմությունը հիմնված է իրական փաստերի վրա։ Մեր Ալիսան չի հայտնվում ոչ հրաշքների, ոչ էլ հայելիների աշխարհում, և որքան էլ շենշող ու տպավորիչ թվար իր առջև բացված արծաթափայլ դարպասը, այնուհանդերձ այն երկնային դուռ չէր, այլ ընդամենը ստալինյան բարոկկո ոճի, սովորական, երկաթակուռ, նախշազարդ ճաղերով դարպաս էր և արտառոց այնքանով, որ սովետական տարածված նշաններով՝ մուրճ-մանգաղով ու աստղով զարդարված չէր։
***
Ինչ խոսք, Ալիսա Մելնիկն իր տարեկից միլիոնավոր սովետական պիոներների մեծ մասի պես նախորդ կլոր ուստարին երազել էր «Արտեկ»-ի մասին։ Ու թեև 6-րդ դասարանը, ինչպես և խոստացել էր ծնողներին, գերազանց էր ավարտել, ավաղ, երազանքների ճամբար սևծովյան «Արտեկի» փոխարեն հայտնվել էր Հայաստանի սարերում։
Ալիսա Մելնիկը հոգու խորքում արդեն գիտեր, որ Ղրիմի «Արտեկ» հռչակավոր պիոներական ճամբար ոտք էին դնում կամ բացառիկ տաղանդի տեր աշակերտներ, կամ բարձրաստիճան նոմենկլատուրայի երեխեքը, կամ էլ, դե գիտեք, կաշառքով գործը գլուխ բերողները։ Ու քանի որ Ալիսայի ինտելիգենտ ծնողները կաշառք տվողներից չէին, ոչ էլ բարձր պաշտոնյաներ, նա անկեղծորեն փորձել էր, անմնացորդ ջանացել մի կլոր ուստարի լինել բացառիկ, լինել սովետական Սամանթա Սմիթը։
Թե ով էր Սամանթա Սմիթը միլիոնավոր սովետական դպրոցականների համար, բառերով դժվար է փոխանցել, գուցե իր ժամանակի Գրետա Թունբերգը, գուցե Սառը պատերազմի վերջի սկիզբն ավետող խաղաղության աղավնին ու Բարի կամքի փոքրիկ դեսպանը, գուցե իր լուսավոր ժպիտով Երկաթե վարագույրի վրա առաջին ծակը բացողը, որ հետո պիտի սկիզբ դներ «մանկական դիվանագիտություն» կոչվածին, գուցե պարզապես սովետական դեռահասների կուռքը, իրենց փխրուն տարիքին հարիր սեքս խորհրդանիշը, որ ինչքան էլ աստեղային ու չնաշխարհիկ էր պատկերվում, միևնույն է, իրենց բարեկամն էր, հարազատը, իրենց առաջին իրական ամերիկացի ընկերը, և որ ամենակարևորն էր Ալիսայի համար, բառիս բուն՝ նախնական իմաստով իսկական պիոներ։
Նախորդ տարվա ամառային արձակուրդի վերջն էր, երբ Սամանթա Սմիթի մահվան լուրը հասավ Ալիսային։ Շուրջբոլորը խոսում էին, որ ինքնաթիռի վթարը ԱՄՆ հատուկ ծառայությունների ձեռքի գործն է, իսկ Ալիսան չէր ուզում հավատալ, պարզապես հրաժարվում էր ընկալել, որ աշխարհում կգտնվեր Սամանթայի մահը ցանկացող մեկը։ Երեք օրուգիշեր Ալիսան լաց էր եղել, որովհետև դժբախտ պատահարի անարդարությունն է՛լ ավելի անտանելի էր, քան դավադրության վարկածը, իսկ երբ դպրոց էր գնացել, սեպտեմբեր մեկի պարտադիր՝ «Ինչպես անցկացրի ամառը» շարադրությունը ծայրից ծայր նվիրել էր Սամանթային, ասես ամենամտերիմ ընկերուհուն կամ հարազատ քրոջն էր կորցրել, որ երբեք էլ չէր ունեցել։
(Ընդհանրապես Սովետի դպրոցականներն իրենց ամերիկացի հասակակիցներից առավել էին վախենում միջուկային գրոհից, և Սառը պատերազմի հակառակորդ կողմի ղեկավարությանը նամակներ գրելը երկուստեք ընդունված մի բան էր, իսկ Սովետի դեպքում՝ նաև հաճախ ուղղորդվող)։
Ալիսան թերթերից կտրել ու պահել էր Սամանթայի նկարները, իսկ «Արտեկ»-ում արված լուսանկարը, որտեղ Սամանթան արտեկցու համազգեստով ու լոդչկա գլխարկով էր, ապակեպատ շրջանակի մեջ կախել էր իր սենյակի պատից։ Սամանթայի հռչակավոր նամակը և Անդրոպովի պատասխանն անգիր գիտեր, ընդհանրապես ամեն-ամեն բան, որ կապված էր Սամանթայի և Սովետմիություն կատարած նրա այցելության հետ, քննության հարցաշարի պես սերտել էր։
Սամանթայի մահից հետո օրեր, ամիսներ շարունակ նրա հետ մտովի զրուցում էր։ Ալիսային ոգեշնչում էր Սամանթայի էդ հրեշտակային, հետմահու, գաղտնի ձայնային ներկայությունն իր կյանքում, ինչ-որ առումով իր հարյուրավոր անպատասխան նամակները միասին էին գրում։ Վաղամեռիկ Սամանթան, նրա ներսում ապրող Սամանթան, երբեմն թելադրում, երբեմն հուշում էր նրան, թե ինչ պիտի գրի։ Բոլոր նամակները վերջանում էին Ալիսայի սիրած սովետական հայտնի կարգախոսով՝ «Миру мир»: Էն փաստը, որ «աշխարհ» ու «խաղաղություն» բառերը համանուն էին, Ալիսայի սրտով էր։
Ու մի օր էլ՝ ուսումնական տարեվերջին, երբ արդեն պատահել էր Չեռնոբիլը, հուշարար Սամանթայի ձայնը կորավ, չքվեց, կարծես երբեք էլ չէր եղել Ալիսայի հետ անվերջ շաղակրատող ներքին, ուրիշի, այլաշխարհիկ ձայնը։
Ալիսան հստակ չի կարող ասել՝ Չեռնոբիլի աղետի ահավոր պատմություննե՞րն էին պատճառը, որ խլացրին Սամանթայի ձայնն ու գլխիվայր շրջեցին Սառը պատերազմի վախերի սլաքը դեպի ներս, դեպի հայրենի եզերք, դեպի տնից այնքան մոտ մի տեղ, ուր անվերջ քայլելով կարող էր հասնել, ուր գուցե հասներ շնչասպառ լինելու աստիճանի վազելով, ուր հաստատ կհասներ մի քանի հանրային տրանսպորտ փոխելով, թե՞ իր հարյուրավոր նամակներին ի պատասխան եկած միակ նամակն էր պատճառը, որ սթափեցնող ապտակի պես վերջակետի դեր խաղաց։
Ալիսան իր նամակները հասցեագրում էր ոչ միայն Սպիտակ տուն կամ Մոսկվայում ԱՄՆ դեսպանին, ինչպես ուղղորդված անում էին իր դպրոցական ընկերները, այլև շատուշատ տարբեր մարդկանց, այդ թվում՝ մի անկեղծ նամակ էր ուղարկել Սամանթայի ռուս ընկերուհուն՝ Նատաշա Կաշիրինային, որ բախտ էր ունեցել «Արտեկ»-ում նրա սենյակակիցն ու թարգմանիչը լինել։ Նատաշայի պատասխանը կարճ կապած մի քանի բառ էր, սովորական, քաղաքավարի արձագանք Ալիսայի երկարաշունչ նամակին, որտեղ վերջինս խոստովանում էր, թե ինչքան վատ պիոներ է, որովհետև ամենաչար նախանձով նախանձել է Նատաշային, ամբողջ հոգով տենչացել նրա փոխարեն լինել Սամանթայի մտերմուհին, հետո մի սրտաճմլիկ պարբերությամբ մեղա էր գալիս, իսկ վերջում Նատաշային խնդրում, որ իրեն հաղորդակից դարձնի Սամանթայի հետ «Արտեկ»-ում ու Լենինգրադում անցկացրած օրերի թանկ հուշերին, և ի վերջո հույս հայտնում, որ իրենք կդառնան նամակընկերներ, ով գիտի՝ գուցե նաև անբաժան ընկերուհիներ։ Պատասխանի փաստից զատ, Ալիսային ցնցեց Նատաշայի հետգրությունը՝ երկու բառ․ «Будем жить!»։ Սամանթայի խոսքերն էին, որ ռուսերեն ասել էր «Արտեկ»-ից հեռանալիս, ու դարձել էին թևավոր: «Будем жить, но не дружить…», տխրությամբ փաստել էր Ալիսան ու վերջ տվել նամակներով աշխարհը «հրթիռակոծելու» իր ապարդյուն ջանքերին։
Հիմա Նատաշան արդեն Նատալյա Ռոսթոն է, ամուսնացել է մի սիրունատես ամերիկացու հետ, դատելով ֆեյսբուքյան նկարներից՝ երջանիկ ընտանեկան կյանքով ապրում է Լոս Անջելեսում, իսկ ի՞նքը․․․ Դատարկ պատվանդանի դիմաց կանգնած ուխտագնացի է նման։
Մոսկովյան մի այցի ժամանակ՝ 2000-ականների սկզբին, ծաղկեփունջն առած գնացել էր Սամանթայի հիշատակին կանգնեցված արձանի մոտ՝ Բիբիրևո թաղամաս, հասել էր Պլեշեևի ու Լեսկովի փողոցների հատման կետին ու տեղում քարացած մնացել․ արձանը չկար, գողացել էին՝ երևի մետաղն իբրև ձուլածո վաճառելու նպատակով, իսկ ինքը, բանից անտեղյակ, ծաղկեփունջը ձեռքին մնացել էր շվարած կանգնած… դատարկ պատվանդանի դիմաց կանգնած մի մենավոր ուխտագնաց։
***
Ինչևիցե, «Սևան» մանկական առողջարանի իր սենյակում տեղավորվելիս մոռացվել էին թե՛ Նատաշայի պատասխան նամակը, թե՛ հուշարար Սամանթայի ձայնի կորստյան ցավը, որովհետև սենյակակից աղջիկների հետ հանդիպման հենց առաջին պահից Ալիսան գտել էր մեկի տեղ մի քանի հարազատ քույր, որ երբեք էլ չէր ունեցել։
Սենյակում վեց աղջիկներով էին՝ չորս ուկրաինուհի՝ ինքը, Դարյան, Օլյան, Յուլյան և երկու հայուհի՝ Սիրունն ու Հասմիկը։ Բոլորն էլ գրեթե հասակակիցներ էին՝ 13-14 տարեկան։ Դարյան միակն էր, որ նկատելի կուրծք ուներ (դեռ օրիորդական փարթամության չէր հասել, բայց արդեն տեսանելիորեն ուռուցիկ էր), ու քանի որ մի քիչ լիքոտ էր, քայլելիս հետույքը թեթևակի թռվռում էր՝ իր հետևից միշտ պլշող դպրոցական տղաների փսլինքը հոսեցնելով։ Ոսկեվարս Օլյան սպիտակամաշկ, մի քիչ դալուկ, նիհար ու ոսկրոտ աղջիկ էր, կոնքերն էլ չէին կլորացել, բայց չնաշխարհիկ կապույտ աչքեր ուներ, որոնց ծովում պատրաստ էր խեղդվել ճամբարական տղաների բացարձակ մեծամասնությունը։ Յուլյան բոլորից բարձրահասակն էր, հեշտությամբ բասկետբոլիստ կլիներ, թեև երազում էր դաշնակահարուհի դառնալու մասին։ Հասմիկին կարելի էր գեղեցկուհի համարել, եթե արծվաքիթ չլիներ, թեպետ քիթը նրան յուրօրինակ էր դարձնում, սլացիկ ու համաչափ մարմին ուներ ու շատ երկար մուգ մազեր, որ խնամքով, ժամերով սանրում էր, ապա հյուսում՝ ըստ տրամադրության մեկ կամ երկու ծամով, երբեմն էլ հյուսքը հավաքում էր գլխին ու վերածվում ինչ-որ ծանոթ վեպից փախած քմահաճ, բարձրաշխարհիկ օրիորդի։ Իսկ Սիրունը կարծես արև լիներ՝ շողշողուն աչքերով, գանգուր մազերի դեզը գլխին, ժպիտը դեմքից անպակաս։
Ալիսան միանգամից սիրեց բոլոր սենյակակիցներին, անգամ քիթը ցից Հասմիկին, որ էդքան էլ շփվող չէր, ավելի ճիշտ՝ իր մասին մեծ կարծիքի էր։ Թեև վարժ խոսում էր ռուսերեն, բայց Սիրունի հետ անընդհատ հայերեն էր բլբլում, ինչը մի փոքր նեղացնում էր ուկրաինուհիներին, իսկ նրբանկատ Սիրունը հատուկ ռուսերենով էր պատասխանում՝ դժվարանալով, բառեր որոնելով ու հայկական առոգանությամբ։ Ինչ խոսք, աղջիկների ուրախությանը չափ ու սահման չկար, երբ բոլորը հայտնվեցին նույն ջոկատում։
***
Հենց առաջին երեկոյան՝ ընթրիքից հետո, բոլոր նորեկ ուկրաինացիներին հրավիրեցին ճամբարի գլխավոր մանկավարժի՝ ընկեր Վիլսոն Թումանյանի հետ հանդիպման, որ փաստացի առողջարանի ղեկավարն էր։ Ընկեր Վիլսոն Թումանյանը վաթսունն անց բարի պապիկ էր, մեղմ, տրամադրող ժպիտով, երեխաների հետ մշտապես սիրալիր ու ընկերական, իսկ աշխատակազմի նկատամամբ բավական խստաշունչ ու պահանջկոտ էր, ամեն դեպքում զգացվում էր, թե ինչպես են նրա ներկայությամբ բոլոր աշխատակիցները ձգվում ու զգաստանում։ Նա միանգամից բոլոր ուկրաինացիների սիրտը շահեց՝ ասելով, որ Ուկրաինան իր երկրորդ հայրենիքն է, ծննդավայրից էլ թանկ մի վայր, որտեղ անց է կացրել ամբողջ Հայրենական պատերազմը։ Ալիսա Մելնիկը հարազատության, ընտանեկան ջերմության շունչ զգաց նրա անկեղծ խոսքերից, ասես առաջին անգամ հանդիպել էր պապին, որ երբեք էլ չէր ունեցել (երկու պապն էլ պատերազմից տուն չէին դարձել)։
Ճամբարի առաջին օրերը սովորական, կանոնակարգված առօրյայով էին ընթանում. առավոտյան՝ տողան, որի միակ հաճելի ու բացառապես բոլորին հրճվանքի գիրկը գցող պահը եզրափակիչ մարզանք-պարն էր իտալացի Պիպպո Ֆրանկոյի «Chi chi chi, co co co»-ի տակ։ Ջոկատները ներկայանում էին իրենց ջոկատավարներով, որոնց հետ էլ այնուհետև անց էին կացնում օրվա մեծ մասը։ Ալիսայենց ջոկատավարը ընկեր Արեգն էր՝ երիտասարդ, առույգ ու մշտապես էներգիայով լի մի կին, որ ֆիզիկական վարժանքներին մեծ տեղ էր տալիս, էնպես որ հետկեսօրին հիմնականում թիմային խաղերով էին զբաղված, իսկ երեկոներն անց էին կացնում առողջարանի բավական մեծ, անտառածածկ տարածքում թափառելով, իսկ երբ հոգնում էին, իրար գլխի էին հավաքվում մի բացատում կամ ծառերի տակ ծվարած տաղավարներից մեկում ու ամենատարբեր թեմաներով անվերջ զրուցում։
Ճաշից առաջ ազատ ժամն էր՝ ուղիղ մեկ ժամ, ճաշից հետո՝ մեռյալ ժամը։ Պարզ չի, թե հետկեսօրի քնի պարտադիր ժամն ինչու էին կոչում մեռյալ, եթե իրականում տիրում էր մի աննկարագրելի աշխուժություն. սենյակներում պարտադրաբար անկողին մտած ճամբարականները շշուկով անվերջ շաղակրատում էին, սուտմեռուկի տալիս, երբ օրվա վերակացուներն անցնում էին սենյակներով՝ ձևականորեն ստուգելու, որ բոլորը տեղում մուշ-մուշ քնած լինեն։ Դե գիտեք, առավել համարձակները երբեմն մեռյալ ժամին փախչում էին սենյակներից՝ նախապես անկողնում բարձերով ու շորերով ստեղծելով քնածի տպավորություն։
Ճաշացա՞նկը։ Նախաճաշին՝ հաց, կարագ, պանիր, թեյ, օրումեջ՝ խաշած ձու, հազվադեպ՝ մեկական նրբերշիկ և որևէ տաք ուտեստ։ Ընթրիքը գրեթե չէր տարբերվում նախաճաշից՝ էլի հաց, կարագ, պանիր, թեյ, հաճախ՝ սեզոնային մրգեր, ճաշին՝ հիմնականում տարատեսակ բանջարեղենային ռագուներ, որոնց բոլորին էստեղ նույն անունն էին տալիս՝ աջափսանդալ։ Երբեմն տավարի կամ հավի մսի կոտլետի հետ մատուցվում էին կարտոֆիլի խյուս, տարատեսակ փլավներ (բացի հնդկաձավարից, որի սրված դեֆիցիտ կար այդ տարիներին Սովետով մեկ)։ Ջրիկ ճաշերին առանձնապես ձեռք տվող չկար (բացառությամբ այն օրերի, երբ առաջինը թթվասերով բորշ կամ կոլոլակով ապուր էր), սեղաններին էր մնում նաև նախաճաշի տաք ուտեստը՝ սպիտակաձավարի շիլան («մաննի կաշան»), կաթնովն ու խավիծը, որի մեջ ալյուրը մշտապես լավ բոված չէր, ու ալյուրի գնդիկներ էին լինում։ Կիրակնօրյա ճաշը երբեմն տոնական էր՝ խորոված, տոլմա, քյաբաբ, որ մատուցվում էին փոքր չափաբաժիններով ու հինգ րոպեում սրբվում սեղաններից։ Պլանային տնտեսության արգասիք սուր ապրանքային դեֆիցիտի պայմաններում առողջարանի ճաշացանկը բավական ճոխ կարելի էր համարել։
Ալիսայի հիշողության մեջ վառ է մնացել նաև բաղնիքի օրերի անհարմարությունը՝ շաբաթը մեկ անգամ, միհարկանի առանձին բաղնիքի շենքում, որտեղ գնում էին սրբիչներն ուսներին գցած, փոխնորդ ներքնաշորերը տոպրակների մեջ։ Ցնցուղները քիչ էին, լոգասենյակը՝ մեկը, առանց միջնորմների, հանդերձարանը՝ նեղլիկ։ Բաղնիքի վերակացուների հայացքի ներքո պետք է արագ լողանային, որ հերթը երկար չսպասեր։ Շտապով լողանալիս աղջիկներն աչքի պոչով ուսումնասիրում էին իրենցից ավելի շուտ հասունացածների մարմինները, ոմանք մտքում երանի տալիս մյուսներին։ Երևի նման մի բան էլ տեղի էր ունենում տղաների մոտ։ Իսկ սովորական օրերին բավարարվում էին հիմնական շենքի ամեն հարկում առկա լվացարաններով, որտեղ ծորակի ջուրը միշտ սառն էր, բայց ամառային առավոտները՝ արթնացնող, նույնիսկ հաճելի։
Իհարկե չկար զուգարանի թուղթ, որի փոխարեն օգտագործվում էին խնամքով կտրտված օրաթերթերը՝ բոլորը, բացառությամբ «Պրավդա»-ի, որը, չգիտես ինչու, նման նպատակով երբևէ այստեղ չէր գործածվում։
***
Կարծես առաջին շաբաթվա վերջին էր, երբ Ալիսայի սենյակակից աղջիկներից մեկը՝ կլորիկ Դարյան, որ նույնպես Կիևից էր, տաղավարային քննարկումներից մեկի ընթացքում նեղսրտած, բարձրացրեց մի խումբ հայ ճամբարականների ցուցաբերած անբարյացակամ վերաբերմունքի հարցը։ Ոչ բոլորը, բայց կային տեղացի երեխաներ, որ չէին շփվում «ճառագայթվածների» հետ, ընդգծված հեռավորություն էին պահում նրանցից, իրար մեջ քրթմնջում, ճաշարանում երբեք նրանց հետ չէին նստում, իսկ մի քանիսն անգամ սենյակները գաղտնի փոխել էին, կարծես նրանք բորոտ լինեին։ Դարյայի մեղադրանքներից ընկեր Արեգը հանկարծակիի եկավ (իսկապե՞ս չէր նկատել մի բան, որ բավական ակնառու էր, անգամ իր ջոկատում նման հայ երեխաներ կային): Որոշ հայերի օտարվածությունն ուկրաինացի երեխաներից ընկեր Արեգը վերագրել էր լեզվի չիմացությանը։ Ռուսերենը, դե գիտեք, սովետամարդու լեզուն էր, ժամանակի lingua franca-ն, որ ուսուցանվում էր բոլոր դպրոցներում, բայց արի ու տես, որ ոչ բոլորն էին տիրապետում տիտղոսավոր լեզվին` անգամ պարզ շփման մակարդակով։
Հավանաբար հարցը քննարկվեց հենց նույն օրվա մանկավարժական ժողովին, քանի որ ընթրիքից հետո բոլոր հայ ճամբարականներին կանչեցին մեծ դահլիճ, իսկ այլազգիներին ուղարկեցին սենյակները։ Թե ինչ բացատրական աշխատանքներ էին տարվել երեկոյան, Ալիսան չիմացավ, բայց հաջորդ առավոտվա տողանին ընկեր Վիլսոն Թումանյանն անձամբ ներկայացավ և հրահանգեց, որ բոլոր ճամբարականները ջերմորեն ողջունեն դժվար ժամանակներ ապրող եղբայրական Ուկրաինայից եկածներին։ Ջերմ ողջույնի տեսարանն ինքնին զավեշտալի ու տարօրինակ ստացվեց, քանի որ նախ առանձին շարքով կանգնեցրին մի քանի տասնյակ ուկրաինացիներին, ապա մյուսները՝ հարյուրավոր երեխաներ, հերթով, շարքով-կարգով նրանց ողջունեցին հետևյալ կերպ․ ողջագուրվում և գրկախառնվում էին նույն սեռի երեխաները, իսկ ավագ դպրոցական տղաները և աղջիկները բավարարվում էին ձեռքսեղմումով։ Որքան էլ արտառոց էր պահանջը, ճամբարականներից ոչ մեկը չընդդիմացավ։ Ծեսն անցավ հիմնականում խնդմնդոցների ուղեկցությամբ, մի քիչ ուրախ, մի քիչ տխուր, մի քիչ լուրջ, ուկրաինացի աղջիկներից մի քանիսն անգամ հուզվեցին և տողանից հեռացան թաց աչքերով, անհասկանալի է՝ ցուցադրականության վիրավորանքի՞ց, թե՞ եղբայրական սիրո անսպասելի-բեմադրված դրսևորումից։ Ամեն դեպքում միջոցառման ավարտին սառույցը կոտրված էր։ Մի քանի օրից ճամբարում մթնոլորտը կտրուկ փոխվեց, և «ճառագայթվածների» նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքի ամենաթույլ դրսևորումներն անգամ արժանանում էին համընդհանուր քննադատության։
***
Ընկել Վիլսոն Թումանյանն ինքն էլ չիմացավ, թե իր ձեռնարկած «ուղղիչ միջոցառումն» ինչ ջին բաց թողեց շշից, ու շատ շուտով բացախոսության աննկատ պայթյունը սնկի ամպի պես կախվեց ողջ ճամբարի վրա։
Երեխաներն օրնիբուն քննարկում էին Չեռնոբիլը, սկզբում աղետից խոսում էին բացառապես իրար մեջ, հիմնականում մեռյալ ժամին կամ քնելուց առաջ։ Մի օր խոսք բացվեց պայթյունից հետո լույս աշխարհ եկող երկգլխանի ու չորսոտանի նորածինների մասին։ Մեծ վեճ ծագեց՝ հնարավո՞ր է նման բան, թե՞ ոչ։ Ի վերջո որոշեցին դիմել ճամբարի գլխավոր բժշկուհուն։ Տարիների հեռվից Ալիսան աղոտ է հիշում ակնոցավոր բժշկուհու ասածները, բայց պարզ հիշում է էդ բոլոր խոսակցությունների ընթացքում երկարուկ Յուլյայի դեմքի սարսափած արտահայտությունը։ Մորաքույրը Չեռնոբիլից էր, հղի, որոշել էին երեխային պահել։ Շատ տարիներ անց, երբ Ալիսան ինտերնտով տեսավ պարալիմպիական չեմպիոն Օկսաննա Մասթերսի լուսանկարը․․․ Յուլյայի հետ ունեցած ակնառու նմանությունից սրտի զարկն արագացավ։ Էդպես էլ չհամարձակվեց Յուլյային գրել, մանավանդ որ տարիներով կապը կորցրել էին և այլևս վաղուց չէին շփվում։
Ինչևիցե, համաճամբարական նոր կրքերը երկար չսպասեցրին։ Տագնապի ու խուճապի ալիքը, որ հաշված օրերի ընթացքում փոթորկեց մեծերի աշխարհից անջատ, իրենց զուգահեռ իրականության մեջ ապրող երեխաների կյանքը, հնարավոր միջուկային արհավիրքից անպաշտպան լինելու հուզական ալիքն էր։ Տագնապային տրամադրությունների առաջին տարածողներն ուկրաինացի «էվակուացված» երեխաներն էին, թեև առիթը դարձել էր հայերից եկող խոսակցությունը, թե Հայաստանում էլ՝ Մեծամորում, կա մեծ ատոմակայան, և ի՞նչ կլինի, եթե Չեռնոբիլի պես մի բան էլ էստեղ կատարվի։ Ալիսան տարիների հեռվից դժվարանում է հիշել՝ կազմակերպված բնույթ ունե՞ր, թե՞ ինքնաբուխ էր իրենց կոլեկտիվ վարքը, բայց, փաստը մնում է փաստ, որ բոլորը սկսեցին ճաշարանից թռցնել չփչացող սնունդ՝ հիմնականում հաց, որ չորացնում ու խնամքով պահում էին սենյակների ծակուծուկերում։
Ճաշարանի աշխատակիցները շուտով ֆիքսեցին երեխաների արտառոց պահվածքը։ Դե, ինչ խոսք, ընկեր Վիլսոն Թումանյանը փոքրիկ «հետաքննություն» անցկացրեց, որին հաջորդեց աշխատակազմի հերթական երկար ժողովը։
Հաջորդ առավոտվա տողանին ընկեր Վիլսոն Թումանյանը մի երկարաշունչ բացատրական ելույթ ունեցավ, որ երեխաները համակ աշխարհի ամենից ամենաապահով վայրերից մեկում են և ոչինչ չի սպառնում նրանց, բայց ամեն դեպքում պետք է միշտ պատրաստ լինել անգամ բացարձակ անսպասելիին, չէ՞։ Պարզվեց, որ տարածքում տագնապի ազդանշան կա, մեծ քանակությամբ հին հակագազեր, պատգարակներ և այլ պարագաներ, իսկ դպրոցի ներքնահարկում՝ ապաստարանի պես մի ընդարձակ տարածք, որ կարգի բերեցին առաջիկա շաբաթօրյակին, ինչպես նաև անցկացրեցին արտակարգ իրավիճակներին նախապատրաստող, կանոնակարգով սահմանված մի քանի պարապմունքներ։ Հարցը համարվեց փակված։ Տագնապային տրամադրությունները հետզհետե մարեցին, և մի շաբաթ անց խաղաղված ճամբարը վերստին ապրեց իր երկատված կյանքով։
***
Ալիսայի համար մի հիշարժան միջադեպ էլ գրանցվեց հուլիսի 17-ին, երբ մանկավարժներն ավագ ճամբարական աղջիկների հետ որոշեցին հեռուստացույցով դիտել ԱՄՆ-Սովետմիություն, ավելի ստույգ՝ Լենինգրադ-Բոստոն հեռուստակամուրջը՝ «Կանայք խոսում են կանանց հետ» պատմական հեռարձակումը, որտեղ հնչեց հետագայում թևավոր դարձած «В СССР секса нет» արտահայտությունը։ (Իրականում այդ պահին 45-ամյա, իր վերջին՝ չորրորդ ամուսնու հետ ապրող Լյուդմիլա Իվանովան ամերիկյան գովազդներում սեքսի գերգործածմանը վերաբերող հարցին ի պատասխան ասել էր «․․․ секса у нас нет, и мы категорически против этого!»)։ Ծիծաղի փռթկոցներին հաջորդել էր մի կաշկանդիչ լռություն, ի վերջո, առանց հեռուստակամրջի ավարտին սպասելու աղջիկներին ուղարկել էին քնելու։
Լյուդմիլա Իվանովան, որ հիմա իր երջանիկ ծերությունն է վայելում Բեռլինում (որովհետև հետագայում արտագաղթել ու միացել էր աշխատանքի բերումով Գերմանիա տեղափոխված այդ նույն՝ վերջին, չորրորդ ամուսնուն), անգամ գեյ փրայդների է մասնակցում և գերմանական պոռնոն համարում կեղծ, իրական մարմնական կրքից զուրկ։ Նա էդպես էլ երբեք չիմացավ, որ իր լեգենդար խոսքերի հետևանքով հենց էդ գիշեր Ալիսա Մելնիկի մարմնով առաջին անգամ անցավ առաջին սիրուց ծնված առաջին դողը։
Մինչև ուշ գիշեր Ալիսայենց սենյակում հորմոնալ փոթորիկ էր․ առաջինը կլորիկ Դարյան էր, որ սիրտը բացեց ընկերուհիների առաջ, որովհետև մեջներից ամենափորձառուն էր, հարևանի տղայի հետ համբուրվել էր ու թույլ տվել իրեն գգվել, համբույրներով պատել ոչ միայն դեմքը, այլև պարանոցը, բայց և երդվում էր՝ ազնիվ պիոներական, կրծքին ձեռք էր տվել միայն շորերի վրայից։ Երեկոյի խոսակցություններն ու հաջորդող երազը վերհիշելիս Ալիսային թվում էր, թե այդ գիշեր «Սևան»-ի իրենց աղջկական սենյակից հեշտալի տնքոցներ էին կիսաբաց լուսամուտից դուրս թռել ու թևեր առած՝ հասել աստղազարդ երկինք։ Երազում Մասիսի հետ էր, որ քայլ առ քայլ, հմտորեն կրկնօրինակում էր Դարյայի հարևանի տղայի բոլոր-բոլոր արածները։ Երբ արթնացավ, մինչև ականջների ծայրը սիրահարված էր զարմանքից մի ունքը վեր թռցնող, ինքնագոհ ծուռ ժպիտով Մասիսին, որի մկանները քրտնած շապիկի տակ խաղում էին ինչպես Սևանա լճից հենց նոր դուրս բերած ձկներ։
***
Սովորաբար ճաշին նախորդող ազատ ժամին Ալիսան նախընտրում էր մեկուսանալ հիմնական շենքից քիչ հեռու գտնվող գողտրիկ մի պուրակում, որտեղ կլոր ավազան կար։ Ավազանի կենտրոնում կոկորդիլոս գրկած տղայի բետոնե արձան կար, որ յուղաներկով գունավորած էր։ Կոկորդիլոսի բերանից շիթով ջուր էր ցայտում, իսկ նրան գրկած տղան Վերածննդի շրջանի փոքրիկ կուպիդոն էր հիշեցնում, բայց չուներ ոչ նետ ու աղեղ, ոչ էլ հրեշտակի թևեր, պարզապես իրենից չափերով մի քիչ մեծ կոկորդիլոսին գրկած տղուկ էր։ Ալիսան նստում էր մոտակա փայտե նստարանին՝ ծառի շվաքում, և կլանված ընթերցում այդ ամառ իր կարդացած միակ գիրքը՝ Բուլիչովի «Сто лет тому вперёд»-ը, որի հիման վրա էլ նկարահանվել էր իր ամենասիրած մինի սերիալը՝ «Гостья из будущего»-ն, իսկ գիրքը, հուրախություն իրեն, գտել էր առողջարանի գրադարանում։
Ազատ ժամին ավազանի մոտ ընթերցելիս նա հաճախ էր տեսնում նախադպրոցական տարիքի մի տղայի, թեև մտքով երբևէ չէր անցնում խոսեցնել նրան կամ առավել ևս հետը խաղալ։ Ալիսան գիտեր, որ փոքրիկ տղան ապրում էր էստեղ՝ առողջարանի տարածքում բնակվող իր մանկավարժ տատիկի ու պապիկի հետ, քիչ մեկուսի կառուցված միհարկանի երկար վագոն հիշեցնող անշուք շինությունում, որտեղ սենյակներ էին հատկացված հեռուներից եկած որոշ աշխատակիցների։
Փոքրիկ տղան երկար-երկար նստում էր ավազանի պռնկին ու հմայված, կախարդվածի պես նայում էր կոկորդիլոսով արձանին, ասես ինքն էլ ավազանի մի անքակտելի մասը լիներ՝ կենդանի արձան։ Բայց ահա մեկնումեկը կանչում էր նրան, ու արձանացած տղան միանգամից դուրս էր գալիս իր հիպնոսացած վիճակից, վերածվում աշխույժ փոքրիկի, թռչկոտելով վազում ամեն ձայն տվողի հետևից։
***
Երեք ու կես տասնամյակի հեռվից Ալիսա Մելնիկը պարզորոշ հիշում է կարմիր ժիգուլու հայտնվելն առողջարանի մեծ շենքի դիմաց (զարմանալի էր, որ դարպասը բացել ու թույլ էին տվել ժիգուլին մոտենա շենքին, որովհետև այցելուների մեքենաները սովորաբար կայանում էին տարածքից դուրս)։ Ազատ ժամ էր, ինքը սովորականի պես նստած կարդում էր՝ երևի շատ կլանված, որովհետև աչքի պոչով հեռվից տեսել, բայց միանգամից գրքից չէր կտրվել։
Երեք ու կես տասնամյակի հեռվից Ալիսայի խիղճը դեռ թեթևակի տանջում է, սիրտը չի տանում, որ արագ չկողմնորոշվեց, որ հապաղեց, րոպե առաջ չվազեց ու չփարվեց Սիրունին, որ չվերցրեց նրա հասցեն կամ հեռախոսի համարը, և շվարած, հեռվից լուռ հետևում էր, թե ինչպես Սիրունը՝ մի անծանոթ տղամարդու, ընկեր Արեգի ու ընկեր Վիլսոն Թումանյանի ուղեկցությամբ մոտեցավ կարմիր ժիգուլուն, մի տեսակ խեղճացած, մի տեսակ այլայլված, փնտրող հայացքը հեռուներին՝ նստեց, ու երբ մեքենան տեղից պոկվեց, հուսահատ մի շարժումով իջեցրեց դռան ապակին, կարծես շնչահեղձ կլիներ, տեղում կփլվեր ու էլ երբեք-երբեք չէր հավաքվի, եթե հենց էդ պահին գլուխը դուրս չցցեր ու չտեսներ հարազատ մեկին։ Ու հենց էդ վերջին, ամենավերջին պահին էր, որ Ալիսան գիրքը նետեց ու տեղից պոկվեց, վազեց ոտքերում ինչքան ուժ կար, ինչքան ուժ կար իր դեռահաս մարմնում, ու հընթացս ձայն տվեց, չէ՛, գոռաց թոքերում ինչքան շունչ կար, զիլ կանչեց՝ «Сирууууун․․․ Жить будем, будем дру…», և անգամ չիմացավ՝ լսե՞ց Սիրունն իրեն, հասկացա՞վ, իսկ եթե նույնիսկ չլսեց, հաստատ տեսավ իրեն, որովհետև հենց էդ վերջին, ամենավերջին պահին նրանց հայացքները խաչվեցին, ու Սիրունը՝ գանգուր մազերի դեզը գլխին, արևի պես շողշողուն աչքերն արցունքոտած Սիրունը, դեմքից անպակաս ժպիտը ջնջված Սիրունը, տխուր-տրտում ձեռքով արեց։
Հաշված ժամեր անց բոլորը գիտեին․ Սիրունի հայրն էր․․․ Աֆղանստանում։ Կլորիկ Դարյան ամբողջ գիշեր լուռ հեկեկաց՝ գլուխը ծածկոցի տակ քաշած, որովհետև իր անվան պես սիրուն մարդ էր Սիրունը, ու հաստատ-հաստատ շատ սիրուն մարդ էր նաև նրա հայրիկը, իր քեռու պես սիրուն, իր քեռու պես, որ նույնպես Աֆղանստանում էր, որովհետև «не должны умирать красивые»։
Լուսաբացին, երբ Դարյան վերջապես քնեց, Ալիսան խոր հոգոցով նստեց անկողնու եզրին, սենյակակից աղջիկները հերթով, համաժամանակյա մի չհնչած հրահանգով վեր կացան․ ամբողջ գիշեր աչք չէին կպցրել, բացի արծվաքիթ Հասմիկից, որ հետևը տնկած՝ հանդարտ հանդիսավորությամբ խռռացնում էր։
Առաջիկա շաբաթվա պատի թերթը կախելուց հետո պահանջվեցին հաշված րոպեներ, որ ամբողջ մանկավարժական կոլեկտիվը՝ ընկեր Վիլսոն Թումանյանի գլխավորությամբ, շվարած կանգնի պատի դիմաց, որովհետև Ալիսան համարձակվել էր հեղինակել «Mиру мир, НЕТ войне в Афганистане!» վերնագրով մի համառոտ նյութ, որը նկարազարդել էին սենյակակից ուկրաինուհիներով՝ կլորիկ Դարյայի, կապուտաչյա Օլյայի ու երկարուկ Յուլյայի հետ, ընկեր Արեգից թաքուն (Հասմիկը չէր ցանկացել միանալ)։
Ինչևիցե, պատի թերթն իսկույն հանել տվեցին, ընկեր Արեգը տեղում, բոլորի ներկայությամբ խիստ նկատողություն ստացավ, չնայած հայերեն, բայց ինքնին հասկանալի էր, թե ինչն ինչոց է։ Ապա ընկեր Վիլսոն Թումանյանը Ալիսային և մյուս ուկրաինուհիներին հրավիրեց իր մոտ զրույցի, որտեղ երկար-բարակ պատմեց Հայրենական պատերազմի իր ուղին՝ չգիտես ինչու պատի քարտեզի վրա ցույց տալով Ուկրաինայի այն բոլոր տարածքները, որտեղ կռվել էր։ Պատերազմի հենց սկզբում՝ 1941-ի ամռանը, Բելայա Ցերկովի մոտ ծանր վիրավորվել, հետո գերի էր ընկել։ Երկու տարվա գերությունից հետո՝ 1943-ի մայիսին, ընկերների հետ փախել էր գերությունից, միացել Սուվորովի անվան պարտիզանական ջոկատին։ 1943-ի ամռանը՝ էս պատմությունն անելու պահից ուղիղ քառասուներեք տարի առաջ, շարքից հանել էր Շեպետովկա-Բերդիչև մեկնող հակառակորդի ռազմական գնացքը, ապա ևս երկու գնացք՝ կենդանի ուժի ու տեխնիկայի հետ մեկտեղ, ինչի համար հետագայում պարգևատրվել էր «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով», «Հայրենական պատերազմի պարտիզան» մեդալով և նշանակվել երկրորդ վաշտի քաղղեկ (էս ասելիս ընկեր Վիլսոն Թումանյանը դարակից խնամքով հանել ու ցույց էր տվել մեդալները, կարծես աղջիկները փաստացի ապացույցի կարիք ունեին)։ Ապա նրանց պարտիզանական ջոկատն ազատագրել էր Բերեզնիկա, Գորոդնիցա, Մալայա Կորովնիցա և մի շարք այլ բնակավայրեր, պայթեցրել շատ զինապահեստներ, կամուրջներ, վառելիքով լի ցիստեռններ։ Սուվորովի պարտիզանական ջոկատը շատ ակտիվ մասնակցություն էր ունեցել Արևմտյան Ուկրաինայում գործող բանդերական խմբերի ոչնչացմանը («бандеровцы» ասելիս ընկեր Վիլսոն Թումանյանը նայեց ուղիղ Ալիսա Մելնիկի աչքերի մեջ)։ Թեև նրա հայացքում չարություն չկար, իսկ տոնը բոլորովին էլ խիստ չէր, բայց սարսափի ու ընդվզման մի խառը զգացում պատեց Ալիսային։ Սարսափը սրվում էր էն վերահաս գիտակցումից, որ տունդարձի ճամփա չուներ, որ ծնողների ապահով գիրկն ինքնուրույն վերադառնալու հնար չուներ՝ ոչ անվերջ քայլելով, ոչ շնչասպառ լինելու աստիճանի վազելով, ոչ էլ անգամ հազար հանրային տրանսպորտ փոխելով։ Իսկ սարսափին խառնվում էր հուսահատ ընդվզման մի զգացում էն մտքից, որ, ահա, էս ալեզարդ մազերով, բարի աչքերով ու մեղմ ժպիտով մարդը՝ Վիլսոն արտառոց անունով ու իր ականջին ոչ պակաս արտասովոր Թումանյան ազգանվամբ էս հերոս վետերանը, որ կարող էր իր պապը լինել, կարող էր նաև իր պապին սպանո՛ղը լինել, որովհետև, որքան էլ ընտանեկան տաբու էր, բայց ինքը վաղուց գիտեր, բոլորը գիտեին, բոլոր-բոլորը գիտեին, որ իր հայրը պատերազմի վերջում սպանված բանդերականի որդի էր և ստիպված էր եղել ծնողից հրաժարվել։
Ինչևիցե, ընկեր Վիլսոն Թումանյանն Աֆղանստանի մասին բավարարվեց ասելով, որ հեռավոր այդ երկրում սովետական զորքերը հերոսաբար մարտնչում են համաշխարհային իմպերիալիզմի չարիքի դեմ, ինչպես իրենք ժամանակին՝ ֆաշիզմի դեմ։ Ալիսային ներվեց իր չիմացությունը, վերջում ընկեր Վիլսոն Թումանյանը խոստացավ աֆղանական պատերազմի մասին առաջիկայում զեկուցմամբ հանդես գալ, իր բառերով՝ «ликбез по Афганистану» անել։
***
Ինչ խոսք, ընկեր Վիլսոն Թումանյանը զեկուցմամբ էդպես էլ հանդես չեկավ, փոխարենը խիստ նկատողությունից, թե անարդարության զգացումից նեղսրտած ընկեր Արեգը մի քանի օրից դասասենյակում հավաքեց ամբողջ ջոկատին, պատմեց Վիետնամի պատերազմի դեմ ելած հիպիների և ամերիկացի պացիֆիստների մասին, միացրեց «արգելված երաժշտություն»՝ Jesus Christ Superstar: Էդպիսով, ընկեր Արեգը դարձավ իրենց իսկական ընկերը, համախոհն ու հանցակիցը, կեղծ կուսակցական աշխարհից դեպի անկեղծ մանկապատանեկան զուգահեռ աշխարհ եկած ապագայի առաջին հյուրը, իսկական, բառիս բուն՝ նախնական իմաստով պիոներ, իսկ Ալիսայի աչքերում՝ մի նոր կենդանի հերոս։
Երևի հենց էդ օրն էլ ծնվեց ճամբարի ավարտական հանդեսին մյուզիքլ բեմադրելու գաղափարը։ Մեծ իրադարձություն էր հանդեսը, ամեն ջոկատ իր ներկայացմամբ պիտի հանդես գար՝ երգ, պար, ասմունք, թատրոն, ինչ ասես։ Գալու էին հատուկ հյուրեր Երևանից և ճամբարականներից շատերի ծնողները։
Պարզվեց՝ երկարուկ Յուլյան իսկապես հրաշալի դաշնամուր էր նվագում, նաև իմպրովիզի մեծ վարպետ էր, տղաներից մեկը բավական հաջող շեփորահար էր, մյուսը՝ կիթառահար, հարվածային գործիքների հարցը լուրջ էր, թմբուկ ու դափ զարկել ոչ մեկն առանձնապես չգիտեր, բայց ճարվեցին սիրողական կամավորներ, և ահա «Մելաֆոն» նվագախումբը ձևավորվեց։ Մի քանի օրում ընտրեցին երգերը, գրեցին «Չեռնոբիլ-Մեծամոր» մյուզիքլի ամբողջ սցենարը։ Ալիսան գլխավոր դերակատարն էր, մարմնավորում էր ապագայից եկած Ալիսա Սելեզնյովայի կերպարը, որը, ըստ սցենարի, ժամանակի մեքենայով գալիս է Մեծամոր ատոմակայանի հնարավոր պայթյունը կանխելու առաքելությամբ։ Ընտրված մեթոդը շատ պարզ էր. երգում էին հանրահայտ, սիրված ռուսական երգեր, հիմնականում «Էլեկտրոնիկի արկածները» մինի սերիալից, բայց բառերը տեղ-տեղ փոխված էին։ Երբեմն նաև երգի բառերից անցում էր կատարվում ասմունքի, և օրինակ՝ «Крылатые качели» երգն ավարտում էին առաջին տողի կրկնությամբ՝ «В юном месяце апреле․․․», որ շարունակվում էր ապրիլի 26-ի՝ չեռնոբիլյան պայթյունին նվիրված մելոդեկլամացիայով։ Մասիսը մեծամորցի դպրոցականի դեր էր խաղում, որն օգնում էր Ալիսա Սելեզնյովային իր առաքելության մեջ։ Նրա հերոսը սկզբում անպատասխանատու ծույլիկ տղա էր, որ մեներգում էր Սիռոեժկինի երգը՝ «Мы маленькие дети, нам хочется гулять», բայց Ալիսայի հետ հանդիպելուց հետո վերափոխվում էր ու դառնում պատասխանատու պատանի։ Մասիսը հընթացս երգչախմբի ուղեկցությամբ կատարում էր նաև «До чего дошел прогресс»-ը, որի ընթացքում բեմադրել էին ռոբոտների մի ինքնատիպ պարային համար։ Ներկայացումն ավարտվում էր Չեռնոբիլից դասեր քաղածների կողմից Մեծամորի պայթյունի կանխարգելմամբ ու «Прекрасное далёко»-ի խմբակային կատարմամբ, որի հնչյունների ներքո Ալիսա Սելեզնյովան՝ նույն ինքը՝ Ալիսա Մելնիկը, վերադառնում էր հետ՝ ապագա։
Ընկեր Արեգի ջոկատը մեծ ոգևորությամբ կպել էր հանդեսի փորձերին, ամբողջ օրը դրանով էին տարված, իսկ Ալիսան անգամ ազատ ժամին այլևս չէր տրվում իր սիրելի ընթերցանությանը։ Առաջիկա շաբաթներին տարօրինակ ոչինչ չգրանցվեց։ Բայց անդորրը խաբուսիկ էր։ Շուտով փորձերից մեկի ժամանակ ընկեր Վիլսոն Թումանյանի գլխավորությամբ մի պատվիրակություն հայտնվեց։ Երեխեքը մի պահ կաշկանդվեցին, փորձեցին ընկեր Արեգի պահվածքից հասկանալ՝ ինչ անել, ի վերջո շրջահայեցորեն, ներքին, անխոս մի համաձայնությամբ կատարեցին երգերն առանց փոփոխված բառերի։ «Чтоб никаких сюрпризов»,- հեռանալիս հատուկ ռուսերենով ասաց ընկեր Վիլսոն Թումանյանը, և Ալիսան հասկացավ, որ անսպասելի այցի մեջ արծվաքիթ Հասմիկի մատը խառն էր։ Եվ իսկապես, հենց նույն երեկոյան Հասմիկը հրաժարվեց իր փոքր դերից և առանց որևէ հիմնավորման հայտնեց, թե որոշել է և՛ սենյակը, և՛ ջոկատը փոխել։
Հասմիկի հեռանալը ջոկատից անհետևանք չմնաց։ Մի քանի օր տևած «հետաքննության» արդյունքում ընկեր Արեգի գլխին վերակացու նշանակեցին, փոխել տվեցին մյուզիքլի ամբողջ սցենարը, որ երեխեքի կարծիքով մի անհամ բանի վերածվեց։
Հենց էդ շրջադարձային օգոստոսյան օրերին էր, որ Ալիսայի մեջ ներքին հուշարարի ձայնը նորից սկսեց խոսել, բայց դա այլևս անցյալից եկող, վաղամեռիկ Սամանթայի ձայնը չէր, այլ ապագայից, հրաշալի ապագայից հյուր եկածի ձայնն էր, հա՛, իհարկե, Ալիսա Սելեզնյովայի՝ իր անվանակցի, իր ամենասիրած ֆիլմի ու գրքի հերոսուհու ձայնն էր, իր նորահայտ համանուն կերպարի ձայնը, որ ուրիշինի հետ չէր կարող շփոթել, որովհետև ինչ-որ առումով հենց իր ամենալավ տարբերակի ձայնն էր, կատարյալ Ալիսայի ձայնը։ Նամակնե՛ր։ Գրել նամակնե՛ր, հեղեղել նամակներով Հայաստանի պատասխանատու պաշտոնյաների գրասենյակները, դիմել բոլոր անվանի մարդկանց՝ գրողներին, ակադեմիկոսներին, մտավորականության այլ ներկայացուցիչների, հեղեղել բաց նամակներով բոլոր խմբագրությունները՝ թե՛ համամիութենական, թե՛ տեղական, բարձրաձայնել Մեծամորի հարցը և, իմիջայելոց, նամակի վերջում բոլորին հրավիրել իրենց ավարտական հանդեսին։ Իսկ մինչ այդ պիտի շարունակեին ազատ ժամերին թաքուն փորձեր անել։ Երբ ծրագիրն Ալիսա Մելնիկի սրտում ու մտքում ամբողջովին հասունացավ, երբ Ալիսա Սելեզնյովայի ներքին, այլաշխարհիկ ձայնը սկսեց ավելի բարձր ու զիլ հնչել, քան սեփական, երկչոտ ձայնը, հենց էդ երեկո էլ Ալիսան գաղտնի հավաք կազմակերպեց։ Բոլոր ջոկատակիցները հրավիրվեցին իրենց սենյակ՝ ժողովի։ Երեխաներն անխոս բաժանում էին մի ներքին համոզմունք, որ կարմիր գիծ են հատելու և արածներն «անցանկալի» բան է։
***
Հաջորդ երեկո անասելի իրարանցում էր սենյակներում, երեխեքը վազում էին սենյակից սենյակ, տետրակի թղթեր բաժանում, ծրարի ու դրոշմանիշի ճար անում, փորձում ճշտել այս կամ այն գործչի, խմբագրության կամ հիմնարկի փոստային հասցեն։ Իսկ առավոտյան առողջարանի մետաղական փոստարկղը լցված էր նամակներով։ Տղաները հեռվից աչք էին դրել ու տեսել, որ փոստատարը թեև զարմացել էր, բայց նամակները լցրել էր պարկն ու տարել։ Ուրեմն տեղ կհասնեն։
Ալիսա Մելնիկին վիճակված չէր իմանալ՝ նամակներից քանիսն էին հասել հասցեատերերին, բայց փաստը մնում է փաստ, որ դրանց մի մասը վերադարձվել էր և ահա բաց դրված էր մտահոգ ու խոժոռ դեմքով նստած ընկեր Վիլսոն Թումանյանի գրասեղանին։ Երկար-բարակ «հետաքննություն» անցկացնելու կարիք չէր եղել, ընկեր Վիլսոն Թումանյանը միանգամից իր մոտ էր կանչել Ալիսա Մելնիկին։
Երեք ու կես տասնամյակի հեռվից Ալիսան աղոտ է հիշում իր երկար առանձնազրույցն ընկեր Վիլսոն Թումանյանի հետ, թեև մտքում վառ է մնացել հուսահատ զայրույթով սեղանին իջած նրա բռունցքն ու խռովահույզ, գրեթե լացակումած «Не потерплю!»-ն։ Հետո կարծես իր զայրույթի անսպասելի պոռթկումից ամաչելով՝ ընկեր Վիլսոնը Թումանյանն աչքերը կախել էր, վերածվել անհուսալիորեն ծերացած, անհուսալիորեն խեղճացած մի անկարող, բարի բիձուկի, որ հազիվ լսելի, գրեթե աղաչական ձայնով հրահանգել էր Ալիսային այլևս չմասնակցել փորձերին։
***
Հաջորդ օրվա փորձի ժամին Ալիսան գիրքը ձեռքին գնաց կլոր ավազանի մոտ։ Թեև փորձերին չէր կարող մասնակցել, բայց նրան թույլատրված էր զբոսնել (երևի սենյակում բանտարկված պահելը չափից դուրս հակամանկավարժական կլիներ)։
Փոքրիկ տղան, ինչպես միշտ, կախարդվածի պես անշարժացած, պլշած նայում էր կոկորդիլոսին գրկած անհրեշտակաթև, առանց նետի ու աղեղի մանչուկ կուպիդոնին։ Երկուսով երկար-երկար նստած էին՝ փոքրիկ տղան ավազանի պռնկին, Ալիսան՝ նստարանին՝ գրկին բացված գիրքը, որ էդ օրը չէր կարդացվում։ «Мальчик как тебя зовут?»,- ձայն էր տվել Ալիսան, իսկ հանկարծ աշխուժացած փոքրիկ տղան վազելով եկել էր նրա մոտ․ «Арменчик, хороший мальчик»,- պատասխանել էր անգիր արածի պես, ապա բռնել Ալիսայի ձեռքն ու գրեթե քարշ տվել իր հետևից։ Բացված գիրքը մնացել էր նստարանին։
Ալիսա Մելնիկն աղոտ էր հիշում, իսկ փոքրիկ տղան երբեք-երբեք չի մոռանա, թե ինչպես ամուր բռնեց նրա ձեռքն ու տարավ դեպի առողջարանի հետևի անշուք, ժանգոտած դարպասը, դեպի աչքից հեռու, գաղտնի ելքը, որ շքամուտքի արծաթափայլ դարպասի միակ այլընտրանքն էր։ Երբեք չի մոռանա, թե ինչպես Ալիսան առանց հարց տալու և դիմադրելու հետևեց իրեն, դուրս եկան հետին դարպասից, քայլեցին գաճաճ փուշ ու տատասկով պատված բլուրն ի վեր։ Պարիսպներից քիչ հեռու՝ սարի լանջին, մի սև խոռոչ կար, որ չէր հասկացվում՝ մարդափոր թունե՞լ է, թե՞ բնական քարանձավի մուտք։ Սև խոռոչը հրեշի կամ կետաձկան բացված երախ էր հիշեցնում։ Հենց սկզբից փոսը կտրուկ իջնում էր ցած, իսկ մի երկու մետրից ընդհանրապես վերածվում անդունդի, որից անդին անանցանելի խավար էր, ոչինչ չէր երևում, նույնիսկ, եթե արևի շողերն ընկնեին ուղիղ սարալանջին բացված «երախի» մեջ։ Երբ երկար ու ուշադիր ականջ էիր դնում, թվում էր, թե խորքից ձայներ են գալիս։ Գուցե Ալիսայի ականջին դրանք օգնության կանչող նվաղուն ձայներ էին թվացել, ասես անդունդի հատակում անիմանալի կենդանիների ձագուկներ էին հայտնվել, որ աղերսագին խնդրում էին իջնել ու իրենց լույս աշխարհ հանել, գուցե ոչինչ էլ չէր լսել, գուցե նրա ներսում էդ պահին վերջնականապես լռել էին բոլոր հուշարար-փրկարար ձայները՝ թե՛ վաղամեռիկ Սամանթա Սմիթինը, թե՛ անիրական Ալիսա Սելեզնյովայինը, ու հիմա նրա մեջ էլ էր բացվել մի անտակ, ամենակուլ սև խոռոչ, գուցե հենց էդ պահին էին ներքնայնացել դրսից եկող էդ անթափանց խավարն ու անբարբառ լռությունը, որ հետագա ամբողջ կյանքում Ալիսա Մելնիկը պիտի փորձեր ճեղքել, որպեսզի վերագտնի իր լռեցված ձայնը։
Երեք ու կես տասնամյակի հեռվից Ալիսա Մելնիկը բոլորովին չի հիշում, իսկ փոքրիկ տղան երբեք-երբեք չի մոռանա, թե ինչպես Ալիսան ամուր-ամուր գրկեց իրեն, որ չվախենա ու սև խոռոչի եզրից կախվի՝ լսելու անհատակ հորի խորքից եկող ձայները։ «Поймай меня»,- սխալ ռուսերենով խնդրել էր փոքրիկ տղան, ու Ալիսան ամեն ինչ հասկացել էր։ Փորի վրա պառկեցրել էր տղային, ինքն էլ պառկել վրան ու գոտկատեղից ամուր գրկել։ Էդպես փոքրիկ տղան կախվել էր սև խոռոչից ներս, գլխիվայր կախ ընկել անդունդի եզրից ու ականջ դրել անիմանալի խորքերից եկող կախարդական, կանչող ձայներին։ Ներքևում մի հեքիաթային ստորգետնյա ջրաշխարհ էր բացվել՝ չգիտես որտեղից եկող թափանցիկ կապույտ լույսերով ողողված։ Էդ աշխարհի կախարդական, երփներանգ ջրերում լող տվող կոկորդիլոսներին հեծնում էին իրար նման փոքրիկ տղաները, որոնք հաճույքից բերկրալի ձայներ էին հանում, միմյանց կանչում և ուրախ աղաղակում, երջանիկ լող տալիս գույնզգույն ջրերում։ Ահա թե ինչ էր լսել ու պատկերացրել փոքրիկ տղան այդ օրը, կամ ո՞վ գիտի, գուցե հետագայում էր հորինել էդ արթմնի երազը, որ իրեն ուղեկցել էր երեք ու կես տասնամյակ։
***
Հաջորդ օրը Ալիսայի հայրը ժամանեց ու նրան տարավ տուն՝ Կիև։ Ճամբարի ավարտին մնացել էր մեկ ու կես շաբաթ։
Փաստորեն, ամռան սկզբից մինչև գրեթե վերջը պարսպապատ տարածքի ներսում էր եղել՝ ինքնաբավ, «երկաթե վարագույրով» փակված մի աշխարհում, եթե չհաշվենք փախուստը փոքրիկ տղայի հետ դեպի սև խոռոչ և երկու էքսկուրսիաները՝ դեպի Սևանի ափ ու կղզի։
Էքսկուրսիաներից առաջինի ընթացքում գնացել էին Սևանա լիճ` լողանալու։ Լճի ջուրը քաղցրահամ էր ու ծանր, սևծովյան ջրերի թեթևությունը չուներ, արևն էլ՝ վառող։ Ու ինչի՞, ինչի՞ ինքը չեղավ էդ ծանր ջրերում խեղդվողը, և ինչի՞ Մասիսը նետվեց փրկելու կապուտաչյա Օլյային, ոչ թե իրեն, իր գիրկն առած հանեց Օլյային ծանր-ծանր ջրերից, բոլորի հիացական ճիչերի ու ծափերի ներքո, և ինչի՞ ինքը չէր կարողանում Մասիսի պիրկ սրունքներից, սևսաթ, գանգուր աղվամազերի փոքրիկ փնջով պատված կրծքավանդակից, լճից հենց նոր հանած ձկների պես խլրտացող մկաններից աչքը կտրել։ Ու երբ հուզմունքը հաղթահարած, վաղուց ուշքի եկած Օլյան` ի նշան շնորհակալության հանկարծակի համբուրեց իր փրկչին, իսկ Մասիսի ունքը զարմանքից թռավ վեր, ժպիտը ծռվեց, մի տեսակ նորովի, մի տեսակ ամոթխած, ոչ թե սովորականի պես ինքնագոհ, և հետո, հետո, երբ էդպես արագ ու անսպասելի նրա կիպ ու թաց լողավարտիքի միջինը գլուխ բարձրացրեց, ինչի՞, ինչի՞ ինքն էլ բոլորի պես չփռթկաց, ինչի՞ էնքան ուժգին սովագարի ցավ զգաց, որ առայսօր չի մոռացել․․․ Իսկ Մասիսը, կատարվածի անսպասելիությունից իրեն կորցրած, հրեց Օլյային ու գլուխն առած հետ վազեց դեպի քաղցր-քաղցր, սառը-սառը, ծանր-ծանր փրկարար ջրերը։
Երկրորդ Էքսկուրսիայի ժամանակ գնել էր ճրագով աղջկա պատկերով դրվագված աշխատանքը («չեկանկան»), որ տարիներ շարունակ խնամքով պահում էր իր տանը՝ որպես մի քանի լուսանկարներից ու նամակներից զատ 86-ի Սևանից մնացած միակ առարկայական հուշ։ Արդեն թերակղզու վերածված երբեմնի կղզում ընկեր Արեգն իրենց պատմել էր Ախթամարի լեգենդը գեղեցկուհի Թամարի մասին, որը գիշերները ճրագ էր վառում իր լողորդ սիրեցյալի համար, որպեսզի նա չմոլորվի ու լողալով գա հասնի իր գիրկը, բայց չար մարդիկ մի օր հանգցրել էին սիրահարի փարոս-ճրագը, և լողորդը խեղդվել էր էդ ծանր-ծանր, սառը-սառը, սև-սև ջրերում՝ շուրթերին վերջին բառերը՝ «Ա՜խ, Թամար»։
***
Երբ արդեն Կիևում էր, երբ արդեն հասցրել էր սեպտեմբերմեկյան ավանդական «Ինչպես անցկացրի ամառը» թեմայով շարադրությունը ծայրից ծայր նվիրել սևանյան իր արկածներին, երբ արդեն Մասիսի անսպասելի էրեկցիայի վերհուշից սովագարի ցավ չէր զգում, երբ արդեն անցել էր մայրիկի նեղսրտածությունը, կոտրվել էր հայրիկի համառ լռությունը, սպառվել էին տատիկի նախատինքի խոսքերը, Դարյայից երկար-բարակ մի նամակ ստացավ։
Կլորիկ Դարյան նամակում պատմում էր ավարտական ցնցող հանդեսի մասին։ Իրենց ջոկատի ելույթը վերջինն էր ու անփոփոխ խաղացել էին «Չեռնոբիլ-Մեծամորը», մի խոսքով՝ ըստ ծրագրի ու սցենարի, առանց որևէ փոփոխության։ Երևանից եկած հյուրերից ամենատարեցը, որ երևի կուսակցական ջոջ էր, դուրս էր եկել դահլիճից, հետևից՝ ընկեր Վիլսոն Թումանյանը ողջ շքախմբով, դահլիճում հյուրերից մնացել էին ծնողները, մի երիտասարդ լրագրող և նրան ուղեկցող լուսանկարիչը, որոնք հետո, ասում են, թե մի հայկական թերթում ներկայացրել էին ելույթը։ Տղաներն ընկեր Արեգին ձեռքերի վրա բարձրացրել էին բեմ, ու բոլորը հոտընկայս, շատ երկար ծափ էին տվել։ Եվ քանի որ հաջորդ առավոտյան ճամբարականները պիտի մեկնեին, ոչ մի պատիժ ու դաստիարակչական միջոցառում տեղի չէին ունեցել։ Իսկ Ալիսայի դերը խաղացել էր, դե, երևի արդեն գլխի ընկաք, կապուտաչյա Օլյան։
***
Երեք ու կես տասնամյակ հետո՝ 2021-ի ամռանը, Ալիսա Մելնիկը վերադարձավ 86-ի ճամբարը, ասես ապագայից հյուր էր եկել անցյալին՝ ինքն էլ չգիտեր, թե ինչ առաքելությամբ։
Ինտերնետում հերթական, հենց էնպես արվող որոնումների ժամանակ պատահաբար հայտնաբերել էր ֆեյսբուքյան մի էջ, որտեղ, այ քեզ հրաշք, իրենց ճամբարի լուսանկարներն էին։ Պարզվել էր՝ խումբը վարում է երբեմնի փոքրիկ տղան, որ մեծացել ու վերածվել էր մորուքավոր գրողի և իր մանկավարժ տատի ու պապի հիշատակին նվիրված էջ էր բացել։ Նկարների մեկնաբանություններից մեկում Ալիսան տեսավ ու միանգամից ճանաչեց Մասիսին․ բժիշկ էր դարձել, սպիտակ խալաթավոր, Օլյայի հետ չէր ամուսնացել, մեծ երեխեք ուներ, կինն էլ հայուհի էր, որի դեմքն Ալիսային չափազանց ծանոթ թված․․․ անունը՝ Հասմիկ. մի՞թե, ո՞վ իմանա, գուցե իրենց Հասմիկն էր, ամեն դեպքում արծվաքթի հետքը չկար, մազերը՝ կարճ, գերժամանակակից սանրվածքով, գերխնամված տեսքով մեկն էր: Դատելով նկարներից՝ երջանիկ ամուսնական կյանքով ապրում էին Մալթայում։
2021-ի հունիսյան մի արևավառ օր Ալիսա Մելնիկը, մորուքավոր գրող դարձած փոքրիկ տղայի ուղեկցությամբ, վերստին կանգնեց ստալինյան բարրոկո ոճի արծաթափայլ դարպասի դիմաց, որն էս անգամ գլորվելով չբացվեց։ Մի կերպ ներս սողոսկեցին։ Տխուր ավերակներ էին մի հրաշքով փարթամ ու կանաչ մնացած պարսպապատ օազիսում։ Տարածքը հեռավոր կերպով հիշեցնում էր ջունգլիի թավուտում հանկարծ հայտնաբերված երբեմնի վեհաշուք բնակավայր, բայց ավելի շատ՝ մի քանի տարի առաջ նրա այցելած ուրվական-ավան Պրիպյատը։ Շրջեցին ներսում, կոկորդիլոսին գրկած տղայի բետոնե արձանի մեծ մասը քայքայվել էր, փոխարենը մեծ շենքերը դեռ կանգուն էին՝ կոտրած ապակիներով, յոթ փակի տակ։ Լուռ լքեցին տարածքը, կարծես հարազատ հանգուցյալի դագաղի մոտից էին հեռանում, որ հաստատ մեռել էր, բայց դեռ թաղված չէր։
Սև խոռոչի մոտ չգնացին։ Փոխարենն օրվա մեծ մասն անցկացրին մոտակա Ծաղկունք գյուղում, ձի քշեցին, այցելեցին շների ֆերմա, քայլելով հասան բլրագլխի եկեղեցին, ավանդական տեխնոլոգիայով վերականգնված Հայաստանի ամենահին թոնրատանը լավաշ կերան, հետո գյուղամիջի նորաբաց ռեստորանում իրենց մի անմահական ճաշկերույթ թույլ տվեցին ու մինչև ուշ գիշեր հուշերի գիրկն ընկան։ Երբ Ալիսա Մելնիկը պատմեց վերջացրեց 86-ի ամռանն իր գլխով անցած ամբողջ պատմությունը, երկար-երկար նայեց մորուքի հետ խաղացող գրող դարձած փոքրիկ տղային ու հայտնեց իր միակ խնդրանքը․ «Արմեն, թե գրելու լինես, խնդրում եմ էս լուսանկարը կցիր»։ Այֆոնից այֆոն արագ փոխանցվեց «Սևան» առողջարանում Ալիսա Մելնիկի արած միակ լուսանկարը․ արծաթե դարպասն էր։
Դե ինչ, սիրելի Ալիսա, սիրով կատարում եմ խնդրանքդ․
11 հուլիսի , 2021 թ․
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
«Սևան» մանկական առողջարանը Հայաստանում սովետական շրջանից մնացած տասնյակ լքված և կիսավեր առողջարաններից և հանգստյան տներից մեկն է, որը գտնվում է Սևան քաղաքից Ծաղկունք գյուղ տանող ճանապարհին։
Վիլսոն Թումանյանը 70-ականների սկզբից եղել է «Սևան» մանկական առողջարանի գլխավոր մանկավարժը։ Պատմվածքում տեղ գտած նրա մարտական ուղին համապատասխանում է իրականությանը։
1987-ի օգոստոսի 28-ին Ղրիմի «Արտեկ» ճամբարում Պիոներների համամիութենական հավաքի ընթացքում սովետական երեխաներն աննախադեպորեն շեղվել են պաշտոնական օրակարգից և բարձրացրել իրենց իրավունքներին վերաբերվող ու իրենց հուզող հարցեր։ Դեպքը հայտնի է որպես Պիոներների խռովություն։
1987-ին Հայաստանում սկիզբ առած քաղաքացիական էկոլոգիական շարժման պահանջներից մեկը Մեծամորի ատոմակայանի փակումն էր։ Շարժումն առանձնակի հաջողություն չգրանցեց և մեկ տարի անց ակտիվիստների մեծ մասը միացավ մեկ այլ համաժողովրդական՝ Ղարաբաղյան շարժմանը։
1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից (25 հազար զոհված, կես միլիոնից ավելի անօթևան մնացած մարդիկ) տագնապած սովետական իշխանությունները փակեցին Մեծամորի ատոմակայանը, որը, սակայն, վերագործարկվեց 1995-ին և առայսօր շահագործվում է՝ վերջ դնելով Հայաստանում տարիներ տևած խոր էներգետիկ ճգնաժամին։
Հայաստան-Թուրքիա փակ սահմանը համարվում է Երկաթե վարագույրի վերջին «չբացված» կտորը, թեև Սովետի փլուզումից հետո փակվել է Ղարաբաղյան առաջին պատերազմի պատճառով։ 2020-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Երկաթե վարագույրի այդ վերջին կտորի բացումը կրկին քաղաքական օրակարգում է։
- Սույն պատմվածքը գրվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, հրապարակվել է ԿԱՀ-ի համաձայնությամբ։