ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ | Թարգմանություններ արաբերենից

Էդուարդ Հարենց

ԱԴՈՆԻՍ

Գաղտնահուշում

Ես կարող եմ հիմա-կուզե՞ս փորձեմ-
լեռնային բյուրեղին թևե՛ր վերագրել, և գավազանին` շուրթեր,
և հրամայել կյանքի գիշերվան`
եղբայր դառնալ պոեմի արշալույսին:
Ինչպե՞ս:
Կործանելով այբուբենը
(ներսից ու դրսից)`
Ասպատակելով, բռնանալով,
և կամ արհամարհելով բառերին…

Մելանխոլիա

Առեղծվածի երկնակամարում
շքեղագո՛ւյնը փայլող աստղերից-
Մելամաղձություն անունը ունի…

Թարթիչների ծառը

… Ու երբ ես կոպերի կղզում
հյուրը եղա լուսեղ ծովախեցու և ճռնչացող խավարի,-
տեսա, որ ջրի ու բոցի հավերժական
ճակատագիրն ունի Դարի ծերությունը,
որ թույլ է տալիս տղամարդուն`
լինել առասպել և կրակն այդ առասպելի…
Ես ծնվել եմ ճյուղերի վրա`
դյութական մի սպիտակ անտառում,
ցնորքներին զոհաբերվող օ՛րը որտեղ-
իմ քաղաքն է,
իսկ գիշերը`
խրճիթը իմ…

Էքստազ

Եվ ինքն իր միջից հառնում է Լույսը`
հանդիպելու իր լուսապատկերին…

Պոետը

Աշխարհը գունատ է դառնում, և բառերը,
որ նա կարդում է,
կանայք են,
որոնց նա տիրանում է` հրապուրելով ինչպես մահը
Ինչ նա սպանում է,
վերակենդանացնում է կրկին`
պատմության պատրանքից մի ուրի՛շ մահիճ հյուսելով:-
Այդտե՛ղ է նա ծնվում…

Կնոջ դեմք

Ես ապրել եմ հայացքի մեջ մի կնոջ,
որն ապրում է ալիքներում ծովի:
Անկումը նեցուկ է դառնում`
կորցնելու ինքն իր ապաստանն իր սեփական խեցու մեջ:
Ես ապրել եմ հայացքի մեջ մի կնոջ,
որն սպանում է ինձ (մեկը, որ սիրում է
լինել յուրահատուկ)`
որպես մի անլույս փարոս իմ արյան մեջ,
որ դեռ շարունակում է նավարկել
դեպի բևե՛ռը խելագարության…

Բոդլեր

Կոպերիս արանքում պոեզիայի հոգին` իմ մեջ,-
վավաշոտ մարմին է անկողնում.
խորթ` ինչպես երկիրը,
հարազատ` ինչպես երկիրը,
քանի դեռ տարփա՛նքն է վերմակը լույսի…

Ռայներ Մարիա Ռիլկե

Այն բանից հետո,
երբ վարդը նահանջեց արևի դեմ ու թոշնեց,
ու ոսկե փոշին ավանդվեց քամուն,
մոխիրների միջից երկիրն այսպե՛ս ասաց.
-Սա սեփական ե՛րգն է իմ` ինձ վերադարձված…

***
Մերկացի՛ր, ծաղկո՛ղ ծառ, ու փաթաթիր քեզ լուսնի լույսով,
լիալուսի՛ն, ծագի՛ր,
սուզվի՛ր ծաղկող ծառերի մեջ`
ծաղկե սանդուղքն ի վար,
որ մենք զարդարել ենք ուրի՜շ ծաղիկներով,
նախշաքանդակներով`
աքաղաղը ցամաքում,
կատվաձուկը ծովի մեջ;
Ու կտոնենք մենք այդպես հարսանի՛քը
դրախտի ու երկրի,
պսակադրությո՛ւնը մարմնի և հոգու…

Առավոտի ծառը

Հանդիպի՛ր ինձ, օ՜, առավոտ:
Եվ թույլ տուր մեզ` գնալ ամա դաշտը մեր,
որտեղ տանող արահետը սիլուետն է խանձված ծառերի:
Մենք բազմիցս խոստացել ենք այնտեղ թողնել
զույգ մահճակալ` զույգ մանուկներով-
նրանց չորային ստվերների տակ:
Օ՜, հանդիպի՛ր ինձ,
դո՛ ւ ես, որ տեսել ես սաղարթները փարթամ,
լսել կանչը ճյուղերի,
որոնք իրե՛նք են դրդում, որ արյունն իրենց խոսք դառնա,
բառեր, որ գրավում են աչքերը,
բառեր, որ ժայռե՛րն են ճեղքում,
հանդիպի՛ր ինձ, օ՜, հայտնվիր…
Կարծես թե մենք հանդիպեցինք,
ու կարծես մաշեցինք մե՛ր իսկ հյուսած խավարը,
հետո ծնկի եկանք նրա դռան առաջ,
վարագույրները քաշեցինք,
բացեցինք նրա լուսամուտները և հեռացանք
դեպի կամարնե՛րը ծառաբների:
Մենք օգնություն խնդրեցինք մեր սեփական կոպերից
և պարպեցինք երազների ու արտասուքների թորանոթները:
Թվում է` մենք կորցրել էինք ճանապարհը
և մնացել ոստերի երկրում…

Պոետներ

Նրանց համար գոյություն չունեն
տաքուկ սենյակներ,
նրանք իրե՛նք են ջերմություն տալիս
Երկրի մարմնին`
օդից կռելով դրանց բանալիները…
Նրանց միֆերի համար
չկան ծագում ու տոհմածառ.
դրանք արձանագրված են`
ինչպես արև՛ն է արձանագրել
իր սեփական պատմությունը
… ոչ մի տեղ…

ՄԱՐԱՄ ԱԼ-ՄԱՍՐԻ

***
Նա երկու կին ունի.
մեկը քնում է նրա անկողնում,
մյուսը` անկողնում նրա երազի:
Նա երկու կին ունի,
որոնք սիրում են իրեն.
մեկը լուռ ծերանում է նրա կողքին,
մյուսն իր երիտասարդությունն է նրան
նվիրում`
կաթվածահար անելով իր սեփական կյանքը:
Նա երկու կին ունի.
մեկը իր տան սրտում,
մյուսն իր սրտի տանը…

***
Նա եկավ`
տղամարդու մարմին հագած…
Ուշադրություն չդարձրի:
Ասաց.
– ա՛ռ ինձ, ես եմ`Սուրբ Հոգի՛ն: –
Չմեղանչելու վախից
նրան թույլ տվեցի գրկել ինձ.
հայացքը մերկացրեց
կրծքերս շփոթված`
ինձնից վեր հանելով գեղեցկությունս կնոջ:
Նա իր հոգին շնչեց մարմնիցս ներս`
որոտալով`
ինչպես շանթ ու կայծակ:
Ամե՛ն:

***
Ես սպասում եմ`
մինչև
երեխաները քնեն,
որպեսզի
խորտակված հույսերիս դին
հանձնեմ մակընթացությանը…

***
Ինձ նման կանայք
անհաղորդ են խոսքին.
բառերը կանգնում են կոկորդում`
ինչպես ձկան ոսկոր,
որ նրանք նախընտրում են կլլել:
Ինձ նման կանայք
գիտեն արտասվել միայն
արցունքներով կամակոր,
որոնք հանկարծ
պայթում ու դուրս են ցայտում
փրթած երակների պես:

Ինձ նման կանայք
հանդուրժում են հարվածները`
անկարող դրանք հակադարձելու:
Ճնշող զայրույթի՛ց են դողում:
Վանդակում փակված առյուծների պես
ինձ նման կանայք
ազատությո՛ւն են
երազում…

***
Բերանս`
մրսած բառերով լեցուն,
բանտ է`
կալանված փոթորիկներով:

Բերանս`
Իշտարի երգ,
հեքիաթ Շահրիզադեի:

Բերանս`
լռությամբ ճչացող գանգատ:

Բերանս`
շատրվան` հաճույքից ցայտող
Երգ երգոցը սրտի ու
մաշկի…

***
Ձմռանը Դամասկոսն է
հակառակորդս,
ամռանը`
ծովը:

Երազիս մեջ
երեկ
ոտքով հարվածում էի ծովին
ու քարտեզով մեկ փռում
Դամասկոսի մազերը…

***
Սովորաբար
տոները
մասսայական կոտորածներ են
հնդկահավի, ճտի, սագի, սաղմոն ձկան
ու գլխին ջարդվող շամպայնի շշերի…

Սովորաբար տոները
պատրաստի հագուստներ են
ուրախության,
նվերների,
գունավոր ստվարաթղթե փաթեթների
ու երազանքների…

Այս տարի
տոներն իրենց
տարեկան ամփոփման ժամանակ
հայտարարեցին նաև,
որ վաճառքի ծավալներում
մեծ անկում է
գրանցվել…

Ես հիշում եմ

Ես հիշում եմ
ամեն առավոտ
դպրոցի ճանապարհին`
նավահանգստի երկայնքով մեկ,
արահե´տն այն ծուռտիկ`
Երիտասարդական սրճարանի հարևանությամբ,
ուր հավաքվում էին
թաղի ծերերը…

(Սիրտս նեղվում է)

Հիշում եմ փոքրիկ մատուցողին,
որ իր գործը թողած`
կիսաձայն երգում էր ինձ համար
կամ ժպիտ էր ուղարկում:
Ես ժպիտս թաքցնում էի փոքրիկ թաշկինակիս տակ
կամ ծովն էի նետում…

(Ժպտալը մեղք է)

Հիշում եմ`
ինչպես երեկոյան
մայրամուտի քիվերին
համբարձման ժամից առաջ
խաչվում էին քայլերն ու երազները
Լաթաքիայի երիտասարդ
աղջիկ-տղաների…

Հիշում եմ դեմքեր ու անուններ,
այգիներ ու փողոցներ:

Հիշում եմ ու
արտասվում…

***
Ես նրան շա՜տ մոտ էի կանգնած,
ուշադրություն չէի դարձնում
խռխռոցներին…
և ունկնդիր չեղա
վերջին շնչին նրա…

***
Դու
մոռացար, որ նա կին է…

Նա, ում մեջ դու տեսար
տխրությունը –
ինչպես նայում են օճառի պղպջակներին,
զվարճությո՛ւնն ապրեցիր
եղունգներդ հարդարելու,
մինչ նա
խորտակվում էր…

Քաղաքներ

Կան քաղաքներ, որ ուրի´շ
քաղաքներ են հիշեցնում,
երգեր կան, որ հիշեցնում են
ուրի´շ երգեր…

Կան հատուկ բույրեր` քաղաք հիշեցնող,
քաղաքներ, որ հիշեցնում են
մարդկանց, համբույրներ…
Քաղաքներ կան` հիշում են մեզ,
կան, որ մոռանում են…

Քաղաքներ կան` բնակվում են մեր ներսում,
կան, որ գերեվարում են մեզ…
Քաղաքներ կան` ազատում են շղթաներից:
Կան քաղաքներ, որ ապրելո´ւ համար են,
քաղաքներ կան` երազելո´ւ…
Կան քաղաքներ, որ մեզ լույս աշխարհ են բերում,
և կան, որ մեզ պարգևում են
խաղաղություն և անդորր…

Արաբերենից թարգմանությունը Էդուարդ Հարենցի

Share Button

1 Կարծիք

  • Մտահղացումը Հասմիկ Հակոբյանինն է, հաճելի անակնկալ մատուցել Հարենցին ծննդյան օրվա առթիվ: Ծնունդդ շնորհավոր Հարենց ախպեր 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *