Մարիամ Ալոյան | Պատմություն Մարիամի մասին

Լուսանկարը` Վանա Հարությունյանի

 

Պատմվածքը գրվել է «Արի գրականության հիմնադրամի» կազմակերպած Write in Armenia ծրագրի շրջանակներում. 2022

Բանը հասավ նրան, որ ես նորից պիտի գրեմ պատմվածք, բանը նրան հասավ, որ ես նորից պիտի ասեմ բաներ, որոնք խցկված են գլխիս մեջ, մատներիս, աչքերիս, տեսնո՞ւմ ես աչքերիս մեջ: Չէ՞: Ավելի լավ, էդ դեպքում: Բարև, ես Մարիամն եմ: Մարիամն եմ: Մարիամն եմ: Ես կպատմեմ իմ մասին, կպատմեմ երրորդ դեմքով, որովհետև իմ մասին գրում է մարիամը:
Բանը նրան հասավ, որ ես նորից պիտի գնամ Վրաստան իմ մասին պատմելու համար:
-Գալիս եմ, մա:
– Ավելի արագ չե՞ս կարող գալ, տատիկդ քեզ է սպասում:
-Մի էջ ա մնացել, կարդամ ու գամ:
-Ինչի՞ մասին է գիրքդ:
-Մարդու:
– Քեզնից բան չեմ հասկանում, Մարիամ:
Մարիամ:
Կոշիկներդ հանեցիր ու առաջացար տուն: Ցեխոտ էին, տակացուներին կպել էին հազար ու մի զիբիլներ, որ լավ փնտրեիր, սատկած կռիսի թաթեր կամ կենդանի մրջյուններ էլ կգտնեիր: Կոշիկներդ հանիր, նոր առաջ գնա: Երևի էնքան ես ուզել առանց կոշիկներդ հանելու մտնես ներս, փռվես բազմոցին, մի հատ ծխես, գոռաս, ինչ զիբիլ ուզում ես անես: Բայց կոշիկներդ պիտի հանես, Մարիամ:
Դաշնակահարի երկար բարակ մատներդ մխրճվում են ձավարեղենի մեջ: Դու զգում ես՝ ոնց է բրինձը գրկում ափդ, երակներդ: Ուզում ես դանդաղ մտցնել ձեռքդ բրնձի պարկի մեջ: Մատներով խաղալ: Բայց ուշ է, պիտի հասցնես բրինձը սարքել, տունը մաքրել, պատուհանները բացել: Այնքան անելիք ունես, գլխից դուրս: Հիշում ես: 5 էիր, ուտում էիր համեղ ուտելիքներ, անհոգության մեջ պառկած գոռում էիր ու լաց լինում քո սիրելի խաղալիքների կորուստներից: Հիմա էլ ես լաց լինում: Մի քանի օր առաջ էր: Հավաքվել էիք ընկերներով: Բոլորը ծխում էին: Դու էլ կուզեիր երևի, չգիտեմ: Բայց չէիր ծխի: Սիրտդ կծկվեց: Երաժշտության մեջ մտքերդ գնացին: Երաժշտությունը քեզ գյուղն էր հիշեցնում: Տատիդ, պապիդ, նրանց տարօրինակ կյանքը, նրանց տարօրինակ ապրելակերպը ու քեզ: Երկու հյուս էր կապում քեզ մայրդ ու, ձեռքդ ամուր ամուր բռնած, շրջում էր գյուղով մեկ: Դու պիտի ժպտայիր բոլորին, բարևեիր պիտի ու սիրեիր պիտի: Հիմա ավելի ազատ ես, որովհետև մեծացել ես, որովհետև էլ պարտավոր չես անել ոչինչ: Հիմա պարտավոր չես սիրել, բայց չես կարողանում: Գուցե մայրդ պիտի գա նորից, ձեռքդ սեղմի ու ասի՝ սիրի, զգա այդ փառահեղ զգացողությունը: Հետո կսիրես, կցավաս ու կվախենաս նորից սիրել: Բայց սիրիր մի անգամ, սիրիր: Մատներդ անկարողության զգացողությունից հավաքվում են բռունցքիդ մեջ:
– Ես հիմա կգամ:
-Մարիա՞մ:
Մարիամ: Մարիամ: Մարիամ: Վազիր, փախիր մտիր զուգարանն ու սկսիր լաց լինել: Չգիտես էլ ինչից ես լացում, չեղած կորուստներից ու տառապանքներից: Հաճախ ես մտածել փախուստի մասին: Բայց եթե ամաչում ես բոլորի ներկայությամբ լաց լինելուց, որովհետև դա թուլություն ես որակում, ո՞նց ես փախչելու: Փախչելու համար թույլ լինելու ուժ է հարկավոր: Որը, ցավոք, չունես դու:
– Մամ, ես դուրս եմ գալիս:
-Ո՞ւր:
-Ոչ մի տեղ:
Քայլում ես փողոցում: Լիքը մարդիկ կան: Քայլում են, վազում են: Շնչում են, կուզեիր չշնչե՞ն, թե ավելի բարի ես վատ բաներ երազելու համար: Բարի ես, բարի ես: Դաշնամուրիդ դասն է սկսելու շուտով: Գնա ու նվագիր: Նստում ես, բացում ես դաշնամուրը: Հիշում ես վերջին նայածդ ֆիլմի երաժշտությունը ու որոշում նվագել: Սրտիդ զարկերին համահունչ խփում ես ստեղներին: Խփում ես: Ծնգ, ծնգ, ծնգ, ծնգգգգգգգգգգ, ծնգծնգծնգ:
– Մի նորմալ բան չկա՞ նվագես:
Չես լսում: շարունակում ես նվագել: Արցուքններդ գալիս են, բայց լացել չի կարելի: Ամոթ ա, ինչ կասեն:
————————-
Դու նվագում ես, իսկ ինչ-որ մեկը մի ուրիշ երկրում մտնում է գուգլ, գրում ֆիլմի անունը ու գտնում բոլոր երաժշտությունները: Ականջակալները խցկում է ականջները, գունավոր գլխարկը քաշում է գլխին ու ապուշի դեմքով սկսում քայլել փողոցում: Տաղտկալի, ձանձրալի մոխրագույն փողոցում, որտեղի միայն ուրախությունները մնացել են սիրած մարդկանց դեմքեր տեսնելու մեջ: Տեսնում ես մի քանի մարդկանց, կեսը հաճելի չէին, բայց ոնց որ թե սովորել ես բոլորին նույն դեմքով ժպտալ:
———————————————————
Լավ թողնենք սրան: Հետ գանք, Մարիամ, հետ գանք քեզնից խոսենք:
– Ողջույն, անունս Մարիամ է:
-Օհո, իմն էլ:
—————————————-
-Դադարեցրու էդ նվագն, ի սեր աստծո:
-Դադարեցրու, երեխաները կվախենան:
-Վերջ տուր, դու գժվել ես :
Մարիաաաաաաաաաաաաաաամ:
Ուշաթափվում ես: Քեզ վերցնում են ու պառկեցնում են հատակին: Ինչ-որ մեկի քրտնած մատները ձեռքդ են բռնել, դու զզվում ես, բայց անել ոչինչ չես կարող, որովհետև գիտակցությունդ եսիմ ուր է գնացել: Հետո մի հիմարի մտքով սառը ջուր է անցնում բերել ու շփել երեսիդ: Դու մուգ կոպիդ մեջ հագել ես երկար սև զգեստ ու պարում ես, ոտնաթաթերդ երկարացրել ես դեպի ներքև, ձեռքերդ վերև ես պարզել ու պարում ես ինքնամոռաց, խելագար: Մարմինդ չի ենթարկվում քեզ, անցնում ես մարդկանց վրայով, չես լսում նրանց ճղճղոցները սեփական մարմինների ցավերի մասին:
Զգում ես, ինչ-որ երկաթ են կպցնում վրադ: Հետո ուսերիցդ ու ոտքերիդ բռնում են ու շրըմփ, գցում են քեզ էն հիվանդանոց տանելու զիբիլի վրա: Օհ, շիթ:
-Սիրելի՞ս արդեն լավ ես:
-Ինձ ինչ էր եղել:
-Դու չե՞ս հիշում:
-Ես նվագում էի ու վատացա:
-Դու իրո՞ք չես հիշում:
-Ես հիշում եմ ոնց էի պարում, ոնց էի քայլում մարդկանց վրայով, ոնց էի ցեխոտ կոշիկներս քսում նրանց դեմքին, ձեռքերին:
-Մարիամ, դու փորձում էիր սպանել քո ուսուցչին:
-Ձե՞ռ ես առնում:
-Դու քաշեցիր վերնաշապիկը նրա, հետո գլուխը դրեցիր դաշնամուրի ստեղներին ու.. ու .. ու փորձում էիր դաշնամուրը փակել նրա երեսին: Ինչու՞ ես ծիծաղում: Քեզ հանգիստ է պետք հավանաբար: Ինչո՞ւ ես ծիծաղում:
Ծիծաղում ես, լավ ես անում, հաշիվ մի տուր, միևնույն է հասկացող կամ հավատացող չկա, ինչ ուզում ես արա:
——-
Այդ ընթացքում ոմն մեկը շարունակում էր քայլել մի ուրիշ քաղաքում, քայլում էր ու ձևացնում թե ամեն ինչ լավ է: Նրա սիրտը սկսեց արագ զարկել: Մտածեց կամ սուրճից է կամ սիգարետից, կամ էլ էշ խելքից: Էշ խելքը կար ու կար դա նորություն չէր: Անցնում էր փողոցն ու շրխկ միջին տարիքի մի տղամարդ ընկավ կողքն ու մահացավ: Էս միամիտը փոխանակ թողներ, գնար, կռացավ ու սկսեց նայել դեմքին: Աչքերին, վզի երակներին, սպիտակ գույնին:
-Հեյ պարոն, մահացա՞ք:
Մարդիկ եկան խմբվեցին, բոլորը սկսեցին այնքան բնական լաց լինել, կարծես տասը մայր ու քսան հայր էր ծնել էդ խեղճ մարդուն:
– Ես չեմ սպանել նրան: Ես ուղղակի ուզում էի տեսնել մահացած մարդու:
– Բայց քեզ ո՞վ բան ասեց, քեզ ով մեջ գցեց, հոգեկան հիվանդ:
-Բայց ես հոգեկան հիվանդ չեմ:
-Մարդասպան:
-Ի՞նչ:
– Թողեք, թողեք թող գնա գիժ է, չե՞ք տեսնում: Ջահելների ուղեղը կերան էլի, իրենց քարոզներով ու թմրանյութերով էս ինչ սարքեցին էս էրեխեքին ափսոս էլ էին:
-Բայց ինձ ընդամենը հետաքրքիր էր…
Մոռացան մեռած մարդուն, սկսեցին սրան քննարկել, էս միամիտին, մեռած մարդու ծիծաղն էլ եկավ էս թեմայի շուրջ, որը մենակ ինքը տեսավ:
-Ծիծաղում է, տեսա՞ք, չի մեռել:
-Մամ գի՞ժ ա:
-Ես գիժ չեմ:
-Մարիամ, քեզ հետ եմ ինչո՞ւ ես ծիծաղում:
-Ես մարդ չեմ սպանել:
-Հա բայց դու կարող էիր սպանել նրան:
– Ես չեմ հասկացել դա ոնց է եղել, հավանաբար ինձ լավ չեմ զգացել, կամ նման մի բան: Ես նրան չեմ ուզել վնասել, ազնիվ խոսք, չէ որ նա իմ ուսուցիչն էր:
***
Դու 7 տարեկան փոքրիկ երեխա էիր: Հերթական անգամ հագել էիր կարմիր գեղեցիկ փոքրիկ զգեստդ ու նայում էիր կապույտ-կապույտ երկնքին, որտեղ ազատ թռվռում էին թռչունները: Մտածում էիր, որ նրանք ազատ են ու հանգիստ ու որոշեցիր ինքդ էլ փորձես: Հասար կամրջի եզրին, ոտքդ դրեցիր առաջ ու հոոոոոոոոոոպ:
Թռա՞ր:
-Մարիամ, փոքրիկս դու կարող էիր ընկնել:
-Ես ուզում եմ ճախրել թռչունների պես, մա :
-Նրանք էլ ազատ չեն:
Թռչուններից մեկը հենց այդ պահին կորավ, անհետացավ, միայնացավ ու փախավ բոլորից: Փախավ, որովհետև հոգնել էր ստիպված թռչելուց, փախավ հասավ մի երկիր, որտեղ պատերազմն էր սկսել, որտեղ մարդիկ կուզեին լինել թռչուններ ու փրկել, հավանաբար, բոլոր նրանց ովքեր ուզում էին մի քիչ ապրել:
Կապույտ երկինք, կարմիր զգեստ: Իսկ եթե լիներ կարմիր երկինք կապույտ զգեստ: Պատկերացնո՞ւմ ես, սև թռչունները կարմիր երկնքի ֆոնին:
Հասել ես վերջին պարբերությանը: Բայց այս անգամ ոչ թե կարդում ես գիրքն ու վազես տատիկին օգնելու, այլ գրում ես սեփական գիրքդ: Գրում ես՝ աչքերիդ մեջ պահելով երազանքը տպագրվելու հռչակավոր հրտարակչություններում, մասնակցելու ասուլիսների, դառնալու հայտնի գրող: Հետաքրքիր է, գիտես, ինքդ մեծ շփումների սիրահար չես, բայց երբ բանը հասնում է հայտնիությանը, դու դառնում ես աշխարհի ամենաշփվող մարդը:
Գրեցիր վերջին նախադասությունդ: Վերջակե՞տ: Բազմակետ: Ոչ մի բա՞ն: Իսկ կարո՞ղ է ընդհանրապես չտպագրվես: Չէ, քեզ ինչ եղավ, դու հո էն մյուս պատմվող հերոսը չես: Մոռացանք:
Վերջակետ:
Արդեն գրող ես: Ունես գիրք: Ունես պատմություն: Ունես երազանք:

Ահա՝ մյուս մասում:
-Ուզո՞ւմ ես գրես:
-Չգիտեմ, վախենում եմ, իմաստ ունի՞
-Չունի, իհարկե չունի: Բայց կարողանո՞ւմ ես չգրել:
-Գրում եմ էլի ես իմ համար, ինչ կինի` կլինի:
-Քեզ էդքան անլուրջ մի վերաբերվիր:
-Հա լավ, դու էլ: Գնամ երգ լսեմ, նայեմ երկնքին կապույտ կապույտ:
-Երգ լսելու հետ, նաև մի բան էլ արա, գրիր կամ եսիմ:
– Չէ, ես կարող եմ ուղղակի նստել ու միայն երգ լսել, ժամերով լսել:
– Լո՞ւրջ:
-Մհմ:

Երբ գյուղում էիր, երազում էիր հայտնվել Թբիլիսիում. մորդ ձեռքից բռնած, ավտոբուսի մեջ տեղավորված, մեծ աչքերդ ու բաց, ոսկեգույն մազերդ առաջ տված նայում էիր պատուհանից դուրս: Ի՞նչ գիտեիր, որ գալու ես Թբիլիսի ու զզվես մեծ սառնությունից, երևի քեզ էստեղ փոքր ես զգում: Փոքրությունն ու մեծությունը կարևոր զգացողություններ են: Կարևոր է տարբերակել ում հետ ես փոքր, ում հետ՝ մեծ, որտե՞ղ ես չնչին, ճղճիմ:
Հը՞, Մարիամ, ի՞նչ ես մտածում: Գիտես ես կարծում եմ սրանից վեպ էլ դուրս կգա:
Դուրս եկար ընկերական միջավայրից, լացդ շատ էիր պահել, արդեն աչքերդ կարմրել էին, հոգնել ես մարդկանցից, հոգնել ես նույն դեմքերից, քթերից, աչքերից, ինչ է լինելու վերջը, ինչ ես ապրելու վերջում, իմաստ ունե՞ր էս ամենը, իմաստ ուներ կռվելը: Կողքի երկրներում պատերազմներ են անդադար: Մարդիկ մեռնում են, մյուս մարդիկ կարդում են լուրերը մարդկանց մեռնելու մասին: Ի՞նչ անեն, իմաստ չունի գնալ ու բոլորով մտնել հողի տակ: Երևի պիտի ապրել ու հանել խաղաղության մասին պատկերացումները: Չնայած կարող ես մի լավ պատմվածք գրել խաղաղության մասին, դրանով մեծ գործ արած կլինես: Մի քանիսը կկարդան տեքստդ, կհավատան, թե չեն հավատա, բայց կմխիթարվեն: Գրիր, գրիր, անպայման գրիր:
Դուրս եկար փողոց: Գիշերվա ժամը չորսն է: Մանկական հյուսիկներդ էլ չկան, ձեռքիցդ ոչ մեկը չի բռնել, որ նրա հետ այսօր ստեղ գայիր, որ ստիպված սիրեիր, եկել ես, գիտես չես սիրում, քեզ ձև ես տվել, որ սիրում ես, կհարմարվես էլի, կամ մի բան կանես, դուրս կգաս սրա միջից էլ: Փողոցի լույսերը համարյա չկան: Մի շուն գալիս գնում է կողքերովդ: Վերջը որոշեց՝ նստի ոտքերիդ վրա, վախեցած էր, դողում էր, երևի ինչ-որ մեկը քարով խփել էր: Նայում ես շանը: Սիրում ես ականջները: Վառում ես մի սիգարետ ու սկսում ծխել:
Նա էլ ահագին կիլոմետրեր էն կողմ ծխում էր:
Նա քաշեց սիգարետի ծուխը
դու փչեցիր դուրս:
Կրակայրիչն ընկավ,
դու վերցրիր:
Շունը պառկեց ոտքերիդ,
նրա շունը կորավ:
Ինչ բան է չէ՞ կյանքը: Անընդհատ ուզում ենք վերլուծել գտնել: Ապրեք էլի ասա: Ուզածներդ ի՞նչ է: Ապրել: Ապրել: Ապրել: Ապրել: Չսպանվել: Չսպանել: Չխփվել: Չաղտոտվել: Չքարոզվել, չներծծվել, չփարատվել անկապ բաներով:
Մտնում ես տուն:
Մազերդ արձակած, երկար, ուսերիդ լցված: Կարմիր կարճլիկ շորով ես, իսկ աչքերդ էլ երկնքի կապույտն ունեն: Մտնում ես տուն: Կոշիկներդ՝ կռիսների թաթերով ու մրջյուններով խառնված բարձրացնում ես բազմոցի վրա: Գլուխդ դնում ես հատակին, իսկ ոտքերդ վերև՝ բազմոցի գլխին: Միացնում ես նոր իմացածդ երգերից մեկի մասին: Որը ապրեցնում էր ուրիշին մի քանի կիլոմետր էն կողմ: Միացնում ես ու ժպտում ես: Երևի ազատ ես արդեն ինքդ քեզ հետ: Ազատ ես հանգիստ ես: Դե ապրիր, ապրիր քեզ համար:
——————————
Նա էլ մտավ տուն, մյուս հերոսը՝ մի քանի կիլոմետր հեռու, դուռը շրխկաաաաց, շրըխկկկկ:
Կոշիկները հանեց:
Գնաց պառկեց հատակին:
Միացրեց Պատը ալբոմը ու նայեց վերև, որտեղ պատ էր: Ամենուր պատ էր: Կյանքը պատ էր: Ազատությունը պատ էր: Սերը պատ էր: Մահը պատ էր: Վախը պատ էր: Ինքդ պատ ես: Ու եթե կուզես իմանալ ամենամեծ պատն ես: Թող հանգիստ քեզ էլ, բոլորին էլ, ապրիր, ապրիր ինչքան կարող ես:
Ջուրը բացվեց:
Ջուրը փակվեց:
Դու ոտքդ դրեցիր դեռ սառը ջրի մեջ:
Նա ոտքը հանեց ջրից:
Կյանքը ամենուր նույնն է: Նույնն է: Ժամանակն ու մարդիկ են հետ ու առաջ:
Ապրիր, Մարիամ, ապրիր:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *