Նրբանկատ զգուշավորությամբ, բայց բացառիկ սրատես հայացքով, կարեկցական քնքշությամբ, բայց և անողոքաբար հատու սրամտությամբ գրված Լուսինե Հովհաննիսյան-ի Երևա, Երևա Երևան վավերագրական ինքնապատումը անտարբեր չի թողնի ինչպես սովետական Հայաստանում ծնված ու մինչև էս տողերը կարդալու տարիքին հասած ընթերցողին, այնպես էլ նրանց, որ երեկ են գրանցվել Ֆեյսբուքում՝ տարիքային սահմանափակումների բերումով։
Գիրքը 70-80-ակններից սկսած հեղինակի պատանեկության, երիտասարդության ու հասունության անձնական, ընտանեկան պատումը զուգադրում է սովետական Երևանի մանրամասն նկարագրության ու մինչև 2021 թվականը բոլոր էական փոխակերպությունների պատումի հետ՝ մի տեսակ մեկ մարդու ապրվող կյանքի ու իր միջավայրի անխզելի օրգանական կապը արտածելով։
Սակայն, ինձ համար, ամեն դեպքում, գրքի գլխավոր արժանիքը ոչ թե երևանյան արդեն անհետ կորած անցյալի մանրամասն ու հոգատար վավերագրումն ու քարտեզագրումն էր, կամ անգամ շատ զգայական տեքստը, որ անվերջ կամ լիասիրտ ծիծաղել է ստիպում, կամ խորապես հուզվել, այլ գիրքը գրելու ընթացքով թելադրված ու հավանաբար ակամայից ստացված վերհիշվող անցյալի ու ապրվող ներկայի երկփեղկվածության գրանցումն էր։
Եթե գրքի հիմնական մասում մենք կարդում ենք վերը նկարագրված սովետական ու անկախական երևանի հատկապես փոքր կենտրոնի մանրակրկիտ ու սիրալիր, միշտ քաղցր հանդարտությամբ շղարշված մի քանի տասնամյակ ներառող վերհուշը, ապա գրքի անսպասլի ու ցավալիորեն սկսված ներկայագրություն-վերջաբանում կարդում ենք 2020-ի արցախյան պատերազմի օր առ օր տրվող, բաց ներվի սարսուռով գրառվող ողբերգական խրոնիկան, ժամանակների անսպասելի ու անպատեհ փակուղին ու ավարտը, որը կարծես իմաստազրկում ու ի չիք է դարձնում այդքան ջերմորեն մի ամբողջ գիրք մոռացումից փրկված, փայփայված անցյալը։ Անկախ այդ ներկայի վավերագրության՝ հատկապես անձնականորեն ցավալի ծանրությանը՝ կապված հեղինակի արցախյան արմատների ու պատումի մեջ արցախյան թեմայի էական տեղի հետ, ժամանակների ու չափումների այս խզվածքը Լուսինեի գիրքը պարզ հուշագրությունից բարձրացնում է բոլորովին ուրիշ գեղարվեստական մակարդակի։