~~~
Միգուցե հիմա ինձ ասեք գժվել ես ինչ է, բայց ես դեռ պատկերացնում եմ,որ տատս հիմա դեռ տանն է, իմ տանը Հադրութի:
Եվ հենց այդ պահին հայրենիքի պես ինչ-որ բանի հանդեպ իմ թաքուն բաղձանքը ինձ կրկին ու կրկին անհուսալիորեն առաջնորդում է այդ հին ճանապարհով` որտեղ ես մանուկ եմ:
Թվում է թե ես հասա գյուղ, հասա տուն, սահելով անցա պատուհանների, ողորկափայլ պահարանների ու ծաղկամանների կողքով և բացեցի իմ սենյակը, իմ փոքրիկ, երիտասարդ, հին պատմությամբ, հին ասելիքով, այդ կարծեցյալ հայրենիքը, որտեղ միշտ ինձ է սպասում իմ տատը:
Ինձ թվում էր, թե տատս հիմա այգում է, հա՜ այգում և նրան տեսնելով կարող էի մի քանի ժամ ազատ շնչել, կարող էի ապրել, իրավունք ունեի գոյություն ունենալ, քանզի նա ամուր կանգնած էր իր հողի վրա և ես այո´, իրավունք ունեի չտառապել, չսարսափել, չամաչել:
Ես ծամում եմ իմ բերանում այս իրականությունը և դուրս տալիս` չմարսելով դրանք:
Թվում է` տեսնում եմ, թե ինչպես է տատս լոբին քաղում շատ արագ` ինձ փնտրելով իր կողքին:
Հա, նա միշտ լոբի քաղելիս աջ ուսի վերևի հատվածում մի տերև էր բերում տուն, երկար նայում էի, տնտղում, արդյոք ուրիշ տեղում էլ է թաքցրել, ախ ինչպես, ախ ոնց:
Տատուցս բոլորը գնում էին, բայց ինքը տուն մտնելուց միշտ ինչ-որ բան բերում էր, զարմանալի կին էր այդքան գնացողից հետո, այդքան գալ ու բերել:
Էն առավոտները կվերցներ իրեն,
մեկ-մեկ էլ ինձ,
և կգնար այգի,
կգար հոգնած,
չջարդված,
Եվ օրը չէր կրկնվի, որովհետև տատս այդ օրը իր աջ ուսի վրա կբերեր ոչ թե մեկ, այլ երկու տերև…
և տատս կմթներ…
Եվ քնելուց առաջ 3ր.13 վայրկյան կխոսեր ինքն իր հետ, ինչու եմ պարզ հիշում, որովհետև միշտ ժամին նայում էի, թե քանի րոպե է ինքն իրեն տրամադրում օրվա վերջում, տատս հայ կին է, որի մազերի վրա երկար ժամանակ կարող էիր պատմություն հյուսել ու վերջում կապել ցավով` չարձակվելու համար:
Նրա տապակած մեկ բաժին հավի ձուն, համարժեք էր աշխարհում ամենաթանկը արժեցած գնին` տանը։ Ինքը իր ձեռքերում տուն ուներ,որով միշտ դիմավորում էր ինձ, կյանքի պես դառը հայացք ուներ, երկնքի պես կապույտ շրթունք,
Միշտ-միշտ
ԱնՉափ միշտ…
Ես, որ ուղղակի էս ամեն ինչի մեջ դեռ սիրում եմ կյանքը, էս կյանքը, որի մեջ ծանրությունը շատա փռված ուսերիս,
Ես իմ բաժին հայրենիքը տանում եմ ուսերիս, և ծնկում եմ ամեն անգամ, երբ կարոտս աջ ոտքիցս առաջ է ընկնում և ինձ սպասելու տեղ չի ունենում…
և չեմ հասնում ուսերիս,
Ինչ-որ տեղ չկա,
Ինչ-որ տեղ չկար,
և որովհետև
Տատս սիրում էր ինձ սպասել, և
ես սիրում էի միշտ վերադառնալ,
Տատս կին էր, որի սպիտակ մազերում ես տեղ-տեղ տեղավորել էի իմ բաժին հայրենիքը,
Այնքան թեթև,
Այնքան թեթև,
Որ թվում էր, թե տատիս ամեն անգամ քայլելիս, մեկ բաժակ ցավ է հանում միջիցս,
Հիշում եմ, հիմա ապրելու փոխարեն, հիշում եմ,
Հետո կմթներ Արցախը,
Հետո հայրենիքս մահճակալը կբացեր, ու կպառկեր մահճակալին ճոճվող,
որի վրա կառուցվել ու փլվել են երազանքներ,
Ու կքներ հայրենիքս,
և կքնեի ես…
Եվ առավոտ ինձ կարթնացնեին առանց նրա…
Երկար բարակ կխոսեի խլված երջանկության և պահվող թերի ցավի մասին, բայց խոսելու համար միշտ դառնալ է պետք, քանի մտքով եմ դառնում, այդքան տան լույսը չի անջատվում, Իսկ տատս չէր սիրում քնել լույսը վառ,երբ ես տանն էի….