Մեր աշտարակը, որը մոտ երեսուն մետր բարձրություն ուներ, քաղաքի ճիշտ կենտրոնում էր։ Մենք սիրում էինք բարձրանալ աշտարակն ու այնտեղից նայել։
Ամենատարօրինակն այն էր, որ ցանկացած աստիճան բարձրանալուց մեկ տարով մեծանում էինք, երբ իջնում էինք՝ փոքրանում։ Ժամանակի այդ տարօրինակ մեքենայի մասին միայն մենք գիտեինք։
Մի օր ես բարձրացա յոթանասունհինգ աստիճան ու այդ պահին նկատեցի, որ մարմինս ծերացել է, իսկ ուժերս՝ ամբողջությամբ սպառվել։ Մի պահ նստեցի աստիճանին, որպեսզի շունչ քաշեմ, սակայն սիրտս չդիմացավ այդ ծանրությանն ու անմի-ջապես մահացա։ Հետո պարզվեց, որ երկու աստիճան ավել եմ բարձրացել։ Մահվանս լուրը ոչ մեկին առանձնապես չզարմացրեց, քանի որ բոլորի համար բնական էր, որ յոթանասունհինգամյա տարեցը կարող էր սրտի կաթված ստանալ։ Միայն եղբայրս էր, որ չհամակերպվեց այդ մտքի հետ։ Նա կանգնել էր աշտարակի տակ ու փորձում էր լոնք-լոնք բարձրանալ և իջեցնել ինձ այնտեղից։ Մի քանի ժամ մարմինս քամու տակ մնալուց հետո եղբայրս մոտեցավ ու բռնեց ձեռքս։
– Արի իջնենք, եթե մի փոքր էլ այդտեղ մնաս՝ կհուղարկավորեն, և այլևս չեմ կարողանա քեզ ետ բերել,- ասաց եղբայրս։
– Ես երկու քայլ ավել եմ բարձրացել, ամենայն հավանականությամբ՝ յոթանասուներեք տարի պետք է ապրեի։
– Ոչինչ, քանի դեռ քեզ այդտեղից չեն գցել, պետք է իջնենք։ Այլապես մարդիկ կվերադառնան ու քեզ կտորի մեջ կփաթաթեն։
– Տե՛ս, դու էլ ես մեծացել, սակայն սիրտդ կայուն է։ Երևի ինձանից երկար կապրես,- ասացի։
– Ես ուզում եմ իջնես, ու շարունակենք մեր խաղը, վազենք աշտարակի կողքով ու մեզ ջուրը նետենք,- ասաց եղբայրս։
– Չեմ կարող։ Ավելի լավ է գան ու սավանով փաթաթեն։
– Ինչո՞ւ։
– Ես արդեն մեծացել եմ։
– Բայց ներքևում բոլորը մեզ են սպասում։ Մենք մեր ֆուտբոլի թիմն ունենք։ Գիշերները պետք է բարձրանանք ու վերևից նայենք, թե Ժոզեֆինան ինչպես է մերկանում ու մտնում լոգանքի։ Մենք դեռ չիրականացած երազանքներ ունենք։
– Այդ օրը, երբ մենք գնանք գետափ, մեր ընկերներից մեկը կփորձի գլուխկոնծի տալ ջրի մեջ, սակայն նրա կյանքը բժիշկներին չի հաջողվի փրկել, մեր սիրելի թիմը հերթական հանդիպմանն ուղևորվելիս դժբախտ պատահարի կենթարկվի՝ ավտոբուսը կընկնի գետը և բոլորը կվախճանվեն։ Սիրելի Ժոզեֆինային հենց այդ գիշեր հարևան Սաիդն ու Ահմեդը կբռնաբարեն։ Դրանից հետո դու կամուսնանաս, ու կինդ երկու զավակ կպարգևի քեզ։ Նրանք կմեծանան ու կլքեն քեզ։ Կինդ ավելի ուշ ավտովթարի կենթարկվի ու կմահանա։ Իսկ ես, ինչպես ենթադրում էի, ոչ մի բանի չեմ հասնի։ Մեր մանկության երազանքներից ու ցանկություններից ոչ մեկը չի իրականանա։
– Միայն այն պատճառով, որ դու այդքան դաժան տեսար մեր անցյալը, իմ մեջ էլ ցանկություն առաջացավ մահանալու,- ասաց եղբայրս,- այդ դեպքում, թող ինձ էլ փաթաթեն սպիտակ սավանով ու վառեն։
– Ես կարծում էի, թե կհուղարկավորեն։
– Ինձ համար միևնույն է։
– Գոնե տեսա՞ր կնոջս։ Նա գեղեցի՞կ էր։
– Այո՛, գեղեցիկ աչքեր ուներ։ Շատ էր սիրում արծվին հեծնել ու ճախրել երկնքում։
– Իսկ տղանե՞րս, նրանց տեսա՞ր։
– Ոչ։ Ինձ գյուղացիներից մեկը պատմեց նրանց մասին։ Ուշ երեկոյան մտա գյուղ, տղամարդիկ որսից էին վերադարձել, վարազի խորոված էին անում։ Մսի հոտն ամենուր էր։ Մոտեցա նրանց, ընթրելու հրավիրեցին, հրաժարվեցի։ Նրանցից մեկն ասաց, որ տղաներդ նախորդ երեկոյան փախել են գյուղից։ Թե որտեղ են գիշերն անցկացրել, ոչ ոք չգիտեր, ու միայն առավոտյան են գտել նրանց հետքերը։ Մի խոսքով՝ նրանք մոռացել են քո գոյության մասին։
– Բայց ես շատ կապված էի նրանց հետ։ Նրանք ինձ շատ հարազատ էին թվում, ես վստահ էի, որ նրանք միշտ կսիրեն ինձ։
– Փաստորեն դու սխալվում էիր։
– Մենք մի քանի րոպե առաջ ներքևում խաղում էինք մեր ամենասիրած խաղերից մեկը․ քեզ խնդրում էի քարը նետել, իսկ ես վազում էի դրա հետևից։ Մենք երջանիկ էինք և չէինք մտածում ո՛չ հարևանի, ո՛չ Ժոզեֆինայի, ո՛չ տղաներիս, ո՛չ էլ սպիտակ սավաններով փաթաթվելու մասին։ Իսկ հիմա քո պատճառով մենք տեսանք ամեն ինչ ու ստիպված պետք է ընդունենք, որ մահացել ենք,- ասաց եղբայրս ու ևս մի քանի քայլ բարձրացավ։ Որից հետո ձեռքի շարժումով ասես հրաժեշտ տվեց, պտտվեց ու նստեց աստիճանին։
Քիչ անց անձրև սկսվեց։ Մեր գյուղում հաճախ էր անձրև տեղում։ Ես շապիկս հանեցի ու պահեցի գլխավերևումս։ Անձրևը սաստկացավ։ Աշտարակի 75-րդ աստիճանից քաղաքը բոլորովին այլ տեսք ուներ, թեև շատ բան չէր փոխվել, բայց այդ մայրամուտը երբեք չեմ մոռանա։
Մենք մի քանի րոպեների ընթացքում մեծացանք ու հասկացանք, որ կյանքն անիմաստ է, ու ամեն ինչ շատ ավելի դաժան է, քան երեխան կարող է երևակայել։ Որքան էլ որ պայծառ երազանքներ ունեինք, միևնույն է, արդեն ոչինչ չէինք կարող ետ բերել, ինչպես ավարտված ֆուտբոլային հանդիպումը անհետաքրքիր է դիտել, հատկապես, երբ նախապես տեղյակ ես լինում արդյունքի մասին։
Մեր աշտարակը, որը մոտ երեսուն մետր բարձրություն ուներ, քաղաքի ճիշտ կենտրոնում էր։ Մենք սիրում էինք բարձրանալ աշտարակն ու այնտեղից նայել։ Ժամանակի այդ տարօրինակ մեքենայի մասին միայն մենք գիտեինք, քանի որ աստիճանը եղբայրս էր հորինել։ Նա երազկոտ տղա էր, ու ամեն անգամ, երբ խաղում էինք մեր սիրելի խաղը՝ մումբան, նա ասում էր, որ յուրաքանչյուր ասիճանը կարող է մեզ մեկ տարով ծերացնել։ Նաև ասում էր, որ վախենում է հարևաններից։ Հետո հիշում էր մեր ընկերներից մեկին ու նշում, որ նա լողալ չգիտի։ Ասում էր, որ սիրահարված է երկու փողոց վերևում բնակվող Ժոզեֆինային ու երազում է մեր ֆուտբոլի թիմով ճամփորդելու մասին։ Երազում էր յոթանասունհինգ տարի ապրելու և զույգ երեխա ունենալու մասին։ Նա շատ ռոմանտիկ էր։ Չգիտեմ ինչու ամեն անգամ ես հավատում էի այդ աշտարակի առեղծվածին։ Եղբայրս միշտ ժպտում էր ու ասում, որ իմ կյանքը շուտով գլխիվայր շուռ կգա և ամբողջությամբ կփոխվի, ես ծիծաղում էի նրա ասածների վրա ու շարունակում քարերն օդ նետել։ Ի դեպ, մենք աշտարակի մոտ տարին մեկ անգամ էինք գնում։ Անձրևները Բոպոլուում շատ հաճախ էին տեղում։