Հուշանգ Մորադի Քերմանի | Գրքասերը

Հուշանգ Մորադին ժամանակակից իրանական մանկապատանեկան արձակի նշանավոր ներկայացուցիչներից է։ Ծնվել է 1944թ. Իրանի Քերման նահանգում։ Առաջին պատմվածքը՝ «Մեր՝ երջանիկների փողոցը», որն ուներ երգիծական ուղղվածություն, տպագրվել է իրանցի հայտնի պոետ և գրող Ահմադ Շամլուի խմբագրությամբ։ 1974թ․«Մաջիդի պատմվածքները» պատմվածաշարը, որը պատմում է տատիկի՝ բիբիի հետ ապրող տղա երեխայի մասին, նրան բերում է «1985թ․ ընտրյալ գիրք» մրցանակը։ Հեղինակը 1980թ․ «Տան գորգագործ երեխաները» պատմվածքի համար արժանացել է սովետական մանկական գիրք մրցանակի, իսկ 1986թ․՝ Անդերսոնի միջազգային մրցանակի։ Հուշանգ Մորիդիի ստեղծագործությունները թարգմանվել են գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, հոլանդերեն, արաբերեն, հնդկերեն։ Անգլերեն թարգմանվել են նրա «Սամավար» և «Մաջիդի պատմվածքները» ստեղծագործությունները, որոնք ուղարկվել են Յունիսեֆ։ «Գրքասերը» պատմվածքը տեղ է գտել հեղինակի «Մաջիդի պատմվածքները» խորագրով պատմվածաշարում։

 

Մաշասադոլլահը գրքից մի էջ պատռեց, ձագարաձև տոպրակ սարքեց, մեջը թութուն լցրեց և դրեց կշեռքին։ Կշռեց, տոպրակի բերանը կապեց և ձեռքս տվեց․ թեյ, շաքար ու քրքում էլ էի վերցրել։ Համրիչով հաշվեց և գումարը վերցրեց։ Ճանապարհ ընկա։ Երբ տուն հասա, տատիկը ձեռքիցս վերցրեց տոպրակները, դատարկեց և գրքից պատռված էջերն ինձ տվեց՝ գցեմ աղբամանը։
Դպրոցում ամառային արձակուրդ էր, և ես կոնկրետ գործ ու անելիք չունեի։ Հենց այնպես` ինքս ինձ զբաղեցնելու համար սենյակի անկյունում նստեցի և սկսեցի կարդալ գրքի այն էջերը, որոնցում Մաշասադոլլահը փաթաթել էր թութունը, շաքարը, թեյն ու քրքումը։ Թերթերի վրայից կոկիկ փչեցի քրքումի դեղին և շաքարի սպիտակ փոշեհատիկները, զգուշորեն մաքրեցի և սկսեցի կարդալ։ Ի՜նչ լավ, հասկանալի ու գրավիչ էր գրված։ Ութ էջ՝ 15-22–ը հաջորդում էին իրար։ Կլանված կարդացի․ շատ հետաքրքիր պատմվածք էր։ Ճիշտն ասած, մինչ այդ պահը դասագրքերից բացի այլ գիրք չէի կարդացել, և համն ընկավ բերանս։ Բայց ա՜յ քեզ ձախորդություն․ ամենահետաքրքիր ու ոգևորող տեղում՝ ձեռքումս հայտնված քսաներկուերորդ էջի վերջում, պատմությունն ընդհատվեց։
Պատմածքի հերոսը մի տղա երեխա էր, որը հոր կողմից ծեծվելուց հետո որոշում է փախչել տնից, բայցև վախենում է։ Ի վերջո, փախչում է, բայց չգիտի՝ ուր։ Հուզող թեմա․ ուզում էի իմանալ՝ տղան ո՞ւր է գնում և ի՞նչ է նրա հետ կատարվում։ Հանկարծ միտքս եկավ՝ գնամ Մաշասադոլլահի մոտ՝ գրքի մնացած մասի հետևից, որ կարդամ, տեսնեմ՝ փոքրիկ տղային ինչ է պատահում։ Վեր թռա տեղից և նետի պես սլացա դեպի նպարավաճառի խանութը։ Ներս մտնելով՝ հևիհև ու շնչակտուր ասացի․
– Մաշասադոլլահ, բարև, այն գրքի մնացած մասն ո՞ւր է, կլինի՞ այն ինձ տաք․ կկարդամ ու Ձեզ կվերադարձնեմ։ Հետո ինչ փորձանք ուզում եք՝ գլխին բերեք»։
Շատ քաղաքավարի խոսեցի, որ խոսքս նրա վրա ազդեցություն ունենա։ Բայց Մաշասադոլլահը, որը բնավ թեմայի մեջ չէր, հոնքերը հավաքեց, խոժոռվեց և զարմացած ասաց․
-Ո՞ր գիրքը, հոգիս, ես հո՞ գիրք չունեմ։
Վիզս ծռեցի, հլու-հնազանդ, մի քիչ էլ ճնշված տեսք ընդունելով՝ ասացի․
-Սիրելի երեխաներիդ արևով երդվիր, այն գիրքը, որից մի քանի էջ պատռեցիր և ծխախոտ, շաքար ու թեյ փաթաթեցիր, ի՞նչ ես արել, գրքի մնացած մասն ո՞ւր է։
Ծերուկը դեմքին տարակուսանքի արտահայտություն տվեց, ձևացրեց՝ իբր շատ զարմացած է, հետո սովորական տեսք ընդունելով՝ ինքն իր շուրթերը լիզեց ու ասաց․
-Գրքի մնացած մասն ուզում ես՝ ի՞նչ անես։
Մաշասադոլլահի ուշադրությունը գրավելու համար կշռաքարերից մեկը վերցրեցի, տակի շաքարափոշին խանութից դուրս՝ պատի մոտ, թափ տվեցի և աջ ձեռքի թևքով լավ մաքրեցի։ Տեղը դնելով՝ ասացի․
-Մի անգամ արդեն Ձեզ ասացի, ուզում եմ գրքի մնացած մասն էլ կարդալ և իմանալ՝ պատմությունն ինչպե՞ս է ավարտվում, ի՞նչ է պատահում տնից փախչող անմեղ երեխային և նրա գլխին ի՞նչ փորձանք է գալիս։
Ծերուկը, մորուքը քորելով, սկսեց բարձր ծիծաղել։ Ատամ չուներ, կչկչալով էր ծիծաղում, բայց դուրեկան ծիծաղ ուներ։ Ի վերջո, հենց այդ զվարթ ծիծաղի միջից ասաց․
-Գնա՛, ջանս, ինչի՞դ է պետք այդ գիրքը, թող մեր բան ու գործին գնանք։
-Գիրքը Ձեզանից կառնեմ, ինչքան անպետք թուղթ ունեմ, Ձեզ կբերեմ, հենց այնպես՝ առանց գումար․ տասը շահի անգամ չեմ վերցնի։
-Սա գրախանութ չէ, ես էլ հո գրավաճա՞ռ չեմ։ Այդ գիրքը նրա համար է, որ մարդը էջերը մեկ-մեկ պատռի, ծխախոտ, սիսեռ, լոբի, պանիր, քրքում փաթաթի և տա հաճախորդի ձեռքը։ Հիմա հասկացա՞ր, գնա՛, ջանս, գնա՛ գործերիդ,-ասաց Մաշասադոլլահը։
Անզիջում մարդ էր, չէիր կարող հեշտորեն սիրտը շահել։ Բայց ես էլ ձեռք քաշողը չէի: Որպեսզի նրա բարկությունը մեղմացնեմ, մյուս կշռաքարն էլ վերցրեցի, որի տակ սպիտակ, փայլուն փոշի կար։ Որպեսզի սիրալիրությունս առավել ընդգծեմ, այն ուղիղ Մաշասադոլլահի դեմքի դիմաց պահեցի։ Այո, կշռաքարն ուղիղ պահեցի նրա դեմքի դիմաց և փչեցի․ սպիտակ և շողշողացող փոշեհատիկներն արագ օդ բարձրացան, գնացին և լցվեցին ծերունու աչքերը։
Մաշասադոլլահը, որը բարձր տրամադրությամբ դեռ կչկչալով ծիծաղում էր, չհասցրեց նախքան փչելը ասել՝ այդ ի՞նչ ես անում, այ երեխա, իսկ հետո արդեն ուշ էր։ Սկսեց ձեռքերով տրորել աչքերը։ Տրամադրությունն այնպես էր ընկել, որ նրան նայելիս քիչ էր մնում լեղիս ճաքեր։ Ծերուկը, բարկացած, քթի տակ մրթմրթալով, ասաց․
-Դու խելք ունե՞ս, այ անխիղճ, կշեռքի քարի տակ, ախր, աղ էր։ Աչքերս վառվում են։ Ընդհանրապես, ո՞վ ասաց, որ դու իմ համար ինչ-որ բան անես։
Հասկացա, որ շատ վատ ստացվեց։ Ուզում էի լավ բան անել, ծերուկին համոզել, որ գիրքը տա, բայց լավի փոխարեն վատ բան դուրս եկավ։ Մտածեցի՝ ներողություն խնդրեմ, բայց հասկացա, որ միայն ներողություն խնդրելն անիմաստ է․ ծերուկի աչքերը վառվում էին, բայց ես, ամենևին, մեղավոր չէի․ պարզապես նրա բախտը չբերեց։ Մտածեցի՝ ջուր բերեմ, աչքերը լվանա, գուցե էդպես մեղքս քավեմ։ Վազեցի տուն, որը խանութին շատ մոտ էր, և պղնձե մեծ թասով լի ջուր բերեցի։ Թասը Մաշասադոլլահի դիմաց պահեցի և ասացի․
-Ներեցեք, որ Ձեր աչքերը աղ լցրեցի։
Խոսքս մի քիչ քաղցրացնելու և նրան ծիծաղեցնելու համար շարունակեցի․
-Մի անհանգստացեք, փոխարենը՝ Ձեր աչքերը համով-հոտով դարձան։ Երևի, աղի հետ պղպեղ էլ կար։ Սակայն, հավատացեք, պարզապես Ձեր բախտը չբերեց։
Բայց դեռ խոսքս բերանումս էր, երբ ծերուկը բարկացած այնպես ուժգին հարվածեց ջրով լի թասին, որ այն ձեռքիցս օդ թռավ, և ջուրը լցվեց շաքարով լի պարկի վրա։ Ծերուկը մի պահ մոռացավ աչքերի այրոցը և սկսեց սարսափած նայել թասին ու թրջված շաքարներին։ Պղնձե թասը դեռ շարունակում էր հոլի նման պտտվել ինքն իր շուրջը և ձայն հանել։ Ես մի տեսակ խեղճացած, անգամ ճնշված, բայց դեմքի սիրալիր արտահայտությամբ նայում էի մեկ Մաշասադոլլահին, մեկ թասին ու թրջված շաքարներին։ Մաշասադոլլահը լուռ էր․ փոխարենը կրճտացնում էր ատամները և չփչփացնում շուրթերը։ Բառեր չէինք գտնում իրար ասելու։ Բայց մեղավորությունը Մաշասադոլլահինն է․ անիմաստ բարկացավ և հարվածեց թասին։ Մարդը նման իրավիճակներում պետք է սառը, հավասարակշռված վերաբերմունքը պահպանի և չթողնի, որ բարկությունը գլուխ բարձրացնի։ Իրականում, սիրտս ցավում էր Մաշասադոլլահի աչքերի և շաքարների համար։ Ուզում էի փախչել, բայց մտածեցի՝ ճիշտ կլինի՝ հանգստություն պահպանեմ և մարտադաշտը չլքեմ, որպեսզի այս ամենից հետո գոնե կարողանամ գրքի մնացած մասը վերցնել։ Մի պահ անշարժացա, թուքս կամաց կուլ տվեցի․ ձայնս կարծես մնացել էր կոկորդումս և ոչ մի կերպ դուրս չէր գալիս։ Այնուամենայնիվ, ամբողջ ուժերս հավաքելով, մեծ դժվարությամբ դողացող ձայնով ասացի․
-Մաշասադոլլահ, լավ է՝ թասն ապակուց չէր, թե չէ հիմա ջորդուփշուր էր եղել, չէ՞։ Թերևս պղնձե թասերը հենց նման դեպքերի համար են։
Մաշասադոլլահն իմ համառությունից ու պնդերեսությունից ավելի բարկացավ, սկսեց շուրջբոլորը նայել․ կարծես բան էր փնտրում, որ խփեր գլխիս ու հանգստանար։ Ամեն կողմ նայեց, բայց հարմար բան չգտավ․ երևի ափսոսում էր, վախենում՝ կկոտրվի կամ կփչանա։ Դե մտքով չէր անցել նման դեպքերի համար ձեռքի տակ գոնե փայտ ունենալ։ Գնաց խանութի ետնամաս՝ մի բան գտնելու հույսով։ Բայց կարող էր կշռաքարերից մեկը վերցնել, որը և՛ ձեռքի տակ էր, և՛ հարմար՝ գլխիս խփելու համար։ Ի վերջո, կշռաքարը նաև երկաթե էր՝ ոչ կկոտրվեր, ոչ էլ կփչանար։ Բայց հո իմ գլուխը կկոտրվեր։ Եվ, առհասարակ, քար նետելը շատ վտանգավոր է, և եթե նետի, և ինձ գլխացավանքի մեջ կգցի, և իրեն։ Շատ խելամիտ ու գթասիրտ ծերուկ էր։ Կարճ ասած, գնացել էր խանութի ետնամասը, և ես սպասում էի՝ ինչ է լինելու։
Այդ մտքերով տարված մեկ էլ միանգամից առանց աչք թարթելու վազեցի խանութ և վերցրի գիրքը, որի պատճառով կռվի մեջ էի ընկել։ Մաշասադոլլահը երբ տեսավ, որ համառությունս հասել է նրան, որ մտել եմ իր խանութը, արագ ետ եկավ ու ասաց․
-Ինչո՞ւ ես խանութ մտել, դուրս գնա՛։
Գիրքը, որն արդեն ձեռքումս էր և պինդ սեղմել էի կրծքիս, նրան ցույց տվեցի․
-Ահա, խնդրեմ, մի լավություն էլ արեք․ այս գիրքը վերցրեք և գլխիս խփեք, իզուր այլ բան մի փնտրեք։
Ծերուկն առանց մի բառ ասելու գիրքը վերցրեց ձեռքիցս և պատրաստվում էր «խնդանքս» կատարել, երբ արագ խանութից դուրս վազեցի։ Վախեցա՝ գիրքը վերջնական պատռվի և չկարողանամ պատմվածքի մնացած մասը կարդալ։ Հանկարծ անլեզու գիրքը քամու նման անցավ ականջիս կողքով և ընկավ փողոցի եզրով հոսող կեղտաջրով ու տիղմոտ առվակի մեջ։ Կռացա, գիրքը հանեցի տիղմի միջից և ասացի․
-Շատ բարի եք, պարոն Մաշասադոլլահ, շատ բարեհամբույր, երբ գիրքը կարդամ, կվերադարձնեմ։
Արդեն մեջքի ետևում լսում էի նրա խոսքերը․
-Իսկապես, տարօրինակ արարած ես, հիմա գալու եմ բիբիիդ պատմեմ։
Տատիկիս բիբի էի ասում, մյուսներն էլ ինձ նման նրան բիբի էին դիմում։ Բիբին բարի և հասարակ կին էր, ինձ մանկուց մեծացրել և, ինչքան որ հնարավոր է սիրել, այո, այդքան սիրում էր ինձ։ Բայց, դրանով հանդերձ, երբեմն շատ խստապահանջ էր և չէր թողնում՝ սխալվեմ։ Եթե իմանար՝ Մաշասադոլլահին նեղություն եմ պատճառել, բանս բուրդ կլիներ։ Վախից, որ բիբին ինձ կկշտամբի, տուն չգնացի, և քայլերս ուղղեցի դեպի մեր տան ետնամասում գտնվող դաշտը, որպեսզի աղմուկ-աղմուկից, ամեն տեսակ կապանքներից հեռու կարդամ գրքի մնացած մասը։
Դաշտի մեջտեղով հոսում էր մի մեծ առվակ, որի երկու կողմում բարձրահասակ ծառեր էին՝ շուրջը դաղձի թփեր և մոլախոտեր։ Առվակի ափին՝ մի ծառի կողքին՝ թփերի և խոտերի մեջ նստեցի և առվակի մաքուր ջրով սկսեցի մաքրել գրքի էջերին կպած տիղմը։ Այնպես զգույշ, որ թղթերը շատ չթրջվեն և թանաքի գույնը չխունանա։ Հետո տատիկիս նվիրած թաշկինակով, որը միշտ գրպանումս էր, չորացրեցի էջերը։ Մեծ ոգևորությամբ սկսեցի կարդալ, բայց նորից մուրազս փոսումս մնաց․ գրքից ևս 10 էջ չկար։
Ինձ լրիվ կորցրել էի։ Նորից նայեցի, այո, հենց այդ գիրքն է, բայց, հավանաբար, ինձնից հետո Մաշասադոլլահը ևս մի քանի էջ պատռել, նրանում որոշ բաներ փաթաթել և տվել էր հաճախորդի ձեռքը։ Ինչքան փորձեցի, չկարողացա 22–32 էջերի բովանդակությունը երևակայությամբ վերականգնել, պատմության ընդհատված հատվածները մտովի կապել, կամրջել։ 32-րդ էջից հետո տղայի խնդիրն այլևս այլ էր։
Մտահոգ, խոժոռված տեղիցս վեր կացա, գիրքը թևիս տակ դրեցի, ուղիղ Մաշասադոլլահի խանութ գնացի։ Ծերուկն այդ պահին զբաղված էր թրջված շաքարները պարկից դուրս բերելով։ Տատիկիս պղնձե թասը կշեռքի կողքին էր։ Մտքերով ինքն իր ու շաքարների հետ էր և ինձ չնկատեց։ Մի քանի անգամ թեթևակի հազացի, որ շրջվի, սակայն չլսեց։ Շուրթերս լիզեցի և ձայնս մի փոքր բարձրացնելով՝ ասացի․
-Մաշասադոլլահ, Աստծո կամոք Ձեր շաքարները չեն թրջվել, թե չէ, իրոք, ես ամոթով կմնայի։
Հենց ձայնս լսեց, մի թունոտ և վախեցնող հայացք գցեց վրաս՝ ասելով․
-Հիմա ի՞նչ ես ուզում ինձնից, գիրքը հո վերցրել ես, գնա՛, գնա՛ գործիդ։
-Հնարավոր է՝ ասեք գրքի մնացած էջերն ում եք տվել։ Այն պղնձե թասն էլ մերն է, որով Ձեր համար ջուր էի բերել, և հիմա էլ կշեռքի մոտ է։
Մաշասադոլլահն այլևս չկարողացավ համբերել, վագրի նման ցատկեց իմ կողմ, դաստակս բռնեց ու ասաց․
-Էնպես մի արա, որ տամ քիթ ու մռութդ ջարդեմ․ ախր դու ինչո՞ւ ոչ մի կերպ ինձնից ձեռք չես քաշում։
-Շատ լավ, աչքիս վրա, Ձեզանից ձեռք կքաշեմ ու կվերադառնամ իմ գործերին ու կյանքին։ Սա էլ Ձեր պատառոտված գիրքը, միայն թողեք կարդամ՝ գրքի անունն ինչ է։
Գրքի անունը էջի վերևում կարդացի ու մտապահեցի՝ «Փախուստ լեռները»։ Պղնձե թասը վերցրի և տուն եկա։ Մաշասադոլլահին խնդրեցի, որ տատիկիս ոչինչ չպատմի, իհարկե, եթե մինչ այդ պահը չէր պատել։ Գիտեի՝ չի պատմի, միայն սպառնում է։ Բարի և սրտացավ մարդ էր։ Երբ հասկացավ, որ իրեն միտումնավոր չեմ վիրավորել, հանգստացավ։
Վերադարձա տուն, սակայն մտքերով գրքի և փոքրիկ տղայի պատմության հետ էի։ Անավարտ պատմությունը գլխիցս դուրս չէր գալիս։ Նման էի մի մարդու, որը շատ ծարավ է և կարողացել է սառն ու քաղցրահամ ջրով միայն շուրթերը թրջել կամ մի քիչ խմել, բայց նրա ձեռքից հանկարծ խլել են ջրով լի բաժակը։ Պետք է իմանայի պատմության ավարտը։
Հաջորդ օրը երեք ռեալ տատիկիցս վերցրեցի և գիրքը գտնելու հույսով քաղաքի բոլոր գրախանութները գնացի։
-Կներեք, պարո՛ն, Դուք «Փախուստ լեռները» գիրքն ունե՞ք։
-Ոչ, չունենք։
-Կներեք, պարո՛ն, Դուք «Փախուստ լեռները» գիրքն ունե՞ք։
– Հիմա նայեմ, գուցե ունենանք։
Բոլոր գրապահարաններում, գրախանութի անկյուններում իրար վրա դարսված գրքերում փնտրեց և ասաց՝ չունենք։
Մեր քաղաքը գրադարան չուներ․ միայն երեք կամ չորս գրախանութ, իսկ երեխաների համար գրքեր առհասարակ չկային։ «Փախուստ լեռները» գիրքը, ի վերջո, չգտա։ Բայց փոխարենը այդ գրքի փնտրտուքը և գրախանութներ այցելելն ինձ ծանոթացրեց գրքերի աշխարհի հետ։ Ուզում էի աշխարհի բոլոր գրքերը կարդալ։ Բայց որտեղի՞ց գիրք գնելու գումար։ Միայն գրքերի վարձույթի համար գումար ունեի։ Մեկ գիշերը տասը շահիով վարձում էի, իհարկե, մեկ թուման գրավաճառի մոտ թողնելուց հետո։ Բայց ճիշտն ասած, դեռ շատ եմ ուզում գտնել «Փախուստ լեռները» գիրքը և կարդալ։ Նույնիսկ մի քանի անգամ փորձել եմ ինքս գրել տնից տղայի փախուստի պատմության մնացած հատվածը և կարդալ, որպեսզի տեսնեմ պատմությունն ինչպես է վերջանում, բայց ինչքան էլ փորձել եմ՝ սրտովս չի եղել։ Այդպես ես սկսեցի մտածել այլ պատմվածքներ գրելու մասին։ Սկսեցի կյանքս տարբեր կողմերից նայել, գրել ու գրել ․․․

Թարգմանությունը պարսկերենից՝ Աստղիկ Գեղամյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *