Դավիթ Շիրինյան | Շունն ու շան տղան

Շունը հաչելով վազեց դեպի այգու խորքը՝ շնագայլերի անտաղանդ կաղկանձի ուղղությամբ։ Նրա հաչոցին միացավ գյուղի զգոն շների մի ամբողջ ժողովախումբ։ Մի քանի աքլոր ևս միացան վաղորդյան համերգին։ Իբրև գյուղական առավոտ, ոչինչ արտառոց չէր։ Կաթուկ տված տանձի դրմփոցն էլ էր սովորական, թեև շունը արհեստականորեն դունչը ցցեց՝ ցույց տալու համար, թե ամեն ձայն իր ականջին անվրեպ է։ Լույսը բացվում էր ծուլորեն։ Փախած ամպի մի կտոր սահելով ծածկեց արևը։ Ինչո՞ւ։ Երևի միայն Աստծուն էր հայտնի։ Ի՞նչ իմանաս։
Ինչ-որ մեկն օրեր առաջ հաղթական երգ էր երգում․ «Աշխարհը մերն ա», մեկ ուրիշը, պատերազմական անհերքելի ավարն էր տուն բերում, երրորդը՝ սատանա խեղդում․․․ Սուտը թելի պես ձգվել էր երկա՜ր, շատ երկար, և մարդկանց դա դուր էր գալիս։ Ոչ ոք չէր հավատում, որ այդ թելը մի օր կկտրվի, և նրան էր հյուսում իր բաժին պատրանքը՝ գունավոր ու զարդարուն։
Հեռվում մի շուն սկսեց ոռնալ։ Սա արդեն սովորական չէր կամ սովորական վատ նշան էր։ Ոմանք շան ոռնոցը ռեքվիեմի հետ են նույնականացնում, ոմանք էլ՝ եզրակացնում, որ շունն, այնուամենայնիվ, գայլ է, ոռնալն ուղղակի նրա գենի մեջ է և ոչինչ էլ չի նշանակում։ Կապրենք՝ կտեսնենք։
Ուժգին ու զարհուրելի պայթյունի ձայնը խաթարեց ամեն ինչ։ Բոլոր ձայները միանգամից լռեցին։ Շունը փախավ անորոշ ուղղությամբ։
Անբնական լռությունը, սակայն, երկար չտևեց։ Մի քանի րոպե տևած անորոշությունից հետո հնչեց հաջորդ դղրդոցը, հետո՝ երրորդը, չորրորդը։
Քնաթաթախ մարդկանց շշուկներում տագնապ կար, կսկիծ ու կորստի վախ կար։
-Ի՞նչ է սա,- մտածեց սարսափած շունը,- մի բան, որից մարդիկ է՞լ են վախենում։ Դե, եթե մարդիկ վախենում են, ես ու՞մ շունն եմ։

⃰ ⃰ ⃰

Ես շուն եմ, բանական շուն, թեև ըստ մարդկանց՝ բանականությունն իրենց մենաշնորհն է անմնացորդ։ Մենք իրար անունով չենք դիմում, բայց ահա մարդիկ մեզ անուն են տալիս, որի իմաստը բնավ չենք հասկանում, և դա մեզ համար առանձնապես էական չէ։ Տանտիրոջ աղջիկը՝ Նարեն, ինձ Շերլոկ կոչեց, և հիմա նա ինձ է կանչում։ Բայց ես, որ թաքնվել եմ ջրատար խողովակի մեջ, դուրս գալ չեմ համարձակվում։
Ամեն ինչ միանգամից գլխիվայր շուռ էր եկել։ Թանձր խառնաշփոթ էր, մարդկանց, մեքենաների, չգիտեմ էլ ինչերի ձուլված աղմուկ։ Խաչմերուկում՝ բենզալցակայանի մոտ հազարավոր մարդիկ ու մեքենաներ էին։ Ո՞ւր են գնում։
Տանտերն ու որդին գնացին գյուղամեջ, վերադարձան միայն կեսօրին։
Ամեն անգամ ես վազում էի տուն դարձող մեքենային ընդառաջ։ Հիմա էլ վազեցի, բայց այս անգամ ինձ շան տեղ չդրին։
Գիշերը ոչ ոք չքնեց, ես՝ ևս։ Առավոտյան տնեցիների մի մասը մեքենան նստեցին ու հեռացան։ Ես մինչև խաչմերուկ վազեցի մեքենայի ետևից, բայց կարծես ինձ չէին նկատում, անգամ ինձ թվաց, թե մերոնք հայացքները փախցնում էին ինձանից։ Ամեն ինչ լացի պես դառն էր՝ մարդկային լացի։ Իսկ արկերի շառաչը շարունակվում էր։ Գիշերն ամեն պայթյունից երկինքը վառվում էր, որից հետո խավարն ավելի էր խտանում։
Մի քանի օր հետո տանտերն էլ գնաց, և ես մնացի մենակ, մենակ ու տխուր։ Տխուր՝ ոչ թե տան, այլ իմ ներսի դատարկության համար (դե սա արդեն փիլիսոփայություն է և, ըստ մարդկանց, շան խելքի բան չէ)։ Հարևանն, ով իմ նկատմամբ միշտ էլ բարի էր, գալիս էր, հավաբունը բացում կամ փակում, հավերին կուտ տալիս, մեկ-մեկ ինձ համար հաց բերում։ Տխուր նստում էր աստիճաններին, ծխում ու գնում։
Ժամանակը սողում էր հենց այնպես, ու կարծես ժամերն իրար չէին հաջորդում։ Կարոտը խեղդում էր ինձ։ Հիշեցի օրեր, երբ սլանում էի քամու պես՝ հետապնդելով ոչխարներին, որ մոտեցել էին արտին։ Շատ բան հիշեցի։ Երազում մեր տանը կերուխում էր։ Խորովածի կրակի մոտ մի-մի բաժակ խմեցին, մեկական կտոր խորոված անուշ արինք, հետո իսկական խնջույքը սկսվեց խաղողի փարթամ վազերի հովանու տակ։ Որքա՜ն համով է ընտանիք ունենալը։ Հերթական դղրդոցն ընդհատեց երազս։ Հասուն մրգի բույրի ու վառոդի հոտի խառնաշփոթը ջնջեց երազիս վերջին բեկորները․․․
Մի օր գյուղի աղմուկը սաստկացավ։ Հազարավոր մեքենաներ լցվել էին մայրուղին ու գնում էին։ Ո՞ւր՝ ես չէի հասկանում։ Այդ գիշեր տանտերը մի տղամարդու հետ տուն եկավ։ Ես նրան իմ հոտառությամբ շատ հեռվից զգացի։ Վազեցի ընդառաջ։ Շատ տխուր էր, դեմքն ամբողջությամբ մազակալած։ Երկար շոյեց ինձ և մսի պահածոյի տուփը բացեց ու լցրեց իմ կերամանի մեջ։ Շա՜տ համով էր։
Երբ լույսը բացվեց, տանտերն ու անծանոթ տղամարդը դուրս եկան տնից ու էլ չվերադարձան։ Ես էլի մենակ մնացի։
Գյուղն այլևս աղմուկի մեջ չէր․ երկինքն էլ էր լռել, մարդիկ էլ, բայց այդ լռությունն ավելի անտանելի էր։
Հավաբունը փակող չէր եղել, ու գիշերն աղվեսը ներս էր մտել։ Քշել չէր լինում։ Պայքարող աքլորին առաջինը խեղդեց, հետո ևս մի քանիսին, բայց ի վերջո նահանջեց, մի հավ երախն առած՝ փախավ։ Ամոթից ուզում էի գետինը մտնել․ ախր տան պահապանը միայն ես եի, էլ ու՞մ մեղադրեի։ Վաղն էլ է գալու, մյուս օրն էլ․․․Ի՞նչ եմ անելու։
Մարդիկ ասում են՝ վերևն Աստված կա, ու այդօր Աստված բարեհաճ եղավ։
Մեքենան, մեր մեքենան տուն էր գալիս։ Վազեցի ընդառաջ։ Ընտանիքի բոլոր անդամները ներսն էին։ Վազում էի մեքենային համընթաց, հետո՝ հետ, նորից՝ առաջ․․․ Տուն հասանք։ Ես ու Նարեն գրկել էինք իրար ու բաց չէինք թողնում։ Ավելի ճիշտ՝ ես նրան բաց չէի թողնում։ Մենք իրար շատ էինք սիրում։ Պատահում էր, որ նա երկար խոսում էր ինձ հետ՝ հասկանալով, որ չեմ կարող իմաստուն խորհուրդներ տալ իրեն։
Որքա՜ն քիչ բան է պետք երջանիկ լինելու համար․․․
Անցյալն այլևս չվերադարձավ, սակայն այլևս ոչինչ նույնը չէր։ Ավելի ճիշտ՝ ամեն ինչ նույնն էր, բայց ոչինչ էլ նույնը չէր։ Խճճվել էի՝ բան չէի հասկանում։
Ես ժամանակը չափել չգիտեմ, սերտելու ժամանակ էլ չունեմ։ Ցուրտ օրեր եկան, հետո՝ տաք, նորից՝ ցուրտ․․․
Մեր տան դռները երբեք չէին փակվում, բայց այդօր տանտերն օղակներ ամրացրեց մուտքի դռանը։ Կողպեց։ Ստուգեց հուսալիությունն ու նորից բացեց։
Վերջին անքուն գիշերն անցկացրինք։ Շան պես զգացի, որ վերջինն է։ Չէ, հետո անքուն գիշերներ շատ ունեցա, բայց սա մեր միասին վերջին գիշերն էր։ Առավոտյան դուռը կողպեցին ու․․․ հրաժեշտ չտվին։ Ոռնոցը կանգնել էր կոկորդիս, բայց չոռնացի։ Իրենք էլ լաց չեղան։ Այս անգամ մեքենայի հետևից էլ չվազեցի։ Նեղացած էի։ Ի՞նչ իմանայի, որ նրանք գնալու տեղ չունեն, մնալու՝ նույնպես․․․ Ինձ ու՞ր տանեին։
Ինձ համար դառն օրեր սկսվեցին, դառն ու քաղցած։ Գիշերները լարում էի լսողությունս, արդյոք չե՞ն կանչում ինձ, բայց այլևս ոչ ոք ինձ չկանչեց։
Այգու բերքը նորից հասել էր, քաղողներ գտնվեցին։ Ես նրանց վրա չէի հաչում՝ նրանց արարքը գողություն չհամարելով ։ Տանտիրոջ ընկերն էլ էր գալիս, փորձում ինձ հետը տանել, ուզում էի գնալ, մենակ ահավոր էր, բայց տունն ինչպե՞ս անտեր թողնեի։
Կեսօր էր։ Շատ բարձր կրակահերթ եղավ, հետո էլի՝ հարյուր, հազար, բյուր անգամ։ Չգիտեմ, ես հաշվել չգիտեմ։ Ոչ մի տեղ չփախա։ Ու՞ր փախչեի, ու՞մ մոտ։ Սարսափ ու վախ չէր, լաց չէր, ոռնոց չէր, նվնվոց ու կաղկանձ էլ չէր։ Մի բան էր, որի մեջ այս ամենը միասին վերցրած կար։ Բայց ինձ ի՞նչ։ Ես վաղուց անտեր շուն եմ։
Բոլորը վազում էին, փախչում, հեռանում (տեսնես մերոնք ու՞ր են, այնտեղ էլ է՞ լսվում այս որոտի ձայնը։) Աղմուկն ավելի էր ուժգնանում, բայց մարդկային ձայները գնալով նվազում էին։ Անծանոթ աղմուկ էր ամբոխվում գյուղում։ Չգիտեի՝ ինչից վախենալ կամ վախենա՞լ առհասարակ։
Գիշերը քունս չտարավ։ Զգում էի, որ ուրիշ շներ էլ են արթուն։ Բայց արթուն մարդ չկար։ Երբ լույսը բացվեց, հասկացա, որ գիշերը քնած մարդ էլ չկար գյուղում․․․
Մի քանի օրից բոլոր ձայները մարեցին-վերջացան։ Լռությունն էլ վերջացավ։ Մնաց դատարկություն։
Շներն ազգություն չունեն, լեզու էլ չունեն, բայց հասկանում են տերերի լեզուն։ Մեկ-երկու օր անց գյուղը լցվեց մարդկանցով, որոնց խոսքերից ես ոչինչ չէի հասկանում։ Ջարդեցին, ավերեցին, գողացան ու թալանեցին ամեն ինչ, շան կեր էլ չմնաց։ Հարևանի բակ մտա։ Շունը կապված մնացել, սատկել էր։ Ամեն ինչ խառնած – թափթփված էր բակով մեկ։ Հավերը տարել էին, բայց հավաբնում ձու գտա։ Այսօր էլ ապրեցի, իսկ վա՞ղը (շներն էլ են մտածում վաղվա մասին)։ Վաղը դաժան եղավ, հաջորդ օրն՝ ավելի։ Որս անգամ չէր մնացել տարածքում, պայթյուններից ու որոտից մարդկանց պես փախել էին։ Ո՞ւր։ Կարևոր չէ։
Երկու օտարական մտան բակ։ Զինված էին․․․ Ես հաչելու ոչ ուժ ունեի, ոչ ցանկություն, համ էլ կարոտել էի մարդկային էակի։ Վազեցի նրանց ընդառաջ։ Առջևից եկողը քացով խփեց ինձ, անձայն գլորվեցի։ Մտան տուն։ Փշրվող իրերի ձայնը հառաչանքի էր նման, բայց պատուհանից դուրս շպրտվող գրքերն անձայն էին։ Սենյակից սենյակ ինչ որ բան էին փնտրում։ Գտա՞ն։ Չգտա՞ն։ Ի՞նչ իմանաս։
Տնից դուրս եկան։ Ինձ քացով խփողը բութ հայացքով նայեց աչքերիս մեջ։ Նայե՞ց, թե՞ ինձ թվաց։ Բակի ծորակի տակ դույլ կար, որտեղից ես ջուր էի խմում։ Անծանոթը վերցրեց դույլը․ չորացող վարդի թփե՞րն էր ջրելու։ Չէ։ Քայլեց դեպի մեղվանոց։ Վախվխելով բացեց փեթակներից մեկի կափարիչը, դույլի ջուրը թափով դատարկեց փեթակի մեջ ու փախավ։ Գլխումս ասես կարճ միացում եղավ։ Եվ սա մա՞րդ է, ես՝ շո՞ւն։ Շուն լինեի, կհարձակվեի, կբռնեի կոկորդից ու բակից դուրս կշպրտեի։ Անվտանգ հայացքով նայեցի նրան։ Նրա սառն աչքերի մեջ ինձ տեսա ՝ անզոր ու անօգնական։ Ավելի խեղճացա։ Հռհռաց, հրամայական բղավեց ինձ վրա, երևի հայհոյեց ու․․․ կրակեց։ Ի՞նչ եղավ հետո՝ չգիտեմ։ Դուք մարդ եք, կիմանաք, ես հորինել չգիտեմ։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *