Առաքել Սեմիրջյան | Գարուն

Գարունը ամեն տեղ ծաղկում էր բողբոջների տեսքով, գետնից ելնող ծիլերի տեսքով, երեսին հայտնվող պզուկների տեսքով, էլ չասած` ակտիվացած հորմոններն ու գազազած զգայարանները։
Զարմանալի է, թե կյանքը ինչպե՞ս էր կարողանում հողի տակից գուրս գալ. այն նույն հողի, որը մի քանի օր առաջ թաղված էր ցեխի ու գորշության մեջ։
Զարմնալի էր ո՞նց էին չոր փայտերից սպիտակ ու կանաչ ճյուղեր աճում ու ծառի գույնը ոտից գյուխ փոխում։
Բա էն կարմրադեղնավուն ու մանուշակակապտավուն գույները, որ գարնան մեջտեղում տիեզերքի պայթյունի էֆեկտ էին տալիս։
Միայնակ ծաղկած ծառի ինքնահավանությունը չափազանցված էր, քանի որ եթե թեկուզ հարյուրավոր կիլոմետրերի վրա չգտնվեր մեկ այլ նույնանման ծառ, նա երբևէ չէր ծաղկի։
-Միայնակ ծաղկածը,- մտածեց պատահական անցորդն ու դրանով ևս մեկ անգամ սնուցեց միայնակ ծաղկածի փառասիրությունը։
Միայնակ ծաղկածն էլ հո դեռ չգիտե՞ր, կամ էլ գիտեր բայց չէր ուզում խոստովանել, որ իրենից կիլոմետրեր հեռու, մեկ այլ միայնակ` իր ծաղկափոշին ինչ-որ ձևով բերել-հասցրել է իրեն, որ ինքը կարողանա փոշոտվել ու իր բույրը տարածել շուրջբոլորը։
Միայնակների դեպքում միշտը դժվար է լինում խոստովանելը, ոչ միայնակների դեպքում էլ, սակայն միայնակներինը մի փոքր այլ է։
Լեղապատառ բացված կակաչները երեսներն ուղղել էին արևի ուղղությամբ։
Առինքնող զգացումը կլանել էր ամեն ինչ ու յուրաքանչյուրին։ Ակտիվացած մեղուները հոտոտում էին պատահական անցորդների շորերը՝ տարբերվող նեկտար գտնելու հույսով։ Նրանք հոգնել էին միևնույն ծառերից ու թփերից, նրանց այլ հոտեր էին հետաքրքրում։
Թռչունները, ձայնալարերը պրկելով, երբեմն էլ պատռելով օդը, լցնում էին դեռևս չբացահայտված երաժշտությամբ։ Կատուներն էլ իրենց գարնանային տնքոցներով նոր կյանք էին մլավում։
Տիեզերքի մեջտեղում կանգնած` մենակը աջ ու ձախ էր նայում ու փորձում հասկանալ, թե որքան ժամանակ է ի վերուստ տրված, ու որ կողմը գնա, որ լրացնի իրեն հատկացված տարածությունը։
Բայց որտեղի՞ց իմանար քարի տակ կուչ եկած որդը, թե ինչ է իրեն սպասում անձրևից հետո։ Նա կարող էր այդպես էլ մնալ անձրևի գալու հույսին, ու ավելի քիչ հավանական էր, որ մեկը կգա ու կշարժի իր գլխի վերևի ծանրությունը ու նա ինքնստինքյան կդառնա ձկնորսական խայծ` ինչ-որ կերպ իմաստավորելով կյանքը։
Խոնավացող հողը խեղդվող ձկան պես իր մեջ էր առնում երկնքից թափվող հեղուկn ու մի պահ դադարից հետո կրիկն սկսում շնչել։
Իսկ ի՞նչն էր այն խանգարող հանգամանքը, որը չէր թողնում շարունակել ապրել։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *