Լուսինե Խառատյան | Ուկրաինական սահմանագրություն

Լուսանկարը՝ Պյոտր Շրյոդերի

«Գրել աշխարհը» թե՞ «գրել աշխարհ» երկընտրանքում ես ընտրեցի երկրորդը՝ գրելով աշխարհը

Պատերազմի մասին ֆիլմերում միշտ կա այդ պահը․ անսահման լռությունն ու ծղրիդները։ Այնտեղ, որտեղ պատերազմը կանգ է առնում ու հերոսն աշխարհը տեսնում է կրկին, տեսնում նորովի։ Ու հանդիսատեսն էլ է տեսնում այդ աշխարհը հերոսի աչքերով։ Հիմա ես՝ հանդիսատեսս, հայտնվել եմ պատերազմի մասին ֆիլմի այդ կադրում։ Ուկրաինական Կարպատներում։ Ես, լռությունը, ծղրիդները ու հերոսները։ Տեսնես կլինի՞ արդյոք լռությանը հաջորդող պայթյունը, որը լինում է ֆիլմերում։
Կանաչը հանգիստ ճոճվում է, ալիք-ալիք, սվսվում։ Ես էլ եմ սվսվում։ Փշաքաղվելու աստիճան։ Վաղ մանկությունից ծանոթ է ամեն բան։ Այս նոր գրվող աշխարհը նույնն է։ Միայն շատ ավելի փարթամ, բոյով, համարձակ։ Դեռ կուսական։ Արդեն կուսական։ Նորեն կուսական։ Ամեն նոր ծնվածի հետ կուսական։ Ահա խնձորածաղիկը՝ մեծ-մեծ գլխիկներով, բարձրահասակ, լիաթոք, չընկրկող՝ այս եզերքի բնակիչների պես, գլուխները դեպի վեր, դեպի վեր, չխոնարհվող։ Չկրկնվող։ Հավերժ կրկնվող։ Ու հավերժ նոր։ Երբե՛ք չկրկնվող։

 

Ի՜նչ բոյով են այստեղ մանկությանս նետ-աղեղները։ Պոկում էինք ու իրար վրա կրակում։ Ահա երիցուկը՝ պայծառ, պայծառ, արևի տակ, դեպի արև, մաքուր-մաքուր, անկոտրում, մեծ-մեծ կլոր գլխիկներով։ Դեղին, սպիտակ, կանաչ։ Իսկ այս մեկով «հավ թե՞ աքլոր» էինք խաղում։ Երազանք պահում։ Բայց այնքան ամուր է, տռուզ, որ դժվար է ենթարկվում։ Իմ մանկության հավ-աքլորները թույլ էին, արագ տեղի էին տալիս, ու երազանքը շտապում էր։ Ու երազանքը վազում էր։ Արագությունից սայթաքում, մնում ճանապարհի կեսին ու հետո մոռացվում։ Կիսատ մնում։ Ինչպես իմ մանկության եզերքում ամեն բան։ Կիսատ։ Կիսատ-պռատ։ Ոչ ավարտուն։ Մինչ օրս։ Առ այսօր։ Ցմահ․․․․ Ցկյա՛նս։ Քիչ էին անձրևները, խոտը միայն մի ակնթարթ էր կանաչում ու հետո ընկրկում, չորանում, խոնարհվում ու խեղդվում էր։ Մարդն էլ է հողուջրից աճում։ Չոր է հողը, արմատը՝ թույլ, արմատի կեսը՝ հողի վրա։ Կոտրելը՝ հեշտ։ Համ հեշտ, համ դժվար։ Ու միշտ կրկնվող։ Ու միշտ՝ առաջին անգամ։ Խոնավ տեղերում՝ ամեն անգամ առաջին անգամ։ Փարթամ, բոյով, երիտասարդ։ Չոր տեղերում՝ երկարակյաց։
— Ի՞նչ հետաքրքիր է, չէ՞, ինչ միանման են մեր մանկությունները,— ասաց Հաննան։
— Այո, դուք է՞լ էիք սրանով հավ-թե-աքլոր խաղում, — հարցրի՝ առանց երազանք պահելու փորձելով աքլորի կատար ստանալ։
— Ըհը։ Իսկ այս մեկը տրորում ու վերքերին էինք քսում,— ասաց։
— Մենք լայն կանաչ տերևներն էինք դնում, եզան լեզուն։
— Դա էլ, դա էլ։ Բայց էդ ձեր նետ-աղեղները չէինք խաղում։
— Մի ծանոթ աղջիկ ունեի, Ստամբուլից։ Շատ լավ էր նկարում։ Մի անգամ սև-սպիտակ գծանկար էր արել, անունը՝ «սահմանազանցները»։ Նկարել էր ուրց, անթառամ, երիցուկ, խատուտիկ, սխտոր ու տենց։ Գյումրիում էինք։ Ասում էր՝ իրենք նույնն են սահմանի երկու կողմերում էլ, առանց անձնագիր, հեշտությամբ հատում են սահմանը ու ոչ ոք ոչինչ չի հարցնում։
— Հա, բնությունը մարդուց տարբեր է։ Անձնագրի կարիք չունի։ Հանգիստ կարող է հատել բոլոր սահմանները։ Մարդու գծած սահմանները։
Սահմանազատում։ Հենց հիմա։ Հայաստանում։ Ու մինչ ես քայլում եմ այս սահմանային կանաչում ու փորձում սահմանել այն, մարդիկ սահմանազատման դեմ քայլում են Տավուշից Երևան՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ։ Չեն ուզում նորեն սահմանել։ Չեն ուզում սահմանել։ Ուզում են սահմանել, բայց առանց սահմանազատելու։ Մի տեղ, որտեղ խեղդվելու աստիճան պատային են սահմանները, և գուցե սահմանազատումն օգնի բացել դրանք․․․ Հը՞։ Բագրատը, Սրբազան, երևի 2001-ից ա քայլում, երբ որպես 1700-ամյա եկեղեցու երիտասարդ ուխտավորներ քայլում էինք իր ետևից Խոր Վիրապից Էջմիածին։ Բայց դա այլ պատմություն է, ու չգիտեմ՝ ինչու՞ էստեղ մեջ մտավ։ Կամ գիտեմ․ երևի Ավգուստին Վոլոշինի պատճառով։ Ավգուստին Վոլոշինը հույն կաթոլիկ հոգևորական էր, որը նաև մաթեմատիկայի պրոֆեսոր էր Ուժհորոդի մանկավարժականում։ Չգիտեմ՝ քայլել է թե ոչ, բայց անկախ Կարպատո-ուկրաինական պետության նախագահն էր։ Պետության, որի կյանքը տևել է ընդամենը մեկ օր։ Պետության, որի կյանքը տևել է մեկ ամբողջ օր։ Ընդամենը մեկ/մեկ ամբողջ օր։ Պետության, որ ծնվել ու մահացել է 1939 թ․ մարտի 15-ին։ Իսկ Վոլոշինը մահացել է 45-ին, մոսկովյան Բուտիրկայում։ Ու ինչպես ուժհորոդյան՝ Կենտրոնական Եվրոպան վերաձևող, սահմանգրող հանդիպմանն ասաց կրակովցի ճարտարապետը՝ պատմության մեջ անգամ մեկօրյա պետության գոյությունն է կարևոր՝ թիթեռի էֆեկտի նման։ Իսկ առաջին Կարպատո-ուկրաինական պետությունը, փաստորեն, սերել էր հենց այստեղ, Ուժհորոդում։ Իսկ առաջին Կարպատո-ուկրաինական պետության ղեկավարը, փաստորեն, հոգևորական էր։ Հիմա խրոխտ նստած է պատվանդանին, Ուժ գետի ափին ու անցնող-դարձողներին հիշեցնում է, որ միրաժ չի Նաիրին, ֆիկցիա, միֆ, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն։

Հա, բայց իմ ու Հաննայի խոսակցության վրա էս պատումը մեջ ընկավ։ Իսկ էնտեղ ուզում էի ասել, որ նույն բնությունն է սահմանի երկու կողմում, բայց մենք ավելուկից հաստ-հաստ հյուսեր ենք անում, չորացնում, ձմռանն ապուր եփում, տապակում, իսկ իրենք․․․ Իսկ իրենց մոտ մի անգամ եմ միայն տեսել, մի մալաթիացի կին տոլմա էր փաթաթում ավելուկի տերևով։ Ստամբուլում։ Քադիքյոյում։ Քաղկեդոնում։ Ռուզանն ասում էր, որ Հայաստանի այն վայրերում, որտեղ կարմիր կալինա կա, մոլոկանական բնակավայր էլ կա, կամ եղել է։ Բնությունը տեղաշարժվում է մարդկանց հետ։ Բայց չի գաղութացնում ուրիշին․․․ Չէ, կա նաև բույսերի գաղութացում։ Երբ նոր, ագրեսիվ տեսակի հայտնվելը սպանում է նախկին տեսակին։ Էլ չասեմ, թե մարդիկ որքան են միջամտում։ Սակուրան Երևանում։
Բայց սրա մասին չէիք խոսում։ Խոսում էիք այն մասին, թե ինչ հարազատ ու ծանոթ է աշխարհը, որում հիմա եք։ Կարպատներում։ Թարմ, ինչպես մանկությունում։ Ճշմարիտ, ինչպես մանկությունը։ Որին անվերջ վերադառնում ես։ Որին անվերջ վերադառնում ենք։ Որին անվերջ վերադառնում է մարդկությունը։ Այն մաքուր, անբիծ, կուսական ժամանակը, դրախտը՝ նախքան պտուղը։ Պատերազմի մասին ֆիլմերի այդ մեն-միակ կադրը, որտեղ աշխարհը դեռ կա։
Ուժհորոդում մեր ստացած ծրագրում գրված էր․ «այցելություն Մարամուրեշ»։ Փաստորեն այս հեքիաթն է Մարամուրեշը: Առաջին անգամ այն ռումինացին էր, ուղիղ երեսուն տարի առաջ, Տիմիշոարայում։ Գիշերվա մեջ տխուր երգում էր Մարամուրեշի երգերը։ Սոխակի մասին։ Էդպես էր ասում։ Զակարդոն առաջին ճամփորդությունս էր։ Երեքով՝ Գայանեն, Սերգեյը և ես «Բաց հասարակության հիմնադրամ»-ից ճամփորդական դրամաշնորհ էինք ստացել՝ մասնակցելու բանավոր պատմության ինչ-որ կոնֆերանսի։ Աշխարհը շատ նոր էր։ Կարդոնը նոր էր քանդվել։ Ինձ համար։ Մեզ համար։ Հին Բուխարեստում մի ամբողջ գիշեր թրև եկանք։ Հաջորդ առավոտ նստեցինք գնացք ու մինչև մայրամուտ ճամփա անցանք՝ գնչուների խայտաբղետ տաբորի երգ ու պարով, Սերգեյի ռուսախոս սովետաինտիլիգենտ զրույցներով, Գայանեի ու Սերգեյի մրցակցող սրամիտ էրուդիցիաներով ու իմ լայն բացած աչքերով։ Տիմիշոարան տեսածս առաջին արևմուտքներից էր։ Ու Մարամուրեշ բառն էդպես մնաց ընդմիշտ։ Որպես ուրիշ մրմուռ, մուշ-մուշ, վաշ-վիշ, կորուսյալ-կատարյալ։ Բայց իննուսնականներին դեռ գուգլ չկար, ու Մարամուրեշի հարցը մնաց չբացահայտված, իսկ անունն ընդմիշտ մեջս՝ որպես կորուսյալ էրգրի ռումինական համարժեք։
Սերգեյը հետո տեղափոխվեց Եվրոպա (չգիտեմ կոնկրետ որտեղ) ու կարգին կարիերա արեց։ Ընտանիք-երեխա-աշխատանք։ Ու էլ չէի տեսել նրան, չէի լսել նրա մասին, մինչև 2020-ը։ Քսանի նոյեմբերին էր, երբ ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի գրառումից իմացա, որ Սերգեյը զոհվել է Ղարաբաղում։ Արցախում։ Պարզվում է՝ պատերազմի լուրն առնելուն պես խելքին փչել էր թողնել ամեն բան ու կռիվ գնալ։ Կռիվ գալ։ Ու ես չէի կարողանում պատկերացնել։ Չէի տեսնում։ Ռուսախոս, գրասենյակային, խորը կարճատես, ոչ ազգայնական Սերգեյը ամեն բան թողել ու եկել էր կռվելու։ Ուրեմն կյանքում մի բան պակասում էր։ Ուրեմն կյանքը լիարժեք չէր։ Այ էսպիսի Մարամուրեշ։ Ու էս ամենը գլխումս նայում էի հաջորդ օրվա ծրագրին, որտեղ հստակ գրված էր «Մարամուրեշ»։ Ուժհորոդի գինետանը, որտեղ դիմացս ռումինացի քաղաքագետ է։ Ու պատմում եմ նրան Մարամուրիշի հետ առաջին հանդիպմանս պատմությունը։ Նրա աչքերը մթնում են, հայացքի աղմուկը լռում է, ու նա գլխով է անում, ապա հարցնում՝ արդյո՞ք դեռ երգում է Սերժ Թանկյանը։ Մեր վրացի սեղանակիցները դուրս չեն գալիս ինտերնետից, և բոլորս ուղիղ միանում ենք Թբիլիսի, որտեղ փողոցում հենց այսօր, մայիսի 11-ին վճռվում է ապագան։ Եվրոպայի։ Բայց Եվրոպան խաբար չի, որ դա իր ապագան է։ Ինչպես խաբար չի, որ Ուկրաինայում էլ է կռիվն իր ապագայի համար։ Ղարաբաղում էլ։ Արցախում էլ։ Բայց Արցախի մասին ուկրաինացիներն ու վրացիներն էլ չգիտեն։
Ի՞նչ էի ասում։ Հա։ Հիմա արդեն հաջորդ օրն է ու ապագան դեռ տեղ չի հասել ու մենք Մարամուրեշում ենք։ Ուկրաինական Մարամուրեշում։ Բարձր-բարձր։ Ու Հաննան և ես նստած ենք խոտի մեջ։ Հենված դեզին։ Ու ամենն այնքան անհավանական է՝ համարյա Զագրեբի պրիմիտիվիստների թանգարանի պեյզաժ։ Ու դիմացս խոտերում Մոնիկան է, խորվաթ բանաստեղծը, որի գիրը պատերազմում կորած հոր մասին է։ Բերանումս՝ կտրածս հավ-թե-աքլորի ցողունի ծանոթ համը։ Դիմացս՝ սարեր, անտառներ, ամպեր։ Հաննայի՝ Բելառուսի շուշաթղթած դաշտերում անցած ռուսերեն մանկությունն իմ լեռնային, հայերեն մանկության նույն համն ու հոտն է ունեցել։ Ու երկուսս էլ հաստատ եղել ենք պատերազմի մասին ֆիլմերի այդ կադրում։ Ու հենց նոր բացահայտածս էս աշխարհն այնքան նոր է ու այնքան ծանոթ։
— Ուրեմն կարևոր չեն լեռները,— ասացի բարձրաձայն։
— Ինչո՞ւ,— հարցրեց։
— Որովհետև միանման մանկություն ենք ունեցել,— ասացի։
Բայց Կարպատները լեռներ են։ Կարպատցիները՝ լեռնեցի։
— Կարևորը պատմություններն են,— ասաց, — որ կպատմենք։
— Լեռնե՞րի մասին,— հարցրի։
— Ծովի մասին,— ասաց։
Հա։ Հաջորդ կանգառը Սև ծովն է։ Պետք է Սև ծովը վերաձևենք։ Սահմանագրենք։ Հայաստանում։ Անցած օրերին այստեղ Կենտրոնական Եվրոպան էինք վերաձևում։ Բայց այդ մասին հետո։ Իսկ հիմա կանչում են։ Որ լսենք Լոնգո Մայի պատմությունը։
— Լոնգոմայը,— պատմում է հիմնադիր Օրեսը ուկրաիներեն, — իմ ֆերման չէ։ Մենք կոոպերատիվ ենք, անարխիստների կոմունա։ Մենք չենք սիրում իշխանություններին, բացի Յուլյանայից,— ժպտուն հայացքով ցույց է տալիս կնոջը,— բայց սա եկեղեցի չէ։ Այս վայրի գաղափարը Լոնգոմայի գաղափարն է, որ յուրաքանչյուր ոք կարող է ապրել ազատ, այդ պատճառով անգամ Լոնգոմայում կան տարբեր կարծիքներ, կենսակերպեր, մարդիկ։ Ոչ թե բոլորը պետք է նույնը լինեն, ոչ թե մենք ինչ-որ բանի դեմ ենք, այլ ազատության համար ենք, ազատության կողմ ենք։ Մենք տաս ֆերմա ունենք Եվրոպայով մեկ և յուրաքանչյուր անդամ Լոնգոմայի կոոպերատիվի նաև համասեփականատեր է յուրաքանչյուր կամ բոլոր ֆերմաների։ Իրավական առումով այս ֆերմայի, ինչպես նաև մյուս ֆերմաների սեփականատերը հիմնադրամն է, և եթե․․․ երբ ես մահանամ, իմ երեխաներն իրավունք չեն ունենա ֆերմայի հանդեպ, քանի որ այն հիմնադրամինն է։ Եթե երեխաները շարունակեն ապրել Լոնգոմայում, իրենք էլ կշարունակեն համասեփականատեր լինել։ Ուկրաինայում այսօր բոլորն ուզում են մասնավոր սեփականություն ունենալ, շատ չեն նրանք, ովքեր կուզեն մեկի հետ կիսել։
Օրեսն իտալական ծագման ֆրանսիացի է։ Ծնվել ու մեծացել է Փարիզում։ Իննուսնականների սկզբին, երբ սահմանները քանդվում էին, ու աշխարհը կրկին սահամանգրվում էր, նրանից հարցազրույց է վերցրել Մոսկվայից մի լրագրող, Սաշա Սաբովը, որը «Լիտերատուրնայա գազետայի» թղթակիցն էր Փարիզում։ Լոնգոմայի մասին մեծ հոդված է հրապարակել «Լիտերատուրնայա գազետա»-ի առաջին էջում։ Սաշայի հետ Օրեսն ընկերացել է։ Սաշան այս կողմերից էր ու այսպես 30 տարի առաջ Օրեսը հայտնվել է այստեղ՝ տեղացիների հրավերով Լոնգոմայ կոոպերատիվ հիմնելու։

«Լոնգո Մայ» շարժումը ծնվել է Շվեյցարիայում, 1970-ականների սկզբին։ Հիմնադիրները 68-ի սերնդի երիտասարդներ էին Ավստիրայից, Շվեյցարիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից, որոնք ավելի լավ աշխարհ էին ուզում, քան հետապատերազմական աշխարհը, որում իրենք ծնվել էին։ Ուզում էին երկարացնել պատերազմի մասին ֆիլմերի այն մեն-մի կադրը, որտեղ աշխարհը դեռ կա։ Դե այդ աշխարհը պիտի ընդուներ ու հարգեր բազմազանությունը, ընդուներ ու հարգեր «փոքրը»։ Ու «Լոնգո Մայ» պրովանսալերեն է, նշանակում է «երկար կյանք»։ Օրեսն էլ է փոքրի կողմնակից։ Ֆրանսերեն ու անգլերեն չի խոսում, խոսում է ուկրաիներեն։ Պաշտպանում փոքրի գոյության իրավունքը։
Բայց Լոնգոմայի շվեցարական և ապա սովետական ծնունդից այս կողմ նոր սահմաններ են գրվել, ու Սաշան և Օրեսը հայտնվել են սահմանի տարբեր կողմերում։ Այդ մասին Օրեսը չասաց։ Նա միայն նկատեց․ «ես նրան գիտեի 1985-ից, այն ժամանակ մենք ընկերներ ու սոլմեյթեր էինք․․․ երբ սահմանը կամ այդ պատը բացվեց, նա մեզ հրավիրեց այստեղ»։ Հետո գուգլն էր, որի՝ ամերիկյան հտախուզության գաղտնազերծվաց էջերի ութսունականների Փարիզում լողում էր Սաբովը։ Իսկ ամերիկյան դավադրապաշտ Լինդոն Լառոշեի հիմնած շարժման հրապարակումներից մեկում Սաբովի և Լոնգո Մայի մասին մի ամբողջ հոդված կար՝ վերնագրված «Լոնգո Մայի երկար բազուկը»։ Հոդվածը պատմում էր ֆրանսիական դատարանի մի գործ մասին և մեղադրում դատարանին՝ արդարացնելու համար «Լոնգո մային՝ վերադարձ-դեպի-հողը ալպյան շարժմանը, որը բնութագրվում է որպես եվրոպական ահաբեկչության նյութատեխնիկական աջակցության կառույց՝ Արևելյան բլոկի հետախուզության հետ կապերով»։ Հոդվածից նաև իմանում ենք, որ այնուհետև Արևմտյան Գերմանիայում նույն Լառոշեի հրատարակած «Executive Intelligence Review»-ի էջերում ահաբեկչության մեջ մեղադրվելու համար այդ պարբերականի դեմ Լոնգո Մայի հարուցած գործի պաշտպանությունը ստանձնել է Հանս-Հայնց Հալդմանի փաստաբանական գրասենյակը, որը ճանաչված էր որպես Եվրոպայի ամենահայտնի ահաբեկչական խմբավորման՝ Բաադեր-Մայնհոֆլի Կարմիր բանակի ֆրակցիայի (RAF) պաշտպան։ Եվ այսպես շարունակ։ Համար առ համար, հոդված առ հոդված, ամերիկացի դավադրապաշտները «մերկացնում» են «Լոնգո Մայի ահաբեկչական և սովետական կապերը»։ Ու այստեղ կրկին երևում է Սաբովը, որը Լոնգո Մայի՝ փարիզյան դատավարության ժամանակ բռնվել է ոստիկանության կողմից՝ դատավարությունը ձայնագրելու պատճառով։
Դե ինչ, մարքսիստ, սոցիալիստ և տրոցկիստ արմատներով Լառոշեն ինքը մութ կերպար էր, որը նախանձելի համառությամբ առաջադրվում էր որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։ Սաբովի փարիզյան տարիներին՝ ութսունականներին, Լառոշեի և իր հետևորդների դեմ մի շարք քրեական գործեր կային հարուցված, և ի վերջո Լառոշեն 15 տարվա բանտարկության դատապարտվեց, որից ընդամենը հինգն անցկացրեց բանտում՝ սովետի քանդվելու տարիներին:
Հա, այդ մեն-մի կադրի հիշողությունը, որում հայտնվել էի Լոնգո Մայի շնորհիվ՝ ինձ ամուր ու հաստատակամորեն պաշտպանում էր դավադրապաշտության խորխորատներն ընկնելու գայթակղությունից։ Անգլիալեզու աղբյուրներից Սաբովի մասին ավելին իմանալ չհաջողվեց, իսկ կիրիլիցայով հավաքածս անունը բերում էր միայն ռուսական պրոպագանդայի էջեր, որոնք Ուկրաինայում չէին բացվում։ Ու միայն Երևանում, ամառային բացօթյա սրճարանում սուրճի հետ բացված ռուսալեզու իրականությունը բերեց Սաբովին՝ որպես ուկրաիանական պատերազմի ռուս պրոպագանդիստ։ Ծագումով առաջին Կարպատո-ուկրաիանական պետությունից։ Նա անթիվ-անհամար հոդվածների հեղինակ է, որոնք բոլորն ուղղված են մի խնդրի՝ ապացուցելու, որ Ուկրաինան ուղտ է։ Ու տեղ-տեղ նաև անձնական պատմությանն է հղվում՝ ծագումով ուկրաինական Կարպատներից Մոսկվայում նստած հեղինակի, որի ավագ եղբայրը ծնվել է Չեխոսլովակիայում, ինքն անձամբ՝ Հունգարիայում՝ չնայած ընտանիքը ոչ մի տեղ չի տեղափոխվել։ Մի խոսքով՝ ինքն էլ ա սահմանագիր։ Բայց «կենտրոն»-ի դիրքից։ Ու հիմա գրում ա Մոսկվայից։ Իր մասին էլ են գրում։ Օրինակ՝ Իզյումովը, մի յուրահատուկ Չամչյան, որը «Լիտերատուրնայա գազետա»-ի գլխավոր խմբագրի տեղակալն էր 1980-90-ին․

«Սաբովը երիտասարդ էր թե՛ տարիքով, թե՛ ոգով և միջազգային էջեր բերեց նոր թեմաներ, որոնց թերթը նախկինում չէր անդրադառնում։ Սաբովը գրում էր ֆրանսիացի երիտասարդների կյանքի մասին, նրանց մասին, ովքեր տեսնելով բուրժուական հասարակության բոլոր արատներն ու խոցերը, փնտրում են դեպի ապագա իրենց ուղին։ Կարծում եմ, չափազանցություն չի լինի այդ ուղղությամբ նրա աշխատանքը գնահատել որպես նոր խոսք խորհրդային միջազգային լրագրության մեջ։ Սաբովը բազմաթիվ երիտասարդական կազմակերպությունների մեջ գտավ երիտասարդների մի խումբ, որոնք միավորվել էին կոմունայում և այն անվանել «Լոնգո Մայ»։ Կոմունարները վարում էին իրենց բնատնտեսությունը, հիմնել էին արհեստագործական արտադրություն, ամենօրյա կյանքում հետևում էին ֆրանսիական հեղափոխության «ազատություն, հավասարություն, եղբայրություն» անմահ կոչին»։

Երկարեց Սաբովի պատմությունը։ Հեչ չարժեր նրա վրա այսքան կենտրոնանալ։ Ինքը հաստատ անարխիստ չի՝ չնայած Լոնգո Մայի անարխիստներին բերել է այս աշխարհը գրելու։ Պետք էր նրան կադրից դուրս թողնել։ Պետք է անտեսել դավադրապաշտական պատումները։ Այդպես է հուշում մեդիագրագիտությունը։ Բայց չկարողացա։ Ինձ միշտ գրավում են պատումի երկրորդական ու երրորդական գծերը։ Հատկապես, երբ դրանք կոնկրետ դեր են ունցել աշխարհի ստեղծման մեջ։ Որովհետև երբ դրանք լրիվ անտեսում ես, պարզվում է, որ մի աննշան շարժմամբ, թրթիռով, դրանք աշխարհն այլ պտույտի մեջ են դնում։ Քաոսի ու կարգի սահմանում ամեն կետ կարևոր է, որ այդ մեն-միակ կադրը շարունակի գոյություն ունենալ։ Որ երկարի այդ կադրի կյանքը։ Ու այնտեղ, պատերազմի մասին ֆիլմի այդ խաղաղ կադրում, Օրեսը շարունակում էր պատմել․
— Մենք ֆերմերներ ենք, բայց մենք օլիգարխների դեմ ենք, մեր խնդիրը բարի ապրելն է, բայց փոքրագույն չափերի մեջ, լինել փոքր, բայց ուժեղ։
Փոքր, բայց ուժեղ էր ճաշը՝ ամբողջությամբ իրենց արտադրանքը՝ երշիկեղեն, պանրի տեսականի, թարմ-թարմ սալաթներ, կարմիր խավիար, սունկ, հաց, անգամ՝ տնական պաղպաղակ։ Պատերազմի սկզբից ի վեր շարունակ փախստականների են հյուրընկալում։ Անգամ մեծացրել են բնակելի տարածքը, որ շատերին կարողանան ապաստան տրամադրել։

 

Հետո սարերից գյուղ իջանք, Նիժնիյ Սելիշչե, որտեղ Լոնգոմայի պատասխանը պատերազմին սոլիդարությունն է։ Այստեղ Լոնգոմայի ջանքերով վերանորոգվել ու կահավորվելէ նախկին կոլխոզի գրասենյակը՝ Ուկրիանիայի արևելքից եկող փախստականների համար։ Նրանց համար նաև ջերմոցային տնտեսություն է ստեղծվել։ Եվ դեռ կանգուն է Մեծ Հայրենականում զոհված համագյուղացիների հիշատակի հուշարձանը՝ ուղղափառ խաչի հավելումով։ Հայրենականի խորհրդային հուշարձան մի վայրում, որը ԽՍՀՄ սահմանից ներս է անցել միայն 1945-ից հետո։


Կողքին խանութ-սրաճարան է։ Դարակներ՝ ճկռած տեղական սարերի համուհոտի տակ։ Ու հիմա տանս խոհանոցում խմում եմ Կարպատների խոտաբույր սահամանազանց թեյը ու փորձում սահմանագրել մի ամբողջ աշխարհ։ Անհիշելի ժամանակներից մինչ օրս։ Պատերազմի մասին ֆիլմի այդ մեն-մի, ամենակարևոր կադրը։ Ամփոփված Կարպատներից բերածս թեյում։ Թրմված՝ տարիներ առաջ լեհ բարեկամիցս նվեր ստացած կապույտ ձեռաշեն թրմաթեյնիկում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *