Տղամարդը պառկած էր անկողնում։ Տղամարդը մեռնում էր։ Եվ այստեղ երեխա էլ պիտի լիներ, առնվազն՝ մեկը, որովհետև այդպիսին է իրերի կարգը, բայց տղամարդը միայնակ էր ու տղամարդը մեռնում էր։ Ուժերն անխռով, հուշիկ լքում էին ծանրացող մարմինը, մղձավանջ էր քնի և արթմնիի արանքում, որ մերթընդմերթ ընդմիջվում էր խորթ, օտարոտի երկխոսություններով, որոնց ականջալուր էր ինքը՝ ասես կողքի մարդ, ասես դիտորդ.
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-Նա անշուշտ սիրել է կնոջը, ամեն դեպքում, ազնվորեն սիրել է, եթե այժմ անընդհատ անունն է տալիս,- ասաց ձայնը,- ասես կորցրել է իրեն ցրտի մեջ, խե՛ղճ մարդ:
Միտքը ստիպեց մյուս երեք ձայներին քմծիծաղել, միայն առաջինն էր, որ լուռ էր։ Տղամարդը վստահ էր՝ լուռ ու դժգոհ։ Տղամարդը այրելու չափ ջերմ զգացողությամբ լցվեց առաջինի նկատմամբ.
-Հարյուրմեկ քվազիտարի, շատ է՝ քիչ չէ,- շարունակեց առաջին ձայնը,- ժամանակն է վե՛րջ տալու այս ամենին։
-Նորմատիվ ելքի մասին, հոդված 33, կետ 501՝ բոլոր տիպի միջամտություններն արգելվում են,- պատասխանեց ձայներից մեկը,- ես չէ, որ պիտի հիշեցնեմ քեզ այս մասին։
-…
-…
-…
-…
-…
…տղամարդը նոր միայն գիտակցեց՝ բոլոր ձայները կանացի են և անգլերեն են խոսում, չի զարմանում, անգլերեն, ու ինքը հասկանում է, չի զարմանում, պատկերը փոխվեց, կանացի, փոխվեց, ձեռքին շաբաթաթերթի նոր համարն է, Թիվ 20 (106) 29 մայիսի 1992 թ., կարդում է, Հայաստանի ամբողջությունը վերականգնելու և ժողովրդի, կարդում է, լիակատար ազատությունն ու բարգավաճումն ապահովելու համար Հայաստանի կառավարությունը, ճիշտ է, համաձայն բովանադակ հայ ժողովրդի միահամուռ կամքի և ցանկության, հայտարարում է, սա ևս ճիշտ է, որ այսօրվանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապես, լավ բառ է, դիպուկ, միացված են իբրև անկախ պետական միություն, շարունակում է, ուղիղ մի տարի առաջ ռուսահայերի համագումարից ընտրված Հայոց Ազգային խորհուրդը հայտարարեց իրեն անդրկովկասյան հայկական գավառների բարձրագույն իշխանություն, շարունակում, ազգային խորհրդի կազմած կառավարությունն այդ քաղաքական ակտի մասին պաշտոնապես պետությանց ներկայացուցիչներին հայտնելուց հետո՝ այս մի տարվա մեջ փաստորեն հաստատել է իր իշխանությունն Անդրկովկասի հայկական գավառներում, ճիշտ է, 1919 թ. փետրվար ամսին Երևան քաղաքում կայացած արևմտահայ երկրորդ, կինը մտնում է սենյակ, իր կինն է, կինը ողջ է, ու չի զարմանում, հարևանցի հայացքով հետևում է, համագումարը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ նա Հայաստանը միացյալ և անկախ է ճանաչում, կինը չի փոխվել, կինն այնպիսին է, ինչպիսին ինքը հիշում է, կինը նույնն է, ու չի զարմանում, թեյով լի բաժակը դնում է սեղանին, հեռանում, այժմ Անդրկովկասում և Օսմանյան կայսրության սահմաններում գտնված պապենական հայկական երկրների միացման և անկախության այս ակտը կատարելով՝ Հայաստանի, կում է անում թեյից, դաղձ է, համեղ է, կառավարությունը հայտարարում է, նորից կում, նորից համեղ է, որ միացյալ Հայաստանի պետական ձևն է՝ ռամկավար հանրապետություն, և որ ինքը հանդիսանում է միացյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, շարունակում է կարդալ, այսպիսով՝ ներկայումս Հայաստանի ժողովուրդն է իր ամբողջացած հայրենիքի գերագույն տերն ու տնօրենը, և Հայաստանի պառլամենտն ու կառավարությունը հանդիսանում են միացյալ Հայաստանի, կարդում է, ազատ ժողովուրդը շաղկապող բարձրագույն օրենսդիր և գործադիր իշխանությունը, նոր պարբերություն, ճիշտ է, Հայաստանի կառավարությունը սույն ակտը հրատարակում է 1919 թ. ապրիլի 27-ին Պառլամենտի որոշմամբ Կառավարությանը տրված հատուկ, և տողադարձ, ճիշտ է, լիազորությունների հիման վրա, ստորագրությունը՝ Մինիստրների խորհուրդի նախագահ և արտաքին գործերի մինիստրի պաշտոնակատար Ալ. ԽԱՏԻՍՅԱՆ և ուրիշներ, շատ ճիշտ է, 1919 թ. մայիսի 28-ին, Երևան քաղաք, տղամարդն անշտապ ծալեց թերթը, հանեց ակնոցն ու քայլերն ուղղեց խոհանոց, ուր կինը ոսպ էր ջոկում, հիշում եմ ոսպի հատիկները ջոկող ձեռքիդ շարժումը միայն, ձայն, ոսպի հատիկները ջոկող շարժում, ձայն, ջուր խմեց, ձայն, բաժակը ցայելով՝ տեղը դրեց, ձայն, կինը ջահել էր, իսկ լուսամուտից դուրս՝ արև, բայց չզարմացավ, ձայն, ջահել-ջահել, իսկ արև-արև, բայց չզարմացավ, վերադարձավ իր սովորական զբաղմունքին. նախկինում հայտնի խմբագիր, այժմ՝ շարքային թոշակառու տղամարդը վաստակած հանգստի անցնելուց հետո էլ չէր կարողանում սխալներ, վրիպակներ չփնտրել, հոբբի էր, մտասևեռում, մաստակ ուղեղի համար, և մանկաբար ուրախանում էր, երբ սխալ էր գտնում և հակառակը՝ սաստիկ բարկանում, ձայն, բացակայության դեպքում, ձայն, ձեռքն առավ մատիտն ու թերթը, առաջին էջի ներքևի աջ անկյունում ևս երեք մեջբերում կար, մի պահ անցավ մտքով՝ անհնարին է, որ առաջին էջում սպրդած լինի, սակայն շարունակեց ընթերցումը. Մեր սերունդը էն սերունդն է, որ դեռ երեկ ազատ Հայաստան էր երազում։ Ազատ Հայաստան էին երազում ռուսահայը, տաճկահայը, պարսկահայը և բոլոր հեռավոր գաղութները։ Ազատ Հայաստան էին երազում հայ ժողովրդի բոլոր խավերը, առանց սեռի ու հասակի խտրության։ Ինչ ասես, որ չէր տա գրեթե ամեն մի հայ, միայն թե աչքով տեսներ ազատ Հայաստանը, աղոտ հիշեց իր մանկությունը, հին երկիրը, եղեռնի տարիները, մեծ գաղթը, հետո՝ իր պատանեկությունը, որբության տարիները, Քեսաբի տունը, կիտրոնի ծառը, դեղին, հետո՝ իր հասունությունը, դեղին-դեղին, 44 թիվը, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն ներգաղթը, դեղին, Ու հանկարծ… Արդեն իրականություն է երեկվա մեծ երազը. ազատ է Հայաստանը, ամբողջ աշխարհի կողմից ճանաչված ինքնուրույն հանրապետություն է նա, իր եռագույն դրոշակով կանգնած է մյուս պետությունների շարքում, կարդում է, Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ, կարդում է, Հայ Հեղափոխական Դաշնակցության արյունլվա, բառը պայթում է գլխում, ցրում է, դրոշին, բառը իսկույն գույն է ստանում, ցրում, գրված է՝ Լեռնային Ղարաբաղ, կաս-կարմիր, Նախիջևան, ալ, Ախալքալաք՝ մեկ կողմե, և Տաճկահայկական, կափ-կարմիր, գավառ ներ, սխա՛լ տողադարձ, ոգևորվում է, մյուս, ենթամնան մոռացել են, ոգևորվում, կողմե. ասոնք պիտի, ոգևորվում է, միացվեն բուն Հայրենիքին, կարդում է, Ռուբեն ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ, կարդում է, Մեր իրավունքի և արդարության հաղթանակը ես տեսնում ու ապրում եմ էությանս բոլոր թելերով, աչքերի դիմաց իր ցնցոտի դարձած տաբատն է, իսկ Քեսաբից Հայաստան եկել էր կոկիկ հագուկապով, աչքերի դիմաց իր քրքրված, բոբիկ ոտքերն են, իսկ Քեսաբից Հայաստան եկել էր կաշվե կոշիկներով, որ ուրախության պես հազվագյուտ և տոնի պես հիշարժան երևույթ էր տեղացի ժողովրդի տրեխանման ոտնամանների կողքին, ախպար-ծիծաղ անճոռնի, ախպար-ծիծաղ, անգամ մեր դժխեմ օրերի այս թանձր ու ցուրտ մթնոլորտի սարսուռների մեջ, կարդում է, Ես հավատում եմ, հայ ժողովուրդ, քո Դարձին, ինչպես հավատում եմ, որ ամեն առավոտ արշալույսը կբացվի, կարդում է, Հավատում եմ, վասնզի կամրջընկեց Արաքսի ափերին Մասիսի խորհրդավոր հայացքի տակ մեր հայրենիքը կա, որ մեր թրթռացող հոգին է բռնել իր մայրական քնքույշ ձեռների մեջ և ակնդետ ու խռովահույզ նայում, նայո՜ւմ է ճամբաներին, կինն է դիմացը, իր հետ քեսաբերեն է խոսում, ինքը որսում է միայն բառերն ու չի զարմանում, ու ծիծաղում է՝ ալպուրել, աղոլ, անխիլիլ, գուվենդ, էնեձ, կինն է, ապարանցի այն նիհարիկ աղջիկը, որ երբևէ Քեսաբում չի եղել, ինքը որսում, ու չի զարմանում, ու ծիծաղում՝ դննոգ, զանդր, ըսբդգիլ, գբուեթ, ընձաս, Եվ հեռու չէ այն օրը, երբ իր բազուկները տարածած նա կընդունի հեռավոր, զարդա, հորիզոնների տակ հածող ու հեծող իր, դղդղել, զավակների կարոտակեզ բազմությունները. և բյուրավոր, գզբեթ, դարագիլ, ձայներ կթնդան Մայր Արաքսի ափերին. “Արմենիա, Արմենիա, ո՜վ իմ հոգու հավիտենական ապաստան. ո՜վ իմ պաշտելի, բարթ, դերունք, էնդիեճ, հայրենիք…”, կարդում է, Ավետիս, կարդում, ԱՀԱՐՈՆՅԱՆ.
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-Եվ ինչո՞վ ենք մենք տարբերվում իրենից։- Լսվեց առաջինի ձայնը։
-Գլուխդ հիմար մտքերով մի՛ ծանրաբեռնիր, մենք հարցեր տալու համար չենք այստեղ։- Հակադարձեց։
-…
-…
-…
-…
-…
…պատկերը փոխվեց, տղամարդը հյուրանոցի իր համարում է, նորից փոխվեց, ինքը հյուրանոցի համարում է, մաքրագրում է.
Իմ կի՛ն, իմ ցնո՛րք, իմ երա՛զ,
Գնացքները հեռացան, գնացին,
Լուռ կանգնած նայեցի երկա՜ր-երկա՜ր,
Քեզ ինձնից տանող արծաթե ռելսերին:
Չվերցրիր քեզ հետ ո՛չ ճամպրուկ, ո՛չ շորեր,
Տարար դու միայն աղմուկը իմ տան,
Հիմա տունս լուռ է, ասես վեճ է իմ ու տանս միջև
Գիշերը քո բույրն ունի, քեզ է հիշում hիմա:
Գնացքները հեռացան, գնացին,
Լուռ կանգնած նայեցի երկա՜ր-երկա՜ր,
Այս կայարանում, այս կյանքում ինչու՞ ինձ մենակ թողիր,
Իմ կի՛ն, իմ ցնո՛րք, իմ երա՛զ:
…նամակի վերջում ավելացնում է՝ Հիշատակ Երևանի «Կոլխոզնիկ» հյուրանոցից իմ անմոռանալի ու հարազատ Սուսաննային, գրում է ու չի զարմանում, որ բանաստեղծությունը գրվել էր շատ ավելի ուշ, 14.VI.57 թիվ, գրում է ու չի զարմանում, որ այն գրվել էր կնոջ մահից հետո, Մաթևոս, փոխվում է, ստորագրություն, փոխվում.
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-Ցեղասպանություն, համաշխարհային պատերազմ, նոր հասարակարգ, սառը պատերազմ, հասարակարգի փլուզում, երկրաշարժ, նորից պատերազմ,- պոռթկաց առաջին ձայնը,- մի՞թե հերիք չէ։
-Քեզ ի՞նչ է եղել, վախեցնում ես։
-…
-…
-…
-…
-…
…պատկերը փոխվեց, ձայները վիճում են, փոխվեց, վիճում, ձեռքին վերջինը կարդացած շաբաթաթերթի համարն է, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2011 ՇԱԲԱԹ 234 (4852), կարդում է, Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց ցեղասպանությունների (այդ թվում՝ Հայոց ցեղասպանության) ժխտումը քրեականացնող օրենքը, ինչը մեր խորին համոզմամբ, խիստ կարևոր ու համամարդկային քայլ է, կարդում, Այսօր, երբ աշխարհի հանրությունը, ձայն, կինը լվացք է փռում, արև է, լվացք է փռում, սառը արև, հաստ, մերկ թևերը, սակայն արև, սահում են խոնավ օդի մեջ, հաստ, առողջ թևերը ու չեն նկատում, գտնվում է սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններում, ու չեն նկատում իրեն, երբ Եվրամիության անդամ երկրների զգալի մասն ուժերի մեծ լարումով փորձում է դիմակայել ճգնաժամային այդ մարտահրավերներին, Ֆրանսիայի հիրավի ասպետական կեցվածքը շատ ուսանելի և, հավատացած ենք, մոտ ապագայում վարակիչ օրինակ կարող է դառնալ բոլոր մարդասիրական արժեքներին դավանող ժողովուրդների ու տերությունների համար, կարդում է, ՀՌԱԿ և Արմենական-ՌԱԿ կուսակցությունները ողջունում են ֆրանսիական ժողովրդի բարի ու հումանիստական կամքի այս դրսևորումը, համարում այն Հայոց ցեղասպանության պրակտիկ և իրավագործնական (իրավակիրառելի) առումով ընդունման կարևորագույն քայլ, որն անպայման կունենա իր շարունակությունը, կափ-կափ, Կոչ ենք անում համայն մարդկությանը, կաս-կաս, և, առաջին հերթին՝ թուրք ժողովրդին, ալ-ալ, ոչ միայն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, այլև ուղիղ նայելով սեփական պատմությանը, իրական լուծում տալ խնդրին և ձերբազատվել շուրջ 100-ամյա ամոթ-խարանի բեռից, ձայն, կինը լվացք է փռում ու չի նկատում, ինքը ձայն է տալիս, կինը չի նկատում, ձայն, թևերի շարժումները զայրանում են վրան, միայն թևերի շարժումները, ձայն, կինը, ձայն, իր կինը, կարդում է, Համոզված ենք, որ մեր կոչ-հորդորին կմիանան շատերը, կարդում է, ՀՌԱԿ ատենապետ ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ, կինը, Արմենական-ՌԱԿ վարչության ատենապետ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ, իր.
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-Հերի՛ք եղավ։- Նետեց հարազատ դարձած ձայնը։
-Գժվեցի՞ր, խելքդ թռցրե՞լ ես, ի՞նչ ես անում։- Բղավեցին մյուս ձայները։
-…
-…
-…
-…
-…
Տղամարդն, անկասկած, դեռ երկար էր դեգերելու իր մահվան մղձավանջի՝ լրագրերից հատվածների, ձայների, գույների լաբիրինթոսում, ուր ինչքան էլ տարբեր, ուր ինչքան էլ բազմահեղ էին միմյանց հաջորդող պատկերները, ունեին ընդհանրություն՝ կինը, որ առանցքն էր, և ամենը պտտվում էր վերջինիս ներկայության կամ բացակայության շուրջ… Շուտով վերջին անգամ խոր շունչ քաշեց… Ձայներն ավելի մոտ դարձան… Ավելի ու ավելի… Մոտ… Ջուր… Ջրի հպում էր զգում մարմնին… Ջուր-ջուր… Երբ տղամարդը աչքերը բացեց և նստեց հեղուկանման կպչուն զանգվածով լի օվալաձև անոթի մեջ, շուրջն իսկական իրարանցում էր. սպիտակ համազգեստով կանայք շփոթված այս ու այն կողմ էին վազում, իրեն միացված խողովակները հանում և այլն, ինչն է՛լ ավելի էր սաստկացնում գլխապտույտը… Շատ չանցած տղամարդը՝ մանուշակագույն երկար, լայն վերնազգեստով և սրբիչը գլխին նստած էր չորսբոլորը հայելիներով սենյակում։ Գլխապտույտը, իհարկե, դեռ հալածում էր, ոտքերն էլ թմրած էին, սակայն դա չխանգարեց, որ մոտենա պատին և արդարացի ապշանք ապրի. ծերուկի փոխարեն իրեն էր նայում միջին տարիքի, մկանուտ կազմվածքով և վառվող աչքերով տղամարդը։ Շոշափում էր դեմքը։ Ինքն էր։ Դողացող մատները սահեցնում դիմագծերի վրայով։ Հաստատ ինքն էր։ Սակայն վաղուց մոռացել էր իր այդ կերպարանքը։ Ասես չէր էլ եղել…
Սենյակի լույսը նվաղեց, և հայելիներից մեկի մակերսը սկսեց լույս արձակել ճիշտ հեռուստացույցի պես։ Տղամարդը ենթագիտակցորեն նստեց դիմացը դրված աթոռին.
-Բարև, ես Լիմբոս 1852 տիեզերական բանտի հիպերբանականությամբ օժտված օգնականն եմ,- ասաց անգլերեն սևամորթ և կապույտ, խոշոր աչքերով գանգրահեր մանչուկը, որ ասես մուլտֆիլմի կերպար լիներ՝ պիոներների վզկապ հիշեցնող կարմիր ժապավենը վզին,- այստեղ եմ հանրամատչելի կերպով բացատրելու, թե որտեղ եք, ինչ է կատարվում և բլա-բլա-բլա։
Տղամարդը մի ակնթարթ զարմացավ, որ ինքն այդպես լավ հասկանում է երեխայի խոսքը, չնայած երբեք անգլերեն չի իմացել, սակայն դրա ժամանակը չէր և ուշադրությունը լարեց՝ ոչ մի բառ բաց չթողնելու։
-Մինչ սկսելը խորհուրդ եմ տալիս խմել սեղանին դրված հաբը՝ արթնացումին հաջորդող բնականոն գլխապտույտը մեղմելու համար։- Շարունակեց։
Տղամարդը ուշադրություն չդարձնելով՝ համակ ուշադրությամբ սպասում էր.
-Լավ-լավ, չեմ ստիպում,- ժպտաց,- գնացի՛նք… Լիմբոս 1852-ը տիեզերական նորարարական բանտերի մեծ ընտանիքի մի մասնիկն է,- խոսքը ուղեկցվում էր մուլտիպլիկացիոն զվարթ պատկերներով՝ տիեզերքի կենտրոնում՝ ներսից հսկա քաղաք տիեզերանավն էր էկրանին,- որի նպատակն է ապահովել առանձնապես ծանր հանցագործություններ կատարած և աներկբա կերպով մահապատժի դատապարտված անձանց վերաինտեգրումը հասարակություն,- էկրանին զայրույթ արտահայտող դեմքով և իրեն շրջապատողներին վնասել փորձող կերպար էր, վերջինիս ձերբակալում, դատում, նարնջագույն համազգեստ հագցնելով՝ փակում են ճաղերի հետևում,- մահապատժի դատապարտված անձին առաջարկվում է պայմանագիր՝ անցնել Երկիր նախագիծը, որ ոչ այլ ինչ է, քան մեղքերը քավելու, սեփական կյանքը փրկելու վերջին, եզակի, աննախադեպ հնարավորություն,- ջղայն կերպարին պատրաստվում էին սպանել էլեկտրական աթոռի միջոցով, երբ ինչ-որ ձեռքեր թուղթ և գրիչ պարզեցին,- համաձայնություն ստանալու դեպքում՝ կնքվում է պայմանագիրը և մեր դե՛ռ հանցագործը պատրաստվում է, այսպես ասած, մաքրման ճանապարհին,- կերպարի մարմնի տարբեր մասերին խողովակներ ամրացվեցին, աչքերին ակնոցանման իր դրվեց և պառկեց ջրով լի լոգարանի մեջ, որն իսկույն փակվեց ապակե խուփով,- ասեմ՝ պայմանագրի համաձայն՝ նախապես ջնջվում է մեր դե՛ռ հանցագործի հիշողության որոշակի մասը, և գիտակցությունը ներմուծվում է Երկիր նախագիծ,- էկրանին նորից մանչուկն էր,- գործընթացը բացառապես անցավ է և ապահով։
-Մի փոքր էլ՝ Երկիր նախագծի մասին,- շարունակեց,- Երկիր նախագիծը ուղղիչ նպատակով մշակված վիրտուալ իրականություն է, այլ կերպ ասած՝ Ձեզ հանդիպած բոլոր կենդանիները,- էկրանին՝ իրական կատվի, շան, փղի պատկերներ և այլն,- բնության բոլոր երևույթները,- էկրանին՝ իրական ծով, խաղաղ ծով, փոթորկվող ծով, անտառ, կանաչ անտառ, հրդեհվող անտառ և այլն,- բոլոր շարժումները,- էկրանին՝ մայր մտնող իրական արև, ծորակից հոսող ջուր, ավտոմեքենաների հոսք և այլն,- բոլոր գործողությունները,- էկրանին համբուրվող իրական մարդիկ, երեխայի ծնունդ, ցավից գալարվող զինվոր, և այլն,- բոլոր-բոլորը իրական չեն, ֆիկցիա են եղել, նախապես ծրագրավորված կոդ`, այսինքն՝ 33, որ թարմացվել, միջամտությունների է ենթարկվել Հսկողների վարչության կողմից,- ասաց, և մուլտիպլիկացիոն նոր պատկեր՝ հսկա էկրանների դիմաց նստած մարդիկ արագ-արագ սեղմում են ստեղները։
-Ձեզ հանդիպած մարդկանց մի մասը եղել են արհեստական բանականություն ունեցող ՈԽԿ-ներ՝ ոչ խաղային կերպարներ,- շարունակեց,- իսկ մյուս՝ զգալի մասը միևնույն ժամանակ տարբեր Լիմբոսներում Երկիր նախագիծն անցնող դե՛ռ հանցագործ համարվող մարդիկ,- մանչուկը ժպտաց և ձայնին հիացական ելևէջներ հաղորդելով՝,- ուզում եմ հպարտությամբ արձանագրել, որ այս պահին չորս միլիարդից ավելի դե՛ռ բանտարկյալ համարվող մարդ տիեզերքի տարբեր ծայրերում տեղակայված Լիմբոսներում անցնում է նախագիծը, որը կարճ ժամանակահատվածում զարմանալի դրական արդյունք է ցուցաբերել,- աչքով արեց,- ըհն, հասանք վերջին՝ ավարտելով իր ուղին Երկիր նախագծում՝ արդեն նախկի՛ն հանցագործը դուրս է բերվում ֆիկտիվ իրականությունից,- ծանոթ կերպարին հանեցին լոգարան հիշեցնող տարայի միջից, հագցրին մանուշակագույն համազգեստ, տղամարդը զարմանքով նկատեց, որ իր համազգեստից է, կերպարը ժպտում էր, արդեն բարյացակամ էր շրջապատի մարդկանց նկատմամբ։
-Ընդամենը մեկ շաբաթում, այստեղի ժամանակով ճիշտ այդքան են տևում կեղծ, մտացածին իրականության մեջ անցկացված տարիները, մենք ստանում ենք նոր մարդ՝ մաքրված մեղքերից և հասարակությանը պիտանի լինելու անհագ ծարավով,- ասաց տղան,- այժմ մեր թիմը ակտիվորեն աշխատում է Դժոխք և Դրախտ ներբեռնվող բովանդակությունների վրա, որոնք տրամաբանորեն պետք է շարունակեն Երկիր նախագիծը,- խոսքն ավարտեց։
Տղամարդը ձայն չէր հանում, աչքերը սևեռած նայում էր էկրանին և ժամանակ առ ժամանակ կսմթում ձեռքի ափը՝ ստուգելու համար, թե արդյո՞ք երազ չէ.
-Լա՛վ, անցնենք հաճախ տրվող հարցերին,- դադարից հետո ասաց մանչուկը,- հարց առաջին՝ արդյո՞ք սա էլ ֆիկտիվ իրականություն չէ, պատասխան՝ ոչ, սա ամենաիսկական իրականությունն է որ կա։
Սևամորթ տղան պատրաստվում էր շարունակել, սակայն սենյակի դուռը բացվեց և ներս մտավ նիհար, բարձրահասակ, ալեհեր տղամարդը՝ կապույտ վզկապով, ձեռքին՝ թղթեր.
-Մեզ մենա՛կ թող,- վերջինս ձեռքով նշան արեց և էկրանը սևացավ,- Դուք ժամանակից փոքր-ինչ շուտ եք արթնացել, բայց դա մեր թերացումն է, մեղավորն անտարակույս կկրի իր պատիժը։ Հիմա ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս եք Ձեզ զգում։
-Այն, ինչ ինձ ասվեց, ճի՞շտ է։
-Բացարձակ ճշմարտություն։
-…
-…
-…
-…
-…
-Իմ հանցանքը… Ինչի՞ համար եմ դատապարտվել։- Հարցրեց տղամարդը։
-Միջգալակտիկ ցեղասպանության ծրագրում, կազմակերպում, անմիջական մասնակցություն։- Պատասխանեց։
-…
-…
-…
-…
-…
-Իսկ կի՞նս, իմ զգացմունքները՞։
-Ձեր զգացմունքներն իրական էին և չէին կրում որևէ միջամտություն, նույնը չեմ կարող ասել Ձեր կնոջ կերպարի մասին,- ասաց սառը, հանդարտ,- այն ստեղծվել է Ձեր՝ արդեն քաված մեղքի՝ հանցավոր գործունեության արդյունքում անմեղ զոհերից մեկի արտաքին և, եթե կարելի է այդպես ասել, ներքին ճշգրիտ նմանությամբ,- դադար պահեց,- մեկի դեպքում ծնողներն են, մյուսինը՝ երեխաները, ընկերները, անգամ՝ ընտանի կենդանիները և այլն։ Սիրելի մարդու կամ մարդկանց, արարածների զոհի կերպարի ճշգրիտ նմանությամբ ծրագրավորումը Երկիր նախագծի կարևորագույն դրույթներից մեկն է,- դադար,- որպեսզի հետագայում չմեղադրեք Ձեզ հարցի համար, ասեմ՝ չհարցնելու դեպքում էլ հայտնելու էի այս փաստը,- նորից դադար,- Դուք պիտի ապրեք սրա հետ։ Սա նախագծի մի մասն է…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…