Սերգեյ Կուլլե | Որտե՞ղ է բլուրը ձմռան

Ծնվել է 1936 թվին, Լենինգրադում: Ավարտել է տեղի համալսարանի μանասիրական ֆակուլտետը: Գրեթե ողջ կյանքում աշխատել է Լենինգրադի «Սարքաշինության կադրեր» բազմատպաքանակ թերթում: Անդամակցել է ոչպաշտոնական «УВЕК» բանաստեղծական խմբին (Ուֆլյանդ, Վինոգրադով, Երյոմին, Կուլլե): Կյանքի օրոք չի հրատարակվե: Կուլլեի առաջին ժողովածուն լույս է տեսել ետմահու՝ 2001-ին, ապա բազմաթիվ հրապարակումներ եղան ամենատարμեր պարբերականներում, այդ թվում` «Դարի ինքնահրատում»: Մահացել է 1984 թվին:


ԾԵՐՈՒԿԸ

Եղանակը լիակատար պարզվեց:
Մենք քայլում ենք կամրջի վրայով
եւ ծիծաղում էինք անհոգաբար:
Իսկ առջեւից,
ասես ասֆալտը քչփորելով,
քարշ էր գալիս ինչ-որ խղճուկ թափառական`
կորացած ու քրջոտ:
Եվ ես ասացի իմ ուղեկցուհուն.
-Տես` ինչ զվարճալի ծերուկ է:
Հետո մենք հասանք կամրջին ընկած մի մեծ մեխի
(ժանգոտ ու ծուռ էր),
եւ ես սրամտորեն բացականչեցի.
-Լավ կլիներ, եթե
մեքենայի ակ պայթեր վրեն:
Եվ հենց այդ պահին,
ասես կախարդական փայտիկի շարժմամբ,
ծերուկն այն, որը
առջեւից քայլում էր հեզ ու մեկուսի,
ետ դարձավ,
իջավ կամրջամայթից,
ապա իր կեղտոտ մատներով վերցրեց ընկած մեխը
եւ թափով նետեց հորդ գետի մեջ:
Իսկ երբ մոտեցանք թափառականին,
(թաքցնելով խայթիչ ժպիտները մեր),
նա շրջվեց ու հարցրեց`
քաշվելով մեզնից.
-Էստեղ ու՞ր կլինի կերոսինի կրպակը…

 

ԵՂԵՎՆԻՆ

Ծննդյան տոների նախօրեին,
երբ հիվանդ էի,
ինձ նվեր բերեցին մի եղեւնի
եւ դրեցին սենյակի մոտիկ անկյունում:
Ես հարցրի նրան.
-Դե, ո՞նց ես, ոչի՞նչ:
Իսկ նա հարցրեց ինձ.
-Ինչո՞ւ ես պառկած…
-Չգիտեմ: Ոտքերս են ուռել:
-Ինչո՞ւ են ուռչում…
-Չգիտեմ:
-Չգիտեմ…Չգիտեմ,-
տնազ արեց ինձ կանաչ փրչոտը,
-Պետք է միրգ ուտել,
խմել փշատերեւի բալասան եփուկ,
եւ որպեսզի քեզ հաճախ դուրս տանեն
օդափոխության:
Եղեւնին հաստատ ամեն ինչ գիտեր:
Երեւում է` նա
անցել է կրակի ու ջրի միջով,
եւ անցել է պղնձե խողովակներով:
Երեւում է` նա
հիվանդացել է ոչ մեկ անգամ
եւ մի անգամ չէ հաղթահարել իրեն
եւ ապաքինվել փշատերեւով:

 

***

Որտե՞ղ է բլուրը ձմռան…
Ավաղ, այն չկա այլեւս:
Իսկ ձնեմա՞րդը…
Ասես նա չի եղել:
Խորդանոցի
մոտի ձնակույտերը
հանկարծ ցնդեցին
ծխի նման:
Անտառի մոտ ձգվող
երկար դահուկուղին
վերածվել է սովորական արահետի:
Իսկ լճի վրա սահարանը մեր
լողաց ինքնաբուխ։
Սկզբից` գետն ի վար:
Հետո` սառը ծովով:
Դեպի հարավ, հարավ,
օտար երկրամասեր:
Այժմ նրա վրա
սահում են ուրիշ երեխաներ:
Նրանց մոտ ձմեռ է հիմա:

 

ԱՄԱՆՈՐՅԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐԸ

(Բողոքեց: Հոգոց հանեց: Լացեց աղիողորմ:)
Բերեցին: Տեղավորեցին հիվանդասենյակում:
Փաթաթեցին բայկյա հաստ ծածկոցով:
Տվեցին խալաթ:
Տվեցին կոշիկներ:
Միզանոթ բերեցին:
Նույնիսկ ականջակալներ բարձի տակ դրին:
Պառկիր ու լսիր:
Իսկ կես ժամ անց, երբ որ
Ժամացույցը խփեց «տասներկուսը»,
Եւ մարդիկ ամենուր բացականչում էին`
-Շնորհավոր Ամանոր, ընկերներ:
Երջանկություն ձեզ,-
մտավ Ձմեռ պապը սպիտակ խալաթով
եւ հայտարարեց.
-Բարի: Տեղ հասանք: Հիմա ձեզ ամանորյա
վիրահատություն պիտի անեմ:
Մենք կապիտաններ ենք, նավատորմիղի հպարտ
կապիտաններ:
Եկեք, փորձարկեք արիությունը մեր:
Եկեք, փորձարկեք անսասանությունը մեր:
Եկեք, մեր խիղճը փորձարկեք:
Եկեք, փորձարկեք հավատարմությունը մեր:
Մենք կապիտաններ ենք, նավատորմիղի հպարտ
կապիտաններ;
Թեպետ չենք կախել
ծովակալային վառվռուն դրոշ,
աստղերով
ուղի չենք նախանշել,
նավաբեկության չենք երթարկվել երբեք,
գիշերով չենք կառանվել
օտար, ավերված նավահանգստում:
Մենք կապիտաններ ենք, ոգու կապիտաններ:
Թեպետ չենք վարձել էժանագին նավեր
անխիղճ ու ագահ վաճառականներից,
թեպետ շքերթներին չենք կրել դեռեւս
ոսկերիզ ուսապանակներ:
Թեպետ կանայք մեր
երկար չեն լացել բարձի վրա
եւ փոթորկին բոբիկ չեն վազել ծովափ:
Մենք կապիտաններ ենք, ոգու կապիտաններ:
Թեպետ նավաճանկման
չենք գնացել մենք
նավահետքային ձիգ շարասյունով
Անպարտ-Անհաղթելի արմադայի հետ,
թեկուզ լագ չենք նետել
եւ խորաչափով ծովը չենք չափել,
թեկուզ մերձափնյա նավագնացությամբ
չենք հասել փոքրիկ Բալակլավա,
չենք լողարկել թեպետ
ափերից հեռու, «Ալկով» նավի վրա`
հիանալի ձյութած:

***
Կենդանաբանական այգու տնօրենը
գազանավանդակների բանալին է կորցրել:
Գազանները հուզված են: Մարդիկ` տագնապած:
Դարպասի մոտ խմբվել է մի մեծ ամբոխ:
Դրամարկղը փակ է բարակ տախտակով:
Ծառայողների ձեռքերը դողում են.
նրանք հավաքում են մշակույթի բաժնի
եւ հրշեջ ծառայության հեռախոսահամարները:
Հիմա էլ փիղն է իզուր ընդվզել:-
«Կենդանաբանական այգու» փոխարեն
ցուցանակ կախվեց` «Կենդանաբանական դժոխք»:

 

ԼՈՂՈՐԴԸ

2.
Ախ, միայն թե հասնել
մինչեւ փոստը:
Մինչեւ փոստ-հեռագրատունը:
Եվ ափից
հղել նրանց
հեռահեռագիր:
Ընդամենը չորս բառ:
Նրանց քիմքի համար
առավել սիրելի
եղանակավորող
բառերի խմբից.
«Չի կարելի:
Բայց պետք է:
Ց՛արցունք պետք է:
Գրեթե անհնար է»:

4.
Եվ այնուհանդերձ
մեզ սպասում են խոշոր հաղթարշավ,
հսկայական փողեր ու
հաջողություններ սիրուն կանանց մոտ:
Ինչպես այն մարզիկին,
որ բայդարկայով
նավարկել է
Բայդարյան դարպասներից այնկողմ:
ինչպես կապիտանին,
որ աչք չթարթելով`
բացականչել է «Ամանոր» –
ու նոր անդունդը սկել:
Ինչպես լեյտենանտին,
որ մոռացել է հրամայել`
«Անհամաչափ քայլ»-
կամուրջով անցնելիս:

5.
Իսկ իմ սիրելի ախոյանը
ապրում է երկհարկանի սեփական տանը`
քառաթեք տանիքով,
ներքին սանդուղքի շուրջ
ստվերախիտ լայնշի ցուցասրահով,
հին որմածքի մեջ կամար-օջախներով
երկրորդ հարկում,
ընդարձակ սենյակում այն`
զբոսայգում նայող պատուհաններով,
զբոսայգի`
հսկա մարգի նման,
իսկ տեղ-տեղ նման է անտառի:

6.
Կճայթի, կճայթի փոթորիկը:
Հոկեյիստներ, մնացեք հյուրասրահում:
Միլիցիոներ,
մի հեծնիր մոտոցիկլետը:
Նավաստիներ, հետաձգեք նավարկությունը:
Երեխեք,
խաղալու մի շտապեք դարպասից այնկողմ:
Ջրասուզակներ,
վախեցեք Պոսեյդոն աստծուց
եւ զուր մի խցկվեք ջրի տակ:
Կճայթի, կճայթի փոթորիկը:
Բայց երեխեքը
չգիտես ինչու ձնագնդի են խաղում
դարպասից այնկողմ:
Երեսուներեք մարտաշունչ հոկեյիստներ
հերթով դուրս են գալիս
եռուն սահադաշտ:
Ջրասուզակները
ստորջրյա աղեղային եռակցում են անում:
Նավը ուղղություն է վերցնում դեպի հյուսիս:
Իսկ միլիցիայի համառ ծառայողը
սկսում է հետապնդումը
արդեն ամայացող արվարձաններում:
Ու թեպետ հոկեյիստները
մոլեգնում են ու
ջարդոտում միմյանց ոսկորները,
ու թեպետ արի ջրասուզակները
լիովին փակել են խողովակաճեղքը,
ու թեպետ կայացել է
ձնե քաղաքիկի վերագրավումը,
թեպետ ղեկապետները
վախ չունեն փոթորկից,
եւ թեպետ,
կարճատեւ ձեռնամարտից հետո,
կալանվել է
անհոգի կրկնահանցագործը,
կճայթի, կճայթի փոթորիկը:

9.
Թե լուսանկարիչ լինեի,
ես կհանեի հստակ դիմանկարները
մեր փողոցի բոլոր բնակիչների:
Թե լրագրող լինեի ես,
այդ լուսանկարները կհավաքեի մի ալբոմի մեջ`
դրանց կցելով կարճ գրություններ:
Ու թե նշանավոր ծխող լինեի,
ես հրապարակայնորեն
կթողնեի ծխելը:
Եթե «Տիտանիկի» ուղեւոր լինեի,
կասեի բախտակից ընկերներիս.
«Արիացեք:
Բանը դեռ այնքան անհուսալի չէ»:
Եթե ֆուտբոլիստ լինեի ես,
ամբողջ խաղաժամանակը
կհարվածեի ուղիղ դարպասին:
Թե ճարտարապետ լինեի ես,
կկառուցեի գեղեցիկ մի դպրոց
չորս հարկանի եւ չորս մասնաշենքերով,
պատուհանները`
ուղղված աշխարհի չորս ծագերը:
Նման դպրոցին այն,
ուր ես սովորել եմ:
Միայն թե դպրոցի առաջնաբակը
լայն կշինեի,
թեկուզ մի աղյուսով,
որ դասից առաջ
երեխաներին
ազատ խաղալու հնար լիներ:

10.
Հույս պահեք:
Մի կորցրեք
ոգու ներկայությունը:
Բարձրացեք
բարձրաբերձ աշտարակները,
որ տեսնեք ավելի հեռուն:
Գուցեեւ
փոթորիկը սուզի
հրաբխային կղզյակը մեր…
Ծովամրրիկը
գուցե կանգ առնի
նոր նավահանգստի մատույցներում:
Կփրկվի՞ քաղաքը…
Օդանավը
Վայրէ՞ջք կկատարի
սրածայր գագաթին…
Եվ ով գիտե`
դավադիր, ոսկրոտ, ճանկավոր որսորդը
գուցե երբեք էլ
չորսա-չխփի
պարզսիրտ
մուշտակամորթ գազանիկին…
1962-1965

Թարգմանությունը ռուսերենից՝ Հրանտ Ալեքսանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *