I
Այժմ, երբ տառապանքների ու զղջման գնով հասկացել եմ, թե ինչպիսի անմտություն է մերժել իրականը հանուն երևակայականի ու պահանջել, երբ ինքդ տալու ոչինչ չունես, Չիլիան այլևս ողջ չէ։ Երբեմն մտածում եմ, որ հիմա՝ հոգնությանն ու խոնարհությանն անձնատուր, ուրախությամբ կվերապրեի այդ ժամանակը, եթե վերադառնար։ Կամ գուցե սա էլ զուտ երևակայություն է․ եթե վատ էի վարվել Չիլիայի հետ երիտասարդ ժամանակ, երբ չարանալու պատճառ չունեի, նույնը կանեի հիմա՝ դառնությունից ու մեղավորության գիտակցումից մղված։ Այսքան տարի անց ինձ համար դեռ պարզ չէ՝ արդյոք իսկապես սիրո՞ւմ էի նրան։ Այժմ, իհարկե, սգում եմ նրա կորուստը, որ ներկա է իմ ամենակշռադատված մտքերում։ Չկա մի օր, որ ցավով չտնտղեմ այդ երկու տարիների հիշողությունները և, ավելի շատ վշտանալով իմ միայնությունից, քան ափսոսալով նրա երիտասարդությունը՝ չարհամարհեմ ինձ, որ թույլ եմ տվել նրան մեռնել։ Բայցևայնպես, սիրե՞լ եմ նրան։ Վստահաբար ոչ այն հավատարիմ ու խոհեմ սիրով, որով ամուսինը սիրում է կնոջը։ Իրականում նրան շատ բան էի պարտական, մինչդեռ ի պատասխան միայն նրա շարժառիթների նկատմամբ անհիմն կասկածներ էի տածում։ Բարեբախտություն է, որ իմ բնածին անլրջությունը թույլ չէր տալիս խորանալ այդ պղտոր ջրերում ու գոհանալով բնազդային թերահավատությամբ՝ հրաժարվում էի մարմին ու կշիռ հաղորդելուց այնպիսի ստոր մտքերի, որոնք, հոգուս խորքը թափանցելով, ամբողջովին կթունավորեին այն։ Այնուամենայնիվ, երբեմն հարց էի տալիս․ ինչո՞ւ Չիլիան ամուսնացավ ինձ հետ։ Չգիտեմ՝ որտեղից էր ծագել այդ հարցը․ իմ որևէ թաքնված արժանիքի՞, թե՞ խոր իներտության գիտակցումից։ Փաստն այն է, որ մտասևեռում էր դարձել։ Կասկած չկար․ Չիլիան էր ամուսնացել ինձ հետ և ո՛չ հակառակը։
Վհատության այդ երեկոները, երբ, նրան գրկիս սեղմած, թափառում էի քաղաքով մեկ, աշխույժ ձևանում, կատակով առաջարկում միասին գետը նետվել (ես վարժվել էի այդ մտքերին ու այլևս դրանց նշանակություն չէի տալիս), նրան այնպես էին հուզում և քնքշանք պատճառում, որ առաջարկեց վաճառողուհու իր աշխատավարձից ինձ փոքրիկ գումար հատկացնել, մինչև ավելի լավ աշխատանք գտնեի։ Ես չընդունեցի գումարը, բայց ասացի, որ երեկոյան նրա հետ լինելը, թեև որևէ տեղ չէինք գնում, բավական էր ինձ։ Հենց դա էլ անկման սկիզբը եղավ։ Սկսեց մեծ քնքշությամբ ասել, որ արժանի կողակցի կարիք ունեմ, որի հետ կապրեմ, որ շատ եմ թրև գալիս փողոցներում, և որ սիրող կնոջը կհաջողվեր տունն այնպիսի ջերմությամբ լցնել, որ ինչքան էլ օրը ձանձրալի ու հոգնեցուցիչ լիներ, տուն գալով զվարթ տրամադրությունս կվերադառնար։ Փորձեցի առարկել՝ ասելով, որ նույնիսկ միայնակ հազիվ եմ ծայրը ծայրին հասցնում, սակայն ինքս էլ հասկանում էի, որ դա նրա համար խոչընդոտ չէր։ «Երկուսով կարելի է օգնել մեկմեկու և խնայել, – ասաց Չիլիան, – բավական է մի քիչ սիրել իրար, Ջո՛րջո»։ Այդ երեկոներին ես հոգնած ու հուսալքված էի, Չիլիան՝ մեղմ ու լրջախոհ՝ սեփական ձեռքով կարված գեղեցիկ վերնազգեստը հագին, ճաքճքած պայուսակով։ Ինչո՞ւ նրան չարժանացնել այդ երջանկությանը։ Մի՞թե նրանից հարմար կին կարող էի գտնել։ Որբ լինելով՝ նրան օտար չէին ո՛չ աշխատանքը, ո՛չ զրկանքները։ Տոկուն ոգի ուներ՝ ավելի, քան իմն էր, դրանում համոզված էի։ Չարաճճիությամբ ասացի, որ եթե ինձ ընդունի, չնայած կտրուկ բնավորությանս ու գործազրկությանը, կամուսնանամ իր հետ։ Գոհ էի ինձանից։ Լավ արարքի ջերմությունից ու ներսումս բացահայտած խիզախությունից թեթևություն էի զգում։ Ասացի․ «Քեզ ֆրանսերեն կսովորեցնեմ»։ Չիլիան պատասխանեց աչքերի խոնարհ ժպիտով և ուսիս հենվելով։
II
Այդ տարիներին ինձ ազնիվ էի կարծում, ուստի դարձյալ տեղեկացրի նրան աղքատությանս մասին։ Զգուշացրի, որ վաստակում եմ այնքան, որքան հարկավոր է տվյալ օրվա համար, իսկ մշտական աշխատավարձ չունեմ։ Վարժարանում, որտեղ ֆրանսերեն էի դասավանդում, վճարում էին յուրաքանչյուր ժամվա դիմաց։ Մի օր ասացի, որ եթե ուզում է լավ կյանքով ապրել, պետք է ուրիշին գտնի։ Չիլիան, ճակատը կնճռոտելով, առաջարկեց շարունակել վաճառողուհու աշխատանքը։
– Լավ գիտես, որ չեմ ուզում,- մռթմռթացի:
Այդ պայմանով էլ ամուսնացանք։ Իմ կյանքը զգալի փոփոխություններ չկրեց։ Նախկինում Չիլիան երեկոներն այցելել էր ինձ իմ սենյակում։ Սերը նորություն չէր։ Երկու խիտ կահավորված սենյակ վարձակալեցինք։ Ննջասենյակում մեծ լուսամուտ կար, որի մոտ տեղավորեցինք գրասեղանը՝ իմ գրքերով։ Իսկ Չիլիան բոլորովին նոր մարդ դարձավ։ Ներքին մտավախություն ունեի, որ ամուսնությունից հետո կսկսի գռեհիկ անփութություն դրսևորել, որը, կարծում էի, պիտի ժառանգած լիներ մորից, այնինչ նրա մեջ այնպիսի հոգատարություն ու նրբազգացություն հայտնաբերեցի, որ ինքս էլ չունեի։ Մշտապես հարդարված էր և շարժվում էր կարգուկանոնով։ Անգամ խոհանոցում ինձ համար պատրաստած աղքատիկ սեղանն արտացոլում էր նրա ձեռքերի, նրա ժպիտի ջերմությունն ու խնամքը։ Ահա թե ինչ․ նրա ժպիտը կերպարանափոխվել էր։ Դա այլևս փախուստի դիմած վաճառողուհու՝ մերթ երկչոտ, մերթ չարաճճի ժպիտը չէր, այլ մի ներքին գոհունակության տենդագին հայտնությունը՝ միաժամանակ հանդարտ ու եռանդուն, որ լրջություն էր հաղորդում նրա երիտասարդ, բարալիկ դեմքին։ Երջանկության այդ նշանները նկատելով՝ թաքուն վրդովմունքի նմանվող մի բան էի ապրում, քանի որ հազվադեպ էի կիսում այդ երջանկությունը։ «Ամուսնացել է հետս ու հաճույք է ստանում դրանից», – մտածում էի։ Միայն առավոտյան արթնանալիս էր սիրտս խաղաղվում, երբ թեքվում էի նրա կողմը և, տաք անկողնու հարմարավետության մեջ հպվելով նրա մարմնին, որ քնած էր կամ քնած էր ձևանում, փչում էի մազերի մեջ։ Չիլիան կիսաքուն ժպտում էր ու գրկում ինձ։ Այնինչ կար ժամանակ, երբ միայնակ արթնանալն իր հետ սառնություն ու հուսալքություն էր բերում, և ես մնում էի անշարժ՝ հայացքս այգաբացի աղոտ լույսին հառած։ Չիլիան սիրում էր ինձ։ Վեր կենալուն պես նրա համար մի նոր բերկրարք էր սկսվում․ այսուայնկողմ էր անում, սեղան գցում, բացում պատուհանները, գողունի հայացքով ինձ նայում։ Եթե նստում էի գրասեղանի մոտ, զգուշորեն պտտվում էր շուրջս՝ առանց խանգարելու, եթե դուրս էի գալիս տնից, հայացքով ուղեկցում էր մինչև դուռը, վերադառնալիս՝ պատրաստակամ վեր ցատկում։ Լինում էին օրեր, երբ դժկամությամբ էի տուն վերդառնում։ Ինձ տհաճություն էր պատճառում նրան անխուսափելիորեն սպասման մեջ գտնելու միտքը (թեպետ կարողանում էր անտարբեր ձևանալ), նրա կողքին նստելու, քիչ թե շատ նույն բաները պատմելու կամ ոչինչ չասելու, իրար անհարմարությամբ նայելու, հետո ժպտալու միտքը, և այդպես հաջորդ օրը, և այդպես անվերջ։ Մի թուխ ամպն ու մառախլապատ երկինքն էլ բավական էին, որ այդ մտքերը պաշարեին ինձ։ Պատահում էր նաև, որ ջինջ օրերին, երբ օդը մաքուր էր, ես, արևից հրագույն ներկված կտուրներից փչող քամու բույրով հափշտակված, չափչփում էի փողոցները՝ վանելով այն միտքը, որ այլևս մենակ չեմ ու չեմ կարող մինչև գիշեր թափառել, հետո ընթրել փողոցի ծայրի մի որևէ պանդոկում։ Այդքան վարժված լինելով մենակյացությանը՝ թվում էր, թե մեծ ջանք եմ գործադրում չդավաճանելու համար։ Տանն ինձ սպասող Չիլիան սկսել էր կարկատանով զբաղվել ու որոշակի գումար էր վաստակում։ Պատվերները ստանում էր Ամալիա անունով մեր երեսնամյա հարևանուհուց, որը մի անգամ մեզ ճաշի հրավիրեց։ Ապրում էր մենակ՝ ներքևի հարկում, և քիչ-քիչ սովորություն դարձրեց աշխատանքը ձեռքին բարձրանալ Չիլիայի մոտ ու ցերեկները միասին անցկացնել: Դեմքն այլանդակված էր մի սոսկալի այրվածքից, որը ստացել էր երեխա ժամանակ՝ եռացող կաթսան գլխին շրջելով։ Անուրախ ու ամոթխած, բայց ցանկասիրությամբ լի աչքերը խուսափում էին իրեն ուղղված ամեն հայացքից՝ ասես դրանց խոնարհումով ներողություն խնդրելով ձևախախտված դիմագծերի համար։ Լավ աղջիկ էր։ Չիլիային ասացի, որ կարծես նրա ավագ քույրը լինի, ու կատակով հարցրի, թե արդյոք կգնա՞ր Ամալիայի հետ ապրելու, եթե օրերից մի օր լքեի նրան։ Չիլիան ասաց, որ թույլ է տալիս դավաճանել իրեն միայն Ամալիայի հետ և երբեք՝ ուրիշի։ Աղջիկն ինձ պարոն էր անվանում ու քաշվում իմ ներկայությունից, ինչը Չիլիային խենթի պես զվարճացնում էր, իսկ ինձ՝ փոքր-ինչ շոյում։
III
Ուսման այն սեղմ պաշարը, որն իմ կյանքում նենգորեն փոխարինել է որևէ արհեստով զբաղվելուն և իմ բոլոր սխալների ու վատ արարքնեերի հիմքում է, կարող էր Չիլիայի հետ հաղորդակցվելու լավ միջոց ծառայել, եթե միայն այդքան անհետևողական չլինեի։ Չիլիան ուշիմ կին էր ու ցանկանում էր իմանալ այն ամենը, ինչ ես գիտեի, քանի որ, ինձ սիրելով, իրեն մեղավոր էր զգում ինձ արժանի չլինելու համար և երբեք չէր անտեսում այս կամ այն հարցի շուրջ ունեցածս կարծիքը։ Եթե կարողանայի պարգևել նրան այդ խղճուկ ուրախությունը, հնարավոր է՝ համատեղ զբաղմունքի խաղաղ մտերմության մեջ կարողանայի ըմբռնել նրա արժեքն ու տեսնել, թե որքան գեղեցիկ ու իրական է մեր կյանքը, և Չիլիան կարող էր դեռ կողքիս լինել իր նույն ժպիտով, որն այդ երկու տարիները ջնջեցին նրա շուրթերից։
Սկսեցի խանդավառությամբ, ինչպես պատահում էր որևէ նոր գործ ձեռնարկելիս։ Չիլիայի կրթությունը բաղկացած էր մաս-մաս հրատարակված մի քանի վեպից, օրաթերթի լուրերից ու դժվարին կյանքի վաղահաս փորձառությունից։ Ի՞նչ կարող էի ուսուցանել նրան։ Նրա ցանկությունը ֆրանսերեն սովորելն էր։ Որոշ բաներ ինչ-որ կերպ արդեն յուրացրել էր և, երբ տանը մենակ էր, տնտղում էր բառարաններս։ Ես, սակայն, ավելի մեծ հավակնություններ տածեցի՝ որոշելով սովորեցնել նրա կարդալ, հասկանալ ամենահանճարեղ գրքերը, որոնցից մի քանիսը` իմ գանձերը, գրասեղանիս վրա էին լինում։ Շտապեցի վեպեր ու բանաստեղծություններ մեկնաբանել, իսկ Չիլիան ջանում էր ըմբռնել։ Ոչ ոք չի կարող գերազանցել ինձ որևէ գաղափարի, որևէ մտքի գեղեցկությունը նկատելու և այն կրքոտ բառերով վերարտադրելու հարցում։ Ջանում էի ստիպել նրան զգալ, թե որքան թարմ են անտիկ գրվածքները, որքան իրական՝ այն ապրումները, որ մարդիկ ունեցել են մեր ծնունդից շատ առաջ, և թե որքան գեղեցիկ ու բազմազան է եղել կյանքը տարբեր մարդկանց համար տարբեր ժամանակներում։ Չիլիան ուշադիր լսում էր ու դիպուկ հարցերով հաճախ հանկարծակիի բերում ինձ։ Երբեմն զբոսնելիս կամ լուռ ընթրելիս շինծու միամտությամբ խնդրում էր մեկնաբանել մի որևէ գաղափար։ Մի անգամ պատասխանս անվստահ կամ անհամբեր եղավ, արդեն չեմ հիշում, և Չիլիան չկարողացավ զսպել ծիծաղը։
Հիշում եմ, որ նրա համար գնած առաջին ամուսնական նվերս գիրք էր՝ «Ծովի դուստրը», որը նվիրեցի հարսանիքից մեկ ամիս անց՝ հենց այն ժամանակ, երբ ձեռնարկեցնք ընթերցանությունները։ Մինչ այդ աղքատության պատճառով նրան ո՛չ սպասք էի գնել, ո՛չ հագուստ։ Չիլիան շատ գոհ մնաց ու գիրքը կազմի մեջ առավ, սակայն երբեք չկարդաց։ Մեր չնչին եկամուտը թույլ էր տալիս երբեմն կինոթատրոն գնալ, ինչը նրան անկեղծորեն զվարճացնում էր։ Սիրում էր ինձ սեղմվելով ժամանակ առ ժամանակ հարցեր ուղղել, որոնց պատասխաններն արդեն գիտեր։ Թեպետ Ամալիան թույլտվություն էր խնդրել մեզ միանալու, Չիլիան ոչ մի անգամ չհամաձայնեց, որ ուղեկցի մեզ՝ հիմնավորելով, որ մեր ծանոթությունը կինոթատրոնում է եղել, և այդ երանելի կիսախավարի մեջ կարելի է լինել միայն երկուսով։ Ամալիան ավելի ու ավելի հաճախ էր լինում մեր տանը, ինչը, գումարվելով իմ անիրական ձգտումների առաջ բերած հուսախաբությանը, ստիպեց նախ անուշադրության մատնել, այնուհետև բոլորովին դադարեցնել ուսուցողական ընթերցանությունները։ Այժմ բարեհաճության պահերին սահմանափակվում էի նրանց հետ զվարճախոսելով։ Ամալիան փոքր-ինչ անկաշկանդ էր դարձել։ Մի երեկո, երբ վարժարանից ուշ և ջղագրգիռ էի վերադարձել, հանդիպեցի նրա երկչոտ, բայց կասկածամիտ, նախատինքով լի հայացքին։ Ինձ ամենից շատ տհաճություն պատճառեց նրա դեմքի այդ զարհուրելի սպին։ Չարամտորեն փորձեցի վերակառուցել ջնջված դիմագծերը ու, երբ մենակ մնացինք, ասացի Չիլիային, որ երեխա ժամանակ Ամալիան գուցե նրա նման է եղել։
– Խեղճ աղջիկ, – եղավ նրա պատասխանը, – ամբողջ վաստակած գումարը բուժումների վրա է ծախսում։ Հույս ունի դրանից հետո ամուսին գտնել։
– Մի՞թե կանայք ամուսին փնտրելուց բացի ուրիշ բանուգործ չունեն։
– Ես արդեն գտել եմ, – ժպտաց Չիլիան։
– Իսկ եթե քե՞զ էլ Ամալիայի ճակատագիրը բաժին ընկներ, – քմծիծաղով վրա բերեցի ես։ Չիլիան մոտ եկավ։
– Ինձ այլևս չէի՞ր սիրի, – հարցրեց դողդոջուն ձայնով։
– Ո՛չ։
– Ի՞նչ է պատահել քեզ։ Չե՞ս ցանկանում, որ Ամալիան մեր տուն գա։ Նա ինձ համար աշխատանք է գտնում ու նաև օգնում է։
Այդ երեկո չէի կարողանում վանել այն միտքը, որ Չիլիան էլ ճիշտ և ճիշտ Ամալիայի նման է։ Երկուսն էլ ինձ տհաճություն ու զայրույթ էին պատճառում։ Երբ դաժան հայացքս հառում էի նրան, խղճահարություն էի զգում, նյարդայնանում էի նրա խոցված քնքշանքից։ Այդ օրը փողոցում հանդիպել էի մի ամուսնու, որի ուսերին երկու կեղտոտկոկոլ երեխա էին նստել, իսկ տանջահար կինը քայլում էր հետևից։ Երևակայեցի Չիլիային ծերացած, ձևախեղված։ Այդ մտքից կոկորդս սեղմվեց։ Դրսում աստղերը ծագել էին։ Չիլիան անխոս ինձ էր նայում։
– Գնում եմ զբոսնելու, – ասացի խեթ ժպիտով ու դուրս եկա։
IV
Ես ընկերներ չունեի և երբեմն գիտակցում էի, որ Չիլիան է իմ ամբողջ առօրյան։ Փողոցներով շրջելիս մտածում էի այդ մասին ու սրտնեղում, որ բավականաչափ չեմ վաստակում նրա հետ ունեցած բոլոր պարտքերս մարելու, նրան հարմարակեցությամբ ապահովելու համար, որպեսզի տուն վերադառնալիս ամոթի զգացում չունենամ։ Մեր եկամտից ոչ մի լիրա չէի վատնում նույնիսկ ծխախոտի վրա, ինչով հպարտանում էի ու համարում, որ գոնե մտքերս պետք է ինձ պատկանեն։ Բայց ի՞նչ կարող էի անել այդ մտքերի հետ։ Տան ճանապարհին դիտում էի անցորդներին ու հարցնելով ինքս ինձ, թե ինչպես են մարդիկ հաջողության հասնում՝ համակվում էի փոփոխության ու արկածների տենչով։
Հաճախ կանգ էի առնում գնացքի կայարանում՝ ծուխն ու իրարանցումը դիտելու։ Ինձ համար հաջողությունը միշտ հեռավոր արկածի, մեկնումի, ծովում ընթացող շոգենավի, մետաղի դղրդյունով ու ճիչերով լի նավահանգստի, հավիտենական երազակոտության տեսք ուներ։ Մի երեկո սարսուռով կանգ առա՝ հանկարծ հասկանալով, որ եթե չշտապեմ ճամփորդել երիտասարդ ու սիրահարված Չիլիայի հետ, թոշնած կինն ու թնկթնկան երեխան մեկընդմիշտ կխոչընդոտեն ինձ։
«Իսկ եթե իսկապե՞ս ձեռքս փող ընկնի,- մտածեցի,- փողով ամեն ինչ հնարավոր է»։ Փորձում էի հիշեցնել ինձ, որ հաջողությանը հարկավոր է արժանանալ՝ տանելով կյանքի բոլոր դժվարությունները։ Ահա ամուսնացել եմ, բայց երեխա չեմ ցանկանում։ Դրա համար էլ թշվառ եմ։ Գուցե ճի՞շտ են ասում, որ երեխան հաջողություն է բերում։
Մշտապես ինքնամփոփ կյանքով ապրելն ընկճող է, քանի որ գաղտնիության սովոր մարդը չի ընկրկում անխոստովանելի մտքերի առաջ, որոնք մտածողին ամոթ են պատճառում։ Հենց դրանով էր պայմանավորված մռայլ կասկածամտության իմ հակումը։ Պատահում էր, որ ամառային տոթ գիշերներին, անկողնում անշարժ պառկած, երազանքներով էի տարվում: Ինձ հանկարծակիի էր բերում գնացքի հեռավոր, վայրի սուլոցը, որից ցնցվում էի ու սթափվելով վերադառնում իրականություն՝ Չիլիայի կողքին։ Մի անգամ կեսօրից հետո կայարանի մոտով անցնելիս ծանոթ դեմք նկատեցի, որը ձայն էր տալիս ու ողջունում ինձ։ Մալաջիջին էր։ Տասը տարի չէինք հանդիպել։ Կանգ առնելով՝ ողջագուրվեցինք։ Առաջվա հրեշը չէր, որ կարող էր նենգաբար թանաք շաղ տալ վրադ կամ գլուխդ թաթախել կավճի մեջ։ Նրան ճանաչեցի խորամանկ ժպիտից։
– Մալաջի՛ջի, մի՞թե դեռ ողջ ես։
– Ողջ եմ ու հաշվապահ եմ դարձել։
Ձայնը նույնպես առաջվանը չէր։ Այժմ ինձ հետ տղամարդ էր խոսում։
– Դու է՞լ ես մեկնում, – հարցրեց անմիջապես, – գուշակիր՝ ուր եմ գնում, – ավելացրեց՝ գետնից վերցնելով անջրանցիկ վերարկուի ու նրբաճաշակ փողկապի գույնին հարմարեցրած կաշվե ճամպրուկը, ու թևս մտավ․ – ուղեկցի՛ր ինձ մինչև գնացքի վագոնը։ Գնում եմ Ջենովա։
– Շտապում եմ։
– Դրանից հետո Չինաստան եմ մեկնում։
– Իրո՞ք։
– Ահա, բոլորը զարմանում են։ Ինչ է, չի՞ կարելի Չինաստան գնալ։ Ի՞նչ ունեք Չինաստանի դեմ։ Ավելի լավ է՝ բարի ճանապարհ մաղթիր։ Գուցե և չվերադառնամ։
– Ի՞նչ ես անելու այնտեղ։
– Չինաստան եմ գնում։ Նե՛րս արի։
– Չեմ կարող, շտապում եմ։
– Ուրեմն գնանք սուրճ խմելու։ Վերջին մարդն ես, որին հրաժեշտ եմ տալիս։
Կայարանի սեղաններից մեկի մոտ սուրճ խմեցինք։ Մալաջիջին աշխուժորեն դրվագներ էր պատմում իր կյանքից։ Ամուսնացած չէր։ Մի կնոջից երեխա էր ունեցել, որը, սակայն, մեռած էր ծնվել։ Դպրոցը չէր ավարտել, ինձանից հետո թողել էր այն։ Մի անգամ նույնիսկ քննությունը կրկնելիս մտածել էր իմ մասին։ Նրա դպրոցը գոյության պայքարն էր եղել։ Ընկերությունները նրան ձեռքից ձեռք էին խլում։ Չորս լեզու գիտեր։ Հիմա էլ Չինաստան էին ուղարկում։ Վրդովված ու ինձ պարտված զգալով՝ շարունակեցի պնդել, թե իբր շտապում եմ, և ազատվեցի նրա ներկայությունից։ Երբ տուն հասա, հուզմունքս դեռևս չէր անցել։ Միօրինակ պատանեկության անակնկալ վերադարձից ու ճակատագրի այդ անպատկառ քաջալերանքից բոլոր մտքերս տակնուվրա էին եղել։ Չէի նախանձում Մալաջիջիին և ոչ էլ համակրում էի, սակայն ինձ տանջում էր միատեղումն այդ գորշ հիշողության, որի մի մասն էի եղել, և այդ կենդանի իրականության, որը չէի հասցրել ապրել։
Սենյակը դատարկ էր, քանի որ արդեն Չիլիան էր գնում հարևանուհու մոտ աշխատելու։
Որոշ ժամանակ խավարում նստած մտորեցի։ Մթությունը խախտում էր միայն գազօջախի երկնագույն բոցը, որ վրա անաղմուկ եռում էր կաթսան։
V
Բազմաթիվ միայնակ երեկոներ անցկացրի այդ սենյակում՝ սպասման մեջ, աջուձախ քայլելով կամ անշարժ պառկած՝ թույլ տալով, որ վերջալույսի մշուշով հետզհետե լցվող դատարկության վեհասքանչ լռությունը պարուրի ինձ։ Մոտիկ ու հեռու շշուկները, երեխաների ձայները, փողոցի աղմուկն ու թռչունների դայլայլն ինձ գրեթե չէին հասնում։
Չիլիան շուտով նկատեց, որ տուն վերադառնալով չէի փնտրում նրան, և Ամալիայի սենյակում կար անելիս գլուխը երկարում էր, որպեսզի ոտնաձայներս լսելուն պես կանչի ինձ։ Ես անտարբեր ներս էի մտնում ու հազիվ մի քանի բառ փոխանակում։ Մի անգամ լրջորեն հարցրի Ամալիային, թե ինչու այլևս մեր սենյակ չի բարձրանում, որն ավելի լուսավոր է, այլ ստիպում է մեզ ամեն երեկո վերուվար անել։ Ամալիան լռեց, իսկ Չիլիան, հայացքը փախցնելով, շիկնեց։
Մի անգամ գիշերը խոսակցություն բացելու համար ակնարկեցի Մալաջիջիի մասին, որի անհեթեթ կերպարը սրտանց զվարճացրեց Չիլիային, հետո դժգոհեցի, թե ինչպես է բախտը բերել, որ Չինաստան է մեկնում։
– Ես էլ դեմ չէի լինի միասին Չինաստան գնալուն, – հառաչեց Չիլիան։
Խոժոռվեցի։
– Գուցե միայն լուսանկարով, այն էլ՝ եթե Մալաջիջիին ուղարկենք։
– Իսկ մեզ համա՞ր։ Ջո՛րջո, մենք դեռ ընտանեկան լուսանկար չունենք։
– Չարժե դրա վրա գումար վատնել։
– Արի լուսանկարվե՛նք։
– Բայց հո միմյանց հրաժեշտ չե՞նք տալիս։ Առանց այն էլ օրուգիշեր միասին ենք։ Լուսանկարներն ինձ դուր չեն գալիս։
– Արդեն ամուսնացել ենք, բայց համատեղ հիշողություն չունենք։ Արի՛ լուսանկարվենք։
Չպատասխանեցի։
– Թանկ չի նստի։ Ես այն ինձ մոտ կպահեմ։
– Ամալիայի հետ լուսանկարվիր, եթե այդքան ուզում ես։
Հաջորդ օրը Չիլիան, դեպի պատը շրջված ու դեմքը մազերով ծածկած, հրաժարվում էր իմ կողմը նայելուց։ Մի քանի շոյանքից հասկացա, որ դիմադրում է, ու նյարդայնացած դուրս թռա անկողնուց։ Նա նույնպես վեր կացավ, լվացվեց ու առանց աչքերիս նայելու՝ հանդարտ զգուշավորությամբ մատուցեց սուրճը։
Ես լռելյայն հեռացա ու վերադարձա մեկ ժամ անց։
– Որքա՞ն խնայողություններ ունենք, – բացականչեցի։
Չիլիան, որ բացակա հայացքով նստած էր սեղանի մոտ, անակնկալի եկավ։
– Չգիտեմ, ամբոջ գումարը քեզ մոտ է։ Կարծում եմ՝ երեք հարյուր լիրա։
– Երեք հարյուր տասնհինգ։ Ահա՛, – ասացի՝ կապոցը սեղանին դնելով, – ծախսի՛ր, ինչպես սիրտդ ուզում է։ Կարող ես խրախճանքի տրվել։ Քեզ եմ նվիրում։
Չիլիան վեր կացավ ու եկավ ինձ ընդառաջ։
– Ինչո՞ւ ես ինձ հետ այդպես վարվում, Ջո՛րջո։
– Որովհետև հիմար եմ։ Լսի՛ր, խոսելու տրամադրություն չունեմ։ Երբ փողը քիչ է, ոչ մի արժեք չունի։ Դեռ ուզո՞ւմ ես լուսանկարվել։
– Ջո՛րջո, ախր ես ուզում եմ, որ դու էլ երջանիկ լինես։
– Երջանիկ եմ։
– Չէ որ սիրում եմ քեզ։
– Ես էլ՝ քեզ։
Բռնեցի ձեռքը, նստեցի ու նրան էլ նստեցրի ծնկներիս։
– Գլուխդ դիր ուսի՛ս, – ասացի քնքուշ, մտերմիկ ձայնով։
Չիլիան լուռ այտը հենեց իմ այտին։
– Ե՞րբ գնանք։
– Կարևոր չէ, – շշնջաց։
– Ուրեմն լսի՛ր, – ասացի՝ դեմքն ափերիս մեջ առնելով ու ժպտալով։ Չիլիան դեռևս ցնցվելով սեղմվել էր կրծքիս և համբուրեց ինձ։ – Թանկագի՛նս, արի մտածենք։ Երեք հարյուր լիրա ունենք։ Գրողի ծոցն ուղարկենք ամեն ինչ ու մի փոքրիկ ուղևորություն ձեռնարկենք։ Բայց իսկույն։ Հենց հիմա։ Եթե մտածենք, կփոշմանենք։ Ոչ ոքի մի ասա, նույնիսկ Ամալիային։ Կմեկնենք միայն մեկ օրով։ Թող սա մեր հարսանեկան ճամփորդությունը լինի, որն այդպես էլ չունեցանք։
– Այդ դեպքում ինչո՞ւ այն ժամանակ չցանկացար։ Ասում էիր, որ անհեթեթություն է։
– Այո՛, բայց սա հարսանեկան ճամփորդություն չէ։ Այժմ ճանաչում ենք իրար, ընկերացել ենք։ Ոչ ոք չի իմանա։ Հետո էլ ինձ մի այդպիսի բան է հարկավոր։ Իսկ քե՞զ։
– Իհարկե, Ջո՛րջո, հրաշալի կլինի։ Ե՞րբ ենք մեկնում։
– Չգիտեմ, բայց շտապե՛նք։ Կուզե՞ս ծովափ գնալ՝ Ջենովա։
VI
Գնացքում արդեն որոշակի խռովքի մեջ էի, իսկ Չիլիան, որն այրվում էր անհամբերությունից ու մեկնելուց առաջ ձեռքս բռնած փորձում էր զրույց բանալ, ինձ այդպես մռայլված տեսնելով՝ համակերպվեց ու խոժոռադեմ պատուհանից դուրս նայեց։ Ես լռության մեջ հայացքս հառել էի դատարկությանն ու ականջ էի դնում ռելսերի վրա անիվների կանոնավոր շարժից առաջացած աղմուկին։ Վագոնում այլ ուղևորներ կային, որոնց հազիվ էի նկատում։ Իմ կողքով վազում-անցնում էին մարգագետիններ ու բլրակներ։ Դիմացս նստած՝ Չիլիան կռթնել էր պատուհանի ապակուն ու, թվում էր, նույնպես ինչ-որ բան է ունկնդրում, սակայն մերթընդմերթ հպանցիկ իմ կողմն էր նայում՝ ջանալով ժպտալ։ Այդպես երկար լրտեսեց ինձ։
Երբ տեղ հասանք, մութն ընկել էր։ Ապաստանեցինք ամայի փողոցներից մեկի ծառուղում թաքնված մի մեծ ու անաղմուկ հյուրանոցում, բայց նախքան այն գտնելը՝ տանջալի որոնումների մեջ անվերջ վերուվար արեցինք։ Միգամած ու զով եղանակ էր, որից մաքուր օդում զբոսնելու ցանկություն էր առաջանում։
Սաստիկ հոգնած Չիլիան կառչել էր իմ թևից, և ես մեծ թեթևություն զգացի, երբ ի վերջո կարողացանք նստել։ Շրջել էինք բազմաթիվ վառ լուսավորված փողոցներով, մութ նրբանցքներով` առանց ծովին հասնելու, իսկ անցորդները մեզ բանի տեղ չէին դնում։ Եթե չլիներ մայթեզրից դուրս քայլելն ու Չիլիայի՝ տներին ու անցորդներին նետած հուզումնալից հայացքները, կարելի էր կարծել, թե սովորական զբոսանքի դուրս եկած ամուսիններ ենք։
Անշուք հյուրանոցը համապատասխանում էր մեր միջոցներին։ Սպիտակ սեղանիկի մոտ, թևքերը վեր քշտած, մի ոսկրոտ երիտասարդ էր ճաշում։ Մեզ դիմավորելու եկավ մարջանե վզնոցով մի բարձրահասակ, խրոխտ կին։ Հաճույքով նստեցի, քանի որ Չիլիայի հետ շրջելն ամեն դեպքում թույլ չէր տվել սուզվել իմ շուրջն ու իմ ներսում եղածի մեջ։ Ստիպված էի անձկության զգացումով քայլել նրա հետ կողք կողքի ու գոնե ժեստերով արձագանքել նրա խոսքերին։
Այժմ ցանկանում էի, տենչում էի մեն-միայնակ հիանալ, հափշտակվել անծանոթ քաղաքով։ Մի՞թե դրա համար չէի եկել։ Փոթորկահույզ սպասեցի ներքևում և ընթրիք պատվիրեցի՝ առանց սենյակ բարձրանալու։ Կարմրավուն բեղերով, անուրախ ու մենակյաց տեսքով երիտասարդը, որին տեսել էինք ներս մտնելիս, գրավել էր ուշադրությունս։ Նախաբազկի վրա խունացած դաջվածք ուներ։ Կերակուրը վերջացնելուն պես վերցրեց երկնագույն, քրքրված բաճկոնակն ու հեռացավ։
Կեսգիշեր էր, երբ ընթրեցինք։ Սեղանիկի շուրջ նստած՝ Չիլիան երկար ծիծաղեց հյուրանոցատիրուհու անբարյացակամության վրա։
– Մեզ նորապսակների տեղ է դրել, – կմկմաց, հետո, հոգնատանջ ու մեղմագին հայացքով ձեռքս շոյելով, հարցրեց․ – և իսկապես այդպես է, չէ՞։
Հետաքրքրվեցինք տեղանքով։ Պարզվեց՝ նավահանգիստը հարյուր մետր այն կողմ էր՝ փողոցի ծայրին։
– Տես է՜, – բացականչեց Չիլիան։ Թեև քնաթաթախ էր, ցանկացավ ուղեկցել ինձ։
Շունչներս պահած՝ հասանք մոտակա դիտահարթակի ճաղաշարին։ Գիշերը խաղաղ էր ու մթին, և լապտերների լույսն ավելի էր խորացնում մեր առջև տարածվող այդ սև ու զովաշունչ անդունդը։ Ես անխոս ներս քաշեցի դրանից տարածվող վայրի բուրմունքը։
Չիլիան շուրջն էր նայում։ Նա խավարում թրթռացող լույսեր նկատեց։ Նա՞վ էր, կամ գուցե ամբարտա՞կ։ Ծովից մեզ էին հասնում վաղանցիկ բույրեր, շշուկներ, խուլ շառաչներ։
– Վաղը, – ասաց խանդավառ, – վաղը կտեսնենք։
Հյուրանոց վերադառնալով՝ Չիլիան ամուր սեղմվել էր ինձ։
– Որքա՜ն հոգնած եմ։ Ջո՛րջո, ի՜նչ լավ է այստեղ։ Վա՜ղը։ Ես երջանիկ եմ, իսկ դո՞ւ,- և այդ ասելով այտը քսմսեց ուսիս։
Ես գրեթե չէի լսում։ Քայլում էի ատամներս սեղմած, շնչում էի օդը, թույլ տալիս, որ քամին շոյի դեմքս։ Անհանգիստ հուզմունքին անձնատուր՝ ինձ հեռու էի զգում Չիլիայից և միայնակ աշխարհում։ Աստիճանները բարձրանալու կես ճանապարհին ասացի․
– Քունս դեռ չի տանում։ Դու գնա սենյա՛կ։ Մի քիչ զբոսնեմ ու վերադառնամ։
VII
Եվ ահա դարձյալ նույնը։ Այլևս ի զորու չէի կանխելու այն վիշտը, որ պատճառել եմ Չիլիային, և որի համար մինչ օրս, լուսաբացին անկողնում պառկած, չփարատվող խղճի խայթ եմ զգում՝ անկարող որևէ բան փոխելու։
Ես գործում էի հիմարաբար, մտացրիվ, ու ինձ հաշիվ չտվեցի մինչև վերջին պահը, երբ զղջումն արդեն անօգուտ էր։ Այժմ ճշմարտությունը պարզորոշ հառնում է իմ առաջ․ այնքան էի վարժվել մենությանն ու տարվել դրանով, որ իմ ներսում բթացել էր մարդկային մտերմության յուրաքանչյուր զգացում՝ ինձ անընդունակ դարձնելով հանդուրժելու և փոխադարձելու քնքշության որևէ դրսևորում։
Չիլիան ինձ համար խոչընդոտ չէր․ ես պարզապես չէի նկատում նրա գոյությունը։ Եթե միայն հասկանայի դա ու գիտակցեի, թե այդ հաշմությամբ ինչպիսի վնաս եմ հասցնում ինքս ինձ, նրան կհատուցեի անսահման երախտագիտությամբ՝ նրա ներկայությունը որպես իմ միակ փրկություն ընդունելով։
Սակայն մի՞թե ուրիշի տառապանքին ականատես լինելը երբևէ բավարար է եղել մարդու աչքերը բացելու համար։ Մի՞թե դրա համար հարկավոր չեն հոգեվարքի տենդն ու մշտարթուն վիշտը, որն ամեն առավոտ վեր է կենում մեզ հետ, ընկերակցում մեզ փողոցում, պառկում մեր կողքին և արթնացնում գիշերը՝ միշտ անողոք, միշտ թարմ ու ամոթալի։
Խոնավ ու մառախլապատ այգաբացին, երբ փողոցը դեռ դատարկ էր, ամբողջովին ուժասպառ վերադարձա հյուրանոց։ Աստիճանների վրա նկատեցի Չիլիային ու հյուրանոցատիրուհուն։ Նրանք կիսահագնված վիճաբանում էին, և Չիլիան արտասվում էր։ Ինձ տեսնելուն պես գիշերազգեստով հյուրանոցատիրուհին ճիչ արձակեց։ Չիլիան մնաց անշարժ՝ բազրիքին հենված։ Խառնակ, վախեցնող տեսք ուներ։ Մազերն ու հագուստն անկարգ վիճակում էին։
– Ահա՛ նա։
– Ի՞նչ եք անում այս ժամին, – հարցրի խստորեն։
Հյուրանոցատիրուհին, կուրծքը ծեծելով, սկսեց գոռգռալ։ Նրան արթնացրել էին գիշերվա կեսին․ ամուսին էր անհետացել։ Լացուկոծ, պատառոտված թաշկինակներ, հեռախոս, ոստիկանատուն։ Մի՞թե այսպիսի բան են անում։ Որտեղի՞ց էի գալիս։
Ես հազիվ էի մնում ոտքի վրա։ Նրան նայեցի տհաճությամբ լի ու բացակա հայացքով։
Չիլիան տեղից չէր շարժվել։ Միայն կիսաբաց բերանով խոր շնչում էր, մինչ անհաղորդ դեմքն այրվում էր արցունքներից։
– Չիլիա, ինչո՞ւ քնած չես։
Շարունակում էր լուռ մնալ։ Անշարժ արտասվում էր՝ առանց աչքերը թարթելու, ու որովայնին սեղմած ձեռքերով ծալմլում էր թաշկինակը։
– Զբոսնելու էի գնացել, – մռայլ ավելացրի, – կանգ առա նավահանգստում։
Հյուրանոցատիրուհին, առարկության պատրաստ, թոթվեց ուսերը։
– Ինչ որ է, ողջ-առողջ եմ ու մեռնում եմ քնելու ցանկությունից։ Գնում եմ պառկելու։
Մինչև լույս հարբածի նման խոր քուն մտա։ Հետո կտրուկ արթնացա։ Սենյակը սուզվել էր կիսախավարի մեջ։ Փողոցից աղմուկ-աղաղակ էր լսվում։ Բնազդաբար անշարժ մնացի։ Չիլիան, մի անկյունում նստած, նայում էր ինձ, հետո պատին, հայացքը խոնարհում էր ու մերթընդմերթ ցնցվում։ Քիչ անց զգուշորեն շշնջացի․
– Հսկո՞ւմ ես ինձ։
Չիլիան անմիջապես բարձրացրեց աչքերը։ Նախկին վրդովված հայացքն ասես սառած լիներ նրա դեմքին։ Շուրթերը շարժեց, բայց ոչինչ չկարողացավ ասել։
– Չի՛լիա, ամուսնուն հսկելը լավ բան չէ, – ավելացրի՝ ձայնիս չարաճճի երանգ հաղորդելով։- Ավելի լավ է՝ ասա՝ նախաճաշե՞լ ես։
Խեղճը գլուխը տարուբերեց։ Ես վեր թռա մահճակալից, նայեցի ժամացույցին ու ասացի․
– Գնացքը մեկնում է երեքն անց կեսին։ Շտապե՛նք, հյուրանոցատիրուհին չպետք է մեզ այսպես տխուր տեսնի։
Հետո, քանի որ շարունակում էր անշարժ մնալ, մոտեցա ու դեմքն ափերիս մեջ առա։
– Լսի՛ր, – ասացի, մինչ նրա աչքերն արցունքոտվում էին, – այս գիշերվա համա՞ր ես բարկացել։ Կարող էի ստել, ասել, թե մոլորվել եմ, սիրաշահել քեզ։ Դա չարեցի միայն նրա համար, որ տեսարաններ չեմ սիրում։ Հանգի՛ստ եղիր, ամբողջ ժամանակ մենակ եմ եղել։ Ինձ էլ,- ու զգացի, թե ինչպես է ցնցվում,- ինձ էլ Ջենովան առանձնապես չգրավեց, բայց ես հո դրա համար լաց չե՞մ լինում։
Թարգմանությունը իտալերենից՝ Լուսինե Աբովյանի