Դորիս Ռունգե | Կույր ժամադրություն

Դորիս Ռունգե գերմանացի գրող: Ծնվել է Կարլոուում, (Մեկլենբուրգ), 1943-ի հուլիսի 15-ին:

Դորիս Ռունգեն արտադրական ձեռնակատրերի ընտանքից էր, որոնց բիզնեսը օտարվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:  1953-ին նրա ընտանիքը  տեղափոխվել էր Նոյկիրխեն՝ Շելվիգ  Հոլշտեյն:  Հաճախել է  Օլդենբուրգի և Լյուբեկի դպրոցներ, բարձրագույն կրթություն ստացել է Կիլում՝ ստանալով ուսուցչի որակավորում։ Ամուսնացել է նկարիչ Յուրգեն Ռունգեի հետ (1929–1992), ամուսնալուծվել են 1981 թվականին։

1981 թվականից շարունակ հրատարակել է բանաստեղծական ժողովածուներ, 1988 թվականից՝ նաև արձակ ստեղծագործություններ։ Իր առաջին բանաստեղծական հատորի համար՝ Jagdlied (1985), որը հրատարակվել է DVA-ի կողմից, ստացել է Ֆրիդրիխ Հեբելի մրցանակ։

Բացի բազմաթիվ մրցանակներից՝  1997 թվականին ստացել է Ֆրիդրիխ Հոլդերլինի մրցանակը, իսկ 2007 թվականին՝ Իդա Դեհմելի անվան գրականության մրցանակը։ 1997 թվականին նա ստանձնել է Կիլի համալսարանի Լիլիենկրոնի՝ պոեզիայի նվիրված դասախոսությունների շարքը, իսկ 1999 թվականին նշանակվել է Բամբբերգի համալսարանի պոեզիայի պրոֆեսոր։

2009 թվականի սեպտեմբերին Շլեզվիգ-Հոլշտայն նահանգի կառավարության կողմից շնորհվել է «Պրոֆեսոր» պատվավոր կոչում մշակութային ակնառու նվաճումների համար

 

pas de deux
(պա դե դյո)

փոփոխություն
և
քայլ
առաջ և
ետ
և առաջ
և պտույտ
անհետացած զույգ
կանգուն պատկեր

 

ես

ասում է այս ձայնը
իմ ժառանգությունը
իմ խոսնակը
իմ լռակյաց գայթակղիչը
իմ վանական եղբայրը
ես կիսում եմ քո փոքրիկ խուցը
խենթ մրգերը
քո երևակայության
ես քո ձեռքն եմ
քո բերանը
ես այստեղ եմ երբ համբույրն անհետանա
(քո անշուք բախտը միշտ անխոս էր)
ես քեզ կյանք կդարձնեմ
տվյալները հետընթաց
հերթականությամբ
կարդարացնեմ
կթաքցնեմ
դրանում իմաստ կա
ես քո երկնային ճչացող սկիզբն էի
քո ծերունական ժխտումը
քո անհնազանդությունը
այո
ես այստեղ եմ
և ես
նահանջում եմ
դանդաղ
անկասելի

 

 ամառ

վարդերի արյունահոսություն էր
երկրի տաք լեռնաշղթան
հնաոճ ամառ էր
մեկ այլ կյանքից
ես չեմ ուզում հրաժեշտ տալ
այնտեղից
որտեղ ես երբեք չեմ եղել
կանաչ տեսարանների
կլոր սեղանից
ո՞վ է մեզ տալիս նկարները
վերադարձի
կամ երազը
հրե արևների
ո՞վ է մեզ այրում
այրված աչքերում
մոխիր է ցրում
սառած սրտերի վրա
ուղիներ
որոնք դեռ պետք է քայլել
մինչեւ վերջ
մինչև ճամփեզրի խաչը
ասես ունեինք
ընտրություն

 

կույր ժամադրություն

ամենևին էլ անհրաժեշտ չէ
լինել հավասար
բացակայել
մնալ դռան միջև
այնժամ
երբ
հրեշտակը մեկնում ու
ժամանում է
աշխույժ բակերում
ամառը կգա
եթե
սիրում ես ստվերը
ավաղ
սեր
չի լինի
կյանքի համար

Թարգմանությունը գերմաներենից՝ Տաթև Շվաբաուերի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *