Մեկ անգամ ընդմիշտ ասում եմ` վերնագիրը հանճարեղ է, հանճարեղ է հերոսի անունը Թուղթ դնելը, իսկապես հանճարեղ կտորներ կան Աստծո, խղճի, մարգարեության, Սատանայի մասին դատողություններում, բայց նրանք ավելի հաճախ ճնշում են բուն գործը, սյուժեն ասես Էսթերի նման պատմության սկզբից ինքնասպանություն գործած լինի: Ինչ-որ բան հաստատ պետք է փոխես, ավելի շուտ քչացնես փիլիսոփայական մասը, որպեսզի սյուժեն ուրվագծվի, չափազանց շատ է մնացել երբեմն պսևդոմետաֆիզիկական մտքերի տակ, ընկեր: Ըստ իս, ավելացնելու բան չունես, ունես պակասեցնելու բան: Օրինակ, էս կտորը՝ «Իսկ միգուցե Աստծուն չի՞ էլ հետաքրքրում, թե հողի տակ կամ վրա ինչ է կատարվում՝ նրան ի վերջո արճիճից ստացված մրջնաբույնի քանդակն է պետք, որ դնի սերվանդի վրա , հիանա, արդեն կարեւոր էլ չէ, թե քանի միլիոն մրջյուններ են սատկել, այդ քանդակը ստանալ, համար», պսևդո է: Մարդու անունը Թուղթ դնելն ինձ դուր է գալիս նաև էն պատճառով, որ ոնց որ ինքն իրեն ստեղծի մի կողմից, որը երբեք չի կարդացվելու: Ինքը մի մարդ է, որի վրա գրվում է: Էս կարևոր է: Ինքը իր վրա գտնում է կյանքի հարցերի պատասխանների բացակայությունը: Սակայն հերոսը թույլ է ներկայացված, ոնց որ նրա մտքերը ոչ մի կերպ չապրվող կյանքի տեղը լրացնեն, որում կյանքը ուղղակի չկա: Կարճ ասած Թուղթը խնդիր ունի՝ ոտքի տակ հող չկա: «Առանց հողի վրա կանգնելու, միայն երկնքից այդքան էլ հեշտ չէ հաղորդվելը» (սա վիպակի մեջ դու ես գրել ու լավ ես գրել): Էս հող չունենալու փաստն էլ վատը չէր լինի, եթե սյուժեն ուժեղ լիներ, ընկեր: Սյուժեն ուղղակի պահմտոցի է խաղում ստեղծագործության մեջ ու ամեն ինչ անում է, որ չբռնվի: Հանճարեղ է Էսթերի շնչով Թղթին «հոգի» տալու միտքը, շաատ լավն է, ուղղակի գտած է: Բայց դրանից հետո մի փոքր սուր դրամա է ուզում էս գործը: Չկա ու չկա: Աղջկան ընդհանրապես չես աճեցնում, միայն մեծացնում ես: Ու, եթե սա էլ է մտածված, կատարումը սրտովս չէ: «Որքան հեշտ են լավանում այն սպիները, երբ դեռ առջեւում ժամանակ ունես, կամ ամեն դեպքում քեզ թվում է, որ ունես։ Կարողանում ես նոր ծրագրեր մշակել, նոր նախագծեր ձեռնարկել, միայն թե, չկորցնես կյանքիդ ուղենիշը։ Իսկ երբ անհաղորդ ես ապագայի նկատմամբ, էլ ո՞ւմ են պետք ապաքինումները»: Ինքնին պարզ է, թե սա, օրինակ, ինչու է գրված, բայց ինքը չի «այցելում» ինձ, ցցվում է դեմս: Ինչո՞ւ: Որովհետև բացարձակապես չես հասունացրել: «Երեւի դա էր պատճառը, որ մարդկանցից վերցվում էր ունեցածը ու փոխանցվում մեկ ուրիշին, որն ավելի ճիշտ կգնահատեր իրավիճակը, կամ էլ ընդհանարպես անհաղորդ կլիներ այդ ամենի հանդեպ»: Էս քո ակնհայտ ձախողումն է: Դեռ ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում, արդեն դատավճիռ կա, ընկեր: «Տիեզերքը անհաղորդ է հիշողությունների հանդեպ» (շատ լավն է, հենց այնպես ասեմ): Եվս մեկն է շատ լավը՝ «Ինչպե՞ս է ստացվում, որ մեռած միսը ուտելով կենդանի օրգանիզմները էներգիա են ստանում, նույնը մեռած բույսեր՝ բանջարեղեններ ուտելով։ Ինչպե՞ս է ստացվում, որ կենդանին սպանվելուց հետո իր մեջ էներգիա է պահում, որը ուտելուց հետո փոխանցում է մեկ այլ կենդանի օրգանիզմի»։ Այ սրանով էլ կարելի էր բացատրել մահացած մարդկանցից էներգիա ստանալու ֆենոմենը, սակայն թղթին՝ աղջկան պետք չէր Էսթերը, նրանք էներգիայի այլ աղբյուր նույնպես ունեին, սակայն չգիտես ինչի ժամանակ առ ժամանակ էսթերը վերադառնում, էլի էներգիա էր տալիս կամ խլում հորը աղջկանից։ «Ցրտին, երբ մարմինները սեղմվում էին հայր ու աղջիկ էլ էին իրար ավելի մոտիկանում ու նույնիսկ էսթերն էր երկնքից միանում նրանց մարմինները տաք պահելու համար»: Էս մի հատվածն արհեստական է, Էսթերը չի կարող դա անել, որովհետև գնալու մեղայականը չկա, պարզ չէ՝ ինքն ինչ գործ ունի էստեղ: Էս մի կտորը շատ լավն է, հրաշալիորեն արդարացնում է ամբողջ տեքստը, բայց չի փրկում՝ «Միշտ ընտրվում էր թույլ օղակ դրան հարվածելու համար եւ այդ օղակը թուղթն էր։ Թուղթն էր, որ իր վրա կարող էր տանել հարվածները, ողբերգությունները, թուղթն էր, որ իր ուսերին կարող էր շալակել հիասթափությունները, դավաճանությունները, ի վերջո, այս ողջ պատմության դատապարտվածությունը։ Սակայն դրա համար միայն մեկ պայման էր պետք, Թղթի անհաղորդություն։ Իր սեփական տեսակետի բացակայությունը, սեփական կարծիքը հայտնելու անկարողությունը, որպեսզի ամեն ինչ, իր մեջ կլանի, առանց որեւէ տառ ավելացնելու փոխանցի իր վրայով անցնողներին»: Ես քեզ ավելին ասեմ՝ նույնիսկ հրաշալի է մտածված մեռած Էսթերի ու կենդանի թղթի մետաֆիզիկ շփումը, էն, որ այս կամ այն կերպ իրար զգում են, հարաբերվում՝ Մահն ու անհաղորդ թուղթը: Սա հրաշալի է: Բայց ինքը գրականություն չի դառնում, ավելի շուտ մոտ է Ռիչարդ Բախի պակաս հայտնի բուդդիստական պատմվածքներին, որոնցում սոսկ հեղինակի դատողություններն են: Կամ Հեսսեի «Հուլունքախաղը», որն ինչ-որ պահից դադարեցրեցի՝ մի օր շարունակելու հույսով: Շատ լավ ես գտել թեկուզ այն, որ Թուղթն Աստծո անհաղորդության «Որդին» է, էս ակնարկն ուղղակի հանճարեղ է: Ընդհանրապես էս գործդ սպանում է մտահղացման հզորությամբ, որն այս կամ այն ձևով բացվում է ընթերցողի առաջ (որը շատ ուշադիր պիտի լինի) ու կատարման կիսատությամբ: Ու ամենահետաքրքիրն այն է, որ էս վիպակդ գնալով ավելի է ինձ դուր գալիս՝ այստեղ ամեն ինչ նման է հայի կյանքին, որում ոչինչ տեղի չի ունենում ու միակ իրադարձությունը նրա սեփական մտքերն են: Էս կտորն ուղղակի անկրկնելի է. «Մինչեւ մարդուն չբացատրես ինչ է մեղքը, մինչեւ նա չհասկանա ինչ է մեղքը, մինչեւ չկարողանա տարբերակել մեղքը՝ չմեղքից, իսկ տարբերելու համար էլ մինչեւ մեղքի մեջ չմտնի, չի կարողանա զանազանել, ազատվել, դասդասել այն… Փաստացի մինչեւ ճանաչողությունը, նա պատասխանատու չէ, իր արարքների համար ու, ուզենք թե չուզենք, անմեղ է, կարճ ասած՝ անմեղսունակ։ Եթե մարդակերը չգիտի, որ մարդ ուտելը մեղք է ու ծնված օրվանից իր ցեղի սնունդը մարդու միսն է եղել՝ հիմա նրա մեղքը ո՞րն է, որ այդպիսի միջավայրում է ծնվել: Իսկ երբ «Սրբագրողները» նրան բացատրում են դա՝ կամ ցույց են տալիս Աստծո ու Սատանայի տեղը, արդյոք այդ արարքի թաքնված ցանկությունը չէ՞ դիմացինին մեղավոր դարձնելը։ Հիմա մի այլ ցեղի մոտ էլ ձուկ, կամ խոզի միս ուտելն է մեղք, մեկ այլ ցեղի մոտ էլ ինցեստն է մեղք, մյուսի մոտ էլ սպանությունն ու միասեռականությունն է մեղք, բայց այդ ամենը միայն տվյալ ցեղի ներկայացուցիչներին բացատրելուց հետո, իսկ մինչ այդ մարդիկ հանգիստ ու անմեղ ապրում էին»: Վերջաբանից հասկանում եմ, որ ամբողջ գործը հաղորդակիցների հետ առերեսվելու ջանք է: Եվ այնուամենայնիվ վերջաբանը չի փոխում իմ նկատողությունները: Այս վիպակը չափազանց էսսեիստական է, ընկեր: Թեպետ, ի վերջո, չեմ բացառում, որ 7 անգամ կարդալուց հետո ինչ-որ բան լավ չեմ հասկացել: