Անուշ Մարգարյան | Պատերազմի թեման գրականության և պաշտոնական խոսքերի խաչմերուկում

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Պատերազմը մշտապես եղել է մարդկության պատմության ամենաքննարկվող և թիրախային թեմաներից մեկը։ Այն ողջ պատմության փոխել է պետությունների սահմաններ, հասարակությունների կառուցվածքներ և անհատների ճակատագրեր։ Պատերազմը միայն ռազմական գործողությունները կամ տարածքային նվաճումները չեն, այլ խորը ազդեցություն ունեցող սոցիալ-հոգեբանական երևույթ։ Այն ձևավորում է ազգային ինքնագիտակցություն, սերունդների հիշողություն, մտածելակերպ և հասարակական արժեքներ։ Հասարակական-քաղաքական հռետորաբանության մեջ պատերազմը հաճախ ներկայացվում է որպես անխուսափելի իրողություն՝ արդարացված ռազմավարական շահերով կամ ազգային նպատակներով։

Պատերազմի արտացոլումը մշակույթում, մասնավորապես գրականության մեջ, բազմաբնույթ և բազմատեսակ է։ Մինչ պատմագրությունն ու պաշտոնական լրատվամիջոցները պատերազմի մասին խոսում են որպես ազգային-քաղաքական իրադարձություն՝ շեշտադրելով հերոսականությունը, պարտությունը կամ հաղթանակը, գրականությունը փորձ է անում հասկանալ անհատական փորձառությունները, մարդկային ապրումները և պատերազմի արդյունքում ստացած տրավմաները։ Գեղարվեստական խոսքը զերծ է պարտադրված հերոսականությունից և ձգտում է ի ցույց դնել պատերազմի կուլիսներն իր բոլոր հակասություններով։

Հետազոտության խնդիրն է պարզել, թե ի՞նչ տարբերություն կա պատերազմի թեմայի ներկայացման գրական և պաշտոնական հռետորաբանությունների միջև։ Հետազոտությունը նպատակ ունի ցույց տալ, թե ինչպես գրականությունը խախտում է պատերազմը պետականորեն ներկայացնելու լեզվական միատեսակությունը և վեր է հանում մոռացված հույզերն ու ապրումները։

 Այս ուսումնասիրության նպատակն է նաև վերլուծել Լևոն Խեչոյանի «Հողի դողը» պատմվածքը՝ որպես օրինակ այն բանի, թե ինչպես է գրականությունը պատերազմի մասին խոսում ոչ թե պետական լեզվով, այլ՝ անձնական և ներհայեցողական՝ համեմատության մեջ դնելով այն անկախության շրջանում գրված այլ ստեղծագործությունների հետ։

Մեթոդաբանությունը հիմնված է համեմատական վերլուծության վրա։ «Հողի դողը» պատմվածքը համադրվում է այլ ժամանակակից հեղինակների՝ Սուսաննա Հարությունյանի, Սարգիս Հովսեփյանի, Հովհաննես Գրիգորյանի և Կարեն Անտաշյանի՝ պատերազմի թեմային առնչվող տեքստերի հետ։ Բացի գրական հենքից, օգտագործվում են նաև մեդիա և պաշտոնական նյութեր։

Պատերազմը գրականության և հասարակական դիսկուրսի մեջ ներկայացվում է տարբեր եղանակներով՝ ըստ արտահայտման ձևի, գաղափարական շեշտադրումների և նպատակային լսարանի։ Մինչ ռազմական պաշտոնական զեկույցներն ու մեդիան նկարագրում են գործողությունները ռազմավարական և ինստիտուցիոնալ դիտանկյունից, որտեղ ներկայացման ձևերը փոփոխվում են կախված քաղաքական կամ պետական շահերից, ժամանակաշրջանի կամ հասարակական պահանջների փոփոխությունից, միջազգային հարաբերությունների և տեղեկատվական դաշտի ազդեցությունից։

Հատկանշական է, որ հետազոտության հիմքում ընկած գրական ստեղծագործությունները պատկանում են անկախության շրջանի հայ գրականությանը։ Եթե խորհրդային շրջանում պատերազմական թեման գրեթե միշտ ներկայացվել է պետական գաղափարախոսությանը ենթարկված հերոսապատումի շրջանակներում, ապա անկախության տարիներին գրողները հնարավորություն ստացան դուրս գալ պաշտոնական քարոզչության տիրույթից և կենտրոնանալ անհատի հոգևոր ու հոգեբանական տրավմաների, պատերազմի իրական, չխոսված հետևանքների վրա։ Այս ուսումնասիրությունը դիտարկում է պատերազմական թեմայի այսպիսի վերարժևորումը հենց անկախության շրջանի գրականության օրինակով։

Պատերազմի ներկայացումը հասարակական-քաղաքական խոսքում

Պատմագիտական և քաղաքական դիսկուրսում պատերազմները սովորաբար դիտարկվում են որպես պետական շահերի, ազգային ինքնորոշման կամ պաշտպանական անհրաժեշտության իրագործման միջոց։ Պատմագրությունը հաճախ խուսափում է ներկայացնել պատերազմի ողբերգական հետևանքները՝ կարևորելով տարածքների ազատագրումը, ազգային անվտանգությունը կամ հերոսական սխրանքները։ Պաշտոնական հռետորաբանությունը գերադասում է պատմել հաղթանակների, մարտական սխրանքների ու հայրենասիրության օրինակների մասին։ Այս մոտեցումն ի ցույց է դնում միայն արտաքին, հանրային կողմը՝ անհատի հոգեկան ապրումները, կորուստներն ու ներաշխարհը մղելով դեպի ստվերը։

Այս դիտարկումը հաստատվում է նաև մի շարք մասնագիտական աշխատություններում։ Օրինակ՝ Ռիչարդ Հովհաննիսյանի «Հայաստանի առաջին Հանրապետություն» աշխատության մեջ շեշտադրվում է ռազմական հաջողությունների և պետական շահերի առաջնահերթությունը, մինչդեռ զոհերի և քաղաքացիական կորուստների մասին տեղեկությունները հիմնականում ներկայացվում են վիճակագրական տվյալներով։ Հովհաննիսյանը նշում է․ «Պատերազմական իրադրության ներքո հասարակությունը հաճախ իր արժեքային համակարգն ուղղում է պետական շահերի սպասարկմանը, և զոհերի ու տառապանքների մասին խոսելն ընկալվում է որպես բարոյական թուլություն»։[1]

Զոհրաբ Սարգսյանը «Ժամանակակից պատերազմների հոգեբանական և տեղեկատվական ազդեցությունները» աշխատության մեջ ևս փաստում է, որ պետական քարոզչությունը հակված է պատերազմների ողբերգական կողմերը հանրային դիսկուրսից դուրս թողնել՝ դրանով խուսափելով հանրային տրամադրությունների թուլացումից։ Սարգսյանը նշում է․ «Մինչև այսօր պետական խոսքը ավելի մեծ տեղ է տալիս մարտական սխրանքներին, քան հոգեբանական վնասվածքներին, ինչի հետևանքով պատերազմը շարունակում է ընկալվել որպես ազգային համախմբման միջոց»։[2]

«Մեկ տարի առաջ այս օրը Ստեփանակերտում լսվեցին առաջին պայթյունների ձայները: Շուրջ մեկուկես ամիս ադրբեջանական զինուժը թիրախում պահեց Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը: Պատերազմն ավարտվեց Ստեփանակերտի մատույցներում, այսօր ադրբեջանցի զինվորները հաշվված կիլոմետրերի հեռավորությամբ են: 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախը կորցրեց տարածքների մեծ մասը, մնացյալ հատվածի շուրջ էլ խորացող անորոշություն է. Ադրբեջանը չի էլ քննարկում կարգավիճակի հարցը` պնդելով, որ ռուսական խաղաղապահ ուժերը ժամանակավորապես տեղակայվել են իր տարածքում»: [3]Այս հատվածը վերցված է «Ազատություն Ռադիոկայան»-ի հոդվածից, որը Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի մասին էր։ Ինչպես տեսնում ենք ներկայացման ձևը խիստ պաշտոնական է, լոկ փաստերի և իրադարձությունների չոր ներկայացմամբ՝ առանց զգացմունքայինության, առանց մարդկային զգացմունքների մասին որևէ անդրադարձի, որը փաստում է, որ այս մոտեցումն ի ցույց է դնում միայն արտաքին, հանրային կողմը։

 Գրականության դերը՝ պատերազմը որպես ներաշխարհի արտացոլում

Ի տարբերություն պատմագրության և քաղաքական հռետորաբանության, գրականությունը պատերազմը դիտարկում է որպես մարդակենտրոն ողբերգություն։ Հեղինակները ներկայացնում են անհատի տագնապները, վախերը, հոգեկան լարվածությունը, կյանք-մահի սահմանին ապրած վայրկյանները։ Գրական ստեղծագործությունները հաճախ բացահայտում են պատերազմի անիմաստությունն ու աբսուրդը՝ հերոսացնելով ոչ թե ֆիզիկական սխրանքն, այլ հոգեբանական դիմադրությունն ու մարդկային արժանապատվության պահպանումը։

Օրինակ, «Հողի դողը» պատմվածքում պատերազմի իրականությունը ներկայացվում է մի կտրվածքով, որտեղ մարդու հոգեկան աշխարհը դառնում է հիմնական թեմա՝ շեշտադրված են անարդարության, խեղված կյանքի ու մահվան հարցերը։ Խեչոյանը ցույց է տալիս ոչ թե միայն արտաքին ճակատամարտը, այլ հերոսների ներքին պայքարը՝ կասկածի, ցավի ու խղճի խայթի հետ։

Խեչոյանի այս մոտեցումը զուգահեռներ ունի նաև Հովհաննես Գրիգորյանի ստեղծագործությունների հետ։ Վերջինս գրում է.

«… Մայրս արդեն լաց էր լինում անկյունում կծկված,
իսկ մենք փաթաթվել էինք ամբողջովին սպիներով պատված մեր հորը,
իսկ մենք լալիս ու ծիծաղում էինք սրտապատառ,
կարծես հենց նոր վերջացավ պատերազմի վերջին օրը,
կարծես հենց նոր բացվեց դուռը,
հենց նոր տեսանք պատերազմից տուն դարձած մեր հորը
և փաթաթվել
լալիս ու ծիծաղում էինք սրտապատառ…»։ [4]
 

Այս հատվածում ակնհայտ է պաշտոնական պատումների ու անհատական կյանքի հակադրությունը։ Հեղինակը մատնանշում է, թե ինչպես է խորհրդային հանրակրթությունը դեռ վաղ տարիքից երեխաներին ներգրավվում պատերազմի մասին պաշտոնական պատումների մեջ, մինչդեռ ընտանիքը ուներ ավելի խորը և անհատական ողբերգություն։

Տվյալ հատվածում երևում է նաև, որ պատերազմից վերադարձը չի նշանակում լիարժեք խաղաղություն։ Վերքերը և հետքերը որ թողնում է պատերազմը միայն ֆիզիկակապես չէ, որ մնում են, այլ նաև հոգեպես։ Մարմնին թողած սպիները խորհրդանշում են ոչ միայն ֆիզիկական վնասվածքները, այլ նաև հոգեբանական վերքերը՝ պատերազմում տեսած բռնությունը, կրած կորուստներն ու վիրավորանքները։ Հովհաննես Գրիգորյանը ցույց է տալիս, որ պատերազմը չի ավարտվում, երբ այն պաշտոնապես ավարտվում է՝ նրա ներգործությունը շարունակվում է անձնական և ընտանեկան մակարդակում՝ հիշեցնելով իր մասին նույնիսկ այն պահին, երբ թվում է, թե ամենն անցած է։

Այս հոգեբանական խեղվածությանը կարծես կարմիր թելի պես նկատվում է նաև Անտաշյանի ստեղծագործություններում, ով գրում է․

« Շարքային Մարտիրոսյան, Մռդո,
ամենածանրը մորդ կոտրված սիրտն է, նրա հայացքի ավերակներում էլ գնարբուկներ չեն
ծաղկելու, ինչքան էլ հետմահու մեդալներ տանեն ձեր տուն, ինչքան էլ դրամահավաքներ
անեն քո անունից, անշուք դասարաններ անվանակոչեն, ինչքան էլ քարոզարշավներով քարշ
տան նրան ու օպեռաներում համերգներ հնչեցնեն՝ ստիպելով հա՛ լինել որդեկորույս, հա՛
սգավոր, հա՛ սեւավոր, հա՛ հերոսական…
Մենք էլի սքրոլ կանենք ու կմոռանանք, բայց քո ճակատի սառնությունը հա այրելու է իր
շուրթերը՝ այնկողմնային ամայության սարսափելի ակնարկով, սարսափելի ակնարկով, որ
քեզ հավերժ մենակ է թողել »։[5]

Այս հատվածը կրկին ներկայացնում է, թե ինչպես պատերազմը փոխում ոչ միայն անձի կյանքը, այլև ամբողջ ընտանիքի և հասարակության կյանքը։

Պատերազմի ազդեցությունը երկարատև է և անմնացորդ՝ այդ իրադարձությունները չեն դադարում այն պահից, երբ զինվորը զոհվում է։ Փոխարենը, տառապանքները, մենակությունը, անտեսված ցավը շարունակվում են՝ հարազատների համար, ովքեր դեռ ապրում են այդ կորստի հետ։ Պատերազմի ազդեցությունը չի սահմանափակվում միայն ռազմավարական կամ քաղաքական կործանմամբ՝ այն մնում է սոցիալական, հոգեբանական ու ընտանեկան մակարդակներում, խարսխվելով հիշողություններում։

Անտաշյանի բանաստեղծությունը ցույց է տալիս, թե ինչպես է պատերազմը շարունակվում նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է՝ ամեն ինչ ավարտվել է։ Զինվորը զոհվել է, նրա անունը դասարան է կոչվում, մեդալ է տարվում տուն, երգեր են հնչում օպերայում՝ կարծես ամեն բան պատշաճ փակվել է։ Բայց իրականում ոչինչ չի փակվել։ Պատերազմը մնում է մոր ներսում՝ որպես անդառնալի կորուստ, որպես հոգու վրա այրվող սպի, որը ոչ մի պաշտոնական արարողություն չի կարող բուժել։ Ցավը մոր մարմնի մեջ է, ոչ թե պետական պատումների մեջ։

Եվ հենց այստեղ Անտաշյանը ցույց է տալիս, որ պատերազմը չի ավարտվում գծված սահմաններով, ոչ էլ կարող է ամբողջությամբ արտահայտվել պաշտոնական լեզվով։ Նա բացահայտում է պատերազմից հետո ձևավորվող «դերերը»՝ մայրն այլևս պարզապես մայր չէ, այլ «սգավոր», «սևավոր», «հերոսական», ու այդ կերպ նա կարծես մնում է փակված մի դերային բանտում։

Այս հատվածները վերլուծելով՝ կրկին գալիս ենք այն համոզմանը, որ պատերազմի մասին գրականության մեջ քննարկան գլխավոր թեման և նպատակը մարդկային հույզերն ու զգացմունքներն են և դրանց վառ ու պատկերավոր արտահայտումը։

Այս տեքստերը վերլուծելիս ակնհայտ է դառնում նաև, որ դրանց բոլորի անկախության շրջանում գրված լինելու հանգամանքը նշանակալիորեն ազդել է պատերազմի թեմայի գրական մեկնաբանության վրա։ Եթե խորհրդային շրջանում պատերազմը գրեթե միշտ ներկայացվել է պետական գաղափարախոսության հովանու ներքո, ապա անկախության շրջանում ստեղծագործող հեղինակները առավելապես հետամուտ են եղել անհատի ներաշխարհը, հոգեբանական ապրումները և պատերազմի թողած անձնական հետքերը գրականորեն վերլուծելուն։ Պատերազմը գրականության մեջ սկսել է ընկալվել ոչ միայն որպես պատմական իրադարձություն, այլ՝ որպես մարդկային ճակատագրեր փոխող։ Հենց այս հանգամանքով էլ անկախության շրջանի գրականությունը տարբերվում է իր նախորդից։

 Պատերազմի հոգեվիճակային պատկերը «Հողի դողը»-ում

Խեչոյանի պատմվածքը ընթերցողին ներգրավում է պատերազմական միջավայր, որտեղ բացակայում է դասական հերոսապատումը։ Հեղինակը պատերազմի դաշտը նկարագրում է առանց պաթոսային գույների։ Պատմվածքի կերպարները սովորական զինվորներ են, որոնց հոգեվիճակը հեղինակը փոխանցում է իրենց շարժումների, խոսքի, լռության և ներքին մտքերի միջոցով։

Հողի դողը պատմվածքում հողի շարժումը սիմվոլ է՝ կյանքի անորոշության, բնության հակադրության ու պատերազմի անկանխատեսելիության։ Զինվորների շուրջը ամեն ինչ շարժման մեջ է՝ հողը, քամին, փոշին, ձայները։ Այս ֆիզիկական տարերքն ուժեղացնում է կերպարների հոգեբանական շփոթվածությունն ու անկայունությունը։

«Հողի դողը» պատմվածքը բազմաթիվ շերտեր ունի, որոնց միջոցով Խեչոյանը ցույց է տալիս պատերազմի անորոշությունը, հոգեբանական ծանրությունը, և անընդհատ թափվող լարվածությունը, որը գրեթե պառկում է զինվորների վրա, ինչպես հողը՝ նրանց ոտքերի տակ։ Պատերազմական միջավայրը խորհրդանշում է ոչ միայն արտաքին արտաքին վախը, այլև ներքին հոգեբանական ճգնաժամը, որտեղ յուրաքանչյուր ձայն, շարժում կամ դող վերածվում է անհանգստության, որը հուզում է զինվորների հոգեվիճակը։

Այսպիսով, այն հատվածը, որտեղ նկարագրվում է «թիկունքից լսվող ձայնը», պատկերում է այն հոգեբանական վիճակը, որը զինվորները սկսում են զգալ պատերազմի մեջ։ Հողը դողում է՝ անհավասարակշռության մատնելով նրանց ուղեղը, իսկ երկաթե լարերը, մետաղները և քամու շշուկները բերում են այն անհանգստությունն ու ճնշումը, որ իրենք թիկունքից լսում են, բայց երբ շրջվում են՝ ոչինչ չեն տեսնում։ Հաճախ զինվորները գտնվում են այնպիսի հոգեվիճակում, որ բառերով բացատրելն իսկ անհնար է, կարծում են, թե ցնորք է՝ «Այդպիսի բան հնարավոր չէ, քո ուղեղն է հնարել… տագնապի պահին ուղեղը սիրում է բաներ հորինել…»։ [6]Այս տողերը նշում են, որ պատերազմի ժամանակ, երբ մարդու հոգեկան վիճակը հասնում է այնպիսի կարգավիճակի, որ ուղեղը կարող է ստեղծել այնպիսի պատկերներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Սա նույնպես պատերազմի հոգեբանության ազդեցությունն է՝ անընդհատ կրկնվող մտային խաբկանքներ, որոնք շարունակվում են ճնշել զինվորների կյանքը։

Մեկ այլ խորհրդանշական տարրն այն է, որ գյուղում բնակիչներ չկան, և երբ սեղմվում է մթնշաղը, միայն աննկատելի ձայներն ու տարրերը դառնում են իրականություն։ «Գիշերային ալիքի ուժեղացող ու թուլացող խշշոցների մեջ մեկը միապաղաղ ձայնով, դարձյալ Սերովբեին էր որոնում…»։ Սա դառնում է այն տարրերից մեկը, որը ընդգծում է անորոշության ճնշումը։ Որպեսզի զինվորը կարողանա հաղթահարել սա, նա պետք է նախ ընդունի, որ յուրաքանչյուր ձայն, յուրաքանչյուր շարժում կարող է ունենալ դաժան հետևանքներ՝ նույնիսկ չգիտակցելով, թե որտեղից է գալիս այդ ձայնը։ Նույն ժամանակ, մի ամբողջ գյուղ դատարկված է, և իսկական վախը դառնում է զգալի, երբ տեսնում են, որ իրենք միայնակ են մի անսահման տարածությունում, որտեղ վտանգներն անխուսափելի ու անսպասելի են։

Հողի դողը, որը միակ իրականությունն է, որ զինվորները զգում են, նույնպես մարմնավորում է այն ամենը, ինչ նրանց հետ տեղի է ունենում։ Տարածությունը, ուր նրանք քայլում են՝ «մետաղների, գալարաթափ լարերի, հեռագրասյուների, էլեկտրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների ու տարաբնույթ բուրմունքների միջով»[7], հավերժ ճգնաժամի հիշեցում է։ Զինվորները միևնույնն է երբեք չեն կարող համակերպվել այս իրականությանը, չնայած որ այն պարբերաբար կրկնվում է՝ անընդհատ ձայներ, դողեր, շարժումներ, որոնք հաճախ նաև չեն համապատասխանում իրականությանը։

Հենց այսպես, «Հողի դողը» է նկարագրում է պատերազմի իրական պատկերն առանց որևէ չափազանցության՝ թույլ տալով ընթերցողին կարդալ և զգալ այն ինչ իրականում կատարվում է պատերազմի դաշտում։ Այն ողողվում է զինվորների ներսում գտնվող հուզմունքներով, որտեղ պատերազմը դառնում է ինքնանպատակ խառնաշփոթ, և ցանկացած պարագայում մնում է շեղված, անհասկանալի ու մշուշոտ։

Լեզվաոճական միջոցներն ու գրական հնարանքները

Խեչոյանի «Հողի դողը» գործը լեզվական ոճի ու գրական հնարանքների տեսակետից առանձնանում է իր սահուն ու խորը բովանդակությամբ։ Հեղինակը ընտրում է այնպիսի լեզվաոճ, որը հնարավորինս հեռանում է հռետորաբանությունից և չափազանցված լարվածությունից, գործի ընթերցողին տեղափոխելով անմիջապես կերպարի ներս, նրա հոգեբանություն և զգացմունքային վիճակ։ Ներկայացումը առաջին դեմքով անխուսափելիորեն դառնում է հեղինակի գլխավոր լեզվաոճական հնարանքներից մեկը, քանի որ ընթերցողը անմիջապես սերտորեն կապվում է հերոսի հետ՝ հետևելով նրա մտքերին, տագնապին, ձայներին և շարժումներին։

Խեչոյանն առանձնանում է նրանով, որ խուսափում է չափազանցված ձևակերպումներից՝ ընթերցողին թույլ տալով ընկղմվել պատմության մեջ առանց որևէ սահմանափակման։ Բոլոր իրավիճակները, նկարագրված իրադարձությունները ներկայացվում են ոչ թե հեղինակի ուղիղ մեկնաբանությամբ, այլ կերպարի զգացմունքների ու տագնապների միջնորդությամբ։ Սա թուլացնում է սցենարային սահմաններն ու թույլ է տալիս ընթերցողին լիովին մտնել հերոսի հոգեբանական վիճակի մեջ։

Օգտագործված լեզուն խիտ է սիմվոլիկայով։ Օրինակ՝ «հողի դողը» միայն ֆիզիկական դող չէ, այլ պատերազմի ֆոնին անհատի ներքին փլուզման պատկեր։ Տեքստում հաճախ են հանդիպում սիմվոլիկ պատկերներ՝ «ապակիացած աչքեր», «թափանցիկ կապույտ երակ», «քնապարկեր թացին ու չորին», «մետաղի ատամնանիվների ճռնչոց»։ Այս պատկերները կառուցում են ոչ թե արտաքին իրականությունը, այլ ներքին տագնապի, մահվան ու տանջանքի պատկերաշար։

Սոցիալական հարաբերությունների և արժեհամակարգի խեղման պատկեր

Պատերազմի ընթացքում փոխվում են մարդկային հարաբերությունները, արժեհամակարգը խեղվում է։ «Հողի դողը» պատմվածքում հեղինակը խորապես ուսումնասիրում է պատերազմում մարդկային հարաբերությունների ու արժեքների խեղման հարցը, որտեղ զինվորները դառնում են օտարված, ապաշնորհ գործիքներ, որոնք կորցնում են իրենց մարդկային բնութագրերը։ Խեչոյանը ներկայացնում է այն միջավայրը, որտեղ լռությունը, անտարբերությունը և տագնապը բացարձակորեն փոխում են կերպարների սոցիալական կապերը։ Այս ամենը խախտում է այն արժեհամակարգը, որը հատուկ է եղել կերպարներին մինչ պատերազմի բովով անցնելը։

Այս միջավայրը նկարագրող լավագույն պատկերներից է այն դրվագը, երբ տղաները ծարավից մոլորվում են, կորցնում իրականության զգացողությունը։ Ծարավը դառնում է ոչ միայն ֆիզիկական տանջանք, այլ նաև գոյության մղձավանջ։ Ջրի բացակայությունը, որի առկայությունը սովորաբար կյանքի խորհրդանիշ է, միաժամանակ նշում է մարդկության ու կյանքի վերապրելու անկարողությունը։ Ջուրը, որպես կենսատու ուժ, անշուշտ բացակյում է, բայց միևնույն ժամանակ դա ոչ միայն ֆիզիկական բացակայություն է, այլ նաև կյանքի անխուսափելի ավարտի ակնարկ։

Սոցիալական հարաբերություւների վրա ունեցած ազդեցությունը վերլուծելու համար հարմար օրինակ է նաև Սուսաննա Հարությունյանի «Արևը Աստծո դեմքն է» պատմվածքը, որի մեջ նույնպես պատերազմը շիկացած արևի պես սպառում է ամեն բան։ Վեպում մի կին հանդիպում է զինվորական բեռնատար վարողի, որի միջոցով բացահայտվում է պատերազմը որպես առօրեականության դեգերում, վտանգի և սեռական սպառնալիքի համաձուլում։ Այդ հանդիպման մեջ թաքնված է պատերազմում տեղի ունեցող անհատական արժանապատվության փլուզումը՝ «արևը Աստծո դեմքն է» արտահայտությունը կերպարային հոգեվիճակի բացահայտում է։ Պատմվածքում նաև երևում է, թե ինչպես է պատերազմը խզում բռնության սահմաններն ու ընկալումները և կարծես նորմալիզացնում է բռնությունը, այն այլևս չի հանդիսանում աղետ, այլ՝ որպես գոյության պայման ու նորմ։ Այս ընկալման մեջ արդեն կորչում է նաև անհատի պաշտպանված լինելու կարիքը և իրավունքը։ Սա ցույց է տալիս, որ պատերազմը ոչ միայն սրում է բռնի գործողությունները, այլ նաև մթագնում է նրանց սահմանները՝ վերացնելով «թույլատրելիի» և «անթույլատրելիի» տարբերակումը։

Մեկ այլ նշանակալի օրինակ է Սարգիս Հովսեփյանի «Տափակ քարը» պատմվածքը, որում ևս տեսանելի է, թե ինչպես է պատերազմը դառնում ժամանակի անվերջ սպասման դաշտ։ Արտաքուստ անվտանգ դիրքում գտնվող զինվորները պայքարում են սեփական ձանձրույթի, վախի ու փիլիսոփայական կասկածների հետ։ Վզգո շան կերպարը վերածվում է վերահսկողության և վստահության խորհրդանիշի, իսկ երբ նա դադարում է վստահելի թվալ, նրան սպառնում են գնդակահարել՝ ցույց տալով, թե որքան ճնշված է պատերազմի ժամանակ ռազմաճակատի հոգեբանական վիճակը։

 Հողի դողը՝ պատերազմի խորհրդանիշ

Հողի դողը պատմվածքում պարբերաբար կրկնվող մոտիվ է։ Այն ունի երկակի նշանակություն՝ մեկ կողմից՝ պատերազմի տարածական, ֆիզիկական շարժման խորհրդանիշ, մյուս կողմից՝ մարդու հոգու անհանգստության արտահայտություն։ Հողի դողը զգացողություն է, որ պատերազմի դաշտում ամեն րոպե ամեն ինչ կարող է փոխվել, և այդ անկանխատեսելիությունը խորացնում է կերպարների ներքին անվստահությունը։

Խեչոյանի ստեղծագործությունը որպես արդիական օրինակ

Թեպետ Խեչոյանի պատմվածքը ներկայացնում է 20-րդ դարի վերջի ռազմական իրադարձությունները, այն արդիական է նաև այսօր։ Պատերազմների թեման չի կորցնում արդիականությունը, իսկ անհատի հոգեկան ապրումները նույն ուժգնությամբ շարունակում են գոյություն ունենալ պատերազմական իրավիճակներում։ Այս առումով «Հողի դողը»-ն վկայություն է, որ պատերազմը ոչ միայն զենքերի ու տարածքների բախում է, այլ՝ մարդու ներաշխարհի ամբողջական փոփխություն։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ուսումնասիրությունն ապացուցում է, որ պատերազմի թեման հասարակական դիսկուրսում արտահայտվում է երկու տարբեր լեզուներով՝ պաշտոնական և գեղարվեստական, որոնք էապես տարբերվում են թե՛ նպատակի, թե՛ ձևի առումով։

Պաշտոնական հռետորաբանությունը պատերազմը ներկայացնում է որպես պետական շահերի իրագործման միջոց՝ շեշտադրելով հաղթանակը, հերոսականությունն ու ազգային համախմբումը։ Այս լեզուն չոր, փաստական և որևէ զգացմունքից զերծ է, որի նպատակը հասարակությանը պատերազմի մռայլ իրականությունից հեռացումն է։ Այս մոտեցմամբ պատերազմը դառնում է ազգային պատում՝ թվերով, տարեթվերով և հերոսների անուններով, մինչդեռ անհատական ողբերգությունները մնում են շատ լավ քողարկված ստվերում։

Ի հակադրություն՝ գրականության լեզուն խախտում է այս միատեսակ պատումը՝ վերադարձնելով պատերազմին մարդկային դեմք։ Գրականությունը, մասնավորապես անկախության շրջանում գրված գործերը, պատերազմը ներկայացնում են որպես խորը անձնական փորձառություն՝ շեշտադրելով ներաշխարհի փլուզումը, հոգեբանական տրավմաներն ու սոցիալական կյանքի աղավաղումներն ու բարդությունները։ Այս տեքստերում չկա պարտադրված հերոսություն, այլ կա պայքար՝ ներքին հավասարակշռության, մարդկային արժանապատվության և կյանքի շարունակականության համար։

Այսպիսով, երկու լեզուները՝ պաշտոնականն ու գեղարվեստականը, պատերազմի մասին խոսում են տարբեր տեսանկուններից, հետևաբար նաև տարբեր լեզվական ոճով․ առաջինը հավաքական շահերի կամ կորուստների, իսկ երկրորդը՝ մարդկային ճակատագրերի լեզվով։ Ու հենց այս հակադրությունն է, որ բացահայտում է պատերազմի թեմայի բազմաշերտությունը։

 

Գրականության ցանկ

  1. Խեչոյան, Լևոն. Հողի դողը. Երևան, Արևիկ հրատարակչություն, 2002։
  2. Հարությունյան, Սուսաննա. Արևը Աստծո դեմքն է, վեպ, Երևան, 2016։
  3. Հովսեփյան, Սարգիս. Տափակ քարը, պատմվածք, 2020։
  4. Անտաշյան, Կարեն. «Ներբողական. Շարքային Մարտիրոսյանին», բանաստեղծություն։
  5. Գրիգորյան, Հովհաննես. «Շարադրություն», բանաստեղծություն։
  6. Հովհաննիսյան, Ռ. Գ. (1971). Հայաստանի Հանրապետություն. Հատոր Ա (1918–1919)։ Բերկլի՝ Կալիֆորնիայի համալսարանի հրատարակչություն։
  7. Սարգսյան, Զոհրաբ։ «Ժամանակակից պատերազմների հոգեբանական և տեղեկատվական ազդեցությունները», 2021։
  8. Ազատություն ռադիոկայան (Azatutyun.am). (2021, Սեպտեմբեր 27). https://www.azatutyun.am/a/31479661.html

 

 

[1] Հովհաննիսյան, Ռ. Գ. (1971). Հայաստանի Հանրապետություն. Հատոր Ա (1918–1919)։

[2] Սարգսյան, Զոհրաբ։ «Ժամանակակից պատերազմների հոգեբանական և տեղեկատվական ազդեցությունները», 2021։

[3] Ազատություն ռադիոկայան (Azatutyun.am). (2021, Սեպտեմբեր 27).

[4] Գրիգորյան, Հովհաննես. «Շարադրություն»

[5] Անտաշյան, Կարեն. «Ներբողական. Շարքային Մարտիրոսյանին»

[6] Խեչոյան, Լևոն. Հողի դողը. Երևան, Արևիկ հրատարակչություն, 2002

[7] Խեչոյան, Լևոն. Հողի դողը. Երևան, Արևիկ հրատարակչություն, 2002

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *