•
Զոինկա Միլգաուի մոտ դեռևս ինստիտուտում գրականության մեծ տաղանդ է հայտնաբերվել:
Մի անգամ նա գերմաներեն այնպիսի վառ գույներով նկարագրեց Օռլեանի սպասուհու տառապանքը, որ ուսուցչուհին հուզմունքից հարբեց և հաջորդ օրը չկարողացավ դասարան գալ։
Այնուհետև հաջորդեց նոր հաղթարշավը, որը մեկընդմիշտ ամրապնդեց Զոինկայի փառքը որպես ինստիտուտի լավագույն բանաստեղծուհի: Նա այս պատիվին հասավ՝ գրելով մի ճոխ բանաստեղծություն հոգաբարձուի ժամանման առիթվ և այն սկսվում էր հետևյալ խոսքերով.
Ահա, վերջապես, խփեց ժամը մեր,
Եվ մենք տեսանք քո կերպարը մեր մեջ…
Երբ Զոյինկան ավարտեց ինստիտուտը, մայրը նրան հարցրեց.
-Հիմա ի՞նչ ենք անելու: Երիտասարդ աղջիկը պետք է կատարելագործվի կամ երաժշտության մեջ, կամ նկարչության:
Զոյինկան զարմացած նայեց մորը և պարզ ու հասարակ պատասխանեց.
-Ինչո՞ւ պետք է նկարեմ, երբ ես գրող եմ:
Եվ հենց նույն օրը նստեց՝ գրելու իր վեպը։
Նա շատ ջանասիրաբար գրում էր մի ամբողջ ամիս, բայց այն, ինչ դուրս եկավ, ոչ թե վեպ էր, այլ պատմություն, ինչից ինքն էլ քիչ չէր զարմացած։
Վեպի նյութը շատ ինքնատիպ էր. մի երիտասարդ աղջիկ սիրահարվում է մի երիտասարդի և ամուսնանում նրա հետ: Պատմությունը կոչվում էր «Սֆինքսի հիերոգլիֆները»:
Երիտասարդ աղջիկն ամուսնանում է սովորական չափի գրելու թերթիկի մոտավորապես տասներորդ էջի վրա, և Զոյինկան իսկապես չգիտեր, թե ինչ աներ նրա հետ: Նա երեք օր մտածեց և ահա գրեց վերջաբանը.
«Ժամանակի ընթացքում Էլիզան երկու երեխա ունեցավ և ամենայն հավանականությամբ երջանիկ էր»:
Զոյինկան ևս երկու օր մտածեց, հետո ամեն ինչ ամբողջությամբ վերաշարադրեց և տարավ խմբագրի մոտ։
Բայց պարզվեց, որ խմբագիրը վատ կրթված անձնավորություն է։ Զրույցի ընթացքում պարզվեց, որ նա երբեք չի էլ լսել հոգաբարձուի ժամանման մասին Զոյայի բանաստեղծությունը։ Այնուամենայնիվ, նա վերցրեց ձեռագիրը և խնդրեց գալ երկու շաբաթից՝ պատասխանի համար։
Զոինկան կարմրեց, գունատվեց, հարգանքով գլուխ տվեց և երկու շաբաթ անց վերադարձավ։
Խմբագիրը շփոթահար նայեց նրան և ասաց.
-Այո, այսպե՜ս, տիկի՛ն Միլգաու։
Հետո նա մտավ մյուս սենյակը և այնտեղից բերեց Զոինկայի ձեռագիրը։ Ձեռագիրը կեղտոտվել էր, անկյունները ոլորվել էին տարբեր կողմերի վրա, ինչպես կայտառ, գորշ շան ականջներ, և ընդհանրապես այն տխուր ու նվաստացած տեսք ուներ։
Խմբագիրը Զոինկային հանձնեց ձեռագիրը։
-Ահա, դե․․․
Բայց Զոինկան չհասկացավ, թե ինչ է կատարվում։
-Ձեր այս բանը չի համապատասխանում մեր օրգանին։ Ահա, թույլ տվեք, տեսեք…
Նա բացեց ձեռագիրը։
-Ահա, օրինակ՝ սկզբում… ըմ, ըմ… «…արեգակը ոսկեզօծեց ծառերի գագաթները»… ըմ… տեսեք, սիրելի իմ տիկին, մեր թերթը գաղափարական է։ Մենք ներկայումս պաշտպանում ենք յակուտ կանանց իրավունքները գյուղական հավաքույթներում, այնպես որ ներկայումս արևի կարիք բացարձակապես չունենք։ Այսպե՜ս, գիտեք։
Բայց Զոինկան դեռևս չէր հեռանում և այնպիսի անպաշտպան վստահությամբ էր նայում նրան, որ խմբագիրը դառը համ զգաց բերանում։
«Այնուամենայնիվ, դու, իհարկե, տաղանդ ունես»,-ավելացրեց նա, հետաքրքրությամբ զննելով սեփական կոշիկը։-Ես նույնիսկ ուզում եմ խորհուրդ տալ ձեզ որոշ փոփոխություններ մտցնել ձեր պատմության մեջ, որոնք անկասկած նրա օգտին կծառայեն: Երբեմն ինչ-որ մանրուքից է կախված ստեղծագործության ամբողջ ապագան: Այսպես օրինակ, ձեր պատմությունը բառացիորեն կարիք ունի, որ իրեն դրամատիկ ձև տան: Դուք հասկանո՞ւմ եք՝ երկխոսության ձև։ Ընդհանուր առմամբ այստեղ փայլուն երկխոսություն կա։ Ահա օրինակ այստեղ, տեսեք… «ցտեսություն, նա ասաց» և այլն։ Ահա իմ խորհուրդը. Ձեր այս բանը դրամայի վերածեք: Եվ մի շտապեք, այլ մտածեք լրջորեն, գեղարվեստական: Շարունակեք աշխատել:
Զոինկան գնաց տուն, ոգեշնչման համար մի սալիկ շոկոլադ գնեց ու նստեց աշխատելու։
Երկու շաբաթ անց նա արդեն նստած էր խմբագրի առջև․ վերջինս սրբում էր ճակատը և կակազելով խոսում.
-Դու ի-ի-զուր ես այդպես շտապել։ Եթե դանդաղ եք գրում և լավ եք մտածում դրա մասին, ապա ստեղծագործությունն ավելի լավ է ստացվում, քան երբ չեն մտածում դրա մասին և արագ են գրում: Մեկ ամսից նորից եկեք պատասխանի համար:
Երբ Զոինկան հեռացավ, նա ծանր հառաչեց և մտածեց.
«Իսկ միգուցե նա ամուսնանա այս ամիս, կամ ինչ-որ տեղ գնա, կամ պարզապես հրաժարվի այս ամբողջ ապուշությունից: Ի վերջո, չէ որ հրաշքնե՜ր էլ են տեղի ունենում: Ի վերջո երջանկություն է՜լ է լինում:
Բայց երջանկությունը հազվադեպ է լինում, իսկ հրաշքներ ընդհանրապես չեն լինում, և մեկ ամիս անց Զոինկան եկավ պատասխանի համար:
Տեսնելով նրան՝ խմբագիրը ճոճվեց տեղում, բայց անմիջապես հավաքեց իրեն։
-Ձեր բա՞նը, այո՜, հիանալի բան է: Բայց գիտե՞ք ինչ․ ես պետք է մի փայլուն խորհուրդ տամ ձեզ: Ահա թե ինչ, սիրելի տիրուհի, առանց մեկ րոպե հապաղելու երաժշտության վերածեք այն։
Զոինկան վիրավորված շարժեց շրթունքները։
-Ինչո՞ւ երաժշտության: Չե՜մ հասկանում։
-Չե՜ս հասկանում։ Վերափոխեք այն երաժշտության մեջ, որովհետև, իմ խենթո՜ւկ, դրանից այնպիսի օպերա դուրս կգա: Մտածե՜ք միայն-օպերա: Հետո ինքդ կգաս շնորհակալություն հայտնելու։ Գտեք մի լավ կոմպոզիտոր…
-Ո՛չ, ես օպերա չեմ ուզում,-վճռական ասաց Զոինկան:-Ես գրող եմ… և հանկարծ դուք ասում եք՝ օպերա: Չե՜մ ուզում։
-Թանկագի՜նս, դու ուղղակի քո թշնամին ես։ Միայն պատկերացրու… հանկարծ երգում են քո այս բանը։ Ոչ, ես պարզապես հրաժարվում եմ հասկանալ ձեզ։
Զոինկան այծի դեմք ընդունեց և հաստատակամ պատասխանեց.
-Ոչ և ոչ: Չեմ ցանկանում։ Քանի որ ինքներդ պատվիրեցիք դրամայի վերափոխել այս բանը, ուրեմն հիմա պետք է տպեք, քանի որ ես այն համապատասխանեցրել եմ մեր ճաշակին։
-Դե, ես չե՜մ վիճում։ Էս բանը հմայի՜չ է։ Բայց դու ինձ չհասկացար։ Ես, իսկն ասած, խորհուրդ տվեցի վերափոխել այն թատրոնի համար, այլ ոչ թե տպելու։
-Դե որ այդպես է, ուրեմն նրան թատրոնի՛ն հանձնեք,-ժպտաց Զոյինկան նրա անմտության վրա:
-Ըմ, այո, բայց գիտեք, ժամանակակից թատրոնը ներկայացման հատուկ ցանկ է պահանջում։ Համլետն արդեն գրված է։ Ուրիշ բանի պետք չէ։ Բայց ահա մեր թատրոնին իսկապես ցնցող մի բան է պետք։ Եթե միայն դուք կարողանայիք…
-Այսինքն՝ ուզում եք ասել, որ «Սֆինքսի հիերոգլիֆները ես ցնցող տեսարանի՞ վերածեմ։ Այդպես էլ կասեիք ուրեմն։
Նա գլխով արեց նրան, վերցրեց ձեռագիրը և արժանապատվորեն դուրս եկավ։
Խմբագիրը երկար նայեց նրա հետևից և մատիտով քորեց մորուքը։
-Դե, փա՜ռք Աստծո: Այլևս չի վերադառնա: Բայց այնուամենայնիվ ցավալի է, որ նա այդքան վիրավորվեց: Եթե միայն նա վե՜րջ չտա իր կյանքին։
-Սիրելի տիրուհի,-ասաց նա մեկ ամիս անց, հեզ, կապույտ աչքերով նայելով Զոինկային։-Սիրելի տիրուհի: Դուք իզուր եք կպել այս գործին։ Ես կարդացի քո ցնցող ներկայացումը և, իհարկե, նախկինի պես մնացի քո տաղանդի երկրպագուն։ Բայց, ցավոք, ձեզ պետք է ասեմ, որ նման նուրբ և հիասքանչ, ցնցող ներկայացումները չեն կարող հաջողություն ունենալ մեր կոպիտ հասարակության մոտ։ Դրա համար թատրոնները միայն, դե գիտեք, չգիտեմ ինչպես ասեմ, շատ անպարկեշտ ներկայացումներ են ընդունում, իսկ ձեր ստեղծագործությունը, կներեք, բոլորովին էլ անպարկեշտ չէ։
-Անպարկեշտ բան եք ուզում:-Գործնական իրազեկվեց Զոինկան և վերադառնալով տուն հարցրեց մորը.
-Maman,-ո՞րն է համարվում ամենաանպարկեշտը:
Maman-ը մտածեց և ասաց, որ, իր կարծիքով, աշխարհի ամենաանպարկեշտ բաները մերկ մարդիկ են։
Զոյնկան տասը րոպե ճռռացրեց գրիչը և հաջորդ օրը հպարտորեն իր ձեռագիրը հանձնեց ապշահար խմբագրին։
-Անպարկեշտ բա՞ն էիք ուզում։ Ահա։՜ Ես վերափոխեցի այն:
-Որտեղ է այն,-շշմեց խմբագիրը։-Չեմ տեսնում, կարծես ամեն ինչ այնպես է, ինչպես նախկինում էր…
-Ինչպե՞ս թե որտեղ է: Ահա այստեղ է, գործող կերպարների մեջ:
Խմբագիրը շրջեց էջը և կարդաց.
«Գործող անձինք.
Իվան Պետրովիչ Ժուկին, համաշխարհային դատավոր, 53 տարեկան-մերկ։
Աննա Պետրովնա Բեկ, հողատեր, բարերար, 48 տարեկան-մերկ։
Կուսկով, զեմստվոյի բժիշկ-մերկ։
Ռիկովա, բուժակուհի, սիրահարված է Ժուկինին, 20 տարեկան-մերկ։
Ոստիկան-մերկ։
Գլաշա, սպասուհի-մերկ։
Չեռնով Պյոտր Գավրիլիչ, պրոֆեսոր, 65 տարեկան-մերկ»։
-Այժմ դուք արդարացում չունեք մերժելու իմ ստեղծագործությունը,-թունավոր տոնով ցնծաց Զոինկան:-Ինձ թվում է, որ սա արդեն բավականի՜ն անպարկեշտ է:
Թարգմանությունը ռուսերենից՝ Հովիկ Մխիթարյանի