Գիշերվա ժամը երկուսն է։ Թբիլիսիի օդակայանում այստեղ֊այնտեղ ուղեւորներ են երեւում․ ոմանք, թռիչքի սպասելով, նստարաններին ննջում են։ Մեկը, որ կիսաքուն է, ոչինչ չասող աչքերով թերթում է օդակայանի կրպակից ձեռք բերած ինչ֊որ ամսագիր։ Ճանապարհողները հավաքվել են մի անկյունում, եւ բացվող շամպայնների պայթյուն է, որ լսվում է։
— Դե՛, քեզ տեսնեմ՝ կյանքդ ոնց ես դասավորում։ Հանաք բան չկարծես, ամերիկացի ես դառնում,— կենաց խոսք է ասում ոտքի վրա ընտրված թամադան։
— Շնորհակալությո՛ն, Աստված ձեզ օգնական,— ի պատասխան հնչում է կնոջ ձայնը։
Հայացքս ակամա դարձնում եմ նրան․ քառասունամյա կին է՝ ակնոցով, տասներեքամյա տղեկի հետ։ Ճանապարհողներից սրամիտ մեկը ջանում էր հաճույք պատճառել տիկնոջը․ այնպիսի բաներ էր պատմում՝ ներկաների ուշքը գնում էր ծիծաղից։ Ծիծաղում էր նաեւ տիկինը, բայց նկատում եմ՝ աչքերում ծանր թախիծ է իջել։ Ժամանակ առ ժամանակ ինչ֊որ բան էր շշնջում կողքի տղամարդուն, հետո քնքշանքով ուղղում էր որդու վերնաշապիկի օձիքը եւ ասում․
— Հայրիկից հեռանալը ծանր է, զավա՛կս, բայց Աստծու օգնությամբ վեց ամսից նա էլ կգա․ հո գիտես՝ ի՜նչ դժվար է բնակարան վաճառելը։
Տղամարդը շրջվեց երեխայի կողմը․
— Դե քեզ տեսնեմ՝ մայրիկին ոնց ես նայելու։ Դու արդեն տղամարդ ես։ Հույսս դու ես։
Ասելուն պես աչքերն արցունքոտեցին, հետո որդուն մի ձեռքով ամուր սեղմեց կրծքին, իսկ մյուսով գրկեց կնոջը, ասես երկու բեւեռ էր միացնում։
— Անո՛ւկ ջան, ցավդ տանեմ, ջան֊ջանի՛կս[1],— լսվցե տարեց մի կնոջ ձայն, որ, ըստ երեւույթին, հայ էր,— ты же знаешь в Лос Анджелесе адрес нашего Гарика, обязательно позвони к ним.
— Да, мама, позвоню!— պատասխանեց կինը եւ կրկին շրջվեց դեպի ամուսինը։ Զգացվում էր՝ դժվարությամբ էր նրան թողնում։ Նրանց հարաբերություններում տեսա ընտանեկան այն իդիլիան, որով այլազգիներից առանձնանում են կովկասյան ժողովուրդները։
Երբ հայտարարեցին ինքնաթիռ բարձրանալ, կնոջը մոտեցավ տարեց, ազնվակիրթ մի մարդ, որի՝ կյանքից հոգնած, նամացած դեմքը թրջվել էր դառնության արցունքներից, թեեւ նկատելի վիշտ էր ապրում, այդուհանդերձ փաղաքշանքով դիմեց նրան․
— Անո՛ւկս, սիրելի՛ս, ղոչաղ կլինես, ի՜նչ ասեմ ես էս կարիքին, թե չէ քեզ ո՜վ կթողներ այնտեղ։ Զգույշ կլինես, ճիշտ է՝ վրացիներս Ամերիկայում հարազատներ չունենք, բայց մորդ մոտիկները գուցե օգնության ձեռք մեկնեն։
Հետո գրկեց թոռին ու գրեթե բացականչեց․
— Վրացերենդ չմոռանաս, տղա՛ս, միշտ հիշիր՝ ում ցեղից ես։ Իմ հույսը դու ես, իմացի՛ր։
Տղան ամուր սեղմվեց պապին, հետո ասես սոսնձվեց հորը եւ, առանց խոսք ասելու, պոկվեց տեղից, քանզի գիտեր, այլ ճանապարհ չկար, եւ մոր հետ գնաց դեպի ելքը։
«Է՛հ,— մտածեցի,— ամոթ մեր ներկա կացությանը,— գիտեի՝ սա ոչ առաջին ընտանիքն էր, ոչ էլ վերջինը, որ թողնում էր հայրենիքը։ Նրանց հոգին ու միտքը այստեղ է թեեւ, բայց մարմինը թռչում է հեռավոր երկիր, եւ, Աստծուց բացի, ոչ ոք չգիտե՝ ի՜նչ ճակատագիր է բաժին հասնում նրանց։ Ի՜նչ անես, դժբախտաբար այսպիսին է փոքր ազգերի դառն ճակատագիրը»։
Քանի որ մեկամսյա գործուղմամբ թռչում էի Ամերիկա, բազկաթոռից վեր կացա ու շարժվեցի դեպի ելքը։ Ինքնաթիռը, որի մեջ մի տասը ուէեւոր հազիվ լիներ, իրականացնում էր Թբիլիսի—Երեւան—Փարիզ—Լոս֊Անջելես չվերթը։ Առջեւում հոգնեցուցիչ ճանապարհ էր մեզ սպասում։
Պարզվեց՝ իմ տեղը տիկնոջ կողքին է։ Ակնածանքով ողջունեցի, հետո կոնֆետ հյուրասիրեցի տղեկին, եւ, մտքերի մեջ խորասուզված, այնպես հասանք Երեւան, որ ոչ մեկս ոչ մի խոսք չփոխանակեցինք։
Չորս ժամ կար չվերթերի միջեւ։ Տրանզիտը ձեւակերպեցինք ու հենց այնտեղ՝ բազկաթոռներում տեղավորվեցինք։ Տիկինը շատ քաղաքավարի հարցրեց անունս։
— Գեորգի, Ձե՞րը։
— Անուկ,— պատասխանեց,— Դուք երկա՞ր ժամանակով եք մեկնում Ամերիկա։
— Ո՛չ, գործուղմամբ եմ գնում։
— Երջանիկ եք, ուրեմն․ թե մենք երբ կվերադառնանք, Տերը գիտե։
Այսքանն ասաց ու պայուսակից ինչ֊որ բան հանեց, հետո նայեց ինձ եւ դողացող ձայնով հավելեց․
— Կարող եմ ծիծաղելի թվալ, բայց մերոնցից թաքուն վրացական հող եմ վերցրել։
— Ի՜նչ եք ասում, տիկի՛ն,— ասացի,— շատ կարճ ժամանակում վերադառնալու եք։
— Ինչ֊որ կասկածում եմ,— պատասխանեց տխրամած։
— Ներող եղեք, ի՞նչ մասնագետ եք։
— Լեզվաբան,— ասաց, հետո ավելացրեց,— խորհրդային տարիներին դասախոսում էի համալսարանում եւ հպարտ էի, իսկ հիմա այնքա՜ն կարիքավոր ենք դարձել, որ միակ ելքը այս քայլի մեջ տեսանք։ Ինձ ծանոթ ամերիկացի մի կին հրավեր է ուղարկել, նաեւ խոստացել է, որ իր բնակարանում մեզ ապրելու տեղ կապահովի։ Ծաղկավաճառի աշխատանք է ճարել ինձ համար՝ հազար հինգ հարյուր դոլար ամսավճարով, իսկ հետո, եթե գործերը հաջող ընթանան, Աստծո զորությամբ, գուցե ամուսինս, որ բժիշկ է, կմիանա մեզ։ Թերեւս որպես բժշկի օգնական վերցնեն որեւէ կլինիկայում։ Մինչ հրավերի ժամկետը լրանալը, եթե չկարողանանք աշխատանքի իրավունք ստանալ, հավանաբար անլեգալ մնանք…
— Ի սեր Աստծո, Ձեր սիրտը մի՛ կոտրեք, տիկին, ա՛յ, կտեսնեք՝ ամեն ինչ բարեհաջող կդասավորվի,— ընդհատեցի զրույցը։
— Աստված Ձեր ձայնը լսի,— մրմնջաց նա, բարությամբ լի հայացքը հառեց ինձ եւ ավելացրեց,— հորս կողմից վրացի, մորս կողմից հայ եմ ես։
Նրա հետ զրույցից հետո գլխումս տարօրինակ միտք ծագեց․ «Տոմսը ինչո՞ւ է Երեւանով վերցրել այս տիկինը։ Հավանաբար սա էլ ճակատագիր է։ Վրաստանը թողնում է երկու ժողովրդի զավակը, որ չափազանց հպարտ է մայրական կողմից ծագումով հայ լինելու համար, բայց կյանքի դժվարին պահին քնքշորեն պահած վրացական հող է տանում իր հետ, ինքս էլ չգիտեմ՝ ինձ ինչ ուժ վեր կացրեց, մի քանի վայրկյան մթագնած ուղեղով անցուդարձ արեցի սպասասրահում, հետո մեկեն ինչ֊որ միտք հղացա․ գրպանիցս հանեցի փոքրիկ, ծալովի դանակը եւ մոտեցա գազոնին… Չոքեցի ու սրբազան երկյուղածությամբ սկսեցի հողը փորել, հետո փորածը փաթաթեցի թաշկինակիս մեջ, վերադարձա սպասասրահ եւ անխոս ընկղմվեցի բազկաթոռի մեջ։
— Պատրաստվե՛ք թռիչքի,— հայտարարեց ուղեկցորդուհին։
Մի քանի րոպե անց մեր լայները ակոսում էր հեռավոր երկրներ տանող երկինքը։
— Անո՛ւկ, սիրելի՛ս,— երկյուղածությամբ դիմեցի տիկնոջը,— չգիտեմ՝ ինչ կատարվեց ինձ հետ, բայց հավանաբար խորհրդավոր մի ուժ իջեցրեց մեզ հայոց հողում։— Խոսքս չվերջացրի․ թաշկինակումս փաթաթած հողը մեկնեցի նրան։
Կապոցը լուռ վերցրեց, եւ ձեռքը կպչելուն պես գլխի ընկավ՝ ինչ է։ Թախծոտ, խելացի աչքերը հառեց ինձ, թաշկինակը բացեց, մի քանի վայրկյան զարմանքով նայեց, հետո վերցրեց վրացական հողի իր կապոցը, եւ քանի որ իր ձեռքերն զբաղված էին, ինձ խնդրեց՝ բացեմ, հետո երկու սուրբ հողը պատկառանքով խառնեց իրար, դարձրեց մեկ կապոց, երախտագիտորեն ձեռքը մեղմիվ դրեց ձեռքիս՝ դուք իմ մտքերը ո՜նց կարդացիք, ասաց ու հավելեց․
— Երկու հողը առանձին֊առանձին տանելը անթույլատրելի է նույնքան, որքան երկու ժողովրդին իրարից առանձնացնելը։
Ասաց, կապոցը համբուրեց եւ ընկղմվեց մելամաղփության խորխորատը… Այնպես կախարդված էր նայում անսահմանությանը։ Մի քանի ժամ ուչ մի շարժում չարեց։
Թարգմանությունը վրացերենից` Հրաչյա Բայրամյանի
[1]Բնագրում հայերեն է։