Իրիկնադեմին, երբ սարից տուն էր գալիս, գերեզմանոցի մոտ մեկն ասես ականջին շշնջաց, թե մի հատ անցավորացդ շիրիմներին պտտվիր: Ինչքան ժամանակ է՝ ուշ լինելը, գործ ունենալդ, հոգնած լինելդ առիթ բերելով կողքից անցնում գնում ես: Ախր բոլորի ճանապարհն էստեղ է ավարտվելու, ուր էլ գնան՝ մի օր, դու էլ քո ժամանակին նրանց հետ, գալու եք՝ ոտքներդ երկարացնեք էստեղ՝ էս հողի մեջ: Մտքով անցավ, մի պահ քայլքը դանդաղեցրեց, հետո ուզեց անցնել գնալ, բայց միտքը սևեռուն ու բռնավոր՝ տիրել էր էությանը: Ասես չուզենալով վեր դրեց շալակած խոտն ու ճամփան թեքեց, մտավ Քարոտ քաղաք: Իջավ Վալոդի գերեզմանի մոտով, նայեց Վաղոյի ժպտացող նկարին, Կոլյայի փողկապը ձեռ առավ մտքում: Չոբանն ուր՝ փողկապն ուր: Մարուսի գրոց անվան վրա մի անգամ էլ զարմացավ բարձրաձայն.
-Բյու-րեղ,-քարի վրա գրվածը կարդաց վանկատելով,- կնիկն էլ էդպիսի անո՞ւն ունենա: Ասա էնպիսի անուն դնեիք՝ մարդու լեզուն դառնար արտասանելիս: Թե չէ՝ Բյու-րեղ,- մրթմրթաց իրավարի ու հանկարծ գլխի ընկավ, որ գյուղի կեսը, կամ ավելի ճիշտ՝ իր ճանաչած մարդկանց կեսից ավելին, հիմա էստեղ է՝ էս քարերի տակ: Կանգնել, նայում են արևելք: Ասես շունչները պահած սպասում են, թե ե՞րբ է գալու Նա, որ արևելքից է գալու, Նա, որ գալու է աշխարհը մի անգամ էլ փրկի, գալու է Իր իսկ ստեղծած աշխարհի դիմաց առաջարկի իր ունեցած ամենաթանկ բանը՝ կյանքը:
Գերեզմանների միջև տրորված արահետով լանջն ի վար իջնում էր ներքև, մտքի մեջ կամ բարձրաձայն զրուցելով ծանոթ ու բարեկամ շիրմաքարերի հետ: Այն, ինչ նրանց կենդանության ժամանակ մտածել, բայց չէր ասել, հիմա արտաբերում էր բարձրաձայն, այն, ինչ նույնիսկ չէր էլ մտածել, միայն ենթագիտակցության խորքերում պահել էր այսքան տարի, միանգամից արևերես էր ելնում և անարգելք կախվում էր շրթունքից:
-Հը՞, Մամիկոն,- թուխ ու թուր աչք – ունքով, ակադեմիկի տեսքով քարին բազմած նկարին դարձավ,- տեսնողը կասի՝ գիրք ու գրի գերի ես եղել ամբողջ կյանքումդ ու չի մտածի, որ դու Մաշտոցի անուշ տառերից կարոտ ես եղել: Քո իմացածը, լավ իմացածը միայն արաղն է եղել, որ ամբողջ կյանքումդ խմել ու չես կշտացել: Հիմի էդտեղ ո՞նց է: Բաժակ լցնող կա՞, թե՞ “պախմելից” սնգսնգում ես անապատի անջուր մնացած ուղտի նման:
Մամիկոնը լուռ էր, ինչպես որ մյուսները: Սանոն իջնում էր կածանով, մթնշաղի մեջ նայում շիրիմներին, խոսում, ծիծաղում, ձեռ առնում սրան – նրան: Վախ չկար: Ինչի՞ց վախենա: Գերեզմանոցից վախենա, նույնն է, թե վախենա սար ու քարից, հասած արտի մեջ քամու շնգոցից, կամ վախենա, երբ կայծակի մտրակը շաչում է Կախգլուխ քարի ամեհի կրծքին:
Հասավ իր նախնիների գերեզմանին, պտտվեց ցանկապատի շուրջը: Մայրը անթարթ նայում էր: Ամառվա իրիկնամուտի մեջ քարը պահպանել էր կեսօրվա արևի տաքը և հիմա մաս-մաս վերադարձնում էր աշխարհին: Ձեռքի ափով սրբեց մոր դեմքը, կռացավ, համբուրեց: Հայրն էլ էր ժպտում նույն քարի վրայից, բայց ինքը գիտեր, որ հայրն այդտեղ չէ, այլ բելոռուսական ճահիճներում: Պատերազմի ժամանակ զոհվել, թաղվել է եղբայրական գերեզմանոցում: Ինքը գնացել, գտել է գերեզմանը, գերեզմանից հող է բերել, խառնել է մոր գերեզմանին, ամեն անգամ խունկ վառելիս մի պտղունց խունկ էլ հոր հոգու համար է ծխում: Ճիշտ է, հայրն էստեղ չի, բայց Աստված լավ գիտի, որ խնկի ծխի մի պալանն էլ նրա հոգու հանգստության համար է:
Տատի գերեզմանն առանձին է: Էն ժամանակ, երբ մեռավ, ինքը փոքր էր: Հետո տեսավ, որ տատի մոտ մորն ու մյուսներին տեղ չի լինի, առանձին մի տեղ վերցրեց, իսկ տատի հին ու ծռմռված ցանկապատը վերցրեց, տեղը քարե կարգին ցանկապատ շարել տվեց: Քարի վրա տատի նկարն էլ հանել տվեց, բայց մեկ է, տատն այդքանից հետո էլ աչքին խեղճ ու լքված է երևում: Ասես կուչ է եկել քարի վրա ու վախեցած է: Ուզեց կռանալ, տատի նկարն էլ համբուրել, բայց հետո միտքը փոխեց:
-Քարը պաչելուց ի՞նչ օգուտ,- թոնթորաց դժգոհ:
Այն է ուզում էր գնալ, երբ հանկարծ աչքը նկարից տատի գերեզմանի վրա թեքեց ու թուքը կպավ: Ա~յ քեզ տնաքանդություն: Խլուրդը փորել ու բուլք-բուլք դուրս էր տվել: Խլուրդի հողակույտերը կողք-կողքի էին` համարյա իրար կպած:
Թվում է՝ մեռնելուց հետո վերջ, ամեն ինչ հող է դառնում և հավասարվում է հողին, բայց այդպես չէ: Մեռածը հողի տակ պառկած՝ ապրողն է նրա ու իր նամուսը պահողը: Եթե նույնիսկ ապրողն աննամուս է, միևնույն է մեռածի նամուսը հողի տակից ելնում, փաթաթվում է վզին, կախվում է դեմքից: Եկ ու ապրիր հանգիստ, երբ խլուրդը տատիդ գերեզմանը քրքրում է:
-Այ անտեր,- խլուրդին դիմեց Սանոն,- դու՞ որտեղից եկար:
Նայեց չորս կողմը. թե գերեզմանոցի կողքի դաշտից եկած լիներ, շուրջը նաև այլ հողակույտեր պիտի թողած լիներ, բայց խլուրդի հետքերը միայն գերեզմանի մեջ էին երևում: Սանոն ցանկապատ էր քաշել, բետոնով, սրբատաշ բազալտով շարած ցանկապատ ու սև հող էր լցրել մեջը: Կարո՞ղ է խլուրդը դաշտից բերած հողի հետ է եկել ու ինքը չի իմացել: Հասկանալի է, տատը՝ խեղճ ու կրակ Բավականը, խլուրդից տուժել չի կարող: Նախ, որ խորն է թաղված, իսկ ցանկապատը մայր հողի վրա է դրված ու խլուրդն էդքան խորը չի իջնի և ապա, որ տատից արդեն համարյա բան մնացած չի լինի: Բայց դա չէ կարևորը: Կարևորն այն է, թե ինչ կասեն մարդիկ: Ամոթը Սանոյինն է: Խլուրդին ի՞նչ կա, փափուկ հող է գտել ու փորում է, նրան ի՞նչ, որ տեսնողը Սանոյի երեսին է թքելու:
-Կարո՞ղ ա, փորի, փորի՝ ձանձրանա, գնա,- մտածեց բարձրաձայն:
Խլուրդն ի՞նչ է ուտում: Փորում, հողի միջից արմատ ու որդ է ջոկում: Տատի գերեզմանը հազիվ չորս քառակուսի մետր լինի: Խլուրդն ինչքա՞ն ժամանակ կարող է բավարարվել այդ տարածքով: Պիտի փորի, հասնի ցանկապատին, տեսնի քար է, ետ պիտի դառնա: Բայց թե ո՞վ գիտի խլուրդն ինչ ու ինչպես է մտածում: Վայրի կենդանի է, մեկ էլ տեսար՝ լավ էլ հարմարվեց թեկուզ և փոքր տարածքին ու բնավորվեց, մնաց: Էդ ժամանակ ինչ է անելու Սանոն: Գյուղով մեկ էլի խայտառակ պիտի լինի: Կխոսեն, կքննադատեն, կասես ինքն է հատուկ խլուրդին բերել տատի գերեզմանի ցանկապատի մեջ բաց թողել:
Էդպես չեղա՞վ, որ իր անունը ձեռնամեղով “Տելեվիզոր” դրեցին: Գագոյի Վազգենը բերանը բացեց, ասաց ”Տելեվիզոր”, խրխնջալով իր հոտի հետևից քայլեց, իսկ անունը կպավ, մնաց:
Էդ տարի Վանաձոր քաղաքի Կլոր ունիվերմագում կյանքում առաջին անգամ հեռուստացույց էր տեսել: Մինչև այդ լսել էր, որ նման սարք կա, բայց տեսնելը՝ չէր տեսել: Էդ օրը կանգնել, ափիբերան նայել էր էկրանից երգող շարմաղ կնկան: Նայել էր, պտտվել հեռուստացույցի շուրջը ու ինքն իրեն քարկոծել էր մտովի, թե ինչու է ինքը գյուղում ապրում և թե ինչու են աշխարհում եղած ամեն մի լավ ու լուսավոր բան առաջինը քաղաքացիք տեսնում: Ինչու՞ մի հատ դրանից չառնի, տանի, դնի օթախի վերևի գլուխը, որ սարից էկած ժամանակ միացնի, աչքը քաղաքի ու աշխարհի միջից դուրս գա:
-Ի՞նչ ես էդքան շուրջբոլորը պտտվում,- խեթել էր չաղլիկ վաճառողուհին:
-Խի՞, քիրա ջան, նայել չի կարելի՞~,- իր կոպիտ լեզուն ջարդելով իբր քաղաքավարի էր խոսել Սանոն:
-Նայել կարելի է, բայց ինչքան անբան մարդ կա հո չի՞ լցվելու ունիվերմագ:
Սանոն առնվել էր հատկապես էն բանից, որ վաճառողուհին իրեն անբանի տեղ է դրել: Մի քիչ համբերել էր, որ զայրութը նստի ու հանգիստ հակադարձել էր.
-Կարող ա պատահի՝ առնում եմ, չնայե՞մ:
-Առնողի~ս տեսեք,- թեք հայացքով Սանոյի բոյն էր չափել վաճառողուհին ու Սանոյի սիրտն ավելի էր խոցվել: Ո՞նց թե… ուրեմն սրա աչքին Սանոն մարդ չէ՞, ուրեմն Սանոն էնքան փող չունի՞, որ էդ հրաշք սարքն առնի, իր տուն տանի՞:
-Ինչի՞, քիրա ջան,- լայն ժպտացել էր Սանոն,- ինձ նման տղան փող չի կարող ունենա՞լ:
-Օ~ֆ, գործիդ գնա,- վեճը կարճել էր ուզեցել վաճառողուհին, իսկ Սանոն “կպել էր գործին” ու պոկ չէր եկել:
-Գինը կասե՞ք:
Կինը չէր ցանկացել Սանոյի հետ խոսք ու զրույցը շարունակել ու ցուցադրաբար լռել էր, իսկ Սանոն պնդել էր.
-Ապրանքի գինն ասեք:
-Հեռուստացույցն արժե 215 ռուբլի, գումարած 17 ռուբլի 50 կոպեկ:
-Էդ ընչի՞,- ըմբոստացել էր Սանոն:
-Էդ էլ անտենայի գինն է:
Սանոն չէր հասկացել՝ անտենան ինչ է, բայց կոտր չէր ընկել ու շուռ էր եկել, թե.
-Որ վաղը գամ, մնացած կլինի՞, թե՞ էս մեկն է:
“Քոսոտ,- մտածել էր կինը,- ով գիտե՝ հացին կակա ես ասում”,- մտածել, բայց մտածածը բարձրաձայն չէր արտահայտել ու գլխով էր արել՝ կա: Սանոն ավտոկայանում նստել էր ավտոբուս ու մտքից հանել չէր կարողացել հեռուստացույցի մեջ երգող շարմաղ աղջկա պատկերը: “Ինչ լավ բան է, այ մարդ, միացնում ես ու աշխարհքն ինչքան հրաշք կա, բերում, լցնում է տունդ”,- մտածել էր ինքն իրեն:
Իրիկունը կինը երեխային էր քնացնում: Սանոն նստել էր մեծ սենյակում ու մտքի մեջ էլի հեռուստացույցն էր: Ծաղիկը երեխային քնացնում ու երգում էր: Սանոն ականջի ծայրով լսում էր կնոջ երգն ու թախիծը գալիս, պատում էր ողջ էությունը: Էն հեռուստացույցի մեջ երգողն էլ էր կին, սա է՞լ, նա էլ էր երգում, սա է՞լ: Սիրտը տնքում էր և էդ տնքոցը ամեն զարկի հետ տրոփում էր քունքերի մեջ: Իրենց գյուղում դեռևս ոչ ոք հեռուստացույց չունի: Հետո ի՞նչ, թող էս մի հարցում էլ առաջինը Սանոն լինի, ումի՞ց է պակաս: Փողի հարցում էլ չի խեղճանա: Խնայդրակարկղ դրած հինգ հազար ռուբլուն ձեռք չի տա, տանը հազար ռուբլի կա, թող դրա կեսը հեռուստացույցին ղուրբան լինի:
-Այ մեր,- երկար մտմտալուց ու տնքվռչալուց հետո մորը դիմեց,- մեր տանը փող կա~՞;
Գիտեր՝ կա, բայց չէր ուզում միանգամից հրամայել, թե՝ էն փողը բեր:
-Կա, ինչի՞դ է,- հարցրեց մայրը, մտածելով, թե տղային գրպանի փող է հարկավոր: Ո՞վ գիտե, խանութում մեկի հետ մի բաժակ բան է խմել ու հիմա… Տղամարդ է, չէ՞:
-Հինգ հարյուր ռուբլի է պետք,- միագամից շրխկացրեց Սանոն:
-Վա~յ,- ծնկները տրորեց մայրը,- էդքան փողի ինչի՞դ է, տղա:
-Տելեվիզոր եմ առնելու:
-Էդ ի՞նչ է,- աչքերը ճպճպացրեց մայրը:
-Տան գույք: Առնում, դնում ես տան վերևի գլուխը, միացնում ու տեսնում ես, թե աշխարհում ինչ լավ ու նոր բան կա:
Մայրը, թեև բան չհասկացավ նրա ասածից, բայց ներքնակի տակից հանեց ու թաշկինակով փաթաթած փողը տվեց տղային: Սանոն հաշվեց հիսուն հատ տասանոց, ծալեց, դրեց գրպանն ու սպասեց առավոտվան:
Ավտոբուսով գնաց, տաքսիով վերադարձավ: Ամբողջ ճանապարհին հրճվում էր՝ հիշելով վաճառողուհու զարմանքից ճակատին թռած աչքերը: Սանոն աղայություն էր արել՝ հինգ ռուբլի էլ նրան էր տվել, թե.
-Քիրա ջան, էս էլ քեզ քո տանջանքի դիմաց,- չնայած լավ էլ իմացել էր, որ “քիրայի” տանջանքը փողը հաշվելն ու ապրանքը մատնացույց անելն էր եղել:
Տաքսու վարորդի հետ հեռուստացույցը տուն բերեց, արկղի միջից հանեց դրեց սենյակում, վարորդին ճանապարհելուց հետո ալեհավաքը ամրացրեց տանիքին ու հեռուստացույցը միացրեց: Էկրանը բացվեց, բայց պատկերի փոխարեն ասես խոշոր փաթիլներով ձյուն մաղելիս լիներ, իսկ ձայնի փոխարեն՝ խշշոց էր գալիս: Գիտեր, որ հեռուստացույցը փչացած չէ: Խանութում փորձել էին, լավ էլ ցույց էր տալիս: “Կարո՞ղ է ճանապարհին փչացավ”,- անցավ մտքով, բայց այդ միտքն էլ մերժեց: Ինքն ու տաքսու վարորդն ուշադիր ու զգույշ էին եղել: Էլի նայեց, աջ ու ձախ պտտեց կոճակները, բայց բան դուրս չեկավ:
-Ավելի լավ է վարպետ բերես,- զգուշութամբ հուշեց կինը:
Տասը ռուբլի էլ գնաց, որ տաքսին վարպետին շրջկենտրոնից բերի ու տանի, չհաշված վարպետի վարձը:
Վարպետը ելավ տանիքի վրա, ալեհավաքը աջ ու ձախ թեքեց, կոճակները պտտեց, բզբզեց, ինչ-որ սարքով ալեհավաքն ուժեղացրեց, բայց էլի բան դուրս չեկավ: Սեղան նստեցին, վարպետս օղին խմեց, մոր սարքած ձվածեղը կերավ ախորժակով, Սանոյի տված քսանհինգանոցը գրպանը դրեց ու հայտարարեց.
-Պատճառը քո տան դիրքն է:
-Ո՞նց,- չհասկացավ Սանոն:
-Հա, եթե տունդ գյուղի մեջ լիներ, հեռուստացույցը կբռներ, բայց էսպես, սարը խանգարում է:
Սանոն ի՞նչ աներ, հո չէ՞ր կարող սարը քանդել ու հեռուստաալիքների համար ճանապարհ բացել: Մտքի ծայրով իսկ չանցավ, որ հեռուստացույցը տանի, թեկուզև մի քիչ էժան գնով խանութին վերադարձնի, դրա համար էլ հարցրեց.
-Բա ի՞նչ կարելի է անել:
-Այ, եթե հնար լիներ՝ սարի գլխին անտենա դնեիր…,- կակազեց վարպետն ու գնաց:
Վարպետը գնաց, բայց նրա ասածը մտավ Սանոյի գլուխը: Սանոն իր նպատակից ետ կանգնողը չէ, եթե որոշեց, ուրեմն ուզածին հասնելու է:
“Էսքան ծախս անողը մնացածն էլ կանի,- մտածում էր գիշերը,- մինչև Սրբի սարի գլուխը թող լինի 100-120 մետր: Եթե երկաթե սյուներ տնկի՝ էդ քեզ 10-15 հատ: Ինչքա՞ն մետաղալար կգնա: Թող մի 120 մետր էլ ալյումինե հոսանքալար գնա”…
Հաշվեց, գումարեց-հանեց ու համոզվեց, որ ինքն առանց մեծ ծախսի գործը գլուխ կբերի: Էշին նստելը մի անուն է, իջնելն՝ էրկու: Եթե որոշել է հեռուստացույց նայել, ուրեմն նայելու է: Հարց չկա: Պատի տակ գցած երկաթե խողովակներն իր եռակցման ապարատով կտրատեց, հարմարեցրեց, վերածեց սյուների: Մի կապ ալյումինե էլեկտրալար ճարեց ու սկսեց սյուները տնկել: Էդ գործում նրա գործակիցը, նրան հավատացողն ու օգնողը թաղի երեխաներն էին:
-Մի քանի օրում սյուները տնկենք, լարը քաշենք,- նրանց ու իրեն ոգևորում էր Սանոն,- ու աչքներդ բարին տեսնի: Ֆուտբոլ նայե՞լ եք ուզում, եկեք, համե՞րգ է ուզում սրտներդ, բա Սանո հոպարի տելեվիզորն ինչի՞ համար է, բա Սանո հոպարը տելեվիզորն ու՞մ համար է առել…
Գործն սպասվածից ավելի արագ առաջ գնաց: Երկու օրում սյուները տնկեցին, լարերն անցկացրին ու վարպետ Ռոմիկը ամենավերևի սյունի գլխին հարմարեցրեց ալեհավաքը: Երեխաներն ու Սանոն շունչները պահած սպասում էին, թե Ռոմիկը երբ է գործի գցելու հեռուստացույցը: Երեխաներից ոչ ոք չգիտեր, թե ինչ է հեռուստացույցը և ինչ պիտի տեսնեն իրենք, բայց Սանոն այնքան գունավոր ու իրական էր ներկայացրել ամեն ինչ, որ նրանցից յուրաքանչյուրի երևակայության մեջ վառվում էր հրաշք ու չտեսնված մի պատկեր:
Ռոմիկն անտենան դրեց, բզեց, բզբզեց կոճակներն ու բռնակները սեղմեց ու քաշքշեց, բայց առաջվա պես էկրանին ձյուն էր մաղում: Սարքը խշշում-թշշում, հիասթափեցնում էր բոլորին, բացի Սանոյից:
Ուրիշ մասնագետներ բերեց, մորից պոկած 500 ռուբլին վաղուց ծախսել-վերջացրել էր, բայց կանգ չէր առնում: Բայց ինչ էլ որ արեց, հեռուստացույցն իրենց տանը ոչ մի բան ցույց չտվեց: Գյուղամեջի խանութում ցույց էր տալիս, քրոջ տանը՝ նույնպես, իսկ իր տանը դառնում էր խուլ ու համր: Ու ոչ ոք Սանոյին չէր ասում, թե հասարակ ալյումինե լարը սարի գլխից պատկերը մինչև տուն հասցնել չի կարողանա: Դրա համար ուրիշ լար է հարկավոր: Իրենց մասնագետ համարողները չգիտեին, չգիտեր նաև Սանոն ու… Հենց էդ օրերին էր, որ Գագոյի Վազգենը գյուղամեջում ձեռ առավ ու.
-Տեսնես Սանոն տելեվիզորի մեջ ի՞նչ է փնտրում: Շատ-շատ պապի ծակ տրեխներն ու հոր գնջոտ “տելեգրեյկան” պիտի ցույց տան էլի:
Էդ օրերից Սանոյին միայն “Տելեվիզոր” մականունը մնաց, իսկ գյուղին՝ Սրբի սարի գագաթին քամու զարկից շվոց հանող ու տարաշխարհիկ եղանակներ նվագող ալեհավաքը: Հեռուստացույցը չծախեց, չնվիրեց, պահեց օթախի վերևի գլուխը դրած՝ որպես զարմանալի զարդ: Դրված էր կիսապահարանի վրա, էկրանին Սայաթ Նովայի՝ քամանչան ձեռքին նկարը: ճիշտ է, մի երկու տարի հետո գյուղում շատերը հեռուստացույց առան, շատերը սիրահարվեցին, հետո հիասթափված թքեցին հեռուստացույցի երեսին, բայց ողջ գյուղը Սանոյին “Տելեվիզոր” կոչեց: Սանոն մեկ նեղացավ, երկու, մինչև որ սովորեց: Հետո, երբ անկախ Հայաստան եկավ, երբ աշխարհի ճանապարհները բացվեցին, տղան մի մեծ ափսե-ալեհավաք բերեց, խնձորենին կտրեց ու տեղը հարմարեցրեց ալեհավաքը: Սանոյի առած սև-սպիտակ հեռուստացույցը առանց աշխատելու ծերացավ, անպետքացավ:Նախ տեղափոխվեց տան առաջին հարկ, մի քիչ աշխատեց, հետո փչացավ: Մեջի սարքավորումները թոռը հանեց, իսկ կինը դատարկ մնացած արկղը տարավ գոմ ու հավերի բնկալ դարձրեց:
Ու “տելեվիզորի” ժամանակներից Սանոն փորձում էր հանդարտ ու խաղաղ ապրել: “Մեր արյունը շոռ է, մի բան կանենք, կընկնենք գեղի բերանը”,- ինքն իրեն զգուշացնում էր ամեն անգամ: Հիմա էլ խլուրդը: Ասա ամբողջ գերեզմանոցում էլ ուրիշ գերեզման չկա՞ր, որ եկել, Սանոյի տատի գերեզմանն ես քրքրում: Էդ կինն աշխարհում լավից բացի ուրիշ բան չի արել: Գերեզմանոցում քանի՞ կաշառակեր ու գող կա, քանի՞ աչքածակ ու չկշտացող, քանի՞ անպետք ու աննամուս: Չէ, արդարություն չկա: Եթե լիներ, խլուրդը նրանց թողած, խեղճ ու կրակ Բավականի գերեզմանը չէր քրքրի: Ի՞նչ իմանաս էս աշխարհում սատանայությամբ ապրածներն էն աշխարհում էլ մի հնար չե՞ն գտնում:
-Մեր արունը շոռ է,- քրթմնջում էր ամբողջ գիշեր,- մի բան անել է հարկավոր: Մեկ էլ տեսար՝ մի բան կպցրեցին:
Ինքը լավ հասկանում էր, որ “մի բան”-ը խլուրդին որսալն է: Բայց եթե էդ գործը ցերեկով աներ, մարդիկ կարող է տեսնեին ու… Դե արի ամեն հարցնողին բացատրիր, թե.
-Խլուրդը տատիս գերեզմանը քանդում է…
Ու որոշեց մութնուլուսին գնալ գերեզմանոց: Ոչ ոքի, նույնիսկ կնոջը, բան չասաց: Առավոտյան ժամը հինգին բահն առավ ու քայլեց գերեզմանոցի կողմը:
Կանգնեց գերեզմանի կողքին ու սկսեց ուշադիր ուսումնասիրել: Երեկվա վրա խլուրդը երկու նոր բուլք էր փորել:
-Անտերը տեսնես տրակտո՞ր է, թե՞ շախտյոր,- զարմացավ:
Կանգնել, սպասում էր, թե կենդանին երբ կշարժվի, երբ կսկսի հողը փորել: Հանդարտ ու խաղաղ էր շուրջը: Ինքը գերեզմանոցում միշտ մի առանձին խաղաղություն էր զգում: Գիտեր, որ մի օր էլ ինքն է գալու՝ պառկի իր հարազատների կողքին, բայց մի տեսակ հավատը չէր գալիս: Հավատում էր, որ մահից անդին կյանք կա ու հանուն հետաքրքրությունը բավարարելու պատրաստ էր սահմանվածից նույնիսկ մի քանի տարի առաջ գալ Քարոտ քաղաք: Մեկ ուզում էր մեռնել, մեկ էլ հույս էր փայփայում, թե ինքն իր հարազատներից մի քիչ ավելի երկարակյաց կլինի ու մի քիչ ավելի երկար կվայելի աշխարհում իրեն տված շատ աշխատանք ու տանջանքով և քիչ ուրախությամբ լեցուն կյանքը:
Գիտեր խլուրդ բռնելու գաղտնիքը: Պիտի համբերությամբ սպասես, մինչև որ կենդանին սկսի բանել ու պահը հարմարեցնելով հենց փորած տեղում բռնես, թե չէ խլուրդը հազար անցք ունի: Նայեց մի ժամի չափ: Դանդաղ լուսանում էր, ամեն ինչ անշարժ էր: Ի՞նչ իմանաս՝ խլուրդի հավեսը ե՞րբ կտա, որ զարթնի ու սկսի փորել: Գյուղն արդեն արթնացել էր: Ձայները գալիս, հասնում էին գերեզմանոց ու կամաց-կամաց վերանում էր ցայգալույսի խորհրդավորությունը, որ ժամ առ ժամ նստում էր գերեզմանաքարերի վրա: Սանոն հայացքը կտրեց աղոթրանից ու նայեց շուրջը: Տատի գերեզմանից մի քիչ վերև Դերենիկի գերեզմանն էր: Դերենիկի նկարը քարի վրա հանդիսավոր ու տխուր էր դուրս եկել: Նայեց ու քմծիծաղեց.
-Դերո, էդտեղ է՞լ է նախրագնայի ժամ, թե էդտեղ ժամ ու ժամանակ չկա: Ով երբ ուզի՝ քնում է ու արթնանում է քեֆը տված ժամանակ:
Նկարը լուռ էր և գերեզմանոցի հանդիսավոր լռությունը շարունակվում էր: Մեղմ զեփյուռ էր խաղում, որ գալիս, շոյում էր գերեզմանի մոտ իր ձեռքով տնկած լացող ուռենու վարսերը: Ծառը նազով շորորում էր: “Տեսնես արմատները հասե՞լ են մամային”,- իրենից անկախ մտածեց Սանոն ու աչքը նորից խլուրդի թմբին գցեց: Հողը թեթևակի շարժվեց:
-Ը-հը,- ուրախացավ,- արթնացա՞ր:
Կամաց, որպեզի խլուրդն իր ոտնաձայներից չխրտնի, ելավ, կանգնեց շիրիմը եզերող պատի վրա: Փորձեց ոտքերն այնպես դնել, որ տատի գերեզմանի վրա չլինի ու սպասեց: Խլուրդը հողի հերթական գուղձը բերեց ու հենց այդ պահին Սանոն բահը խրեց հողի մեջ: Խրեց այն հաշվով, որ խլուրդի ետդարձի ճանապարհը փակի: Կենդանին զգաց բահի մետաղահամը և մի քանի վայրկյան անշարժացավ: Հետո փորձեց փախչել, ազատվել այդ տհաճ, տտիպ մետաղահամից: Հենց այդ պահին Սանոն փորած հողը շուռ տվեց ու նետեց պատից այն կողմ: Տեսավ, թե խլուրդն ինչպես հողի հետ կիսաշրջան գծեց օգում ու շրմփաց գետնին:
-Այ, այդպե~ս,- բավականությամբ ծոր տվեց ու պատից ներքև ցատկեց:
Խլուրդը կամ գետնին զարկվելուց ուշաթափվել էր, կամ սուտմեռուկի էր տվել: Սանոն կանգնել, աչքերը պլշած նայում էր: Հետո բահի ծայրով կպավ նրան: Խլուրդը շարժվեց:
-Ողջ ե՞ս,- ուրախացավ,- քո կյանքն էլ կյանք չէր: Դու ազատ կենդանի՝ ընկել էիր փակ տարածության մեջ ու… Ինչքա՞ն պիտի փորեիր էդ մի քանի քառակուսի մետրը, որ ապրեիր: Ախր Աստված քեզ էլ է ազատ ստեղծել, չէ՞:
Բահի ծայրով գլորեց, հողի հետ գցեց տոպրակի մեջ:
-Ասում են՝ խլուրդի միսն օգտակար է ստամոքսի համար, իսկ յուղը ռադիկուլիտ է բուժում,- քթի տակ թոնթորաց:
Հետո արագ հարդարեց գերեզմանի փորփրած մասերն ու տոպրակն առած շարժվեց դեպի գյուղ: Նախիրն արդեն դեպի սար էր շարժվում՝ հետևից փոշի ու գոզահոտ տարածելով: Անցած տարվա մի ջահել մոզի, որ իրեն արդեն ցլիկ էր երևակայում, ոտքով ետ էր տալիս հողն ու մռլնգում էր նախրից ետ ընկած:
-Մի շտապիր,- նրան նայելով քմծիծաղեց, ասես դիմացինը մարդ լիներ,- կյանքը կարճ է ու մի օրվա պես անցնում է: Իսկ քո նմանի կյանքը աշնանը սպանդանոցում է ավարտվելու: Քոնը միայն էսօրվա առավոտն է, ռունգերդ խտղտացնող էգերի հոտն ու ճոխ արոտավայր գտնելու հույսը:
Սանոն արագ էր գալիս, գերեզմանոցում մեջն առաջացած տարտամ միտքը ձև էր առել ու որոշել էր խլուրդից օգուտ քաղել: Միսը կուտի, թող ստամոքսի ցավերը մեղմանան, իսկ ռադիկուլիտը… Բայց մինչ տուն հասնելը, Աղլեզի ձորի մեջ միտքը փոխեց: Հանկարծ զգաց, թե ինչպես խլուրդի նկատմամբ ունեցած թշնամանքը հալվեց-վերացավ: Գերեզմանոցից գյուղ ու գերեզմանից կյանք մի քայլ էլ չէ, իսկ խլուրդի կյանքն իր կյանքը նույնիսկ մի վայրկյանով ավելացնել չի կարողանա: Ուրեմն ինչու Աստծո մի արարածի կյանքն առնես: Իր ստամոքսը խլուրդի կյանքի հետ համեմատած հեչ բան է:
Համ էլ խլուրդն ի՞նչ է, որ նրա յուղի հաշվին ինքը բուժվի: Աշխարհի ողջ բժշկությունը՝ շրջկենտրոնի իրենց հիվանդանոցի ներվաբան Անոյանին էլ հետը գումարած, չկարողացան իր ռադիկուլիտը մի քիչ թեթևացնել, մի խլուրդն ի՞նչ է, որ… Ամեն մարդ ախր իր խաչն է ունենում, ինքը հո անցավ չի՞ ապրի: Էդ ցավերը բուժես՝ ուրիշ ցավեր կգան: Անծանոթ ցավը ավելի վատ չէ՞: Ծանոթ ցավի դեմ պայքարելն էլ հեշտ է, չէ՞:
-Համ էլ բուժվենք, որ ի՞նչ: Բուժվենք, որ առողջ մեռնե՞նք…,- թոնթորաց ինքն իրեն:
Կանգնեց ձորի լանջին, բահը խրեց հողի մեջ ու հայացքը սահեցրեց լանջն ի վեր: Ամայի տեղ է, խլուրդը թող փորի՝ որքան կամենա, որքան կներեն սուր ճանկերն ու որքան կհերիքի կյանքը: Տոպրակը բացեց ու խլուրդին հողի հետ շուռ տվեց գետնին:
-Ոնց որ ողջ էր, հը՞,- նրա անշարժ մարմնին նայելով ինքն իրեն հարց տվեց:
Տեսավ, որ կողքին հայտնվեց հարևան Զավենի հինգ տարեկան Բենոն: Թևի տակից մտավ ու սկսեց նայել հողի վրա անշարժ պառկած խլուրդին.
-Էս ի՞նչ է, հոպար:
Սանոն չհարցրեց, թե Բենոն որտեղից է եկել: Գիտեր՝ հորթերին է բերել արածացնելու: Առանց նրան նայելու ժպտաց.
-Խլուրդ է:
-Խլուրդն ի՞նչ է,- նորից հարցրեց Բենոն, բայց Սանոն պատասխան չտվեց:
Խլուրդը հողի հոտն զգալով շարժվեց: Մինչ այդ դրսի, պլաստիկ տոպրակի հոտերից ուշագնաց ընկած էր ու հիմա խելքի եկավ: Սանոն բահով մի քիչ փորեց ու խլուրդին դրեց փորածի մեջ: Կենդանին միանգամից սթափվեց ու սկսեց փորել: Հողը արագ ետ էր տալիս ու Բենոյի զարմացած հայացքի ներքո կամաց-կամաց խրվում էր հողի մեջ:
… Աշնան վերջին խլուրդն Աղլեզի ձորի լանջն ի վեր 48 բուլք փորեց: Սանոն կանգնեց, հաշվեց ու զարմացավ: “Ո՞վ գիտե, օտարությունի՞ց է, որ չի հանգստանում,- մտածեց տխրությամբ,- կամ գուցե տեղը լավն է ու ինքն իրեն շատ լա՞վ է զգում”: Շատ կուզենար, որ խլուրդն իրեն լավ զգար և ոչ թե թախիծից կատաղած լիներ աշխարհի վրա:
Իսկ Գագոյի Վազգենը, որ չգիտես որտեղից էր իմացել խլուրդի պատմությունը, արդեն ծեր ու ջրակալած աչքերը ճպճպացնելով դարձյալ սրամտեց.
-Այ գեղը, էդ խլո~ւրդ չէ, էդ Սանոյի պատրաստած լրտեսն է: Սանոն խլուրդին բռնել, վարժեցրել ու բաց է թողել, որ Թուրքիա գնա: Էդ Վանի երկրաշարժն էլ Սանոյի ու նրա լրտեսի ձեռքի գործն են:
Լավ էր շարադրված ու հետաքրքիր էր, ոճն էլ դուրեկան էր: Հեռուստացույցի մասին պատմությունը, թեպետ զվարճալի ու համակրելի հատված էր, վատ էր մերվում ընդհանուր պատմությանը, գուցե այդ մասի վրա արժե աշխատել:
Պատմվածքը կարդացի հաճույքով: Շատ լավ գրող է Հրաչ Բեգլարյանը: