Գիյոմ Ապոլիներ | Ի՞նչ է կուբիզմը

Ձևի վերլուծություն

1907 թ. Ավինյոնի աղջիկները[1] նկարը հատկանշեց հեղաբեկումը նկարչության աշխարհում։ Երբ Պաբլո Պիկասսոն առաջին անգամ ցուցադրեց այս հասարակաց տան՝ հինգ կանանց ուրվապատկերներով (silhouettes) կտավը, նույնիսկ հավաքորդ Սերգեյ Շչուկինն[2] ու իր ընկեր Ժորժ Բրաքը[3] նկարը համարեցին իբրև «Պատուհաս ֆրանսիական նկարչության համար»։ Միևնույն ժամանակ, Բրաքը շուտ ընկալեց այս նոր հայացքն (vision) իրականության հանդեպ։ Այս ստեղծագործության մեջ, Պիկասսոն առաջին անգամ հստակ և ռացիոնալ տեսագիտությունը (optique) տեղափոխեց գեղագիտական ​​պահանջներից հեռու։ Շարունակելով Սեզանի[4] ձևերի վերլուծությունը՝ Պիկասսոն, ըստ էության, մասնատում է ձևերը խորանարդիկներում: Ուստի, դիտողն այս կտավի առջև խնդիր ունի վերակազմավորելու-հավաքելու տարածականորեն շատ տարբեր հայացքների այս ամբողջ գլուխկոտրուկը։ Բացի այդ, գույնի շնչահեղձ լինելու իրողությունը ևս նորամուծություն է: Սակայն բեկումնային կետը, էականորեն, հաղորդման միջոցով Բնության հարկադրանքներից այս պատկերի ազատագրման մեջ է: Այս աշխատանքը մարմնավորում է նկարչի առարկությունը (réplique)՝ ժամանակը և տարածությունը խնդրառող գիտական հարկադրանքների հանկարծաշրջման (mutation) վերաբերությամբ: Այս հորինվածքը մտածելու համար նկարիչը սկսել է Սեզանի կողմից հաստատված անհրաժեշտությունից՝ բնության մեջ որոնել գունդը, կոնը և գլանը […]։ 1909 թ. Անկախների Սալոնում[5] քննադատ Լուի Վոքսելը[6] ոգեկոչեց խորանարդիկները։ Այսպես ծնվեց կուբիզմը։

Այս հոսանքն անցավ մի քանի բնաշրջական (évolutif) փուլերով։ Բարեկամներ Ժորժ Բրաքը և Պաբլո Պիկասսոն, ավելի ուշ հայտարարեցին. «Մենք մտադրություն չունեինք ստեղծել կուբիզմը: Մենք շատ ավելի մտահոգված էինք մեր զգացմունքներն արտահայտելու մասով: Գրեթե այնպես էր, որ, ասես երկու ալպինիստ լինեինք՝ պարանից կախված»։ 1909-1912 թթ. նրանք ազատագրեցին արվեստի գործը համայն ռեալությունից՝ առանց ամբողջապես վերացականի վերածելու: Այս փուլը հայտնի է «Վերլուծական կուբիզմ» անվամբ: Այժմ նրանք գերազանցապես ուրվապատկերներ և նատյուրմորտներ են նկարում։ Նրանք այլևս չէին դիտում իրենց առարկաները մեկ կետից. ընդհակառակը, պտտվում էին դրանց շուրջ, որպեսզի վերարկերտեն բոլոր երեսակներից։ Նրանք վերլուծեցին առարկան և այն տեղափոխեցին կտավի վրա՝ մասնատված պատկերի տեսքով: Նրանց ստեղծագործություններում ժամանակն ու տարածությունը, ըստ էության, ներհյուսվում են մի կառույցի մեջ, որը կազմված է փոխներթափանցող, իրար վրա դրված և քայքայված մակերեսներից։ Մակարդակները փոխարինում են ծավալներին։ Կտավի վրա պատկերազարդ դրությունը դառնում է ավելի ու ավելի անորոշ. որոշ մակերեսներ դառնում են թափանցիկ, կամ  երևում են անկշռության վիճակում, կամ էլ հանկարծակիորեն վերափոխվում գրքի կամ գործիքի։ Գունային մակարդակում, ներկապնակը սահմանափակվում է շագանակագույն, մոխրագույն և կապույտ նրբերանգներով: Այս նկարիչներն այսպիսով լքեցին Բնությունը՝ այլ արվեստանոցում վերահաստատվելու միտմամբ, որը, ըստ էության, լեփլեցուն էր ներունակ առարկաներով։ Զարգանալով նրանք այլևս չէին նեդաշնակում իրենց նատյուրմորտները. նրանք ստեղծագործում էին գաղափարից այն կողմ՝ իրենց հորինվածքներին ավելացնելով թվեր և բառային կոտորակներ (fragments):

Նրանց գեղարվեստական ​​հայեցողությունը երկուսին էլ առաջնորդեց դեպի համադրական (synthétique) կուբիզմ՝ Խուան Գրիսի[7] ընկերակցությամբ։ Այսպիսով, խոսքն այլևս օբյեկտների մասնատման մասին չէր։ Այսուհետ անհրաժեշտ էր ստեղծել նոր օբյեկտներ՝ օգտագործելով նոր նյութեր։ Նկարիչները պարզել են, որ ամենատարբեր նյութերը, ներառյալ դեն նետված առարկաները, իրենց գեղարվեստական ​​նպատակին ծառայող հատկություններ են պառառում։ Այսպիսով կոլաժը ներքաշեց պատկերն իր մեջ:

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Սահակ Գալոյանի

[1] Պաբլո Պիկասսոն մոտ երկու տասնամյակ այս աշխատանքը չէր ցուցադրում հանրության առաջ։ Այն ժամանակ նմանօրինակ գործը մեծ սկանդալ կառաջացներ։ Նկարը տեսել են միայն նկարչի մերձավորները, որոնց կարծիքները շատ բազմազան էին. ոմանք հիացած էին, իսկ մյուսները, ընդհակառակը, ատում էին այն ամբողջ հոգով:

[2] Հինգ տարվա ընթացքում (1909թ․ սկսած) Շչուկինին հաջողվեց հավաքել Պիկասսոյի ստեղծագործությունների աշխարհի ամենամեծ հավաքածուն (հիսունմեկ նկար), ներառյալ կուբիստական ​​շրջանի երեսունչորս նկարները։ «Մենք նոր դարաշրջանի ժամանակակիցներ ենք։ Մենք պետք է նորովի տեսնենք և ընկալենք ձևը։ Պիկասսոն ապագան է »,- այսպես էր մեկնաբանանում հավաքորդը։ (Ս․ Գ․)

[3] « … Առաջին նշանակալից քայլերը գեղանկարչության մեջ արել է նախ ֆովիզմի ծիրում, կրելով ամենից առաջ Անրի Մատիսի ազդեցությունը, ապա 1907-ին, խորապես ազդվելով Սեզանի հետմահու հետահայաց ցուցահանդեսից և Պաբլո Պիկասսոյի «Ավինյոնի աղջիկներից», բռնել է մի նոր ուղի արվեստում։ Այդ ուղին, որ Բրաքը այսուհետև պիտի մշակեր սերտ համագործակցելով Պիկասսոյի հետ, ստացավ կուբիզմ անվանումը… » (աղբյուրը՝ Ժորժ Բրաք, Օր և գիշեր։ Տետրեր 1917-1952, ֆրանս․ թարգմ․՝ Արա Խաչիկօղլյան, Եր․։ Սարգիս Խաչենց, 2007թ – 62 էջ):

[4] «…Սեզանը նոր մակարդակներով վերահայտնագործել է նաև միջնադարյան արվեստի հեռանկարի և վերացարկման գրեթե բոլոր ասպեկտները, ինչ-որ չի հաջողվել ոչ մի նկարչի ( գուցե Պիկասսոն բացառություն կազմի ), ընդ որում՝ զգայական, շոշափողական և ընկալման մակարդակներով, որոնց ուսումնասիրությունը նոր է սկսվել։ Սեզանն իր ստեղծագործությամբ ազդեցության դաշտեր է ստեղծել ոչ միայն արվեստագերտների, այլև բանաստեղծների (Ռիլկե, Ապոլիներ և այլն), փիլիսոփաների (Մեռլո-Պոնտի, Էռնս Բլոխ), գիտնականների, սոցիոլոգների համար։ Եվ այդ ամենն իր «փոքրիկ զգայության» իրոք դրամատիկ որոնումներում …» [Վ Ղազարյան Պոլ Սեզան արվեստը և դասերը]: (աղբյուրը՝ Սեզան Պ․, Նամակներ։ Զրույցներ․, կազմ․, ֆրանս․ թարգմ․ և ծանոթագր․՝ Արուս Բոյաջյան, առաջաբան՝ Վ․ Ղազարյանի․- Եր․։ Սարգիս Խաչենց, 1996թ – 268 էջ )

[5] «Անկախների Սալոնը» (Salon des independants) և «Աշնանային Սալոնը» (Salon d’automne) խմբավորվել են ժամանակակից փարիզյան արվեստագետների և «Փարիզի դպրոցի» ներկայացուցիչների շուրջ՝ ի տարբերություն ակադեմիական ուղղվածություն ունեցող այլ սալոնների։

Հիմնադրվել է 1884 թվականին իբրև ցուցահանդեսային միություն՝ առանց ժյուրիի և առանց մրցանակների (sans jury ni recompense)։

[6] 20-րդ դարասկզբի ֆրանսիացի ամենաազդեցիկ արվեստաբաններից է։ 1908 թվականին Վոքսելը Կանվեյլերի պատկերասրահում Ժորժ Բրաքի ցուցահանդեսի իր ակնարկում Բրաքին համարեց «հանդուգն մեկը, որն արհամարհում է ձևը, ամեն բան, վայրերը, պատկերներն ու տները իջեցնում երկրաչափական ուրվագծերի ու խորանարդիկների»:

[7] իսպանացի նկարիչ և քանդակագործ, կուբիզմի հիմնադիրներից մեկը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *