Սեյեդ Ալի Սալեհի | Գնալ ու գալ


****
Արտասովոր բառ է «գնալ»-ը,
ինչպես սխալ «գալ»-ը։
Ասաց՝ կվերադառնա
ու գնաց
և հետևից քանդեց բոլոր կամուրջները։
Բոլորը գիտեին՝ էլ հետ չի դառնա,
բայց վերադարձավ…
առանց որևէ կամրջի.
Նա հուշերի գաղտնի ճանապարհը գիտեր։

 

****
Չխոսեմ քեզնից հեռու առավոտների մասին,
որ նման են գիշերների,
որ նման են սառնամանիքների։
Հոգո՜ւ հավերժություն,
ամեն գիշեր
տխրությունդ սրտումս է, սերդ՝ գլխումս,
ամեն առավոտ՝
սերդ սրտումս է, հուշերդ՝ գլխումս…
Ծաղկեցրո՛ւ առավոտս,
որ անարև կյանք է…
օրերս դառնում են գիշեր,
ուր չկա լուսին,
գիշերներս՝ ցերեկ։

 

****
Բոլորը տուն են փնտրում,
ես՝ մի լուռ փողոց,
որ անվերջ գնամ,
որ անբառ երգեմ,
երկինք, որ սավառնեմ,
սիրո գագաթնակետ,
որ բաց թողնվեմ։

 

****
Չունեմ այլ ելք,
քան հիշել քո անունը,
խավարից վախենալու կարիք էլ չկա.
անունդ ինձ կանցկացնի ծարավ շամբուտից։
Կասկած չկա.
առօրեական հոգնածություն է,
կանցնի։

 

****
Մայիսին
հետքդ գտա վայրի մանուշակներից,
փնտրեցի նարնջի ծաղիկների մեջ։
Աշնանը գտա քեզ՝
աշխարհի միակ ծաղկին,
որն աճեց աշնանը։

 

****
Այս առավոտը, այս զեփյուռը,
այս կափ-կանաչ սուփրան,
այս Ես-ն ու այս Դու-ն.
բոլորն են վկա՝
ինչպես են ձեռքն ու սիրտը քարկապվել իրար,
դարձել մեկն ու միակը։
Դու այն կողմից եկար, նա մեր կողմից եկավ, եկար, ու եկանք.
Սկզբում մի սիրտ էր,
Նստել-խոսելու եղանակ,
Կարոտի ու բուռն ցանկության բույր,
Միասին լինելու մի հասարակ «դեռ»։
Գնացինք, նստեցինք, երգեցինք ու լաց եղանք,
Հետո մեկտեղվեցինք՝
Միաձայն, միաճիչ, միալաց,
Միաշունչ՝ հանուն հավերժ միասին լինելու,
Ընկերաբար զբոսնելու,
Չասված ողջույնի, հոգեթով մենության, սրտանց լալու…
Սիրո հավերժական ուղեկից լինելու, անձրևի համար։
Ժամանակին՝ սեր, այստեղ և հիմա չեմ ուզում
հավերժությանդ օդը։
Որտե՞ղ է տանդ հասցեն։

 

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *