Հրաչ Բեգլարյան | Գաբրիելի ճամպրուկը

Երբ Գաբրիելը սև, լաքած ճամպրուկն ուղարկեց Ազատի հետևից և գյուղի ջահելներն ուսամբարձ տարան նրան, Հայկոն լաց եղավ մտքի մեջ: Հետո ի՞նչ, որ Ազատն ութսունյոթ տարեկան էր, ինչքան չլինի իր վաթսունյոթ տարվա հերն էր եղել: Մտքում, թե՞ սրտի մեջ լաց եղավ, բայց ցույց չտվեց: Ո՞ր մի վաթսունյոթ տարեկան մարդն է ափաշկարա լաց լինում իր համարյա իննսուն տարեկան հոր վրա, որ Հայկոն լացեր: Իր շփոթվածությունը, վիշտը չցուցադրելու համար տղերքին ձայն տվեց.
-Երկար ճամփով մի գնացեք, իջեք ուղիղ` ձորի միջով:
Տղերքը կանգ տվեցին. ի՞նչ անեն: Լո՞ւրջ ընդունեն նրա ասածը, թե՞ կատակ: Կշռեցին անելիքները, բայց չիմացան, որ Ազատը պառկած տեղից լսեց, մի աչքով նայեց ու հասկացավ, թե նրանցից ով ինչ է մտածում: Նրանք ի՞նչ իմանային, որ էն աշխարհ գնացողը կարող է էս աշխարհի հետ կապ ունենալ, տեսնել, լսել ու հասկանալ ամեն ինչ, բայց կամ էդ ամենին խառնվել չկարողանալ, կամ` չուզենալ: Ի՞նչ իմանային, ու ոտքները կախ գցած մի քանի վայրկյան նայում էին իրար: Թափորն ասես մի քանի վայրկյան գայթել էր, ոտքի տակ ընկած փոքրիկ քարը մի կողմ նետել ու առաջ գնալ էր փորձում, ականջխլության տալով Հայկոյի ասածը, բայց նա նորից կանչեց, այս անգամ ավելի բարձր.
-Այ տղա, էս պստի ձորի էղածն ի՞նչ է, որ վախենում եք: Հարութի Ազատի մեջ էլ ի՞նչ է մնացել: Մի ցամաքած բիձա է, էլի: Թռցրեք, անց կացրեք ձորը, արագ տեղ հասցնենք, ախր մերս արդեն քանի տարի` սպասում է:
Տղերքը ծիծաղեցին ակամա, բայց ծիծաղները զսպեցին, ինչքան չլինի մեռել են տանում, հետո ի՞նչ, որ մեռլատերը կյանքի ու մահվան սահմանի վրա չի սահմռկում, հետո ի՞նչ, թե մեռլատերը չի հասկանում, որ նման բաները կատակի չեն տալիս ու վիշտը փարատելու ամենալավ ձևն էդ չէ: Դագաղը թռցնելով անցկացրեցին ձորակի միջով ու տարան: Ազատը տեսավ, որ համարյա հասնում են գերեզմանոցին, բայց չզարմացավ: Մի քիչ տրտմեց, որ իրեն շուտ են թաղելու ու թույլ չեն տալու, որ գոնե մի վերջին անգամ նայի արևոտ, բաց ու լուսավոր աշխարհին: Սրտում նույնիսկ մի քիչ նեղացավ որդուց:
Հայկոն նրա նեղվելը չիմացավ: Ո՞նց իմանար: Թե ողջերը մեռածներին լսեին, ո՞վ գիտե, աշխարհում ի՞նչ խառնաշփոթ կառաջանար: Հայկոն որտեղից իմանար, որ Հայոց աշխարհում շատ հին ժամանակներում մի թագավոր է եղել, որ իր թաղման ժամանակ իրեն լավ չպահած որդուն անիծել է: Ազատը չանիծեց: Ի՞նչ անիծեր կամ ինչո՞ւ, մանավանդ, որ ինքը հետը բան չէր տարել Գաբրիելի ուղարկած փայլուն ճամպրուկից բացի: Ոչ էլ թողածն էր մի բան. եղած-չեղածը սարի լանջին հենված գյուղական մի տուն: Ազատն ուղղակի նեղանում էր, որ իրեն թույլ չեն տվել վերջին անգամ առոք-փառոք պտտվել գյուղի ճամփեքով: Աչքը վերջին անգամ կգցեր Չռան աղբյուրին, կտեսներ, թե ջուրը ոնց է գալիս բխկբխկալով, զուլալ ու անապակ լցվում խողովակի ծայրից կախ տված դույլի մեջ: Եղածն ի՞նչ էր: Ուզում էր պառկած տեղից մի անգամ էլ նայել ձորի վրա գցած նեղ ու բարակմեջք կամրջին, մի անգամ էլ լսեր Վազգենի բարդիների սոսափը, վերջին անգամ ափսոսար ծառերի տակ թափված հասած սալորը: Իսկ Հայկոն` ձորով իջեք, կարծես էդ մի անգամը չէր թաղելու, կարծես դրանից հետո պիտի էլի հազար անգամ հոգեհաց տար:
Ազատն ամեն ինչ տեսնում էր դագաղի միջից ու նեղացածությունը մի կողմ դրած՝ մտածում էր մահվան հրաշքի մասին: Հա, մարդ մինչև չմեռնի, չի հասկանա, որ աշխարհի բոլոր մահերն իրար նման ու իրարից շատ տարբեր են: Բոլոր մարդիկ էլ մեռնում են, բայց… Կարծես մեկ է նաև բոլորի ծնվելու կերպը, բայց ամեն ծնունդ տարբերվում է մյուսներից, ինչպես որ յուրաքանչյուր մարդու կյանքն է նման ու տարբեր մյուսներից: Կարծես բոլոր մարդիկ նույնն են, բայց տարբեր են նաև:
-Նույնն ու նման եք նաև դու ու էն աշնան օրվա թուրքը,- ասես ականջին շշնջաց ինչ-որ ծանոթ ձայն:
-Ո՞նց,- քիչ մնաց մեռած տեղից վեր կենար նստեր,- ո՞նց թե նույնն ենք:
-Հա, բա՞,- խրատ էր, թե՞ հաստատում, չհասկացավ, բայց չուզեց վիճել: Էս կարևոր պահին ի՞նչ վիճել, մանավանդ, որ եկավ, աչքի դեմ կանգնեց աշնան էն օրը: Ինքը Հայկի հետ գնում էր արտը: Գյուղի եզրին, էշին վայրի տանձ բարձած գալիս էր փափախավոր թուրքը: Գալիս էր անտառի տանձը գարով կամ ցորենով փոխելու, գալիս էր անտառի բարիքը բերելու անտառազուրկ, սարերի մեջ ծվարած գյուղին: Թուրքն էլ, հայն էլ լավ գիտեին, որ գարին լավ-վատ` հաց էր, իսկ վայրի տանձը…
-Չո՛շ,- էշի ընթացքը կասեցրեց թուրքն ու բացեց խուրջինի աչքը: Չխոսեց, ժպտաց խորհրդավոր, մի բուռ հասած տանձ հանեց ու պտտեց Հայկի թքի տակ, հետո լցրեց բուռը,- առ, կեր,- ասաց:
Ազատը բան չհարցրեց, բայց նա իր պարտքը համարեց իր կոտրտված հայերենով բացատրելու, թե տանում է թթվի համար, իրեն նախապես պատվիրել են ու ինքը տանում է, որ թթու դնեն.
-Թութու համար,- ասաց:
Ազատը գլխի ընկավ, որ թթու դնելու համար է տանում ու ծիծաղեց: Ծիծաղը մի քիչ զսպած ու զգույշ էր: Թող մարդը չնեղանա: Ծիծաղն աշնան օրվա նման էր. կեծ ու կրակ չէր տալիս, այլ ծորում էր խաղաղ ու իր մեջ պարուրում մգդակած բաճկոն հագած, փափախավոր թուրքին, ճանճերից տանջվող, բեռի տակ ճկռած նրա էշին և հոգսը նրանց:
Հիմա, ինքը մեծ ու կարևոր ճանապարհ է գնում կարծես թե, բայց մի ձայն իրեն փորձում է ապացուցել, թե աշխարհում ստեղծված բոլոր էակները նույնն են, թե բոլոր մարդիկ նույնն են և նույնն են ինքն ու աշնան էն օրը «թութու համար» տանձ բերող փափախավոր թուրքը:
Չէ, էդպես էլ ազատվել չի լինում կյանքի բեռից, նրա տված հոգսից ազատվել չի լինում: Հատկապես կյանքի վերջում կարծում էր, թե մեռնելուց հետո մարդն ազատվում է կյանքի տաղտուկից ու իր համար գնում է հանգիստ, գնում է առանց հոգս: Ասենք չի գնում, տանում են: Ուսերի վրա օրորելով տանում են, ու էդ երթից էս կողմ է մնում ամեն ինչ: Բայց էդպես չէ: Ցավի պես է, թեև չկա, բայց կա նրա հիշողությոունը: Ծնկների ցավը, թե՞ հիշողությունը…
…Կոլտնտեսության խոյերը նիհարում էին անընդհատ: Ո՞նց չնիհարեին, որ Ազատը նրանց բաժին գարին ամեն անգամ գիշերով տուն էր տանում ու բանող սերմատու խոյերը ոտքի վրա դնգրտում էին: Նախագահ Համբիկյանն անտեղյակ էր կատարվածին, գլխի չէր ընկնում, թե Ազատն ինչ օյին է խաղում նրանց գլխին ու գրասենյակում մտահոգ անցուդարձ էր անում:
-Հը՞,- մտմտում էր կիսաձայն,- եկեք ավելացնենք խոյերին տրվող գարին:
-Օ՛ֆ,- տնքաց Ազատն ու քրթմնջաց դժգոհ:
-Ի՞նչ եղավ Ազատ,- տարակուսանքով նրան նայեց նախագահը:
-Ասում եք` գարին ավելացնենք, ախր ծնկներս ցավում են:
Չէր ասում. «Ախր ես էդքան գարին ո՞նց տանեմ մեր տուն, ամեն գիշեր Մագադանի ոչխարանոցից մինչև մեր տուն երկու կիլոմետր ճամփան անցնե՞լ կլինի գարին շալակած»:
Չէ, Ազատը չէր կարող գարու մի մասը տանել… Ինչքան տային` պիտի տաներ ու դժգոհում էր: Մտածածը բարձրաձայնել չէր կարող, իսկ Համբիկյանը գլխի չէր ընկնում ու նրան էր նայում զարմացած, հարցնում էր նույնքան զարմացած.
-Քո ծնկները խոյերի գարու հետ ի՞նչ կապ ունեն:
Ի՞նչ աներ Ազատը, ո՞նց հասկացներ: Հո չէ՞ր ասի, թե ես կոլտնտեսության խոյերին գարի տվողը չեմ, ինչքան տաս, պիտի իմ տուն տանեմ: Ազատը քթի տակ խնդմնդում էր ու նրա հետ խնդմնդում էր ամեն ինչ հասկացած Չախկալենց Վարդգեսը…
-Տեսնես քո մեռնելու օրն ի՞նչ օր պիտի լինի,- երբ նախագահի մոտից դուրս եկան, ասած պահակ Վարդգեսը:
Պառկած էր անշարժ, նոփ-նոր սև կոստյումը հագին, փայլուն կոշիկների ծայրերը` դագաղի միջից դուրս ցցած ու ծիկրակում էր` տեսներ իրեն տանողներն ովքե՞ր են: Ճոճքը թեթև ու մի քիչ հաճելի էր, իսկ ինքն այդ պահին փնտրում էր Վարդգեսին, փնտրում էր, որ ասեր.
