Նախաձեռնությունը, որ անվանվել է «Հայաստան Հայաստաններ» (Armenie Armenies) եւ ծրագրված է Հայաստանի Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, պատկանում է Ֆրանսիայի Գրքի ազգային կենտրոնին։
Իրադարձությունը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 17-21-ը։
«Գրքի ազգային կենտրոնը ամեն տարի մի երկիր է ընտրում, այս տարի ընտրել է Հայաստանը: Հրավիրվելու են վեց հայ հեղինակներ Հայաստանից, որոնց անունները դեռ հայտնի չեն, վեց հեղինակներ էլ Սփյուռքի երկրներից եւ, բնականաբար, նաեւ Ֆրանսիայից», – բացատրում է հայ-ֆրանսիական «Սիժեսթ» հրատարակչատան տնօրեն Վարուժան Սիրափյանը, որի հետ այլոց թվում խորհրդակցել է Գրքի ազգային կենտրոնը այդ միջոցառման կազմակերպման համար։
Միջոցառումը հետաքրքրական է եւ աննախընթաց։ Այն պիտի սկսվի Մարսել քաղաքում ու հասնի մինչեւ Փարիզ հռչակավոր Արեւելյան ճեպընթացով եւ հովանավորված կլինի Ֆրանսիական երկաթուղու պետական ընկերության կողմից։ Ճեպընթացը քաղաքից քաղաք կփոխադրի միջոցառման մասնակիցներին` կանգ առնելով Ավինյոն, Վալանս եւ Լիոն քաղաքներում։
Միջոցառման գլխավոր նյութը կհանդիսանա հայ գիրքը. բանախոսությունների, բանավեճերի, ընթերցումների միջոցով հայ հեղինակները կներկայացվեն ֆրանսիական հասարակությանը, որը այդպիսով կհայտնաբերի իր համար անծանոթ մի աշխարհ։
Զուգահեռաբար կանցկացվեն ցուցահանդեսներ, համերգներ եւ կինոֆիլմերի ցուցադրումներ: Կանցկացվի նաեւ մեծ գիտաժողով հայոց պատմության վերաբերյալ։
Երջանիկ մի պատահականությամբ հայ գիրքը կշարունակի մեծարվել նաեւ հաջորդ ամիսներին` այս անգամ միջազգային մակարդակով։ Հիշեցնենք, որ Երեւանը Յունեսկոյի կողմից հռչակվել է Գրքի 2012 թվականի համաշխարհային մայրաքաղաք։ Երեւանը այդ կոչմանը արժանացած 12-րդ քաղաքն է:
Այս երկու հաջորդական իրադարձությունները կարող են խթանիչ հանդիսանալ Հայաստանի հրատարակչական աշխատանքի համար։ Մի աշխատանք, որը ներկայումս զուրկ չէ դժվարություններից։ Այս կարծիքին է «Սիժեսթ» հայ-ֆրանսիական հրատարակչության տնօրենը, ով բազմաթիվ հրատարակություններ է իրականացրել Հայաստանում եւ մասնակցել այնտեղ Պատկերապատումի հրատարակության հիմնադրմանը 2008 թվականին։
«Առաջին դժվարությունը գրքերի շատ ցածր գներով վաճառելու պարտականությունն է, հանգամանք որ արգելում է հրատարակչին աշխատել նորմալ ձեւով, կա պատճենահանելու եւ էժան գնով շուկայում վաճառելու վտանգը: Մյուս դժվարությունը գրախանութների պակասն է, ողջ Երեւանում ներկայումս գոյություն ունի 4-5 գրախանութ: Կա տպաքանակի խնդիրը, որը անկախ հրատարակչի համար չի կարող անցնել 1000 օրինակից։ Կան նաեւ տեխնիկական խնդիրներ գրքի արտաքին ձեւավորման, այսինքն դիզայնի եւ էջավորման հետ կապված, որոնք հեռու են եվրոպական ստանդարտներից», – ասում է ֆրանսահայ հրատարակիչը։
Վարուժան Սիրափյանը առաջարկել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին «Սիժեսթ»-ի եւ այլ հրատարակչատների մասնակցությամբ դասընթացներ կազմակերպել Հայաստանում գրքի բնագավառի դիզայներներ պատրաստելու համար:
Ռուզան Կյուրեղյան, Փարիզ
Արտատպված է azatutyun.am կայքից
իրոք նշանակալից իրադարձություն է վիոլետ գրիգորյանի եւ կարեն անտաշյանի ներկայությունը Արեւելյան ճեպընյացում,որով ճիշտ մեկ ամիս աօաջ ֆրանսիայի հայտնի գրողները ու գրականությանը առնչվող ճանաչված դեմքերը ժամանում էին մասնակգելու «Գրքի անտառ»ին,որի ,ցավոք ,փոքր մասշտաբի նմանակումն է թվում Arménie Arménies-ին՝հայ գրողի հանդիպումը սփյուռքահայության հետ,երբ centre national du livre կարող էր կազմակերպել միջոցառումը որպես հայ գրողի հանդիպումը ֆրանսիացի ընթերցողի հետ,եթե սփյուռքահայ կենտրոնները՝ marseille lyon valence ընտրելու փոխարեն ընտրեր գրականությամբ ապրող կենտրոններ: