Այս էսսեում ֆրանսիացի ժամանակակից արձակագիր, էսսեիստ Պասկալ Քինյարը` հիմնվելով հին հունական և հռոմեական գրականության, կերպարվեստի ստեղծագործությունների վերլուծության վրա, ուսումնասիրում է էրոտիկայի բնույթը: Սեքսը և վախը, ըստ Քինյարի, այն երկու էական ուժերն են, որ փոխակերպում են արվեստն ու իրականությունը:
Երբ Օգոստոս կայսրը Հռոմը վերածեց կայսրության, հույների կենսուրախ, անտրոպոմորֆ (մարդակերպ) էրոտիկան պարփակվեց ահասարսուռ մելամաղձությամբ: Այն, ինչ հույներն անվանում էին ֆալլուս, հռոմեացիները անվանում էին fascinus՝ հմայող։ Մարդկային, ինչպես նաև կենդանական աշխարհում, հմայել` նշանակում է շղթայել իրեն մեկ այլ արարածի հայացքը՝ զրկելով նրան կամքից, ենթարկելով սարսափի։
(Հատված)
Հռոմ քաղաքը այրերի pietas-ն է (բարեպաշտությունը) և մատրոնաների castitas-ը (մաքրաբարոյությունը)։
Հռոմեական pietas-ը Էնեասն է, որ տանում է իր ուսերին հորը՝ Անքիսեսին :Այն վերին աստիճանի մերձավորության հռոմեական եզրույթ է: Այն նշանակում էր ոչ թե որդիական սիրո զգացում, ինչպես սխալմամբ մեկնաբանում էին լատինագետների մեծ մասը, այլ վարքագծի կանոն, որը ծագում էր թաղման արարողություններից. այն «բեռ» է որդիական ուսերի վրա: Ոչ թե փոխադարձ, այլ միակողմանի զգացում, որ որդին տածում էր հոր նկատմամբ:
Որքան էլ զարմանալի է, հիմնարար առասպելում մեծարվում է ոչ թե Վեներան (Էրոսի և Պրիապուսի, իսկ հետագայում Էնեասի մայրը,Հռոմի հովանին, ամենայն երկրայինի նախամայրը՝ նախքան կհռչակվեր կայսրերի տոհմական նախամայր),այլ հակառակը, այստեղ գովերգվում է որդուց հորը ձգվող կապը․ բարեպաշտ Էնեասը տանում է իր ուսերին Վեներայի ամուսնուն` Անքիսեսին ։
Որդիական վերաբերմունքը զուրկ է փոխադարձությունից, ինչպես հռոմեացու սեռական հարաբերությունը զուգընկերոջ հետ։ Pietas-ը անքակտելի, անվիճարկելի կապ է, որ կրտսերից անցնում է ավագին։Pietas-ը բացառապես որդիական սեր է, որը մթնշաղը կապում է արշալույսին, պտուղը՝ սերմին, հայացքը` ֆասցինուսին (նրանից են ծագել կլիենտների և պատրոնների, կնքահոր և կնքասանի հարաբերությունները, կաթոլիկ եկեղեցու քահանայական եղբայրությունը, սիցիլիական մաֆիան)։
Հոմերոսը նկարագրում է Աֆրոդիտեին` Իդա լեռան վրա ցուլեր արածեցնող Անիքսեսին մերձենալիս։ Անիքսեսը արձակում է Աֆրոդիտեի գոտին և նա հղիանում է ու ծնում Էնեասին։
Անքիսեսը կորցնում է Աֆրոդիտեին` խախտելով լռության երդումը ։Եվ ինչպես Անքիսեսն է կորցնում Աֆրոդիտեին, այնպես էլ Էնեասն է թողնում կնոջը` Կրեուսային `փրկելու հորը և որդուն` Ասկանիուսին ։ Միայնակ՝ հոր և որդու միջև, նա համակված է աստվածային սիրով (pietas), որն իր պարտքն է համարում։
Կնոջ և ամուսնու միջև գոյություն ունեն սոսկ մարդկային հարաբերություններ (հռոմեական ամուսնությունը կնքվում էր սովորական ձեռքսեղմումով ), նրանց միությունը հիմնված չէր սիրո, այլ պտղաբերության հույսի, տոհմի շարունակականության վրա: Նույն կերպ էլ Էնեասը լքում է Դիդոնային , նա զոհաբերում է իր ցանկությունը՝ հանուն մարտակիցների (gens) հանդեպ պարտքի:Ահա այդպես Վեներայի որդին երեք անգամ զոհաբերում է սիրո աստվածուհուն` հանուն pietas-ի։
Castitas-ը Լուկրեցիան է , որին բռնաբարել է Սեքստուսը։ Այրական բռնի տարփանքի դաժանությունից դրդված՝ Լուկրեցիան ինքնասպան է լինում։ Նրա անձնասպանությունը բրոնզե դաշույնով` «հռոմեական» հանրապետության ստեղծման նախադրյալը հանդիսացավ։ Հանրապետությունը ստեղծվել է ցանկության և պտղաբերության բախումից, նույնքան անհամատեղելի, որքան Վեներան և pietas-ը, որքան եղբայրասպան բռնակալությունը և հայրերի հանրապետությունը։ Իսկ ավելի ճիշտ՝ անհամատեղելի, ինչպես էտրուսկյան քաղաքակրթությունն ու հռոմեական արժեքները։
Նույն կերպ Հռոմի հիմնադրման ժամանակ Հռոմուլուսը անգթաբար սպանեց իր եղբայր Հռեմուսին։ Եվ հենց այդպես էլ հայրերը սպանեցին Հռոմուլուսին` հռչակելով նրան աստված երկնքում, միայն թե ազատվեն նրա արքայական ճնշումից այստեղ` երկրի վրա ։ Ինչու՞ Լուկրեցիան (նա երբեք չի քնում, գիշերը արթմնի բուրդ է մանում)՝ Տարկվինիուս Կոլատինուսի առաքինի կինը, սպանում է իրեն Սեքստիուսի բռնությունից հետո։
Mater certissima, pater semper incertus (մայրը միշտ հայտնի է, հայրը միշտ կասկածելի է)։
Այդ բռնությունը կասկածելի է դարձնում տոհմի մաքրությունը։ Ամուսնական հավատարմությունը ամուսնու հետ կապվածության զգացումը չէ, այլ տոհմի մաքրության անհաստատության գիտակցումը։
Castitas-ը միակն է, որ կարող է պահպանել այդ մաքրությունը։ Չհղիացած մատրոնան ոչ միայն պետք է հավատարիմ լինի իր ամուսնուն, այլև չենթարկվի բռնության։ Այդ պարագայում բռնացողը կարող է այլևայլ պատիժներ կրել, բայց նրա զոհը միանշանակ արժանի է մահվան։ Դա անպատվություն է, խայտառակություն, «անաղարտության» հակապատկերը։ Կնոջը թույլատրելի է ամեն ինչ, քանի դեռ նա չի մայրացել կամ էլ երբեք չի մայրանա։
Stuprum-ը վերաբերում է միայն մայրերին և այրիներին: Stuprum-ը արյունապղծությունն է՝ անօրինական մարմնական հարաբերությամբ։ Բռնաբարված մատրոնան կամ այրին մեղսավոր է և խայտառակված։ Castitas-ը «կաստայի» անձեռնմխելիությունն է, որ բնորոշ է այն կանանց, որոնք արգանդում կրում են, ըստ նախնյաց հավատալիքների, բացառապես ամուսնու սերմից բեղմնավորված երեխային։ Բռնաբարված Լուկրեցիան ստիպված էր սպանել իրեն և նա սպանեց իրեն։
Թարգմանությունը՝ Սամվել Թավադյանի