Այսօր առավոտյան մահացել է բանաստեղծ,
ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գիրգորյանը: Անգնահատելի է Գրիգորյանի դերը որպես բանաստեղծ, որպես ընկեր ու բարեկամ, անչափելի է այն ցավն ու կսկիծը, որ իր հետ կբերի նրա բացակայությունը: «Գրանիշ» գրական ակումբը իր խորին ցավակցություն է հայտնում Հովհաննես Գրիգորյանի հարազատներին, բարեկամներին, ծանոթներին ու մտերիմներին…
Դուք այլևս անմահ եք, պարո՛ն Գրիգորյան՝ ընդմիշտ ապրելով մեր սրտերում ու ձեր բյուրեղյա պարզությամբ բանաստեղծություններում…
Ծնվել եմ առավոտյան շուտ
Գյումրվա մի աղքատիկ առավոտ:
Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,
երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել
և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին,
որը մեկ խնդում և մեկ լալիս էր սրտակեղեք:
Հիմա մեր տանը ոչ ոք չի հիշում նրան,
Քրոջս, որին ի՜նչ էին տեսել, ընդամենը մի քանի ժամ՝
Ետպատերազմյան մի կիսաքաղց առավոտ…
…Միայն ես չեմ կարողանում նրան մոռանալ, և երբեմն
Վաղ առավոտյան արթնանում եմ սրտիս ցավից,
և թաց աչքերով մթության մեջ պառկած
օր առ օր վերհիշում եմ այն ինն ամիսները,
որ միասին ապրել ենք
մեր կյանքի լավագույն շրջանում…
***
Ես գիտեմ`կմեռնեմ ձմռան առաջին օը:
Մարդիկ կթփթփացնեն ոտքերը սառած
և զարմանքով կնայեն,
թե ինչպես է ձյունը հալվում իմ սառած դեմքին:
ծերացած կինս կորոնի
և չի գտնի վառարանի ունելին`
կատվին սենյակից դուրս քշելու համար,
հետո կնստի-կօրորի գլուխը`
քմահաճ կատվի և իմ անխոհեմ քայլից ընկճված:
Քույրս թեյ կբաժանի մրսած հյուրերին
և ազատ ձեռքով կուղղի
կրծքիս դարսված չորացած ծաղիկները:
Հետո բոլորը միանգամից կելնեն ոտքի
և աղմուկ-աղաղակով ինձ դուրս կհանեն
տնից`
դեպի ձյունը,
ճերմակ ձյունը,
առաջին ձյունը,
վերջին ձյունը,
և այդ հրաշալի տեսարանից քար կտրած`
ես խոսքեր չեմ գտնի
հիացմունքս արտահայտելու համար…
***
Երբեք չմեռնես, – մահվան մահճում
Թախանձագին հորդորում էր ինձ հայրս:
Եվ նայելով նրա մշուշված աչքերին՝
Ես դառնությամբ հասկացա, թե ինչ ծանր է
Մեռնել ցերեկվա լույսերի մեջ ողողված,
Երբ պատուհանից երևում է դիմացի պատշգամբը,
և մի կին պատշգամբում
պարանից կախ է տալիս իր մաքրամաքուր լվացքը,
հետո զնգում է սխալված հեռախոսը, և տղամարդու
մի ջահել ձայն բացատրում է, որ այն, ինչ վերցրել է վաղուց,
հենց հիմա չի կարող վերադարձնել, որովհետև…
հետո վերևի հարկում շրխկոցով բացվում է դուռը,
և երեխաների զվարթ ճիչ ու աղմուկը
լցվում է միջանցք, տարածվում վերև ու ներքև,
այնուհետև՝ աշխարհով մեկ
և դրանից երկնքի կապույտն ավելի է պայծառանում
և ավելի է թանձրանում դառնությունը…
երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ, –
խնդրեց հայրս վերջին անգամ
և փակեց աչքերը:
ՄԻ ՕՐ
թե այս ցրտին ինչո՞ւ եմ տանից դուրս եկել
այսքան թեթև հագնված,-
հարցնում էիր էլի ու էլի ու փոքրիկ բռունցքներով
խփում էիր կրծքիս,
մինչդեռ օդակայանում քիչ հետո կհայտարարեն,
որ ուղևորները պատրաստվեն թռիչքի,
և ես հանկարծ հիշեցի.
նավը վաղուց սպասում է ինձ, վերջին նավը և ինքնաթիռը
վերջին, ամբողջովին բեռնված դեղին տերևներով,
անձրևներով, որ քիչ-քիչ փոխվելու են ձյան և ապա
արցունքների, իսկ հետո
կլսվի քո լացի ձայնը, որն անվերջ կհետապնդի ինձ,
կչանգռի ու կարյունոտի սիրտս
քեզանից հեռացող բոլոր ճանապարհների վրա,
վերջին գնացքի մեջ, անհայտության մեջ,
որովհետև չգիտեմ
ոչ Դրախտի և ոչ էլ Քավարանի ճամփան
և միայն մի բան գիտեմ –
քեզանից հեռացող բոլոր ճանապարհները
Դժոխք են տանում:
Հովհաննես Գրիգորյանի մյուս բանաստեղծություններն՝ այստեղ
ԻԲՐԵՎ ՁՅՈՒՆԱՍՊԻՏԱԿ ՎԱՐԴԵՐ՝ ԳԼԽԻԿՈՐ ՈՒ ԹԱՑ
……………
…Հիմա մեր տանը ոչ ոք չի հիշում նրան,
Քրոջս, որին ի՜նչ էին տեսել, ընդամենը մի քանի ժամ՝
Ետպատերազմյան մի կիսաքաղց առավոտ…
…Միայն ես չեմ կարողանում նրան մոռանալ, և երբեմն
Վաղ առավոտյան արթնանում եմ սրտիս ցավից,
և թաց աչքերով մթության մեջ պառկած
օր առ օր վերհիշում եմ այն ինն ամիսները,
որ միասին ապրել ենք
մեր կյանքի լավագույն շրջանում…
…Այս բյուրեղյա տողերի հեղինակը, երբ ամեն առավոտ արթնանում է, աչքերը այլեւս թաց չեն լինում, ու չի ցավում սիրտը, ու չկա կարոտը քրոջ նկատմամբ. կրկին հասել է կյանքի լավագույն շրջանին…