Արման Թովմասյան | Պատը

Վերջին անգամ երեկ չէ առաջին օրն էի փորձել։ Ասում էին մեծ բան չի, հենց էս պատն է զուգարանի կողքի։ Երեկոյան ժամը 7-ից հետո մարդ չի լինում։ Տղերքը հավաքվում են, գնում են խանութ հաց ուտելու, սիգարետ առնելու, wi-fi -ին կպնելու ու առհասարակ իրար հետ մի բաժակ բան խմելու։ Շուրջը ոչ մի բան չկա, հեռվում տներ են, ինչ-որ այգիներ ու փողոցը երկու կողմից փոշոտ, առանց ասֆալտ չոլի մեջ։ Բայց էս տարածքը հատուկ անուն ուներ, էս տարածքը Նյու Յորքի ազատության արձանի հետ հավասար կմրցեր։ Ներսում բոլորի համար էդ էն տեղն էր, որտեղ կարելի էր հավատալ, որ 4 պատից ու փշալարից դուրս կյանք կա։ Տղերքը, որ ասում էին Վարդանի մոտ ենք, դու արդեն գիտեիր, որ լավ են, տրամադրությունը տեղն է, ինտերնետով մեկը ընկերուհու հետ է խոսում, մյուսը տնից ուղարկած փողերով երանելի բուտերբրոդներն է ուտում, էն մյուսը նիսյա է գրվում ու ծխում հերթական սիգարետը։ Վարդանի խանութը օազիս էր զորամասի համար, ու իրեն հարգող ամեն կարգին տղա գոնե շաբաթ մի 2 անգամ տեղ օր պիտի անցկացներ։
Վերջին անգամ երեկ չէ առաջին օրն էի փորձել անցնել փշալարի վրայով։ Ես նոր եկած ծառայող՝ բարքերին անտեղյակ, ամաչկոտ ու մեղմ ասած ոչ ճկուն մարդ ուզում եմ անցնել էդ գրողի տարած պատի վրայով ու առաջին անգամ կպնել ինտերնետին։ Սմարթֆոնը ձեռքս բռնեն, առը հա, դիրքեր կուղարկեն տեղում որպես պատիժ, ես էլ նոր եկած մարդ, ով պիտի լավություն անի աչք փակի, ոչ ոք։ Բայց չէ, ես պիտի անեի էդ հենց էդ պահին, ու էլ ոչ մի բան ինձ չէր պահի։ Կարոտել էի։ Կարոտած մարդը ինչ ասես կանի նարկամանի պես, որ հերթական դոզան ստանա ու ապրի։
Երեկոյան ընթրեցինք։ Մտքիս մեջ 10 անգամ գրեցի ջնջեցի էդ պատով անցնելու պլանը, մտածեցի, որ բռնեն, ինչ հեքիաթներ եմ պատմելու։ Հետո ասացի ինքս ինձ, թե էլ ինչի համար ես քեզ տղամարդ կոչում, եթե էդ մի պատն անցնել էլ չես կարող։ Հիշեցի բոլոր կարդացածս գրքերը, որտեղ պատմության հերոսը միշտ ուժ էր գտնում բեկելու ճակատագիրը ու փոխելու ընթացքը պատմության, դրամատիզացրի ամեն ինչ, սիրտս սկսեց խփել հազարի տակ, սրտխառնոց սկսեց, զգացի, որ մի քիչ էլ անցնի՝ ուշագնաց կլինեմ։ Նորից հիշեցի պատմության բոլոր հերոսներին ու ինձ, որ միշտ մտովի պատկերացնում էի, թե ոնց եմ կռվում Գավգամելայում, Աուստերլիցում, Ձիրավում, ոնց եմ փառքով վերադառնում ու բոլորը ընդունում են ինձ որպես մի նոր Կեսար։ Ու երբեք չէի մտածում, որ ինչ-որ նետ, փամփուշտ, սուր, արկ հենց ինձ է կպնում, հենց ես եմ փռթիկ-փռթիկ լինում։ Ոչ ոք ինձ չի էլ հիշում, մնում եմ կորած մի անուն, ում ինչ-որ մի քարի վրա գրում են տարին մի երկու անգամ վրես խունկ ծխելու ու անցնելու։ Ու էդ բոլոր մտաֆիլմերի մեջ չէի էլ պատկերացնում, որ գուցե հենց էդ ֆիլմում ես վախենում եմ, որ էդքան էլ քաջ չեմ, որ մեռնելուց շատ ապրել եմ ուզում, որ գուցե հենց ես ոչ մի հերոս էլ չեմ, սովորական մի տղա եմ միջնադարյան հյուղակից ու ուշքս միտքս ընդամենը մեր ցորենի դաշտերն են ու ամուսնական կյանք վարելու ցանկությունը։ Չէ, էս մասին երբեք չէի մտածել ու հիմա զգում էի, որ ինքս իմ համար ստեղծած հերոսական կերպարի պատրանքը եկել կանգնել էր մի հատ փոքր պատի առաջ, որ բոլորն են անցնում, ու ոչ մի բան չէր կարողանում անել։ Ինձ զգում էի մեկի ափի մեջ հայտնված ճանճ, ում թևերը պոկել են ու թողել, որ ապակու դիմաց երազելով սատկի։
Հեռախոսը դրել էի ծոցագրպանս։ Մի տեսակ Հարի Փոթերի կախարդական փայտիկին էր նման։ Կհանեի, մի երկու հմայախոսք կասեի ու վուալա, կտեսնեի քաղաքի մարդկանց։ Կտեսնեի ինչ են անում Երևանում, ով որտեղ է զբաղված, ինչ նկարներ են գցել սոցիալական ցանցեր, մի երկու նկար կքաշեի, կպահեի մոտս, մի երկու երգ կքաշեի ու կապրեի։ Զարմանում էի, թե փոքր բաները, ինչի եմ նման հուզականությամբ տանում ու դարձնում երկնքից իջած մանանա, բայց այդ գիշերը մանանան մի հեռախոս էր պատից այն կողմ։
Ճաշարանից դուրս եկանք, նկատեցի, որ բավականին ցուրտ է, ամպերն էլ գռմռում են։ Անրձրև էր գալու։ Տղերքի հետ գնացի զորանոց, մի քիչ նստեցի ու դուրս եկա։ Մթնել էր։ Հունվարի 30-ն էր, ու օրացույցին նայելով՝ նկատեցի, որ 2 շաբաթ շարունակ ուզել եմ դուրս գալ, բայց չեմ արել։ 2 շաբաթ է, ինչ տեղափոխվել էինք Ղարաբաղ ու ուսումնական զորամասից հետո դեռ էդքան էլ առնվազն չէի հարմարվել։
Նայեցի կողքերս, մարդ չկար։ Մեկն անցավ պատի վրայով, ես էլ կանցնեմ։ Ահա փրկության պատը։ Որ բռնեն, կասեմ զուգարան էի եկել, ուզեցի տեսնեմ ստեղ ինչ կա։ Հա չէ, ինձ էլ հավատացին։ Ապուշ են, ես էլ մի հանճար, որը կանգնել է ու ուզում է ապացուցել, որ երկիրը առնվազն տափակ է։ Բա ինչ ասեմ, չգիտեմ։ Չէ, էդ էլ կասեմ։ Կասեմ նոր զինվոր եմ, ուզեցի նայել, տեսնել ինչ կա։ Հիմա մի հատ կոպիտ բառ կասի, կասեմ՝ չի կրկնվի կգնամ։ Կարևորը հեռախոսս չբռնի։ Բա որ սկսի գրպաններս ստուգել, հետո խաբեմ, հեռախոսը գտնի։ Այ թե քացու տակ կգցի։ Կհայհոյի, ու տղերքի ձեռքից էլ չեմ պրծնի տեղը պալիտ անելու համար։ Իբր չգիտեն հա տեղը։ Լավ էլ գիտեն, ամեն մեկն էլ գիտի, խանութն էլ պայմանագրայինի խանութ է, տեսնես ում վրա է ծախում էդ բուտեռբռոդները փտած կանադական նրբերշիկներով։ Էդ չոլի մեջ ախր մեզնից բացի մարդ չկա։
Դանդաղ, իբր ինքնավստահ քայլերով՝ գալիս եմ դեպի պատը։ Մտածում էի՝ տեսնես Բեռլինի պատից փախնողները էսքան մտածում էին, թե պետքները չէր։ Տեսնես չէին վախենում, որ կմեռնեն, որ մի զինվոր ուղղակի կգնդակահարի, որ սովետի կարմիրները իրեն էն օրը կգցեն, որ շանը քեռի կանչի։ Չէ, ինձնից գերմանացի էլ դուրս չի գա։ Բոլոր գերմանացիները քաջ են, տո բոլոր հայերն էլ են քաջ, ռուսները, ֆրանսիացիները։ Բայց ես չէ, ես Երևանի կոմֆորտի մեջ ապրած տղա եմ, որը մաքսիմումը մի հատը սուրճ վերցնի ու քաղաքով ընկերների հետ երեկոները անցկացնի։
Ձեռք գցեցի քարի վրայից դուրս ելած երկաթե ցցից։ Բռնեցի, ուժ տվեցի ու հայտնվեցի պատի վրա։ Մյուս կողմում մութ էր, հեռվից խանութի լույսերն էին վառվում։ Հազիվ մի 2 զինվոր տեսա։ Խառը օր էր զորամասում եղել, հոգնած էին։ Հետն էլ ուժեղ քամի էր արդեն ու անձրևը սկսել էր մանր մաղել։ Անցա փշալարը, թռա ներքև։ Մի ժպիտ եկավ դեմքիս վրա: Ոնց որ օլիմպիական չեմպիոն էի դարձել, ու ահա դափնիները պիտի բերեն ինձ։ Թող ճակատս պաչեն, աղաղակեն, որ ես անցա պատը, որ ես բոլորի հերոսն եմ, որ հպարտանում են ինձնով ու հավատում իմ ուժերին, որ հայրենիքը ամուր ձեռքերի մեջ է, որ հենց իմ պես տղերքը պիտի երկիրը պահեն։ Ինձ ապուշ եմ զգում։

Մրսում եմ։ Քամին ուժեղ է, անձրևն էլ սկսեց ուժեղանալ։ Պտտվում է ինձ վրա։ Արագ գնացի խանութի հետևի պատի մոտ։ Տղերքից հարցրի wi-fi-ի գաղտնաբառը, մտա ֆեյսբուք, ինստագրամ։ Օ ինչքան բան է փոխվել։ Փորձեցի մտաբերել իմ անցկացրած 6 ամիսները։ Կարծես նույն բլոկնոտի դատարկ էջեր լինեին։ Մի քանի կարդացած գրքեր, 1000 ժամ շարային, 1250 ժամ կրակային, 1600 ժամ պաչիվ եմ կարել, 5000 ժամ հաց եմ կերել, 7000 ժամ մտածել եմ քաղաքի մասին։
Ուր ես, քեզ եմ փնտրում։ Հենց էսօր պիտի չլինես ինստագրամում, ֆեյսբուքում, տո ուր կուզես, հայտնվի։ Բաժանորդը վերջին անգամ 3 ժամ առաջ է եղել իր էջում։ Սպասեմ, գուցե գաս։ Դեռ անվանականչը չի։ Կհասցնեմ։ Անձրևն ավելի է ուժեղանում։ Հիշում եմ, ասում էի, որ անձրևի տակ սիրում եմ քայլել, ձեռք էին առնում։ Մի անգամ պապաս տեսավ բժշկականի մոտից ոտքով քայլում եմ անձրևի տակ, հատուկ եկավ անձրևանող տվեց, որ գոնե իր շեղված տղեն չհիվանդանա։ Դե անձրևի տակ քայլելը ուրիշ ձև չէր հասկանում։ Բայց հիմա ես ատում եմ էս անձրևը, որ իմ թշնամին է։
Փորացավ սկսվեց։ Ախր ես աղիքային խնդիր ունեմ։ Ասում էին՝ փորդ ու ոտքերդ չսառեցնես։ Հիմա ներսս սառն է, բառերս սառն են, տո անգամ սրտիս տեղը նորմալ տաք բան չկա։ Սպասում եմ։ Արի քայլեմ տեղում, վազեմ, ետ ու առաջ անեմ, կտաքանամ, փորիս ցավը կթողնի, մեկ էլ տեսար կմտնի սոցիալական ցանցեր։ Հիշեցի, որ համալսարանի դիմաց անկապ կանգնում էի, ծխախոտը վառում, մի երկու հատ ծխում ու հանգցնում։ Մտքով գալիս էի բանակ, հետո գնում էի Ամերիկա նոր կյանք սկսելու, հետո երեխեք էի ունենում, հետո ոչ մեկին չէի ունենում, հետո մոռանում էի նրան, հետո նորից հիշում, հետո նոր բիզնես էի դնում․ հետո ոչ մի բան չէի դնում։
Հեռվից շողք երևաց աչքիս։ Փողոցի կողմից էր, հեռվից։ Լավ, ով պիտի լինի։ Դանդաղ է գալիս, բայց ոնց որ թե պետքը չի։ Ոչ մի բանից էլ չի վախենում։ Միջին հասակ ունի։ Մի քիչ էլ մոտիկացի, դեմքդ կսկսեմ տեսնել։ Օ, մեծ փոր ունի։ Էս սպա է հաստատ։ Մեկը մատնել է էս մի քանիսիս։ Հա, հաստատ։ Կարող ա Վարդանին է զանգել, էն էլ ասել է։ Մեկ ա՝ էսօր ոչ մեկս բան չէր առել։ Ինչի համար մեզ պահեր որ։
Իսկ կարող ա՝ ուղղակի խանութ է որոշել գալ, ախր էս սիրված խանութ է։ Խանութ չի, սուպերմարկետ ա, ով ինչ ուզի, կգտնի։ Վարդանն էլ մոնոպոլ, Քըրքոյանի արժանի հետնորդն ա։ Հա, կազինո էլ շատ ա սիրում, լիքը սլոթներ ա ֆռցնում, աշխատավարձն էլ կրվում ա։ Հա, մեկ էլ հավատում ա, որ գիշերվա 4-ին Շայնինգ Քրաուն սլոթը տալիս ա։
– Հա ախպեր, փորձած բան ա։ Էն անգամ 200 հազարի տվեց, նախորդ կրվածիցս 600 հազար եքա փակեցի։ Է հա լավ չի բա։
– Լավ ա, լավ ա, Վարդան ջան։ Մենակ թե, ախպոր պե,ս էս անգամ մեզ պահի։ Ես նոր զինվոր եմ, հեռախոսս կվերցնեն, տեղում պոստ կուղարկեն Գոնե մի քիչ հարմարվեմ, նոր։
Մոտիկացավ խանութին։ Զորամասի հերթապահն էր։ Կոպիտ մարդ էր, որ բռնում էր, վերջ, ձև չունեիր փախնելու։ Տղերքից երկուսին բռնեց, ասեց․
-Սիկտիր եղեք զորամաս, մի անգամ էլ տեսնեմ, ոտերիս տակ կգցեմ։
Էն մեկը փախավ չոլով շատ գիտեմ ուր։ Ինձ չի տեսել, բայց կողքերն է նայում։ Ես հետևի պատի կողմն եմ։ Շնչառությունս փակել եմ։ Սիրտս խփում է հազարի տակ։ Կողքս շուն եկավ կանգնեց։ Մեծ էր, մարդաբոյ շուն։ Քաղաքում լինեի, արագ կծլկեի։ Տենց էլ չսովորեցի շների հետ մարդավարի շփվել։ Մտքիս մեջ աստծուն խնդրում եմ՝ էս շանը էն կողմ տանի, բայց ախր ինչի տանի։ Էդ ես չէի, որ զորամասի ընդհանուր աղոթքի ժամանակ աչքերս փակում էի ու լռում։ Ասում էի, թե քանի ինձ ստիպում են ամեն օր աղոթք ասել, ես չեմ ասելու։ Ուզում ա դժոխք գնամ։ Ինձ տենց հավատը պետք չի, ինձ տենց Աստված պետք չի, որ ինձ ստիպում ա իրեն չոքեչոք խնդրեմ։ Հիմա իսկը տեղն է, որ ասի էդ դու չէիր, որ քեզ դրել էիր Պրոմեթևսի տեղը ու մարդկանց կրակ էիր բաժանում։ Հումանիզմ էիր քարոզում, չէիր խնդրում, հպարտ էիր։ Բա հիմա ինչի ես խնդրում։
Շունը խաղաղ գնաց հերթապահի մոտ։ Առաջին անգամ ուզում էի բոլոր եկեղեցիների մոմերը առնել ու վառել։ Դե մարդը տենց բան է։ Մինչև նեղը չընկնի, մեղա չի գա։ Սերվիս, սերվիսի դիմաց։
Մի երկու քայլ էս կողմ արեց։ Մի բան զգացել էր։ Ախր հազար տարվա սպա էր։ Պատմում էին, որ ադրբեջանցիների դեմ Մարտակերտ ուժեղ կռիվ էր տվել, մի երկուսին էլ բռնել էր։ Ասում էին, որ անունը լսում են, էդ դիքրի վրա չեն գալիս։ Չեն ուզում գալ։ Մտածում էի՝ ես ով եմ, որ գլխին տրյուկներ խաղամ։ 2 քայլ գցեց, հեռուն նայեց, էն մի տղուն տեսավ հեռվից հեռու։ Խելոքը մտել էր մեկի հողամասի ծառի հետևը։ Գնաց դրա կողմ, ես էդ ընթացքում դանդաղ քայլեցի հետ։ Քանի հեռվացավ էդ տղու կողմ, խանութի հակառակ կողմով արագ ծլկեցի։ Փորս շարունակում էր անտանելի ցավալ։
Ուզում էի նորից մտնել ինստագրամ։ Կարող ա մտած լինել։ Տեսնեմ ինչ կա չկա, Ոնց ա, աշխատում ա, ինչ ա անում, ոնց ա ապրում։ Համալսարանն ավարտելուց հետո ինչով ա զբաղվում։ Բայց չէ, այ ընկեր, ախր պատը պիտի անցնես, ոնց մտնես։ Բայց եթե բարձրանամ, հեռվից կտեսնի, բա ինչ անեմ։ Արի փախնեմ հակառակ ուղղությամբ հեռու, մի տեղ կմտնեմ, բռնվեցի, դե ինչ անեմ։ Տենց էլ արեցի։ Գնացի, գտա մի հատ մեքենա հեռվում։ Ուազ էր։ Հետևը մտա։ Հեռվից տեսա, որ էդ 3 հոգուն առած տարավ զորամաս։ Լավ կպատժի հա։ Մնում է՝ հետ գնամ ու չբռնվեմ։ Փրկված եմ։
Արագ գնացի խանութի մոտ։ Մտա ինստագրամ։ Նորից չկար, մի քիչ մնացի։ Տղերքից մեկին գրեցի։ Աշխատում էր, հաշվապահ էր դարձել։ Չէր հավանում աշխատանքը, բայց ասաց, որ հեռանկարներ կան։ Ասաց՝ շուտ-շուտ գրեմ, բան պետք լինի, ասեմ անպայման։ Հարցրի՝ ինչ լուր ունի Լենայից, բան չասաց։ Ասաց տեղյակ չի, շուտվանից չեն հավաքվել կուրսեցիներով։ Գիտի, որ մի տեղ աշխատում է։ Ասաց, որ իմաստ չունի էդ մասին մտածեմ։ Ծառայության վրա կենտրոնանամ, օրերը կանցնեն, կգամ գործերիս ու ամեն բան լավ կլինի։ Նյարդայնացա։ Ախր ես գիտեմ, որ օրերը անցնում են, հավատա․ ամեն օր տեսնում եմ, թե ինչ դանդաղ են րոպեները պտտվում, անգամ վայկյանները, ես ամեն բան գիտեմ։ Կարճ կապեցի ու մի վերջին անգամ մտա ֆեյսբուք։ 10 րոպե առաջ ակտիվ էր եղել ֆեյսբուքում ու դուրս էր եկել։
Պատի վրա եմ արդեն։ Անցել է ուղիղ 35 րոպե։ Հավատալու չէր։ Ամբողջ կյանքս կպատմեմ ժամերով էս բոլոր դետալները։ 35 րոպե։ Հավատս չի գալիս։
Զգուշությամբ իջա պատից։ Շուրջս նայեցի։ Ոչ ոք չկար։ Անվանականչին էին պատրաստվում։ Մի 15 րոպեից սկսվում էր։ Վազեցի զորանոց։ Հեռախոսս թողեցի ներսում։
Քայլում ենք ու երգում։

Ելի՛ր դաշնակ Դրո՜ բազկիդ ուժը բեր,
Հեծիր քո ճերմակ ձին քշի՛ր սարն ի վեր
Ձա՛յն տուր քո քաջերին քնած թե արթուն
Փրկի՛ր քո Հայրենիք չքնախ Սուրմալուն:
Ձա՛յն տուր քո քաջերին քնած թե արթուն

Փրկի՛ր քո Հայրենիք չքնախ Սուրմալուն:

Քայլում ենք ու երգում։ Գոռում եմ ամբողջ կոկորդով։ Ուզում եմ Սուրմալուն գրավել, Վանը, Մուշը, Ալաշկերտը։ Ես քաջ զինովոր եմ, բոլորից քաջ։ Բոլորն էլ մեռնում են մի օր։ Ես էլ ոչ մեկից առավելը չեմ։ Մեկ է վերջում Երևան կտանեն։
Լույսերն անջատեցին, փակեցի աչքերս։ Հիշեցի օրվա մեջ գլխովս անցած գնացածը։ Երկար նայեցի պատուհանից դուրս քամուց շարժվող ծառերին։ Բոլոր ծառերին նույն շարժվող պատկերն եմ տեսնում։ Մարմինս ուժասպառ էր եղել սթրեսից։ Փակեցի աչքերս։
Չնկատեցի՝ ինչպես քնեցի, բայց քիչ անց աչքերս նորից բացեցի։ Նայեցի ժամացույցին, գիշերվա 3-ն էր։ Հեռախոսս միացրի, մտա պահպանած նկարների մեջ։ Երկար ուսումնասիրեցի նկարը։ Ինձ նման չէր, համենայնդեպս աչքերը մեծ էին իմից, իսկ Լենան երջանիկ էր։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *