Ինչպես ազգային մշակույթի բոլոր դրսևորումներում, այնպես էլ հայ գրականության համապատկերում, քրիստոնեական վարդապետությունը և գոյաբանությունը այս կամ այն կերպ պայմանավորել է նրա բնույթը,անդրադարձվել և գեղարվեստական-գեղագիտական մեկնության ենթարկվել, փիլիսոփայությամբ և գաղափարաբանությամբ փոխաձևվել իբրև արվեստ:
Սակայն հայ նոր և նորագույն գրականության պատմության զանազան խնդիրների ուսումնասիրության շրջագծում ազգային հավատքի գեղարվեստական, ստեղծագործական հղացքի առընթերադրումները հաճախ տեղակայվել են կա՛մ գրականության պատմության խնդրադրության լուսանցքներին, կա՛մ տարբեր (գերազանցապես՝ հասարակական կյանքի կոնյուկտուրայի) պատճառներով անտեսվել:
«Կաղանդային նորավեպերը», որ ներժանրային կառույցներից ամենամեծաքանակն են, առարկայական հնարավորություն են ընձեռում անդրադառնալ արևմտահայ նորավեպի գեղարվեստական համակարգում ազգային հավատքի գրական առընթերադրումներին՝ կենտրոնանալով Սուրբ Ծնունդի խորհրդի հղացքային սևեռումներին: Ինչո՞ւ հատկապես Կաղանդի և Սուրբ Ծնունդի պատմումներին: Բանն այն է, որ նորավեպի ժանրի վիճակագրական և հղացքային հարացույցում այդօրինակ դրսևորումները շատ-շատ են, որը պայմանավորված է ժանրի բնույթի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հատկություններով, ժանրային կառույցի ստեղծաբանական հարմարվողականությամբ,եnր ինքնին թեման, կենտրոնացումը առավելագույն ներդաշնակությամբ ևլիակատարությամբ է հանդերձվում ժանրային որևիցե կերպով: Տեսական հատույթում փոքր-ինչ մանրամասնենք համաբնագրում կիրարկվող «արտաքին» և «ներքին» հատկություններ եզրերը: Նորավեպն, առհասարակ գեղարվեստական փոքր արձակը, որ իր բնույթով «օպերատիվ անդրադարձվող» ստեղծագործություն է, առավելաբար ենթադրում է միանվագ, միասնական ընթերցում (ստեղծագործությունների գերակշռող մեծամասնությունը նախ տպագրվում էր պարբերականներում) և ներկրում է բացահայտ «պատվերայնության» գործառնություն՝ իրականության, կյանքի զանազան իրողություններին առնչվող գեղարվեստական անդրադարձումների, աշխարհիկ և մանավանդ հոգևոր, տոների առիթներով գրված երկեր և այլն, բնականաբար չէր կարող անմասն մնալ ազգային կյանքի թերևս ամենասիրելի, զանգվածային իրադարձություններից, տոներից՝ Կաղանդին և Սուրբ Ծնունդին, ու հասկանալի է, որ ժանրի բնույթի «արտաքին»՝ վերը թվարկած հատկությունները նպաստում էին «կաղանդային նորավիպագրության» բազմաքանակությանը, իսկ ինքնին Կաղանդի և Ծնունդի խորհրդի մեջ ինքնին պարփակված տոնի, նվիրաբերության էույթը նորավեպի բնույթի «ներքին» հատկություններին առավելագույն տարածականացման հնարավորություններ էին ընձեռում՝ մեկնելու քրիստոնեական կենսոլորտի գերակա գաղափարներից մեկը: Հավելենք նաև ընթերցողական մակարդակի լիակատար պատրաստակամությունն ու սիրահոժարությունը կառույցի անվարան ընկալման պարագային: «Կաղանդային նորավեպերը» նոր ժամանակաշրջանի Ամանորի և Ծնունդի տոնացույցի, ծեսի անկապտելի բաղադրատարրերից էին, որը ներժանրային կառույցի դրսևորման տարածվածության առարկայական պատկերը ևս ընդգծում է: Ուստի բնական է, որ նորավեպի ժանրային համակարգում «կաղանդային» նորավեպերը 19-րդ դարի 80-ական թվականներից մինչև 20-րդ դարի 10-ական թվականները արտահայտման կերպով,հղացքով և կենտրոնացումներով արևմտահայ նորավիպագրության տիրապետող դրսևորումներից էին [1]:
Տակավին 1880-ականներից արևմտահայ գրականությունը, չնչին բացառություններով, յուրաքանչյուր նոր տարի սկսում էր «կաղանդային» նորավեպերով: Առաջին գեղարվեստական ստեղծագործությունները, որ տպագրում էին ժամանակի օրաթերթերը, լրագիրները, ամսագրերն ու հանդեսները Ամանորի,Ծնունդի թեմաներով փոքր արձակ ստեղծագործություններ էին: Ավելին, նորավեպերի շատ ժողովածուներ, գրքեր, որոնց հրատարակությունը համընկնում էր Կաղանդին, ունենում էին համապատասխան ընծայականներ, ուր նշվում էր, թե գիրքը, ժողովածուն հեղինակն իբրև ամանորյա նվեր մատուցում է ընթերցողներին: Այսպես օրինակ՝ Վահրամ Բրուտյանը, որ գրականության պատմության մեջ հայտնի է «Շահնուր» ծածկանունով, իր «Շարժապատկեր»
ժողովածուին կցել է հետևյալ ընծայականը (կրկին մատնանշենք, որ գրքի տպագրությունը համընկել է Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնակատարության օրերին). «Կաղանդչեքս եգիպտահայ գաղութին» [2]: Տվյալ պարագային պարտադիր չէր ժողովածուի կամ գրքի թեմատիկ բացարձակ համապատասխանությունը խնդրո առարկա իրողությանը:
Տասնամյակների ընթացքին Ծնունդին առնչվող փոքր արձակ ստեղծագործությունների հրատարակությունը համաշխարհային գրականության մեջ ստեղծել էր որոշարկված մշակույթ, գեղարվեստական ընթացի մտայնություն, որը, բնականաբար, չէր կարող շրջանցել նաև հայ գրական կյանքը: Պարբերականների խմբագիրներն ու պատասխանատուները նախօրոք խնդրում, հորդորում, պատվիրում էին ժամանակի հանրահայտ նորավիպագիրներին իրենց թերթերի և հանդեսների ամանորյա համարներում Կաղանդի և Սուրբ Ծնունդի թեմաներով ստեղծագործություններ տպագրելու համար: Վերջիններս, չնչին բացառությամբ, սիրահոժար համաձայնում էին ոչ այնքան բարձր հոնորարի ակնկալիքով, որքան տոնին և ծեսին ստեղծագործական մասնակցության «վայելքն» մասնակցելու գիտակցությամբ, խնդրանքով կամ հրավերքով արդեն արհեստավարժ ճանաչված և ընդունելի դարձած գրողի կարգավիճակի հերթական հաստատմամբ և, անշուշտ, Սուրբ Ծնունդի անսպառ գեղարվեստականացման հնարավորությունների փորձարկումով: Սկսնակների և ինքնահաստատման բովում գտնվող գրագետների համար ստեղծագործական մասնակցությունը այդ ծեսին ու տոնին կատարյալ դպրոց էր, լուրջ փորձություն, ճանաչում և համբավ ձեռք բերելու հստակ կարելիության: Պատահական չէր, որ Ծնունդին նախորդող օրերին խմբագրությունները հեղեղվում էին այդպիսի նորավեպերի հարյուրավոր նմուշներով [3]: Հար և նման համաշխարհային նորավիպագրության այնպիսի վարպետների, ինչպիսիք էին Տիկը, Հոֆմանը, Չեխովը, Հարթը, Մոպասանը, ժանրի արևմտահայ փաղանգի նշանավոր ներկայացուցիչները՝ Եղիա Տեմիրճիպաշյան, Լևոն Բաշալյան, Հրանդ, Երուխան, Հովհաննես Ասպետ, Երվանդ Օտյան, Տիգրան Չյոկյուրյան, Սուրեն Պարթևյան, Գեղամ Բարսեղյան, Սիմեոն Երեմյան, Մարի Սվաճյան, Թեոդիկ, Սիպիլ, Տիգրան Արփիարյան, Լևոն Շաթրյան և այլք:
Եթե 1880-ական թվականներին Կաղանդի թեմաներով և Սուրբբ Ծնունդի խորհրդին առնչվող նորավեպերը հատվածական էին (Տեմիրճիպաշյան, Անայիս), ապա 1890-ական թվականներից մինչև 20-րդ դարի տասական թվականն երը այդօրինակ ստեղծագործությունների քանակը աճում է պարզապես երկրաչափական հավելումով [4], լույս են տեսնում նորավիպագիրների գրքեր, ժողովածուներ բացառապես «կաղանդային նորավեպերից» բաղկացած [5], իսկ որոշ գրողներ իրենց նորավեպերի ժողովածուներում զետեղում են հետաքրքրող թեմայով գրված ստեղծագործություններ [6]:
Սուրբ Ծնունդի խորհրդի նորավիպային արտահայտման կերպն ու տիրապետող եղանակները որպես կանոն խարսխվում էին բարեգթության, կարեկցանքի, եղբայրավարության, գթասրտության հանգանակների գրականացումներին, թշվառության շրջապտույտի մեջ պարփակված խեղճերի և օտարացածների քրիստոնեական ուղուց չխոտորվելու անդրադարձումներին, զղջումի և դարձի անհատական հասանելիության կենտրոնացումներին: Ծնունդը նորավեպի կառույցում իբչև հղացք ենթադրում է սկիզբ, նորոգություն, կեցության և ճակատագրի, վարքի և պահվածքի նոր ժամանակագրություն. այս բեկվածքում են տեղայնացված պատումների տիրապետող եղանակները, բնագրային մակարդակում ծեսի ու տոնի խորհրդանիշներն ու արքետիպային միավորները զուգակցում են կառուցվածքային-իմաստաբանական գործառնություններ, ավետարանական կոսմոսի հանգանակներն ու առաջադրությունները փոխանցվում են բնագիր՝ որպես նորավեպի կառույցի անկապտելի միավոր, զանազան միստերիաների, կոլիզիաների, վարդապետության դրսևորումների ստեղծաբանական տարընթերցումները գոյավորում են ծեսի, տոնի միասնականացումը. «Կաղա՜նդը… կաղանդները կանցնին ու ըստ հիման իրարու կնմանին»,– ամփոփագրում է Եղիա Տեմիրճիպաշյանը նորավեպերի այս դրսևորման «միաբնակությունը» «Հորեղբոր կաղանդչեքը» պատմումում [7]: Նորավեպերի այս փաղանգում իրենց նշանային-իմաստային, փիլիսոփայական-գեղագիտական դաշտերի ամբողջ հզորությամբ գործում են և՛ ծեսին ու տոնին առնչվող խորհրդանիշներն և թե՛ ընդհանրապես աստվածաշնչյան առարկաների և գաղափարների գոյացումները (միթոսներ, սյուժեներ, մոտիվներ, թեմաներ և այլն), աղավնու, Ղազարոսի, երեկոյի խորհրդի, ճրագալույցի ու այլ գործառնությունների կիրարկումը [8]: Ավելացնենք նաև, որ այսօրինակ ստեղծագործությունների արտահայտման կերպում և տիրապետող եղանակներում ամրագրված են նաև խնդրո առարկա ծեսի, տոնակատարության սովորույթների, առանձնահատկությունների նկարագրությունները [9]:
Արևմտահայ նորավեպի «Աստվածահայտնության/Ծննդի» կառույցի մշակութաբանական կենտրոնացումների լինելիությունը պատճառականացվում է հետևյալ առարկայական իրողություններով.
ա) Ծնունդն ու Կաղանդը (սրանք համապատասխան բնագրերում, ինչպես քիչ հետո կտեսնենք, երբեմն միասնական են ընկալվում, նորավեպի կառույցում նույնական են) ունեն միևնույն գործառնություններն իբրև քրիստոնեական-ազգային կարևորագույն ծեսի և տոնակատարության գեղարվեստական մեկնաբանություն-այլասացություն,
բ) Ծնունդի թեոսոֆիկ-գոյաբանական խորհուրդը, Տիրոջ հայտնության գործառնական դաշտը պարտադիր՝ զանազան պլաններով անդրադարձվում է նորավեպերի գեղարվեստական համակարգում,
գ) բնագրային մակարդակի վարդապետությունը քրիստոնեական հանգանակների և գաղափարաբանության գեղարվեստական հանկերգն է,
դ) տոնի և ծեսի կարգավորությունը փոխաձևվում է գեղարվեստական բնագրում իբրև ծիսակարգության դրսևորում՝ դրա խորհրդանիշների, առարկաների և ընթացակարգի խստիվ պահպանությամբ:
Այսօրինակ ստեղծագործությունների հպանցիկ դիտարկումն արդեն մատնանշում է մի օրինաչափություն, արդեն «կաղանդային» նորավեպերի [10] վերնագրային լրատվության մեջ մատնանշած է Ամանորի, Սուրբ Ծնունդի պարագան, իսկ այն դեպքում, երբ վերնագիրը չի ներառում պատկանելիությունը, «կաղանդային» նորավեպերը անվերապահորեն ունենում են ենթավերնագրեր (խորագրեր)՝ պատկանելիության ցուցումով: Արևմտահայ նորավեպի գեղարվեստական համակարգում առկա են «կաղանդային» հետևյալ ենթավերնագրերը (խորագրերը). «Կաղանդի պատմություն», «Կաղանդի պատկեր», «Կաղանդչեք» (սա նաև նվիրաբերության գործառնակիր է), «Կաղանդի վիպակ», «Ծննդյան պատմություն», «Ծնունդի պատմություն», «Կաղանդի առթիվ»: Նշեցինք ամենատարածվածները:
Նորավեպերի այս փաղանգի խնդրադրությունը խարսխվում է անհատի, հանրության և ժողովրդի՝ հոգևոր ներդաշնակության հասնելու ներըմբռնողությանը, Տիրոջ հետ հաղորդակից լինելու գերիրականությանը. «Եվ մեծ ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր. Ահա Աստուծոյ խորանը մարդկանց հետ, եւ նա Կ՚բնակէ նորանց հետ, եւ նրանք կ՚լինին ժողովուրդ, եւ ինքն Աստուած նորանց հետ կ’լինի նորանց Աստուած: Եւ կ՚ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ եւ ոչ աղաղակ, եւ ոչ ցավ այլեւս չի լինիլ, որովհետև առաջիններս անցան» [11]: Եվ յուրաքանչյուր Ծննդյան ստեղծագործություն սատարում է այս հանգրվանին հասնելու համար: Այս համատեքստում Կաղանդը այն ելակետն է, որ ստիպում է դարձի գալ, և պատահական չէ, որ Լևոն Բաշալյանի «Կաղանդ» նորավեպում այս մտայնություն առհասարակ շեշտված է. «Մեծ դադարն է ասիկա, անհետացնելով հոգնություններն ու զրկանքները, գալիք օրերուն համար նոր ուժեր պատրաստելով, ամրապնդելով արի հավատքը որ դարերե ի վեր այդ հողին կը կապե զիր ենք՝ վհատիլ չգիտցող վստահությաUբ մը, տկարանալ չգիտցող կորովով մը» [12]: Եթե Բաշալյանը նորավեպում տոնակատարության բանահյուսական բառ ու բանի զուգահեռումներով պատկերագրում է հայրենիքի անեղծ, ներդաշնակ տեսլականը, ապա Վ. Բրուտյանի և նամանավանդ Թեոդիկի համապատասխան նորավեպերում ուրվագրվում է զրկյալների և կարոտյալների, «հոգով աղքատների» իրականությունը՝ Տիրոջը ներդաշնակվելու գաղափարը կիզակետ ունենալով՝ որպես գերիրականության հանգրվանին հասնելու գործնական և շոշափելի կերպ: Մանկամարդ այրի Մարթան իր երեք զավակների հետ դիմաւորում է Կաղանդը և միջոց չունի ոչ միայն ամանորյա միրգ ու անուշեղեն գնելու, այլև՝ հիվանդ դստերը վաղուց խոստացած ամանորյա տիկնիկը: Զուր են ջանքերն ու հորդորները՝ ապահով պատվիրատուները (Մարթան լվացարարուհի էր) ժամանակ չունեն տոնին նախորդող եռուզեռի մեջ լսել նրան, կարեկցել: Միայն վանեցի Թումոն է ձեռք մեկնում, օգնում այրուն իր և երեխաների Ամանորը դույզն-ինչ տոնելու: Գնված են և՛ անուշեղեն, և՛ տիկնիկ,սակայն դրանք բավ չեն ամոքելու որբուկին: Սա է Բրուտյանի ստեղծագործության դիպաշարը, կարեկցող և գթասիրտ հանրության տեսլականում է նա հանգուցում ներդաշնակության հանգրվանը: Ի դեպ, այստեղ հեղինակը մանրամասն շարադրում է Ամանորի ազգային սովորույթներից` նպատակամիտելով նաև տոնակատարության, ծեսի ազգային առանձնահատկությունների պահպանումը: Ահավասիկ. «Հայաստանի սովորության համեմատ, Կաղանդի առտուն ամեն տուն կանուխ կ’արթննա, և ծոմ բերնով կ՚երթա փողոցին անկյունը կամ եկեղեցիի դրան կից հաստատված աղբյուրն լվացվելու, ապա կը մտնե եկեղեցի և երկու ծունկ աղոթք ընելով, կերթա ընտանիքին հետ Նոր Տարվա բաղդի կաթան կտրելու…»[13]:
Թեոդիկի «կաղանդային» նորավեպերում որոշակիորեն ընդնշմարված է թշվառության, օտարվածության մեջ ճակատագրով հայտնված մարդկանց, «հոգով աղքատների» մաքրագործող, ներդաշնակության հանգրվանին նեnբերող ոստումը: Այս առումով բնanas են «Կաղանդ» ժողովածուի «Ապուրոտ բերնով», «Չամիչները», «Նեղ օրիդ համար» ստեղծագործությունները[14]: Շրջմոլիկ դեռահասներն իրենց բարեկեցիկ հասակակիցներին փոխադարձ ուշադրության, գորովանքի օրինակ են ցույց տալիս («Ապուրոտ բերնով»), Միհրանը, որ Կաղանդի առիթով հնարավորություն ուներ ճաշակելու հին տարվա մեջ առաջին և նոր տարում վերջին անուշեղենը, նվիրում է այն իր մեծ քրոջը («Չամիչները»), Տիրանը, որ ապրում էր խորթ մոր և եղբոր հետ (մայրը չէր կարողանում նրան հարազատ զավակի պես ընդունել, Տիրանը մահացած ամուսնու առաջին կնոջից էր) իր վերջին կոպեկները տալիս է մայրացուին՝ հիվանդ եղբոր համար Ամանորի նվեր գնելու: Այս անտեսվածներն ու կարոտյալները, «հոգով աղքատները» նախանշում են դարձի, մաքրագործության և ներդաշնակության ճանապարհը, այս կիզակետում է հանգուցվում Թեոդիկի «կաղանդային» նոր ավեպերի հղացքային իրագործումը:
Արդեն ակնարկեցինք, որ նորավեպերը ներառում են նաև Սուրբբ Ծնունդի խորհրդի, տոնի և ծիսակատարության անդրադարձները, ժանրի կառուցվածքում նույնական են և ուղղորդված վարդապետության հանգանակների, նորմի ստեղծագործական մեկնաբանությանը, կամ Ծնունդի խորհրդի գեղարվեստական այլասացություններ են: Այս նորավեպերից շատերը տպագրվել են Ծնունդին նախորդող և հաջորդող օրերին՝ հունվար 4-10, իսկ մի ստվար EaoUբ թե՛ վերնագրային լրատվությամբ և թե՛ թեմատիկայով խարսխված են Ծնունդի գեղարվեստական գործ առնության տիրույթներում:
Ծնունդի խորհրդի հիմնական գործառնությունը նորավեպերում դարձն է դեպի Տերը՝ վարքով, արարքով, գոյության կերպի քրիստոնեական համապա- տասխանացումով, փորձության խոչընդոտները հաղթահարելով: Տիրոջ ծնունդը սատարում է հոգևոր-բարոյական մաքրագործությանը, խթանում ներդաշնակության հասնելուն, ուղենշում ոգու ինքնակատարելագործման մղումը. միմիայն այս պարագային է հասարակությունը, ազգային մասնահատկությունը վերելք ապրում, այս կարգախոսն էր Ծննդյան նորավեպերի գեղագիտական հանկերգը: Անայիսի (Եվփիմե Ավետիսյան) «Ծննդյան պատմություն»[15] նորավեպում տոնի քնարական նկարագրությանը հաջորդում է լքյալ կնոջ և երեխայի հոգեկան տվայտանքների արձանագրությանը. ահա մեկ տարի է, ինչ Արամը հեռացել է տնից և Նվարդին ու արու զավակին մենակ թողել: Ծննդյան երեկոն է. Նվարդը ջանում է տոկալ, մանկիկին զվարթ պահել, իսկ Արամը, հերթական թղթախաղից սպառված, որոշում է եկեղեցի մտնել: Ծնունդի խորհուրդը նրան սթափեցնում է, և մոլորյալ ամուսինը դարձի է գալիս, տուն վերադառնում: Սա Սուրբբ Ծնունդի հրաշքն է, որ պայմանավորված է թե՛ Նվարդի տոկալու բարոյաբանական վարքագծով և թե՛ Արամի կրկին եկեղեցի գալու հանգամանքով՝ պատճառաբանված մաքրագործության ցանկությաUբ: Աստվածահայտնության խորհուրդը վերընձյուղում է ընտանիքը: Տիգրան Չյոկյուրյանի «Ի մարդիկ հաճություն»[16] նորավեպի Օհանջանը գժտվել է իր դրկից Գոգորի հետ: Օհանջանենց տանը բոլորը Սուրբբ Ծնունդի տոնակատարությունը նախապատրաստելու մեջ են: Ըստ ամենայնի պաշտպ անվում են տոնի, ծիսակարգության բոլոր սովորույթները, սակայն տնեցիները լարված են. Աստվածահայտնության խորհուրդը անհարիր է դրկիցների պրկված հարաբերություններով և երկուստեք հաշտության հորդորները համատեղվում են. «Անզգալի շարժումով երկու հարսեր հրեցին իրենց մարդիկը: Օհանջան և Գոգոր գահավիժեցան իրարու: Լայնորեն բացված հուժկու բազուկներ զիրար գրկեցին: Հեշտանքի, գոհության երջանիկ շունչ մը թռավ զսպված կուրծքերե»: Տոնը միմյանց ներելով, հաշտությամբ է բերում հոգու խաղաղություն:
1890-ական թվականների երկրորդ կեսից, պատմական հայտնի փաստերի պատճառով (համիդյան ջարդերի և հալածանքների քաղաքականության) «կաղանդային» նորավեպերում հստակորեն ընդնշմարվում է հոգևոր ներդաշնակության սրբազնության հղացքում ազատամարտային զուգակցումները. հայրենիքին նվիրաբերվելը համահունչ է Ծնունդի խորհրդի մաքրագործությանը: Սա է այդօրինակ նորավեպերի գեղագիտական առաջադրությունը: Այս առումով ուշագրավ ստեղծագործություններից են ազգային-ազատագրական շարժման երախտավորներից Վահան Մանվելյանի (բուն անվամբ՝ Կարապետ Տողրամաճյան) «Կաղանդչեքը»[17] և Երուխանի համանուն նորավեպը [18]: Եթե Մանվելյանի պաթետիկ-հերոսական պատումը «բոլոր հայ տառապյալներուն» ալեգորիկ արթնացումի ինքնատիպ ուղերձ էր, ապա Երուխանի Գարեգին Սուրմալյանը անմահանալուց (իբրև հայկական դատի նախանձախնդիր կախաղանի էր դատապարտված) ազգային պատվախնդրության ոգու հավերժությունն է տարփոխում` իբրև Ծնունդի աստվածահաճո նվեր:
Ժանրային այս կառույցն ունի հստակ, անխոտոր ձևաբանական կերպ՝ պատումային մակարդակի որոշարկված կաղապարով և կառուցվածքային մոդելով: Նորավեպերի այս փաղանգը պարտադիր ունենում է Ծնունդի տոնի ծիսակարգությունից փոխանցված արտահայտություններ, գործառնությունների կիրառություններ, կոլիզիաները գերազանցապես հանգուցալուծվում են Ծննդյան գիշերը: Բնականաբար, քրիստոնեության ծիսակարգության, արքետիպների, խորհրդանիշների բազմաթիվ դրսևորումներ բնագրային մակարդակում փոխաձևվում են իբրև կառուցվածքային բաղադրատարրեր, առարկայացնում պատումը (օրինակ, Ղազարոսի միստերիան՝ արծարծված Երվանդ Օտյանի «Կաղանդի վիպակ» ստեղծագործությունում, ճրագալույցի խորհուրդը, նվիրաբերության հանգանակը, աղավնու խորհրդանիշը և այլն):
Նվիրաբերության գեղարվեստական զանազան գործառնությունները հիմնականն են պատումի ընթացականության, կենտրոնացման և հանգուցալուծման գործում: Լևոն Բաշալյանի «Կաղանդչեքը» նորավեպում [19] երիտասարդ Հակոբի երախտագիտությունը դաnբին Գևորգի ընտանիքի հանդեպ (Գևորգը տասնհինգ օր հիվանդ պառկած էր և Կաղանդին տանը բան չկար) փոխադարձվում է նվիրաբերության ալեգորիկ դրսևորմամբ. ի պատասխան Հակոբի բե-րած նվերների՝ Գևորգի աղջիկը իր վարսերից մի փնջիկ՝ իբրև կաղանդչեք, նվիրում է երիտասարդին: Գիմմենի «Կաղանդչեքը» նորավեպում [20] երիտասարդ Արսենի համար Կաղանդի երեկոն և նվերը դառնում են փորձություն,ինքնաճանաչման դրական ճանապարհ: Հարկ է նշել, որ նորավեպերի այս համակարգում առհասարակ նվիրաբերության հղացքը ստեղծագործությունների պարտադիր նախապայմաններից է (Երուխան, Լևոն Շաթրյան, Օննիկ Չիֆթե-Սարաֆ, Վահան Մանվելյան) անպայման զուգահեռված գիշերվա խորհրդին կամ ճրագալույցին: Եթե Չիֆթե-Սարաֆի կուզիկը համանուն նորավեպից [21] գոյության իմաստը կենտրոնացնում է խնայած դրամով հայրենի գյուղի մարդկանց կաղանդչեք առնելու, այսինքն՝ օգնելով, սատարելով, ապա Վ. Մանվելյանի Տիգրան աղան իր տիկնոջը՝ Աննային, հիրավի, ինքնատիպ կաղանդչեք է տալիս. որդեգրում է մի որբուկի՝ նրան պարգևելով ծնողներ, իսկ իրենց՝ զավակ [22]:
Այսպիսով՝ միանշանակ է, որ Սբ. Ծնունդի նորավեպերի համակարգում թշվառության, կարիքի, անտեսման տարուբերումների պատկերագրումը, «հոգով աղքատների», «սգավորների», «քաղցածների և ծարավների», «ողորմածների», «խաղաղարարների», «արդարության համար հալածյալների» հոգեբանության դրվագումը հավատքին ներդաշնակվելու, մաքրագործության գեղարվեստական համարժեքումն էր:
[1] Ժամանակագրական մատնանշած պարփակվածությունը ենթադրում է մեթոդաբանական և զուտ հետազոտական նկատառումներ: Սկիզբը՝ 19-րդ դարի 80-ական թվականներ, պատճառականացված է գրականության պատմության առարկայական իրողությամբ, արևմտահայ նորավեպն՝ իբրև լիովին ձևավորված, ինքնորոշված և ինքնուրույն ժանր, համակարգ այդպիսին է ութսունականներից: Ավարտը՝ 20-րդ դարի 10-ական թվականներ, պատճառականացվում է ժամանակաշրջանի հետազոտական ընդգրկունությամբ, ապա և արևմտահայ գրականության պատմական փուլի փոփոխության հանգամանքով (սփյուռքի գրականության շրջան), թեև «կաղանդային նորավեպերի» ավանդները շարունակվում էին 10-ականների երկրորդ կեսի, 20-30-ական թվականների փոքր արձակի համակարգում:
[2] Վ. Գ. Բրուտյան, «Շարժապատկերներ (կյանքի տեսարաններեն)», Աղեքսանդրիա, Տպագրություն Գասպարյան, 1914 թ., էջ 2:
[3] Ուշագրավ է, որ Արշակ Չոպանյանը իր գրական նախաքայլերը սկսել է նաև կաղանդային թեմաներով նորավեպեր գրելու փորձերով: Նա 1888-ի վերջերին «Կաղանդ» վերնագրով մի նորավեպ է գրել և ուղարկել «Արևելք» թերթին՝ տպագրելու: Ստեղծագործությունն ընթերցել էր ԼևոնԲաշալյանը և 1889-ի հունվարի 10-ին երիտասարդ Չոպանյանին հասցեագրած նամակում նշել,թե խմբագրությունը մերժում է նորավեպի տպագրությունը՝ ընդգծելով. «…մենք իրավունք ունինք պահանջելու, որ այնքան նպաստավոր պայմանաց մեջ սնած միտք մը առաջին անգամեն ուշադրություն հրավիրե իր վրա, իր գրությանցն անակնկալ գեղեցկությամբ»: Տե՛ս «Արևմտահայ գրողների նամականի», պրակ 1, Երևան, Համալսարանի հրատարակչություն, 1972 թ., էջ 966:
Վստահաբար կարելի է մատնանշել, որ ինչպես այս չհրատարակված նորավեպը, այնպես էլ խմբագրության կեցվածքը բարերար ազդեցություն թողեցին, որպեսզի արդեն 1890-ական թվականների սկզբից հանդես գա ևս մի շնորհալի և հետաքրքիր նորավիպագիր:
[4] Ստորև բերված փոքրիկ ժամանակագրական ցանկը հաստատում է իրողությունը:
1890 թ. – Անայիս, «Ծննդյան պատմություն»
1893 թ. – Թեոդիկ, «Տանջվածներու բանակեն»
1894 թ. – Լ. Բաշալյան, «Կաղանդչեքը»
1895 թ. – Ե. Օտյան, «Կաղանդի վիպակ»
1898 թ. – Գիմմեն, «Կաղանդչեքը», Ատրուշան, «Կաղանդի երեկո», Վ. Մանվելյան,«Կաղանդչեք», Լ. Բաշալյան, «Կաղանդ»
1899 թ. – Վ. Մանվէլյան, «Կաղանդի պարզ պատմություն»
1900 թ. – Երուխան, «Կաղանդչեքը»
1901 թ. – Լ. Շաթրյան, «Ակնարկը», Թեոդիկ, «Շունի սիրտ», Թեոդիկ, «Սխալ մերժումը»
1902 թ. – Թեոդիկ, «Ապուրոտ բերնով»
1903 թ. – Լ. Քիրիշճյան, «Թոռ ան սեր», Թեոդիկ, «Դեպի կաղանդ»
1904 թ. – Թեոդիկ, «Նեղ օրերիդ համար»
1907 թ. – Թեոդիկ, «Մահվան դեմ հանդիման»
1909 թ. – Թեոդիկ, «Մեծ այցելուն»
1911 թ. – Թեոդիկ, «Ծառին վրա»
1912 թ. – Թեոդիկ, «Արյունոտ զարդանկար», Թեոդիկ, «Ուշ ացած հայրիկը»
1913 թ. – 0. Չիֆթե-Սարաֆ, «Կուզիկը»
1914 թ. – Վ. Բրուտյան, «Պուպրիկը»
[5] Տե՛ս Վահան Մանվելյան (Կարապետ Տողրամաճյան), «Կաղանդչեք», Փարիզ 1898 թ.: Թեոդիկ,«Կաղանդ», Ա հատոր, Կ. Պոլիս, «Տպագրություն Օ. Արզուման», 1914 թ.:
[6] Տիգրան Չյոկյուրյանը Կ.Պոլսում հրատարակած «Հայրենի ձայներ» ժողովածուում զետեղել է
«Կաղընտին զոհը» և «Ի մարդիկ հաճություն» նորավեպերը: Տե՛ս նշված ժողովածուն, 1910 թ. Էջ 37-51 և 67-74:
[7] Եղիա Տեմիրճիպաշյան, Երկեր, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1986 թ., էջ 191:
[8] Տե՛ս օրինակ Ատրուշանի «Կաղանդի երեկո», «Բյուզանդիոն», Կ. Պոլիս, 1898 թ., թիվ 364), Լևոն Քիրիշճյանի «Թոռան սեր» («Բյուզանդիոն», 1903 թ., թիվ 1911) նորավեպերը:
[9] Այս իմաստով բնորոշ է Թեոդիկի «Կաղանդ» ժողովածուն, որ ի թիվս հավատարմության, կարեկցանքի, գթասրտության անդրադարձումների («Շան սիրտ», «Մահվան դեմ հանդիման», տե՛ս նշված ժողովածուն, էջ 7-30 և 55-61) գրականացվել են նաև ծիսակարգության, տոնի սովորույթն երն ու առանձնահատկությունները («Դեպի Կաղանդ», էջ 63-69, «Սխալ մերժումը», էջ 70-80):
[10] Հարկ կա՞ նշելու, որ սույն գրության մեջ «Կաղանդային նորավեպ», «Կաղանդի պատմում» և այդօրինակ ձևակերպումները պայմանական եզրեր են նորավեպի կառույցի տեսակը կարճառոտ
նկարագրելու համար:
[11] Յայտնութիւն Յովհաննէս Առաքեալի, ԻԱ 4:
[12] Տե՛ս «Նոր կյանք», Լոնդոն,1898 թ., հունվարի 1:
[13] Վ. Բրուտյան, «Շարժապատկեր» նորավեպերի ժողովածու, «Պուպրիկը», էջ 25:
[14] Տե՛ս Թեոդիկ, «Կաղանդ», էջ 31-38, 39-47 և 48-53:
[15] Տե՛ս «Արևելք», Կ. Պոլիս, 1890 թ., թիվ 1795:
[16] Տե՛ս Տ. Կամսարական, Տ. Չյոկյուրյան, «Երկեր», Ե. «Սովետական գրող» հրատարակչություն,
1984 թ., էջ 482-488: Նորավեպն ունի «Ծնունդի պատմություն» ենթավերնագիրը:
[17] Վ. Մանվելյանն այս ստեղծագործությունը գրել է 1898-ին, որն առաջին անգամ նույն տարում
տպագրվել է Վառնայում, ապա Փարիզում՝ առանձին, այնուհետև լույս է տեսել նրա «Նշխարն
եր» ժողովածուում, Ֆիլիպե, Տպարան «Ռազմիկի» 1907 թ., էջ 122-134:
[18] Տե՛ս Երուխան, «Կաղընդչեքը», «Շավիղ», Վառնա, 1900 թ., ապրիլի 15:
[19] Տե՛ս «Հայրենիք», Կ. Պոլիս, 1894 թ., հունվարի 1:
[20] Տե՛ս «Մասիս», Կ. Պոլիս, 1898 թ. թիվ 17:
[21] Տե՛ս «Շանթ», Կ. Պոլիս, 1913 թ., թիվ 52-53, էջ 65, 68:
[22] Տե՛ս Վ. Մանվելյան, «Նշխարներ» ժողովածու, «Կաղանդի պարզ պատմություն», էջ 140-146: