Գևորգ Աբով | Դանակը բկին

ՄԵԿՆԻՉ
Ոչ ոք չուզեց տեսնել, որ Տերյանի «ցնորքների դիցուհուն», ինչպես և նրա աշակերտների «աստղային քրոջը», «Միայն կինը» հակադրեց կենդանի ու շնչող գոյություն։
Այս հանդգնությունը հայ մեշչանի համար անտանելի էր, ուստի նա «Միայն կինը» ցուցանակեց «պոռնոգրաֆիա» բառով։
Իսկ այդ «պոռնոգրոֆիան»
Տերյանի ստատիկ ու ածականներով մշուշվող լեզվին հակադրեց կոնկրետ և չոր լեզու,
բերեց հատու ռիթմ,
մեր բանաստեղծությանը տվեց կենդանի խոսակցական տեմպ,
ոչնչացրեց համարյա բոլոր ածականները,
բանաստեղծությունը կառուցեց բացառապես բայերով ու գոյականներով,
բանաստեղծութան մեջ մտցրեց օտար ու հայ խոսակցական բառեր,
մեր էստետներին մեծ դժգոհություն պատճառեց իր «ոչ բանաստեղծական ֆորմայով»։
(Այս վերջին հանգամանքը հասկանալի է․ չես կարող մեղադրել, երբ բազազը պրոպելլերի զիգզագը չափում է արշինով—ինչ պիտի ասես, երբ քիթն իր չիթ է տեսել շարունակ) ։
Միևնույն գրական սկզբունքները բնականորեն զարգանում և ավելի որոշ ձև են ստանում «Դանակը բկին» գրքում, որի առաջին մասն ենք լույս ընծայում առայժմ։

 

ՈՄԱՆՑ

Աբովն էր՝ ով էր,
որ ձեզ հերքեց—
երգեց գռ-
ռաք,
կռ-
ռակ։
Տասնինը թվին էր դեռ՝
տպեց իր «Կինը»։

Բերում էր ռումբ ու պրոպելլեր,
  բերում էր գռռաք, կռռակ,
    բերում էր
       «գ»-էր
         «կ»-էր
«կիներ», «կոնք» ու կառք։

Ճչում էր, ճզմում ձեր
կոկորդը ,
ճչում էր, որ ճչաք իր պես,
հանճարներով ձեր բանջար քաղեք,
ճահիճում
ճզմեք ճուտեր։
Եվ հետո՝
Տրակտորն իր թողած՝
ձեր սրտին լծեք չութեր։

«Հոգին տնակ չի,
   որ քանդեք,
     շինեք նորից»—
       այսօր սուփրա գցեն՝
         կխնդրեք սալֆետք,
           էգուց դուդուկը դնչնիդ՝
             կփչեք «տասչորս»։

Հիշում եմ—
Տերյանի ծերուկը
իր ժանգոտ ծիծն էր
տալիս ՝
ծծեք դուք։

Առաջին պոետն եմ հայ,
որ հանգը
վանկը
փոխեցի ռիթմի։
Խրոխտ պոետ եմ՝
ռիթմը
    փոխել եմ ռումբի։
Իհարկե․
մատոռը անտառում մի Ի՛դա —
անտառում կապիկն է սուրհանդակ։
    Իսկ իմ պրոպելլերը,
տեսե՛ք
թռչում է Ատլանտիդա։

Թիթեղաթափ թևերս եթերում թրում, —
կտրում է թուրն իմ․
—Հռռռ․․․
Տարեք, նկուղ նետեք ձեր մաշված կոշիկը։

Առաջին պոետն եմ,
որ հագա պրոպելլեր։

Առաջին պոետն եմ՝
նետը
Փոխե-
ցի ռումբի—
ձեր սարքած շոսսեն հիմի մի արահետ է։
Առաջին պոետն եմ,
որ հագա պրոպելլեր։

 

ԻՄԱՍՏԸ

Գրկիս պրոպելլեր․
պրոպելլեր—
տես—
գռ-
ռում,
ռում-
բեր
եմ նետում ձեզ։

Կարո՞ղ եք
դուք էլ,
հապա,
ձե՛ր վեդրոն դրեք
դարերի բկին ագահ։

 

ՏԵՐՅԱՆԻՆ

Թող կռվեն քո դեմ՝
ովքեր պաշտել են քեզ,
իսկ ինձ համար—
դու մի պատմական արժեք ես։

Վազում են փողոցում
սունկեր սևապինջակ—
այս մռռուն իրերի մեջ
ինչին կպչեր աչքդ,
որ չճչար։

Զսպած քամի մի
ամեն
իր —
մեկնել իր թաթը՝
թավալվում,
խնդրում է
—առ ․․․ինձ․․․
—ինձ գր-
—կիր։
Գրգիռ իրերի այս
մրրիկում
բեկուն
քո սիրտը կու՞յր չէր հո,
որ «Նվարդն» էիր երգում։

 

ԻՆՔՍ
Ծամոն ծամող օրերը
լցվել են թատրոն,
աչքները հառել են բեմ—
ծափում են․
—Ե՜լ․․․

Բե՞մ ելնեմ հա՞։
Կոկորդիս թունելի մեջ գնացքը խորտակվում —
ելնում են վագոնին
վագոնը ,
իսկ այնտեղ,
թունելի դեմ
դեռ
օրերն այդ նստել,
բռնել են ժամացույց։

Կուզե՛ն․ թող արտասվեն նրա՛նք ,— անեն սուգ։
Լավ է թույն առնին շուրթնին
մեկ է պիտի հորդեն բառերն իմ կտրուկ․
—ռումբն իմ, ա՛ռ, ռումբն իմ ։

օրեր նո՛ր,
ես լուսհարացա
մութում ձեր
որպես պրոժեկտոր։

Գիտեմ, որ վաղն
ավելի լավ
ձևի
խնձոր
կկծեք։

Հիշում եմ․
հոգիս երկաթ վանդակում
վագր,—
իսկ ես,
բռումս՝ գազանապահ փայտ—
գալիս էր կատիլոկ մի,
գցում էր մութ լաթ,
ու երբ ոռնում եր վագրս՝
ճչում էր՝
—ա՜յ,
—ուխա՜յ․․․

ճչու՞մ են․
թող ճչան։
Մեկնում եմ ձեզ, ահա՛,
կաշվի իմ բարդ
պապկան —
ռեմինգտոնով տպած հայտագրերն առեք։

Պոե՛տ եկե՞լ ես, բե՛ր խոսքդ նո՛ր։
Քեզ մեկնած ձեռքդ հետ չխբես։
Քանի՜ դարեր արդեն
սուլել,
սահել,
քանի Դանտե են թաղել անհետ —
սակայն
ամենը՝ սիրտն իր օրվա
նախշել է ինչպես ֆոտոգրաֆ։

Դու էլ,
թե խոսքդ ուզեցիր
շինես բաժակ,
ռիսկով բաց կարտը քո ձեռքի ։

 

ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵԿ

Գործում են․
1. Աղջիկը, որ խաչված է
2. Ակնոցավորը
3. Կատիլոկներ
4. Պինջակներ
5. Մկան մաժողը

 

Բ Ե Մ Ը

Շվար շենքեր շուրջը փողոցի։

Ասես դագաղ՝ ընկել է
նրանց առաջ
փողոցը—
փակել է իր գրկում
խաչված աղջկան։

 

Ակնոցավորը․ ( աղջկան, որ խաչվել է)

Դուրս ելել դեմն իմ դու՝
մեկնում ես ոտդ
ոտդ լաքե․
—է՜յ, ու՞ր,
ետ քաշիր կոշիկդ —
սիրտս պոռնիկի մարմին չի
որ ամենն
իր լեզվով
լակի,
ու վերջը
թքի դա-Վինչուն։

Սովրել է՞ր
կամքդ
սիրտս
շինել ջութակի սուրդինկա,
որ խոսքս դուր գար․
սակայն քո բեռը դառն էր ․
քո խինդը
չոր
ու չար․
չճա՞ր․
ասա ինձ,—
բուկն իմ չճա՞ր։

Անողոք քրքիջդ
ոլորեց ինձ
մեջն իր
քո ձեռքը իմ գլխին
ծանր կափարիչ էր։
բա, ոնց չճար
բուկն իմ չփչեր շչակ։

Աղջիկը, որ խաչված է (պատասխանում է)
Մանիկյուր արած մատներով վարսավիրը
քաշում էր աչքերս տակ
սև
սուրմա։
Օ՜, գիպսասիրտ ասպետ,
մորթում էր իմ թրթիռը
քնքուշ մատներով
ահեղ վարսավիրն այդ։

Չլինի՞ թե
կարծում ես իրոք վարսավիր էր․
Օ՜, ոչ,
մատներն իր էլեկտրեն լարուն
այդ նյարդոտ քաղաքն էր
կրքոտ մատների մեջ
զիստս գալարում։

Կարծում ես
իմն էր
մեղքը։

Չէ՞ որ,
իմ վերջին դրոշն իսկ,
սիրտս,
ոչ մի գինետան չխուրդեցին,
թե՝
«խունացել է դրոշմն իր՝ գցի՛ր դուրս»։

Ու երբ մոլար
վիշտն իմ—
վռնդած աշակերտի պես մտնում էր ծոցս,
որ լար,
(Օ վի՜շտ, օ վիշտ)
նա ցցում էր մազերն իր ոզնու,
իսկ իրենց հոնքերի տակ
ալլեյում որպես,
հռքջում էր կճմտվող պոռնիկ։

Մի խումբ կատիլոկներ (ուրախ վեր-վեր ցատկելով)

—Հիմի
ամեն մի կին
մի գին
ունի։

—Կարո՞ղ է,
թող երգի մաժոր—
խոշոր բացի աչքերն իր։

—Հեղել է,
կա,
ու կլինի
ոսկին՝ ծիծաղը կնոջ։

—Գորշ չարժի ձեր սիրտը։

Մկաններ մաժողը (կատիլոկներին)

Մաժո՞ր
ասում եք՝
մաժո՞ր երգի։
կուզե՞ք՝ դրեք բինոկլ—
ձեզ ցույց տամ ֆոկուս։

Ահա ձեզ․
կախած լաթը յուղոտ
Տեսնու՞մ եք
լեզուն իր։
ու աչքերը լամպ երկու
կեղտոտ։

Ա՜խ, ներեք, ի հարկե․
հանաքն
ինչի՞դ է։

Սիրում եք
դուք կե՞քս։
բայց չէ՞ որ ձեր խեղդած
ընկեցիկն է սա—
ու ձեր իսկ ձեռքով
իր բուկը փխրուն
խրում էիք մայրական մատներդ։

Ակնոցավորը (հուսակտուր)

Իսկ ես ճչում եմ ․
—առ․
լցնում եմ գինին,
—առ․
բռնիր բաժակը բարձր․
այս վամպիր օրերի մեջ
մեր մոռացման
համար,
դե ա՛ռ—
թևերն իմ բարձ են։

Մկաններ մաժողը (բարկացած)

Սրբի՛ր բեռնիդ փսլինքը—
ինքդ
մտիկ, թե ինչ ես—
կընկնես շինի տակ՝
կճնշվես։
Ճչում են ավտոները։
Փողոցը փնչում է
ֆռ-ռույի․
Փողոցը լցվել է
մի գռռռ․․․
մի եռռ․․․
թռչկոտում են տներ․
տները թանչում են
մոխիրե
տոթ—
թափ է տալիս պատերով
մշուշը
շալվարն իր թոզոտ։
Չընկնես շինի տակ
չճնշվես—
ճչում են ավտոները։
(Ակնոցվորը ճզսվում է շինի տակ)

Ես

Է՜յ,
կանդո՛ւկտոր,
միլի՛ցիա,
շո՛ֆեր,
կանչեցե՛ք դո՛կտոր, դո՛կտոր, դո՛կտոր։
շենքերը
շվվում են աչքերի մեջ։

Ակնոցավորը (մահամերձ)

Փողոցը լցվել է
մի գռռ․․․
մի եռռ․․․
Փողոցը լցվել է
մի գռռ․․․
մի եռռ․․․
—Ո՞ւր են մեր հին քուչան,
ամաչկոտ տներն իր
—քաղաք
երախում քո
գալարվել—
ո՞ւր են հեքիաթներն իմ։

Մի խումբ պինջակներ (փայլուն դեմքերով)

Ինչ լավ է, լավ է, լավ —
մեր շաչուն
պլոշչադը շեն,
ուր երեկ ասպետ կար փառաշուք ,
մեր շաչուն
պլոշչադը շեն
կախել է մի թազա պինջակ։

Ակնոցավորը (իր վերջին շնչում)

Ֆաուստը սիրտն իր հուսադրել էր,
թե ապրում է մի տեղ
Մարգարիտան—
սակայն գիտենք մենք—
տրվող կիներ են ֆասադներն էլ,
որ սրթսրթում են
Աղջամուղջի
պաղ
մատների տակ։
Ես (հակակրանքով)

Դե դու նստիր,
ճչա՛
կեղտոտ առասպելն այդ․
իսկ ես մի նոր Դանտե․․․
Դե դու նստիր,
ճչա՛,
որ մեռավ ասպետը։
Նետը
փոխել եմ ռումբի։
Տե՛ս իմ պլակատը—
շուռ տուր թերթը՝
—գտիր։

 

Պ Լ Ա Կ Ա Տ
Որ պիտի գաք,
կգաք,
կհագնեք պրոպելլեր,
որ պիտի գաք,
կգաք։

Ել ով կարա կապվի
թափին ձեր,
հերքի խորեյն իմ՝
յամբը։

Որ պիտի գաք,
կգաք,
կհագնեք պրոպելլեր,
որ պիտի գաք,
կգաք։

 

ԷԳՈՒՑ

Մկաններ մաժողը (նրանց, որ պիտի գան)

Հազար նավ
գցել ծով
ու կապել հետևից
ժեշտ
հեշտ է ավելի,
քան եթե —
մթին մի օր
դադարի փողն օրերի։

Ամեն օր—
մի բակալ,
որ բռնեցիր՝ խմիր․
էլ հեչ հետ չնայես։

Օրվա բակալը կուլ տուր,
լիզե հատակն անգամ․
չլնի թե բան թողնես
բակալի խորքում։

Մութ եթերով թռիր հանիր Լան-Ռուն․
Օ՜, մարդ, լարիր դու կամքդ
էլեկտրա-դարում։

Նրանք, որ պիտի գան (եթերում բռռում են)

— Բոլորս մոնոպլան հագել՝ կգանք․
— Պտուտակ,
—Ռակետ,
—Ռումբեր,
—Պրոժեկտոր, ինչքան կար,
—Բոլորն առել՝ կգանք։

—Այսօր լուսինը պետք է պտուտակենք տակից։
—Երեկ լուսինց լսել ենք՝ այնտեղ Լան Ռուն
Անչափ կա։
— Մեր կյանքից թռչում են ութսուն միլիոն
Պրոպելլեր։
—Արիբիտոր նո՛մեր քառասունհինգ՝
վոժերդ պինդ բռնիր։
—Էլիպսի ուղիղ միլլոներորդ կետու՛մ կաց —
–երկիրը պինդ պահիր։
—Հասարակածից մագնիտը կթեքեք,
Հենց որ նշանն առաք։

Ռադիո հայտարարություններ
(Պրոֆեսորը սարքում է մարդիկ նու՛յնպես,
Ինչպես հավաբույծը՝ հավ)

—Բալտիկ ծովի մոտ
Գոտ
պրոֆեսորը
այսօր սարքեց մի քննարան։
—Նրան տարեք ձեր սերմը։

Առաքում

—Պրոֆեսսոր, տղա տվեք՝
ամենապինդ սրտով—
սրտի տեղ դրեք պրոպելլեր,
աչքերն աստղադիտակ,
ու գանգում անթիվ թվով ակումլեատոր։

Մի ուրիշը

—Առեք պրոֆեսոր սերմս,
պատրաստեք շտապ։
Վստահ եմ կխառնեք
ամենալավ ձվին—
ուզում եմ, որ լինի
ջլաբազուկ որդի։
Թե որ գտաք
անպետք է՝
դեն ձգեք։

Ուրիշները
—Պրոֆեսո՛ր, ո՛տքս փոխեք։
—Պրոֆեսո՛ր, սի՛րտս փոխեք։
—Կտրեք իմ գլուխը պրոֆեսոր,
—Դրեք մի ուրիշը։

 

Վ Ե Ր Ջ
ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ

Շարժումը նո՛ւյնպես ենք սիրում,
ինչպես դուք՝ «սարերի սիրուն սմբուլ»։
«Նվարդն» էլ մարդ է արդեն
և ոչ թե մի տիկին տխուր։

Օրերը նո՛ւյնպես ենք թերթել,
ինչպես դուք՝ Հովնաթան, Քուչակ—
մեր գիրքը կյանքն էր աղմկոտ
մեր տունը պլոշչադն ու քուչան։
Խրել ենք դանակը ձեր բկին,
որ սիրտը շինում եք շուշա—
սարսրո՛ղ,
անարև մշուշում
ձեր կամքը հլու մի մշակ։

Այսօր մենք սանձել ենք «հեքիաթի հրեղեն ձին»,
«Հազարան բլբու՛լ» է էլեկտրալեզուն։
Քանդել ենք
քառսուն
սյուն․
քանդել ենք
հիսուն․
օրերը իրենք են մեր ոտքը լիզում։

Իրն է մեր կամքը
մեր միսը,
մարմինը մեր կուռ։
Կամքը բամբիռն է խփում։
Ո՜, ինչքան զի՛լ է
թնդում բամբիռը,
թե՝ «թիռը
իրն է հենց»։

Այս մարտակոչն ուղղում ենք ձեզ
Որ թև իսկ քշտել չգիտեք․
Օրերը եկած, անցած
Մեր երկրին տրակտոր պիտի տան,
Իսկ դուք դեռ
սրտին ձեր
ծեր
Լծել եք մաշված մի գութան։

Օրերը նույնպես ենք թերթել,
Ինչպես դուք՝ Հովնաթան, Քուչակ—
Մեր գիրքը կյանքն էր աղմկոտ,
մեր տունը պլոշչադն ու քուչան։

Սեպտեմբեր-հոկտեմբեր
1922 թիվ
Մոսկվա․

Տեքստը թվայանացրեց՝ Արմինե Գաբրիելյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *