ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅԱՆՍ ԱՄԱՌՆ ԷՐ ․․․
Փեթակները,
զնգուն
օրվա մեջ ։—
Ներսուդուրս անող
մեղուները՝
փայլարաթև սաները
Միքայել հրեշտակապետի ․․․
Կեսօրը՝
մեղրավուն
լույսով օծյալ ․․․
Պատանյակներիս
երևակայության մեջ
հասանելի էր ամեն ինչ ․․․
Արևածաղկի պսակն էր
ղողանջում, գլաքարերը՝
լճակի խորքում, երբ
բաց աչքերով սուզվում ես
ջրի մեջ կանաչադեղին ․․․
Միայն մեզանից մի քանի
տարով մեծ հովեկ Անաիդայի
զնգուն սիրունությունն էր
անհասանելի՝ հեռվում մշմեղմված
մի աստղի պես․․․ —
Ժպտում էր մեզ, բայց
զգում էինք աղոտ,
որ թե մոտենանք էլ՝
մեզանից պակասող կարևոր,
սակայն մեզ համար դեռևս
անհասկանալի մի բանի պատճառով,
մեկ է, մնալու է անհասանելի ,
տանջալից- քաղցր
անհասանելի ․․․
ՀԱՎԱՍԻ
Դեռ նո՜ր ծիլ էր ու ծաղիկ՝
երկրային թաղարին իջած,
մանուկ մի նորափթիթ,
երբ, ավաղ, աչքերին մատաղ
պատեց սև ծաղիկը չարի ․․․
Գիշերը երկար էր սովորականից։
«Ինչո՞ւ չի լուսանում, մայրի՜կ ,-
տագնապած հարցնում էր մանկիկը, –
այս ի՞նչ երկար էր այս գիշերը ․․․
Բա ե՞րբ է լուսանալու, մայրիկ․․․»։
․․․ Քունքերի մեջ սև տրոփում,
գալարվում էր ծաղիկը չարի։
Մինչև, ախ, դրեց սպեղանին
հրեշտակը՝ ՄԵՂԵԴԻՆ, իր սրտի մեջ,
որ դառնա ՆԵՐՔՈՒ՛ՍՏ ՏԵՍԱՆՈՂ ․․․
ԼԵԴԱ ԵՎ ԶԵՎՍ
Ցոլցլուն փետուրների հրախաղը
Ավրորայի շառագույն
լուսաստվերներով քողարկած,
աղջամուղջի միջով
հանդարտ առաջանալով։ —
Դեպի այն ծովածոցն, ուր
վաղորդայնի ջրերի մեջ
Լեդան իր վարդագույն
հրապույրներն էր ցուցադրում
ու դեպի այն վայրն, ուր
երկնքից ջուրն ընկավ բզկտված
Քրոնոսի անդամն աստվածային —
և փրփուրների միջից այդ հենց
Աֆրոդիտեն ծնվեց ․․․
«Լե՜դա, Լեդա, անգինս,
թող մերձենամ քեզ ․․․
Դու երգը կդառնաս իմ վերջին,
ե՜րգն իմ կարապի․․․ Լե՜դա,
մո՜տ թող ինձ, թանկագի՜նս․․․
Իմ լայն թևերը քեզ
թող ամպհովանի՜ դառնան․․․ «։
Լեդան ցնցվեց, նայեց։
Կանխագուշակել էր նա սույնը ․․․
Ինքնամոռացության մեջ էր,
Լեթա մոռացության գետն էր
իր սահանքով նրան տանում
դեպի ձվադրավայրերը դիցական․․․
Հպվեց։ Ճողփյունի մեջ։
ԷԴՄՈՆ ԱՎԵՏՅԱՆ
Նա նստած էր ցնցոտիների մեջ ծալապատիկ,
հանց Հոբ Երանելի ՝ մտքերի պատճառած վերքերից տանջահար
ու հենց այդ Վերք Պատճառողի քղանցքները
հայացքով գիշերուտիվ, անխոնջ փնտրող ․․․
Ի՞նչն է մտքերից դուրս, կեղեքող մտքերից դուրս ․․․ —
ԽԱՂԱՂՈՒՄԸ ԽՈՂԽՈՂՈՒՄԻՑ, Կենտրոնը լուսատու,
որի տեղը գիտեր Բուդդան՝ նույնպես մի Հոբ՝
ծալապատիկ նստած․․․ Խորունկ,
մարգարիտ որոնող ջրասուզակին վայել
մի Ներսուզման մեջ, երբ
հատակն ու առաստաղն են անհետանում կեցության
ավազանի , — և Մեծ Համրության ջրերի վրա
լոտոսն է վառվում Անասելիի ․․․
«Հոգեկան հիվանդ» ՝ ըստ ՊԱԿ-ի փաստաթղթերի ․․․
Երբ երկրով մեկ գլխավոր համարված խոսքի աղբյուրն էր
ծըլըփոցով ժայթքում գենսեկ Բրեժնևի ատամնապրոտեզների
արանքից, և ունայնության քամին էր
պտտվող դերվիշի պես համբարձվում
առ կոմունիստական ալ երկինք ․․․
* * *
Ո՞րերորդ իմ կյանքում ՝
հեռավոր մի վանքում
խոստովանահայր էի ։—
Մեղք էի փարատում,
․․․ ճեղք էի կարկատում
մեղանչած հոգիների․․․
Թող Տերը ինձ ների
համար այս խոսքերի։
Գալիս էին անհամար,
շարվում էին հերթով
հարուստ իշխան ու ճորտ,
կույս աղջիկ ու հետերա․․․
Վիշտը խելքս տարավ․․․—
Այնքա՜ն բան լսեցի,
այնքա՜ն քստմնելի բան,
որ զարմացա, թե ինչպես է
բաց պահում այդ ճամփան
դեպի Իրեն բերող
Աստված գորովագութ,
ամենեցուն ներող․․․
Ախ, ես չդիմացա
ու կարգալույծ եղա
ու հեռացա վանքից,
որի համար՝ մեղա՜․․․
ՀԱՄԱՏԱՐԱԾ ՃԵՐՄԱԿԸ
Համատարած ճերմակն, ահա,
ձյուն է դրսում։
Հոգին ՝ անցած շեմը մահվան,
էլ չի մրսում ․․․
Համատարած ճերմակը՝ նու՜րբ,
խանձարուր էր,
երբ որ Այստեղ հայտնվեցինք
մենք մանկորեն ․․․
Համատարած ճերմակի մեջ
մի կետ լինել։
Այդքանից է՛լ պոկվել, չքվել —
չապականել ․․․
Համատարած ճերմակը՝ լու՜ռ,
․․․»մորգի» սավան ․․․
Գնալ գրվե՜լ հեռուներում
սաղմոսաբար․․․
ՔԵՐԹՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
1․
Բանաստեղծության մեջ
արժանավոր են միայն ԳՐԲԱՑ պոետները՝
նրանք, ովքեր բացում են գիրը ներսից,
ճեղքում միջուկը բառի և
մեռնում շնորհի
ռադիոակտիվ ճառագայթումից՝
առ անմահություն ․․․
Ինչ խոսք, կան նաև
թուղթուգիր անողներ ․․․
2․
Իսկ եթե մի ուրիշ
զուգահեռ տանելու լինենք՝
իսկական պոետները լարախաղացներ են —
մի սխալ, կեղծ շարժում ՝ և
տապալված է գործը․․․
Իսկ ներքևում, գետնի վրա,
անվտանգ վազվզում են
յալանչի պոետները՝
կապկելով շարժումներն այդ
լարախաղաց պոետների․․․
3
Քերթողական արվեստ, այո,
բայց ոչ այնպիսին, որ՝
ոտքիցգլուխ, ամբողջովին
կորած արյան մեջ, բառը․․․
արյունլվիկ անես,
քերթես, հանես կաշին
( գրամոլներն են սրանք)․․․
4․
Բանաստեղծությունը նման է
այն հայտնի չեշիրյան կատվի
ժպիտին — կատուն չկա
( ավելի շուտ կա, բայց Այստեղ չէ),
սակայն իր ժպիտը
տես, կախված է օդում ․․․
* * *
Լինել, լինել հոգի՝ մարմնով պարուրված,
այլ ոչ թե մարմին մի՝ հոգի բանտող։
Շղարշ է այս աշխարհը՝ նյութով խեղաթյուրված —
հայել, հայել խորքն, Այն գտնել անքող ․․․
Աստղերը զարդեր են սին ծառզարդարի,
կամ ՝ զարդեր ցոփ մի կնոջ զգեստի․․․
Թե հավերժությանը զոհենք և այս տարին՝
ժանյակին կմիանանք Իր նրբարվեստի․․․
Ոչ,կրակը ջրի հետ երբեք, երբեք հաշտ չի —
նրանց հանդիպումից խու՜լ թշշոց է
բարձրանում՝ նման հեգ անկյալի հառաչի․․․
Տեսանե՛լ, տեղն օրրանի հետ չշփոթել։
* * *
Այո, եղբայր ամպրոպ,
քեզ հետ համաձայն եմ —
սկզբից՝ մեր շողքն է,
և ապա նոր՝ ձայնը։
Շողում ենք, մեր շողքից
դողում են սրտերը։
Ապա՝ լռությունն է,
երկնային ցրտերը․․․
Չեն հասկանում դե մեզ
սկզբից՝ հենց այն է։
Սկզբից մեր շողքն է,
ու նոր միայն՝ ձայնը․․․
Բռընկվում ենք — շողքն է,
հետո արդեն՝ ձայնը։
Ապա՝ լռությունն է,
ապա՝ մահարձանը․․․
* * *
Ծաղիկ, ծաղի՜կ թոշնող
կյանքիդ թաղարի մեջ ․․․
Քեզ համակել աշունն
ու օրերդ է մաշում․․․
Ավիշն է մակարդվում
հողից քեզ բարձրացող։
Քեզ սնում է արդեն
մի այլ, ուրի՜շ մի ցող․․․
«Անարյուն ճիպռանց» պե՜ս,
վարքով քո անթերի․․․
Լույսի մանանան է
իջնում քո թերթերին․․․
Ծաղիկ, ծաղի՜կ թոշնող
թաղարի մեջ կյանքիդ,
թավշյա մի շշուկի
լռի՜ն արձագանքող․․․
* * *
Երբ արդեն
բավականին ստվարացել էր դավթարը,
Սայաթ-Նովան շփեց ձեռնափերն ու
բացականչեց․
«Փ՜իլ պիտի՝ դավթարն տանե․․․»։
Փիղ նա տեսել էր Հնդկաստանում,
Նադիր շահի արշավանքների ժամանակ։
Բայց որտեղի՞ց փիղ ճարես Թիֆլիսում․․․
Իսկ Հավալաբարի շուկայում
ավանակներ էին միայն
զըռալով
զըվռնում․․․