Հենրիկ Էդոյան | Միայնակ օրը

ՄԻԱՅՆԱԿ ՕՐԸ

Կիսարթուն օրը թարթում է աչքերը
քաղաքի օդում: Կանաչ ճյուղերից
հոսում է անորոշ մի խաղաղություն,
լցված արձագանքով
մի այլ խաղաղության: Քաղաքի վրա
իջնում է օդի մեջ
անտրտունջ մի հոգի, որ ցածում չի գտնում
ոչ մի հենարան: Մի թռչուն հանկարծ
բացում է թևերը
և ճչում մի բառ անծանոթ մի լեզվից:
Քարերի վրա շրջում է երազը –
հագին՝ ամռան օդը
ինչպես զսպաշապիկ: Մահը ձև չունի –
ինքն՝ իր չափերով,
ինքն՝ իր ստվերի մեջ: Ո՞վ է չափել լռության արագությունը
դատարկ խեցու մեջ: Ո՞վ է հաշվել արևի ճառագայթները
օդում սփռված: Այդպես մի՛ հեռացիր:
Մի՛ գնա այդպես լուռ:

 


ՔԱՂԱՔ–ԽԵՑԳԵՏԻՆ

Ի սկզբանե Խոսքն էր, բայց ահա
Խոսքն սկսել է անջատվել Խոսքից,
Պատմությունն իջել է պատմության վրա,
հողը՝ հողի դեմ, ոսկու դեմ՝ ոսկին:

Երկդիմի մարդը դռներն է փակել,
իսկ խոհանոցի օդանցքը բաց է:
Դրսում աստղերի տակից ապակե
պիթեկանտրոպի թաթն է բարձրացել:

Ստորերկրյա խանութ ու մետրո:
Քաղաք–խեցգետին, չանչերով քո մեծ
դու մեր մարմինն ես խժռում հերթով:
Ճշմարտությունը լացելն է գուցե:

 

ՆԱՅԵՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Արագիլները կտուցով մինչև հիմա
երեխաներ են բերում Աֆրիկայից
կամ այլ վայրերից: Ոչ մի բջջային,
ոչ մի ինտերնետ
չի կարող նրանց հակառակն համոզել:
Շատ մի՛ չարչարվեք, նրանք լավ գիտեն,
թե ինչպես են հայտնվում երեխաները,
որտեղից են գալիս: Ով ցանկանում է
նրանց ապուշացնել՝ ինքն է ապուշանում:
Նրանք գիտեն նաև,
նրանք տեսնում են, թե ինչպե՞ս, որտե՞ղ,
ովքե՞ր են մեզ տանում: Ի՜նչ արագիլներ,
որ մենք չգիտենք: Ի՜նչ անտեսանելի
թռչուններ են անցնում երկնակամարով
և տանում իրենց հետ մեր հոգիներին:
Նայեք երեխաներին:

 

ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ, ՈՒՇ ԵՐԵԿՈՅԱՆ
1.
Հագիդ մի խալաթ և հողաթափեր,
նստում ես մի հին բազկաթոռի մեջ:
Մի հեռուստացույց: Մի նկար՝ պատին:
Մի կյանք՝ ինչպես մի կորած ժամացույց:

Մի հուշ, որի մեջ դու քեզ չես գտնի:
Հեռուստացույցի կադրերն ես փոխում:
Անցյալը այն չէ, ինչ որ եղել է,
այն, ինչ չի եղել, նրա մեջ ես դու:

Երկու ձեռքերով ծածկում ես դեմքդ:
Սեղանիդ վրա լապտերն է ննջում:
Լռության ստվերն իջնում երկնքից
և արցունքներդ է թաքցնում զգույշ:

2.
Ամեն ինչ անցավ՝ օրեր, տարիներ,
ամեն ինչ սուզվեց մեգ–մառախուղում,
քո աչքերի մեջ, ինչ որ ունեիր,
արդեն մոռացման ամպերն են լողում:

Չկա փրկություն: Փրկագին չկա:
Ինչ ունես՝ վաղուց քոնը չէ արդեն:
Եվ մի անիվ է պտտվում հսկա
դիմացի այգում: Մի անիվ: Մի՞թե

դա քո կյանքը չէ, և գիրքը ձեռքիդ,
որ բացում ես դու, քոնը չէ՞ արդյոք:
Դրանից բացի կա՞ մեկը կողքիդ:
Ո՞վ է քեզ կանչում: Հասկացիր՝ ոչ ոք:

 

ԲԱՌԸ ՍԿԶԲՈՒՄ Է, ՔԱՐԸ ՎԵՐՋՈՒՄ Է

Եթե նայես այստեղ՝ կարո՞ղ ես ասել –
սկզբում բառն է եղել: Նայիր, և կտեսնես –
հողի վերքը քարն է:
Նա հիմքն է, նրա վրա
նստել է ժամանակը և հոգնած աչքերով
չափում է հեռուները – բլուրներ, վայրեր,
քաղաքներ, անդունդներ:
Եվ մարդը՝ անհասցե,
որսալով ձայները վերևից, ներքևից,
պտտվում է սահմանափակ տարածության մեջ
և գտնում քարը:
Բառը սկզբում է, քարը վերջում է:
Ժամանակը կանգ է առնում նրանց կենտրոնում:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *