/Մալյան թատրոնի հոբելյանական ներկայացումը/
Հայաստանի անկախության նախաշեմին, 1991 թվականին, Հրանտ Մաթևոսյանի մտածումների առանցքում հրապարակախոս Թումանյանն է եղել․ «Ազատության ու անկախության մեր եզակի կուռքը Հովհաննես Թումանյանն է, որովհետև ռուս ու համաշխարհային մշակույթի ու քաղաքական մտքի հետ սրա զրույցն է հավասարների զրույց, մնացյալը՝ երախտավորների ու երախտագետների»։
Թումանյանի ծննդյան օրը, փետրվարի 19-ին, ազատության ու անկախության մեր կուռքին էր նվիրված Մալյան թատրոնի «Մենք ենք, մեր Թումանյանը» թատերականացված ընթերցանությունը։ Յուրատեսակ ներկայացման բեմականացման հեղինակը Լիզա Ազիզյանն է, դերասացները՝ Սամվել Թոփալյան, Լիզա Ազիզյան, Քրիստինա Հովակիմյան, Աստղիկ Աբաջյան, Վահագն Գասպարյան, Արա Սարգսյան, Լևոն Մելոյան, Կարինե Ոսկանյան, Վարդուհի Ռուշանյան։
Օրինաչափ ու բնական էր այս թատերական անդրադարձը, քանի որ Մալյան թատրոնի առաջին, ամենաերկարակյաց ներկայացումը՝ Թումանյանի «Հեքիաթները», վաղուց արդեն թատրոնի այցեքարտն է, իբրև թանկ ժառանգություն և ուղեցույց։ Չորս տասնամյակ ներկայացումը թատրոնի խաղացանկում է, յուրատեսակ կապ ստեղծելով սերունդների միջև։ Հենրիկ Մալյանի «Հեքիաթները» գերում է հանդիսականին խոսքի բարձր կուլտուրայով, զավեշտով ու միաժամանակ թումանյանական խորունկ իմաստնությամբ։ Տարբեր տարիքի հանդիսականի ոգևորությանն ականատես լինելով, ակամա հիշվում է այլ առիթով գրված չարենցյան տողը ՝ «որ կթովե երեխային ու ծերունու սրտում մնա»։
Մալյան թատրոնի՝ «Մենք ենք, մեր Թումանյանը» թատերայնացված ընթերցանության միակ «դեկորը» Թումանյանի խոսքն էր, և պաստառին երևացող տարբեր տարիքի Թումանյանի պատկերները՝ առինքնող, հարազատ, մտահոգ, «154» նշումի տակ։ Այս ընթերցանության հերոսը հրապարակախոս Թումանյանն է, զարմանալիորեն ժամանակահունչ, անկախ այն փաստից, որ խորհել է մեկ դար առաջ։
Վերջին տասնամյակներում Թումանյան հրապարակախոսի մասին սկսել են շատ խոսել, ավելի հաճախ են անդրադառնում հասարակական գործիչ Թումանյանի կերպարին։ Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը սա բացատրում է նրանով, որ սիրված բանաստեղծն «իր ժամանակին ոչ թե իմաստունի պես փիլիսոփայական խոհեր էր արտահայտում, այլև նրա կյանքն ուղիղ բխում էր այդ օրերի ապրածից»։
Ներկայացման կենտրոնում հրապարակախոս Թումանյանն է՝ դուրս ու բարձր հայրենիքը ճարակող ամենատարբեր խմբավորումներից։
Սամվել Թոփալյանը՝ սպիտակ վերնաշապիկով և սև անթև բաճկոնակով, ասացող Թումանյան է․ «Մեր տոհմը Լոռու հին տոհմերից է, վաղո՜ւց հաստատված Լոռու Դսեղ գյուղում»։
Սպիտակի ու սևի համադրության դասական ու հանդիսավոր այս ոճի մեջ են բոլոր դերասացները։ Հանդիսականն ասես տեսնում է ապագա բանաստեղծի ծնողներին՝ «ծայրահեղորեն տարբեր արարածներ, ազնվական, շռայլ, զվարթաբան, բայց միշտ մի խորը լրջություն ունեցող հայրը և նրա անփույթ, շռայլող բնավորությունը չհանդուրժող մայրը»։
«Ես երբեք չեմ մոռանա վարժապետական այդ մեթոդը»․ վերհիշելով հայրենի գյուղում նախնական կրթությունը և Սահակ վարդապետի երկաթե գավազանը, գրել է Թումանյանը։
«Տասը տարեկանում հեռացա գյուղից Ջալալօղլի, այնտեղից անցել եմ Թիֆլիսի Ներսիսյան դպրոց, որը չեմ ավարտել» ․ մեր ամենամեծ հայի «կերպարանքն առած» հանդարտ ու աշխույժ պատմում է Սամվել Թոփալյանը։
Հետո արդեն տասներկու տարեկանում պատահաբար հայտնի դարձած առաջին գրական թոթովանքն է սերը սրտում դաս սերտող պատանու մասին՝ «Թե կան դասեր, կա նաև սեր»։ Եվ առաջին հիշատակության արժանի գործը՝ գողտրիկ «Շունն ու կատուն»։
Մալյանական ներկայացման մեջ Թումանյանի հրապարակախոսությունը մատուցվում է Մովսես Խորենացու «Ողբամ զքեզի» նմանությամբ, բայց ավելի ժողովրդական լեզվով՝ «Ինչո՞ւ է այդպես»։
Բանաստեղծի խոհերը դառնացած ժողովրդի, «ծանր ու խորը բարոյական հիվադության» մասին են։ Ինչու է այդպես՝ երկիր ունենք, չենք ճանաչում, լեզու ունենք, չենք խոսում, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն։ Մի բան է դժվար՝ մարդ լինելը։ Մեր ներսի մարդը շատ է փչացած, ուրիշ ճանապարհ չկա, փրկությունը ներսից է լինելու։ Չկա անկեղծության ջերմությունը։ Բա հոգևորականությո՜ւնը, ինչքան վարձք ու պատիվ տաս, էլի դժգոհ է։ Բա մամո՜ւլը, ներթայֆայականությունը։ Ինչո՞ւ է այդպես։
Թումանյանի դիտանկյունով, ժողովուրդը խաղաղարար է, ամբոխը՝ կռվարար։
Բանաստեղծը մատնանշում է «ահռելի չափով կեղծիքը», երբ ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ՝ խոսում․ «Դերասանը գեղեցիկ է բեմի վրա, գարշելի՝ կյանքում։ Ցածեր, կեղծավորներ, իրենց վրա առած զանազան դերեր․․․ Խորթ, օտար, անխիղճ՝մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը»։
Եվ ոչ մի մեղավոր չերևաց։
Հովհաննես Թումանյանի մահվանից անցել է հարյուր տարի։ Իր մտածումերից ոչ մեկը չի փարատվել, չի հնացել։
Ոչ մի վտանգ չի հեռացել։
Մալյան թատրոնի «Մենք ենք, մեր Թումանյանը» յուրատեսակ ներկայացման մեջ կարմիր թելով անցնում էր բարոյական հանճար մեր մեծագույն հայի կյանքի ու գործի ընդհանրությունը։
Հովհաննես Թումանյանը, իբրև գաղտնատես, նշան է համարել, որ հայկական բարձրավանդակն այնքան մոտ է երկնքին, և ուրեմն «մենք կունենանք մի հայրենիք, որտեղից ուրիշները չեն հեռանա»։
Ներկայացման ավարտին, բեմեզրին նստած, դերասաններից ոմանք երգում են, մյուսները մրմնջում, բոլորը միասին՝ անրջում․
«Ա՜խ, ինչ լավ են սարի վըրա,
Անցնում օրերն անուշ-անո՜ւշ․
Ա-նըր-ջա- յին․ թեթևասա՜հ․․․»