Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրատարակության է պատրաստում «Կին, պատերազմ, խաղաղություն. կոնստրուկտը և դրա (չ) հաղթահարումը հայ գրականության մեջ» խորագրով աշխատությունների ժողովածու, որում հետազոտողները վերլուծում են Րաֆֆու, Հրանտ Մաթևոսյանի, Սլավի-Ավիկ Հարությունյանի, Դանիել Վարուժանի գործերը, հայ ժողովրդական հեքիաթներ և օրորոցայիններ: Ժողովածուն բացելու է Մհեր Արշակյանի՝ Լուսինե Խառատյանի երկու գրքերի վերլուծությունը, որը հաճույքով ներկայացնում ենք «Գրանիշ»-ի ընթերցողին: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ:
Մաս առաջին. «Անմոռուկի փակուղին»
Առաջաբան
Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղիի» իրադարձություններն, ինչպես ասում են, տեղի են ունենում քթիդ տակ, թեպետ ձգվում են Նյու Յորքից մինչև Բիշքեկ։ Գիրքը գրված է մտերմիկ, բանավորի աշխույժ շնչառությամբ և խորքում ունի դեպքերի աբսուրդի սուր ճառագայթում։ Այս գրքում ոչ ոք բարձրաձայն չի ծիծաղում, բայց ծիծաղն ամենուր է։ Ծիծաղն ինքնին թեմայի մեջ է, թեպետ պատմություններն ուրախ չեն։
Լուսինեի պատմվածքներում էքզիստենցիալ խնդիրներ չկան: Այսինքն, մարդուն չեք տեսնի սահմանային իրավիճակներում: Մարդը չի հաղթահարվում: Դա բացատրվում է հավանաբար նրանով, որ գրողը երբեք իրականություն չի հորինում: Չնայած դրան, փոքր-ինչ էքզիստենցիալ աշխուժություն կա «Լարսի թակարդ»-ում, որը մի դժբախտ կնոջ պատմություն է, որն, ի վերջո, կյանքի հետ լեզու է գտել, բայց նախկինի նման ոչ մի բանի վրա իշխանություն չունի։ Նրան՝ պերիֆերացի այս աղջկան, փախցրել են, կարելի է ասել՝ նույնիսկ բռնաբարել են, այսինքն, չեն հարցրել՝ ուզում է, թե չի ուզում, ամուսնացրել են, իր տասրոպեանոց սեքսն արել է, մինչև դեպքերը հասցրել են… ռուս-վրացական սահմանին գտնվող Լարսի միջանցք։ «Սիրիավեպ»-ում Լուսինե Խառատյանն այսպիսի մի կնոջ ճակատագիրը կբացի նշտարը ձեռքին՝ խորքերը տակնուվրա անելով, կնոջ շահրիզադեական փորձությունների բոլոր սցենարները բաց խաղաքարտի պես մեր դիմաց շարելով։ Ի՞նչն է խանգարում «Լարսի թակարդ»-ի հերոսուհուն համարել էքզիստենցիալ հերոս՝ նրա ներսում ոչ մի դիմադրություն չի առաջացել, նա ընդունել է իրերի վիճակը հենց սկզբից։ «Անմոռուկի փակուղի»-ում հերոսուհիները «հագեցած» են պատասխանատվությամբ, թեպետ փորձությունների նրանց պաշարը քիչ է հատվում նրանց… կանացիության հետ։ «Լարսի թակարդ»-ի հերոսուհին բացառություն է։
Լուսինե Խառատյանի պատմվածքները կարծես բանավիճեն միմյանց հետ և լինեն միմյանց բովանդակային ստնտուն։ Նրանցում միանգամից երկու կոնստրուկտ կա՝ ազգությունը և կինը, կոնստրուկտներ, որոնք էլ կազմակերպում են դեպքերի հետագա զարգացումը։
«Սահմանային պատում»․ Կոնստրուկտիվիզմի զոհերը
«Անմոռուկի փակուղի» գրքի առաջին գործը կոչվում է «Սահմանային պատում»: Ինչո՞ւ: Որովհետև մարդը հնարված կոնստրուկտի զոհ է, ինքը կեղծել է իր էքզիստենցիան, իրենից դուրս է մղել այն ու դրել ազգության մեջ: Մարդը սահմանված է, սահմանված մարդուն պատմվածքի «ողնաշարային» կերպարը՝ ռուս Ալեքսանդր Բարիսիչը, ասում է կոնստրուկտ։
Լուսինեն մեզ է թողնում էքզիստենցիալ կեղծիքի բացահայտումը: «Սահմանային պատումը» Մեղրիում ձևակերպվող կոնստրուկտներից դուրս ծավալվող էքզիստենցիալ բախումների արտահայտման տարածքն է, որտեղ ոչ մեկը ոչ մեկի փորը չի թափում, բայց բոլորը գիտեն, որ իրենք սահմանված են ոչ թե մարդկությամբ, այլ ազգությամբ: Պատմվածքը սկսվում է կոնստրուկտ ջարդելու փորձից.
«-Այսօր ես գեր, սևամորթ կին եմ: Ասողը վաթսունն անց, բարձրահասակ, նիհար, ճաղատ, սպիտակ, սկանդինավյան արտաքինով տղամարդ էր՝ մոխրագույն ջինսով ու սպիտակ սպորտային շապիկով, որի վրա բնապահպանական թեմաներով ինչ-որ բան էր գրված»:
Մենք դեռ չգիտենք, թե ինչ է կծել այս տղամարդուն՝ Ալեքսանդր Բորիսիչին, նման բան հայտարարելու համար: Բայց հեղինակը արդեն առաջին իսկ նկարագրությամբ ջարդում է «գեր, սևամորթ կնոջ» կոնստրուկտը՝ նիհար, ճաղատ, սպիտակ: Հետո հեղինակը փոքրիկ մի շտրիխ է ավելացնում այս իրավիճակին՝ «2008-ի սեպտեմբերն էր, ռուս-վրացական պատերազմը նոր էր ավարտվել»: Իսկ իրեն «գեր, սևամորթ կին» հռչակողը ռուս է, որը Հայաստանի ծայր հարավում ուսումնասիրում է ադրբեջանահայ փախստականների երազները:
Ի՞նչ է պատմում «Սահմանային պատումը»։ Արշավախումբը Մեղրիում ուսումնասիրում է Ադրբեջանից փախած հայերի երազները։ Այդ մարդիկ, պարզվում է, երազում տեսնում են իրենց այսօրվա տների նախկին տերերին․
«Երազը պատմողների կարծիքով այդ տանտերերը կարոտում են ու գալիս իրենց տուն-տեղը տեսնելու»։
Հենց այստեղ էլ «ավարտվում» է արշավախմբի աշխատանքը։ Կարինեն «վերջինն» է, որ պատմվածքի սկզբից կարողանում է ներկայացնել արշավախմբի թիրախներից մեկի երազը․
«Երեկ Ալդարայում մի բաքվեցի կին ամենայն մանրամասնությամբ նկարագրում էր իր տան նախկին տիրոջը։ Ասում էր, որ տանտիրոջն ինքը երբեք չի տեսել, բայց որ սա իրեն 2-3 ամիսը մեկ այցելում է, հարցնում՝ նա վար, նա յոխ (ինչ կա, չկա-Մ․ Ա․), պատերի մեջ ինչ-որ բան փնտրում»։
Վերջ։ Այս պահից արշավախմբի ուսումնասիրության թիրախն ավարտվում է։ Սկսվում է ինքնաուսումնասիրությունը։ Սա այն է, ինչը Լուսինե Խառատյանն առավել ընդգրկուն բացելու է «Սիրիավեպ»-ում։ Կարինեն դեռ չի ավարտել ալդարացի կնոջ երազի պատմությունը, «երբ Գոհարը դիմում է Ալեքսանդր Բորիսիչին»։
«Երբ փոքր էի, միշտ նույն երազն էի տեսնում։ Երազում ուշ գիշեր ա, ես մեր տանն եմ, մեկ էլ հանկարծ դուռն ահավոր ուժեղ ծեծում են, համարյա ջարդում, ու ես միանգամից մտածում եմ, որ թուրքերն են, էկել են մեզ տանելու։ Մտնում եմ սեղանի տակ։ Դուռը ջարդվում ա ու ներս են խուժում հիտլերյան բանակի համազգեստով ու գերմանական կասկաներով ավտոմատավոր մարդիկ՝ ճիշտ և ճիշտ սովետական ֆիլմերում պատկերվող գեստապոյականների նման։ «Հենդե հոխ, շնելե, շնելե»,-ու ես ձեռքերս բարձրացրած դուրս եմ գալիս սեղանի տակից, բայց գլխումս մեխված ա, որ դրանք թուրքերն են ու էսա ինձ տանելու են ամբարում վառեն»։
Մինչդեռ Գոհարն անգամ ցեղասպանության զոհ հարազատ չունի, ինքն էլ բոլոր կողմերից արևելահայ:
Ալեքսանդր Բարիսիչն ի սկզբանե գիտի, թե ինչի հետ գործ ունի՝ նա գործ ունի «կոնստրուկտ» մտածողության հետ։ Այսինքն, ինչ հագուստով կամ ազգությամբ էլ գա թշնամին, նա միշտ թուրք է։ Գլխավոր գործը հայկական պրոպագանդան է արել: Ալեքսանդր Բորիսիչն ասում է, որ այս երազը կոնստրուկտիվիզմի արդյունք է, քանի որ հայերը տարիներով կառուցել են իրենց թշնամու կոնստրուկտը:
Ինքը՝ Ալեքսանդր Բարիսիչն էլ է կոնստրուկտի թիրախ։ Երբ նա պատմվածքի սկզբում իրեն համարում է «գեր, սևամորթ կին», նա ասում է՝ փորձեք մարդուն դիտարկել առանց կոնստրուկտի։ Բայց ռուս-վրացական պատերազմը նոր է ավարտվել։ 2008-ի օգոստոսին ոչ մի վրացի չի ուզում գործ ունենալ արշավախմբի ղեկավար Ալեքսանդր Բորիսիչի հետ։
Այս «կոնստրուկտը» ջարդվում է նաև պատմվածքի դրվագներից մեկում, երբ երկու ֆինն բանակցություններ են վարում Ագարակի պղնձահանքի ազգությամբ վրացի կառավարիչների հետ՝ իմանալով, որ գործարանի սեփականատերերը ռուսներ են։
Այս պատմվածքի բոլոր հերոսները յուրովի «հագեցնում» են կոնստրուկտը՝ Վազգենը՝ մեղրեցի պատմաբանը, որը նախկինում «ակտիվ ուսխորհուրդ, արհմիություն և ուսանողական այլ կառույցներում ընդգրկված, կոնֆերանսներին զեկույցներով հանդես եկող, դասերին միշտ պատրաստ ու քաղաքականապես չսթրվող երիտասարդ» էր, լրիվ բացել է՝ մեզ նման զտարյուն համարյա չի մնացել, ռուսական բանակի համազգեստով մի հայ հպարտանում է ռուս ժողովրդով, որի բանակի կազմում աբխազների հետ «կզցրել» է վրացիներին․ «Արա, ես ռուսի ցավը տանեմ։ Արա, որ դրանք չլինեն, մենք ապրողը չենք»։ Վազգենը մարդու դեմքին թռնող կոնստրուկտ է, որովհետև ինքը արիացի է։ Ազգային արժանապատվությունը Մեղրիի այդ մի մատ հողակտորի վրա բռնացնում է անգամ վրացի Քեթիին, որը սրճարանում արշավախմբի անդամ Նարեկի հետ նարդի է խաղում, մինչ ռուսական բանակի սպայական համազգեստով երկու ռուս, երկու հայ, որոնցից մեկի հագին նույնպես ռուսական համազգեստ է, մտնում են սրճարան ու կոնյակ հյուրասիրում հավաքվածներին․ «Российская армия угощает»․
«Կողքի սեղանի վրացիները (պղնձահանքի ղեկավարներն են-Մ․ Ա․) խոսքները մեկ արած դուրս եկան»։
Բայց նրանք ոչ միայն դուրս են գալիս, այլև Քեթիին են ստիպում դուրս գալ սրճարանից՝ նրան կոչ անելով, որ հայրենիքի հանդեպ հարգանք դրսևորի։ Ալեքսանդր Բորիսիչն այստեղ միակն է, որն իր վրա է «հավաքում» կոնստրուկտի հակակառուցողականությունը՝ նա մի մինիհիսուսիկ է, որը գիտի աղմկահարույց բոլոր կոնֆլիկտների ակունքը՝ ինքդ քեզ ուրիշներից վեր դասելը։ Նա չի խոսում Հիտլերից, չի խոսում Վլադիմիր Պուտինից, նա եկել է գցելու հակակոնստրուկտի սերմը։ Որովհետև այդ սերմի բացակայությունը իրենց երազները պատմող փախստականների ճակատագրի մեջ է, նրանք Ադրբեջանում տուն են կորցրել հայ լինելու պատճառով, Գոհարի երազի գերմանացիները միշտ թուրք են, որովհետև եթե եկել են սպանելու, ուրեմն թուրք են։
Լուսինեն պատմվածքի վերջում հանճարեղ լուծում է գտնում քանդելով ամբողջ «կոնստրուկտիվիզմը»: Նարեկն իր հայկականության մի վերկոնստրուկտիվ փաստարկ ուներ՝ երևանյան հիվանդությունը: Մինչդեռ Բորիսիչը պարզում է, որ դրանով հիվանդանում են նաև թուրքերն ու արաբները:
Բորիսիչը դնում է կոնստրուկտիվիզմի հաղթարձանին պակասող վերջին քարը՝ բոլոր ազգերը կոնստրուկտ են, այսինքն, «մարդը էս կամ էն ազգի ոչ թե ծնվում է, այլ՝ դաստիարակվում»՝ ծնողները, միջավայրը և պետությունն են «կառուցում» ազգին: Ալեքսանդր Բարիսիչն առաջարկում է կոնտրկոնստրուկտ, որտեղ ազգություն չկա, և որի էությունը հետևյալն է՝ ես այն եմ, ինչ ինձ զգում եմ: Սա բառերի հետ խաղ է և բառախաղ: Կոնստրուկտը քարացած բառն է: Քարացած բառերն ամենից շատ են սազում թշնամու կերպար ստեղծելուն, կամ մինչև բառերը չքարացնես, թշնամու կերպար չես ստանա: Կոնստրուկտը փակուղի է։ Ահա Ալեքսանդր Բորիսիչի ակնարկը։
Պատմվածքի վերջում Նարեկը երազ է տեսնում, որն ի դեպ արշավախմբի ուսումնասիրության թեման էր՝ ուրիշների, մասնավորապես փախստականների երազները: Ինքը 6-7 տարեկան երեխա՝ պապի հետևից ընկած սինդրիկի որոնումներով: Ամենամատղաշ ու համով սինդրիկը ձյան տակ էր լինում: Մանկությունը դառնում է հակակոնստրուկտիվիզմի լավագույն ապաստարանը և բնությունը նրա լավագույն «մարգարեն» է: Նարեկի երազում կյանքով անցած ոչ մի մարդ չկա, պապը սոսկ մանկության մասնիկ է։ Հաջորդ առավոտյան բարմենը Նարեկին ասում է.
«Ամեն երեկո ես ձեր բոլոր քննարկումները լսել եմ: Նայի, հա, եթե հանկարծ Մեղրիի հարցը բանակցություններում նորից շոշափվի ու ստեղ մի բան նենց չգնա, ես գիտեմ ում փնտրեմ»:
«Սարի հակառակ կողմը»․ Գոդոյին սպասելիս
«Սահմանային պատում»-ին հակադրվում է «Սարի հակառակ կողմը» պատմվածքը, որը հեղինակը ներկայացնում է որպես կարճամետրաժ ֆիլմ։ Այստեղ կոնստրուկտն արդեն ինքնապահպանման բնազդ է խաղում:
Երեք հայ ու մեկ գերմանացի մեքենայով մտնում են Իգդիր, ճանապարհին հայերի կողմից «Արևելյան Անատոլիայում գազանաբար սպանված ավելի քան մեկ միլիոն թուրք ժողովրդի հիշատակը հավերժացնող հուշարձան» է: Իսկ հուշարձանի տակ մի քանի սենյակ հատկացված էր թանգարանին։ «Հուշահամալիր թանգարանը ստեղծվել է Ալիևների ընտանիքի ֆինանսական աջակցությամբ»։ Ինչպե՞ս մտնել, որ ներսում գլխի չընկնեն, որ այցելուները հայեր են: Պետք է ներկայանալ գերմանացի, հատկապես, որ ուղևորներից մեկը՝ Քրիսը, գերմանացի է: Դա տարբերակ չէ, «սրանց ամեն երկրորդը Գերմանիա գաստերբայտեր է եղել կամ ուզում է լինի, բա որ հետներս գերմաներեն խոսան, ո՞նց ենք տակից դուրս գալու»: Գուցե հոլանդացի՞: Կրկին տարբերակ չէ, որոշում են, որ Քրիսը մնում է գերմանացի, բայց Թիֆլիսում աշխատող, իսկ երեք հայերը դառնում են նրա վրացի աշխատակիցները:
Հուշահամալիր-թանգարանում մեր հայ հյուրերը փորձում են առերեսվել իրենց նախկինների «գազանություններին»։ Նրանց վրա թանգարանի միակ աշխատակիցն առանձնապես ուշադրություն չի էլ դարձնում։ Պատմվածքի սյուժեն այսպիսին է՝ տղամարդը «բծախնդրորեն» արթնանում է, սափրվում ու պատրաստվում մեկնել աշխատանքի, նա հուշահամալիրի գլխավոր աշխատակիցն է, իսկ նրա թանգարանի օրվա գլխավոր հյուրը՝ Մեհրիբան Ալիևան։ Ամբողջ սյուժեում աշխատակցի սպասումն է։ Գոդոն այդպես էլ չի գալիս։ Փոքր մարդը մնում է իր ծավալների մեջ, նա այսօր ոչնչով աչքի չընկավ։
Իսկ հայ այցելունե՞րը։ Նրանք ըստ էության փորձում էին առերեսվել պատմության «չպատմված» կողմին։ Հակառակի պես պարզվում է, որ թանգարանի արժեքավոր ունեցվածքը՝ զոհերի գանգերի մարդաբանական տիպը հայկական է ու դա փորձել է ապացուցել «նիսանի հայ վարորդը», որն իր գլուխը պահել է գանգերի մոտ դա ապացուցելու համար։
Այս պատմվածքը «պատմություն» ստեղծելու և այդ պատմությամբ «հակապատմության» հետ կռիվ տալու մասին է։ Այստեղ դուք չեք գտնի կռվի դրվագներ։ Այստեղ նույնիսկ «պատմությունը» կասկածի տակ առնելու միակ դրվագը (Նիսանի վարորդի «փորձաքննությունը») գրեթե հավասարեցված է զվարճանքին։ Այս պատմվածքը «կոնստրուկտի» կործանիչ «արժանապատվության» մասին է՝ թուրք ժողովուրդը թույլ չի տա, որ իրեն ներկայացնեն որպես ցեղասպանություն իրականացրած ազգ, ինքը կներկայացնի ցեղասպանության իր տարբերակը, որում իսկական գազանները հայերն են։
Լուսինե Խառատյանը չի պատմում, շպրտում է այս պատմությունը այն աստիճան, որ այստեղ նույնիսկ գույներ չկան։ Չորս զբոսաշրջիկ մտել է Թուրքիա, պարզ երևում է, որ պատմվածքում հակաթրքականության ոչ մի կանխատրամադրվածություն չկա։ Եվ «ֆալոսատիպ» հուշարձանի տակ Ալիևների ընտանիքի փողերով կառուցված հուշարձանը նրանց զգուշացնում է՝ դուք կոնստրուկտի տարածքում եք։ Եվ մեր հերոսներն առաջարկում են իրենց հակակոնստրուկտը՝ գուցե գերմանացի՞ ներկայանանք, գուցե հոլանդացի՞։ Նրանք իրենց ներսում հայ-թուրքական սահմանը բացած զբոսարջիկներ են, նրանք եկել են տեսնելու Թուրքիան, նրա մարդուն։ Եվ տեսնում են՝ գյուղեր, գյուղաքաղաքներ, բենզալցակայաններ, էշեր, սայլեր, տրակտորներ, ջփեր, միհարկանի կավածեփ տներ՝ խոտաճ տանիքներով ու արբանյակային ալեհավաքներով, մոտոներ, կարմիր դրոշ, մշակված դաշտեր, անմշակ դաշտեր․․․
«Այդ ձմերուկահոտ ամառը»․ Դևերը
«Այդ ձմերուկահոտ ամառ»-ում առաջին անգամ միախառնվում են կոնստրուկտը և կինը։ Այս պատմվածքից սկսած մենք մտնում ենք Լուսինե Խառատյանի կանանց աշխարհ, թեպետ «Karabakh Meat Market» պատմվածքում արդեն գործ ունենք Ուբերից իջնող ամերիկացի աղջկա հետ, որն առանձին աշխարհ է, բայց այս պատմվածքում հեղինակը, այսպես ասած, թեթևասահ մի կնոջ՝ Հայկանուշի պատմությամբ կոնստրուկտից անցնում է կնոջը։
«Ըհհհ,-հաճույքից տնքաց Հայկանուշը»։
«Այո, ինքը Հայկանուշը Թուրքիայում է՝ Անթալիայում, և իր մարմնի հետ խաղում է թուրք մերսողը և դա այնքան հաճելի է, որ կուզեր հավերժ լիներ»։
Հայուհի Հայկանուշը իդեալական իրականության մեջ թերթում է անցյալի էջերը՝ մեկը մեկից տգեղ, ծանր, ջլատող, ապրելու կամքի ամբողջ ծուծքը քամած։ Բայց ահա ինքը Թուրքիայում է՝ Անթալայիայում, և նրա մարմնի հետ խաղում է թուրք մերսողը։ Նույնիսկ այս տղան հընթացս համբուրում է նրան․
«Տատը տեսներ, իր փոխարեն ամոթից գետինը կմտներ․ հերիք չի կրծքերը բացել ա անծանոթ տղամարդու առաջ, հերիք չի էդ տղամարդը թուրք ա, հլա ինքն էլ անամոթաբար տնքում ա։ Պապն ու տատը ադրբեջանահայ էին»։
Լուսինե Խառատյանը պատմվածքի հենց սկզբից «բացում» է հայ-թուրքական սահմանը, որովհետև կինը՝ Հայկանուշը, հաղթում է ազգությանը, գրգիռները քայլում են սեփական պայծառացումների հետևից ու, կարճ ասած, Հայկանուշն իր մեջ արդեն բացել է հայ-թուրքական սահմանը։ Թուրք մերսողը, առանց այս կնոջ անցյալի դրվագները ենթադրելու, իր գործն է անում։ Նա ներկայի պատասխանատուն է։ Հատկապես որ հայուհի Հայկանուշին մերսողը երևում է մկանուտ ու ուժեղ մի տղամարդ։ Այստեղ արդեն կոնստրուկտն ընդհանրապես պարտված է։ Թուրք տղամարդը ապաստարան է, որտեղ հայ կինը պատսպարվում է Աշոտից, Վարդանից, ձմերուկահոտ ամռանից, Վռուբելից, Վարդանի դևերից։ Մինչդեռ ինչքան լավ էր սկսվել ամեն ինչ․
«Հայկանուշի մանկությունն անցավ գրքերի մեջ: Կարդում էր ամեն բան: Կարդում էր ինքնամոռաց: Ամբողջ օրը գրքերի հետ էր, երկխոսությունների մեջ տո կոմսուհի դե Մոնսորոն էր, տո Մարգո թագուհին: Մի քիչ որ մեծացավ, հերոսուհիները փոխվեցին, հիմա արդեն Նաստասյա Ֆիլիպովնան կամ Նատաշա Ռոստովան էր»։
Հեղինակը շատ աննկատ է ակնարկում, որ Հայկանուշը ապրում է մի դիվական անեծքի մեջ, կյանքի գրեթե ամեն դրվագում իր հետ կյանքի բոլոր կապվածությունները՝ Վարդանը, Աշոտը, սերերը, գրքերը, հորաքույր Արփենիկը ասես այդ անեծքի իրականացումները լինեն։ Դիցուք, իր ու Վարդանի (որին Հայկանուշը հանդիպում է Դամասկոսում ուսանելու տարիներին ու սիրահարվում-Մ․ Ա․) միակ ընդհանուր սերը Վռուբելի «Դևն» է։
«Այնքան անսպասելի ու տարօրինակ չարք էր (Վռուբելի Դևը-Մ․ Ա․)՝ ամբողջ աշխարհից հոգնած, կորած, մոլորված, ասես մարդկանց ասում էր՝ ինձ հանգիստ թողեք: Աշոտը (Հայկանուշի եղբայրը, որը ամեն հանցանքի գնում էր, որ հոր երեսը չտեսներ, ատում էր-Մ․ Ա․) նման էր այդ չարքին: Վարդանն էլ էր նրան նման»:
Կարճ ասած, մի փակ շրջանի մեջ է ապրում։ Ահա ինչու է կապվածություն չենթադրող միակ արարածը՝ թուրք մերսողն այդքան այլաշխարհային թվում Հայկանուշին, ասես դիվականության միակ այլընտրանք։ Թուրք մերսողի մատները դառնում են խարիսխ։ Իսկ ի՞նչ տղամարդ էր տեսել այս կինը։ Առաջինը նույնիսկ ինցեստի է նման․
«Կլիներ 4-5 տարեկան, երբ Աշոտը նրան փակեց ննջարանում, իջեցրեց իր շալվարն ու տրուսիկը, ապա Հայկանուշին մոտ կանչեց, բարձրացրեց շրջազգեստը, իջեցրեց տրուսիկն ու ասաց․ «Հայկուշիկ, տես սառը կոճակս»․ ապա կոճակը փորձեց կոճկել Հայկանուշի կոճկանցքին։ Աշոտն այդ ժամանակ 12-13 տարեկան էր։ Հայկանուշը բան չհասկացավ, բայց Աշոտը կարգադրեց, որ ոչ ոք չպիտի իմանա։ Եվ, իհարկե, ոչ ոք չիմացավ»։
Այս ինցեստն էլ հենց սկզբնավորում է անեծքը՝ Հայկանուշն այլևս երբեք սեքսով չի զբաղվելու։ Ամեն-ամեն ինչ չստացված է նրա կյանքում։ Անթալիան այդ ամենի պատասխանն է, վրեժը։ Իր ամբողջ կյանքի վրեժը Թուրքիայում է՝ անթալացի մի մերսողի ձեռքում, որը սեր չի տալիս, բայց կտրում է կյանքից։ Հեղինակը կոնստրուկտ է ջարդում մի կնոջ ձեռքով, որն այդպես էլ չի դադարում իրեն հայ զգալ, որն ապրում է կյանքի բոլոր նախապաշարմունքները, այդպես էլ չի կարողանում բղավել իր կյանքի անհաջողությունները, որն ամբողջ էությամբ կրում է Աշոտի տևական ինքնասպանության բոլոր դրվագները և այդպես էլ չի այցելում նրան, երբ Տուբդիսպանսերում վերջինս մեռնում է ՁԻԱՀ-ից ու կրկին մեղքի զգացում ունենում․
«Այդ ամառվա ձմերուկահոտ մեղքը հիմա մի ահռելի հսկա էր՝ Վռուբելի չարքի կերպարանքով»։
Եվ ոչ ոք, աշխարհում ոչ ոք չկա, որ այդ աղջկա միջից վանի դևերին։ Նա հո իր աչքով տեսել է, թե ինչպես է Վարդանի միջից Մաալուլայի հոգևորականը քշել միանգամից երկու չարքի․
«Ես դրանք հանեցի: Բայց, եթե հանկարծ մեկը վերադառնա, իր հետ յոթին կբերի»,-ասում է այդ հոգևորականը։
Այդ ձմերուկահոտ ամառը հենց այն ամառն է, երբ Հայկանուշն իրար գլուխ է հավաքում իր միջի բոլոր դևերին։ Հիմա ինքն արդեն ամփոփ դժբախտության կրող է, շրջել է ամբողջ աշխարհով, եղել Վենետիկում, Փարիզում, Թուրքիայում, Իտալիայում, Եգիպտոսում, նույնիսկ Կիսլովոդսկում, թվում է, թե դժբախտ զգալու բան էլ չկա։ Բայց ամեն երկրից մի մագնիս է բերել սառնարանի համար, ու աչքին խփում է միայն դրանցից մեկը՝ արնագույն, միլիմետրանոց դրոշը, որ «ծածանվում էր Բոսֆորը պատկերող մագնիսի վրա»։
«Մի վայրկյանում սառնարանից պոկեց մագնիսն ու աղբամանը նետեց»։
Ի՞նչ է անում Հայկանուշը՝ նա մնում է իր դևերի հետ։ Նա տնից հանում է իր գլխավոր Դևին՝ թուրք մերսողին, որի մասին հիշեցնում է արնագույն, միլիմետրանոց դրոշը, որ «ծածանվում էր Բոսֆորը պատկերող մագնիսի վրա»։ Բայց մյուս կողմից սա Հայկանուշի վերահավատարմությունն է կոնստրուկտին՝ եթե ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում, գոնե ինչ-որ բան կարող է նշանակել այն իրականության համար, այն տարածության համար, որում ապրում է։ Այսինքն, ինքը հայ է։ Դեն նետելով թուրքական մագնիսը՝ Հայկանուշը «փակում» է հայ-թուրքական սահմանը, որը գրգիռներով էր բացել։
«Ծովը»․ «Մայրիկը»
«Ծովը» պատմվածքի գործողությունները կրկին Թուրքիայում են «խլվլում», կրկին բաղնիքում, բայց այս դեպքում՝ համամ կոչվող բաղնիքում, որտեղ քիսաչին 60-ին մոտ, կնճռոտ դեմքով կին է «ու հիվանդ ոտքերն այնքան ծռված, որ արանքով գնդակ կանցներ»։
Լուսինե Խառատյանը շարունակում է ֆրանսիացի գրող Աննի Էռնոյի նման պատմել իրենից դուրս գտնվող, այսպես ասենք, իր հետ չհատվող աշխարհի իրականությունը։ Չհատվել բառը երկիմաստ է, քանի որ հեղինակը անցնում է այդ աշխարհի միջով, կարելի է ասել՝ այդ աշխարհը չկա, քանի դեռ Լուսինե Խառատյանը չի պատմել նրա մասին։ Բայց ինքը չի հատվում այդ աշխարհին, որովհետև այնտեղ հիմնական դերակատարները պայմանականություններն են, որոնք ինքը՝ հեղինակը, չունի։ Եվ, այնուամենայնիվ, Խառատյանը գրում է ինքնապատումի թեթևությամբ այն իմաստով, ասես իրադարձությունը հավաքել է բռի մեջ։
«Ծովը» պատմվածքի հերոսուհին՝ Լիլիթը, նրա՝ Լուսինեի «կանանցից» ևս մեկն է։ Նա մի աղջիկ է, որը առանց մոր աշխարհի կեսը ման է եկել, մի ամբողջ տարի մեն-մենակ ապրել է Նյու Յորքում (Լիլիթի կերպարում առանց մեծ ջանքերի կարելի է ճանաչել «Սիրիավեպի» Աստղիկին այն տարբերությամբ, որ Լիլիթը որևէ մասնագիտությամբ չի ներկայանում)։ Մեծ քաղաքներում Լիլիթն իրեն զգում է ձուկը ջրում։ Ինքը սիրում է մեծ քաղաքները, որտեղ․
«ձուլվում եմ միլիոնավոր մարդկանց հոսքին, դեմքս կորցնում էդ մարդկանց մեջ»։
Այս պատմվածքի Ծովը Ստամբուլն է, «ես ընդամենը հատիկ եմ, կաթիլ էդ մարդկային ծովում»։ Բայց դրաման «աշխատացնողը» մայրն է, որը հյուրանոցում սպասում է դստերը, մինչ դուստրն իր ընկերուհու՝ Անուշի հետ գնացել է համամ, որտեղից դուրս գալուց հետո մտել են մի տեղ թեյ խմելու։ Ստամբուլում այսպիսի անհոգությունը մայրը չի հասկանում․
«Ախր ինչպե՞ս չէին հասկանում (Լիլիթն ու Անուշը-Մ․ Ա․), որ այդ թշնամական քաղաքում մենակ այս ուշ ժամին չի կարելի ման գալ։ Գրասեղանին իրար վրա դարսված էին գրքերը՝ ցեղասպանության հուշագրություններ, որոնք մայրը հետը Ստամբուլ էր բերել»։
Մոր աչքին ամբողջ Ստամբուլը յաթաղանավոր թուրք է, որը հենց հայ զոհի է սպասում։ Իսկ Լիլիթը աշխարհի ամենամեծ քաղաքներից միայն Մոսկվայից է սարսափում։ Պատճառը պարզ է․
«Էդ միակ քաղաքն է, որտեղ ես մարդկանցից վախենում եմ։ Ավելի շուտ՝ ոչ թե մարդկանցից, այլ՝ մարդատյացությունից, մարդկային անտարբերությունից, իմ՝ իրենցից տարբերվելուց»։
Հենց այս «իմ իրենցից տարբերվելուց»-ի մեջ է պատմվածքի հանգուցալուծումը։ Մայրը կոնստրուկտի «երկրպագու» է, Լիլիթը՝ մարդկային ծովում անէանալու։ Եվ հիմա ինքը մի քաղաքում է, մայր, որտեղ սնանկանում է «Անլռելի Զանգակատունը», որտեղ չի կարելի մտնել նախապաշարմունքներով։ Ստամբուլը գլոբալիզացիայի քուրա է։ Այստեղ ոչ միայն հայ-թուրքական սահմանն է բաց, այստեղ նաև ջնջված են մարդկային տարբերությունները, այստեղ նույնիսկ գիշերվա ու ցերեկվա տարբերությունն է անգամ ջնջված։
Բայց իսկապե՞ս մեր հերոսուհին այդքան հակապայմանական է։ Բանն այն է, որ ինքն էլ վախեր ունի ու այդ վախերը կրկին տարածվում են մարդկանց վրա։ Բայց դրանք «կոնստրուկտային» վախեր չեն, Լիլիթը զզվող է, ինչպես «Ավիատոր» ֆիլմի դի Կապրիոն։
«Ուրիշի խմած բաժակով ջուր չէր խմի, մինչև ճաշն ուտելը միլիոն անգամ կստուգեր գդալը, սպասքը․․․ հանրային վայրում զուգարան գնալիս դուռը ձեռքով չէր բացի, միլիոն անգամ լվացվելուց հետո սրտում միշտ կասկած կմնար»։
Ահա ինչու է մայրը ցնցված՝ «դի Կապրիոն» գնացել է հանրային բաղնի՞ք։ Այո, մայր, դու չէի՞ր ասում՝ կյանքը մեր վախերը հաղթահարելու մասին ա։ Հեղինակը ձեռագործական ճշգրտությամբ փորձում է ցույց տալ, թե որտեղից է Լիլիթի այս հակապատկերությունը իր մոր համեմատ, ինչու է պտուղը ծառից այսքան հեռու։ Լիլիթը մոր վախերի շարունակությունն է, հեղինակը այդ հատվածը պատմում է բառին վիճակված թեթևությամբ, ոչ թե պատմում է, այլ ասես փոխանցում տելեպատիկ լռությամբ՝
«Մայրն ամեն օր վախենում էր։ Սկզբից վախենում էր, որ ժամանակից շուտ կմահանա, Լիլիթն անտեր կմնա։ Էդ վախն այնքան մեծ էր ու այնպես ուժգին, որ շտապ օգնության մեքենան համարյա ամեն գիշեր Լիլիթենց բակում էր․․․ Հիմա էլ, երբ աղջիկն արդեն մեծ էր, մոր հիմնական վախը նրա համար բեռ չլինելն էր։ Մի՞ թե մոր կյանքն այդ վախերի շուրջ չէր կառուցված»։
Գուցե հենց այս պատմվածքն է իրական առիթը ասելու համար, թե ինչո՞ւ է ժողովածուն, որտեղ ամփոփված են մեր քննության թիրախում գտնվող գործերը, կոչվում «Անմոռուկի փակուղի»։ Այս ժողովածուն «կռիվ» է՝ պատմության նստվածքի դեմ։ «Անմոռուկը» անցյալն է, որը բռնել է ներկայի կոկորդից, ահա ինչու է համանուն պատմվածքի հերոսը նկարչության ուսուցչի հարցին, թե ի՞նչ ես անում, գրբացի առոգանությամբ պատասխանում․ «Անցյալն եմ քանդում»։ Էլին՝ պատմվածքի հերոսը, իմաստավորում է ուզում, նա ուզում է հասկանալ՝ փակուղուց դենն աշխարհ կա՞։ Էլին անցյալը քանդում է, որպեսզի ժամանակը գնալու տեղ ունենա։ Ժամանակը խցանված է Անմոռուկի փակուղում, որտեղ ծնվել է համանուն պատմվածքի հերոսը և որտեղ․
«․․․երեխաները մանկուց ծեր էին։ Նրանց մարմնի և ուղեղի ծալքերը հավասարապես կնճռոտ էին»։
«Ծովը» պատմվածքի մայրը Անմոռուկի փակուղու ծնունդ է, այդպիսին է «Սահմանային պատում»-ի պատմաբան Վազգենը, ի վերջո այդպիսին է մնում «Այդ ձմերուկահոտ ամառ»-ի Հայկանուշը։ «Ծովը»-ի Լիլիթը չի ուզում խցանվել։ Նա չի ուզում իր մոր նման մնալ նույն տարիքում, որտեղ նարատիվը միշտ մեկն է․ «Այդ թշնամական քաղաքում (Ստամբուլում-Մ․ Ա․) մենակ այս ուշ ժամին չի կարելի ման գալ»։
Լիլիթը գոյության մեծ հավակնություններ չի բղավում, նա ուզում է լինել աշխարհի ու իրականության օրինաչափ մասնիկը, նա չի ուզում լռվել որևէ վախի մեջ, որը խանգարում է տեսնել ապագայի ամբողջ գունապնակը։ Ինչպե՞ս նա դա ասի իր մորը։ Նա սիրում է Ստամբուլը, նա ուզում է ազատագրվել, եթե նույնիսկ դրան չի հետևելու տիեզերական որևէ նվաճում։ Նա անգամ սիրո մասին չի բղավում։ Որովհետև դեռ ուզում է իր սեփական ոտքերով չափել աշխարհի տարածականությունն ու նրա հետ իր սեփական միասնականությունը։ Անցյալը նրա համար էքզիստենցիալ փորձության շտեմարան չէ և նույնիսկ եթե՝ է, նա դա երբեք չի փաթաթի «թռչնի» իր մղումների վրա։
«Karabakh Meat Market»․ Սիզիփոսի առասպելը
Ամբողջ պատմվածքը «լեռան գագաթից ընկնող ժայռի» պատմություն է: Հերոսուհին Լոս Անջելեսում է հենց այն օրերին, երբ Ղարաբաղում ապրիլին սկսվում է ընդամենը չորս օր տևող պատերազմը: Ամբողջ պատմվածքում հերոսուհին իր վզին կախված «կոնստրուկտի» հետ է՝ փոքր երկրի, որն ավելի շուտ նման է փակուղու: Ահա ինչու Լուսինե Խառատյանի բոլոր հերոսներն այս գրքում ճանապարհներին են: Սյուժեն պատմության տակն է, դեպքերը ծավալվում են փակուղուն զուգահեռ: Ընդհանրապես փակուղին այս գրքում ամենուր է, առաջին պատմվածքից մինչև վերջին պատմվածք։ Ամենակարևորը՝ այդ փակուղու բոլոր «զոհերը» կին են։ Ինչո՞ւ։ Որովհետև բոլորն էլ ոչ թե քարն են հրում գագաթ, այլ քարը գրկած են գագաթ բարձրանում։ Նրանք ոչինչ դեն չեն նետում իրենց սրտից։ Հայկանուշը աշխարհն է ոտքի տակ տվել, բայց մտքից չի հանում, որ «թուրքը մնում է թուրք»։
Վերադառնանք «Karabakh Meat Market»-ին։ Պատմողը Լոս Անջելեսից վերադառնում է Երևան։ Գլենդելի «Հիլթոն» հյուրանոցից նրան օդանավակայան պիտի հասցնի Ուբեռը՝ ամերիկյան առցանց տրանսպորտային ընկերության տաքսին, որի վարորդը «ծիտ» է։ Ահա թե ինչպես է հեղինակը նրան նկարագրում․
«Մուգ կապույտ ջինսը գրկել էր ամուր ու գրավիչ կազմվածքը, իսկ ճեփ-ճերմակ քաթանե շապիկն ընդգծում էր գեղեցիկ կրծքերը, ցույց տալիս երկար վիզը: Բաց շագանակագույն խոպոպներն անփույթ հավաքված էին և թևերով մեկ տարածված մեծ ու փոքր պեպենները ճիշտ խոպոպների գույնն ունեին։ Արևային ակնոցը փակում էր աչքերը, բայց փոխարենն ընդգծում հյութեղ ու գրավիչ շուրթերը և փոքրիկ, պեպենոտ քիթը»։
Մենք արդեն զգում ենք, որ ամեն նկարագրության մեջ պատմողը կորցնում է իրեն, այսինքն, հայտնաբերում է իրեն չհերիքողը, ամեն բառի հետ պատմողն ավելի կին է դառնում։ Պատմվածքի սկզբից պատմողը հերոսուհի չէ, պատմվածքի վերջում նա դառնում է հերոսուհին, երբ փակուղու «վարակը» մեկուսացնում է նրան այն մտքից, որ շուտով կթողնի Լոս Անջելեսը։
«Ու ուզում էի մնալ հենց այդտեղ, այդ մեքենայում, ու նրա հետ քշել, քշել։ Ու որ չլինի փակուղի, շրջափակում, սահմանդ օվկիանոսը լիներ, փոխես քաղաքներն ու ամեն քաղաքի հետ՝ սեռդ, գույնդ, տեսակդ»։
Լուսինե Խառատյանը վերջապես «հավատամք» է շարադրում։ Այնտեղ, որտեղ վերադառնում է ինքը, այսինքն, Երևան, սեռը, գույնը, տեսակը նույնքան փակուղային են։ Լուսինե Խառատյանը խոսում է կնոջ մասին, նա հակադրում է Ուբեռի վարորդին ու վերադարձող կնոջը։ Վերջինս ընդառաջ է գնում սեռին, գույնին ու տեսակին, մինչ Ծիտը ամենուր ծիտ է ու ամենևին կարևոր չէ, թե ինչ սեռի, գույնի ու տեսակի։ Նա Ամերիկայում մտածում է հոլիվուդյան դերասան դառնալու մասին, ընդ որում հիմքեր ունի․«Ուբեռի վարորդ չի, է, հուրի փերի ա»։ Նա կարիք չունի մտածելու կին լինելու մասին, նա մի երկրի ներկայացուցիչ է, որտեղ փակուղիներ չկան, որի պատմությունը միայն ընդլայնում է հորիզոնները, ապագան։ Նա կարիք չունի փորփրել անցյալը, մտածել խաղաղության մասին, մտնել որևէ մեկի կոնստրուկտի մեջ։ Եվ ահա թե ինչպես է առաջին դեմքով պատմողը ներկայացնում Ուբեռի վարորդի առաջին իսկ գործողությունը․
«Փերին բացեց բագաժնիկը»։
Ըստ իս, սա ամբողջ գրքի ամենաուժեղ նախադասությունն է։ Հեղինակը մեր ամբողջ ուշադրությունը բևեռում է մեկի վրա, որը հեքիաթից է իջել, ընդ որում ցույց է տալիս, որ փերին անգամ «տեղյակ չէ», թե ինչ ծիտ է, մեզ բոլոր նշաններով, բծախնդրությամբ, կարելի է նույնիսկ պնդել՝ ինքնակեղեքմանը հանձնված, ներկայացնում է մի պայմանական Օդրի Հեփբըրնի, ու հանկարծ․ «Փերին բացեց բագաժնիկը»։ Լուսինե Խառատյանի հերոսուհին այս նախադասությամբ ներկայացնում է Ամերիկան։ Մի երկրում, որտեղ փերին «բագաժնիկ» է բացում, ոչ թե կյանքի ծանրության մասին է խոսքը, այլ՝ ընտրության թեթևության։ Պարզ երևում է, որ այս աղջիկը միջին վիճակագրական ամերիկացի է, որն իր ներսում փակել է կին լինելու բոլոր հարցերը, որովհետև այդպիսի հարց ուղղակի չկա։ Պոստմոդեռնիստական թեթևությամբ հեղինակը կանգնում է հեքիաթի առաջ որպես հայելու ու սկսում կորցնել իրեն նրա մեջ։ Որովհետև այլընտրանքը փակուղին է, որը տեսանելի է նույնիսկ Ամերիկայում։ Այսինքն, Ամերիկայում անգամ տեսանելի է գրեթե մի Հյուսիս-Հարավ ունեցող Հայաստանը, որտեղ վերադառնալու է հայ հերոսուհին․
«Մեծ երկիր եմ ուզում: Ուզում եմ, որ հավանական մայրուղիները շատ ու բազմազան լինեն ու ոչ միայն հյուսիս-հարավ»։
«Karabakh Meat Market»-ը հեղինակի ամենացավաշատ գործն է, թեպետ Խառատյանն այն պատմում է ուրախ։ Ոչինչ մեզ չի խանգարում մտածել, որ հեղինակը այս պատմվածքի բոլոր տողերի վրա եփել է իր երկար տարիների «մաքուր հայկական» մտահոգությունները, ոչինչ չի խանգարում մտածել, որ կինն ընդհանրապես «Անմոռուկի փակուղի» գրքում իր տեղը չի գտնում այն պարզ պատճառով, որ շատ լավ «գիտի» իր տեղը՝ մի դեպքում դա Քեթին է, որին վրացիներն են թելադրում, թե ինչ զգացումներ ունենա ռուս տեսնելիս, մեկ այլ դեպքում, ասենք, «Մանասը»-ում, հենց պատմողն է, որը Բիշքեկ մտնելու պահից բոլորի մեջ բռնարարի է տեսնում, մի ուրիշ դեպքում Լիլիթն է, որը բոլորից լավ գիտի իր անելիքը, բայց նրա «ժայռը» մայրն է, մայրն է նրա փակուղին և վաղ թե ուշ դա կարող է դեֆորմացնել Լիլիթին։
«Մանասը»․ Լույսը թունելի վերջում
«-Деточка, а вы откуда?
-Из Армении,- հոգնած պատասխանեց Արփինեն:
-Аааа… А у вас тоже Путин президент»?
«Դեպքերը» ծավալվում են Ղըրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Արփինեն այստեղ է եկել Մոսկվայից ու հենց օդանավակայանում պարզում է, որ Ղըրղզստանի ամերիկյան ռազմաբազան ու «Մանաս» օդանավակայանը նույն բանն են։ Սա գրքի «ամենաարկածային» գործն է։ Այստեղ հերոսուհին տաքսի նստելու պահից մինչև հյուրանոց հասնելը մինչև վերջ կին է, քանի որ ամբողջ ճանապարհին մտածում է, որ տաքսիստն իրեն բռնաբարելու է։
«Մի քանի րոպե լուռ քշելուց հետո վարորդը, որը միջին տարիքի ոչ ղրղզական արտաքինով տղամարդ էր, հարցրեց.
-А вы откуда?
-Из Армении,- պատասխանեց Արփինեն։
Մի քանի րոպե տևած մթությանն ու լռությանը հետևեց վարորդի հաջորդ նախադասությունը․
–А я из Азербаджана.
Արփինեն լարվեց։ Միտն եկավ, որ ոչ աշխատող հեռախոս ունի, ոչ էլ պատկերացում, թե ուր է գնում»։
Հերոսուհին մի քանի վայրկյանում դառնում է «Գուրգեն Մարգարյան»։ Հիմա նա սպասում է վատագույնին։ Եվ այս ֆոնին ասես կացնի իջնող հարված դառնա վարորդի հաջորդ նախադասությունը․«Никому не доверяйте»։ Իսկ Արփինեի աչքի առաջով արդեն անցնում են Սումգայիթի ջարդերը, այն կինը, որին մերկ իջեցրել էին բակ, խոշտանգել, բռնաբարել։ Լուսինե Խառատյանը ոտքը չի էլ քաշում նատուրալիզմի «գազից»․
«Հատկապես մի միտք հանգիստ չէր տալիս․ զոհերից մեկի հեշտոցը խրած երկաթի կտորը։ Հեշտոցը լարվեց, սեռական շուրթերն ամուր սեղմվեցին ու փակեցին հեշտոցամուտքը։ Փաստորեն հեշտոցով են վախենում…»:
Պարզ է, չէ՞, որ ադրբեջանցի վարորդը Ուբեռի ծտի հակապատկերն է, այստեղ նույնիսկ ադրբեջանցու արտաքին գծերը նկարագրելու «առողջություն» չկա։ Հերոսուհին դառնում է սեփական կոնստրուկտի անեծքը։ Նա երբեք չի մտածի, որ ադրբեջանցին իր նման մեկն է։ Նա վերցնում է հայ-ադրբեջանական «դարավոր» պատմությունը ու դրա վրա հավաքում ադրբեջանցի վարորդի կերպարը։ Հերոսուհին ոչնչացնում է մարդուն հընթացս, բառացիորեն ճանապարհի վրա։ Եվ հանկարծ․
«Վերջապես կանգնեց մի բարձրահարկ շենքի բակում։ Վարորդն իջեցրեց ճամպրուկը, իսկ Արփինեն դուրս թռավ մեքենայից։ Վարորդը գրպանից մի թղթի կտոր հանեց։
–Никому не доверяйте,-թղթի վրա ինչ-որ բան գրեց ու մեկնեց իրեն,- у меня мамка армянка. Звоните, с мамой пообщаетесь»:
«Իդիլիան» ավարտված է։ Թունելի վերջում երևաց լույսը։ Կինն ամբողջ ընթացքում սևեռվել էր դիմացինի կոնստրուկտի՝ ադրբեջանցի լինելու փաստի վրա, իսկ նա, այնուամենայնիվ, հայ էլ է։ Կինը կորցրել էր աշխարհի հետ բոլոր կապերը, շարժվող մեքենան թվում էր մի փակուղու մեջ խցանված, իսկ ադրբեջանցի վարորդը, պարզվում է, գործ ունի հարազատ հոգու հետ։ Այսինքն, բոլոր ադրբեջանցիները Սաֆարով չեն։ Ահա թե ինչպես է «Մանասը»-ում ջնջվում հայ-ադրբեջանական սահմանը։
«Անմոռուկի փակուղին» կյանքը չի զգեստավորում, ընդհակառակը, մերկացնում է կյանքը։ Եվ ահա այդ մորեմերկ մարմնի վրա տեսնում ես բնական դրամաներ, որոնք կարծես սպասում են իրենց իրացմանը՝ Արփինեն չէր վազում դեպի այդ դրաման, բայց այն տեղի ունեցավ։ Ադրբեջանցի վարորդը լուծեց հայ-ադրբեջանական թնջուկը՝ ո՛չ մեկին մի վստահիր, ոչ թե՝ մի վստահիր հային, թուրքին, ադրբեջանցուն, տղամարդուն, քրիստոնյային, մուսուլմանին։
Վերջաբան առաջին մասի
Ի՞նչն է ընդհանուր «Անմոռուկի փակուղին» գրքի բոլոր հերոսների մեջ՝ նրանք մի ընդհանուր փախուստ են, նույնիսկ երբ վերադառնում են: Գլխավոր հերոսներն ընդհանրապես իրենց տեղում չեն մնում: Լուսինե Խառատյանը բոլոր գործերում իրար է խառնում փախուստն ու փնտրտուքը: Ինչո՞վ են տարբերվում փախչողները փնտրողներից՝ փախչողները սեփական անցյալ չունեն, նրանք կարծես ուզենան ամենուր կարգի բերել իրենց անցյալը: Փնտրողներն իրենց հաշիվները փակել են անցյալի հետ, ինչպես «Karabakh Meat Market»-ի ծիտ վարորդը: Այս պատմվածքը պատմողը մեծ քաղաք է ուզում, ուզում է առանց պատերազմի երկիր, առանց սահմանների աշխարհ է ուզում, որովհետև, երբ ինքը Լոս Անջելեսում էր, Սուրբ Մոնիկայի փեշերը գրկող Խաղաղ օվկիանոսի ափին, Ղարաբաղում պատերազմը սրվեց: Ծիտը՝ Uber-ի վարորդը, ոչինչ չգիտի Ղարաբաղի պատերազմի մասին, մեր կողմերի հետ կապված նրան հուզող միակ հարցը ՝ իսկ Երևանը Ստամբուլից շա՞տ հեռու է: «Սահմանային պատում»-ի հերոսներից ոմանք բառացիորեն փախած են, բայց նրանց հետապնդում են երազները, վրացիները փախչում են ռուսներից: Փախուստի մեջ ինչ-որ առողջ բան կա, փոխարենը անառողջ են նրանք, որոնք մնում են՝ ռուսի զինվորական համազգեստ հագած հայ զինվորականը, պատմաբան Վազգենը: Այս գործում մնացողները կամ քարացած մարդիկ են, կամ ուրիշի կայսերականության մեջ ապաստանածներ: «Այդ ձմերուկահոտ ամառը»-ի Հայկանուշը անընդհատ փախչում է իր անցյալից, որտեղ բազմաթիվ ֆլիրտներ կան ու ոչ մի սեքս, միակ սեքսն ունեցել է եղբոր հետ… հինգ տարեկանում: Անցյալը Հայկանուշի փակուղին է, դա նաև «Ծովը» պատմվածքի հերոսուհու՝ Լիլիթի մոր փակուղին է։ Պատահակա՞ն է, որ Լուսինե Խառատյանը գիրքն անվանում է «Անմոռուկի փակուղի»։ Հայաստանում անմոռուկը 2015-ին Ցեղասպանության խորհրդանիշ էր այն իմաստով, որ ոչ ոք այդ ոճիրը չի մոռացել։ Լուսինեն ակնարկում է, որ այն, ինչը չի մոռացվել, ի վերջո վերածվել է փակուղու, մեզ է դարձրել փակուղի։ Հենց սա է, որ «Karabakh Meat Market»-ի պատմողին, որը վերադառնում է Սանտա Մոնիկայից, վերադարձնում է գագաթ բարձրացրած քարը, սա է պատմողին դարձնում Սիզիփոս։ «Մանասը»-ում հերոսուհին արդեն իր սեփական կոնստրուկտի զոհն է, կրկին օտար ճամփեքին, այս դեպքում Բիշքեկում գտնվող հերոսուհին, չգիտի, թե ինչ սպասի տեղացիներից։
«Անմոռուկի փակուղին» ոչ մի ակնթարթ շունչ չքաշող իրականության մասին է, որտեղ անգամ ճակատագիրը գոյություն ունենալու շռայլությունը չունի։ «Անմոռուկի փակուղու» բոլոր հերոսները կարծես ապրում են նախնական կյանքով, չանվանված կյանքով, այդ կյանքում ասես նույնիսկ համակեցության օրենքները դեռ չեն ընդունել։ Ինչ-որ փնթի բան կա բոլորի կյանքում, ահա ինչու «Սահմանային պատում»-ի Ալեքսանդր Բարիսիչը զվարճանում է հայկական իրականության կոնստրուկտներից՝ մարդիկ համակեցության օրենքներ չունեն, բայց ճզմված են կոնստրուկտների մեջ։
Խառատյանի պատմվածքները մի չպատմված տողատակ ունեն՝ դա պատերազմի չպատմվող երակն է։ Պատերազմը պատմվածաշարի անանուն, ստվերային, բայց ամբողջությամբ հասցեագրված հերոսն է։ Պատերազմն է գծում «Սահմանային պատումի» կոնստրուկտը։ Այս պատմվածքի փախստական կին հերոսները երազներում ասես խաղաղություն մուրան։ Նրանք դեռ ավարտված չեն համարում հայ-ադրբեջանական հակամարտությունը ու այդ ավարտը անընդհատ թափառում է նրանց երազներում։ Պատերազմն է վրացի Քեթիին առերեսում ռուս-վրացական հակամարտության հետ կապ չունեցող Մեղրիի սրճարանում «ռսատիպ» զինվորականների հանդեպ վարքի որոշակի կանոններ սահմանելու պարտքի հետ։ Քեթին հեռացել է այդ պատերազմից, բայց պատերազմը նրանից չի հեռացել։ «Սարի հակառակ կողմը» պատվածքում հայ-թուրքական պատերազմի հեռավոր արձագանքն անգամ չկա, բայց հնարավոր չէ երեք հայով մտնել Թուրքիա ու չհիշել, որ այդ իրականության հետ հակադրությունը նախասահմանված է, հատկապես, որ պատմվածքի պասիվ հերոսներից մեկը Մեհրիբան Ալիևան է։ «Այդ ձմերուկահոտ ամառ»-ի հերոսուհին կռիվ ունի իրեն հետապնդող հիշողության հետ՝ այդ կռվի մյուս հերոսը թուրքը չէ, ադրբեջանցին է, բայց պատմվածքում ոչ մի ադրբեջանցի չկա։ Հայկանուշը թուրք մերսողի ձեռքերի մեջ իր մարմնով կարծես հատեցնում է ամբողջ տարածաշրջանը, ինքն արդեն կռիվ չունի։ Ինչո՞ւ։ Որովհետև իր կռվի հերոսները զտարյուն հայ են՝ Աշոտը, Վարդանը։ Այստեղ պատերազմը չի տեղավորվի, ավելին ոչինչ չի ավելացնի։ «Ծովը» պատմվածքի հերոսուհին ինչ-որ իմաստով Հայկանուշի շարունակությունն է, բայց ի տարբերություն Հայկանուշի, նրան հիշեցնող կա (պատմվածքի հերոսուհու՝ Լիլիթի մայրն է), թե որտեղ է գտնվում ինքը՝ Ստամբուլում։ Այսինքն, գուցե դու՝ կռիվ չունես, բայց քեզ հետ կռիվ ունեցողը կա, արթուն է։ «Karabakh Meat Market»-ում պատերազմը ծվարել է հենց վերնագրում։ Այս անունով խանութը գտնվում է Լոս Անջելեսում։ Հերոսները հեռանում են քաղաքից, թվում է, թե՝ պատերազմի օջախից։ Բայց բուն օջախը այնտեղ է, որտեղ վերադառնում են՝ Հայաստան, որը քառօրյա պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ։ Ուստի այստեղ մենք արդեն գործ ունենք խաղաղության ցնցումների հետ։ Պատահական չէ, որ գլխավոր հերոսը մի գեղեցկուհի է, որի ուշքն ու միտքը Հոլիվուդ ներխուժելն է ու հայտնի դերասանուհի դառնալը։ Այդ գեղեցկուհին խաղաղության դեմքն է, որը պատմվածքի հերոսներին «ուղեկցում» է պատերազմ։ «Մանասը»-ում ճանապարհորդող հերթական հերոսուհու տաքսու վարորդը ադրբեջանցի է․ մի հրաշք մարդ, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետև պատերազմը այստեղ ողնաշար է՝ կոկորդները չեն կրծվում, բայց զգոնությունը կա։ Այս պատմվածքաշարի հերոսուհիներից ոչ մեկը մեծամիտ չէ, թեպետ ոմանք ունեն չիրացրած հավակնություններ։ Բայց բոլորի մեջ լավ օրվա համար խնամված փախուստ կա։ Փախուստ ինչի՞ց՝ իրենց բովանդակության որակի վրա ազդած պատերազմից, որի ձայնը չկա, որը նույնիսկ հեռվում չէ, բայց անընդհատ զրնգում է ասես հիշեցնելով, որ ինքն իր վերջին խոսքը դեռ չի ասել։ Ահա պատմվածքաշարի ընդհանուր գիծը՝ պատերազմն իր վերջին խոսքը չի ասել։ Ու այդ վերջին խոսքի տագնապը կանանց սրտում է, քանի որ տղամարդիկ ավելի ի վիճակի են ապրել իրենց կյանքով, ստեղծել իրենց հերոսներին, գրել իրենց մետանառատիվները և, մի խոսքով, նույնիսկ հաշտ համերաշխ ապրել պատերազմի հետ կողք-կողքի։