Ես ապրում եմ առավոտվա այդ առաջին վայրկյանի համար,
երբ դեռ կիսաանգիտակից եմ,
ես լսում եմ թռչունների երգը,
որոնք սիրաշահում են ծաղիկներին,
լսում եմ ծաղիկների քրքջոցը,
և խանդող մեղուներին,
երբ շրջվում եմ, որ քեզ արթնացնեմ,
ամեն ինչ նորից է սկսվում.
շնչարգելությունը,
ողբը,
ցնցումը,
երբ հասկանում եմ, որ հեռացել ես։
Ինչի՞ է նման սերը
Հոգեբանը հարցրեց․
— Ինչի՞ է նման սերը։
Բաժանումից մեկ շաբաթ է անցել,
և ես չգիտեմ ինչպես պատասխանել այդ հարցին,
բացի նրանից, որ կարծում էի,
թե սերը նման է քեզ,
և այդ պահին գիտակցեցի,
հասկացա, թե ինչքան միամիտ եմ եղել,
որ այդքան գեղեցիկ գաղափարը տեղավորել եմ մի անձի պատկերի մեջ։
Կարծես ինչ-որ մեկը այս մեծ աշխարհում
կարող է ընդգրկել ամբողջ սերը,
կարծես այս զգացմունքը, որին ձգտում է յոթ միլիարդ մարդ
նման է 180սմ հասակով,
միջին չափերի, սևամորթ տղայի,
որը սիրում է նախաճաշին սառեցված պիցցա ուտել։
—Ինչի՞ է նման սերը,— կրկին հարցրեց հոգեբանը՝
այս անգամ մտքերիս հոսքն ընդհատելով,
այս պահին ես կկանգնեմ
ու դուրս կգամ սենյակից,
ուղղակի չափազանց շատ եմ վճարել այս ժամի համար,
դրա փոխարեն, ծակող հայացք գցեցի նրա վրա,
ինչպես կնայես ինչ-որ մեկին,
երբ ուզում ես հայացքով փոխանցել զգացածդ՝
շրթունքներն ամուր սեղմված, պատրաստ խոսակցության մեկնարկին.
աչքերը խորությամբ հետազոտում են նրանց աչքերը՝
փորձելով գտնել թույլ տեղերը,
դրանք թաքնված են ինչ-որ տեղ,
մազերը՝ ականջների հետևում,
կարծես պիտի ֆիզիկապես պատրաստվես երկխոսությանը՝
փիլիսոփայես կամ հիասթափվես
«ինչի՞ է նման սերը» թեմայի շուրջ։
Ես ասացի նրան․
—Կարծում եմ, սերն այլևս նա չէ,
եթե սերը նա լիներ,
նա այստեղ կլիներ, այդպես չէ՞,
եթե նա ինձ համար այդ մեկը լիներ,
իմ դիմաց նստած չէ՞ր լինի։
Եթե սերը նա լիներ, հեշտ կլիներ։
Չեմ կարծում, որ սերը նա է,— կրկնեցի ես։
Երևի, երբեք էլ չի եղել,
կարծում եմ, ուղղակի ուզում էի՝ ինչ-որ բան
ինձ հանձներ ինձնից մեծ մի բանի,
և երբ տեսա մեկին,
որը համապատասխան էր կիսոով չափ,
ես մտադրվեցի դարձնել նրան իմ բախտակիցը,
և կորցրի ինքս ինձ նրա մեջ,
նա վերցնում ու վերցնում էր,
նա փաթաթեց ինձ «առանձնահատուկ» բառի մեջ,
մինչև համոզվեցի, որ նրա աչքերը միայն ինձ տեսնելու համար էին,
ձեռքերը՝ միայն ինձ զգալու,
մարմինը՝ միայն ինձ հետ լինեու համար,
օ՜հ, ինչպես նա ինձ դատարկեց։
—Ինչպե՞ս է դա Ձեզ ստիպում զգալ,—
ընդհատեց հոգեբանը։
Ես ասացի․
—Դա ստիպում է ինձ ոչնչություն զգալ,
հնարավոր է՝ բոլորս սխալ ենք նայում դրան,
մեզ թվում է, թե դա փնտրելու համար մի բան է,
մի բան, ինչը կբախվի մեզ
վերելակից դուրս գալուց,
կամ կհարվածի սրճարանի աթոռին ինչ-որ տեղ,
կհայտնվի գրախանութի պահարանաշարի վերջում՝
բնական չափի սեքսուալ և խելացի տեսքով,
բայց ինձ թվում է սերը սկսվում է այստեղ,
մնացածն ուղղակի մեր ցանկությունների, կարիքների և
երևակայույթյան տենչանքն ու պլանավորումն է։
Բայց այս արտաքին գործոնները երբեք ճիշտ չեն,
եթե մենք դրանք չենք ներքնայնացնում և սովորում
ինչպես սիրել ինքներս մեզ, որպեսզի սիրենք ուրիշներին։
Սերը անձի տեսք չունի,
սերը մեր գործողություններն են,
սերը հնարավորինս տալն է,
եթե անգամ դա տորթի ավելի մեծ կտորն է,
սերը հասկանալն է։
Մենք միմյանց վնասելու ուժ ունենք,
բայց մենք մեր կարողությունների չափով փորձում ենք չանել։
Սերը պարզաբանումն է, թե ինչ քաղցրության ենք մենք արժանի,
և հայտնվում է մեկը,
որն ասում է, որ պատրաստ է մեզ տալ դա,
բայց նրա գործողությունները ավելի շատ քանդում են մեզ,
քան կառուցում։
Սերը հասկանալն է, թե ում է պետք ընտրել։
***
—Շողա՛,—
ասաց լուսինը,
և նոր օրը եկավ։
—Ներկայացումը պիտի շարունակվի,—
ասաց արևը։
Կյանքը կանգ չի առնում ոչ մեկի համար,
այն քարշ է տալիս քո ոտքերից,
այն չի հարցնում՝ ուզու՞մ ես շարժվել թե ոչ,
դա է նվերը,
կյանքը կստիպի քեզ մոռանալ նրանց հանդեպ կարոտը,
մաշկդ կփոխվի, մինչև չմնա
քեզնից ոչ մի մաս, որին դիպել են նրանք,
աչքերդ վերջապես քոնն են,
ոչ այն աչքերը, որոնց մեջ նրանց պատկերը կար:
Դու կգնաս մինչև վերջ, և դա դեռ սկիզբն է,
շարունակի՛ր,
բացի՛ր դուռը մնացած մասի համար։
Հասունանալու արվեստը
Ես ինձ գեղեցիկ էի զգում մինչև 12 տարեկան,
երբ մարմինս սկսեց հասնել, որպես նոր միրգ,
և հանկարծ
տղամարդիկ թաց շուրթերով նայեցին իմ նորածին կոնքերին։
Տղաները չէին ուզում դասամիջոցին խաղալ ինձ հետ,
նրանք ուզում էին դիպչել իմ նոր
և անծանոթ մարմնի մասերին,
որոնք ես չգիտեի ինչպես կրել,
չգիտեի ինչպես պահել,
և փորձում էի թաղել իմ կողերի վանդակում.
—կրծքեր,—
ասացին նրանք,
և ես ատեցի այդ բառը,
ատում էի, որ ամաչում էի ասել դա,
ու չնայած այն իմ մարմնի մաս էր,
այն իմը չէր,
այն պատկանում էր նրանց,
և նրանք կրկնում էին, կարծես,
դա հանգստացնում էր նրանց։
—Կրծքեր,—
ասաց նա,
—Թույլ տուր տեսնեմ քոնը։
Այստեղ բացի մեղքից և ամոթից, տեսնելու ոչինչ չկա,
ես փորձում եմ միաձուլվել իմ ոտքերի տակի հողին,
բայց դեռ կանգնած եմ նրա կեռ
մատներից մեկ ոտնաչափ հեռավորության վրա,
և երբ նա պատրաստ էր իմ կիսալուսինների վրա խնջույքին,
ես կծում եմ նրա նախաբազուկը և որոշում, որ ատում եմ այս մարմինը,
երևի ինչ-որ սարսափելի բան եմ արել սրան արժանանալու համար։
Տանը ասում եմ մայրիկիս․
—Տղամարդիկ դրսում սոված են։
Նա ասում է, որ
ես չպիտի կուրծքը ցույց տվող զգեստ հագնեմ,
ասում է՝ տղամարդիկ սովածանում են միրգ տեսնելիս,
ասում է՝ պիտի ոտքերս փակ նստեմ,
ինչպես կնոջն է հարիր,
կամ տղամարդիկ կբարկանան և կկռվեն,
ասում է, որ կարող եմ խուսափել այս խնդրից,
եթե սովորեմ պահել ինձ ինչպես իսկական կին,
բայց խնդիրն այն է,
որ դա ամենևին կապ չունի։
Ես չեմ կարող ընկալել այն փաստը, որ
պիտի աշխարհի բնակչության կեսին համոզեմ,
որ իմ մարմինը նրանց մահճակալը չէ։
Ես զբաղված եմ սովորել կանացիության հետևանքները,
այնինչ դրա փոխարեն կարող էի սովորել գիտություն և մաթեմատիկա,
ինձ դուր է գալիս գիմնաստիկան և հնարքները, ուստի չեմ կարող պատկերացնել
պինդ սեղմված ոտքերով քայլելը,
կարծես նրանք գաղտնիք են պահում,
կարծես համակերպումը իմ իսկ մարմնի մասերի հետ,
պիտի ցանկասիրության մտքեր առաջացնի
նրանց գլխում,
ես չեմ դառնա նրանց գաղափարախոսության առարկան,
որովհետև «անբարոյական» անվանելը բռնարար մշակույթ է,
կուսապաշտությունը բռնարար մշակույթ է։
Ես ձեր սիրելի խանութի
ցուցափեխկի մանեկենը չեմ,
դուք չեք կարող հագցնել ինձ
կամ դուրս շպրտել, երբ մաշված եմ,
դուք մարդակեր չեք,
ձեր գործողությունները իմ պատասխանատվությունը չեն,
դուք կկառավարեք ձեզ։
Հաջորդ անգամ դպրոց գնալուց
տղաները հարվածում են ինձ հետևից,
ես հրում եմ նրանց գետնին,
դնում եմ ոտքս նրանց վզին
և հանդուգն տոնով ասում․
—Կրծքեր։
Նրանց հայացքներն անգին են։
Թարգմանությունը անգլերենից՝ Էվելինա Դամիանի