-Ուզում էիր մեռած օրս տեսնել, արի տես:
Իսկ էն օրը Վարդգեսը ահ տվեց. «Թե մենակ քո տուն տանես…»:
-Է հետո՞,- մի բան ասելու համար նետեց ինքը:
-Թե ուզում ես բերանս փակ պահեմ… Թե ուզում ես աշխարհով մեկ չանեմ, ինձ էլ պիտի տաս:
-Լավ,- ասաց ինքն ու դրանից հետո ուղիղ երկու շաբաթ Վարդգեսն ամեն գիշեր հիսուն կիլոգրամ գարին շալակած գնում էր կոլխոզի գոմերից: Ճիշտ է, գարին իր տուն էր գնում, բայց թե շալակողն էլ էր ինքն ու հիսուն կիլոգրամ անգամ երկու կիլոմետր… հավասար է…
Վարդգեսի աչքը երեսին սառել էր, ծնկները դողում էին ու մի առավոտ ոտքը գետնին խփեց գոմի մեջ.
-Էլ չեմ տանի:
-Դու ուզեցիր:
-Ես քո նման ագահ չեմ:
-Բա՞,- Ազատի աչքերից խորամանկ կայծեր ցայտեցին աջ ու ձախ,- որ ասում եմ` ծնկներս ցավում են, ծիծաղում ես:
-Տեսնես քո մեռնելու օրն ի՞նչ օր է լինելու,- նորից հարցրեց Վարդգեսն ու թողեց հեռացավ:
Ու հիմի Ազատը ձեռքերը հանդիսավոր կերպով կրծքին դարսած՝ Վարդգեսին էր փնտրում, որ ասեր.
-Տե՞ս…
Աշնան արևը հանդարտ ու անշտապ տաքացնում էր աշխարհը, թափորը միասնական էր, բայց ամեն մարդ մտքի մեջ իր հոգսի ու ցավի հետ էր: Մեռել թաղելը սովորական գործերի շարքում դասած` եկել էր թաղման: Ամեն մեկը գերեզմանոցից հանդիսությունների սրահ կգնար, իր հասանելիքը կտար ցուցակ գրողին, մի կտոր հաց կուտեր ու կգնար իր գործին` մահվան ու կյանքի փիլիսոփայությունն ու դրանց հերթագայության հավերժական բաց հարցը թողնելով ուրիշներին: Տղերքն արտաքուստ մահվան հարգը պահելով հանդիսավորությամբ տանում էին դագաղը, մանավանդ, որ ութսունյոթ տարիները և հատկապես վերջին հիվանդությունը քամել էին հանգուցյալին ու թեթևացրել…
Ձորի արտից պոկված հովը շնգոցով թաղման թափորը պարուրում էր, գուրգուրում իր ծոցում և ոչ ոքի մտքով չէր անցնում, որ Ազատն առանց էդ անապակ աղբյուրին հրաժեշտ տալու չի կարող հողը մտնել:
Զարմանալի բան կատարվեց. մի վայրկայնից էլ շուտ հասավ Ձորի արտ: Միաժամանակ և՜ թափորի մեջ էր, և՜ աղբյուրի մոտ: Աղբյուրը զուլալ, ամեն վայրկյան ինքն իրեն մաքրելով, արևի հետ խաղալեն, իրեն բանտող քարին խաբելով հոսում էր և ինքն իրեն նվիրում չորս կողմն աճած խոտ ու ծաղկին: Նրա համար սկիզբ ու վերջ չկար: Ջուրն ամեն բանի մեջ է ու ամեն բանից զատ: «Ասում են մարդու օրգանիզմի ութսուն տոկոսը ջուր է»,- մտածեց վերջին բժշկին հիշելով, որը խոշորացույց հիշեցնող ակնոց ու փափուկ ձեռքեր ուներ: Նա էր ասում մարդու ջրեղեն լինելու մասին ու համոզում, որ շատ ջուր խմի: «Տեսնես մեռնելուց հետո մարդու միջի ջուրն ի՞նչ է լինում,-աղբյուրի ակին նայելով՝ մտածեց տխուր: Հետո ինքն էլ գտավ պատասխանը: Ջուրը հողի մեջ չի մնում, գոլորշիանում ու ամպ է դառնում: Այսինքն մարդը խառնվում է ամպին, հետո քամու թևին նստած քշվում, տարվում է ծովի վրա և անձրևի հետ խառնվում է ծովին… Հետո նորից աղբյուր է դառնում, հետո նորից մարդ, հետո… Տեսնես օվկիանոսի մեջ քանի՞ կյանք կա. մարդու, անասունի, թռչունի, զեռունի, ծաղիկի… կյանք: Աղբյուրի ջուրը հոսում էր: «Տեսնես սպիրտին խառնած էն օրվա ջո՞ւրն ինչ եղավ»,- մտածեց իրենից անկախ, հետո ետ հրեց էդ միտքը, թե. «Ախպեր, ես իմ կյանքում հովիվ ու հողվոր եմ եղել, էս ակադեմիկոսի մտքերն իմ մեջ որտեղի՞ց»:
Իսկ աշնանավերջի էդ օրվա սպիրտը… Մի լիտր անարատ, դեղատնից առած սպիրտը ջրով որ բացես, ինչքա՞ն կլինի: Աշնան քամին էս օրվա պես խաղում էր սարի արահետների վրա: Ասես մանուկ էր` մոր կրծքին փարվում, հետո փախչում, թաքնվում էր: Նախիրն արածեցնելու իրենց հերթն էր: Ինքն ու հարևան Կարոն էդ օրը նախիրը Ձորի արտ տարան, որ աղբյուրին հրաժեշտ տան: Ախր մանկուց էդ ախպրի անարատ ջուրը խմել էին ամեն ամառ, ու հիմա տարիքներն առած` մտածում էին, թե ով իմանա, ձմռան տակից դուրս կգա՞ն: Իսկ առանց Ձորի արտի աղբրին հրաժեշտ տալու էն աշխարհ գնալը սրբապղծության պես էր թվում նրանց: Սպիրտն աղբյուրի ջրով բացեցին: Բաժակ-բաժակի խփեցին ու ինքը բաժակի ապակու ու ջրխնած սպիրտի միջով մի անգամ էլ նայեց աշխարհին: Կարոյի դեմքը բաժակի ապակու միջից ավելի երկար ու առավել մազակալած էր երևում, բայց նաև մի տեսակ ավելի լուսավոր: Էդ օրն անխնա խմեցին: Չգիտեր, որ երկու տարի հետո մեռնելու է, բայց գիտեր, որ իր վերջին այցն է Ձորի արտի աղբյուրին:
Գործի ու հոգսի արանքում աշխատում էր իրեն նախապատրաստել մահվան օրվան: Թե աշխարհին հրաժեշտ չտված գնաս, հաստատ լավ չի լինի: Աչքդ աշխարհի միջից պիտի հանես, դրա համար էլ էդ օրն ամեն անգամ բաժակ բարձրացնելիս մտքում կրկնում էր. «Մնաս բարով, Ձորի արտի ախպուր»: Խոսում էր, ուրիշ կենացներ էր ասում, լսում էր Կարոյի առաջարկած կենացները, համաձայնում դրանց հետ, բայց ներսում էդ նույն միտքն էր վերուվար անում: Կեսօրին հարբած քնեցին, իսկ իրիկնադեմ նախիրն իրար գլխի հավաքեցին ու քշեցին գյուղ:
Հիմա թափորի ու աղբյուրի արանքում կանգնած նայում էր ջրին, էդ օրվա հետքը փնտրում նրա զուլալ ակի մեջ, բայց ոչինչ չէր գտնում: Իրեն էր փնտրում, Կարոյի կիսահարբած երգը, այդ օրվա արևի ցոլքը, բայց չէր գտնում ու դատարկ-դատարկ էր ամեն ինչ: Տեսնես աղբյուրը գիտի՞, որ Կարոն էդ ձմեռ մեռավ: Մրսեց, հիվանդացավ, թոքաբորբ տարավ ու մեռավ…
…Քամին անսպասելի եկավ: Սրբի քարի կողքից ծլած ամպի բերանից ելավ ու միանգամից պարուրեց թափորը:
-Մի քիչ արագացրեք,- գերեզմանափոսը լցնող տղերքին դիմեց Հայկոն,- կարկուտ կգա:
Դեմքը մտահոգ ու տխուր էր: Ինչի՞ց էր. թաղման հոգսի՞ց, ծախսի շատությունի՞ց, բաժանման ցավի՞ց… Ո՞վ գիտե: Ազատը նայեց նրան ու նոր նկատեց, որ մազերը ճեփ-ճերմակ են: Էս ե՞րբ ծերացավ, նրա ծերանալն ինչո՞ւ չէր նկատել մինչև հիմա: Պիտի հասներ գերեզմանի փոսի եզրին, որ տեսնե՞ր:
-Խաշլաման սառչում է,- ասաց Հայկոն, նորից իր ներսում գլուխ բարձրացնող լացի դեմ կռվեց արտորանքով, նորից ինքն իրեն աշխարհից ու ցավից պաշտպանեց կատակով:
Տղերքն սկսեցին ավելի եռանդով աշխատել: Իրար փոխելով լցնում էին հողը, որ սկզբում դագաղի կափարիչին ընկնելով անդուր ձայն էր հանում, հետո ձայնը մեղմացավ ու հանդարտ խշշոցով իր մեջ էր առնում իրենից ելած մարմինը:
Հողի ձայնը… ինքը սիրում էր հողի ձայնը: Առաջին անգամ այդ ձայնը լսեց իրենից անկախ: Էդ օրն արտ էր բահում: Կինը տան առաջ` աթոռակին նստած նայում էր իրեն: Ձեռքի հետ կարկտուկ էր անում ու նայում էր իրեն: Ինքն արտն էր բահում և բահում էր առանձնահատուկ սիրով, գործ էր անում կնոջ համար ու նրան ի տես: Եվ կնոջից մի տաքուկ, աներևույթ սեր էր գալիս ու փաթաթվում իրեն: Փաթաթվում էր առանց հարցնելու, ներսն ու դուրսը գոլացնելով: Իր համար հաճելի էր կնոջ ներկայությունը, իր համար հաճելի էր արտ բահելը: Հողի թույլ ու սիրող դիմադրությունն զգալն էր հաճելի և այդ դիմադրությունը հաղթահարելը: Կինը նույնպես լավ էր զգում. ամուսինը, հողը, գարնան տաք արևը, ծառերի ծաղկած մայրանալը, մեղուների բզզոցը, գարունն ասես իր մեջ էր և իրենից ելնում էր ամուսնուն հառած տաք ու գուրգուրող հայացքի միջով: Իսկ ինքը փորում էր հավեսով. ձիգ ու խրոխտ` հողի մեջ էր վռում բահն ու հողը շուռ էր տալիս նույն եռանդով: Ո՜չ Տվողին հաշիվ տալու մասին էր մտածում, ո՜չ մարմնի ու հոգու բաժանման: Էդ պահին հողը սիրելով սիրում էր կնոջը, նրան սիրո խոսքեր չէր շշնջում, բայց սիրում էր, և այդ մասին աշխարհում գիտեին միայն ինքը, կինը և հողը: Վստահ էր, որ դա հաճելի է նաև հողի համար:
Հիմա կանգնել էր թափորից դուրս, նայում էր, սեփական գերեզմանին ու հողի ձայնը խլրտացնում էր ներսը: Տղայի հերթական կատակը բացել էր տղերքի սրտերը: Լցնում էին փոսն ու կիսաձայն կատակում.
-Հոպարը գնաց, հասավ Ազնիվ աբային:
Հետո Խուճուճ Վալոդը բահով նստեցրեց գերեզմանի թարմ հողը, մի քանի հարմար քար գտավ, խաչ սարքեց հողի վրա: Մի երկուսը կիսաբերան կենաց ասեցին, իր աշխատող ու ընտանիքասեր լինելն ակնարկեցին, մտքում հիշեցին ընչասեր լինելը նաև, բայց չարտահայտեցին: Խմում էին բաժակի կեսը, մյուս կեսը դատարկում գերեզմանի թարմ հողի վրա: Իբր, իր բաժինն էր:
Նայեց Վալոդի դրած ծուռ խաչին, փորձեց շտկել, բայց ամեն անգամ քարերը, հողը ձեռքի միջով անցնում էին: Ասենք ձեռքն էր անցնում դրանց միջով: Սեփական գերեզմանի խաչն ուղղելով էր զբաղված և ուշ նկատեց, որ թափորը գերեզմանոցից ձգվեց դեպի հանդիսությունների սրահ: Վալոդից անբավական էր: Վալոդը քայլում էր մենակ, ոտքերը ծուռ-ծուռ դնելով: Վազեց հետևից, քամու թևին նստած թռավ ու տվեց վզակոթին: «Վախենում ես քո բաժին խաշլաման ուրի՞շն ուտի, որ վռազ-վռազ վազում ես: Խաչն ուղղի նոր…»,- ասաց ու նորից տվեց նրա վզակոթին: Վալոդը ցավ չզգաց, բայց քամին գլխարկը թռցրեց գլխից ու գլորեց փոշոտ գետնի վրա: Վազեց կուզեկուզ, փորձեց գետնից վերցնել գլորվող գլխարկը… Ազատը կանգնեց, նայեց նրա հետևից ու հանկարծ նկատեց, որ նա էլ է ծերացել: Անճարակ ու կուզիկ մի ծերունի վազում էր արևից ու քամուց գունաթափ եղած հնամաշ գլխարկի հետևից ու չէր կարողանում գետնից վերցնել: Վալոդը մի կերպ հասավ գլխարկին, վերցրեց գետնից, թափ տվեց դժգոհ ու ավելի խորը կործեց գլխին, քթի տակ քրֆելով անժամանակ հայտնված քամուն:
Ազատը կանգնեց ու սկսեց մտածել. քելեխավորների հետևի՞ց գնա, թե՞ մնա իր գերեզմանի մոտ: «Հայկը»,- անցավ մտքով: Ինչքան չլինի իր առաջնեկն է ախր: Հասավ նրան: Հայկը գնում էր գլխահակ, անխոս և աչքերից արցունք էր ծորում: Դեմքը տխուր ու կուչ եկած էր, ինչպես նոր ծնված ժամանակ: Էդ ժամանակ կինը փաթաթել էր խանձարուրի մեջ ու երբ տուն մտավ, ցույց տվեց իրեն: Կնճռոտված ու դժգոհ ծերունի էր նորածին տղան: Հիմա նրա դեմքը նոր ծնված օրվա նման էր: Նայեց Ազատը, ուզեց շոյել արդեն ծերացած գլուխը, բայց հիշեց, որ ինքը մեռել է և չցանկացավ, որ մահվան սառնությունը դիպչի տղային: Կանգնեց, նայեց մարդկանց հետևից ու վերադարձավ իր շիրիմի մոտ, իսկ Հայկը մի պահ կանգ տվեց, հետ նայեց, ասես զգաց, որ հայրը հեռացավ: Թվաց, թե հոր գերեզմանի մոտ բան է մոռացել, հետո թափ տվեց ձեռքը և քայլերն արագացրեց` մեռելահացից չուշանալու համար:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *