Ազատության դրսեւորումը
Ազատության եւ դրա դրսեւորումների մասին խոսելը փիլիսոփայական խնդիր է եւ բխում է մարդ լինելու պատմասոցիոլոգիական իրողությունների մեկնաբանությունից: Նման մեկնաբանությունների համար հիմք է ծառայում երեք` իրար սերտորեն կապված երեւույթների հղումը: Առաջին հերթին ազատությունը հանդես է գալիս մեկ բացարձակ ճշմարտության տիրապետելու պահանջի դեմ` ինքն իր հետ հաղորդակցվելու կամքի միջոցով: Երկրորդ` այն հակադրվում է մարդկանց կռապաշտությանը հանրային քննարկումների միջոցով, եւ երրորդ` դեմ է արտահայտվում ազատության ժխտմանը` մարդկանց հանդեպ վստահության միջոցով:
ա) Մեկ բացարձակ ճշմարտությանը տիրապետելու պահանջը վերացնում է ազատությունը: Եթե ես ունեմ ճշմարտության մասին իմ պատկերացումը, ապա կարող եմ հայտարարել դրա մասին. դիմացինը կարող է ընդունել կամ մերժել այն, մենք իրականում չենք կարող այդ կերպ խոսել միմյանց հետ: Ճշմարտության բացառիկության մասին պնդումը ոչնչացնում է մարդու հիմնական փաստարկը, որի մասին մենք ինքներս մեզ վստահեցնում ենք ճշմարտություն հաղորդելիս: Ազատությունն այնքանով է սփռվում, որքանով հաղորդակցությունը խորն է ու անկեղծ:
բ) Մարդկանց կռապաշտությունն ու անվերապահ հանրային քննարկումը հակոտնյա են: Մարդիկ, ովքեր ուղղորդում են իրադարձությունների ընթացքը քաղաքական տեսանկյունից որոշիչ կետերում, ճակատագրով նման են այն ժողովուրդներին, որոնց համար անհայտ ուղիներով ճանապարհ են հարթում եւ թույլ տալիս, որ գան իշխանության: Այդ մարդկանցից է բխում այն յուրահատուկ փայլը, որը կապված է մնացյալ ամեն ինչը պայմանավորող որոշումների դերի հետ:
Բայց, անկախ այն բանից, թե որքան հիանալի են գործել, որքան կարեւոր են նրանց ձեռքբերումները, որքանով են լուրջ, բոլոր դեպքերում նրանք մարդ են մնում: Թող բարձրագույն պահանջներ ներկայացնեն հանուն Աստծո, նրա շնորհով, հանուն պատմության, ում անունից գործում են, դա չի փոխում այն փաստը, որ նրանք գործում են որպես մարդ: Այդ կերպ ներկայացված մեծ պահանջները նրանց կասկածելի են դարձնում, բայց դրանք բավարարում են երկրպագող զանգվածների կարիքները:
Մարդկային կռապաշտությունը հակված է առանձին մարդուն շնորհել միակի` առաջնորդի, բանաստեղծի, իմաստունի կամ սրբի կարգավիճակ, միայն նա եւ ոչ այլ ոք կարող է գերազանցել բոլորին եւ առանձին մարդուն: Կռապաշտությունը նրան դարձնում է անձեռնմխելի: Նրա հասցեին քննադատությունը դիտվում է որպես հարձակում անառարկելի հեղինակության վրա եւ միայն զայրույթ է պատճառում: Իշխանություն ունենալու դեպքում նման քննադատությունը կորչում է:
Եթե դուք վստահում եք անհատներին լիակատար հնազանդությամբ, դուք հրաժարվում եք ձեր ազատությունից: Մեր մեջ անհերքելի միտում կա` Աստծուն ակնածալից անձնազոհություն ցուցաբերելու փոխարեն նվաճել առանձին մարդկանց: Մարդկային կռապաշտությունը սարսափելի է, բայց կան մարդիկ, որոնք ո’չ նման հակում ունեն, ո’չ էլ ցանկություն` իշխելու անազատ զանգվածների վրա. նրանք ավելի շուտ սթափ տեսնում են, թե ինչ են ներկայացնում մարդիկ, եւ ինչպես պետք է լավագույն մարդիկ պահպանեն իրենց վեհ էությունը: Կան մարդիկ, որոնք հավատում են Աստծուն, հետեւաբար` զերծ են մարդկային կռապաշտությունից:
Հանրային քննարկման ժամանակ, որտեղ առանց սահմանափակման քննարկվում են փաստեր, պահանջներ, որոնց միջոցով ոգին մնում է կենսունակ շարժման մեջ, ստեղծվում է մթնոլորտ, որը կասկածի է ենթարկում մարդ-արարածի կռապաշտությունը, ու թեեւ այն չի դարձնում անհնարին, այնուամենայնիվ մասնիկների է բաժանում աստվածությունների բազմությունը, որպեսզի դրա հետեւանքները կորցնեն ուժը:
գ) Ազատության ժխտումը նշանակում է մարդկանց նկատմամբ վստահության կորուստ: Կույր հնազանդությունն ու բռնակալությունը միասին են գործում: Եթե երկուսն էլ փնտրեմ, հավանաբար ինքս ինձնից թաքցնելով, անխուսափելիորեն կարժանանամ մարդկության արհամարհանքին: Մեկի բացառությունը, ում կուռք են դարձնում, միայն ավելացնում է մարդկության հանդեպ ընդհանուր արհամարհանքը:
Ամեն ոք, ով չի հավատում մարդուն, լինի դա որպես իր նախասկիզբ, թե որպես աստվածային արարած, ինչ էլ որ անի, պետք է նպաստի մարդուն ոչնչացնելուն:
Մենք ցույց տվեցինք երեք այլընտրանք. բացառիկ ճշմարտությանը տիրապետելու բացարձակ պահանջ կամ մարդկանց ազատություն` ճշմարտության որոնման մեջ, որը միաժամանակ համոզում եւ միավորում է նրանց, ովքեր մտածում են միմյանց հետ հաղորդակցվելիս: Այնուհետեւ` մարդկային կռապաշտություն կամ հանրային քննարկում: Վերջում` ազատության հնարավորության ժխտում, հետեւաբար` մղում դեպի հնազանդությունը եւ բռնակալությունը, կամ` վստահություն մարդկանց նկատմամբ: Այդ երեք գործոնները կապված են միմյանց հետ:
Եթե ես ազատություն եմ ցանկանում, իրականում չեմ կարող դա ցանկանալ եւ պլանավորել: Դա կարող է իրականանալ միայն միասնականության միջոցով: Ոչ ոք չի կարող իսկապես ազատ լինել, քանի դեռ բոլորը չեն ազատագրվել: Մենք հասարակության հետ կապված ենք ոչ միայն կենսական ուղիներով, այլեւ` մեր էությունից ելնելով: Ես ինքս ինքս չեմ լինի, եթե ուրիշների հետ չհաղորդակցվեմ: Ազատության աճը, հետեւաբար, համընկնում է մեզ միավորող վարքագծի կատարելագործման հետ, որը չի ստեղծվում, այլ բխում է յուրաքանչյուր մարդու էությունից, որը հենց ինքն է: Սակայն այդ դրույթը միշտ վտանգված է: Նա պետք է անընդհատ ցույց տա իրեն`նորովի վերարտադրվելով: Դա ինքնաբուխ բարի կամքի դրսեւորումն է, որը թափանցիկ է դառնում իր համար:
Որոշումներ կայացնելիս մարդիկ չեն կարող փոխել այն, ինչը կարեւոր է ուրիշների, պայմանների, պատմության համար. ի վերջո, ամեն ինչ բխում է յուրաքանչյուրի էությունից: Ի վերջո, սա ցույց է տալիս, թե ինչ կունենանք` համայնքային իրավիճակ եւ հանրային իրադարձություն:
Սակայն եթե ղեկավարությունը հրաժարվում է ազատությունից, համայնքն առանձին անհատների հետ ենթարկվում է բռնակալների դաժան վերահսկողությանը` ելնելով իշխանության պրագմատիզմից:
(<Ազատության ռիսկը>, փիլիսոփայական ակնարկների ժողովածու)
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի