Ես չգիտեմ՝ սա մի պատմությո՞ւն է , որ հեքիաթ է թվում, թե՞ հեքիաթ, որ թվումէ պատմություն. կարող եմ ասել մի բան. նրա խորքում կա ճշմարտություն, մի շատ տխուր ճշմարտություն, թերևս ես վերջիններից մեկը լինեմ՝ նրանից օգուտ քաղելու երևակայելու իմ կարողության շնորհիվ: Մեկ ուրիշը գուցե այս գաղափարի շուրջ կարողանար գրել սրտաճմլիկ փիլիսոփայական մի երկ: Ես գրել եմ այս լեգենդը նրանց համար, ովքեր անգամ եթե ոչինչ էլ չտեսնեն նրա խորքում, ապա այն գոնե մի պահ կզվարճացնի նրանց:
Մաս առաջին
Ազնվական էր. ծնվել էր զենքերի աղմկալի իրարանցման մեջ, իսկ պատերազմական շեփորի անսովոր աղաղակը չէր կարողացել ստիպել նրան գլուխը վեր բարձրացնել , ոչ էլ աչքերը մի պահ կտրել մուգ մագաղաթից, որի վրա կարդում էր թափառական աշուղի վերջին ողբասացությունը: Նրանք, ովքեր կուզենային գտնել նրան, չպետք է փնտրեին ամրոցի լայնարձակ բակում, որտեղ ձիապանները վարժեցնում էին հովատակներին, սպասյակները թռչել էին սովորեցնում բազեներին, իսկ զինվորները հանգստյան օրերին զբաղված էին՝ իրենց նիզակի ծայրը քարին սրելով:
– Որտե՞ղ է Մանրիկեն: Որտե՞ղ է ձեր տերը,- հարցնում էր Մանրիկեի մայրը:
– Չգիտենք,- պատասխանում էին սպասավորները,- գուցե Պենյայի մենաստանի խուցում լինի՝ նստած որևէ շիրիմի եզրին՝ ականջ դրած լսելու, թե կզարմացնի՞ արդյոք հանդերձյալների զրույցի որևէ բառը, կամ կամրջի վրա՝ նայելով նրա կորության տակ գետի՝ իրար հետևից վազող ալիքներին, կամ կծկված մի ժայռի ճեղքում՝ տարված երկնքի աստղերը համրելով, հայացքով հետևելով մի ամպի, կամ սեթևեթող կրակներին նայելիս, որ անցնում են ՝ հուրհրալով լճակի երեսին: Որտեղ ասես կլինի, բացի այնտեղից, որտեղ բոլորն են:
Իսկապես, Մանրիկեն սիրում էր մենությունը, այնպես էր սիրում, որ շատ անգամներ կցանկանար ստվեր չունենալ, որպեսզի այն չհետևեր իրեն ամենուր: Սիրում էր մենությունը, որովհետև նրա գրկում՝ զարկ տալով երևակայությանը, ստեղծում էր անիրական մի աշխարհ՝ բնակեցված տարօրինակ արարածներով՝ իր զառանցանքների պտուղներով և բանաստեղծի՝ իր երազանքներով, որովհետև Մանրիկեն այնպիսի բանաստեղծ էր, որին երբեք չէին բավարարել այն ձևերը, որոնցով կարողանար արտահայտել մտքերը և երբեք դրանք ի մի չէր բերել գրելով:
Կարծում էր, թե օջախի կարմիր հրավառ ածուխների մեջ բնակվում էին հազարավոր գույներով կրակե ոգիներ, որոնք ոսկեգույն միջատների պես վազում էին բռնկված ծառի բների երկայնքով կամ պարում էին բոցերի գագաթին՝ լուսե շուրջպար բռնած, իսկ հանգստի ժամերն անց էր կացնում գոթական բուխարու կողքին անշարժ նստած՝ աչքերը հառած կրակին:
Կարծում էր, թե գետի ալիքների խորքում՝ աղբյուրի մամուռների մեջ և լճի ջրաշոգի քուլաների վրա ապրում էին խորհրդավոր կանայք՝ փերիներ, սիլֆուհիներ, ջրահարսեր, որոնք ողբ ու հառաչանք էին արձակում կամ երգում էին և ծիծաղում ջրի միապաղաղ շշուկի մեջ, շրշյուն, որ լսում էր լռության մեջ՝ փորձելով մեկնաբանել այն:
Ամպերում, օդում, անտառների խորքում, ապառաժների ճեղքերում երևակայում էր, թե ընկալում էր ձևեր կամ լսում խորհրդավոր հնչյուններ, գերբնական էակների ձևեր, անըմբռնելի բառեր, որոնք նա չէր կարողանում հասկանալ: Սիրե՞լ: Մանրիկեն ծնվել էր սեր երազելու և ոչ թե այն զգալու համար: Բոլոր կանանց սիրում էր մեկ ակնթարթ. սրան, որովհետև շիկահեր էր, նրան, որովհետև կարմիր շուրթեր ուներ, մյուսին, որովհետև քայլելիս շորորվում էր եղեգի պես:
Մի քանի անգամ նրա զառանցանքը հասնում էր այն աստիճանի , որ մի ամբողջ գիշեր մնում էր նայելով լուսնին, որը ծփում էր երկնքում՝ արծաթագույն գոլորշու մեջ, կամ աստղերին, որ դողում էին հեռվում՝ թանկագին քարերի փայլատակումների պես: Բանաստեղծական անքնության այդ երկար գիշերներին բացականչում էր.
– Եթե ճիշտ է այն, ինչ ինձ ասել է Պենյայի վանահայրը, թե հնարավոր է , որ լույսի այս կետերը աշխարհներ են, եթե ճշմարիտ է , որ այս պտտվող սադափե գնդում մարդիկ են ապրում, ապա որքա ՜ն գեղեցիկ կլինեն այս լուսե տեղանքի կանայք: Իսկ ես չեմ կարողանա տեսնել նրանց, չեմ կարողանա սիրել նրանց… Ինչպիսի՞ն կլինի նրանց սերը:
Մանրիկեն դեռևս այնքան խենթ չէր, որ նրան հետապնդեին պատանիները, բայց բավական խենթ էր ինքն իր հետ խոսելու և առանձնանալու համար:
Ահա այստեղից է , որ սկսվում է:
Մաս երկրորդ
Դուերոյի վրա, որն անցնում էր՝ լիզելով Սորիայի պարիսպների մաշված մուգ քարերը, կա մի կամուրջ, որը քաղաքից տանում է դեպի Տամպլիերների հինավուրց վանք, որի տիրույթները ձգվում էին գետի հակառակ ափի երկայնքով:
Դարաշրջանում, որին անդրադառնում ենք, միաբանության ասպետներն արդեն լքել էին իրենց պատմական ամրոցները, բայց դեռ կանգուն էին մնում նրանց պարիսպների ընդարձակ աշտարակների մնացորդները, դեռ երևում էին տեղ – տեղ, ինչպես այսօր են երևում ՝ ծածկված բաղեղներով և սպիտակ զանգակներով, իրենց վանքի հսկայական կամարները, զենքերի, իրենց բակերի կամարաձև , երկար սրահները, որոնցում քամին հառաչում էր հեծեծանքով՝ ալեկոծոլով բարձր խոտերը:
Փոքրիկ բանջարանոցներում և այգիներում, որոնց արահետներին շատ տարիներ ի վեր ոչ մի ոտնահետք չէին թողել կրոնավորները, լքված բուսականությունը ցուցադրում էր իր բոլոր պերճանքները՝ չվախենալով, որ մարդկային ձեռքն այն կվնասի՝ կարծելով, թե գեղեցկացնում է այն:
Դեպի վեր աճող բույսերը բարձրանում էին ՝ մագլցելով ծառերի սաղարթների հին բների վրայով, ստվերոտ փողոցները՝ բարդիներով, որոնց ճյուղերը դիպչում և խճճվում էին, ծածկվել էին սիզախոտով, վայրի տատասկներն ու եղինջները ծլարձակել էին ավազապատ ճամփաների մեջտեղում՝ աղյուսապատ շինության բեկորներում, որ ուր որ է քանդվելու էին, աղբուկը քամուց ծածանվելով, ինչպես սաղավարտի փետրազարդը, երկար և ճկուն ցողունների վրա ճոճանակի պես ճոճվող սպիտակ և կապույտ զանգակներն ազդարարում էին քայքայման և ավերման հաղթանակը:
Մութ էր, գոլ բույրով և խաղաղ շշուկներով լի ամառային մի գիշեր՝ կապույտ թափանցիկ լուսավոր երկնքի մեջտեղում՝ սպիտակ և խաղաղ լուսնով:
Մանրիկեն՝ գերի բանաստեղծական երևակայության իր գլխապտույտին, կամուրջն անցնելուց հետո խորացավ տամպլիերների վանքի ամայի ավերակներում, որտեղից մի պահ հիացավ քաղաքի սև ուրվագծով, որն առանձնանում էր հորիզոնում բացված մի քանի սպիտակ և թեթև ամպերի խորքում:
Արդեն լուսանում էր: Լուսինը, որ դանդաղ վեր էր խոյանում, արդեն երկնքի ամենաբարձր կետում էր, երբ, մտնելով մի մութ ծառուղի, որը տանում էր քանդված վանքից դեպի Դուերոյի ափը, Մանրիկեն մի ճիչ արձակեց , մի թեթև ճիչ՝ զարմանքի, վախի և ուրախության մի տարօրինակ խառնուրդ: Ստվերոտ ծառուղու խորքում ինչ – որ ճերմակ բան շարժվեց, որ մի պահ ծփաց և անհետացավ մթության մեջ: Կնոջ զգեստի եզրազարդն էր, մի կնոջ, որ կտրել – անցել էր կածանն ու թաքնվել սաղարթների մեջ, հենց նույն ակնթարթին, երբ ցնորքների և անհավանականությունների խենթ երազողը թափանցում էր այգիները:
– Անծանո՞թ մի կին… Ա՞յս վայրում: Ա՞յս ժամին: Սա՛ է, սա՛ է այն կինը, որին ես փնտրում եմ,- բացականչեց Մանրիկեն և նետի պես արագ նետվեց նրա հետևից:
Մաս երրորդ
Հասավ այնտեղ, որտեղ, ճյուղերի թավության մեջ տեսել էր խորհրդավոր կնոջն անհետանալիս: Անհետացել էր: Որտե՞ղ: Այնտեղ՝ հեռվում, շատ հեռվում կարծեց թե նշմարել էր նրան ծառերի խաչվող բների մեջ, ինչպես լուսավոր, սպիտակ մի բան, որ շարժվում էր:
– Նա՞ է, այդ նա՞ է , որ ոտքերին թևեր ունի և փախչում է ստվերի պես,- ասաց Մանրիկեն և նետվեց նրան փնտրելու՝ ձեռքերով բաժանելով բաղեղի ցանցերը, որոնք գորգի պես ձգվում էին մի բարդուց մյուսը: Տեղ հասավ՝ հետ հրելով մոլախոտերը և մակաբույծ բույսերը, մինչև որ հասավ ինչ – որ բացատի, որը լուսավորվում էր երկնի լույսով: Ոչ ոք չկար:
– Ա ՜խ, չէ՞ որ այստեղով է գնացել,- բացականչեց Մանրիկեն,- լսում եմ նրա ոտնաձայները չորացած տերևների վրա և նրա զգեստի խշշոցը, որ քարշ է տալիս գետնի վրայով և քսվում թփերին:
Եվ վազում էր վազում խենթի պես այստեղից այնտեղ և չէր տեսնում նրան:
– Բայց շարունակում են լսվել նրա ոտնաձայները,- կրկին շշնջում էր Մանրիկեն,- կարծում եմ՝ մի բան ասել է, կասկած չկա, խոսել է: Քամին, որ հառաչում է ճյուղերի արանքում, տերևները, որ թվում է, թե ցածրաձայն աղոթում են, խանգարել են ինձ լսել, թե ինչ է ասել, բայց կասկած չկա, այդտեղով է գնում, խոսել է… ասել է… Ի՞նչ լեզվով, չգիտեմ,բայց այն օտար լեզու է:
Եվ կրկին վազեց նրա հետևից: Մի քանի անգամ կարծեց , թե տեսել է նրան, այլ անգամ, թե լսել է նրան՝ նկատելով, որ ճյուղերը, որնց մեջ նա անհետացել էր, շարժվում էին, երևակայում էր, թե տարբերել էր նրա փոքրիկ ոտքերի հետքը ավազին, հետո հաստատ համոզվել յուրահատուկ բույրից, որ առնում էր մերթընթմերթ, այն կնոջ բույրն էր, որ ծաղրում էր նրան հաճույք ստանալով՝ խճճված մոլախոտերի միջով նրանից փախչելով: Անօգուտ ջանք: Գլուխը կորցրած՝ մի քանի ժամ թափառեց մի կողմից մյուսը. երբեմն կանգնելով՝ լսելու կամ սահելով խոտի վրայով մեծ զգուշավորությամբ կամ երբեմն կատաղի և հուսահատ վազքով:
Առաջանալով վիթխարի այգիների միջով, որ զարդարում էին գետափը, վերջապես հասավ ժայռերի ստորոտին, որոնց վրա խոյանում է Սուրբ Սատուրիոյի մատուռը:
– Հավանաբար այս բարձրությունից կկարողանամ կողմնորոշվել՝ իմ փնտրտուքները շարունակելու համար այս խառնաշփոթ լաբիրինթով,- բացականչեց Մանրիկեն՝ փայտի օգնությամբ ժայռից ժայռ մագլցելով: Հասավ գագաթին: Այնտեղից երևում էր քաղաքը՝ հեռվում և Դուերոյի մեծ մասը, որ գալարվում էր ոտքերի տակ՝ իր հետ տանելով հորձանուտը:
Մանրիկեն, ժայռի բարձունքին հասնելուն պես, նայեց շուրջը, բայց, ի վերջո հայացքը սևեռելով մի կետի, չկարողացավ զսպել հայհոյանքը: Լուսնի լույսը դողդողալով շողում էր կայծկլտացող հետագծին, որ իրենից հետո թողնում էր մի նավակ, որն ամբողջ ուժով սլանում էր հակառակ ուղղությամբ: Նրան թվացել էր, թե այդ նավակում նշմարել էր սպիտակ, սլացիկ մի ուրվագիծ, մի կնոջ, որին տեսել էր Տամպլիերների վանքում, իր երազանքների կնոջը, իր ամենախենթ սպասումների իրականացմանը: Եղջերուի ճարպկությամբ պոկվելով ապառաժներից, գդակը նետեց գետնին, քանի որ դրա կլոր բայց և երկար փետուրը կարող էր խանգարել իրեն վազել և մի կողմ նետելով նաև թավշյա կարճ թիկնոցը՝ ամպի պես սլացավ դեպի կամուրջը:
Մանրիկեն մտադիր էր անցնել կամուրջը և քաղաք հասնել մինչ նավը տեղ կհասներ: Ինչպիսի խենթություն: Երբ հևալով և քրտնաթոր հասավ մուտքի մոտ, նրանք, ովքեր Սուրբ Սատուրիոյի կողմից արդեն կտրել – անցել էին Դուերոն, մտնում էին Սորիա՝ պարսպի դռներից մեկով, որն այն ժամանակ հասնում էր մինչև գետեզր, որի ջրերում արտացոլվում էին գորշ խութերը:
Մաս չորրորդ
Չնայած նրանց հասնելու կորած հույսին, ովքեր ներս էին մտել Սուրբ Սատուրիոյի հետևի դռնից, դրանից չէր, որ մեր հերոսը ուշքն ու միտքը կորցրեց՝ գտնելու այն տունը, որը քաղաքում կարող էր հյուրընկալել նրանց: Այս սևեռուն միտքը գլխում՝ Մանրիկեն մտավ բնակավայր և ուղղվելով դեպի Սուրբ Խուանի թաղամաս, սկսեց թափառել նրա փողոցներով՝ ապավինելով բախտին:
Այն ժամանակ Սորիայի փողոցներն այնպիսին էին, ինչպիսին հիմա՝ նեղ, մութ և ծուռ: Նրանց մեջ թագավորում էր խորը լռություն, որ խախտում էին միայն շան հեռավոր հաչոցը կամ դռան ճռռոցը, կամ նժույգի խրխնջոցը, որ ծառս լինելով զնգացնում էր շղթան, որ կապվում էր մսուրին:
Մանրիկեն արդեն թեքվել էր ամայի նրբանցքի վերջին անկյունը՝ ականջ դրած գիշերվա այդ աղմուկին, որ երբեմն իրեն ուրիշի քայլեր էին թվում, այլ անգամներ՝ մարդկանց շփոթված ձայներ, որոնք խոսում էին իր մեջքի հետևում և որոնց ամեն պահ սպասում էր տեսնել իր կողքին, մի քանի ժամ անցկացրեց ՝ վազելով մի տեղից մյուսը՝ ապավինած բախտին:
Ի վերջո կանգ առավ մռայլ և հինավուրց, մեծ, բայց և հին քարե մի տան առաջ և կանգնելով՝ նրա աչքերը փայլեցին ուրախության մի աննկարագրելի արտահայտությամբ: Տան նետաձև բարձր պատուհաններից մեկում, որը կարող էինք պալատ անվանել, գոլ և նուրբ լույսի մի շող էր երևում, որը, անցնելով վարդագույն մետաքսի մի քանի թեթև գորգեղենի միջով, արտացոլվում էր դիմացի ճեղքված հաստ պատի սևության մեջ:
– Կասկած չկա, այստեղ է ապրում իմ անծանոթուհին,- ցածրաձայն մրմնջաց երիտասարդը ՝ առանց աչքերը գեթ մի պահ գոթական պատուհանից կտրելու,- այստե՛ղ է ապրում: Նա ներս մտավ Սուրբ Սատուրիոյի հետևի դռնից… Սուրբ Սատուրիոյի հետևի դռնից են գալիս այս թաղամաս… Այս թաղամասում կա մի տուն , որտեղ կեսգիշերն անց դեռևս արթմնի մարդիկ կան… Արթու՞ն… ո՞վ, եթե ոչ նա, ով այս ժամերին է վերադառնում գիշերային զբոսանքներից… ուրիշը չկա, սա՛ է նրա տունը:
Այս հաստատուն համոզմունքով և գլխում խառնելով երևակայության ամենախենթ և ֆանտաստիկ մտքերը՝ մինչև արևածագ սպասեց գոթական պատուհանի դիմաց, որտեղից ամբողջ գիշեր չբացակայեց ո՛չ լույսը, ո՛չ էլ Մանրիկեն հայացքը հեռացրեց այնտեղից:
Երբ լույսը բացվեց, կամարի հսկայական դռները, որոնցով մտնում էին մեծ և հին տունը և որի բանալիների վրա ձուլված էին տիրոջ զինանշանները, երկար և սուր ճռռոցով ծանրորեն պտտվեցին ծխնիների վրա: Ինչ – որ զինակիր երևաց շեմին՝ բանալիների տրցակը ձեռքին՝ աչքերը տրորելով և հորանջելով՝ այսպիսով ցուցադրելով մի ատամնաշար, որ նույնիսկ կոկորդիլոսի նախանձը կշարժեր: Նրան տեսնելուն պես՝ Մանրիկեն նետվեց դռան վրա: Ամեն ինչ կատարվեց մեկ ակնթարթում:
– Ո՞վ է բնակվում այս տանը: Ի՞նչ է նրա անունը: Ո՞րտեղից է: Ինչու՞ է եկել Սորիա: Ամուսին ունի՞: Պատասխանի՛ր, դե պատասխանի՛ր, մարդկային արարած,- սրանք էին այն խոսքերը, որոնցով Մանրիկեն դիմեց զինակրին՝ խեղճի թևը բռնի թափահարելով, վերջինս, զարմանքից սարսափած և ապուշ կտրած աչքերով բավականին երկար նրան նայելուց հետո պատասխանեց ընդհատվող ձայնով:
– Այս տանն ապրում է մի շատ պատվավոր պարոն՝ դոն Ալոնսո դե Վալդեկուեյոսը՝ որսորդը և մեր տերն ու տիրակալը, ով, վիրավորվելով մավրերի դեմ մղվող պատերազմում, եկել է այստեղ՝ կազդուրելու իր խոնջացած մարմինը:
– Իսկ նրա դու՞ստրը,- միջամտեց անհամբեր Մանրիկեն, իսկ նրա դու՞ստրը կամ քույրը կամ նրա կինը կամ ով ուզում է լինի:
– Նրա հետ ոչ մի կին էլ չկա:
– Ոչ մի կին չկա՞… Ուրեմն ո՞վ է քնում այնտեղ՝ այն կացարանում, որտեղ տեսել եմ, թե ինչպես էր ամբողջ գիշեր լույս վառվում:
– Այնտե՞ղ: Այնտեղ քնում է իմ պարոն դոն Ալոնսոն, և քանի որ նա հիվանդ է, ճրագը վառ է պահում մինչև լուսաբաց:
Ոտքերին հանկարծակի ընկած շողն այնքան զարմանք չէր պատճառի Մանրիկեին, որքան այս բառերը:
Մաս հինգերորդ
Ես պետք է գտնեմ նրան, պետք է գտնեմ, և եթե գտնեմ նրան, ապա վստահ եմ, որ կճանաչեմ նրան… Ինչպե՞ս, հենց դա է , որ չեմ կարող ասել, բայց ես կիմանամ, որ դա նա է: Նրա ոտնաձայնի արձագանքը կամ լոկ նրա մի բառը, երբ կրկին լսեմ, նրա զգեստի եզրը, թեկուզ եզրը եթե կրկին տեսնեմ ինձ բավարար կլինեն նրան ճանաչելու համար: Գիշեր- ցերեկ աչքերիս առաջ ծփում են թափանցիկ և ճերմակաթույր կերպասի ծալքերը, գիշեր- ցերեկ այստեղ՝ ներսում՝ գլխիս մեջ, հնչում է նրա այն զգեստի շրշյունը, նրա անըմբռնելի բառերի տարտամ շրշյունը: Ի՞նչ ասաց… ի՞նչ ասաց: Ա ՜խ, եթե կարողանայի իմանալ այն, ինչ ասաց, թերևս… բայց նույնիսկ առանց այդ իմանալու կգտնեմ նրան, կգտնեմ նրան սիրտս է այդպես վկայում, իսկ սիրտս ինձ երբեք չի խաբել: Ճշմարիտ է, որ արդեն անօգուտ եմ ոտքի տակ տվել Սորիայի բոլոր փողոցները, որ գիշերներ – գիշերներ եմ անցկացրել արթմնի՝ որևէ անկյունում հերթապահելով, որ ավելի քան քսան ոսկեդրամ եմ ծախսել տնտեսուհիներին և զինակիրներին խոսեցնելու համար, որ Սուրբ Նիկոլասի օրհնյալ ջուրը տվել եմ իր բրդյա թիկնոցի մեջ այնպիսի վարպետությամբ փաթաթված մի պառավի, որն ինձ թվաց մի աստվածուհի և դուրս գալով առավոտյան աղոթքից՝ մի գիշեր հիմարի պես հետևեցի ավագ սարկավագի պատգարակին՝ կարծելով, թե նրա սքեմի եզրն իմ անծանոթուհու զգեստի ծայրն էր, բայց կարևոր չէ, ես պետք է գտնեմ նրան, և նրան տիրելու փառքը թերևս կգերազանցի նրան փնտրելու ջանքին: Ինչպիսի՞ն կլինեն նրա աչքերը… պետք է որ կապույտ լինեն, գիշերվա երկնքի պես կապույտ ու թաց, ինձ այնքան են դուր գալիս այդ գույնի աչքերը… Այնքան արտահայտիչ են, այնքան մելամաղձոտ, այնքա ՜ն…Այո՛, կասկած չկա, որ պետք է կապույտ լինեն, հաստատ կապույտ են, իսկ նրա մազերը՝ սև, շատ սև և երկար են, որպեսզի ծփան… Ինձ թվում է, որ այն գիշեր տեսա նրանց ծփալը զգեստի հետ միաժամանակ, և սև էին… Հազիվ թե սխալվեմ, ո՛չ, սև էին: Եվ որքա ՜ն են սազում բարձրահասակ կնոջը կապույտ նշաձև և քնատ աչքերը և արձակ մազերը՝ ծփացող և մուգ, որովհետև նա բարձրահասակ է, բարձրահասակ և սլացիկ, ինչպես մեր տաճարների ճակատամուտքերի այս հրեշտակները, որոնց օվալաձև դեմքերը խորհրդավոր վերջալույսի մեջ թաքցնում են գրանիտե իրենց ամպհովանիների ստվերները:
Նրա ձայնը… լսել եմ նրա ձայնը… նրա ձայնը քնքուշ է, ինչպես քամու շշուկը բարդիների տերևներում, իսկ նրա համահունչ և վեհասքանչ քայլքը նման է երաժշտության ռիթմերի: Եվ այդ կինը, որ գեղեցկագույնն է իմ պատանեկան երազանքներում, որ մտածում է ինձ պես, նրան դուր է գալիս այն, ինչ ինձ է դուր գալիս, ատում է այն, ինչ ես եմ ատում, իմ հոգուն հարազատ մեկն է, նա, ով իմ գոյության լրացումն է, արդյոք չի՞ հուզվի ինձ հանդիպելիս: Կսիրի՞ արդյոք ինձ այնպես, ինչպես ես եմ նրան սիրում՝ արդ իմ կյանքի ողջ կարողությամբ: Գնա՛նք, գնա՛նք այն վայրը, որտեղ տեսել եմ նրան առաջին և գեթ մի անգամ: Ո՞վ գիտի, գուցե կամակոր է, ինչպես ես, խորհրդավորության և մենության սիրահար, ինչպես բոլոր երազկոտ հոգիները և հաճու՞յք է ստանում՝ թափառելով գիշերվա լռության ավերակների միջով:
Երկու ամիս էր անցել այն օրից, ինչ դոն Ալոնսո Վալդեկուեյոսի զինակիրը հիասթափեցրել էր երազող Մանրիկեին, երկու ամիս, որոնց ընթացքում Մանրիկեն ամեն ժամ օդում դղյակ էր կառուցում, որն իրականությունը մի շնչով անէացնում էր: Երկու ամիս, որոնց ընթացքում զուր էր փնտրել այն անծանոթ կնոջը, որի անհեթեթ սերը գնալով աճում էր իր հոգում՝ իր ամենաանհեթեթ երևակայությունների շնորհիվ, երբ կլանված այս մտքերով, տամպլիերների վանք տանող կամուրջն անցնելուց հետո սիրահարված երիտասարդը մոլորվեց իր այգիների խճճված կածաններում:
Մաս վեցերորդ
Գիշերը խաղաղ էր և չքնաղ. լուսինն իր ողջ լիությամբ փայլում էր երկնքի ամենբարձր կետում, իսկ քամին քաղցր շշուկով հառաչում էր ծառերի տերևների մեջ: Մանրիկեն հասավ մենաստան, հայացքը ձգեց շենքի վրա և նայեց նրա կամարաշարերի հսկայական սյուների միջով. ամայի էր: Դուրս եկավ այնտեղից, քայլերն ուղղեց դեպի մութ ծառուղին, որ տանում է դեպի Դուերո և դեռ չէր թափանցել այնտեղ, երբ նրա շուրթերից դուրս թռավ ուրախության մի ճիչ:
Մի ակնթարթ տեսել էր իր երազանքների կնոջ սպիտակ զգեստի եզրի ծփալն ու անհետանալը, կնոջ, որին արդեն խենթի պես էր սիրում: Վազում է, վազում նրան փնտրելու , հասնում այն տեղը, որտեղ տեսել էր նրան անհետանալիս, բայց հասնելով կանգ է առնում, սարսափահար աչքերը հառում գետնին, մի պահ մնում անշարժ, մի թեթև նյարդային դող ցնցում է մարմինը, դող, որ գնալով աճում է և երևան հանում իրական ցնցման ախտանիշներ և վերջապես պայթում մի քրքիջում՝ հնչեղ, սուր, սարսափազդու քրքիջում: Այն սպիտակ, թեթև ծփացող բանը կրկին փայլել էր նրա աչքերի առաջ, իսկ ոտքերի մոտ փայլել էր մի ակնթարթ, ընդամենը մեկ ակնթարթ: Լուսնի շող էր, լուսնի մի շող, որ ժամանակ առ ժամանակ ներթափանցում էր ծառերի կանաչ կամարի միջով, երբ քամին շարժում էր ճյուղերը:
Անցան տարիներ: Մանրիկեն, համարյա անշարժ նստած մի շքեղ բազկաթոռին՝ իր պալատի գոթական ամենաբարձր բուխարու մոտ, ապուշի տարտամ և անհանգիստ հայացքով հազիվ էր ուշադրություն դարձնում իր մոր քնքշանքներին և իր ծառաների հորդորներին:
– Դու երիտասարդ ես, գեղեցիկ,- ասում էր մայրը,- ինչու՞ ես քեզ մաշում մենության մեջ, ինչու՞ չես փնտրում մի կնոջ, որին կսիրես, և որն էլ սիրելով քեզ երջանիկ կդարձնի:
– Սե՞ր… Սերը լուսնի շող է,- մրմնջում էր երիտասարդը:
– Ինչու՞ չեք արթնանում այդ լեթարգիական քնից,- ասում էր զինակիրներից մեկը,- եկե՛ք սպառազինվենք ոտքից գլուխ, հրամայե՛ք վեր պարզել ձեր՝ հարուստ մարդու դրոշը և գնանք պատերազմի: Պատերազմու՛մ է փառքը:
– Փա՞ռք… Փառքը լուսնի շող է:
– Կուզե՞ք ձեզ մի ասք պատմեմ, վերջինը, որ հորինել է կղերական Օրնալդոն՝ պրովանսալցի աշուղը:
– Ո՛չ, ո՛չ,- ի վերջո բացականչեց Մանրիկեն՝ հարմար տեղավորվելով բազկաթոռին: – Ոչինչ չեմ ուզում… ուզում եմ ասել,- այո՛, ուզում եմ , ուզում եմ, որ ինձ մենակ թողնեք…
Ողբասացութուննե ՜ր… կանա՜յք… փա ՜ռք…երջանկությու ՜ն… մինչդեռ ամեն ինչ սուտ է, զուր պատրանքներ, որ կերտում ենք մեր երևակայության մեջ, կերպարանավորում մեր ուզածի պես և սիրում ենք դրանց ու վազում դրանց հետևից, հանուն ինչի՞, ինչու՞, որպեսզի լուսնի մի շող գտնե՞նք:
Մանրիկեն խենթացել էր, համենայն դեպս բոլորն էին այդպես կարծում, իսկ ինձ, ընդհակառակը, ինձ թվում է, որ եթե արել էր մի բան, ապա դա դատողության վերականգնումն էր:
© Թարգմանություն իսպաներենից ` Ռուզաննա Պետրոսյանի
Հանուն ինչի են վազում աղջիկների հետևից հանուն փառքի հեղինակության,թե ուղղակի ուզում են լուսնին մի շող գտնել….
Հիանալի պատմվաք,ես շատ հավանեցի Մանրիկեին: