․․․ու պոլիէթիլենային տոպրակները:
Մոռգից-մոռգ վազվզելով՝ անգիր էր անում դիակների թևերի տատուները:
Նախորդ տարվա նոր տարուն մթերք փնտրելիս էդպես գտավ ծանոթ ձեռքը, երբ շուկան լեփ-լեցուն է, կռացած պնդուկ էր կշռում ու հանկարծ նկատեց ծանոթ բազուկը։ Շատ ուրախացավ՝ տղեն ծնողներին անակնկալ անելու համար եկել էր կարճաժամկետ օտպուսկ։
Միասին չարազը ընտրեցին, հետո մրգերը. մանդարինը շատ թանկ էր, բայց ոչինչ՝ տղես ա եկել, պետք ա սեղանին մանդարին էլ լինի։ Անանասն էլ նախապես կտրեցին՝ մինչև 12-ը, որ տղեն ուտի ու հետ գնա, որ հանկարծ վրան բիծ չգա ու հաջորդ անգամ էլ կարողանա ղեկավարությանը խնդրել հերթական արձակուրդ գալու համար։
Կենաց էլ խմեցին՝ խաղաղություն լինի, ու անկախ իրենցից տխրեցին։ Երևի մի բան հիշել էին կամ էլ մոռացել, ու երկրորդ բաժակն էլ արագ խմեցին, որ էդ մթնոլորտը ինչ-որ կերպ ցրվի։ Խոստացան հաջորդ տարի էլ թամամ նստեն սեղանի շուրջ ու, Աստված տա, մի բաժակ էլ էդ ժամանակ իրար հետ կարողանան բարձրացնել։
Չկերած ուտելիքի մնացորդը ցելոֆանի մեջ փաթաթեցին ու տվեցին տղայի ձեռքը, որ զորամասում մնացած ընկերների հետ ուտի ու ուրախ զվարթ ճամփեցին հետ։
Լավ ա՝ էդ դաջվածքն էլ արել էր, բայց էդ ժամանակ ոնց էր ջղայնացել հայրը, ու նույնիսկ որդուն մի չափալախ տվել, թե. «Այ տղա, քո ի՞նչ տարիքն ա նակոլկա անելու», տղեն էլ, թե. «Երազ եմ տեսել, որ պետք ա ձեռքիս արծիվ լինի, որ կարողանամ թռչել»։
Էժան տատու անողն էլ արծվի քիթը թարս էր դաջել ու գլուխը մի կողմ էր նայում՝ կտուցը մի, բայց որ անկրկնելի մի բան էր ստացվել, դա փաստ էր։
Հետո միշտ ափսոսացել էր էդ չափալախի համար, բայց նենց չէր, որ դրանից մեծ պատմություն էր սարքել։ Տղեն էլ չէր նեղվել. դե հեր ա, մի չափալախ ավել, մեկը՝ պակաս, կարևորն իրար հասկացել էին ու շարունակել իրար հետ ախպերություն անել։
Ամեն պոլիէթիլային փաթեթ բացելուց հայրը էդ ծուռ արծվին էր ման եկել, բայց եղել էին դեպքեր, երբ թևը չէր եղել, ու ստիպված էր եղել քայքայված դեմքերը ուսումնասիրել, որ ինչ-որ կերպ ճանաչի որդուն։
Վերջը մի փոքրիկ փաթեթ էր գտել՝ էն նույնը երևի, որի մեջ նախորդ նոր տարվա սեղանին մնացած տոնական ուտելիքների մնացածն էին տղայի հետ ուղարկել. մեջը արծվով թև էր գտնվել՝ գլուխը մի կողմ՝ քիթը մի կողմ, ու բերել թաղել էր։
Նախորդ տարվա նոր տարուն խաղաղության կենացն էին խմել, բայց էս տարի ի՞նչի կենացը խմեին։ Երևի խաղաղ երկնքի, որ ուրիշ արծիվներ միգուցե կարողանան թռչել, կամ էլ դաջվածք անողի. առանց նրա էսօր էս մի բաժակն էլ չէր կարող կոկորդներից իջնել ցած։