«Բյուրոկրատ» հագուստի խանութ-սրահը այլեւս նույն անվամբ գրախանութ է, հիմնադիրներն էլ փորձելու են այնպիսի միջավայր ստեղծել, որ գրքի մշակույթը վերածնվի: Նորաբաց գրախանութում փնտրեք արվեստի, ճարտարապետության, գիտական, փիլիսոփայական եւ մանկական գրականություն: Մոտ ապագայում գրախանութը կհամալրվի նաեւ ժամանակակից գեղարվեստական գրականությամբ:
«Բյուրոկրատի» բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ին` ազդարարվելով Կոստան Զարեանի “Անցորդը եւ իր ճամբան” համայնավեպի շնորհանդեսով: Գրախանութի հյուրերի շարքում էին Տիգրան Մանսուրյանը, Վարդան Պետրոսյանը, Վարդան Օսկանյանը, այլ արվեստագետներ, պետական այրեր, հասարակական գործիչներ եւ ընթերցասերներ:):
«Անցորդը եւ իր ճամբան» ներկայացրեց գիրքը կազմող Երվանդ Տեր-Խաչատրյանը` նշելով, որ Կոստան Զարեանը մի գիրք է գրել, որի մեջ փիլիսոփայական հստակեցման, պարզեցման, խորության է ենթարկված մեր ժողովրդի անցյալը, ներկան, ապագան, նրա գոյության հարցը. “Այն գրվել է 1926-27 թվականներին: Սա նոր ժամանակների մեր առաջին վեպն է` անխարդախ, անպաճույճ պատմություն: Մարդը, հերոսը, անցորդը դուրս է գալիս Պոլսից 1922 թվին եւ գալիս Հայաստան: Այստեղ ապրում է մեկ ու կես տարի, ենթարկվում բազում փորձությունների, տեսնում երեւանյան կյանքը եւ հանգամանքների պարտադրանքով, ֆիզիկական վտանգի հարկադրանքով հեռանում է Հայաստանից: Այս պարզ սյուժեն վեպում վերածվել է մի բացառիկ երեւույթի: Կարեւորը հեղինակի մտքի շարժումն է. քսանական թվականներն են, եւ մեր ժողովուրդը չգիտի` ինչ է սպասում իրեն: Սփյուռքը նոր-նոր է գոյանում, Արեւելյան Հայաստանը հայտնվել է թակարդում: Հեղինակը ստիպում է ընթերցողին մտածել այդ ամենի մասին”:
Վարդան Պետրոսյանը “Բյուրոկրատ”-ից Կոստան Զարեանի երկու գրքով գնաց: Դեռ մի քանիսն էլ պետք է Երեւանից մեկնելուց առաջ գնի ընկերներին նվիրելու համար: Դերասան, երգիծաբանն ասաց, որ արդեն վեցերորդ ամիսն է` Երեւանում է, դեռ երկու ամիս էլ կմնա, հետո կմեկնի. “Խեղճ ընտանիքս արդեն կարոտից… Ես էլ եմ կարոտել, հետո էլի կգամ, ոչինչ: Հիմա շատ-շատ հուզված եմ, որ Կոստան Զարեան եմ առնում, էլի եմ առնելու, որովհետեւ Փարիզում մարդիկ ունեմ, որոնք շատ կուրախանան, որ սա կա: Շատ լավ բան է”:
Վարդան Պետրոսյանը կարեւորում է նաեւ գրքերի վիզուալ տեսքը:). “Գրախանութից շատ դժվար ես դուրս գալիս առանց գրքի, առավել եւս այսպիսի սիրուն գրախանութից: Գիտեք, ես հիացել եմ Թեհրանի գրախանութներով: Այնքան սիրուն են` սրճարանի պես, զարմանալի վերաբերմունք, ակնածանք կա գրքի նկատմամբ: Այստեղ էլ թող գրքերը սիրուն վաճառվեն էլի, օրինակ` մեզ համար սովորական է փողոցներում գետնի վրա գիրք վաճառելը, մինչդեռ դա վիրավորական է գրքի, մարդու մտքի, աշխատանքի նկատմամբ: Չգիտեմ, այնքան սիրուն գրքեր կան: Գիտեք չէ, մարդ մտնում է դեղատուն, ասում` էն դեղին գույնի դեղից կտաք, կոճակները այնքան սիրուն են, այսօր գիրքն էլ է պետք կարողանալ այդպես մատուցել, ոչ թե դեղնած էջերով, փոշեկալած”:
Երգիծաբանը նշում է` յուրաքանչյուրիցս է կախված` ինչքան կյանք կունենա այս գրախանութը: “Շատ-շատ մարդկանց պետք է ասեմ` փոքր, սիրուն գրախանութ կա, այցելեք: Այսօր մարդկանց ուղեղները ուրիշ տեղ են ուղղորդվում, մեղք չունեն իրենք. անընդհատ փող, սեքս, պոմիդորի սոկ, բանան, ես կարծում եմ, որ գրախանութները պետք է կարողանան իրենց գեղեցկությամբ, դիզայնով, սրճարանով, երաժշտությամբ կանչել, գայթակղել: Սա սուրբ գայթակղություն է, ինչո՞ւ չէ: Ոնց են Եհովայի վկաները դռները ծեծում, ասում հավատացյալ դարձեք: Այսօր գրքի վաճառողն էլ չպետք է ամաչի դրանից, գնա, ասի` Կոստան Զարեան ունենք, ինչքան սիրուն է, առեք, պետք է, սրանով ձեր երեխան, դուք կմշակվեք, կազնվանաք թեկուզ մի քիչ, իսկ այսօր այնքան կարեւոր է, որ մարդը ազնվանա, մի քիչ ճանաչի ինքն իրեն: Ուզում եմ գրախանութների ցանց ստեղծվի սուպերմարկետների պես: Ափսոս` անունը մի քիչ դուրս չի գալիս, բայց դե մի բան գիտեն էլի, որ դրել են”,- ասաց Վարդան Պետրոսյանը:
“Բյուրոկրատ” գրախանութում գրքերի վաճառքից բացի սպասվում են շնորհանդեսներ, քննարկումներ, հանդիպումներ հեղինակների հետ եւ մշակութային այլ միջոցառումներ: “Սարգիս Խաչենց” հրատարակչության տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց հրատարակած գրքերի շնորհանդեսները սիրով այստեղ կկազմակերպեն: “Երեւանի մյուս գրախանութները պարզապես վաճառասրահներ են, իսկ սա, որքան ես եմ հասկանում, նպատակ կա մշակութային կենտրոն ստեղծել, ուր հանդիպումներ կանցկացվեն գրողների, հրատարակիչների հետ, գուցե նաեւ երաժշտություն հնչի: Այլ գրախանութների մտքով նման բան երբեք չի անցել. սովետական ձեւով են աշխատում. գրախանութ են, որ պետք է մտնես, գիրքն առնես, փողը տաս, գնաս, իսկ սա խանութ չէ, սա ավելի մեծ երեւույթ է լինելու, մասնավորապես նաեւ գրախանութ”,- ասաց Սերգեյ Խաչիկօղլյանը:
Լիլիթ Բաբայան
(Արտատպված է` Bravo.am կայքից)