Անահիտ Ղիասյան | E=mc2

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

Ինքը կփրկվի, բայց կլինի այնպես, ասես կրակի միջով է անցել։
Ա Կորնթացիներին, գլուխ 3.15
***
Галоперидол (антипсихотическое средство, 48 таблеток, 5мг.)
Կարդում եմ տուփի վրա գրվածն ու ինքս էլ չեմ հասկանում` ի՞նչ եմ անում: Նորից եմ կարդում ռուսերեն տառերն ու կարդացածս ուղեղիս մեջ վանկատում` га-ло-пе-ри-дол: Շատ ժամանակ չկա մտածելու, պետք է արագ գործեմ: Ամեն վայրկյան ոտնաձայներ եմ լսում ու ավելի լարվում: Հյուրասենյակի պահարանի մեջ տուփով դրված ուրիշ դեղեր էլ կան. մեկը ծանոթ է, գիտեմ, որ մերոնք այս դեղին կոճակներին «սրտի դեղ» են անվանում: Դեղերի տուփը նորից եմ մի քանի վայրկյանում վերևից ներքև ճառագայթում, բայց մեկ է` ուրիշ բան չեմ փնտրում, ձեռքինս «իմն» է:
Չեմ սիրում երկար տատանվել, մի տեսակ միանգամից եմ որսում` ուզածս ի՞նչ է: Հագուստի խանութ մտնելիս էլ եմ այդպես անում, ժամերով չեմ կանգնում կախիչների առաջ: Մի ամբողջական պտույտը ցուցասրահում ինձ հերիք է հասկանալու` ի՞նչ նոր տաբատ ու բլուզ վաղը կհագնեմ դպրոցում:
Ոտնաձայներն ավելի են մոտենում, հետհաշվարկը սկսված է, տասը վայրկյանից էլ քիչ ժամանակ ունեմ, բայց հույս կա` յոթ հաբը տասը վայրկյանում կհասցնեմ ստամոքս ուղարկել:
Արագությունից մատներիս ծայրերը սառեցին, սրտիս բաբախյունների հաճախակիությունը կրկնապատկվեց ու ես յոթ դեղահաբը յոթ վայրկյանում հերթով բերանս դրի: Երեք վայրկյան մնաց հաբերը ծամելու, պահարանի դուռը փակելու և ոչ մի բան չասող հայացք ստեղծելու համար:
– Ագնե’ս, արի’ ինձ ու Ռիտա տատիկի համար կոֆե դի’ր,- հյուրասենյակի դուռը չհատած, սահմանաբաժանի վրա կանգնած` ասաց տատս ու գնաց:
Հյուրասենյակից քայլում եմ դեպի խոհանոց և հասկանում, որ մի լուրջ բան է փոխվել կյանքումս: Մոգական ծիսակարգով երեք բաժակ սուրճ եմ դնում, սուրճի գդալի վրա բուրգ նկարելով` լցնում եմ սրճեփն ու սպասում` «սերով» դուրս գալուն: Մինչ սերը եռում է` գլխումս հազար միտք է պայթում, հասկանում եմ, որ հիմա ուրիշ եմ ու մի տեսակ անորոշ սպասումով եմ լցվում:
– Դասերդ ո՞նց են Ագնե’ս, շալի մեջ փաթաթվելով, բառերը ծոր տալով` ասում է Ռիտա տատիկն ու հետևում յուրաքանչյուր շարժմանս:
– Երկու շաբաթ աշնանային արձակուրդներ են մեզ մոտ, Ռիտա տատիկ, հանգստանում եմ, բայց լիքը հանձնարարություններ ունեմ անելու: Բակունցի պատմվածքներն են հանձնարարել, դրանք եմ կարդում:
– Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը` ծիրանագույն բուրաստան,- երգեցիկ ձայնով, ինքնագոհ կերպով Բակունցից մեջբերում արեց Ռիտա տատն ու ինձ մոռացավ:
Սուրճս, ստամոքսումս իրար եկող յոթ դեղահաբն ու մտքերս վերցրի ու գնացի ննջասենյակ:
Կենցաղային գործողություններից հետո հասկացա, որ մի լուրջ բան եմ արել: Հետևանքների մասին չեմ էլ մտածել: Ցույց տվե’ք ինձ ինքնասպանության փորձ անողի, ով մտածել է հետոյի մասին: Ա՜խր, ես ինքնասպանություն գործելու միտք չունեի, չէի ուզում այդ պահին կյանքից հեռանալ, բայց խելագարի պես ուզում էի փախչել ներկայից, չլինել այնտեղ, որտեղ ապրում էի, չլսել դատարկ ու անվերջ խոսակցություններ, որոնցից զզվում էի: Իմը լռելն է, իմը զննելն է, ես ատում եմ դատարկաբանությունը: Դրանով պարապ մարդիկ են զբաղվում, ես հանգիստ եմ ու անհանգիստ միաժամանակ: Սիրում եմ նստել ու ժամերով նայել, թե ինչպես են մարդիկ խոսելով, տարբեր պատմություններ պատմելով, խաբում իրենց և ուրիշներին: Խաբում են շատ անկեղծ, խաբում են իրենք էլ հավատալով իրենց ստերին: Ամենածիծաղելին ինձ համար չափից դուրս էմոցիոնալ խոսացողներն են. նրանք ամեն ինչ գիտեն, նրանք պատմում են գիտաֆանտաստիկ պատմություններ, բայց փորձե՛ք մի պահ որսալ նրանց էմոցիոնալ պոռթկումներն ու կհասկանաք, որ հարյուր հազարավոր արտաբերած բառերի ներսում նյութ չկա, ինքնախաբկանք է և անհույս անձանց բամբ ծղրտոց:
Կապույտ ներկած պատի վրա մի մրջյուն նկատեցի: Մենակ էր հյուր եկել, թևի տակ «հայավարի» բան չէր դրել: Տեսնես` ի՞նչ էր մտածում նիհարիկ մրջյունն այդ պահին, տեսնես, եթե խոսել իմանար, ինքն էլ կշարունակեր homo sapiens կոչվածի անվերջ բարբաջանքը: Սիրում եմ մրջյուններին, նրանք լուռ են, նրանք կյանքի դժվարությունները քարշ տալով` չեն սկսում աչքերը չռել ու խոսել:
Մոտեցա պատին կպած շնչավոր էակին, երկու մատով այնպես վերցրի, որ ցավ չպատճառեմ, նստեցի անկողնու ծայրին և սկսեցի ներհայելը նրա և իմ ներսը: Իմ և մրջյունի աչքերը նայեցին իրար, մենք հասկացանք իրար անխոս, վստահ եմ` մարդկանց նման նա ինձ չէր մեղադրի կատարածիս համար, նա կօգներ ինձ, նա կհասկանար իմ լռությունը: Նա էլ ինձ նման փախչում է դատարկապորտ շատախոսներից, նա էլ իր բեռը ինքն է քարշ տալիս, որ հույսը չդնի կեղծ ձեռք մեկնողների վրա: Նրա ընտանիքում շատ չեն խոսում, հասկանում են լռելու նուրբ արվեստը:
Դեղահաբերն ընդունելուց մոտ 30-40 րոպե հետո արտասովոր փոփոխություններ մոտս չէի նկատում, մի տեսակ չէի էլ սպասում, որ մի բան կփոխվի:
Եթե ձեզ մարդկանց ուղեղները լվացնողները հավատացնում են, որ ինքնասպասնություն գործողները սատանայի ծնունդ են, իրենց հոգիները վաճառել են սադայելին` վստահ եղեք, որ ես չարի անունից չէի գործում և բնավ էլ թույլ չէի, որ գնացի այդ քայլին: Կարծում եմ` չափից ավել ուժեղ էի դիմանալու կյանքի պարգևներին և չափից դուրս լավ էի ընկալում կյանքն ու մադկանց: Ես հոգնել էի կյանքի իմաստ փնտրելուց, ես հոգնել էի ամեն օր իրար կեղծող մարդկանցից, բայց ես ինքանասպանության չեմ էլ գնացել, ոչ մի պլանավորված բան չի եղել. ես պարզապես տատիկի աչքից հեռու խմել եմ նրա դեղահաբերը:
Ինչքա՞ն են ինձ հիմա ատում քրիստոնյա ճգնավորները, մեջբերելով դարերից եկող ու մաշված խոսքերը, որ ինքնասպանությունն Աստծո դեմ գործած ծանր մեղք է: Երբ չփրկված մարդն է ինքնասպանություն գործում, նա պարզապես «արագացնում» է իր ընթացքը դեպի դժոխք։
Հետո եմ իմացել ու ժպիտով արձանագրել, որ Աստվածաշունչը վեց մարդու է նշում, որոնք ինքնասպանություն են գործել՝ Աբիմելեքը (Դատավորաց 9․54), Սավուղը (Ա Թագավորաց 31․4), Սավուղի կապարճակիրը (Ա Թագավորաց 31․4-6), Աքիթոփելը (Բ Թագավորաց 17․23), Զամրին (Գ Թագավորաց 16․18) և Հուդան (Մատթեոս 27․5)։ ։
Հեչ չեմ նեղվում, որ պատմության մեջ ինձ էլ հիշատակեն, որպես ինքնասպանություն գործածի: Նորից եմ կրկնում. մի’ մեղադրեք ինքնասպանություն գործողներին, դա նրանց ուղին է, ամեն մեկս ինքնուրույն ենք որոշում` շնչենք թե՞ չշնչենք:
Brahms-ի No.3 սիմֆոնիան է գլխումս, զգում եմ, որ ներսից տակնուվրա եմ լինում: Չգիտեմ` մյուս դեղահաբեր խմածների մոտ էլ էր այդպես, բայց ինձ մոտ վզից սկսեց. մկաններս այն աստիճան պրկված են, որ կարծես երկաթ լինեն, գլուխս ինքնաբերաբար թեքվում է ձախ, չեմ կարողանում կառավարել գլխիս շարժումները, ուղղելու տարբերակ չկա, երկաթ դարձած մկաններս փորձում եմ կռել` չի ստացվում: Շնչառությունս անկանոն է, սիրտս այնքան արագ է բաբախում, որ թվում է` կառավարման վահանակով ձայնը բարձրացրել են, մի տեսակ սառել եմ, սրտխառնոց ունեմ: Галоперидол-ը սկսել է իր ազդեցությունը թողնել: Միայն ուզում եմ գլուխս կառավարել, ինչքան փորձում եմ ուղղել, չի ստացվում: Հավատացեք` մարմնի կառավարումը կորցնելուց ավելի վատ զգացողություն չկա. կարծում եմ` մեռնելուց էլ վատ է:
Մայրս տուն եկավ, տեսավ տարօրինակ եմ ինձ պահում, մտածեց հերթական գժություններն եմ անում, բերեց զոռով մի աման մսով ճաշ կերցրեց, կարծեց սոված եմ, թուլացել եմ: Պատմեցի արածս, չհավատաց, բայց հետո, երբ զգաց, որ գիտակցությունս տեղում չէ, ¬¬«Շտապ-օգնություն» կանչեց:
Մեքենան տեղափոխում է ինձ, վիզս դեռ թեքված է ձախ, միզեցի առանց խղճի խայթ զգալու, չեմ հասկանում` ի՞նչ եմ անում:
Վերակենդանացման բաժանմունքում լույսերը վառեցին, հիշում եմ մեծ սունկի պես մի սարք` մի քանի կլոր լուսարձակիչներով, կախվեց ուղիղ գլխավերևումս: Մի տանջող հարց կա այդ օրվանից մինչև հիմա. արդյո՞ք բուժքրոջ հարցին, թե քանի՞ մատ եմ տեսնում, ճիշտ եմ պատասխանել: Այդ պահին մատների մասին մտածելու վիճակում չէի: Մարմնիս կառավարումը լրիվ կորցրել էի. վիզս շարունակում էր թեքվել ու տպավորություն էր` մկաններս ուր որ է կկտրվեն պրկվածությունից: Հիշում եմ, որ ամեն ինչ շատ արագ էր տեղի ունենում, թեպետ ես կադրերը դանդաղեցված էի տեսնում: Այդ պահին ինձ միակ խանգարողն օրգանիզմիս անկառավարելիությունն էր, մնացածը հաղթահարելի էր:
Յոթ դեղահաբը կուլ տալուց ո՛չ առաջ և ո՛չ էլ հետո ես չեմ մտածել հետևանքների մասին: Ես սիրում եմ ինքնահոսի մատնված ապրել, նողկում եմ ամեն դետալ ու ամեն քայլ պլանավորողներից: Նմաններն ինձ համար փչացած սարքավորումներ են հիշեցնում. նրանք հաճույք են ստանում ուրիշների և իրենց կյանքը կազմակերպելուց: Մեղադրե՛ք ինչքան կուզեք, այդ պահին ուզում էի Галоперидол-ով զվարճանալ:
– Շո՛ւտ, ներարկումն արե՛ք, հեղուկ վերցրե՛ք,- ասաց հերթապահ բժշկուհին սանիտարներին:
Հիշում եմ, որ բլուզս բարձրացրին, ասացին.
– Թեքվի՛ր կողք և ձեռքերդ ու ոտքերդ միացրու իրար:
Հարմար դիրքավորվելուց հետո` ողնաշարիս մեջտեղի հատվածից ներարկումն արեցին կամ վերցրին այն, ինչն իրենց պետք էր: Մի քիչ ցավոտ էր, բայց ուղեղս կիսաարթուն էր, որ հասկանայի` ի՞նչ է կատարվում:
Աչքերս բացեցի և զգացի, որ տանը չեմ: Երկու քթանցքներիցս ինչ-որ լարեր էին միացված, մեկ այլ լարի միջոցով էլ սրտիս զարկերի թըք-թըք-ոցն էի լսում: Վիզս սկսեց նորից ծռվել, անտանելի զգացողություն է, երևի, որ իմանայի էսպես է լինելու, դեղերը կուլ տալուց առաջ քայլերս կկշռադատեի:
Վերակենդանացման բաժանմունքում մենակ չէի. թափանցիկ պատուհաններով առանձնացված երեք սենյակներից յուրաքանչյուրում երկուական հիվանդ էր պառկած: Ինձ մեջտեղում էին վայր գցել, ինձնից ձախ, որքան հասկացա նորածինների հատվածն էր, իսկ աջ` երկու 3-4 տարեկան երեխաներ էին պառկած:
Այս սենյակում ես մենակ չէի վերակենդանանում: Վզիս մկանների ձգվելու պահին սկսեցի զննել ինձնից ձախ: Հատակին կապույտ հողաթափեր էին դրված, պահարանի կողքը սպիտակ ներկված, փայտյա հնամաշ աթոռ էր` վրան կարմիր, սպորտային համազգեստ:
Սկսեցի զննել արտաքուստ 14-15 տարեկան տղայի պրոֆիլը. հունական սուրսայր քիթ ուներ, փոս ընկած աչքեր և բավական կանոնիկ դիմագծեր: Մազերը խիտ էին, մուգ շագանակագույն, չսանրած: Պառկած էր մեջքի վրա, շնչում էր կանոնավոր ու խորը:
Առաջին միտքը, որ եկավ ուղեղս այն էր` տեսնես ո՞վ է, ինչո՞ւ է պառկած, նա՞ էլ է կոճակ համտեսել:
Ինձ միշտ զարմացրել է մարդկանց երազելի անհոգությունը: Ինչքան ինձ հիշում եմ, 14 տարուց գոնե 10-ը երբեք լիաթոք ուրախ ու անհոգ չեմ ապրել: Եթե հարցնեք` աշխարհի հոգսը ինձ էին տվե՞լ, որ անվերջ մտորում էի կյանքի, դրա իմաստի, գոյության կարևորության և յուրաքանչյուրիս առաքելության մասին, կասեմ` հա ուրեմն, լավ էլ իմ հոգսն էր, որ այդչափ մտազբաղ էի:
Կիսամեռածներին կյանք պարգևող բաժանմունքում ոչ մի պատուհան չկար, որ գոնե էդպես հասկանայի` գիշեր է, թե՞ ցերեկ: Չէի կարողանում տեղս հանգիստ պառկել, կիսախավար լուսավորության ներքո ականջիս հասնում էին բուժքույրերի սկիզբ ու վերջ չունեցող բամբասանքներն` ամուսիններից, սկեսուրներից, կոլեգաներից: Կարծես` միայն ես էի անհանգիստ, բաժանմունքի մյուս պացիենտները քնած էին:
Ժամանակ սպանելու համար ընկա մտքերի հորձանուտն ու սկեցի «SOS» կանչել: Նորից հիշեցի իմ սիրած մրջյուններին, կարծում եմ, եթե մի օր կերպարանափոխվեմ, գուցե, մրջյուն դառնամ: Կուզեի նրանց այբուբենը սովորել, որ հասկանայի «մրջուներենով» ի՞նչ են խոսում:
Մարդիկ այնքան բան ունեն սովորելու մրջյուններից: Մի օր փորձեք լինել զննողի դերում և կհասկանաք, որ մարդիկ քանդում են ամեն ինչ: Մարդիկ անխնա կեղեքում են կյանքը, նրանք այնպես են կառչում կյանքից, որ, կարծես, էլ ուրիշ անելիք չունեն: Ամենացավալին այն է, երբ գոյերը սկսում են կապվել իրերի ու իրար հետ: Սկսվում է անխնա մրցավազք նյութականի, ստեղծված դոգմաների ու արդյունքում առողջ ծնված մարդիկ հոտում են ներսից: Գարշահոտը տարածվում է անասելի արագությամբ, ուզում ես դուռդ փակի ուզում ես պատուհանդ, մեկ է, կգան, քեզ էլ կհասնեն: Ես մրջյուններին ավելի շատ եմ սիրում, քան մարդկանց. վերջիններիս համար կյանքը հարատև արժեք է, մրջյունների համար մեկ օրն էլ լիակատար կյանք է` ապրելու, զգալու, բնության հետ ներդաշնակվելու համար:
Թե որքա՞ն ժամանակ մրջնանոցը քրքրեցի, չգիտեմ: Որոշ ժամանանակ անց սենյակների լուսավորությունն ուժեղացավ ու տպավորությունն էր, որ կյանքը դրսում եռում է: Հարևանությամբ գետնին դրված հողաթափերը շարժվեցին ու նկատեցի, թե ինչպես ինձ հասակակից տղան գնաց, հավանաբար, զուգարան: Հետևից, որքան որ հասցրի, զննեցի պրոֆիլը: Բարձրահասակ էր, նիհարակազմ, տղայի համար տարբերվող նուրբ արտաքինով: Դեմքը չկարողացա լավ զննել, իմ սովորության համաձայն տնտղել, բայց ոչինչ, ինձ թվում է` դեռ մի քանի օր էլ երկուսս կվերակենդանանանք:
– Dear colleges, this is resuscitation department and in this period here we have 6 patients. In that sector we have two toddlers. Now look at this beautiful girl she has take 7 pills of Haloperidol.[1]
Այդ պահին մաշկիս ամենանուրբ լարերով զգացի, թե ինչպես են երիտասարդ ապագա բժիշկներն ուշադրությունը սևեռել երեսիս ու յուրաքանչյուրն իր մասով փորձում է հասկանալ` ինչու՞ եմ այդ քայլին գնացել, ո՞րն է պատճառը:
Ասեմ` դպրոցում լավ եմ սովորում, անգլերենից էլ լավ եմ: Տեղացի ու դրսի բժիշկների երկխոսությունը հասկացա ու ուրախացա, որ ինձ գեղեցիկ են համարում:
Դեռահասության տարիքի ցանկացած աղջիկ կարիք ունի, որ իրեն գովեն, ասեն որ ինքը գեղեցիկ է: Արտաքինիս մասին շատ չէի մտածում, տարօրինակ զգացողությամբ վստահ էի, որ, նույնիսկ, գեղեցկության տարածված չափորոշիչներին չհամապատասխանելով, կարողանում եմ հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ մի լավ տպավորվել: Հանգիստ էի արտաքինիս մասով, որովհետև դասարանի տղաներից կեսից ավելին հասցրել էր սիրո խոստովանություն անել ինձ:
Հողաթափերի քսքստոց լսեցի, հետո շրջվեցի ու տեսա կողքս պառկած երիտասարդի սիլուետը: Գեղեցկության գլխավոր ցուցիչն ինձ համար աչքերն են: Եթե նայում եմ դրանց ու առաջին հայացքից կայծ չեմ զգում, ուրեմն տվյալ անձն արդեն գրավիչ չէ ինձ համար:
Մեր աչքերը հանդիպեցին իրար` մի քանի վայրկյան ընդամենը, բայց գիտեք, անասելի հարազատ մի բան զգացի: Եղե՞լ է ձեր կյանքում, որ անծանոթ մարդուն հանդիպելիս այնքան ջերմություն ու հարազատություն զգաք, որպիսին չեք զգացել, անգամ ամենամոտ հարզատներից: Կարծես` նման մարդիկ քնած են մեր ենթագիտակցության մեջ, իսկ մենք` մեր միայնակ լինելու անճարությունից, վերակենդանացնում ենք նրանց:
Ես գտա մեկին, ում նայելիս տպավորություն էր` իմ արտացոլանքն եմ տեսնում: Երբեմն մեկ հայայցքն էլ բավական է դիմացինի մեջ քեզ գտնելու համար: Հարազատ մի բան կար նրա ողջ կերպարում, ձգող ու անբացատրելի: Ինձ մոտ նույնիսկ զգացողություն էր, որ ինձ եմ նայում` կողքից:
Հանգիստ էր ու համարձակ միաժամանակ: Առանց այլևայլությունների նստեց անկողնու ծայրին, զննողաբար նայեց ինձ ու հարցրեց.
– Ի՞նչ է անունդ:
– Ագնես, իսկ ձերը՞,- պառկած դիրքից կիսապառկածի գալով ասացի ես:
– Էրիկ է անունս, քանի՞ տարեկան ես, ինչո՞ւ ես հայտնվել էստեղ:
– 14 եմ, ինքս էլ չեմ հասկանում ո՞նց հայտնվեցի և ինչո՞ւ:
– Միթե՞ չգիտես` ի՞նչ հիվանդ ես:
– Երևի հենց ամբողջ հարցն էլ այն է, որ հիվանդությանս անունը չգիտեմ:
– Էստեղի բժիկները լավն են, մի քանի ժամից կախտորոշեն:
Չգիտեմ ներսս ինչ կատարվեց, բայց ես կաշկանդվածություն զգացի բացահայտելու արածս: Ես այդ պահին էլ էի վստահ, որ պլանավորված ոչինչ չեմ արել, ամեն ինչ եղել է քայլերի բնականոն հերթագայություն:
Դե հասկանում էի, որ թաքուն չի մնալու հետս կատարվածը, բայց մի տեսակ վախենում էի սխալ տպավորություն թողնելուց:
Օրը բացվելուն պես բաժանմունքում աշխատանքային եռուզեռ սկսեց` մեկի մոտ անալիզի պատասխաններն էին եկել, մյուսը բժշկին գանգատներն էր ներկայացնում: Հերթը հասավ ինձ: Դե գիշերն էի ընդունվել, շատ հետազոտություններ դեռ չէին արվել, հերթապահ բժիշկը բաժանմունքի վարիչին ներկայացրեց գլխովս անցածն ու ներկա վիճակս: 40-ն անց տղամարդը ակնոցի տակից խորազնին նայեց աչքերիս` հասկանալու ինչը՞ կարող էր դրդել ինձ այդ քայլին:
– Հիմա քեզ ո՞նց ես զգում սիրուն աղջիկ, ի՞նչ գանգատներ ունես:
– Վիզս պահի տակ թեքվում է, չեմ կարողանում կառավարել գլուխս:
Բաժանմունքի վարիչը ինձ հետ խոսելուց հետո հերթապահ բժշկին համապատասխան ցուցումները տվեց, հերթով մոտեցավ մյուս պացիենտներին, կանգ առավ նաև Էրիկի մոտ.
– Հանգիստ տղա ես երևում, ո¬¬¬՞նց էիր հասցրել էդ կռվի մեջ ներքաշվել: Լավ, մի՛ կարմրի, շատ հարցեր չեմ տա, մենակ ասա քեզ ո՞նց ես զգում:
– Արդեն ավելի լավ եմ, պահի տակ թուլություն եմ զգում, բայց դե կանցնի:
Չգիտես ինչու, երբ բժիշկը խոսում էր Էրիկի հետ, ուզում էի ամեն բառ ու արտահայտություն որսալ, հասկանալ, թե նրան ի՞նչն էր հասցրել վերակենդանացման բաժանմունք:
Բժշկի ու Էրիկի երկխոսությունից «կռվի մեջ ներքաշվել» բառերը մի տեսակ հատուկ ուշադրությամբ ֆիքսեցի, որոշեցի, երբ բժիշկը գնա, Էրիկին մի լավ հարցաքննեմ:
Երկուսս պառկած ենք մեջքի վրա ու նայում ենք հիվանդանոցի առաստաղին. աստղազարդ երկնքից շատ է տարբերվում, բայց գիտակցությունը, որ կաս, շնչում ես, գոյություն ունես, զորեղ մի բան է: Աստղազարդ երկինքը երևակայեցի, ֆոնային երաժշտությունն էլ դարձավ սրտիս միացված սարքի կանոնավոր ու անկանոն ծնգ-ծնգոցը:
Լռությունը խախտեցի ես, ոնց որ թե ես ավելի համարձակ էի:
– Ես քեզ չասեցի չէ՞, որ երեկ վերցրել ու միանգամից 7 դեղահաբ էի կուլ տվել:
Մի քանի վայրկյան լռություն տիրեց: Չշրջվեցի ու Էրիկի դեմքին չնայեցի, բայց էներգետիկ այնպիսի ալիք զգացի, որ բառերով չեմ կարող բացատրել: Զգացի, որ հասակակիցս չէր սպասում այդ բացահայտմանը, գուցե, կարծեց` մոտս մի բան խանգարվել է: Ձևեր թափելու հավես ու տրամադրություն չունեի, ինչ ուզում է թող մտածի:
– Բա դու ո՞նց ես հայտնվել էստեղ, ի՞նչ է պատահել:
– Կռիվ եմ արել ու ասեմ` չեմ փոշմանում:
Զգացի, որ նա իր երկար հասակով մեկ անդիմադրելի մի ուժ դարձավ ու, եթե հնարավորություն ունենար ժայթքելու, մի քանի շենք հաստատ հողին կհավասարեցներ:
– Հաստատ մի սիրուն աղջկա համար եք չէ՞ կռվել:
– Սիրուն աղջի՞կ, չէ, չէ, հո ինձ երեխու տեղ չես դրել: Սպասի նկարագրեմ ո՞ւմ համար ենք կռվել. ֆանտաստիկ խելքի տեր մի մարդու` ուսերին չհասնող սանրվածքով, մորուսով:
– Տղամարդու համար եք կռվե՞լ:
Մի պահ լարվեցի, փորձեցի գլուխկոտրուկը լուծել ու հասկանալ` ո՞վ է եղել կռվախնձորը: Էրիկի նկարագրածը տղամարդ էր, բայց ինչը՞ կարող էր պատճառ լինել դանակահարության ու վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու:
– Մտածում ես գիժ եմ հա՞, մտածում ես երեխայակա՞ն հարց էր, ուրեմն, Ագնե՛ս, իմացի, որ ես կռվել եմ ճշտի համար:
– Գողական ես հա՞. զուսպ, խոհեմ երիտասարդն այդ ի՞նչ թեմաների մեջ է թաթախված:
– Իմ թեման համամարդկային էր:
– Փաստորեն էդ մասշտաբի հարցեր ես լուծո՞ւմ:
Ուղեղումս խառնվեցին մորուսով տղամարդը, համամարդկային թեմաներն ու ավելի խճճվեցի: Ոչ մի կերպ չէի հասկանում` ինչն ինչո՞ց է:
Հետո մեր երկարատև, հյութեղ զրույցի ընթացքում այն, ինչ պատմեց Էրիկն, ինձ համար դարձավ դեղահաբերից հետո ամենամեծ բացահայտումը:
– Ագնե՛ս, լսու՞մ ես: Մի՛ քնի, որ շարունակեմ պատմությունս:
– Հա, հա, լսում եմ, անհամբեր:
– Մեր դպրոցում օժտվածների խմբակ կա, ուսուցիչներն էնքան ասեցին` ես էլ հերթագրվեցի: Մի տեսակ տպավորություն էր, որ դպրոցի պայծառ ուղեղներին մի տեղում են կենտրոնացրել:
– Պայծառ ուղեղներիդ շղթայական ռեակցիայից, հո՞, պայթուն չեղա՞վ:
– Եղավ, այն էլ ինչ պայթյուն, եղավ, որ հայտնվեցի ստեղ էլի:
Կարճատև լռություն տիրեց: Լռությունն երկարեց մինչև առավոտ: Հոգնած էինք երկուսս էլ, քնեցինք, բայց արթնանալուց հետո վերհիշեցի մեր գիշերվա խոսակցությունը:
– Էրի՛կ, զգում եմ, որ օժտվածներիդ խմբակում մի բան այն չէր, ի՞նչ եղավ հետո:
– Մի օր եկավ մեր ֆիզիկայի ուսուցիչն ու մեզ մի խնդիր տվեց: Առաջին տպավորությամբ պահանջը պարզ հնչեց. ո՞վ կարող է հաշվել իր մարմնի լրիվ էներգիան:
Յոթ տղաներից բաղկացած տղաների խումբը սկսեց մտագրոհը: Ամեն հավանական ու անհավանական վարկած լսեցինք: Մեր խմբից էր Վարդանը կամ «Սևոն». գենետիկ կոդը չէինք ուսումնասիրել, բայց, անկեղծ ասած, մաշկի գույնը լավ սև էր, մականունն արդարացնելու չափ:
– Արա՛ Էրո, չես կարո՞ւմ մի հատ խնդիր լուծես, էներգիադ աչքիս ուրիշ տեղ ես ծախսում արա՛: Դու լրիվ էն լեզուն դուրս գցածին ես նման (նկարում Էյշտեյնն էր)
Երկու անգամ լսեցի արա բառը, հեգնական տոնն ու քմծիծաղը, երրորդ «արային» չհասավ: Դասերից հետո իմ համախոհներն ու Սևոյինը հանդիպեցին դպրոցի ետնաբակում: Վիրավորնքից շատ էի ազդվել, մի երկու բառ խոսելուց հետո, հասկանալով, որ բառախաղում ինձ չի հաղթի, հերթը հասավ բռուցքներին:
Մի լավ ծեծ կերա, ընկերներիս էլ բաժին հասավ: Դեմքիս վրա պատռվածքներով, աչքի տակ կապույտով ու ուղեղի ցնցումով տեղափոխվեցի այստեղ:
– Տղա լինելն էլ մի բան չի, հա՛, ամեն բառիդ համար պիտի պատասխան տաս:
– Համաձայն չեմ Ագնե՛ս, տղա լինես թե աղջիկ ամեն քայլիդ համար պատասխան ես տալիս: Այս կյանքում ամեն ինչ էներգիա է, մի էներգիան փոխակերպվում է մյուսի: Դա է կյանքի շարժիչ ուժը, դա է պահում աշխարհը հավասարակշռության մեջ:
– Հիմա, որ մենք էստեղ պառկած ենք դա էլ է էներգիա է, թե՞ ստատիկ վիճակ:
– Էներգիան չի կորում նունիսկ քնած ժամանակ. մի օրինակ բերեմ, քնից հետո կա՛մ արթնանում ես ու սովորականի պես անցնում ամենօրյա գործերիդ, կա՛մ մեռնում ես: Ամեն ինչ շրջապտույտի մեջ է, պատճառ-հետևանք, պատճառ-հետևանք, պատճառ-հետևանք:
– Պատճառը ո՞րն էր, որ երկուսս հայտնվեցինք էստեղ:
– Մեր քայլերը: Չկան մեծ կամ փոքր քայլեր, կա քայլ, որ արել ես և որի պատասխանատուն դու ես: Պատահականություններ չեն լինում, մենք ինքներս ենք մեզ տանում ժամանակավոր դադարի դաշտ: Այս շրջափուլի համար սա մեր վերջնակետն է: Բայց մի անհանգստացի, շատ չենք պառկի, ամեն բան կարող է փոխվել վայրկյանների ընթացքում:
– Գիտե՛ս, ձեր ֆիզիկայի ուսուցչի խնդիրը մինչև հիմա ուղեղումս է: Եթե քո ասածով էներգիան անընդհատ փոխակերպվում է, ապա ոնց կարո՞ղ ենք հաշվել մեր մարմնի լրիվ էներգիան, ուրեմն այն հաստատուն չէ, փոփոխվող մի բան է:
Երկուսս կիսապառկած դիրքից դուրս եկանք, թեքվեցինք ու նստեցինք: Այնքան էինք տարվել մեր զրույցով, տպավորություն էր` հիվանդանոցի փոխարեն պարկ Գուելում ենք:
– Ագնե՛ս, ես պաշտում եմ ֆիզիկան, ուսուցչի հանձնարարությունն ինձ համար մեկից մեկ էր, բայց այդ օրը չպատասխանեցի, կռվի տեղն ու ժամն էին որոշում: Կբացատրեմ հեշտ կհասկանաս:
– Քանի՞ կիլո ես:
– 48:
– Լավ թեթև ես: Դե լսի, գիտության մեջ, ինչպես կյանքում ամեն ինչ կոնկրետ է, այ ուրիշ հարց, որ հաճախ մենք ենք ամեն ինչ բարդացնում: Հարաբերականության տեսության մասին լսե՞լ ես: Մարդիկ ինչ կերպ ասես չեն մեկնաբանում այս տեսությունը: Ինձ պարզապես զվարճացնում է այն արտահայտությունը, երբ մարդիկ ասում են. ամեն ինչ հարաբերական է այս կյանքում:
– Չծիծաղես, բայց մեկ-մեկ ես էլ եմ ասում:
– Գիտես չէ, քաշդ պատահական չհարցրի: Եթե զանգվածդ բազմապատկում ես լույսի արագության քառակուսու հետ, ստացվում է քո պոտենցիալ էներգիան: Բայց սպասի, էներգիադ հաշվիչով հետո կհաշվես: Հիշում ես չէ, որ ասացի ֆիզիկայի ուսուցիչը խնդիր էր տվել: Խնդիրը զանգված-էներգիա համարժեքության բանաձևի հետ էր կապված:
– Լուծեցի՞ր:
– Չլուծեցի, թեև պատասխանը գիտեի: Գնացի կռվի, բայց գիտես` ի՞նչ հասկացա. ի վերուստ մեզ տրվել է էներգետիկ մեծ պաշար, մենք ինքներս էլ չենք հասկանում, ինչ զորեղ ենք, մենք մտածում ենք, որ պրոբլեմները երկնքից թափվում են մեր գլխին: Իրականում մենք մեր էներգիան վատնում ենք` ամեն օր մի սխալ ընտրություն անելով: Դու ընտրեցիր դեղահաբ կուլ տալը, արդյունքում էստեղ ես, ես ընտրեցի կռվի մեջ ներքաշվելը, արդյունքում` կողքդ եմ: Ագնե՛ս, վերահսկի՛ր էներգիադ, միշտ իմացիր, էներգիան միշտ կա, այն չի կորում, այն մի ձևից փոխվում է մյուսի. քո էներգիայով կարող ես մի ամբողջ տիեզերք շուռ տալ:
Մեր զրույցը երկարեց, Էրիկն ինձ էլի հետաքրքիր բաների մասին պատմեց, երբևէ չեմ մտածել, որ ես էներգետիկ մեծ պաշար ունեմ: Այդ օրը Էյնշտեյնից խոսեցինք, էներգիայի փոխակերպումներից խոսեցինք ու այնպիսի տպավորություն էր` կյանքի իմաստը լիովին հասկացա: Հա անկեղծ, չծիծաղեք այն մարդու վրա, որն ասում է, որ մի լավ զրույցը կարող է իր կյանքը փոխել: Մի տեսակ ոնց-որ լուսավորված լինեի, շատ բան հասկացա: Ասեմ` ինձ ոչ թե մաթեմատիակական պարզ հաշվարկը գրավեց, այլ այն, որ գիտակցեցի հզորությունս, հասկացա, որ ես պատահական քամիների արդյունքում չեմ կարող տարուբերվել, չեմ կարող հարևանի կամ մայրիկիս ասածից նեղանալ, ամեն բան իմ ձեռքն է, ես եմ շախմատի ֆիգուրների քայլերը որոշում: Բայց կարևոր է հասկանալ, որ ամեն ինչ այս կյանքում պատճառ-հետևանք է, առավոտյան աչքերդ բացելուց սկսած սկսում է քայլերի հերթափոխը: Եթե պարզ բառերով ասեմ կստացվի, որ լավ քայլերի արդյունքում դրական էներգետիկ դաշտ է ստեղծվում, հակառակ պարագայում ստացվում է անհաջողությունների հարափոփոխ շղթա: Դժվար է բացատրել զգացածս, բայց հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ուզում էի ինձ երջանկություն բերած պայծառացման նոտաներով կիսվել ծանոթներիս հետ:
Դե հասկանում եք, ինքնակամ դեղահաբ ընդունածին կեսը գժի տեղ էին դնում, կեսն էլ կլանված լսում Էյնշտեյնի հարարաբերականության տեսությունն իմ մատուցմամբ ու իրենք էլ պայածառանալու նպատակով փորձում լուծել E=mc²-ին:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հաճախ մտածում էի Էրիկի մասին: Հանդիպելու առիթ այլևս չունեցա: Դեղահաբերի մասին մոռացել էի. դե հասկացել էի E=mc²-ի բանաձևն ու ներքին էներգիայիս փոխակերպումներին դրական ընթացք տվել:

 

[1] Հարգելի գործընկերներ, սա մեր վերակենդանացման բաժանմունքն է: Այստեղ հիմա մենք 6 պացիենտ ունենք: Այն հատվածում պառկած են փոքրիկները (նորածնային տարիքի): Հիմա նայեք այս գեղեցիկ աղջկան, նա 7 հաբ Հալոպերիդոլ է ընդունել:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *