Արքմենիկ Նիկողոսյան | Մեծ հայրենականի գրականը

Արքմենիկ Նիկողոսյան

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

Սկիզբը

Երբ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Երկրորդ աշխարհամարտի բոթը տակնուվրա արեց համաշխարհային հանրությանը, և մինչ այդ գրվող հակապատերազմական բնույթի գեղարվեստական գործերը ամբողջ աշխարհում սկսեցին օր օրի հավելվել նորերով, խորհրդային, այդ թվում՝ հայաստանյան գրական իրականության մեջ ասպարեզից չարամտորեն հեռացված Չարենցի, Բակունցի, Թոթովենցի, աքսորյալՄահարու,  Զապել Եսայանի փոխարեն «գրական դիրքերում» հայտնվածները դեռևս դասակարգային ու կուսակցական պայքարի մղման ու ստալիներգության մոլուցքի մեջ էին և պատերազմի արհավիրքի գիտակցում հազվադեպ կարելի էր հանդիպել: Իրավիճակը միանգամից փոխվեց, երբ 1941 թվականի հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա և սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Մամուլն անմիջապես հեղեղվեց բանաստեղծություններով ու հրապարակախոսական հոդվածներով, որոնց շարքում առանձնահատուկ տեղ է գրավում Ավետիք Իսահակյանի «Ռազմակոչ» բանաստեղծությունը, որի նմանությամբ ու ներշնչանքով պատերազմի օրերին բազմաթիվ գործեր գրվեցին:

Գիշեր է մռայլ, ամպամած գիշեր:

Հողմեր են փչում, շաչում են հողմեր

Դավաճան երկրից մեր նենգ թշնամու

Մեր նվիրական դաշտերի վրա:

Գոռ ալիքներն են լեռնանում ընդոստ

Մեր խռովահույզ ծովերի վրա:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտը».

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

 

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

 

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես կկորչիք վայրագ:

Ընդհանուր առմամբ՝ այս ոգով էին նաև պատերազմի մյուս «տաք» գրական արձագանքները:

Ռազմաճակատային

Հայրենական պատերազմին մասնակցած հարյուր հազարավոր հայորդիների շարքում քիչ չէին գրողները, որոնք հենց մարտի դաշտում գրում էին բանաստեղծություններ, պատմվածքներ, ակնարկներ, անգամ՝ վեպեր, որոնց տպագրվում էին ընթացիկ մամուլում, ինչպես նաև՝ պատերազմից հետո լույս տեսան նրանց տարբեր ժողովածուներում ու առանձին գրքերով: Հրաչյա Հովհաննիսյանի, Գևորգ Էմինի, Համո Սահյանի, Մեծ հայրենականում զոհված Թաթուլ Հուրյանի, էլի շատերի բանաստեղծությունները գրված էին անկեղծ շնչով ու հաղթանակի հավատով: Առավել հուզիչ էին այն բանաստեղծությունները, որոնք գրված էին մոտալուտ մահվան զգացողությամբ, և առավել ցնցող են այն դեպքերում, երբ դրանց հեղինակները զոհվել են մարտի դաշտում: Ի դեպ, Հայրենական պատերազմի ժամանակ զոհված հայ գրողների մասին կենսագրական ընդարձակ տվյալներ են բերված Սասուն Գրիգորյանի «Մուսաները չլռեցին» գրքում:

Նմանատիպ բանաստեղծություններում մեծ տեղ էր գրավում կարոտի թեման, որ լավագույնս է արտացոլվել Համո Սահյանի «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծության մեջ: Մյուս կողմից՝ Հայրենական պատերազմի շրջանում ծնվեցին բազմաթիվ ժողովրդական երգեր, որոնք վկայագրում են թե՛ ռազմադաշտում կռվողների, թե՛ թիկունքում ապրողների ապրումները:

Արձակագիր ռազմաճակատայինները պատերազմի ընթացքում հիմնականում հանդես էին գալիս փոքրիկ պատմվածքներով կամ ակնարկներով: Միայն հետագայում նրանք իրենց տեսածն ու ապրումները վկայագրեցին վեպերի տեսքով:

Յուրօրինակ ռազմաճակատային գրականություն էր ստեղծվում նաև թիկունքում: Պատերազմին տարբեր հանգամանքներով չմասնակցող բազմաթիվ գրողներ պարբերաբար լինում էին ռազմաճակատում, զինվորների կողքին, հոսպիտալներում և դա արտացոլող վկայություններ գտնում ենք ոչ միայն նրանց՝ համազգեստավոր լուսանկարներում, այլև տարաբնույթ ստեղծագործություններում: Այդտեսակ գործերից տպավորիչ են հատկապես Գեղամ Սարյանի «Կարոտ» և «Սերմնացանները չվերադարձան» բանաստեղծությունները:

Իհարկե, ստեղծվող գրականությունը զերծ չէր խորհրդային գաղափարախոսության և համապատասխան քարոզչության ազդեցությունից: Ստեղծվեցին երկեր, որոնք         միայն ու միայն լցված էին խորհրդային զորքերի փառաբանությամբ, զինվորների բարությամբ, մարդասիրությամբ ու հերսություններով. ո՛չ մի խոսք խնդիրների, պարտությունների, ձախողումների ու ներքին կոնֆլիկտների մասին: Նման գաղափարախոսության ու քարոզչության արտահայտություն էր Հրաչյա Քոչարի «Մեծ տան զավակները» վեպը, որտեղ գեղարվեստականացվում էր մեկ այլ պատերազմ, քան իրականում եղել էր:

1945 թ. մայիսի 9-ին Բեռլինի գրավման, ինչպես և Հայրենական մեծ պատերազմի սկզբին, առաջինն արձագանքեց Ավետիք Իսահակյանը՝ գրելով «Մեծ հաղթանակի օրը» բանաստեղծությունը.

Մեր սուրը փառքով դրեցինք պատյան, -

Մեծ հաղթանակի օրն է ցնծալից.

Պարտվեց մահաշունչ ոսոխը դաժան,

Երգեր են հորդում զվարթ սրտերից:

Հետհայրենական

Հայրենական մեծ պատերազմին հաջորդող առաջին տարիներին շարունակվեց ռազմաճակատային շրջանի էյֆորիան: Սակայն, հատկապես՝ 1950-ական թվականների կեսից սկսեցին հրատարակվել հատկապես վեպեր, որոնցում երևում էր պատերազմի մեկ այլ, մինչ այդ անծանոթ դեմք: Եվ եթե Սերո Խանզադյանի «Մեր գնդի մարդիկ» վեպը, պատմելով Լենինգրադի  համար մղվող մարտերի մասին, շարունակում էր խորհրդային ինտերնացիոնալիզմի քարոզչությունը, ապա Բաղիշ Հովսեփյանի «Սերմնացանները չվերադարձան», ինչպես նաև «Դու հասկացա՞ր ինձ» վեպերը պատմում էին պատերազմի դժվարությունների, այդ ընթացքում ապրած մեծ ողբերգությունների, երբեմն անգամ թշնամուն սիրելու մասին, ինչպես նաև վկայագրում էին պատերազմին մասնակցած զինվորների դժվարին ու ողբերգական կյանքը պատերազմից հետո, նրանց խեղված ճակատագրի ամբողջ դրամատիզմը: Նրանք, որպես կանոն, դժվարությամբ էին ինտեգրվում հասարակությանը, և պատերազմի վերքերը սպիանալու հետ մեկտեղ՝ հասարակությունն էլ այլևս անտարբեր էր դառնում ռազմաճակատում թևը կամ ոտքը կորցրած մարդկանց հանդեպ: Բայց ամենածանրը պատերազմ տեսած մարդկանց խեղված հոգեբանությունն էր, որը թույլ չէր տալիս լիարժեք ապրել կյանքը:

Մկրտիչ Սարգսյանի «Չսպիացած վերք», «Խաղաղություն պատերազմից առաջ» վեպերում նույնպես պատերազմի մեկ այլ դեմք է: Սարգսյանը, սակայն, իր վեպերի պատումներին ուղեկցող նուրբ, կարելի է ասել՝ պատերազմական հումորով կարողանում է մի փոքր ցրել ողբերգական զգացողությունները:

Պատերազմից հետո գրեթե չէր գրվում ռազմագերիների մասին, նրանց մեծամասնությունն ընկալվում ու ներկայացվում էր որպես դավաճան, որ թշնամու ճամբարներում լրտեսությամբ է զբաղվել՝ կարևոր ռազմական տեղեկատվություն փոխանցելով: Հետագայում, սակայն, քիչ-քիչ հաղթահարվեց նաև այս տաբուն և տարբեր հուշագրությունների, պատմվածքների ու վեպերի շնորհիվ ի ցույց դրվեց թշնամու ճամբարներով անցած և ամենադաժան փորձությունների ենթարկված ռազմագերիների ողբերգությունը: Խաժակ Գյուլնազարյանի «Ինչ-որ տեղ վերջանում է հորիզոնը» վեպն անդրադառնում է հենց այս թեմային:

Շահեն Թաթիկյանի «Երիցս խաչվածը» վեպը հատկանշվում է իր լայն ընդգրկմամբ՝ նախապատերազմյան շրջան, ռազմաճակատ, հետպատերազմյան շրջան: Վեպի հերոսի օրինակով՝ Թաթիկյանը վկայագրում է մի ամբողջ սերնդի խեղված ճակատագիրը՝ ամրագրելով, որ քանի դեռ անհայր որդիներ կան, քանի դեռ սևազգեստ մայրեր կան, քանի դեռ անհետ կորածներ կան՝ պատերազմը դեռ շարունակվում է:

Պատերազմական թեման ամենատարբեր դրսևորումներով առկա է նաև Զորայր Խալափյանի, Մանուկ Մնացականյանի, Մնացական Թարյանի և շատ ուրիշների ստեղծագործություններում:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *