Սադեղ Հեդայաթ (1902_1951)` իրանցի գրող, բանասեր, թարգմանիչ, հասարակական գործիչ։ Հեղինակ է բազմաթիվ ստեղծագործությունների։ Հեդայաթը իրանական նոր գրականության մեջ պատմվածքի ժանրի հայրերից է։ Նրա «Քոռ բու» վիպակը զետեղված է համաշխարհային գրականության պատմության լավագույն ստեղծագործությունների ցանկում, սակայն առ այսօր մնում է որպես չվերծանված և, գուցե, ամբողջապես չհասկացված մի ստեղծագործություն։ Հեղինակի գրական ժառանգության մեջ ուրույն տեղ է զբաղեցնում նաև «Մահը» պատմվածքը։
Մահ… որքա՜ն վախեցնող ու հուզառատ բառ է, չէ՞։ Բառը լսելուն պես հոգեմաշ զգացողություններ ես ունենում, ծիծաղը շուրթերիդ է սառում, սրտիդ ուրախությունը հօդս է ցնդում։ Ավա՜ղ, մահը կյանքից անբաժան է։ Մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող։ Երկնքի աստղերից մինչև երկրի վրա գոյություն ունեցող ամենափոքրիկ հյուլեն անգամ, վաղ թե ուշ մեռնում են։ Քարերը, բույսերն ու կենդանիները ծնվում են մեկը մյուսի ետևից և, մի բուռ փոշի դարձած, մոռացության անկյուն ու ոչնչության օթևան ուղևորվում։ Երկիրը շարունակում է իր շրջապտույտը, բնությունը վերսկսում է կյանքը մահվան մնացորդների վրա։ Արևն ավելի պայծառ է շողում, զեփյուռը կրկին մեղմ փչում է, ծաղիկներն օդում տարածում են իրենց անուշ բույրը, և բոլոր կենդանի էակները շարունակում են առօրյա եռուզեռը։ Երկինքը ժպտում է, երկիրը` մեծանում, իսկ մահը հնձում է կյանքի դեզն իր հին մանգաղով։
Մահը գոյություն ունեցող բոլոր էակներին միևնույն աչքով է նայում, ո՛չ հարուստ է ճանաչում, ո՛չ անտուն-անտեր, ո՛չ վերև ու ո՛չ ներքև, իր մութ վրանում կողք կողքի քնեցնում է մարդկանց, բույսերին ու կենդանիներին։ Միայն գերեզմանատանն է , որ
արյունարբուներն ու դահիճները դադարում են մեղքեր գործել, անմեղները չեն խոշտանգվում, ո՛չ ճնշող կա և ո՛չ էլ ճնշվող։ Մեծ թե փոքր քաղցր քնի մեջ են։ Ի՜նչ խաղաղ ու հաճելի քուն է, որ չի տեսնում արշալույսն ու չի լսում կյանքի աղմուկն ու ճիչը։ Մահը լավագույն ապաստանն է կյանքի ցավերի, վիշտ ու տառապանքների։ Պատերազմը, սպանությունները, մարդկային անարդարություններն ու էգոիզմը մութ ու սառը հողի գրկում հանդարտվում են։
Եթե մահը չլիներ, բոլորը կիրականացնեին իրենց երազանքները, հուսահատության ճիչերն էլ երկինք կբարձրանային և անեծքների տեսքով կտեղային երկրի վրա։ Ա՜խ, որքան դառն ու սարսափելի կլիներ կյանքն առանց վերջի։
Այնժամ, երբ կյանքի դառն ու դաժան փորձությունը հանգցնում է երիտասարդության խաբուսիկ լույսերը, չորացնում բարության աղբյուրն ու խավարի
սառնությամբ պատում մարդկային գոյությունը, մահն է օգնության հասնում` դարդից կուչ եկած մարմինը դնելով հարմարավետ քնարանում։
Է՜յ, մա՜հ, դու հեռացումն ես կյանքի տառապանքներից, տխրության ու հուսահատության բալասանն ես։ Դու նման ես այն հոգատար մորն, ով, փոթորկից հետո տաք գիրկն առած, քնեցնում է իր ձագին։ Դու նման չես այն գիշատիչ կյանքին, որ մոլորեցնում է մարդկանց` նետելով անորոշության հորձանուտը։ Դու նա ես, ով, ծիծաղելով մարդկային թերարժեքության, ինքնահավանության ու նեղմտության վրա, վարագուրում է նրա անարժան արարքները։
Ո՞վ չի համտեսում քո քաղցր գինին։ Մարդը, քո դեմքը սարսափի վերածած, փախչում է քեզնից։ Ախր, ինչու՞ է քեզնից զարհուրած, ինչու՞ է քեզ պարսավում ու
հարվածում։ Դու վառ լույս ես, բայց քեզ խավար են համարում, դու երջանկության բարեբեր հրեշտակն ես, բայց շեմիդ ոտք դնելուն պես ողբում են ու կսկծում, ախր,դու սգո սուրհանդակը չես, դու դեղն ես թոշնած սրտերի, ով բացում է հույսի դուռ հուսահատ հոգիների առջև։
Դու հյուրընկալել ես կյանքից հոգնած քարավաններին, ազատել նրանց ծանր հոգնությունից, ուստի արժանի ես գովասանքի, ո՜վ մահ, դու` հավիտենական կյանք։
Թարգմանությունը պարսկերենից՝ Նազելի Մարկոսյանի