ԹՎԵՐ
Մեր ճակատագրի գրատախտակին
գրվող թվեր խորհրդավոր, որոնց
խորհուրդը նույնիսկ Պյութագորասի
համար էր անըմբռնելի․․․
Ծննդատան պիտակ-համարանիշ,
երբ դեռ անուն չունենք և աղաղակում ենք
մանկորեն, նոր ոտք դրած աշխարհից
սարսափած, մայրական դեմքը որոնելով․․․
Երբ դեռ անուն չունենք — և իսկը Ոչ Ոք ենք․․․
Թվեր սոցքարտի, թվեր անձնագրի,
բանկային հաշիվների, բյուրավոր այլ թվեր․․․
Եվ վերջում նորից՝ համարակալման պիտակ,
այս անգամ ՝ մեր ոտքին,․․․դիահերձարանում, երբ
Ոչ Ոք ենք արդեն վերջնականապես․․․
Երկու թիվ՝ քարի վրա,
որոնցից հանած քառակուսի արմատները
կենսագրությանդ գումարելիներն են՝
անսահմանության ձգտող անհայտ մի թվից
Այստեղ՝ այսաշխարհիկ ածանցված անիմանալի․․
ՀՈՒԴԱ
Կայիափայի տված
մետաքսե այն փոքրիկ
քսակը դատարկեց
ջղաձիգ ափի մեջ։ —
Երեսուն արծաթը
զնգաց ունկերի խորքում ․․․
Ինչ – որ մի թմբիր էր
ու ինչ-որ մի խոր քուն
ներսն իր տաք սողոսկում։
Ինչ-որ դառը սոսկում
կրծում էր սրտամկանը։
Դեռ հնչում էր խոսքը․
<<Ինչ որ անելու ես՝ շուտ արա, Իսկարովտացի՛>>։
Յուղի մեջ թաթախված
պատառը դեռ վառում էր
շրթունքը։ Կախված էր
լուսինը երեկոյան
ագարակի վրա։—
Շռայլ էր լույսը,բայց՝
տրտմագույն ու տամուկ ․․․
Մռայլ էր հոգին, ու
ատամն էր սուր ցավում։
Ծառերի ետևից՝
ձայնը Ոլորագնայի․
«Հուդա՛, քեզ եմ ասում։ Հուդա՛, մի ի՛նձ նայիր— մի՛ խորհիր, թե ինչ է՝ դու հիմա դավաճան ես։ Հրեշտակների հետ դու պիտ դեռ խրախճանես ․․․ Դու Նրա խնդրանքն էր՝ կատարեցիր ճշտիվ։ Դե հիմա էլ ի՞նչ ես խելագարվում վշտից․․․»։
Ինչ –որ մի թմբիր էր
ու ինչ-որ մի խոր քուն
ներսն իր տաք սողոսկում։
Ինչ-որ դառը սոսկում
կրծում էր սրտամկանը ․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Հեռվից բերեց քամին
հառաչ մի՝ հանց շշուկ․
«Պագի՜ր երկիրն, ապա պարանը պի՛նդ քաշիր։ Ընտիր միրգն ես հիմա Տիրոջ ճռաքաղի։ Եվ կօրորվես կախված։ Զսպիր արցունքդ աղի․․․»։
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԵՑՈՒ
Չորս կողմ
չորս հորիզոն
չորս հրեշտակ
չորս մանկաբարձ
չորս աղաղակ
ծննդյան
Չորս պատ
չորս ցանկություն
չորս տառապանք
չորս հաղթանակ
չորս պարտություն
չորս երաշտ
չորս տեղատարափ
չորս քամի
չորս ունայնություն
չորս հիասթափություն
Չորս ցավ
չորս հիվանդություն
չորս հոգոց
չորս տախտակ
չորս տող
չորս Ավետարան
չորս ալելուիա
չորս թևաբախում
չորս Անհայտություն
ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ։ԱՄԱՌ, ԺԱՄԸ 5-Ը։
Սա այն ժամն է,
երբ կաթնալույսն սկսում է խաղալ
ննջարանիս պատուհանի մեջ —
ադամամութ է։
Թե ինչու է կոչվում «ադամամութ» ՝
երևի միայն Եվան կիմանա,
բայց Եվային միայն ․․․ եվայամութն է
հետաքրքրում, երբ նա մի օր
հասկացավ, թե ԲԱՆՆ ԻՆՉՈՒՄՆ Է
և արգելված պտղի մի ողջ դարակ
կոմպոտներ փակեց ու շարեց
անսերության ձմեռվանն ընդառաջ ․․․
Ժամը հինգին
«Վեոլիա» փակ բաժնետիրական ընկերությունը
միացնում է գիշերն անջատած ջուրը ,
և ջուրն աղմկում է դատարկ խողովակների մեջ.
պանելի միջով հասնում նախ բարձիս, ապա ականջիս —
ՇԱՌԱՉ ԵՎ ՑԱՍՈՒ՜Մ
( ըստ Ֆոլկների կամ Շեքսպիրի) ,
կամ ՝ ինչպես որ կյանքն է աղմկում
տիեզերքի անբասիր ամայության մեջ․․․
Ժամը հինգին,
երբ գիտակցությունս սկսում է աշխատել,
առաջին բանը, որ խնդրում եմ Աստծուց՝
խաղաղությունն է, զի հիմա աշխարհի չորս ծագերում
Սադայելի սև հրեշտակներն են
խուռներամ սավառնում
ռմբակոծիչների ոռնացող տարմերին խառնված․․․
* * *
Ծաղիկ, ծաղի՜կ թոշնող
կյանքիդ թաղարի մեջ ․․․
Քեզ համակել աշունն
ու օրերդ է մաշում․․․
Ավիշն է մակարդվում
հողից քեզ բարձրացող։
Քեզ սնում է արդեն
մի այլ , ուրի՜շ մի ցող․․․
«Անարյուն ճիպռանց» պե՜ս,
վարքով քո անթերի․․․
Լույսի մանանան է
իջնում քո թերթերին․․․
Ծաղիկ, ծաղի՜կ թոշնող
թաղարի մեջ կյանքիդ,
թավշյա մի շշուկի
լռի՜ն արձագանքող․․․
ՕՐՓԻԿԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ
1․ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՌՎԻՑ
Անսպասելի, ինչպես երկար տարիներ չհանդիպած
հարազատդ հանկարծ ձայն տա թիկունքիդ կողմից, ցնցվես, շրջվես
ձայնի վրա ու գնաս կարոտալի գրկախառնության ․․․
Այդպես՝ անսպասելի մի փերթ սիրածդ մեղեդու, որ ասես մի
ձայնեղեն ժապավենի վրա ողջ կյանքդ է բերում աչքերիդ առջև․․․
Ջրի մի ճողփյուն, որ տիեզերքի ողջ ջրեղենն է արթնացնում —
անվտանգ անցնելով Լեթա մոռացության գետը՝ հասնում ես բուն
Ստիքսի առափնյաներն, ուր մեռյալները
Թախծի խարույկի շուրջ բոլորած երգում են․
«Մենք լաց լացեցինք Հորդանանի ափերին և քնար կախեցինք անհուշության ուռենու ոստերից․․․»։
«Ես էլ եմ Մեռյալ ծովի աղը համտեսել, ես էլ․․․»,-
մոտենալով, սա ես կշշնջամ նրանց ․․․
2․ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՆ
Ես կարո՞ղ եմ անցնել քո ծիածանի տակով, սքանչելի
Կամա՜րդ Մեղեդյաց, ինչպես մանուկ ժամանակ
կար հավատալիք, թե ծիածանի տակով անցնելով,
եթե տղա ես՝ աղջիկ կարող ես դառնալ ու թե աղջիկ՝ տղա․․․
Ես՝ մեն մի սեռափոխության համար հիմա՝․․․անսեռության։ —
Ինձ հրեշտա՜կ դարձրու, սքանչելի՜ս․․․
Թեկուզ հանուն դրա նախ խեղդվեմ մեղեդապտույտիդ մեջ․․․
3․ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՎՈՐԻ
Տե՜ր իմ սրտի խորքի, Տե՜ր իմ նորոգության․․․ —
Աղերսում եմ, ինձ մասնակից արա հնչյունաբխումին Քո․․․
Տա՜ր ինձ վիշապ գալարափողերի միջից, տար ինձ այնտեղ,
ուր Մարսիասը դեռ իր սրինգն է նվագում ՝ չսարսելով
մաշկազերծման վտանգից ․․․ Ես կնստեմ նրա կողքին
ու կհետևեմ իր երաժշտության չափին՝ հօգուտ իմ քերթվածների․․․
Տա՜ր ինձ ոլորտները Քո դաշնության,
Տե՜ր իմ , համակ Դու մեղմություն․․․
ԵՍ, ՏԱՏՍ, ԱՂՈՒՆԸ՝ ԱՄՌԱՆ ԱՐԵՎԻ ՏԱԿ․․․
Երեխա էի։
Սիրանույշ տատս ասում էր՝ նստիր աղունի կողքին։
Աղունն ամենևին էլ ․․․ կին չէր՝ ձեզ ասեմ,
այլապես՝ կգրեի մեծատառով։
Համ էլ՝ մի մատ երեխան
ի՞նչ գործ ունի ինչ-որ Աղուն մորքուրի կողքին․․․
Աղունը դա ցորենն էր՝ բակում,
կարպետների վրա, արևի տակ փռած,
որ չորանար՝ տանեինք ջաղաց,
մի մասն էլ՝ սանդածեծի,
որ․․․ ծեծ ուտեր՝ դառնար ձավար․․․
Տղամարդու գործ էր՝ ծանր սանդածեծին
բարձրացնել-իջեցնելը ձավարացուի վրա,
բայց տատս ամենածանր գործն արել էր արդեն՝
պսակվելով ծանրանաֆաս Ավետիք պապիս հետ․․․
Եվ դրանից հետո էլ ի՞նչ —
սարսափելի չէր արդեն ոչինչ․․․
Հա, ուրեմն ասում էր՝ նստիր աղունի կողքին,
որ ծիտ, ագռավ, կաչաղակ՝ աներես հավերն էլ հետը,
չգան ուտեն ցորենը։ Իմ պայմանը սա էր՝ այդ ամենը՝ մի կորժիկի դիմաց,
որի փողը՝ սովետական տասը կոպեկ, մի կերպ, տնքալով,
տատս հանում էր իր․․․յոթերորդ շրջազգեստի գրպանից,
հերթով շուռ տալով շրջազգեստների դաստան ու ասելով․
«Ա՛ռ, այ կոնճոռ․․․»։ Էդ «կոնճոռը»
այդպես էլ չհասկացա՝ ինչ է նշանակում,
բայց մեծանալու հետ քիչ-քիչ ենթադրեցի,որ
ամենայն հավանականությամբ՝ «հաստագլուխն» է․․․
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐ
Մտերմիկ ու սիրելի է ամեն մի ուրվագիծ՝
երբ գալիս է արթմնի երազի՝ երևակայության մեջ,
հաճախ՝ ․․․ կարոտախտի արցունքներ հեղելով․․․ —
Ամեն մի ծառն ու թուփը, արահետ, առու․․․,
որոնց դու ամեն անգամ հպվում ես
մանկության հիշողությունների մեջ․․․
Այլ էր լուսինը նույնիսկ՝ ծաղկատար դեմքով, բայց
․․․ Աստղիկ դիցուհու լոգանքի
չեչաքարի պես տարտամորեն ու զգլխիչ գեղեցիկ ,
այնտեղ՝ Արածանիի ափերին, մի տեղ ․․․ Որից
հայացքդ չէիր կտրում ամռան երեկոներին, և
միայն վախն էր կտրում-հեռացնում հայացքդ իրենից
(ասել էին՝ եթե երկար նայես՝ լուսնոտ կդառնաս․․․ ):
ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԱՅՆՏԵՂ․․․
Բայց հիմա եթե գնամ ՝ ի՞նչ կգտնեմ․․․—
Ասես՝ ձեռքդ տանես բույնը Հազարան հավքի
ու այնտեղ միայն մի քանի փետուր գտնես․․․
Միայն տեղանք, որ գորովանքով կշոյես աչքերով։
Ձայները սիրելի երաժշտության ակորդների պես
կարթնանան սրտիդ ունկերի խորշերում,
բայց ու՞ր, որտե՞ղ կլինեն դրանց տերերը՝ թանկագինները քո․․․
Նրանք այլևս չկան ․․․ՄԻԱՅՆ ԴՈՒ ԵՍ ՄՆԱՑԵԼ, ՈՐ ՀԻՇԵՍ ՆՐԱՆՑ՝
ըստ Հոբի Գրքի մի արտահայտության («Եվ շուտով՝․․․ դու էլ․․․»,-
ասում է մի ձայն կարեկցանքով ՝ ձայնն աներևույթ մեկի․․․)։
ՉՂՋԻԿՆԵՐԸ
Չղջիկնե՜րը․․․
Նրանք․․․կույր են Հոմերոսի պես
և թռիչքի կտրուկ տողադարձումներով
մի էպիկական պատմություն են
սեպագրում ամռան գոլ երեկոյի
մթնշաղոտ էջին — բայց ո՞վ կարդա․․․
Միայնակ են թևում, զուգընկեր չունեն՝
կարծես թե։ Ախ, եթե հնարավոր լիներ
լսել նրանց ուլտրաձայնային ճռվողյունը․․․
Շատ մոտիկից են թռչում — և եթե
մի քար նետես՝ կտրուկ խուսաթռիչքներ են
անում — նրանց համար ամեն մի նետված քար
սիզիփոսյան է և վտանգավոր․․․
Հադեսի աղավնիներն են նրանք՝ դուրս սպրդած,
Պերսեփոնեի հավքերը ձեռնասուն՝ իրենց տիրուհու պես
Զույգ Աշխարհների միջև երկմտող ․․․
Հեքիաթային, առեղծվածային են, բայց՝ դա միայն հեռվից։
Մոտիկից՝ մուկ են թևավոր՝ հայտնի է, նրբածալ
թևերով, իսկը՝ թռչող մի․․․հովանոց։
Նրանք գիշերով են անում իրենց որսն, ինչպես
իմաստուն բուերը և․․․պոետները՝անքուն,
կեսգիշերային գրառումների համար՝ մահիճ լքած․․․—
Մորփեոսի և Մուսայի վեճի պատճառով․․․
* * *
Վելիմիր Խլեբնիկովը,
իր բոլոր ձեռագրերը
մի պարկի մեջ լցրած,
շալակած ման էր գալիս
Ռուսիայով մեկ,
ընթերցում ՝ ուր ասես՝
խուլ տեղերում, տափաստաններում
անծայրածիր, բուռլակների
և ուսյալների համար,
ում համար որ ասես ․․․
ՈՒ հիմա ի՞նչ ասենք –
նրա մեջ թափառասեր
հայի գե՞նն էր խոսում,
թե՞ ասված էր․ «Գնա՛, գնա՜ և ընթերցիր, հնչեցրու Բանը ․․․ »։
Մանավանդ, որ իր Բանը
շա՜տ նման էր անձավից
Եղիայի համար հնչածին՝
կցկտուր ու թաթավուն ․․․
ԳՆԱԼՈՎ ․․․
Որքան բոսորվում է մայրամուտը, այնքան նմանվում է արշալույսին։
Որքան սպառվում է կյանքը, այնքան զորանում է կյանքի ծարավը։
Որքան մերձենում է Թանատոսը, այնքան խոշտանգում է Էրոսը։
Գնալով ծերունիները նմանվում են երեխաների
և անհագ ուզում են խաղալ իրենց խաղը վերջին։
Մատներով ուզում են շուռումուռ տալ
մանկության խաղերի ավազը, չտեսնելով,որ արդեն
դա հուղարկավորության վերջին հողն է մի բուռ․․․
Գնալով ծաղկում է նրանց սրտում
վառ տենչն անանուն մի համբույրի՝
լինի մերձավորի, թե․․․Հուդայի․․․
Գնալով թեքվում է նրանց արևն ու
խոնարհում Անհայտի ծովի վրա ։—
Ի՜նչ դելֆիններ են խաղում,խայտում ձկներ արծաթ,
և Լևիաթանը, Լևիաթանն Այն Խորքերի․․․
ՔԱՆԴԱԿՆԵՐ
Մենք Ժամանակ քանդակագործի
հլու բնորդներն ենք — նա մեզ
ձևավորում է ներսից ու դրսից
իր վայրկյան-հատիչի թիկթակներով։
Եվ որպեսզի մի անհայտ հեղինակ չմնա՝
ինչպես արձաններինը Զատկի կղզու՝
մի կնճռապատ, ցանցկեն ստորագրություն է
վերջում դրոշմում մեր ճակատին․․․
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՈՏԸ
Պատերազմի հոտը
խեղդում է բույրը
իմ սրտի մեջ աճող ծաղկի։—
Գարշահոտ բոռեր են իջնում
ծաղկի առէջներին՝ խնդության
պայծառաթև մեղուների տեղակ։
Լույս երազ մեղրի փոխարեն
լեղի է սրտիս ու նեղվածք։
Ննջում եմ ՝ քուն չի գալիս,
ջնջում եմ ՝ չի գալիս տող ․․․
Արյուն է հորիզոններում չորս ,
մարդկային մարմիններ հոշվող։
Ու այս գեհենում ահավոր
էլ ոչ մի պատվիրան չի հիշվում։
Եվ հետ է վերցրել ասես
Աստված Իր Պատկերը մարդուց,
որ զատվի նյութից տխեղծ,
մարդու՝ Իր վրիպակից սպրդված․․․Թ